ՆԻՄԱ ՅՈՒՇԻՋ | Բանաստեղծություններ

Նիմա Յուշիջ

1.  Ծեր մի բու

Սը՜ս, ո՛չ մի խոսք, առուն հանգիստ,
Ձորի փեշով գլոր տվեց ու գնաց
Արևն իր սառը հայացքից
Վեր թռավ, սրտնեղեց ու գնաց։
Տխրամած անտառով համակ,
անլուր են բոլոր դիցուհիները,
Մի գեղեցկուհի հեգնանքից հետո,
Քրքջաց, ապա  ու անցավ  հեռուն։
Այս պահին, թևն իր արյան մեջ խոթած
Բուն լռակյաց, իջավ քարափին,
Սը՜ս, ո՛չ մի խոսք, ահա մի ծեր բու
Ոտքը կուպրի մեջ, ականջը ճամփին։

1941

2. Տունս ամպամած է

Ամպամած է տունս
ու նրա հետ` երկիրս բովանդակ։
Կիրճի գլխից փշրված,  հարբած ու ավեր
քամին է դառնում
աշխարհն բովանդակ նրանից ավեր
և ո՛ւշքս ու մի՛տքս
ով սրնգահար, որ սրինգի մեղեդին քեզ մղել է հեռու ճամփից,
ու՞ր ես դու։
Ամպամած է տունս բայց
ամպը անձրև է փղձկում։
Մտքումս  լուսե  օրեր, որ կորցրի,
ես արևին հանդիպակած,
դիտարկում եմ տարածքը ծովի։
Եվ աշխարհը բովանդակ ջարդ ու փշուր է քամուց
և ճամփին՝ սրնգահարը, որ սրինգ է նվագում  անդադար
այս ամպամած աշախարհում
առջևում՝ տակավին ճամփան անցնելու։

 

3. Դառվագ*

Երաշտ իջավ արտիս վրա՝
հարևանիս ցանքսի կողքին։
Չնայած ասում են «մոտակա ափում
սգվորներն են լալիս սգվորների մեջ»։
Դու, սուրհանդակ ամպամած օրերի, դառվագ, ե՞րբ է անձրևը տեղալու։
կարգ ու սարքիս մեջ, որը մի բան էլ չէ
խավար հյուղակում իմ, ուր ոչ մի փշուր խնդություն չկա
և սենյակիս պատերի եղեգների ճաղերն են ճաքել երաշտից առկա
-իրարից հեռացած սիրահարների սրտերի նման –
դու, սուրհանդակ ամպամած օրերի, դառվագ, ե՞րբ է անձրևը տեղալու։

*Դառ նշանակում է ծառ։ Վագ՝ փոքրիկ գորտ, որ ապրում է ծառի վրա և կռկռում է երբ անձրև պիտի գա։

 

4.«Ռիռա *»

«Ռիռա»… ձայնում են այս գիշեր
պուրակի հետևից…որ կավառը
ավեր պատկերի  սև ցոլքի կայծը
աչքի մեջ է ծավալում։
Ասես մեկը կա, որ երգում է…
Բայց սա մարդկային ձայն չէ։
Իմ ուշիմության տարողությամբ ես
լսել եմ մարդկանց երգերը
ծանր գիշերներում՝ շրջագայության պահերին,
իմ թախիծներից
առավել ծանր։
Եվ մարդկանց երգերը մեկեն
ես անգիր գիտեմ։

Մի գիշեր մակույկի մեջ սրտնեղած
այնպես երգեցին.
որ ես դեռևս ծովի սարսափի
երազն եմ
տեսնում։
Ռիռա։ Ռիռա…
Երգելու միտք ունի։
Այս սև գիշերին, որ
նա ինքն իր հետ չէ։
Նա գնացել է նրա ձայնով սակայն
երգել չի կարող։
                                        * կնոջ անուն Իրանի հյուսիում

5. Ձյունը

զուր չեն կարմրել դեղինները
զուր չի ընկել կարմիրը
պատին։
Արևն է ելել «Ազաքո» լեռան մյուս կողմից,  սակայն
«Վազնան» չի երևում
Ձյան լուսոտ մեռած փոշին՝ անելիքը խռովություն
Պատուհանների ապակիներին է թառել։

«Վազնան» չի երևում
սիրտս պայթում է այս
հյուրասպան հյուրանոցից օրը մթնած,
որ իրար է գցել անծանոթներին.
մի քանի քնկոտների
մի քանի անտաշների
մի քանի անսթափներ
1955

 

6.Դաշտի գլխին

Դաշտի գլխին անձրև է։ Տարօրինակ մի անձրև։
Անձրևի տեղումը միտում ունի ամեն կողմից, ամենուր
սողուններին, ցատկողներին, բաժին հանել իր բերածից
Սակայն քամին, այդ չի ուզում։

Վազելուց տաքացած, փռել է գետնին ամբողջ հասակն իր։
Իր պոչովը չոր, մռութը կախ և մահածին։
մի բույսից մինչև սրտի ոչ հագենալը,
Ամեն վայրկյան սաստկացնում է սարսափն իր
Տակն ու վրա է անում ամեն կողմից
ծարավ ու թաց շարանները
Աճած բոլոր տնկիները։

Քամին գլորվում է։
Դողն ընկել է ոտքերը, մկանները,
դողից դեմքն է իր շուռ տալիս։
Ինչ էլ անժամանակ մի հրահանգ,
Սառը շնչի հետ, որ մնայուն է,
Նույնիսկ կնոջից ու մահվանից էլ
Ավելի վիթխարի զորությամբ,
Նման հրաման չի արձակվում։
Քամին եռում է։
Քամին  ճգնում է
Իր ճամփի վրա վախեցնել ամեն մի բարակ ցողուն։
Դաշտի գլխին անձրև է։ Տարօրինակ անձրև,  եռուն։

 

7. Կա Գիշերը

Կա գիշերը, մի գիշեր տոթակեզ  և հողի
դեմքն է գունատվել։
քամին ամպի նորելուկը, լեռան լանջից
դեպի ինձ է սուրացել։

Կա գիշերը ուռած տաք մարմնի պես կեցել է օդը,
հենց սրանից է, որ մոլորվածը չի տեսնում ճամփան։

Լարվածությամբ թեժ, անապատն երկար
հանց մեռյալ է իր շիրմում անձուկ
հանց իմ սիրտն  այրված
պարտասած մամնիս , որ այրվում է ջերմի երկյուղից։

Կա գիշեր, այո։ Գիշեր:

Մայիսի 18, 1955

 

8.Սառած օջախը

Հեռո՜ւ –հեռո՜ւ գիշերներից
անտառի լռակյաց երթուղու վրա
ավեր  օջախի շուրջը շարված քարեր են մնացել
մեջտեղը սառը մոխիր։

Ինչպես տրտմագին մտքերիս փոշեծածկույթի մեջ
որում ամեն  բան մի պատկերի ուրվագիծ է
պատմություն է ցավի հանգող։

Անուշ  օրս որ ինձ հետ կրակ  ուներ,
ոչ համագույն պատկերի է վերածվել,
սառել է, քարացել,
կյանքիս  աշնան շնչով  դեղնադեմ գարնան  ակնարկ է դարձել։

Այնպես ինչպես հեռո՜ւ , հեռո՜ւ գիշերներից
անտառի լռակյաց երթուղու վրա
ավեր  օջախի շուրջը շարված քարեր են մնացել
մեջտեղը սառը մոխիր։
1958

 

9. Ո՛վ մարդիկ

Ո՛վ մարդիկ նստած ափին ուրախ խնդուն
ջրի մեջ մեկը հոգի է տալիս։
Թփրտում է շարունակ,
այս ծանր ու գորշ ու հախուռն ծովում ինչպես գիտեք։
Այն ժամ, որ հարբած եք թշնամուն հաղթելու մտքից,
Այն ժամ, որ զուր եք կարծում թե
բռնել եք մի տկարի ձեռքից
նրան առավել զորություն տալու համար,
այն ժամ, որ ամուր կապում եք
գոտին ձեր մեջքին
ե՞րբ ասեմ ախր,
մեկը ծովում   զոհ է գնում  զուր։

Ո՛վ մարդիկ, որ ափին վայելքի եք նստած.
սփռոցում հաց ունեք, ձեր հագին  հագուստ.
մեկը ջրից ձայն է տալիս ձեզ։
ծանր ալիքին է հարվածում ձեռքերով հոգնած
բերանը բաց է պահում  աչքերը սարսափից չռել
ձեր ստվերն է հեռվից տեսել
ջուրն է կուլ տվել փոսի մեջ կապույտ և ամեն ժամ ավելի անհամբերացել
այս ջրերից
մերթ գլուխն է հանում, մերթ ոտքերը։
Ո՛վ մարդի՛կ,
Նա հեռու հեռվից այս հնամենի աշխարհին է հսկում,
ճչում է և հուսալիր,  օգնություն կանչում։
Ով մարդիկ, որ ափից անդորր դիտարկումով եք զբաղված
Ալիքը դոփում է ափերը հանգած
և փշրվում հարբածի պես պարտասած և խիստ ուխագնաց,
անցնում կանչելով։ Այս կանչը կրկին հեռվից է գալիս։
-Ո՛վ մարդիկ…
Եվ քամու ձայնը ամեն վայրկյան ավելի սրտակեղեք
Քամու ձայնի մեջ նրա կանչը ավելի անկաշկանդ
հեռու և մոտ ջրերի միջից
կրկին այս կանչերի ականջներում.
-Ո՛վ մարդիկ…

 

10.Մակույկը

Ես, դեմքս տրտմած
ես,մակույկս ցամաք ընկած։

Մակույկիս հետ ցամաքին նստել
Գոչում եմ ես.
«անելի մատնվել, տառապանքի մեջ է ինձ գցել
երկյուղալի այս փլատակ ափերի ճամփին
ուր որ ջուրը անջրպետ է

օգնեցեք ինձ ընկերներ»։

ծաղկել է քմծիծաղը նրանց
իմ,
մակույկիս վրա, որ անդաշն
խոսքերիս վրա, որ վարք ու բարքով
որբոքմանս՝ սանձազերծ։

Բորբոքմանս մեջ սանձազերծ
կանչ է արձակվում ինձանից
«մահվան պահին որ մահվան հետ
անէության ահից և վտանգից  բացի չկա.
Լինել չլինելու հեգնանքն ու սեթևեթությունն  ու աղմուկը
վրիպում է անցանկալի և այլ բան չէ քան իսպաս վնասի»։

Նրանց վրիպումով
ես վրիպում եմ գնում,
իղձակործան խոսքերից նրանց
ես ցավ եմ զգում։

Արյունը հեղվում է ցավերիս միջից ։
ես ի՞նչպես չորացնեմ այս ջուրը։

Գոչում եմ։
Ես դեմքս տրտմած
ես,մակույկս ցամաք ընկած։
նպատակս այս խոսքերից հայտնի է ձեզ.
մեկ ձեռքը ծափ չի տա
ես, ձեռքս ձեր ձեռքից օգնություն է պահանջում։
թե բեկվել է կանչս կոկորդիս մեջ, և եթե
կանչս հասու
ես ձեր և իմ փրկության ճամփի համար եմ
կանչո՛ւմ։

Թարգմանությունը պարսկերենից` Խաչիկ Խաչերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *