Հրանտ Ալեքսանյան |Պատերազմի ավետարան

Հրանտ Ալեքսանյան

1.ՀՐԱՑԱՅՏ ԱՊՐԻԼ

Ճիվաղներն ահա ելնում են դարձյալ
արշալույսի ոսկեհուռ լանջերին
եւ ականներ ցանում բյուրավոր,
եւ խանդակներ ձգում հնազանդ, կանաչող հողի կողերում:-
Նրանք արագ են սերտում մարդկային ոճիրի լեզուն
եւ նրա կոդերը գաղտնի:
Նախ, մերսում են նրանք գազանաց մկանները երկաթ,
եւ մեկտեղ նրանց հետ, զինավառ, ոհմակ առ ոհմակ, տենդահար
մոտենում են նրանք սողեսող, աչքերում, սակայն, մութ սարսափ…
Իմ հրե գնդերն եմ նետում նրանց երախներն անկուշտ՝
օլիմպիական զարզանդ դինջությամբ, հանց վերջին ախոյան աշխարհի…
-Ճիվաղներ, հազար եմ ասել՝
հրեղեն ապրիլն եմ սպանիչ:

2.ԹՌՉՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

…Դժվար քայլերով եկած առավոտ:-
Պատուհանիս մոտ մի թռչուն է երգում
իր հիասքանչ սոպրանոյով,-
չվահյուր կեռնե՞խ է, սարյա՞կ, դեղձանի՞կ
կամ գուցե օտար հավք է՝ երգեցիկ թեւող վերնախավից…
Միաժամանակ՝ հեռվում թնդում են հրետանային ծանր զարկեր:
Թռչունը երգում է կարճ դադարներով,
ասես ուզում է կռահել՝ այդ ի՞նչ
խուլ որոտներ են ճգնում ներդաշնակվել իր երգարվեստին…

Ես արթնանում եմ թռչնային հրաշք երգեցողության
եւ մարդահնար, բութ-կրկնահարվող պատերազմի միջեւ.-
ասես հայտնվել եմ ճամփաբաժանում,
ուր ճակատագիրն ունի երկու դեմք:-
Ես շարժվում եմ դեպի որոտները հեռվի՝
աստվածային գաղտնի պատվիրանով:

3.ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ հունից մի հանիր, սեր իմ,
արեւ կդառնամ ամռան, կկիզեմ հոգիդ քմահաճ:

Ինձ հունից մի հանիր, երազ,
քո անքուն գիշերը կդառնամ՝ բժժանքով եւ հույժ իրական:

Ինձ հունից մի հանիր, քամի,
սեւ խոռոչ կդառնամ ու քեզ կքաշեմ, կխեղդեմ այնտեղ:

Ինձ հունից մի հանիր, հեղեղ,
Սահարա կդառնամ ու քեզ կկլեմ ցվերջին կաթիլդ:

Ինձ հունից մի հանիր, կախարդ,
մարգարե կդառնամ ու քեզ ճշմարիտ խոսքի մեջ կխաչեմ:

Ինձ հունից մի հանիր, ոսոխ,
համազարկ կդառնամ եւ քեզ ցեղովդ կջնջեմ անհետ:

Ինձ հունից մի հանիր, խավար…

4.ԱՆԲԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՐՈՍԱԿՆԵՐԻ

Շարունակ նշմարում եմ հեռվում ծածանվող արնոտ դրոշներ,
որ մերթ մոտենում են, մերթ՝ չքանում հանկարծ,
եւ որտեղ էլ լինեն՝ փչացնում են հրաշափայլ տեսարանները
աշխարհի ու օրվա միջակայքերում:
Ոչ մի հրոսակ դեռ ի զորու չէ զսպել աղաղակն ու մոլուցքն իր,
թիրախավորվում են նրանք ակամա նույնիսկ ճնճղուկի ու մրջյունի աչքին.-
դիպուկ նշանառել հրոսակներին –
նրանք խոյանում են անուղի-անժամ, անբանական բանակի մռնչյունով
եւ դյուրին հայտնվում են կրակի տակ,
նրանք ամեհի են հրեշներից ու երկրաշարժերից՝
նախ, կատաղում են արարչական ուժից
եւ չունեն ժամանակի զգացողություն:

5.ՀԱՄԱՇԽԱՐՀԻ ԿԱՐՈՏ

Եվ պատերազմից հետո իջնում է ծանր խաղաղություն՝
մրրկահար անտառի լալ խոնջությամբ:
Դեմքը նրա մրոտ ու ճանկռտված է,
մաշկը մրմռում է խայթվածի պես:-
Եվ այնուհանդերձ՝
աննման բույր ունի խաղաղությունը,
վարդերը մի հնարով փոխառել են այն
եւ տարածել որպես համաշխարհի կարոտ:

3-9 ապրիլի, 2016թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *