Խորխե Լուիս Բորխես | Նավի ուղղությունը

Ավար

Ինչպես մեկը, որ քայլում է ափով
և հիանում ծովի լիությամբ՝
լցված լույսով և առատ տարածությամբ,
ես հանդիսատեսն էի քո գեղեցկության
երկարատև մի օրվա ընթացքում:

Մենք հրաժեշտ տվեցինք իրիկնամուտին,
և մենության մեջ ահագնացող,
երբ ես վերադառնում էի փողոցով,
որի դեմքերը դեռ հիշում են քեզ,
իմ երանությունը մթնեց այն մտքից,
որ այս ազնիվ հիշողություններից
մեկը կամ երկուսն են մնալու,
որպես զարդ հոգու
անմահությունում իր թափառումների:

 

Սպասում

Մինչ զանգը հանկարծակի կհնչի
Եվ դուռը կբացեն ու դու ներս կգաս,
Ո՜վ իմ տխրության սպասված հյուր,
Տիեզերքը պետք է ավարտած լինի
Գործողությունների անվերջանալի մի շղթա:
Ոչ ոք չի կարող չափել այդ գլխապտույտը,
Պատկերները, որ բազմապատկում են հայելիները,
Ստվերները, որ երկարում են և վերադառնում,
Քայլերը, որ հեռանում են և համընկնում:
Թվելու համար ավազը չի հերիքում:

(Կրծքիս մեջ արյան ժամացույցը
Հաշվում է սպասման սոսկալի ժամերը:)

Նախքան քո ժամանելը
Վանականին պետք է երազվի խարիսխը,
Վագրը պետք է մահանա Սումատրայում:
Ինը մարդ պետք է մահանա Բոռնեոյում:

 

Սինտո

Երբ մեզ ցնցում է տառապանքը,
մեզ մի ակնթարթ փրկում են
ուշադրության կամ հիշողության
մանր արկածները՝
համը մի մրգի, համը ջրի,
դեմքը, որ երազն է վերադարձնում,
առաջին նոյեմբերյան հասմիկները,
կողմնացույցի բաղձանքը անսահման,
գիրքը, որ կորցրած էր թվում,
տրոփյունը հեկզամետրի,
փոքր բանալին, որ դուռն է բացում,
բույրը գրադարանի և սանդալի,
փողոցի հին անվանումը,
քարտեզի երանգները,
անակնկալ ստուգաբանությունը,
կոկությունը հղկված եղունգների,
փնտրվող տարեթիվը,
հաշվարկը տասներկու մթին ղողանջների,
հանկարծակի ֆիզիկական ցավը:

Ութ միլիոն սինտոյական աստվածներ
գաղտնի թափառում են աշխարհում:
Այդ համեստ ոգիները հպվում են մեզ,
հպվում են և հեռանում:

 

***
Դու քնած ես։ Արթնացնում եմ քեզ։
Հաղթական արշալույսը սկզբի պատրանք է ստեղծում։
Հիշու՞մ ես Վերգիլիուսին։ Ահա այն հեկզամետրը.
Ամեն ինչ վերադառնում է իր վայրը։
Հողը, ջուրը, օդը և կրակը-
չորս տարերքները հույների։
Անունը մեն-միակ կնոջ։
Մտերմությունը լուսնի։
Ատլասների վառ երանգները։
Մաքրագործումը մոռացումի։
Հիշողությունը, որ ջնջում է և վերստեղծում։
Սովորույթները, որոնց շնորհիվ մեզ անմահ ենք զգում։
Թվացույցը և սլաքները,
որ հաշվում են անսահման ժամանակը։
Սանդալի բույրը։
Կասկածները, որ ոչ առանց սնապարծության
անվանում ենք մետաֆիզիկա։
Ձեռնափայտի բռնակը, որին սպասում է ափը։
Խաղողի և մեղրի համը։

 

Նավի ուղղությունը

Ծովը – անհատնելի սուր
և աղքատության լիություն:

Հրավառումը փոխակերպում է ցասման,
ակունքը` ժամանակի,
ավազանը` մաքուր ճանաչման:

Ծովը միայնակ է, ինչպես կույրը:
Ծովը հին լեզու է, որ այլևս անկարող եմ վերծանել:

Նրա խորքերում առավոտը –
համեստ սպիտակավուն պատվար է:
Նրա սահմաններից ծխամպի նման
ինչ-որ լույս է ելնում:
Անթափանց, ինչպես հղկված քարը,
ծովը հարատևում է:

Ամեն երեկո- դուռ է:

Ծովից տանջված մեր հայացքը
թափառում է նրա երկնքում.
վերջին ճերմակ լողափը, լազուրե ավազը երեկոների:
Ի~նչ քաղցրալի մերձություն ունի
մայրամուտը անմարդ ծովում:
Ամպերը փայլում են տոնական:
Նորալուսինը մոլորվել է կայմերում:
Այն լուսինը, որ թողել ենք կամարի ներքո
և որի լույսը կզարդարի ուռիները:

Տախտակամածին, ես խաղաղորեն
կիսում եմ երեկոն քրոջս հետ, ինչպես հացը:

 

Տապանագիր

Համարձակ մարմարն իր շաղակրատությամբ
չի խախտում մոռացման ամենազոր լռությունը,
մանրամասն հիշատակելով՝
անունը, տիտղոսները, դեպքերը և հայրենիքը։
Նվաճված այս գանձերը պատկանում են խավարին,
ու մարմարը անկարող է պատմել այն, ինչի մասին լռել են մարդիկ։
Մահկանացու կյանքի էությունը՝
դողդոջուն հույսը,
ցավի անողոք հրաշքն ու վայելքի հուզմունքը
մնում են ընդմիշտ։
Հոգին կուրորեն պահանջում է շարունակություն,
երբ այն այլոց կյանքի նախաշեմին է,
երբ դու ինքդ հայելին ու արտացոլանքն ես նրանց,
ովքեր չեն հասել քո ժամանակներին,
և ուրիշները կլինեն քո անմահությունը երկրային։

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *