Չունենալ քաոս գլխում,
չասել «եղիր այն, ինչ կաս»
ու թե «ժպիտը բուժում է»,
չհավատա՜լ դրան։
Չբավարարվել քչով,
չշոյել արևի ճառագայթները տաքսայի մորթու վրա,
չօգտագործել «կարմիրներ» ու «սևեր» բառերը,
փոխարենը կարդալ «Կարմիրը և սևը»,
չգրել սոնետներ օղի կոնծելուց հետո,
չպահել օրագիր,
չգրել հրատարակության մասին նոթեր․․․
Գրե՜լ։
Ինքնախաբեության չտրվել ոչ «Ն»-ի,
ոչ նույնիսկ «Բ»-ի մասով,
չմեղադրել ոչ ոքի,
չփորփրել վերքերը հին։
Չմեջբերել ռոմանտիկներին,
ոչ էլ ուրիշներին,
ձեռ չառնել Ասնիկին*։
Չասել «զզվում եմ քաղաքականությունից»,
ուշադիր հետևել թերթերի առաջին էջերին,
երբեմն
հայացքը
հառել երկնքին։
Խզել կապերը անտանելի ընկերների հետ,
չմասնակցել «ամենահաճելի դեմքի» մրցույթին,
չունենալ ղեկավար ոչ այստեղ, ոչ այնտեղ,
լինել չափավոր երազանքները զսպելու հարցում,
մաքուր պահել ցավը,
թափ չտալ թիթեռներին ուսերից, երբ ոչ ոք չի նայում,
իսկ առավոտյան ժամը չորսին պահանջել ինքդ քեզնից ավելին, քան ատամները լվալն է։
Չլինել մարդ,
երբ անհրաժեշտ է լինել կենդանի,
չփաղաքշել երիտասարդ պոետներին,
իսկ Սեփական պոեզիայի հյուսքերը
չկտրել երբեք,
ՉՍԻՐԵԼ մերձավորներին․․․
Սիրել այն մեն – միակ մարդուն, որ քեզնով է բուրում
շնիկի պես,
որ գտնում է քեզ մռութով։
Հիշել, որ փոքր ազգերը նստում են ավտոբուսները հենց այն,
որ տանում են նրանց դեպի մահ։
Չպատմել անեկդոտներ։
Արյուն հանձնել։
* Ասնիկ` 19րդ դարի լեհ պոետ, դրամատուրգ և հրապարակախոս, որի հայրենասիրական գործերը լի են պաթոսով:
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի
