Հրաչ Բայադյան | Տարեգրության պարադոքսները

«Եթե իմ մասին դուք խոսեք, ես իսկապես շատ գոհ եմ լինելու»

Այսօրվա ընթերցողի եւ Մաթեւոսյանի ստեղծագործության միջեւ մի հեռավորություն է առաջացել, պատմական մի սահմանագիծ։ Գրեթե քսան տարի է անցել այն պահից, երբ փլուզվեց խորհրդային կայսրությունը, որի գոյությամբ մեծապես պայմանավորված էր նրա գրականությունը։ Ցավոք, այդ ընթացքում մեզանից հեռացել է ինքը՝ գրողը, իսկ ետխորհրդային զարգացումները, թվում է, հասել են կարեւոր, անշփոթելի մի հանգրվանի։

Մի քանի տարի առաջ հրատարակված՝ Հրանտ Մաթեւոսյանի հոդվածների եւ հարցազրույցների ժողովածուներում («Սպիտակ թղթի առջեւ», 2004 թ. եւ «Ես ես եմ», 2005 թ.) ի մի բերվածը կարող է օգտակար լինել նրա ստեղծագործությանը նոր մեկնակետերից անդրադառնալու փորձերի համար։ Այս առումով, շատ լավ կլիներ (կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար) ձեռքի տակ ունենալ եւս մի գիրք՝ բաղկացած Մաթեւոսյանի մասին ռուսերեն եւ հայերեն գրված լավագույն հոդվածներից։

Այս ժողովածուների տրամադրած նյութը, որի մեջ մեծ տեղ են զբաղեցնում սեփական ստեղծագործություններին, ստեղծագործական սկզբունքներին ու նախասիրություններին վերաբերող գրողի վերլուծություններն ու պարզաբանումները, առնվազն թույլ է տալիս կատարել նախնական ժամանակագրական բաժանում։

Առաջին շրջանին՝ մինչեւ 1980 թվականը, վերաբերում են մեզ հայտնի բոլոր հիմնական ստեղծագործությունները։ Այս շրջանում գրված մի շարք էսսեներում` «Սպիտակ թղթի առջեւ», «Այսպես կոչված գյուղագրության մասին», «Ստիլիզացիայի մասին», «Գրողի մասնագիտական պատվախնդրությունը» երկխոսության մեջ եւ հարցազրույցներում, հիմնվելով անձնական փորձառության վրա, Մաթեւոսյանը խոսում է առավելապես գրողի եւ գրականության ընդհանուր խնդիրների մասին՝ մասնավորապես արձագանքելով ընթացիկ գրական բանավեճերին։

Երկրորդ շրջանը ներառում է Խորհրդային Միության վերջին տասնամյակը՝ տեւելով մինչեւ 1991 թվականը։ Այս փուլի մասին տարբեր հարցազրույցներից մեզ հայտնի է, որ Մաթեւոսյանը աշխատել է մի խումբ ստեղծագործությունների վրա, այդ թվում՝ վեպի, որի ծավալը՝ մոտ 700 էջ, մի քանի անգամ գերազանցում է նրա մինչ այդ հրապարակած ամենաընդարձակ տեքստերը։

«Երկու խոսք ընթերցողիս», «Ի սկզբանե էր բանն…» էսսեներում, ինչպես նաեւ հարցազրույցներում, նա բնութագրական ձեւով իր գրական նպատակներն ու խնդիրները ձեւակերպում է որպես ցանկություններ. «Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ…», «Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր…», «Ուզում եմ տեսնել, թե ով է այդ հասարակը, որ իրեն այդպես սիրաշահում են…»՝ չմոռանալով վերապահումների մասին. «Բայց կկարողանա՞մ, դուք կարո՞ղ էիք…»։

Երրորդը ետխորհրդային շրջանն է։ Այստեղ գտնում ենք թե իրեն եւ իր սերնդին, թե առհասարակ խորհրդային գրականությանը եւ մշակույթին վերաբերող եւ երբեմն ծայրահեղության հասնող քննադատություն, ընդարձակ եւ խորը դատողություններ այն մասին, թե ինչ էր պետք անել եւ ինչու չկարողացան։

Կարելի է առանձնացնել մի խումբ մշտական թեմաներ, որոնց նկատմամբ այս փուլերում կատարվող վերաբերմունքի եւ մոտեցումների փոփոխություններին հետեւելով` կարելի է պատկերացում կազմել գրողի ստեղծագործական ընթացքի, նրանում կատարված երբեմն կտրուկ շրջադարձերի մասին։ Ահա այդ թեմաներից մի քանիսը. իրականության եւ գրականության հարաբերությունները, նրա ուսուցիչները կամ կրած գրական ազդեցությունները, քննադատության նշանակությունը գրականության համար եւ այլն։

Որպես բնաբան բերված նախադասությունը մի հատված է 1984 թվականին Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ գրողի տված պատասխաններից։

Հարցերի նպատակն էր՝ պարզել Մաթեւոսյանի կարծիքը «Չեզոք գոտու» հեռուստատեսային բեմադրության, նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանված կինոնկարների մասին։

Նա երբեք չի խուսափել իր ստեղծագործական խոհանոցի մասին խոսելուց, գրականությանը վերաբերող, ինչպես նաեւ ընդհանուր բնույթի մշակութային ու քաղաքական հարցերի պատասխանելուց, ու թերեւս սխալ չի լինի ասել, որ տարիներ շարունակ նրան ուղղված հարցերի մեջ շատ են եղել այնպիսիք, որոնց պատասխանները նա կուզենար լսել ուրիշներից՝ իր գրականության երկրպագուներից ու ընթերցողներից, գրականագետներից ու քննադատներից։

Եւ հասկանալի է, որ հիմա էլ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարոտ են քննադատի ուշադրության, որը կառաջադրեր այդ հարցերը եւ հետամուտ կլիներ դրանց պարզաբանմանը։

Օրինակ՝ ինչ արժե բացառիկ հստակությամբ աչքի ընկնող հետեւյալ խոստովանությունը. «Ցավալիորեն ուշ հասկացա, որ չի կարելի էդքան վավերագրող լինել» (1993 թ.)։ Գրականության եւ իրականության հարաբերությունների, գրականության խնդիրների մասին նրա հետեւողական պարզաբանումներին ու կրքոտ պնդումներին ծանոթ յուրաքանչյուր ոք կարող է գնահատել այս եզրակացության իմաստն ու ծանրությունը։

Իրեն իր երկրի «լուսանկարիչ» եւ «ակնարկագիր» անվանած գրողը հետագայում, թեկուզ վերապահումներով («Ես, իհարկե, գիտեմ, որ ես «լուսանկարիչ» չեմ եւ «ռեպորտյոր» չեմ», 1980 թ.), տարբեր առիթներով եւ ձեւերով կրկնել է այդ ինքնաբնութագրումները. «… Եթե դրա ֆոտոգրաֆ-արձանագրողը ասեք. դարձյալ շնորհակալ կլինեմ… Այդ համայնքի տարեգիրն եմ ջանում ես ինձ ներկայացնել…» (1984 թ.)։

Ուստի 1993-ի խոստովանությունը մտածելու տեղիք է տալիս, հարուցում քննադատին ուղղված բազմաթիվ հարցեր։

Ահա մեկ ուրիշ, մի քանի անգամ կրկնած եւ բնավ ոչ ակնհայտ կամ անվիճահարույց ենթադրություն վեպի մասին. «Իսկ գուցե այդ ձեւը ընդհանրապես հակացուցված է հայերենին։ Գուցե հայերեն ընդհանրապես հնարավոր չէ ճիշտ վեպ գրել» (1980 թ.)։

Մաթեւոսյանն այս ենթադրությունն անում է, մի կողմից, սեփական գրողական խառնվածքը գնահատելով. «Բայց ժանրը, ինչպես եւ սյուժեն, ինձ չի տրվում», իսկ մյուս կողմից՝ հայ գրականության մեջ չգտնելով «ճիշտ վեպի» օրինակներ։ Ինձ հայտնի չէ՝ արդյո՞ք որեւէ քննադատ երբեւէ փորձել է քննարկել, հաստատել կամ հերքել այս ենթադրությունը։

Ետխորհրդային շրջանի եւս մեկ բացահայտում, որը եթե կասկածի տակ չի առնում, ապա առնվազն զգալիորեն տարբեր հեռանկարի մեջ է դնում Մաթեւոսյանի բազմիցս կրկնված ձեւակերպումներից մեկ ուրիշն այն մասին, թե իր գյուղը մինչեւ 1960-1970-ականները ավելի մոտ է եղել Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփոնի ժամանակներին, քան այսօրվան (1985 թ.), երբ այն վերջնականապես քայքայվեց կամ կերպափոխվեց։

Հարցազրույցներից մեկում (1994 թ.) նա գրեթե իմիջիայլոց նկատում է. «Իմ աչքի առաջ էս ամբողջը փլուզվեց իմ գուրգուրած կերպարների վրա, որոնցից մեկը իմ հայրն էր, իմ խեղճ գյուղը, եւ դրա համար իսկապես քիչ է մնում ուղղակի ողբասաց դառնամ ավանդական հայ գյուղի վրա։ Որը, եթե ճիշտ ասեմ, շուտ էր մեռել… Ամեն անգամ թեկուզ եւ ինձ թվում էր, թե այսօրվա մասին եմ գրում, բայց այդուհանդերձ հարաբերություններս միջնադարի հետ էր։ Դարավոր կերպարների հետ էր…»։

Այս պարզաբանումը մասնավորապես հուշում է, որ կարելի է նոր փաստարկներով մոտենալ վերը հիշատակված այն հարցին, թե որքանով Մաթեւոսյանը վավերագրող ու տարեգիր է եւ որքանով՝ իր գրական տարածության, «իր նոր հովտի» կառուցողը։

Դիտարկենք այս իրադրության դրսեւորումներից մի քանիսը։ Նախ՝ ավանդական աշխարհի եւ արդիության միջեւ վճռական խզման պահը 1960-ականներում զետեղելու համար կային արտաքին ծանրակշիռ պատճառներ։ Բավական է հիշել, որ դրանք խորհրդային երկրի եւ հատկապես ազգային հանրապետությունների արդյունաբերացման նոր ալիքի եւ խամուխոպան հողերի յուրացման լայնածավալ ծրագրերի տարիներն էին։

Ծրագրեր, որոնք գյուղերից խլում էին տասնյակ հազարավոր մարդկանց՝ ավարտին հասցնելով գյուղի՝ դեռեւս կոլեկտիվացման ժամանանակ սկսված քայքայումը։ Երկրորդ՝ ավելի ակներեւ է դառնում, որ գյուղական համայնքը, որի հայելու մեջ դիտվում եւ քննադատվում է «իրական սոցիալիզմի» իրականությունը, ավելի շատ գրողի (վերա)կառուցման արդյունք է, քան վավերագրության։

Եվ չի բացառվում, որ համայնքի այդ պատկերի տարրերը վերցված են ոչ միայն միջնադարից, ինչպես պնդում է Մաթեւոսյանը, այլեւ ուրիշ տեղերից, օրինակ, սոցիալիզմի գաղափարից, սոցիալիստական հասարակության մասին իդեալիստական պատկերացումներից։

Վերջապես չպետք է մոռանալ եւ այն, որ դա Ձնհալի, մշակութային վերածնության շրջանն էր, առանց որի Մաթեւոսյան գրականությունն անհնար կլիներ (ինչպես ինքն է ձեւակերպում. «Էլի եմ ասել՝ այդ օրերի ծնունդն եմ նաեւ ես», 1993 թ.)։ Այսինքն՝ Մաթեւոսյանի գրականությունը այդ տարիների ծնունդն էր թե ընձեռված մշակութային հնարավորությամբ, թե «արդիության պահի»՝ որպես վերջին խզման, անդարմանելիության գիտակցությամբ։ Այսպիսով, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունն ավարտում է արդիության դարաշրջանի արեւելահայ գրականության մեկուկես դար տեւած պատմությունը, որի ակունքներում Աբովյանի վեպն է։

Նրանն են այդ դարաշրջանին վերաբերող հետահայաց գնահատականները եւ ամփոփիչ եզրակացությունները, եւ ի տարբերություն իր նախորդների, օրինակ, Թումանյանի, նրա կեցվածքը շատ ավելի քննադատական է։ Ոչ միայն նրա ետխորհրդային շրջանի պարզաբանումները, այլեւ գրականությունն ունի հստակ արտահայտված անհամաձայնության, դիմադրության տարրեր։

Ավելին՝ մինչարդիական, ավանդական համայնքի անհետացման պահը արձանագրող մաթեւոսյանական տարեգրությունը պարադոքսային ձեւով մարմնացնում է նաեւ արդիության դարաշրջանի արեւելահայ գրականության ավարտը։ Վերջին բանը, որին ցանկանում եմ անդրադառնալ, Խորհրդային կայսրության մանրամասն քննադատությունն է, որ գտնում ենք գրողի ետխորհրդային շրջանի հարցազրույցներում։ Բայց միայն՝ ցույց տալու համար, որ այդ քննադատությունից շատ բան արդեն կար, թերեւս անբացահայտ ձեւով, խորհրդային տարիներին հրապարակված նրա գրություններում։

1999 թվականի մի հարցազրույցում Մաթեւոսյանը նկատում է. «Չեմ ասի, թե Խորհրդային Միության՝ որպես մեր մեծ հայրենիքի ընկալումը ի սկզբանե ունեի, եւ հարազատությունն էր, որ ուղղակի արտածվում էր այդ հասկացությունից ու կրողներից՝ ռուսներից, ուզբեկներից, վրացիներից եւ այլն։

Բարեկամության եւ թշնամանքի միասնական խառն զգացում կար։ Կար նաեւ ազգային ինքնությունը չկորցնելու զգաստությունը»։

Բայց ահա մի մեջբերում «Խումհարից» (1969 թ.)։ Մոսկվայի կինոյի տան սցենարական դասընթացների վրացի մասնակիցը՝ Էլդարը, հայ մասնակցին՝ Արմենակին հյուրասիրում է Քութաիսից իր մոր ուղարկած ճաշը. «Էլդարն ու ես մի անգամ խոհանոցում միասին կանգնեցինք այդ ճաշը տաքացնելու, մյուս անգամներն Էլդարն ինձ արդեն պատրաստի սեղանի մոտ է տարել եւ ասել կատակային ինչ-որ թախիծով ու ատելության հեռավոր ինչ-որ երանգով՝ «Սիրելի հայ, ես ու դու հիմա ճաշելու ենք»…»։

Մեծ է գայթակղությունը՝ ընդլայնելու մեջբերումները, որպեսզի ավելի պարզ երեւա, թե դեռեւս 1969-ին ինչ խորությամբ ու նրբությամբ է գրության մեջ բռնվել եւ ձեւակերպվել այն, ինչ կարելի էր ազատ վերլուծել կայսրության փլուզումից հետո։

Ինչպես նշվեց, գրական քննադատությունը Մաթեւոսյանի հարցազրույցների մշտական թեմաներից մեկն է, բայց այսպիսի արմատական կարծիք, թվում է, նա արտահայտել է մեկ անգամ. «Այսօր, թերեւս, այն ժամանակն է, որ գրական ուժերը կենտրոնացվեն քննադատության ասպարեզում։ Նոր դարաշրջանը պետք է հաղթահարի առաջին հերթին քննադատությունը» (1996 թ.)։

Կարծում եմ` այս պնդումը չի կորցրել իր հրատապությունը, եւ այսօր էլ հայ գրականության մեծ խնդիրներից մեկը այդպիսի առաքելության ընդունակ քննադատության բացակայությունն է։ Ուրեմն կրկնենք այն որպես մաղթանք՝ ցանկանալով հայ գրականությանը եւ առհասարակ հայ մշակույթին համարձակ ու ժամանակակից, սկզբունքային ու բանիմաց քննադատություն։

Արտատպված է` www.hetq.am կայքից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *