Հուսիկ Արա | Պատմի՛ր նրա մասին

Պատմի՛ր նրա մասին

Նորից չէր ու չէր կրկին.
այդպես մեկ անգամ է լինում`
առաջին և վերջին:

Գիշերվա ոտնահետքը ինձ տարավ
ուղիղ Աստծու մոտ,
ասացի` պատմի՛ր նրա մասին.
պատմեց՝ դեռ աշխարհի արարումից
խնամքով պահած բառեր,
բայց չէր այն մեկ վայրկյանը`
նրա հայացքով, որ սպանում է ինձ,
և կյանքը նորից է ամեն անգամ։

Նույն ոտնահետքով` կես քայլ,
ու սատանային գտա,
ասացի` խոսի՛ր նրա մասին.
խոսեց՝ որպես առաջինը
երկրի վրա քայլած անմահ,
սակայն ոչինչ էր նրա համեմատ,
որ թեպետ մահկանացու,
հսկում է ժամանակը
իմ աշխարհներում երկու՝ լինել-չլինելու։

Մյուս հրեշտակներին էլ հասա,
ասացի` երգե՛ք նրա մասին.
երգեցին ամենասիրուն ձայնով,
որ երբևէ մարդը կարող է լսել․
մինչդեռ նրա շշունջն էր հնչում ուրիշ,
քանդուավեր, երբ կանչում է իմ անունը:

Բացեցի բոլոր բառարանները
ու գրքերի լեզուն լսեցի.
դեռ չի գրվել այն խոսքը,
որ նրան մեկնի զվարթ
և տոն լինեմ ես:
Փորձեցի ի՛նքս պատմել ինձ.
բառե՜ր, էլի՜ բառեր,
որ խեղճ էին ու կուչ եկած։

Քեզ չեն պատմում․
դու կայիր, բառը հետո եղավ։

Թեբեական

Նա իմ ննջարանը մտավ խարխափ ու անորոշ՝
որպես կեսգիշեր,
և հեռացավ առավոտի քայլերով՝ դեռ պաղլույս ու անարև։

Քաղա’ք, միշտ մուտք ու վերադարձ,
ո՞ւր տարար առավոտս հենց նոր տեսած․
ես փնտրել եմ նրան ամբողջ մի կյանք,
սպասել բոլոր ժամերի մեջ`
վստահելով այս հանդիպմանը առանց պայման։

Ամեն օր քո մեջ շրջած այգի,
չտեսա՞ր նրան․
իմ աչքերն ուներ,
իմ մարմնի գույնն ու
իմ հայացքով էր․
անհնար էր շփոթել։

Փողոցներ, որ խնամքով պահում եք ոտնահետքերս,
և կամուրջներ՝ կախված ջրանցքներին,
իմ խոսքն է նրա լեզուն,
իմ բառն է նրա շուրթերին,
և ամեն սեթևեթն իմ բանաստեղծությունն է․
չէիք կարող չճանաչել։

Նրա ափերի մեջ իմ սիրտն է,
իսկ մատների տակ բարակում է հոգիս,
և իմ սպասման կում-կում ծարավն է պարանոցին․
դուք պե՛տք է ետ պահեիք նրան,
ծառուղում ու նստարանին համբուրվող զույգեր:

Ի՜նչ ճամփաների հիմա դիմեմ ես՝
արևածա՞գ, թե՞ մայրամուտ,
որ մինչև օրը և ժամս վերջին տեղ հասնեմ։

Իսկ դու, քաղաքի դարպասը հսկող
թեբեական հայացքով կույր գուշակ,
ասում ես՝ քո ննջարանը գնա,
եթե նա է, կգա առավոտի քայլերով,
որ չի գնացել։

 

Չկաս

Քեզ հետ՝ մահ չկար,
առանց քեզ՝ կյանքը չկա։

Ինձ ապրեցնող գեղեցիկը սպանեց ինձ․
ու երկիրը սուզվել է մշուշի մեջ,
ինչպես սառցե ժամանակ էր։

Երկնքի բաց-կապույտ երակներով
արագիլներ են չվում.
վերջին երամն է սպիտակ փետրավորների:
Տիեզերքի աշունն է՝ ծանր, ուշ,
ոտքերիս տակ տերևներ են` գույն-գույն մեռնող.
քաղաքի վերջին այգին է,
ուրիշ կանգառ չի լինելու։

Ծառը՝ տերևաթափ, հեռանում է,
տունը՝ ամայի, հեռանում է․
ինչ կար՝ հոգնած էր, հեռացել է։
Ջրերը կանգնել ու չեն հոսում,
հողը սմքել ու չի թրթռում,
անջերմություն, ցուրտ է արևի մեջ։

Քո շարժումները օդում են, դո’ւ չկաս,
իմ հայացքը նույնն է, ե’ս չկամ,
ամեն բան իր տեղում է, մե’նք չկանք:

Ստվերդ առանց քեզ է, ու հեռու ես,
առանց քեզ է մարմինս, ու հեռու եմ.
ինձ հետ չի այն ժամանակը,
երբ մահ չկար։

 

Ձայն է գալիս

Քո մոտիկը հիմա շատ է հեռու․
ես գնում եմ ինձնից ու չեմ հասնում քեզ։

Կեսգիշերի այն կողմից
գալիս է ձայնը էլի՝
իմը չես լինի երբեք…
ու ժամանակը քեզնից հետո է:

Քեզ սիրեի նորից,
հոգ տանեի քո մասին,
թևերիս մեջ պինդ գրկեի սիրուն մարմինդ`
պահեի հեռու էս գեշ ու անդուր աշխարհից:
Հետո կրակ կտրած
խառնեի խոպոպներդ խուճուճ-խուճուճ,
հոգիդ հանեի` ցույց տալով լեզու,
անհասկացող ու դեռահաս պատանու պես:

Մինչդեռ կեսգիշերից այս կողմ
գալիս է ձայնը քո մոտիկից`
իմը չես լինի,
որ սև թելի նման
սրտիս միջով անցնի`
իրագործվող մահապատիժ։

Ափս սեղմում է բաժակը դիպված,
որ քեզնով սովորական է արդեն.
ագռավների սևն է պատուհանի մեջ`
երամ-երամ.
խուճապ են ու ցրիվ մոլորվելուց առաջ,
իսկ երկինքը խարխափում ու վստահ չէ։

Քո մոտիկը հիմա
համացանցում թափառող մի լուսանկար,
որ վրիպում է հայացքիս մեջ։

Ագռավների սևի հետ ես կմտնեմ դժոխք՝ երամ-երամ,
թե իմանամ քո հեռուն կդառնա մոտիկ վերջին անգամ։

 

Սեր

Քո պատկերով չստեղծեցիր ինձ,
բայց քո տեսքն է հիմա իմ հայացքը, սեր:
Եկա,
որ ապրեմ քո ժամանակի մեջ,
տեսնեմ հրաշքդ
ու վկայեմ քեզ:
Իմ քաղաքը քեզ հասնելու տարածքն էր.
ամեն տեղ նշաններ կային քո անունով.
քեզ փնտրեցի, դո՛ւ գտար ինձ:
Երբ կանչեցիր,
նա քո ձայնն էր,
ու ես եկա.
քեզ գումարեցիր ինձ,
ինձ հանեցիր քեզնից,
մնաց նա:
Ինձ պատգամածը
քեզ վկայելն էր.
կատարեցի
ու գնում եմ հիմա:
Դիպուկահար սեր,
ամեն բան քո փամփուշտն է որոշում
այս երկրի վրա,
մինչդեռ մի աղջիկ էր նշանառությունդ
ու վրիպեցիր:

 

Գեղեցկություն

Գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Դոստոևսկի
Ինձ չփրկեցիր, գեղեցկություն,
հպարտ անցար լույսիս կողքով
և տեսնել չուզեցիր,
թե ինչ կա սրտիս մեջ:
Իմ սերն էիր ու համոզմունքը,
քեզ հասնելու համար աշխարհ եկա.
քո հրաշքը ինձ ամոքելն էր,
ու թերացար:
Մանրամասն տրվեցի ու անմնացորդ,
որ կարող է տալ մարդը աշխարհում,
երբ հանդիպել է քեզ:
Ինձնից ոչինչ չպահեցի ինձ,
քո սպասավորը եղա ու երկրպագուն,
բացձեռ շռայլեցի քեզ և ինձնից թաքուն:
Չնկատեցիր ինձ,
որքան էլ ուղիղ աչքերիդ մեջ նայեցի,
շրջանցեցիր ու եզրով անցար.
օտար եղա քեզ
ու քո անտարբերը մնացի:
Շնորհակալ եմ սակայն, որ տեսա քեզ,
ճանաչեցի հայացքդ ու լեզուդ հասկացա,
որ կյանք դարձար, մի ակնթարթ թեկուզ,
ամեն անգամ ինձ տրվող իմ մահվան դեմ:
Նրա անողոք ձեռքերն էիր,
գեղեցկություն,
որ ինչպես տվեց, այնպես էլ վերցրեց ինձնից,
ու դատարկ է աշխարհը.
ինձ չփրկեցիր, իմ աղջիկ,
երբ կյանքս դո՛ւ էիր ամբողջովին:

 

Վերջ

Երկնքում չկա փրկություն ինձ համար,
ես սերն եմ ավերել երկրի վրա:

Կամաց ու քիչ-քիչ գնա, լույսս,
որ հեռացումիդ քայլերը զգամ հատ-հատ
և հասկանամ,
թե ինչպես են ապրում խավարի մեջ:

Երբ հեռու ես արդեն,
ես չունեմ մարմին,
չունեմ էություն
և երազ չունեմ.
անանցյալ եմ ու առանց ներկա,
ժամանակը վրիպել է ինձ:

Իմ սիրտը կիսված է,
իմ հոգին մարել է,
իմ աշխարհը կորած է`
հիմա, երբ օտար եմ մերձավորիս:

Հեռու է իմ տունը,
խլված է իմ հողը,
նվաճված է իմ երկիրը.
ինձնից հանել են քեզ,
ու չկամ ես:

Այդպես անդարձ մի՛ գնա, արևս.
իմ գարնան ծաղիկ,
իմ ամռան շողակ,
իմ աշնան թավիշ.
դադար տուր մի տեղ,
միայն ձմռան գիշերն է,
որ թողել ես ինձ.
մրսում է կյանքս:

Իմ լույսն ես դու`
իմ աչքերը ավերած.
ու չեմ տեսնում քեզ:

 

Պատմի’ր նրան, գնչուհի

Ի՜նչ գեղեցիկ եմ ես,
երբ խոսում ես նրա մասին:

Ասա’, գնչուհի,
ափս մի նայիր,
աչքերիս մեջ հրաշքը տես.
պատմի’ր նրան մինչև վերջ,
որ ամենագեղեցիկը լինեմ ես:

Ասում ես` չհասնել նրան,
նույնն է, թե կյանքում բան չես տեսել,
նրան չգտնել, հավասար է,
որ աշխարհում ամեն ինչ ես կորցրել.
այդ հրաշքը հասկանալու համար ես ծնվել, ասում ես,
և դրախտը այլ տեղ չփնտրեմ:

Նրա հայացքով լո՛ւյսը ես ուզեցի հատուցում,
ամենաթանկը` իբրև պարգև
մի ամբողջ կյանքի համար չստացված…

Խոսի’ր, խոսի’ր, իմ սև ու թուխ գնչուհի,
մոռանալու արվեստը սովորեցրու ինձ`
անվերջ հիշեցնելով նրա մասին:

Ես լույս եմ տեսնում,
սպիտակ հայացքով առավոտ
և արևի մեջ քայլող երազներ.
մի ուրիշ աշխարհ,
որ դեռ չի եղել մեր կողմերում:

Պատմի’ր, գնչուհի,
ես արդեն թևեր ունեմ,
հրեշտակ եմ ճեփ-ճերմակ,
որովհետև դու խոսում ես նրա մասին:

 

Աստծու սխալը

Իմ ապրելու իրավունքն էիր.
հիմա առանց քեզ ժամանակ է:

Սեր ու սաղմոս խառնվել է իմ ներսում.
և չգիտեմ` դո՞ւ ես մեղքը,
թե՞ ես եմ ըստ պահանջի մեղավոր:

Սիրուց ատելություն կես քայլ է,
որ անցել եմ ես.
ատելությունս սեր է դարձյալ:

Իմ գազանն ես,
ոխերիմն ես
ու թշնամին.
սիրում եմ քեզ:

Ինձ հոշոտել,
պատառել ես
մաս-մաս վատնել.
ու սիրում եմ քեզ:

Իմ դատավճիռն ես`
ցմահ բանտարկություն`
առանց ներման ու շնորհի.
իմ մահվան բոլոր ձևերն ես փորձել,
նորից սիրում եմ քեզ:

Ու տանելու ես դեռ`
ինչը չես թողել.
այն կյանքում էլ տրվող
անդորրն եմ քեզ պարտք
ու խաղաղությունը մեծ.
և դարձյալ սիրելու եմ`
արդեն դրախտ կամ դժոխքում:

Աստված սխալվեց,
երբ իմ կողից ստեղծեց քեզ.
բայց ես այլ տեղ չեմ էլ փնտրում ճիշտը:

 

Այսպես պարզ

Ուրիշ երանության չեմ վստահում.
դրախտը քո ժամանակն է երկրի վրա,
որ հիմա ու իմն է։

Ես չեմ ավարտվի,
որովհետև դու միշտ ես։
Մի ժամանակ կա տիեզերքում՝
քո ներկան,
որ լցվում է իմ մեջ,
և ես առանցքն եմ ամեն պտույտի։

Ես ձուկ եմ ջրում,
թռչուն եմ երկնքում
և գազան՝ որս անելիս,
երբ իմ եսը դու ես։

Ոչ կքանիստ Բուդդա;
ոչ էլ ձիավոր Մուհամեդ,
երկմտում եմ Քրիստոսին անգամ․
դու ես իմ անքննելին,
և իմ հավատն ունեմ ես։

Այդպես ուղիղ թերևս ասում են՝
ես սիրում եմ քեզ,
և այդքան պարզ սերն է միայն,
որ փնտրում ենք բարդ ու խճողված։

Ու թողնում եմ կտակ
այս շատ նյութական օրերում․
բանաստեղծած իմ տողերով
քո մարմինը թող քանդակեն՝
որպես արձան խենթիս։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *