Նեյլ Հիլբըրն | Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ)


Երբ առաջին անգամ տեսա նրան,
Մտքումս ամեն ինչ խաղաղվեց։
Բոլոր դիմախաղերս, գլխումս անընդհատ պտտվող պատկերներն անհետացան։
Երբ դու տառապում ես օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ[1],
երբեք չես ունենում հանգիստ պահեր։
Նույնիսկ անկողնում ես մտածում եմ․
Դուռը փակեցի՞ – հա
Ձեռքերս լվացի՞ – հա
Դուռը փակեցի՞ – հա
Ձեռքերս լվացի՞ – հա
Բայց երբ առաջին անգամ տեսա նրան, միակ բանը, որի մասին մտածում էի
Նրա շուրթերի կորությունն էր՝ նման մազակալի աղեղին
Կամ այտին ընկած թարթիչը
Այտին ընկած թարթիչը
Այտին ընկած թարթիչը։
Ես վստահ էի՝ պիտի խոսեմ հետը
Ու երեսուն վայրկյանում վեց անգամ ժամադրեցի
Երրորդ անգամից ասեց՝ «հա», բայց, մեկ ա, չէի հավատում ու շարունակում էի հարցնել։
Մեր առաջին հանդիպմանը ես ուտելիքի գույնն էի ընտրում ավելի երկար,
Քան կերա կամ խոսեցի հետը։
Բայց նա սիրեց էդ։
Սիրեց, որ հրաժեշտի ժամանակ պիտի տասնվեց անգամ համբուրեի իրեն կամ քսանչորս, եթե չորեքշաբթի էր,
Սիրեց, որ կարող ա հավերժ քայլեի դեպի տուն, որովհետև մայթերին լիքը ճաքեր կային։
Երբ սկսեցինք միասին ապրել, ասում էր, որ պաշտպանված ա զգում, որովհետև ոչ մեկը երբեք չէր թալանի մեզ․ ես հաստատ փակել էի դուռը տասնութ անգամ։
Ես միշտ նայում էի նրա բերանին, երբ խոսում էր
Երբ խոսում էր
Երբ խոսում էր
Երբ խոսում էր
Երբ խոսում էր․
Երբ ասեց, որ սիրում ա ինձ, նրա շուրթերի ծայրերն օղակվեցին
Գիշերը անկողնում պառկած հետևում էր՝ ոնց էի հա միացնում ու անջատում լույսերը։ միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում, միացնում ու անջատում։ Փակում էր աչքերը ու պատկերացնում, որ տեսնում ա օրերի հերթափոխը։
Մի օր չթողեց համբուրեմ, ոնց որ իմ պատճառով ուշանում էր գործից։
Երբ կանգնեցի մայթի ճաքերի առաջ, շարունակեց քայլել,
Երբ ասեց՝ ես քեզ սիրում եմ, շուրթերն ուղիղ էին։
Ասեց՝ իրենից շատ ժամանակ եմ խլում։
Անցած շաբաթ տեղափոխվեց ծնողների մոտ
Ասեց՝ չպիտի ինձ թողներ կապվեի հետը, որ ամեն բան սխալ էր հենց սկզբից,
Բայց ո՞նց էր սխալ, եթե ես չէի լվացվում իրեն կպնելուց հետո։
Սերը սխալ չի:
Ու ինձ սպանում ա, որ իրա մոտ ստացվում ա առաջ գնալ,
Իսկ ես չեմ կարում դուրս գամ ու ուրիշ մեկին գտնեմ, որովհետև հա իրա մասին եմ մտածում։
Երբ ինչ-որ բանով տարվում եմ, ոնց որ մաշկիս տակ սերմեր լինեն։ Տեսնում եմ՝ ոնց են ինձ խփում հազարավոր մեքենաներ։ Իսկ ինքը առաջինն էր, որով տարվեցի։
Ուզում եմ ամեն օր արթնանալ ու մտածել՝ ոնց ա ղեկը բռնում
Ոնց ա լոգարանի բռնակները պտտում՝ սեյֆը բացելու պես
Ոնց ա մոմերը փչում
Մոմերը փչում
Մոմերը փչում
Մոմերը փչում
Մոմերը փչում
Մոմերը
Փչում․․․
Հիմա ես մենակ մտածում եմ՝ ով ա համբուրում իրան,
Ու շունչս կտրվում ա, որովհետև մի անգամ ա համբուրելու ու պետքն էլ չի՝ կատարյալ կլինի, թե չէ։

Էնքան եմ ուզում հետ գա․
Որ դուռը բաց եմ թողել
Ու լույսերը՝ վառած։

[1] Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ), հոգեկան հիվանդություն, երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել, ժամանակ առ ժամանակ կատարել որոշակի գործողություններ (այսպես կոչված «արարողակարգեր») կամ ունենում են անընդհատ կրկնվող մտքեր («օբսեսիաներ»)։ Մարդիկ անկարող են որոշակի ժամանակով կառավարել թե՛ մտքերը, թե՛ գործողությունները։ Կրկնվող գործողությունների մեջ է մտնում ձեռքերի լվացումը, առարկաները հաշվելը և դռան փակ լինելը ստուգելը։ Որոշները նաև իրերը դեն նետելու բարդույթ են ունենում։ Այս գործողությունները կարող են հասնել այն աստիճանի, որ սկսեն բացասական ազդել անձի կյանքի վրա[4]։ Սա կարող է տևել օրական մեկ ժամից ավելի։ Շատ չափահասներ հասկանում են, որ իրենց վարքագիծը իմաստ չունի։ Այս կարգավիճակը ասոցացվում է տիկերի, տագնապային խանգարումների և ինքնասպանության ռիսկերի բարձր հավանականության հետ։

Աղբյուրը՝ հայերեն վիքիպեդիա

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

1 Կարծիք

  • արմեն says:

    Անահիտ Ղազախեցյան, դու ամենաճաշակով էակներից ես այս մոլորակի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *