Ֆրանսիացի պատմաբան, միջնադարագետ Ժորժ Դյուբին (1919-1996) «Աննալների» պատմագիտական դպրոցի երկրորդ սերնդի առաջատարներից է։ Եղել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ (1987 թ․)։ Համարվում է միջնադարյան սոցիալ-տնտեսական պատմության XX դարի ամենանշանավոր հետազոտողներից մեկը։
Հետևելով Մարկ Բլոկի, Լյուսիեն Ֆևրի և Ֆերնան Բրոդելի մեթոդաբանությանը՝ նա զարգացրեց «երկար տևողության» (longue durée) հայեցակարգը՝ կենտրոնանալով սոցիալական կառույցների և մտայնությունների (mentalités) դանդաղ փոփոխությունների վրա։ Այս մոտեցումը հեղափոխություն էր միջնադարագիտության մեջ՝ տեղափոխելով ուշադրության կիզակետը քաղաքական իրադարձություններից դեպի սոցիալական պատմություն և մտայնությունների ուսումնասիրություն։ Նրա ուսումնասիրությունները նոր լույս սփռեցին միջնադարյան Եվրոպայի սոցիալական աստիճանակարգի, ավատատիրական մտայնության և մշակութային երևույթների վրա։
Գիտական գործունեությանը զուգահեռ Դյուբին ակտիվորեն զբաղվել է պատմական գիտելիքի հանրայնացմամբ։ Նա հեղինակել է բազմաթիվ գրքեր լայն ընթերցողական լսարանի համար և մասնակցել հեռուստատեսային ծրագրերի։
Սույն հայերեն թարգմանությունը կատարվել է նրա «Պատմությունը շարունակվում է» (Georges Duby, L’histoire continue, Paris, Odile Jacob, 2010, pp. 19-23; 177-179) ինքնակենսագրական գրքից։
© Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ Սմբատ Հովհաննիսյանի
II
ՂԵԿԱՎԱՐԸ
Ես պետք է ընտրեի թեմա, բայց նաև պետք է ընտրեի ղեկավար (patron): Այդպես է ընդունված: Ատենախոսությունը պետք է «ղեկավարվի», և դա պահանջում են նույնիսկ վարչական կանոնակարգերը: Ղեկավարը, թվում էր, արդեն գտնված էր՝ Ժան Դենիո [1]: Բայց Դենիոն ցանկանում էր նպաստել իմ կարիերային և հրաժարվեց․ այդ ժամանակ, իրոք, որպեսզի ատենախոսությունը կշիռ ունենա, այն պետք է պաշտպանվեր Սորբոնում: Փարիզի պիտակը թվում էր անհրաժեշտ: Ենթադրում եմ՝ նա ինձ կվստահեր Մարկ Բլոկին: Բայց 1942 թվականին Մարկ Բլոկն [2] անցել էր ընդհատակ, իսկ երկու տարի անց ազատագրված Լիոնում նրա դին պետք է ճանաչեին նահատակված Դիմադրության մարտիկների դիակների կույտի մեջ: Արդյո՞ք Բլոկն իր զրույցներով, խորհուրդներով, ինձ կուղղորդեր ավելի վճռականորեն, քան արել է միայն իր գրություններով: Վստահ չեմ: Իմ ընկերներից նրանք, որոնք եղել են նրա ուսանողները, ասում էին, որ նրա հետ շփվելը հեշտ չէր։ Ինձ բավական է, որ կարդացել եմ նրան՝ հայտարարելու համար, որ նրա աշակերտն եմ: Նրան վերընթերցելով՝ չեմ դադարում սովորել:
Փարիզյան ղեկավարը, որին Դենիոն ընտրեց ինձ համար, Շառլ-Էդմոն Պերրանն [3] էր: Պերրանը ճանաչում էր ինձ: Նա նախագահել էր այն հանձնաժողովը, որը նախորդ ամռանը Գրենոբլում որոշել էր, որ ես արժանի եմ համալսարանական ագրեգացիա անցած ճանաչվելուն [4]։ Բանավոր քննությունից հետո ես նրա հետ կիսվել էի իմ ծրագրերի մասին։ Մեկ այլ տեղում արդեն ասել եմ, թե որքան պարտական եմ այս գիտնականին․ անսահման։ Սերտորեն կապված լինելով ինչպես Բլոկի, այնպես էլ Դենիոյի հետ՝ Պերրանը նույնպես միացել էր «Աննալներին» [5], նա ինքն էլ բռնել էր այն ուղին, ուր ինձ քաշում էր «Ավատատիրական հասարակության» [6] ընթերցանությունը: Նրա հետազոտությունները, իրականացված նրա դոկտորական ատենախոսության սահմանված շրջանակներում, լույս էին սփռել սոցիալական պատմության մի ամբողջ ոլորտի վրա: Դրանք վերաբերում էին հպատակների (sujets) և նրանց տերերի (seigneurs) միջև հարաբերություններին գյուղական միջավայրում՝ Լոթարինգիայի գյուղական շրջաններում: Պերրանը խնդիրը քննել էր այնպիսի մոտեցումներով, որոնք ինձ ծանոթ չէին ոչ իմ աշխարհագրական կրթությունից, ոչ էլ Դենիոյի դասավանդումից․ դրանք էին իրավունքի պատմությունը, ինչպես այն այդ ժամանակ վարպետորեն կիրառվում էր Ֆրանսիայում և Գերմանիայում, և ամենախիստ գիտակությունը: Նա մեկնարկում էր շատ ձանձրալի (très arides) փաստաթղթերից, այն գույքագրումներից (inventaires), որտեղ կարոլինգյան ժամանակներում խոշոր կալվածատերը հրամայել էր գրի առնել այն, ինչ կարող էր ակնկալել իր հողերից, ինչ իրավունք ուներ պահանջելու իր իշխանության տակ գտնվող գյուղացիներից:
Հարկերի, ավատառուների, կոռերի, հողակտորների այս երկար ցուցակները օգնել էին ավելի լավ կառավարել այն կրոնական հաստատությունների ունեցվածքը, որտեղ, կայսրերի խնամակալության ներքո և գրի վերածննդի մղումով, ձգտում էին, ի փառս Աստծո, կատարելագործել աշխարհի հարստությունների շահագործումը: Հետագայում և սերունդներ շարունակ կառավարիչները օգտագործել էին նույն մագաղաթները: Բայց նրանք ժամանակ առ ժամանակ ստիպված են եղել թարմացնել դրանք՝ քերելով, ջնջելով, ավելացնելով: Պերրանը հավաքել էր պատահաբար պահպանված բոլոր նման փաստաթղթերը, ապա հույժ մանրակրկիտությամբ այս տեսակ կրկնագրերի [7] վրա մեկ առ մեկ առանձնացրել էր սկզբնական տեքստի վրա նստած շերտերից յուրաքանչյուրը՝ փորձելով շտկումների, հատուկ անունների, թվերի, բառերի փոխարինումների միջոցով տեսնել, թե ինչպես էին փոփոխվել տիրոջ (սենյորի) իշխանությունը և նրա համար աշխատող տղամարդկանց ու կանանց վիճակը IX-XII դարերում։ Այս հետազոտության արդյունքների մանրամասն, բծախնդիր ներկայացումը դարձավ նախաբան։ Անվերջանալի: Հույժ կարևոր։ Բայց այս բացահայտումը հանգեցրեց մի քանի տասնյակ լուսավոր, փայլուն էջերի, որտեղ միանգամից ծավալվում էր գյուղացիական հասարակության դարավոր պատմությունը: Այստեղ բացահայտվում էին այդ մոտեցման առավելությունները։ Պերրենը ցույց էր տալիս, որ ինքը գիտակությունն (érudition) իրեն չէր ստրկացրել։ Նա կիրառում էր այն տիրաբար։ Օգտագործում էր այն զգուշությամբ, սակայն այդպիսով էլ ավելի վստահ՝ պատմական հետաքրքրասիրության առաջապահ դիրքերում հաստատվելու համար։ Այսպիսով նա տալիս էր այն դասը, որի կարիքն ես ունեի իմ անփորձության մեջ։
Քանի որ պետք է ասեմ, թե ինչպես էր Շառլ-Էդմոն Պերրանը «ղեկավարում» իմ ատենախոսությունը, ապա ասեմ, որ այս դասը ես հիմնականում քաղեցի մի գրքից: Ես այցելում էի նրան տարեկան երկու կամ երեք անգամ: Մենք մնում էինք դեմ առ դեմ մեկ-մեկուկես ժամ նրա՝ գրքերով ողողված որջում: Մենք խոսում էինք, ավելի ճիշտ՝ նա էր խոսում՝ անընդհատ վերադառնալով նույն պատմությանը, իր դյուցազներգությանը (épopée)՝ 1914 թվականի պատերազմին. նա ինձ պատմում էր իր պատմության դրվագները, որոնք ամենայն մանրամասնությամբ արձանագրված էին նրա արտառոց հիշողության մեջ։ Հանդիպման վերջում ես մի քանի նախադասությամբ ասում էի, թե որտեղ եմ հասել, իսկ նա, ինձ ուղեկցելով սանդղահարթակ (palier), մաղթում էր բարի շարունակություն։ Երբ ինքս դարձա ղեկավար, հազիվ թե շատ ավելի ուղղորդող էի: Չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է: Շնորհիվ Պերրանի ես իրոք զգացել եմ, որ ինձ ուղղորդում են, առաջին հերթին՝ ուշադիր, չարաճճիորեն քննադատական ներկայությամբ: Հոգատար, ըստ էության․ գիտեի, որ եթե երբևէ շեղվեի, ինձ անմիջապես կուղղեին և կաջակցեին։
Ի դեպ, ամեն ինչ իր տեղն ընկավ նրան առաջին անգամ այցելելուս ժամանակ՝ 1942-1943 թվականների ձմռանը մռայլ Փարիզում։ Այնուհետև նա ինձ երկու խորհուրդ տվեց: Նախ՝ չշտապել, շատ կարդալ, հստակ տեսնել հետազոտության ընթացքը, որպեսզի հաստատվեմ ամենաարգասաբեր հողում և ընտրեմ այն դիտանկյունը, որը համապատասխանում է իմ բնավորությանը։ Ապա հաջորդեց այն խորհուրդը, որը կանխորոշեց իմ ողջ ապագան։ Պերրանն ինձ ասաց, որ լավ կլինի անմիջապես, նախքան թեմա սահմանելը և դրա շրջանակը ճշգրտելը, վերցնել հեշտ հասանելի փաստաթուղթ՝ արդեն հրատարակված, տպագրված, ձեռքս վարժեցնելու համար։ Բայց դա մի գեղեցիկ փաստաթուղթ էր՝ հիմնարար բովանդակությամբ, հարուստ երակ, և դեռ գրեթե անաղարտ: Այլոց աշխատանքը կողքից դիտելով՝ ես մտածում էի այդ տեքստի նախադասությունների մասին և աստիճանաբար հորինում էի հարցաշար։ Տուն վերադառնալով՝ բացեցի այն ստեղծագործությունը, որը նա առաջարկել էր ուսումնասիրել: Ես խորասուզվեցի դրա մեջ և երկար ժամանակ չէի կտրվում դրանից, որովհետև բացահայտում էի այն տարածքը, որտեղ պետք է հաստատվեի, որպեսզի Մարկ Բլոկի հետքերով ավելի լավ ճանաչեի, թե ինչպիսին էր ավատատիրական հասարակությունը:
XIII
ՊԱՏՎՈ ՆՇԱՆՆԵՐ
Տարիքի հետ, ավելի երիտասարդների կողմից նրբորեն հրվելով — դա է կյանքը — առանց գիտակցելու մտնում ենք այն սառը, հանդիսավոր տարածքները, որտեղ կուտակված են ավագները՝ աստիճանակարգված, պատվո նշաններով (honneurs) զմռսված, որտեղ, ծանրաբեռնված փետրափնջերով (plumets), սրերով, վարդահանգույցներով (rosettes), նրանք մեծ դերակատարում (haute figuration) ունեն մտավոր իշխանության պատարագներում (liturgies)։ Նրանց հիմնական գործառույթն այլևս գործել չէ։ Արդյո՞ք այն, ինչ քաղաքավարիորեն անվանում են իմաստնություն, այլ բան է, քան ստեղծագործական գործունեության տկարացումը։ Այն, ինչ նրանց դեռ թույլատրվում է, գործ անողներին խորհուրդ տալն է։
Իրենց հերթին ատենախոսությունների ղեկավարներ դարձած՝ պատնեշի մյուս կողմում երկար, քնկոտ պաշտպանությունների ընթացքում իրենց «սանձը կրծոտելով», նաև այլ ժյուրիների կազմում նստած, որտեղ մրցանակներ ու պարգևներ են բաշխվում, լինելով տարատեսակ խորհուրդների անդամներ, ապա նախագահներ՝ կամավոր հիմունքներով, բայց լայնորեն փոխհատուցված իշխանության պատրանքով՝ նրանք այլևս պատվերներ չեն կատարում, այլ իրենք են պատվերներ տալիս՝ այն ժողովածուների համար, որոնք նրանց հանձնարարել է որևէ հրատարակիչ։ Նրանք սիրում են նվիրվածություն շահել, տեղավորվել [պաշտոնների], աջակցում են իրենց խնամակալներին, ղեկավարներին (patron), կամ, ավելի ճիշտ, կնքահայրերին։ Քանի որ, ինչպես ցույց տվեց Մարկ Բլոկը, ավատատիրությունը (féodalité) հիմնված է անձնական կապերի ցանցի վրա, ապա Ֆրանսիայում համալսարանական դասախոսների ձևավորած այդ փոքր, ոխերիմ հանրույթը կարելի է իրավամբ անվանել ավատատիրական։ Դա հաճախորդների (clientèles) մի ցանց է։ Երկար ժամանակ լինելով վասալներ (հպատակներ)՝ պարտավորված մեծարել և ծառայել տիրոջը, այս վետերանները, այժմ տերեր (սենյորներ), կատաղի կերպով պաշտպանում են իրենց ավատառուներին (feudataires)։ Համաձայն լռելյայն պայմանագրի, որը գրեթե միշտ պահպանվում է, նրանց ստացած շնորհները պարտավորեցնում են վերջիններիս չխոչընդոտել իրենց բարերարին։ Եթե խոսքն ընտրության մասին է՝ այդ հաճելի խաղի, նրանք պարտադրված են խոսել այն թեկնածուի օգտին, ում պաշտպանում է իրենց հովանավորը, և ընդդեմ նրանց, ովքեր նրան դուր չեն գալիս։
Սա զգոն լինելու պահն է։ Մենք շատ խոցելի ենք դարձել։ Ես չեմ խոսում նախանձի, հիշաչարության, երախտամոռության մասին։ Ես խոսում եմ մոռացվելու վախի մասին, որը մղում է չափազանց շատ և չափազանց բարձր խոսելու։ Ես խոսում եմ ժամանակի մսխման, ունայնությունների մեջ կորչելու, գլուխգովան ու մեզ այնպիսին համարելու հակման մասին, ինչպիսին չենք։ Սակայն, ըստ իս, վտանգը հատկապես սրվել է վերջին շրջանում, երբ փոխվել է մեր գրած գրքերի կարգավիճակը, երբ դրանք լայն սպառման ապրանքներ են դարձել՝ շուկա նետվելով գովազդի լայն գործադրմամբ։ Դրանք ավելի լավ վաճառելու համար նրանց հեղինակներին վերածում են աստղերի (vedettes)։ Վտանգավոր է մեր մուտքը լայն հասարակություն, նրան հաճոյանալու հակվածությունը։ Այդուամենայնիվ, կյանքի վերջում, երբ հարստացած ես փորձառությամբ և այլևս չես տրվում ունայնություններին, առաջանում է լիակատար ազատության զգացում։ Ինչ վերաբերում է պատվո նշաններին, ապա դրանք պարտավորեցնում են — հենց դա է դրանց գինը — կանգնել ուղիղ, մի փոքր ձիգ, բայց լարված, դեռ ինքներդ ձեզ գերազանցելու խելակորույս հույսով։
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1] Ժան Դենիո (Jean Déniau, 1885–1970) – Ֆրանսիացի միջնադարագետ և համալսարանական դասախոս, որը զգալի ներդրում է ունեցել «Աննալների» դպրոցի զարգացման գործում: Դասավանդել է Ստրասբուրգի համալսարանում (1936-1937, Մարկ Բլոկի հրավերով), ապա՝ Լիոնի համալսարանում (1938-ից)։ Դենիոն նշանակալի ազդեցություն է թողել միջնադարագիտության վրա՝ դաստիարակելով այնպիսի երիտասարդ գիտնականների, ինչպիսիք են Ժորժ Դյուբին (Georges Duby, 1919-1996) և Ժան-Պիեռ Գուտոնը (Jean-Pierre Gutton, 1937-)՝ կամրջելով ավանդական և նոր միջնադարագիտությունը: Լիոնի միջնադարյան պատմության ինստիտուտում ստեղծել է տեղական պատմության ուսումնասիրությունների կենտրոն։ Նրա հիմնական աշխատությունները՝ «Լիոնի կոմունան և բուրգունդական պատերազմը, 1417–1435» (La commune de Lyon et la guerre bourguignonne, 1417–1435) և «Լիոնի բնակիչների անվանացանկը 1446 թվականին» (Les nommées des habitants de Lyon en 1446), մնում են կարևոր աղբյուրներ Լիոնի և Ռոն-Ալպերի տարածաշրջանի միջնադարյան պատմության համար։
[2] Մարկ Բլոկ (Marc Bloch, 1886–1944) — ֆրանսիացի միջնադարագետ, «Աննալների» դպրոցի համահիմնադիր։ Դասավանդել է Ստրասբուրգի և Լիոնի համալսարաններում, միջնադարյան Եվրոպայի ուսումնասիրության համար մշակել համադրական և սոցիալ-տնտեսական մեթոդները։ Նրա գլխավոր աշխատություններն են «Հրաշագործ արքաները» (Les Rois thaumaturges, 1924) և «Ավատատիրական հասարակությունը» (La Société féodale, 1939–1940)։
[3] Շառլ-Էդմոն Պերրան (Charles-Edmond Perrin) — Ֆրանսիացի միջնադարագետ, Սորբոնի պրոֆեսոր՝ մասնագիտացած միջնադարյան Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական պատմության, հատկապես Կարոլինգյան շրջանի ուսումնասիրության ոլորտում։ Նրա դասախոսությունները 1940–1950-ականներին նպաստել են «Աննալների» դպրոցի մեթոդաբանության տարածմանը՝ համադրելով աղբյուրագիտությունը սոցիալական կառույցների վերլուծության հետ։ Պերրանը ղեկավարել է Ժորժ Դյուբիի ատենախոսությունը՝ առաջարկելով ուսումնասիրել Մակոննե (Mâconnais) տարածաշրջանը, ինչի հիման վրա Դյուբին գրեց իր «Հասարակությունը XI և XII դարերում» (La société aux XIe et XIIe siècles) աշխատությունը։
[4] Համալսարանական ագրեգացիա (ֆր. agrégé de l’université) — Ֆրանսիայի բարձրագույն կրթական համակարգում պետական մրցույթ, որի հաջող հանձնումը տալիս է պետականորեն ճանաչված որակավորում և իրավունք՝ դասավանդելու համալսարաններում և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ագրեգացիան ակադեմիական աստիճան չէ, այլ պետական ճանաչմամբ բարձրակարգ մասնագիտական որակավորում։
[5] «Աննալներ» (Annales) — ֆրանսիական պատմագիտական դպրոց, որը հիմնադրել են Լյուսիեն Ֆևրը (1878–1956) և Մարկ Բլոկը (1886–1944) 1929 թվականին։ Դպրոցը հակադրվում է «իրադարձային» պատմագրությանը (histoire événementielle) և կենտրոնանում սոցիալ-տնտեսական և մշակութային երևույթների երկարաժամկետ ընթացքի (longue durée) վրա, իսկ քաղաքական իրադարձությունները դիտարկում ավելի լայն կառուցվածքային համատեքստում։ Դպրոցը վճռորոշ ազդեցություն է ունեցել ինչպես ֆրանսիական, այնպես էլ համաշխարհային պատմագրության վրա։ Ավելի մանրամասն տե՛ս Ս․ Հովհաննիսյան, Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Երևան, Սարգիս Խաչենց & Փրինթինֆո, 2022։
[6] «Ավատատիրական հասարակություն» (La Société féodale) — Մարկ Բլոկի հիմնարար աշխատություններից մեկը՝ գրված 1939–1940 թվականներին (Paris: Albin Michel): Այն վերլուծում է միջնադարյան Եվրոպայի (IX–XI դդ.) ավատատիրական համակարգի սոցիալ-տնտեսական կառույցները։ Գիրքը կառուցված է համադրական վերլուծության վրա՝ համաբերելով ֆրանսիական, անգլիական և գերմանական աղբյուրները: Բլոկն այստեղ կենտրոնանում է սեփականության հարաբերությունների, հասարակական կառույցների և մտայնությունների mentalités) վրա՝ դիտարկելով դրանք ժամանակի երկար տևողության (longue durée) հեռանկարում:
[7] Կրկնագրեր (palimpsestes) — Ձեռագրեր, որոնց սկզբնական գրվածքը սրիչով հեռացվել կամ լվացվել է՝ նոր տեքստ գրելու համար։ Արդյունքում ստացվում է բազմաշերտ փաստաթուղթ։ Նոր տեքստի տակ թաքնված հին շերտերը լեզվաբաններն ու ձեռագրագետները վերականգնում են՝ կիրառելով ուլտրամանուշակագույն լուսավորություն կամ բազմաերանգ պատկերում (multispectral imaging)։ Այսպես հաճախ հայտնաբերվում են կորած հունական, լատինական կամ վաղմիջնադարյան ստեղծագործություններ։ Կրկնագրերը լայնորեն օգտագործվել են միջնադարյան գրասրահներում՝ գրքերի պակասի և նյութական սղության պայմաններում։ Կրկնագրերի բացահայտման շնորհիվ հայտնաբերվել են, դիցուք՝ Արքիմեդեսի (մ. թ. ա. 287–212), Եվրիպիդեսի (մ. թ. ա. շուրջ 485/480–407/405) և Լիկինիուս Գրանիուսի (մ. թ. II դ.) տեքստերը։
