Յու Սյոուհուա | Կարիք կա՞ արդյոք բառերի

կտրում, անցնում եմ Չինաստանի մեծ մասը, որ քնեմ քեզ հետ

ըստ էության՝ նույնն է, ես եմ քնում քեզ հետ, թե դու՝ ինձ հետ, պարզապես
զույգ մարմինների բախման ուժ է
պարզապես ուժ է, որով բացվում է ծաղիկը
պարզապես գարուն է՝ այդ ծաղկի ստեղծած
ու մեզ սխալմամբ թվում է, թե վերսկսվել է կյանքը

Չինաստանի զգալի մասում ինչ ասես, որ չի կատարվում
ժայթքում են հրաբուխները, գետերն են ցամաքում
բազմաթիվ անտեսված քաղբանտարկյալներ ու փախստականներ
շուրջբոլորը եղջերուներ ու կռունկներ կրակի տակ
անհամար փողեր՝ ուղղված նրանց մարմիններին

ես գալիս եմ կրակոցների միջով, որ քնեմ քեզ հետ
ես անթիվ գիշերներ ձգտում եմ մի այգաբացի, որ քնեմ քեզ հետ
ես անհամար իմ «ես»-երից փախչում, մի «ես» եմ դառնում, որ քնեմ քեզ հետ
անշուշտ, թիթեռները մոլորեցնելու են ինձ, ու կորցնելու եմ ուղիս
որպես գարուն եմ ընդունելու գովասանքները
հարազատ համարելու գյուղը, որ նման է Հընտիենին*
սակայն այս ամենն անհրաժեշտ են
որ ես քնեմ քեզ հետ

*հեղինակի հայրենի գյուղը

 

իմ շունը՝ Սյաո Ուն

երբ բակից դուրս եմ գալիս կաղալով, նա հետևում է ինձ
կտրում, անցնում ենք բանջարանոցը, անցնում դաշտեզրը
գնում հյուսիս՝ տատիկի տուն

ես ընկնում եմ դաշտում, առվի մեջ, նա շարժում է պոչը
ձեռքս պարզում եմ, նա լիզում, մաքրում է ձեռքիս արյունը

ՆԱ հարբել է, ասում է՝ Պեկինում մի կին կա
ինձնից սիրուն։ երբ ապրելու էլ հնար չկա
նրանք գնում են պարելու

ՆԱ սիրում է պարող կանանց
սիրում է նայել նրանց շարժվող հետույքներին
ասում է՝ նրանք տնքում են անկողնում, հաճելի ձայնով. ոչ իմ պես
որ լուռ է, ու միշտ ծածկում է դեմքը

ես լուռ հաց եմ ուտում
կանչում՝ Սյաո Ու, Սյաո Ու, ու մի մսի կտոր գցում նրան
նա շարժում է պոչն ու ուրախ հաչում

իսկ երբ ՆԱ մազերիցս քաշելով ինձ պատին է խփում
Սյաո Ուն շարունակ շարժում է պոչը
ցավից չվախեցող մարդուն
ու ՆԱ անզոր է

մենք հասանք տատիկի տան մոտ
նոր միայն հիշեցի, որ արդեն քանի տարի է մահացել է

 

ամուսնություն

ինչի՞ գրպանումս արքայանարինջ կա, ինչի՞ գրպանումս արքայանարինջ կա
էսքան տարի ճահիճների մեջ մեն-մենակ պատերազմ եմ մղում
հյուսիս նայող պատուհանների ապակիները ջարդվել են, ու ես՝ մենակ, հյուսիսի քամին ուղեղումս

«ի՞նչ ունես աշխարհում, դո՛ւ, որ խոսքերդ պարզ չեն, քայլերդ՝ անհաստատ
դո՛ւ, որ կեղտի կույտ չարժես, ինչի՞
ինչի՞ իմ առաջ գլուխդ չես կախում»

մամ, դու երբեք չհարցրիր, թե ինչի գրպանումս արքայանարինջ կա
փոքր ժամանակ ուտելիս քիչ էր մնում մեռնեի ալերգիայից

որքան եմ սիրում միայնություն, սիրում եմ մթնշաղին գետի ափին
մարմնիցս լվանալ սպիներս
էս կյանքում անհնարին բաները ուզում եմ գրել գերեզմանաքարիս
—-թող հեռանամ, ազատություն տուր ինձ

 

կարիք կա՞ արդյոք բառերի

մեր հանդիպման մասին ես բազմաթիվ մետաֆորներ եմ հորինել
ինչպես հրդեհն է սրբում ցորենի դաշտերը, այդպես
ես եմ
ողջ բերքը հանձնում հորինվածքին
մարմնիցս ելած մի զույգ ճենապակե կռունկներ ուշադիր զննում են ինձ
նրանք թռչում են հակառակ ուղղությամբ
օտար աշխարհի գիշերներում միայն քո անունն է փշրել կրունկներս
ես երազում եմ քեզ նորից հանդիպելու մասին, երազում եմ, որ գրկես ինձ
սակայն չեմ ուզում քո գրկում վերաձևել ոսկե արձանը*
երազում եմ, որ հարյուր տղամարդիկ քո մասնիկը լինեն
ու երբ մեկն ինձ լքի
ես զգամ ցավի մեկ տոկոսը միայն
ես կարող եմ դիմանալ հարյուր անգամ ցավելուն
մինչ ողջ ցավը հպարտորեն կանգնած է գիշերում, լուսնի լույսը վերադառնում է երկինք
տես, թե այս հորինվածքն ինչքան եմ սիրում
քո հանդեպ իմ սիրուց խոսելիս, կարիք կա՞ արդյոք բառերի
իսկ պատուհանից գորտերի ձայնը հնչում է այնպես
ասես աշխարհում չի լինելու այլևս անհաջող բերքահավաքի տարի

*վերափոխվել

 

ես սիրում եմ քեզ

ապրում եմ աննպատակ՝ ամեն օր ջուր բերում, հաց սարքում, ժամանակին խմում դեղերս
արևոտ օրերին ինձ տնից դուրս հանում, ինչպես չորացրած մանդարինի կեղև
թեյի տերևներ խմում հերթով՝ քրիզանթեմ, հասմիկ, վարդ
այս գեղեցիկ մանրուքներն ասես ինձ դեպի գարուն են տանում
նորից ու նորից ճնշում եմ սրտիս ձյունը
այն շատ սպիտակ է, շատ մոտ գարնանը
այգում կարդում եմ քո բանաստեղծությունները։ աշխարհում զգացմունքներն
այնքան մշուշոտ են, ասես հանկարծակի թռած անցած ճնճղուկ
բայց ժամանակը միշտ պարզ ու հստակ է
չեմ կարող ապրել այսպես կոտրված սրտով
եթե քեզ գիրք նվիրեի, բանաստեղծություններ չէին լինի այնտեղ
այն կլիներ բույսերի մասին, սերմերի մասին
որ կպատմեր հասկերի ու մոլախոտերի միջև տարբերությունը
կպատմեր մոլախոտի սարսափելի
գարնան մասին

 

աշնանը

ինչպես և սպասում էի, աշունը կուլ տվեց ինձ
հետո շատ երկար նայեց՝ ինչպես է վերքս բորբոքվում, թարախոտվում, բուժվում
ասում է՝ «քեզ նման խղճուկը արժանի է ցավի
այսքան դանդաղ ձգվող, մեղմ ցավի», ու մի ընկած տերև է մեկնում նրան
երկրում, որտեղ կարմիր լուսինը երբեք մայր չի մտնում
մարդիկ լուսաբացը փաթաթում են պատառոտված շորերի մեջ
իսկ արդյունքները թաղում շատ խորը, որ մոռանան
նրանք հավաքվում են փողոցներում ու քննարկում երկրի չհայտարարված օրենքները
նրանց ոտնաթաթերին նույնպես վերքեր են գոյացել
և արյունը փողոցներից հավաքվում, լցվում է Ազգային հրապարակ
աշնան քամին քշել տարել է նրանց այտերը
միայն թե վախենում եմ նրանց մեջ հանկարծ նկատել սիրելի մարդկանց
որոնցից վաղուց բաժանվել եմ

 

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

1 Կարծիք

  • Poghosyan Nona says:

    Սա պոեզիա չէր, սա ՀՐԱՇՔ էր…
    Հիանալի թարգմանություն…
    Կեցցեք, Գոհար Աթիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *