Վիկտորիա Սամուել | Ես չեմ ծնվել արեւից գուցե

Ես չեմ ծնվել արեւից գուցե
եւ ոչ մի յուրահատուկ բան չունեմ,
բայց ես սիրում եմ ինձ,
ես տեսնում եմ ինձ կողքից,
եւ ես տեսնում եմ ուրիշ մարդկանց,
որ սիրուն են անչափ
եւ ծնված արեւից գուցե։

Ես չեմ ծնվել գուցե անտառներից,
բայց այս անտառների մեծ ու հաստ եղեւնիներն
ինձ երբեմն մայրեր եւ հայրեր են թվում,
ես վստահում եմ այդ եղեւնիներին,
ես վստահում եմ նույնիսկ խոտերի վրա
այս ու այն կողմ վազող միջատներին,
ես վստահում եմ նրան,
որ ոչ ոք չունի ինձ վնասելու առաքելություն։

Ես ինձ պաշտպանված եմ զգում։
Եւ այսքանից հետո ի՞նչ կապ ունի՝
ոնց եւ որտեղ եմ ես ծնվել։

Ես չեմ ծնվել ձմռանը,
բայց նույնիսկ ցեխոտ ձյունն
այնպես է փայլում երբեմն,
որ ես վերակերտվում եմ,
վերաիմաստավորվում,
ինչ֊-որ առումով՝ մաքրվում,
հա, նույնիսկ եթե ձյունն արդեն ցեխոտվել է։

Ես ժպտում եմ ինքս ինձ՝
քայլելիս,
լողանալիս,
ձյան վրա ընկնելիս,
Ֆլիրտելիս իմ հավանած մարդկանց հետ
եւ քնելիս, երբ կարող է նորից
երկրաշարժ լինել։

Ես պարզապես վստահում եմ ընթացքին։

Ես չեմ ծնվել արեւից գուցե,
բայց մտքերս,
ոտքերս,
երազներս,
ցավերս
դեպի արեւն են ձգվում,
որ տաքանան,
որ բուժվեն,
որ լինեն,
որ վստահեն։
Ես հավատում եմ,
որ մարդիկ չեն լինում չար եւ զզվելի,
ես հանդւպել եմ մարդկանց,
ովքեր ինձ հետ վատ են վարվել,
բայց ես հավատում եմ,
որ մարդիկ չեն լինում չար ու զզվելի։

Էդ բոլոր մարդկանց մեջ
ես տեսել եմ հույս՝ փրկվելու,
հետ բերելու էն կաևեւոր ու մաքուր բանը,
որ կա բոլոր արարածների մեջ
էս երկնքի տակ,
եւ սա ինձնից չէ,
նրանից չէ, որ ես եմ տեսնում,
դա միակ փրկությունն է,
որին ձգտում են բոլորն այս կամ այն կերպ
ու չգիտես՝ որ կյանքում կլինեն էնքան ուժեղ՝
չլինելու համար էն,
ինչ պահանջում են ժամանակները։

Ես չեմ ծնվել ջրերից,
բայց եթե ջրհեղեղ լինի,
ես կընդունեմ այն իմ երկու բաց ձեռքերով.

ես վստահում եմ ընթացքին։

Եթե նույնիսկ այն ցավոտ է,
սարսափելի երկար,
անհասկանալի երբեմն եւ մաշող,
եթե նույնիսկ սիրտս խառնում է,
եթե նույնիսկ բռնվում է ձախ ձեռքս,
ու եթե նույնիսկ ինձ մաս-մաս հավաքած եմ ետ բերում կյանք,
կամ այնքան հոգնած եմ լինում,
որ թույլ եմ տալիս լինել ինֆանտիլ
ու հավատալ, որ ինձ ինչ-֊որ մեկը կփրկի,
կամ թողություն կլինի որկրամոլությանս։

ես շարունակում եմ վստահել ընթացքին,
եթե այն նույնիսկ ոչ մի տեղ չի տանում։

Ես չեմ ծնվել արեւից գուցե,
բայց երբ ցուրտ ձմեռվանից հետո
դեմքիս զգում եմ ծանոթ տաքությունը,
ոտքերս,
երազներս,
հույսերս,
վերքերս
դեպի արեւն են ձգվում,
ու էլի ներսում մի բան խուտուտ է տալիս։

Դա էլ հենց կյանքն է,
եւ ես շարունակում եմ վստահել ընթացքին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *