Վերջերս հոգեբանական կայքերից մեկում ուշագրավ վերնագրով մի նյութ տպագրվեց՝ «Ինչպես է գրականության Նոբելյան մրցանակն անեծք դառնում գրողների համար»։ Այդ նյութը երկար մտորումների առիթ տվեց։
Հոդվածն իսկապես ուշագրավ էր, ինչի մասին խոսում է վերնագիրն ինքը։ Այն փորձ է` թափանցելու գրականության էության ու մարդկային հոգեբանության խորքերը և պատասխանելու մի հարցի՝ վերջին հաշվով, ի՞նչ է տալիս գրականությունը մարդուն։ Իսկ միգուցե ոչինչ էլ չի՞ տալիս, ընդհակառակը՝ վերցնո՞ւմ է․․․
Գաղտնիք չէ, որ գրականությանը վերաբերող հարցերը հուզում են ցանկացած մեկին, ով երբևէ փորձել է արտահայտվել տառի ու բառի միջոցով և ձեռքն է վերցրել սագի փետուրը, թանաքը, մատիտն ու գնդիկավոր գրիչը, իսկ վերջերս արդեն համակարգչային մկնիկը։
Ինչի՞ համար եմ գրում, և ի՞նչ է տալիս այն․ սրանք հարցեր են, որ կան ցանկացած գրողի ենթագիտակցության մեջ։ Արդյո՞ք ես գրում եմ «անիրավ մամոնայի» համար, թե՞ փառքի ու ճանաչման, ինքնահաստաման համար։ Իսկ, միգուցե, ես այլ կերպ պարզապես չեմ կարող և վե՞րջ, երբ գրելն ուղղակի մոլուցք է, որովհետև ինձ հուզող մտքերն ու գաղափարները հանգիստ չեն տալիս։ Իսկ, միգուցե, ես այլ բանի պիտանի չեմ և որոշել եմ զարմացնե՞լ մարդկանց կամ գոնե ինքս ինձ։ Հարցերն, ինչպես ասում են, հարցեր են ծնում։
Անձամբ ինձ երբեմն թվում է, որ գրելը մոլուցք է հայերիս համար։ Վերջերս աշխարհի զարգացած երկրներից մեկում էի և անկեղծ ասած չնկատեցի, որ այստեղ սիրահարված են գրին ու գրականությանը։ Այդ երկրում մարդիկ ապրում են իրենց տրված այս մեկ կյանքը և երկար-բարակ չեն փիլիսոփայում։ Նրանք էքզիստենցիալիստական հարցերով չեն տանջում իրենց և կառուցում են իրենց երկիրն ու կյանքը խիստ իրապաշտական ձևով` հասնելով կենսական հնարավոր բարձր մակարդակին։ Այդ երկրում բոլորը քաղաքագետներ չեն, տնտեսագետներ ու ռազմական գործիչներ չեն և ոչ էլ սոցիոլոգներ ու փիլիսոփաներ, որ ամեն ինչ գիտեն, և հատկապես՝ սոցիալական ցանցերում միմյանց ամենահետին խոսքերով հայհոյողներ չեն։ Այդտեղ ընդունված չէ «ինքնահաստատվել» բարձրաստիճան ու նշանավոր մարդկանց հայհոյելով` երբեմն պարզապես սեփական մաղձը այս ու այն կերպ թափելու համար։ Սոցիալական ցանցն այստեղ պարապ ժամանց էլ չէ, և շատերն անգամ չգիտեն դրա մասին ու չեն էլ օգտագործում։ Եվ, այնուամենայնիվ, այդ մարդիկ ապրելու հիանալի երկիր են ստեղծել, որտեղ ամեն ինչը՝ սկսած մայթեր ու փողոցների մաքրությունից մինչև միմյանց հարգանքով ընդունելն ու քո սահմանները ճանաչելը, խոսում է մի բանի մասին՝ այս երկիրը ապրելու համար է։
Վերադառնալով գրականությանն`ասեմ. ես հասկացա, որ իմ հայրենիքում գրելը մեր ազգի բնորոշիչներից մեկն է, միգուցե։ Թե որքանով է դա օգնում, որ կառուցենք մեր երկիրը, ուրիշ հարց է։ Մեկ այլ հարց է, թե ինչ է տալիս գրականությունը մարդուն, ընդհանրապես։
Չենք կարող հաշվի չառնել այն փաստը, որ Խորհրդային Միություն կոչվող հրեշը մարդկանց վերածել էր մտածողությունը բանտող, պարապների մի հսկա բազմության, և մարդիկ պարապությունից գրում էին, որովհետև ուրիշ լուրջ անելիք պարզապես չկար, իսկ աշխատանքը ոչ մի հաճույք չպատճառող զբաղվածություն էր` որոշակի գումար տանելու համար։ Ճանապարհորդելը թույլատրված էր միայն բարձրաստիճան չինովնիկներին (հասկացիր՝ թալանչիներին)։ Դե` Սոչի, Մոսկվա-բան, թերևս, երբեմն կարելի էր հասարակ մարդկանց։ Փակ էր ամեն ինչ, սկսած «կեղտոտ բուրժուական» երաժշտությունից մինչև լուրջ գրականություն։ Կրոնն էլ, իհարկե, «հաշիշ» էր։ Ինչ մնաց տակը, դժվար է ասել։ Եվ մարդիկ գրում էին խոպաններն ու տափաստանները, ԲԱՄ-երն ու սոցիալիստական «գլուծգործոցները» գովերգող տափակություններից մինչև հետաքրքիր գործեր։
Այս ամենը, կարծում եմ, կապ ունի նյութի հետ, որովհետև վերոհիշյալ հոգեբանական հոդվածում բերվում են փաստեր, թե ինչպես ամենահեղինակավոր մրցանակը՝ Նոբելյան մրցանակը, երբեմն իր հետ բերում է ոչ միայն համբավ, այլև իրական կարիերայի և անգամ կյանքի կործանում նրանց համար, ովքեր իրենց կյանքը կապել են գրականության հետ․․․Որովհետև այդ մարդիկ գրականությունն իսկապես լուրջ են ընդունում, այն իրենց կյանքի մի մասնիկն է, և անկեղծորեն ցանկանում են քննել իրենց ու շրջապատող աշխարհը։
Հոդվածի մասին
Ինչպես հայտնի է, գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է 53-ամյա կորեացի կին գրող և բանաստեղծ Հան Գանգին։ Ռուսաստանում նա առավել հայտնի է իր «Բուսակերը» վեպով, որը պատմում է մի կնոջ մասին, որ հրաժարվեց մսից և աստիճանաբար հայտնվեց խելագարության մեջ: Սեփական երկրում նրա գիրքը համարվում էր մի տեսակ սյուրռեալիստական հեքիաթ, իսկ անգլերեն թարգմանությունը սկանդալ առաջացրեց հարյուրավոր կոպիտ սխալների և անճշտությունների պատճառով, ինչը չխանգարեց The Vegetarian-ին ստանալ 2016-ին Բուքեր միջազգային մրցանակը:
Նոբելյան կոմիտեի պաշտոնական ձևակերպումը Հան Գանգին մրցանակ շնորհելիս հետևյալն էր. «Նրա հզոր բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական տրավմային և ընդգծում մարդկային կյանքի փխրունությունը»:
Երբ Նոբելյան մրցանակը կոտրեց գրողներին
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից, ու թեև այն համարվում է աշխարհում ամենահարգվածը, որոշ հաղթողների համար մրցանակը դառնում է անեծք, որն ավարտում է նրանց գրական կարիերան:
Ամենաողբերգական օրինակներից մեկը շվեդ գրող և բանաստեղծ Հարի Մարտինսոնի պատմությունն է։ Նա կարծում էր, որ 1974 թվականին մրցանակի արժանանալը ոչնչացրել է իր գոյությունը որպես հեղինակ և որպես մարդ: Բանաստեղծը Շվեդիայի ակադեմիայի անդամ էր, որը 1901 թվականից պատասխանատու է մրցանակի շնորհման համար, ուստի, հաղթողի ընտրությունը շատերի համար խիստ հակասական էր թվում: Այս քննադատությունը, ինչպես նաև այն բանավեճը, թե որքանով էր արդարացի և օբյեկտիվ դատավորների որոշումը, խաչ քաշեցին Մարտինսոնի վրա, ով չորս տարի անց ինքնասպանություն գործեց:
Նրա դեպքը, ըստ Հորաս Էնդգալի, ով 1999-2009 թվականներին եղել է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղարը, կարելի է համարել նման անեծքի ամենավառ օրինակը։ «Երկար տարիներ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի մի շարք դափնեկիրներ մրցանակը դիտել են որպես դժբախտություն», – հիշում է նա: «Ասում են, որ ոմանք կորցրել են գրելու շնորհը, քանի որ վախեցել են իրավիճակից՝ անընդհատ իրենց հարց տալով. արդյո՞ք այս էջը արժանի է Նոբելյան մրցանակակրին» (Իսկապես հետաքրքիր է, մեզ մոտ գոնե երբեմն նման հարց տալի՞ս ենք մեզ, թե ոչ):
Միևնույն ժամանակ, Էնդգալը նշում է, որ որոշ գրողների համար մրցանակը խթան հաղորդեց իրենց կարիերայի նոր փուլի մեկնարկին, համենայն դեպս, այդպես է եղել Իվան Բունինի, Թոմաս Մանի և Սամուել Բեքեթի դեպքում, որ մրցանակից հետո « դարձան ավելի բեղմնավոր հեղինակներ կամ նույնիսկ փորձեցին աշխատել նոր ոճերում»:
Ո՞ր գրողն է մրցանակն ընկալել որպես անեծք
Մրցանակի քննադատներից էր «Պատրիարքի աշունը» և «Հարյուր տարվա մենություն» վեպերի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Նա կարծում էր, որ Նոբելյան մրցանակը հավասարազոր է մահապատժի. նրա դիտարկումների համաձայն՝ շատ դափնեկիրներ, ինչպիսիք են Ալբեր Կամյուն, Խուան Ռամոն Խիմենեսը, Պաբլո Ներուդան, Լուիջի Պիրանդելոն և Անդրե Ժիդը, մահացան այն ստանալուց յոթ տարի անց։
Նման կարծիքի էին նաև Ուիլյամ Ֆոլքները և Էռնեստ Հեմինգուեյը, ովքեր վստահ էին, որ այս մրցանակը գրողների համար «կարապի երգ» է, որն իրականում վերջ է դնում նրանց կարիերային, քանի որ ավելի մեծ ճանաչման հասնելն այլևս հնարավոր չէ։ Որոշ դափնեկիրներ, այդ թվում լեհ բանաստեղծուհի Վիսլավա Շիմբորսկան, ասել են, որ մրցանակը «կործանել է իրենց անձնական կյանքը» և իրենք վերածվել են «պաշտոնյաների», այլ կերպ ասած՝ նրանց տվել է հանրային հեղինակություն, որը վնասում է գրողի ավանդական անձնական կյանքին:
Վերջին դափնեկիրներից մեկը՝ ֆրանսիացի գրող Աննի Էռնոն, որ մրցանակը ստացել է 2022 թվականին, խոստովանել է, որ Նոբելյան մրցանակն իրեն ամենևին էլ «երջանկություն» չի տվել. մրցանակի պաշտոնական մասը Էռնոյի համար հոգեբանորեն «դժվար» է եղել և կտրել է «գրելու պահից»։ «Մրցանակն ինձ դարձրեց հասարակական գործիչ։ Մինչ այդ ես պարզապես գրող էի։ Հիմա ես պատկերակ եմ, խորհրդանիշ, այս բոլոր շքեղ խոսքեր են, որոնք ինձ համար ոչինչ չեն նշանակում։
Ինչու Նոբելյան մրցանակը կարող է հարված լինել գրողների համար
Աննի Էռնոն, հավանաբար, բոլորից ավելի ճշգրիտ ձևակերպեց, թե ինչու է գրողների Նոբելյան մրցանակն ավելի շատ ծանր բեռ, քան երկար սպասված ճանաչում: Մրցանակը մարդուն տալիս է հրապարակայնություն, որը նա կարող է չցանկանալ, և համաշխարհային համբավ, որին նա կարող է հոգեբանորեն պատրաստված չլինել։
Բացի այդ, որոշ դեպքերում Նոբելյան մրցանակը հատուկ պարտականություններ և պարտավորություններ է դնում մարդու ուսերին, որոնք սահմանափակում են նրա ազատությունը։ Այսպիսով, դափնեկիրն անխուսափելիորեն սկսում է կապվել այն երկրի հետ, որտեղից նա գալիս է, և այն լեզվով, որով գրում է, և դա, հոդվածագրի կարծիքով, կարող է սահմանափակել գրողի ազատությունը, որը միայն վնաս է հասցնում ստեղծագործությանը:
Այստեղ հոդվածն ավարտվում է, սակայն գրականությանը վերաբերող հարցերն անսպառ են և երբեք չեն ավարտվում։ Իսկապես՝ ի՞նչ է տալիս այն մարդուն, բարձրացնո՞ւմ է նրան, վեհացնո՞ւմ է, բարոյականանության դասե՞ր է տալիս և ազնվացնում, թե՞ «պարապ վախտի խաղալիք է», ինչպես կասեր Խաչատուր Աբովյանը։
Հասկանալի է, իհարկե, որ գրականությունը փոխանցում է մարդկության պատմության ժառանգությունը, բազմաթիվ գլուխգործոցներ։ Սակայն գեղարվեստական գրականությունն այլ ոլորտ է։ Այն իրականության ու հնարավորի միաձուլումն է և, բնականաբար, ավելի բարդ երևույթ է։ Ահա թե ինչու այս նյութը տարբեր հարցերի ու մտորումների տեղիք է տալիս՝ ինչ և ինչպես ու թերևս՝ ինչո՞ւ գրել։ Իհարկե, շատերն են ցանկանում, ինչպես ասում են, ինչ-որ մի մեծ ու գեղեցիկ բան ստեղծել։ Իսկ արդյո՞ք դա բոլորին է տրված, թե՞․․․ Այդ դեպքում նյութն ավարտենք նշանավոր գրող Վոլֆգանգ Գյոթեի հումորային ու դիպուկ խոսքերո՞վ։
Նշանավոր գրողի մոտ է գալիս մի սկսնակ բանաստեղծ և ներկայացնում իր բանաստեղծությունները։ Ապա հուզված ասում է՝ «Ես ցանկանում եմ մի մեծ և գեղեցիկ բան ստեղծել»։ Բանաստեղծությունները կարդալուց հետո գրողն ասում է․ «Ավելի լավ է գնա գազանանոց և լողացրու փղին․ ահա քեզ մեծ և մաքուր բան»։
Ինչպես ասում են՝ որքան մարդ, այնքան կարծիք։
Հեղինակ՝ Ստեփան Բալմոնդ
Նյութը պատրաստեց՝ Հովիկ Մխիթրայանը