Պետեր Զիլահի | Վերջին լուսամուտընձուղտը

 

Photo by Sharoshy

Photo by Sharoshy

Պետեր Զիլահին ծնվել է Բուդապեշտում, 1970-ին: Բանաստեղծությունների մեկ ժողովածուից հետո 1998-ին հրատարակել է «Լուսամուտընձուղտ»-ը վերնագրով արձակ ստեղծագործությունը, որտեղ համանուն մանկական հանրագիտարանի պարզունակ, գաղափարախոսական կաղապարներով հագեցած հոդվածներն ու սխեմատիկ նկարազարդումները զուգակցվում են Բելգրադում բազմամսյա հակամիլոշեւիչյան ցույցերի արտասահմանյան՝ հունգարական ականատեսի տպավորություններով ու լուսանկարներով: Գիրքը վերահրատարակվել է Հունգարիայում (2000) եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Զիլահին գրքի հիման վրա ստեղծված փերֆորմանսներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, տարվա զգալի մասը անցկացնում է միջազգային ստեղծագործական տներում: Հունգարացի գրողի այս ստեղծագործությունը հիանալի պատկերացում է տալիս Կենտրոնական Եվրոպայի երկրների պատմական խճճված հարաբերությունների և թավշյա հեղափոխությունների առաջին՝ ռոմանտիկ փուլի մասին, երբ թվում էր, որ Արևմուտքի քաղաքական թելադրանքը կլուծի բոլոր հիմնախնդիրները:

 

Հինգ տարեկանից ավագ ընթերցողների համար

a

Հունգարական այբուբենի առաջին տառը A-ն[1] է :

Նրանք գնդականթափանց ապակե վահաններով են ծածկված: Եթե մեզ ցրեն էլ, մեկ է, ուղիղ աչքների մեջ եմ նայելու: Բայց արեւային ակնոցներով են: Աներեր կանգնած են հատուկ ջոկատայինները:
Ոսկեդարը քթներիս տակ էր: Եթե հավատայինք մեր օտարված հայրենիքի զավակներին՝ հարավսլավական հունգարներին՝ ոնց որ հեքիաթ լիներ, այստեղ ոչ թե շղթայված շներ էին, ձախ անջատողականներ, այլ՝ պարտադրանքից ազատ երկրամասեր, Սուրդա, Դուբրովնիկ, Օպատիա… Սարաեւոյի ձմեռային օլիմպիադա: Ծովահայաց պատուհան, որտեղ հայացքդ չի շղարշում հանուն խաղաղության պատերազմը: Հողուջուր, սարուձոր, պաղ աղբյուր… որպես անդամների մի դաշնություն պարփակում է իր մեջ իտալացիների, ալբանացիների, բոսնիացիների, մակեդոնացիների, սերբերի, խորվաթների, սլովենների, չեռնոգորցիների, հունգարների, ռումինների: Այս կարոտաբաղձությունն իմ մեջ նախանձ է հարուցում, քաղբերում է Ավստրա-Հունգարական Կայսերության ոսկե, ադամանդյա շրջանները: Ա-ն՝ որպես ադամանդ, թող լինի իմ, «Լուսամուտընձուղտ»-ի առաջին լուսամուտը[2]:

Վաղուց էի ուզում նորություններն իմ աչքով տեսնել: Ճանաչել տեղանքը, գործող անձանց, լուրերի երեկոյան թողարկումը նայել դպրոցական էքսկուրսիայի տեսաժապավենի պես: 1996 թվականի նոյեմբերին Հարավսլավիայում կեղծեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները: Խաբված բելգրադցիները դուրս եկան փողոց: Իմ մանկության հանրագիտարանից շատ բան եմ իմացել Բելգրադի մասին: Ինչպես նաև անանցանելի անտառների մասին կարդալ՝ 24-րդ էջը բացելով:
Ես Սերժանին CNN-ով էի տեսել, ավելի ուշ հանդիպեցի հետը ցույցի ժամանակ: Նա ուշադրություն էր գրավում իր լռակյացությամբ: Ականջներին քաշած գլխարկի տակից միայն ատամներն են երեւում, երբ որ քմծիծաղում է: Գիրկապ անելով կարդում եմ գրպանից դուրս ցցված գրքի վերնագիրը, սերբերեն: Հարցնում եմ, թե ինչի՞ն է պետք, «Հարյուր տարվա մենությունը»:

Նա ուզում է տեսնել այն աղջկան, ումից վերցրել է գիրքը, դեռ պատերազմից առաջ: Հիմա երևի առիթ կլինի, որ վերադարձնի:

Գնդապետ Աուերիանո Բուենդիան երեսուներկու անգամ քաղաքացիական պատերազմ նախաձեռնեց եւ երեսուներկու անգամ պարտություն կրեց: Տասնչորս անգամ ենթարկվեց մահափորձի, յոթանասուներեք անգամ՝ դարանակալ հարձակման, մեկ մահապատժի, մեկ ստրիխնինային թունավորման, մեկ ինքնասպանության փորձի եւ ողջ մնաց: Պատերազմից վերադառնալով ալքիմիկոսի իր արհեստանոցը՝ նա ոսկե ձկնիկներ բուծեց ոսկեդրամներից:[3] Բելգրադում ժամանակը դեմքերով են չափում: Մեկ շաբաթում սկսեցի ճանաչել դեմքերը: Մի տարուց կճանաչեմ բոլորին: Ով որ դեմք ունի, ժամանակ էլ ունի: Ժամացույցն էլ որպես զարդ են կապում՝ սլաքների դիրքը քմահաճ անկյուն է կազմում այն կրողի հոգեվիճակի հանդեպ: Չեմ ուշանա, եթե փողոցում մնամ՝ ցույցի ժամանակը կարելի է դեմքերից կարդալ: Նայում ես որեւէ մեկին, ու գիտես՝ ժամանակ կա: Ժամադրության վայր չարժե գնալ, քանի որ այնտեղ չեք հանդիպի, բայց կհանդիպեք մի այլ տեղ, որտեղ չէիք հանդիպի, եթե այնտեղ ժամադրության գնայիք: Բելգրադն ազատագրվել է աստղագիտական ժամանակից: Մարդիկ իրար աչքերի մեջ են նայում: Կարուսելի արագությամբ պտտվում են՝ գույնզգույն թղթիկների անձրեւի մեջ: Դեմքերի շղթայական ռեակցիա՝ գործի դրված պայթուցիչ սարքի մեջ: Բելգրադցու դեմքը դյուրավառ է, հեշտությամբ մտնում է ռեակցիայի մեջ: Անհնար է անտեսանելի մնալ: Բելգրադյան ամբոխն անդեմ չէ: Երկու դեմքից մեկը քոնն է: Սերժանը մի դիմահար քմծիծաղ է: Բելգրադցիները ծիծաղով են բաժանվում անցյալից: Անկարգությունն ու չարությունները համընդհանուր են: Սուլել, գոռալ, ճչալ: Կողքիս տարեց կինը չի վախենում, որ կոկորդը կպատռի: Գիտե, որ ազատ է: Կորչի՛ դիմազուրկ ժամանակը:
«Լուսամուտընձուղտ»-ը մի պատկերազարդ գիրք է, որով կարդալ էինք սովորում, երբ կարդալ չգիտեինք: Ես արդեն կարողանում էի կարդալ, բայց, միեւնույն է, պետք է սովորեի, այլապես… ինչի համար են դպրոցները: «Լուսամուտընձուղտ»-ն այբբենական կարգով մատչելիորեն բացում էր մեր առաջ աշխարհը: Ամեն ինչ իր տեղն ու իմաստն ուներ՝ խորհրդանշական կամ առօրյա. գրքից մենք կարող էինք իմանալ, որ արեւը արեւելքից է ծագում, որ սիրտը ձախ կողմում է, որ հոկտեմբերյան հեղափոխությունը նոյեմբերին է, եւ որ լուսամուտից լույս է թափանցում, երբ նույնիսկ այն փակ է: «Լուսամուտընձուղտ»-ը լի էր յոթգլխանի հրեշներով, փերիներով, չարքերով ու արքայազններով, որոնց մասին գրում էր, թե գոյություն չունեն: Միայն չորս տեսակի դեւ եմ հիշում, որ գոյություն չունեին, եւ երեք արքայազն: «Լուսամուտընձուղտ»-ը, վանկատելով, սովորեցնում էր մեզ կարդալ տողերի արանքում: Ինքնին հասկանալի. ոչ մեկի մտքով չէր անցնի հարցեր տալ, ինչպես, «Բարի գիշեր, երեխաներե»-ի հեռուստատեսային արջուկին: «Լուսամուտընձուղտ»-ը, «Լուսամուտընձուղտ»-ն էր: «Լուսամուտընձուղտ»-ն իմ մանկությունն էր, դպրոցական հանդերձարանը, ֆիզկուլտի ժամը, մեծանալը, լավ օրերի սպասումը, տնայիններս, իմ սերունդը: « Լուսամուտընձուղտ»-ը գիրք էր, որի մի գործող անձն էլ ես էի: Քսան տարի էր անցել, երբ ինչ-որ մեկն ինձ հարց տվեց, թե ինչ է, «Լուսամուտընձուղտ»-ը, ու ես գլխի ընկա, որ այն առաջին ու վերջին բառն է, ալֆան ու օմեգան, լուսամուտն ու ընձուղտը: Այո՛: Լուսամուտն է սկիզբը, լուսամուտից է մտնում լույսը, ընձուղտն անվերջանալի անվերջությունն է, գերիրապաշտությունը. հրկիզվող ընձուղտներ՝ մահ գոյություն չունի:
«Լուսամուտընձուղտ» Փարիզում էլ կա, մի բացիկի վրա տեսա, կոչվում է՝ էյֆելյանաշտարակ: Այն ինձ ուղարկել էր Ժոֆի Բրյուները, որը ծնողների հետ արտագաղթել էր Ֆրանսիա եւ սովորում էր ֆրանսերեն այբբենարանով: Էյֆելյանաշտարակը երկար վիզ ունի, չորս ոտք եւ շատուշատ լուսամուտներ: Թե՛ լուսամուտ, թե՛ ընձուղտ՝ միանգամից, անունն էլ բարեհունչ է: Ժոֆի Բրյուներն էլ մի քիչ նման էր ընձուղտի, միայն լուսամուտ չուներ եւ արագընթաց վերելակ: Վերելակն իմ կոկորդում էր, երբ Ժոֆին իր բարալիկ ոտքերով նստարանիս մոտեցավ եւ թույլ տվեց, որ հոտ քաշեմ իր հոտավետ ռետինից: Նրա բույրն այնպես էր խփել գլխիս, որ ես ամբողջ գիշեր վանկատում էի բառերը խմածի նման, իսկ տառերն էլ ցատկոտում էին աչքիս առաջ, ինչպես կատվի աչքերը՝ մթանը: Հաջորդ օրը Ժոֆին արտագաղթեց: Դասղեկը հայտարարեց, որ մեր դասընկերուհին հանկարծակի մեկնել է: Կարծես գուժեր գլխավոր քարտուղարի մասին, որոնք այն ժամանակ չէին հիվանդանում, հանկարծամահ էին լինում: Հոտավետ ռետինն իմ հոգում անջնջելի հետք թողեց: Ավելի ուշ միայն իմացանք, որ Ժոֆիենց ընտանիքը հանգստանալու չի գնացել, երբ որ Ժոֆին իր փոխարեն էյֆելյանաշտարակն ուղարկեց, որն այնպիսին էր, ինչպիսին՝ լուսամուտընձուղտը, բայց գոնե իմաստ ուներ նրանց համար, ովքեր կարողանում էին տողերի արանքում կարդալ: Սիրուն էլ բառ է, ինչպես՝ անչոուսը:

Ոստիկանները վազում են մի ուղղությամբ, մենք՝ հակառակ: Հրապարակի մյուս կողմում մի քանի անցորդի ծեծելուց հետո կանգ են առնում շփոթված: Իրեն մեծ բանի տեղ դնող մեկը ռետինե մահակով ջնջում է ոճավորված կախաղանը: Տակը կարմիր գույնով գրված է. «Սլոբո՛[4], օրը կգա՝ կկախվես, խոզ»:

«Պետերն ուզում է նկարել: Մտածում է գունավոր մատիտների եւ նկարչական տետրի մասին: Նա դադարում է խաղալուց, նստում է սեղանի մոտ եւ սկսում է նկարել: Ինչ ուզում է, այն էլ անում է»[5] :Նրանք ցույց են անում, որովհետեւ ուրիշ բան են ուզում: Բոլորն են ուրիշ բան ուզում: Ազատ ընտրություններ, անկախ մամուլ, իշխանություն, կին, Մեծ Սերբիա: Բայց ոչ՝ Միլոշեւիչին: Ուզում են, որ նա չլինի:

á

Պաշարված քաղաքում մահճակալները չեն բավականացնում: Կատարինան՝ թղթակցուհին Իտալիայից, 68 թվականի ռոմանտիկա է տեսնում ՝ ի դեմս դասասենյակներում ննջող լրագրողների: Քանի՞ հոգով են տեղավորվել մի ներքնակի: Չեմ կարող համեմատել, քանի որ այդ ժամանակը ծնված չեմ եղել, բայց գնացքում սերբ սահմանապահները երեք անգամ ինձ քնահարամ արեցին, ասես երեք սահման էի անցնում: Ես էլ եմ բարձի կարոտ՝ ինձ կարեւոր մարդու տեղ դնելով եւ հանրահավաքների ժամանակ ձեռք բերած ծանոթություններս օգտագործելով, գլուխս դնելու տեղ եմ գտնում հին հրեական թաղամասում: Երկփեղկ դռներին Կաբալայի նշաններ են փորագրված: Բացառված չէ, որ ինձանից հետո Բիբի Անդերսոնն է քնել նույն սենյակում եւ նույն մահճակալին: Բիբի Անդերսոնը, որը խաղում էր, «Ներեցեք, դուք կո՞ղմ եք, թե՞՝ դեմե ֆիլմում», եկել էր բելգրադյան ուսանողներին աջակցելու: Իմ հաջորդ այցելությանը, ծառաների չջեռուցվող սենյակի բազկաթոռ -մահճակալին պառկած, ես գիշերները Բիբի Անդերսոնի մասին էի մտածում, « Հպում», «Անձնավորություն», «Գայլի ժամ» ֆիլմերի մասին:

Բանաստեղծը գետերի միախառնումը համեմատում է կնոջ հեշտոցի հետ: Բելգրադի ամրոցը Դանուբի եւ Սավայի հատման այն կետում է գտնվում, որ իրենց մասնագետ կոչողները կնոջ մարմնի ամենազգայուն մասն են համարում: Հինգ հարյուր տարի առաջ այդ կետում էր վճռվում հայրենիքիս բախտը: Բելգրադյան ծլիկի վրա կործանվեց Մեծ Հունգարիան, Մոհաչը[6] միայն սերուցք էր տորթի վրա: Պաշարված ամրոց, որ մենք չկարողացանք պաշտպանել՝ Բելգրադն այսօր էլ պաշարված ամրոց է: Արդեն երեք ամիս է, այս զգայուն կետին է բեւեռված լրատվական գործակալությունների ուշադրությունն, եւ աչք դնողների բանակը կայարանի փափուկ գոգավորությունից իրեն նետում է Դանուբի ափերի պաշտպանիչ պարիսպների վրա՝ ամեն ինչ հարմար դիրքից տեսնելու համար:

Հավանաբար բռնապետն իր մասնավոր կապիտալը պահում է Կիպրոսում: Այդ պատճառով է պատրաստության բերվել Միջերկրածովյան նավատորմը:

Թե երբ պետք է լինի արտակարգ դրություն, որոշում է պետությունը: Պետությունը կարող է լինել փոքր, լեռնային, վարդաշատ կամ ձվաձեւ: Պետությունը կարող է լինել բանտ, հայրենիք, միացյալ նահանգներ, բարեկամ երկիր, երկրների համադաշնություն: Պետությունը ճնշում է, քաղաքակրթում, արտոնում, ինտեգրվում, պայմանագիր կնքում չհարձակման մասին: Պետությունը պետականացնում է, ազատազրկում, պարգեւատրում, սպառազինվում, տոնում իր տարեդարձերը: Պետությունը հսկում է քաղաքացուն. պետական քննություն, պետական ոստիկանություն, պետական անվտանգության ծառայություն: Պետությունը հանրախանութն է, պանդոկը, գինետունը, սրճարանը: Պետությունը պետական երկաթուղին է, մանկական երկաթուղին, էլեկտրագնացքը, ճոպանուղին: Պետությունը Օպերան է, Պարարվեստի ուսումնարանը, Պատկերասրահը, Երաժշտանոցը, զինվորական հիվանդանոցը Յանոշ լեռան վրա, Ֆարկաշրետի պանթեոնը, Էրդի պողոտայի Տարրական դպրոցը: Պետությունը կինոթատրոնն է, զորանոցը, ճաշարանը, արխիվը, կրկեսը, սահադաշտը, որբանոցը, ծերանոցը, կույրերի միավորումը: Պետությունը մի լեզու է: Ես եմ: Բոլորը, ովքեր ապրում են այնտեղ: Պետությունը մենակ է, ապրում է մշտական ահուդողի մեջ, բարեկամանում է, դիվանագիտական հարաբերություններ է հաստատում, միջազգային պայմանագրեր կնքում, խախտում, հրաժարվում, պատերազմ հայտարարում, հարձակվում, հրադադար կնքում, ստորագրում, ստորագրում, ստորագրում: Անդամակցում: Պետությունն ակումբ է, սահմանափակ ընկերակցություն, պետական գաղտնիք, պետական փաստաբան, պետական շահեր, պետական կրոն: Պետությունը թոշակն է, պատվիրակությունը, պարգեւատրությունը, թաղման հանձնաժողովը: Պետությունը երաշխավորում է, թողարկում, հարկում: Պետությունը ֆինանսական հաստատություն է. պետական պարտատոմսեր, պետական գանձարան, պետական փոխատվություն, պետական ապահովություն, պետական պարտքեր, պետական վարկեր, պետական սնանկացում: Պետությունը փոխում է ձեւը, չափերը, լեզուն, կրոնը, բարեկամներին: Պետությունը սահման է: Պետությունը պետություն է պետության մեջ: Երբեմն պետությունը բաժանվում է մանր պետությունների, այդ ժամանակ փորձ է արվում նորից նրանց միավորել:

b

Մեկ աշակերտական տոմս Բալկանյան ճեպընթացի համար: Առանց հետադարձի: Անձնագիր են ուզում, հրում եմ պատուհանիկի մեջ, տոմսավաճառուհու ակնոցի տակ: Դուք գիտեք, որ չեք կարող այդ արտոնությունից օգտվել, ասում է նա: «Դուք հա՞րց եք տալիս, – ասում եմ ես, – լավ նայե՛ք, նման չե՞մ տասնհինգ տարեկանի»: Չափն անցնում եմ՝ նայում է ինձ ակնոցի վրայից. ծննդյանս թիվն իր դիմաց է, արդեն յոթանասուն տոկոսանոց զեղջ չունեմ ու՝ վերջ: Մտածու՞մ եք, որ «Հունգարական պետական երկաթուղում» ապուշներ են աշխատում: Մտքիս ծայրով էլ չի անցել, չէ: Այ, « Բուդապեշտի հասարակական փոխադրամիջոցներ»-ն՝ ուրիշ: Իսկ նա իրենն է զոռում, թե վագոնները մաքուր չեն, բայց ապուշներ էստեղ չկան: Ուր կհասնեինք, եթե ամեն մեկն էն տոմսն առնի, ինչ տեսք որ ունի: Դաս է տալիս, կարծես իսկականից տասնհինգ տարեկան եմ:
Ես միակ հունգարացին եմ գնացքում, եւ ուղեկցորդն զգուշացնում է, որ ներսից փակեմ դուռը: Սահմանին մերոնք (ոստիկաննե՛րը) իջնում են, դրանից հետո՝ ով իմանա, ինչ կլինի: Անտառի ճաղաշարի միջով աստղերին եմ նայում ու կամաց սուլում եմ գնացքի ընթացքին հակառակ՝ every-time-jugo…
Կարդացածս գրքերից մեջս տպավորվել է, որ Բուդապեշտից գնացքով ճանապարհվելիս Լեւ Տրոցկին[7] ու Բրամ Սթոքերըսրտի[8] թրթիռով են սպասել Բալկաններ հասնելուն: Ռազմական թղթակիցն ու, սարսափե ժանրի վեպի հեղինակը միանման են գծում բնապատկերը, Տրոցկին նաեւ երրորդ կարգ վագոնում ժողովուրդների Նոյյան տապանն է հայտնագործում: Բալկանյան այս միջավայրից են սերվել նրանց գլուխգործոցները՝ կոմս Դրակուլայի առասպելը եւ Կարմիր բանակը:
Անքուն երերում եմ Բալկանյան ճեպընթացի լիագին ուղեւորի կարգավիճակով: Որ չեմ քնում, պետք է խմեմ, որ խմում եմ, պետք է միզեմ: Տեխնիկան ցնցում է ինձ, գնացքը միտումնավոր դանդաղ է՝ նոր ժամագոտի ենք մտնում: Միջանցքում գարեջրի շիշ է գլորվում, նրա բերանի ուղղությամբ փնտրում եմ վագոն-ռեստորանը: Մի խցիկից երգ ու նվագի, շախ-շուխի ձայն եմ առնում. հարցնում եմ՝ գնացքում սնվելու տեղ կա՞: Շարժում են գլուխները երաժշտության տակտով, եւ սերբա-խորվաթական բոլոր լեզուներով ինձ ռադ են անում:
Ամառը առագաստանավ քշել էինք սովորում Բալատոնում, ձմեռը լիճը սառչում էր, պարապմունքները Բուդայի ամրոցում էինք անցկացնում: Վազում էինք պարիսպների տակով, Աբդուռահմանի ֆալոսաձեւ գերեզմանի շուրջը, որի գլխի փաթթոցը ես Երկրագնդի տեղ էի դնում: Մեծամեծ ծրագրեր էի կազմում, որ շրջեմ աշխարհի շուրջը, ու սիրտս չխառնի: Որ Երկիրը կլոր է, բայց հարթ չէ, ցույց էին տալիս մարզական վնասվածքներս: Մոտակա նավահանգիստը քարտեզին էր, աշխարհագրական հայտնագործությունները սկսվում էին 16-րդ էջից: Ճիշտ է, ես նախ Ամերիկան Հնդկաստանի տեղ ընդունեցի, բայց քարտեզի վրա իմ դեգերումներն ապարդյուն չանցան: Փողով, քաղաքե խաղալու միջոցին հանկարծ գլխի ընկա, որ Հյուսիսային ծովից մինչեւ Պարսից ծոց Բրյուգեից Բասրա քանոնով տարված գծի կողքին շարված են Բ տառով մայրաքաղաքներ: Բրյուսել-Բոն-Բեյչ[9]-Բուդապեշտ-Բուխարեստ-Բաղդադ առանցքն ինքն ամեն ինչ ասում է, իսկ քանի որ յուրացրել էի, որ քաղաքների առաջացման վրա գետերը, ծովերն ու սարերն են ազդում, զգացի, որ Բրատիսլավան, Բելգրադն օդից չեն վերցվել, ու Բեռնի պարագան էլ բացատրելի է: Լեզվի տեկտոնական սողանքին էր վերագրելի Բեռլինի հյուսիսային տեղադրությունը, ինչը Երկրորդ Աշխարհամարտից հետո սրբագրեցին մեծ տերությունները: Իմ հայտնագործությունը հաստատելու էին կոչված բեկման շուրջն ընկնող Բ տառով քաղաքները Բրաբանտի հյուսիսի Բրեդան՝ բելգիական սահմանին, Բազելն ու Բոլցանոն՝ Ալպերում, Բադեն-Բադենը՝ Բադենում, Բեյրութը եւ բավարական Բամբերգը, բուն սլովակյան Բեստերցեբանյան, մորավիական Բրյունը եւ Բադաչոնյը՝ Բալատոնի ափին: Մի քիչ շեղվում է բոսնիական Բանյա Լուկան, բայց փոխարենը Բրաշովը Տրանսիլվանիայում ճիշտ գծի վրա է: Բալկաններն անցնելով՝ լեզվաբանա-տեկտոնական բեկվածքը Սեւ ծովի ափերն է հասնում բուլղարական Բուրգասի վրայով Բոսֆորի ծոց է հասնում, որտեղ եւ հին օսմանյան մայրաքաղաք Բուրսան է: Ճամփին ընկնող բ-տառանոց թուրքական քաղաքների բազմությունից անոմալիների բերումով բարձր դիրք են գրավում Բատմանը՝ Տիգրիսի ափին, եւ հաեւան Բիթլիսը…
[…] Լողանալը լուրերի թողարկման ժամանակ էր: Մայրս մեկ-մեկ ներս էր գալիս` վիճակս տեսնելու: Հայրս սենյակում հեռուստացույց էր նայում: Որպեսզի ինձ ստերից պաշտպանեին, պետք է մանրամասները իմանային: Լողասենյակում մորս վախ-վուշն էր լսվում, թե ինչ անհագիստն եմ` տունը ջրելու եմ: Սուզվում էի: Ջրի տակ ինձ մի ձայն էր դիմում` հայտնելով, թե այդ օրը ինչ էր կատարվել. սողանքը հարյուր հիսուն մարդ էր տակովն արել Բանգլադեշում, Արեւմտյան Աֆրիկայում հեղափոխություն էր բռնկվել, եւս մի մանկապարտեզի ու օլիմպիական լողավազանի բացում էր տեղի ունեցել, ՄՏԿ-ը «Ֆերենցվարոշին» ֆուտբոլը տարել էր 2:1 հաշվով: Չգիտեմ, թե ով էր ազդարարում եւ ինչու, բայց բացահայտ էր, որ ինչ-որ ծրագրեր ունեին ինձ հետ կապված, որովհետեւ հուշում էին նույնիսկ, թե ինչ եղանակ է լինելու: Մյուս օրը ուրիշ ձայներ էլ էի տարբերում լոգարանում, որ նշանակում էր` մի ամբողջ կազմակերպության հետ գործ ունեի: Հաղորդակցվելու եղանակը տրամաբանական էր թվում. ես ոչինչ չէի կարող հաղորդել, որովհետեւ ջրի տակ հնարավոր չէր խոսել, իսկ նրանք բացառապես լողանալու ընթացքում կարող էին կապվել ինձ հետ` առանց ծնողներիս ու դաստիարակներիս իմացության: Դժվար էի գլխի ընկնում, թե ինչի համար էր կազմակերպությանը կարեւոր թվում, որ ես մանրամասն տեղեկություններ ունենամ լեհաստանյան նորագույն զորավարժությունների մասին կամ թե` Անդրդանուբյան երկրամասի ոևր համայնքներն են քաղաքի կարգի բարձրացվել, բայց գիտեի. եթե ուշադիր լինեմ, ինձ նշան կտան: Գոյությունս ավելի խորն իմաստ էր ձեռք բերում ջրի տակ: Երբ մի կիրակի գլուխս լվալուց մայրս բանից անտեղյակ ինձ ջրի մեջ սուզեց, կանացի մի հաճելի ձայն ականջիս շշնջաց, թե կարկուտը տարել է բերքը: Հասկացա, ինչ են սպասում ինձանից, եւ, անկեղծ որ ասեմ, սրտովս էր. անկարգություններ պետք է անեի: Առաջ էլ, պառկելուց հետո, մթան մեջ մարտնչում էի սուզանավերի ու զրահամեքենաների դեմ, պատահում էր, որ հատակին էի հայտնվում. միայն անկարգ վարքիս էի պարտական, որ վերջնական հաղթանակն իմն էր: Այդ օրվանից սկսած մեղվի ջանասիրությամբ խանգարում էի մեր ժողովրդական դեմոկրատիայի զարգացմանը: Երկրաշարժեր, հոսանքազրկումներ, գազի պայթյուններ էին զարդարում իմ ուղին: Ըստ լողափրփուրի մեջ հայթայթած տեղեկություների, բացահայտում էի զինվորական կառույցների տեղադրությունը:Եթե գործարան կամ էլեկտրակայան էին հանձնում, ես այնտեղ էի եւ իմ սեւ գործն էի տեսնում: ՏՓԽ-ը[10] դոփում էրտեղում «երկաթե վարագույրից» այս կողմ` առանց գլխի ընկնելու, որ «գողը տնից է»:

Ես կույս էի, բայց պետքս չէր: Գաղափար չունեի դրանից: Աշխարհը սեւ-սպիտակ էր` հեռուստացույցից էր երեւում: Այսօր էլ աչքիս առաջ են Հոլանդիա-Արգենտինա խաղի ժամանակի բախտորոշ ավելացումը, Բաադեր-Մայնհոֆ[11] եւ Սոյուզ-Ապոլոն համակցումները, Էլվիսի` արքայի մահը (դա իմ ուղեղին չէր հասել, բայց հայրս իրեն կորցրել էր), Ժանայի գազի ժայթքումը, Սուրբ Հեղինե լեռան հրաբխային ամպը, հունգարական տիեզերական թռիչքը, Ռուբիկ-կուբիկի աշխարհի առաջնությունը Բուդապեշտում: Սպորտն էր հետաքրքիր սեւ-սպիտակ նայելը. բոքսի ժամանակ պետք էր հետեւել, թե մարզիկների կիսագուլպաներին քանի զոլ կա: Իմ առաջին ժամադրությունից էլ հիշում եմ, թե քանի զոլ կար աղջկա ոտքերին` սեւ-սպիտակ, իսկ, այ, աչքերի գույնն արդեն մշուշվել է մտքիս մեջ: Առաջին համբույրիցս հետո ծնողներս գունավոր հեռուստացույց առան, ու պարզվեց, որ հոլանդացիները նարնջագույն են, իտալացիները` կապույտ, կան նույնիսկ կանաչ ու կարմիր սատանաներ, եւ միայն գերմանացիները մնացին սեւ-սպիտակ, կարծես` պատժված: Իրենց երկիրն էլ երկու մասի էր բաժանված` չէի նախանձում նրանց… …

Տարրական դասարաններում մեզ սովորեցնում էին տառերն իրար կողքի գրել: Բառերը, խնդիրների լուծումների պես, առանձին գրքում էին ամփոփված` պետք էր միայն կարդալ: Բառարանում կային այն բոլոր բառերը, որոնք կարելի էր արտաբերել: Այն մեծերի աշխարհին էր վերաբերում, բայց զգում էի, որ նրանցից բարձր էր, վերմարդկային մի զորություն ուներ: Եթե որեւէ բան ասեիր, որ գրքում չկա, իմաստազուրկ կլիներ:
Բառարանն այնպիսի բառեր էր իրար կողքի շարում, որ կյանքում երբեւէ միասին չէին պատահում: Բառարանը ժամադրավայր էր, որը պատահականությունը վերածում էր օրինաչափության, ինչպես` դասամատյաններում ազգանունների ցանկը: Մատյանն էլ է բառարան, որտեղ հաշվառվում ես ըստ քո ազգանվան, ծնողներիդ տվյալների, հորդ անվան ու զբաղմունքի: Գիտեին, որ ծնողներս ճարտարագետներ են` էլեկտրականության գծով, իսկ ես էլ նրանց երեխան եմ, այսինքն` ինչ-որ չափով պետք է գլուխ հանեի էլեկտրականությունից: Գրող-ծնող չունեինք, թե չէ կարելի էր տեստի միջոցով ստուգել այդ կապը: Այբուբենը, ֆիզկուլտի ժամին ըստ հասակի շարվելու նման, անբեկանելի էր թվում: Համենայն դեպս, դուրս էր մեզ հասանելի ժամանակից: Շարքից ու՞մ կկանչեն: Ծննդյանս պահից ես մի բառ էի արդեն:
Բառարանում ամեն բառ կարեւոր է, թեեւ առանձին-առանձին անպետք են, ինչպես որ մատյանի մեջ են: Բառերի դաշինքը ստեղծում է լեզուն, ինչպես որ դասարանում է դաշինք ստեղծվում, անկախ նրանից, թե ում հերթն է դաս պատասխանելու, եւ այդ դաշինքը սկսվում է ներկա-բացակայից: Բարձրաձայն կարդում են, թե կա՞նք արդյոք «արեւ»-ից մինչեւ «ֆուտբոլը», Ալմաշիից մինչեւ Ֆերենցը…
[…] Միլոշեւիչի որդյակը մրցարշավորդ է, «Ֆերարիներ» է ջարդուփշուր անում: «Ֆերարիի» դրոշը թափ տալը նույնն է, ինչ մայիսի 1-ին շքերթի դուրս գալ «Մայիսի 1» կարի ֆաբրիկայի դրոշով: Խորհրդանշական հակառակորդ ճամբարը Աերտոն Սենայի[12] դիմանկարը վրաները բրազիլական դրոշներով էր ցույց անում: Քանի «Ֆերարի» պետք է ջարդի սա, որ Սենային հասնի:

Երկու ցույցերի արանքում մենք մի-մի գարեջուր ենք գլուխներս քաշում: Տերազիե հրապարակում տղերքը շտկում են իրենց, կոշկակապերը ձգում, շարք են կանգնում: Ցուցարարներն էլ են հավաքվում կամաց-կամաց, գնդակ է մեջտեղ գալիս, տշում են հատուկ ջոկատայինների քթի տակ:

Իշխողների «հակացույցը» նշանակված էր դեկտեմբերի 24-ին: Նորածին Հիսուսը գավառներից ավտոբուսներով ցուցարարներ էր բերել, հիսուն հազար նոր դեմք` իր տոնին: Հին ժամանակների սպարտակիադաներն էին հարություն առնում, նորեկները ապուշ ցուցապաստառներով ճամփա էին ընկել դեպի նշանակության վայրը: Բայց Միլոշեւիչի հետեւորդներն իզուր էին փնտրում գլխավոր հրապարակը` մոլորվել էին անծանոթ քաղաքում: Բաժանվել էին փոքր խմբերի, եւ կասկածանքով չափչփում էին նախատոնական գնորդներին` սպասելով, թե երբ են վերածվելու հակակառավարական տարրերի:
Հեռուստատեսությունը, ըստ Միլոշեւիչի, չափազանցրել է: Չափազանցություն է, որ լուրերով ընդդիմության երթը ֆաշիստական են կոչել: Չափազանցություն է նաեւ, որ իշխանամետ ցուցարարը օրը ցերեկով կրակել է Դրաշկովիչի[13] կողմակցի գլխին: Բայց, դե, իսկական չափազանցությունն այն է, երբ ոստիկանների օգնությամբ մի ընդդիմադիր ցուցարար ծեծամահ է արվել: Պրեդրագ Ստարչեւիչին` ցույցերի միակ զոհին, կարծես թե երկար պտտել են մեքենայի մեջ դրած, մինչեւ որ մեռել է վերքերից: Այդքանից հետո էլ ոստիկանությունը դուրս էր եկել, որ «հականերին» պաշտպանի: Ոստիկանական պատի վերեւով հոտած ձվեր, կարտոֆիլներ էին թռչում դեպի հակացուցարարները, սրանք ի պատասխան իրենց ցուցապաստառներն էին նետում: Ձնագնդեր գցում էին երկու կողմից էլ` երբեմն ոստիկաններին կպչելով: Իսկ Միլոշեւիչը ճառ ասաց` հիշատակելով խառնակիչներին, որ երկիրն ուզում են կորստյան մատնել, եւ արեւմտյան քարոզիչներին, որ ամենուրեք են: Լաց լինելու չափ հուզված ամբոխը պահանջեց Վուկի ձերբակալությունը, բայց նրանց առաջնորդը չէր լսում: Վերջում հիսունհազարանոց երախը սեր էր վանկարկում, եւ շփոթահար բռնապետն իր զգացմունքները մատնեց. ես էլ ձեզ եմ սիրում, բարձրախոսների շարքերը շշնջացին հրապարակին…
[…] Սերբական հեռուստատեսության նորությունները յոթն անց կես են սկսվում: Նորությունները դրոշներով ու գարեջրի շշերով երեք ցուցարարի են ցույց տալիս, որոնք մեկ մի, մեկ մյուս կողմն են ներկայացնում` դեմքերն արդեն հիշում եմ: Սրանք են երեքով ցույց անում Բելգրադում 40 օր շարունակ, իսկ CNN-ը համը հանում – ինչեր է բստրում: Այս երեք հոգին են պատասխանատու անկարգությունների համար, մոլորեցնում ու ահաբեկում են Բելգրադի բնակչությանը: Միլոշեւիչը մի արտասահմանյան մի թղթակցի հայտարարել է, թե Կարաջիչի[14] մարդիկ են տերուտիրականը Բելգրադի փողոցներում: Յոթն անց կեսին սուլել ու թխկթխկացնել են սկսում բոլորը, ում որ դուր չի գալիս վարչակարգը: Ծանոթանում ես հարեւաններիդ հետ: Փայտե գդալներով ու կաթսաներով մոտենում եք պատուհաններին. ես արդեն չորրորդ գդալն եմ ջարդում, ինձ համար հոտած ձվերից ավելի ջարդված գդալների հեղափոխություն է Բելգրադը:

800-ական թվականների վերջն է Բալատոնի ափին: Անհողմություն: Կարելի է լսել ձկներին ջրի մեջ: Հանկարծ` փոշի եւ սմբակների դոփյուն: Մարտավարական փախուստ իրականացնող հունգար հեծյալ: Հետեւից` ֆրանկները. փոշի եւ սմբակների դոփյուն, փոշի եւ սմբակների դոփյուն: Երկու ֆրանկ: Նետարձակում դեպի հետ: Ֆրանկներից մեկը բռնում է սիրտը: Գնում խառնվում է հարյուր տարվա մեռելներին:
Իր հայրենիքն զբաղեցնող[15] հունգար դյուցազնը նետաձգության պահին չնկատեցճանապարհին հանդիպած թիթեռների զույգը: Հարսանեկան պարի բռնված թիթեռները բաժանվեցին իրարից, նրանցից մեկը Բալատոնի կողմը թռավ ու կորցրեց կողմնորոշումը: Փորձանքն էլ ուրիշ ոնց կլինի: Թեւերը խոնավացան, շունչը բռնվեց: Ով տեսել է արդեն, թե ինչպես է թիթեռնիկը թպրտում ջրի երեսին, գիտի, թե ինչ խելահեղ լարվածություն է առաջանում այդժամանակ օդում: Թեւաբախումների հարուցած տատանումների ազդեցության տակ մի ամբողջ քաղաք փլուզվեց Հնդկաստանում` իր տակ թաղելով երեսուն հազար մարդ, մեռավ անգլիական Ալֆրեդ Մեծ արքան, մայաները լքեցին իրենց քաղաքները, նանդորները[16] գրավեցին սպիտակ ամրոցը[17], վիկինգներն ափ իջան Նորմանդիայում, Կորդովայի խալիֆ Աբդուռահմանն իր պարտիզպանին անպատվեց ապաշնորհ խուզված վարդի թփի պատճառով, Չինաստանում կործանվեց Տան կայսրությունը, Արշալույս անունով ստրկուհին հնգյակ բերեց հնդկական ճամբարում, ինչը մարդակերները բարի նշան համարեցին:
Մի 666 տարի անց թիթեռի հոգեվարքի հետադարձ ալիքները երկու կայսրություն գոյության կոչեցին Բալատոնի հյուսիսային եւ հարավային ափերին: Նրանցից մեկում արեւը երբեք մայր չէր մտնում, մյուսում մշտապես ծագում էր: Սահմանը երկատեց հունգարներին, որ իրենք իրենց հարեւանը դարձան: Հունգարական երկու գաղութ` հունգարական կարգուկանոնով, որոնցում ապրող հունգարները երկու կողմի էին հարկ տալիս` Հաբսբուրգներին եւ Օսմաններին: Օսմանյան կայսրությունը Ադենից Ալժիր, Բասրայից Բուդա ու Բալատոն էր տարածվում: Հաբսբուրգների տիրույթները փռված էին Կաշայից Կուսկո եւ Տենոչտիտլանից մինչեւ Տոկայ` Բալատոն սահմանով: Այդպես պատահեց, որ միջնադարի վերջալույսին եւ նոր դարաշրջանի արեւածագին հունգարներն ինկերի ու պարսիկների հետ մի կայսրության մեջ հայտնվեցին: Բալատոնը, որ ջրային տարածքների մի մասն էր` ծովահենների նավերով հանդերձ, երկու աշխարհ էր միացնում ու բաժանում` մայաներից մինչեւ ղպտեր, Խաղաղից մինչեւ Հնդկական օվկիանոս: Ալիքներն այդ ժամանակից են իրար բախվում Բալատոնի վրա, եւ պատահական չէ, որ այստեղով է անցնում իրենից քիչ թե շատ բան ներկայացնող երկրի տեկտոնական խզվածքը: Այսքանով բավականանամ` ա~յ թե ինչքան անխոհեմ ու վնասահարույց է նետը հետընթաց արձակելը, լավ վարվելակերպի ի~նչ դաս հունգարներին:

Մ.Ն.-ը` Մեհմեդ Նվաճողը, գրավեց երկու հարյուր քաղաք եւ տասներկու երկիր: Բյուզանդիան տիրելուց հետո նա նվաճեց նաեւ Բալկանները, բայց դեմ առավ Նանդորֆեհերվարին: Ժամանակի ժողովածուներից մեկի համաձայն, Նանդորֆեհերվարի գրոհը սուլթանի ուղեղի փառահեղ էջերին գրի է առնվելհրաշագիր մտքի գրչով: Ըստ օսմանյան գրաֆիտիի նկարագրության, Նանդորֆեհերվարը նման էր երկնքի, զենքերը` աստղերին: Բայց անբարո, կեղտոտ, եւ պիկնիկասեր հունգարներն իրենք հարկադրեցին համբերատար սուլթանին հարձակման դիմել: Որպես պատկերազարդում ծնվեց մի մանրանկար. սուլթանը կտրում է Յանոշ Հունյադիի գլուխը: Մի ձեռակերտ թռուցիկ:

Հունգարական Խորհրդարանի Նանդորֆեհերվարի սրահում մեր նախագահը սեղմում է թուրքի ձեռքը: Երկուսն էլ դեմքերին ժպիտ են խաղացնում, երկուսն էլ ճաղատ են: Պատերին սպանիչ պայքարի որմնանկարներ են: Ըստ իմ թուրք ընկերների, մեր երկու ժողովուրդներն այնպես են եփվել պատմության կաթսայում, որ մենք մի քիչ թուրք, թուրքերը մի քիչ հունգար են դարձել: Երեւի դրանով է պայմանավորված, որ թուրք գերիներն ու ֆրանցիսկյան միաբանները, որ առաջին պլանում են, նույնպես ճաղատ են: Եվ միայն Հունյադիի մազերն են ծածանվում քամուց:

Հունյադիի հեղինակած «Սարքիր ինքդ» հերոս դառնալու ուղեցույց.
1. Ով որ ծնվել է, մեռնելու է:
2. Ոչ ոք հերոս չի ծնվում:
3. Հերոսը ծնվում է, երբ որ մեռնում է:
4. Հերոսը մեռնում է գործը կատարելու ընթացքում:
5. Հերոսի մահվան հետաձգումը ողբերգական բացթողում է, որը հանգեցնում է նրա ձախողմանը:
6. Մարդը կաևմ հերոս է, կաևմ հերոս չէ:
7. Ոչ ոք հավերժ չէ…

Ծնթ.՝ հեղինակի`
[1] Սերբական այբուբենի առաջին տառը A-ն է: Խորվաթական այբուբենի առաջին տառը A-ն է: Բոսնիական այբուբենի առաջին տառը A-ն է: A-ն հավասար չէ A-ի:

[2] «Լուսամուտընձուղտ»: Մանկական հանրագիտարան: «Մորա» հրատարակչություն, Բուդապեշտ, 1971: Կազմողներ՝ Ֆերենց Մերեի եւ Ագնեշ Վ. Բինետ: Հունգարերեն բնագրում վերնագիրը Az utolso ablakzsiraf) բաղկացած է «լուսամուտ» (ablak) եւ «ընձուղտ» (zsiraf) բառերից, որոնք այբբենականորեն հանրագիտարանի առաջին եւ վերջին բառերն են: Այս եւ հետագա ծանոթագրությունները՝ թարգմանչի:

[3] «Ոսկին դեղին գույնի մետաղ է: Արդյունահանվում է լեռների խորքից: Ոսկե ձկնիկը ոսկուց չէ» («Լուսամուտընձուղտ» – 7):

[4] Սլոբոդան Միլոշեւիչը (1941-2006) եղել է Հարավսլավիայի վերջին եւ Սերբիայի առաջին նախագահը՝ երկրի միջազգային մեկուսացման պայմաններում: 2001-ին կանգնել է Զինվորական հանցագործությունների գծով Հաագայի միջազգային դատարանի առաջ: Դատավարությունը տեւել է հինգ տարի, բայց այդպես էլ չի ավարտվել Միլոշեւիչի մահվան պատճառով:

[5] «Լուսամուտընձուղտ» – 5:

[6] Հունգարացի զորավար Յանոշ Հունյադին 1456 Բելգրադի մատույցներում կարողացավ հետ մղել Մահմեդ Երկրորդի զորքը, որ տասնապատիկ ավելի բազմաքանակ էր: Բայց 1521-ին հունգարական թագավորությանը պատկանող Բելգրադն ընկավ, իսկ 1526-ին Մոհաչ գյուղի մոտ թուրքերը ջախջախեցին հունգարական բանակը, որի պատճառով երկրի զգալի մասն անցավ Օսմանյան կայսրությանը

[7] Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում, 1912–1913 թթ., Լեւ Տրոցկին եղել է «Կիեւսկայա միսլ» թերթի եւ մի շարք այլ ռուսական պարբերականների ռազմական թղթակից Բալկաններում:

[8] Բրամ Սթոքերը (1847–1912) անգլիացի գրող է, որին համաշխարհային ճանաչում բերեց «Դրակուլա» վեպը (1897):

[9] Վիենայի հունգարական անվանումը:

[10] Տնտեսական փոխօգնության խորհուրդը (1949-91) միավորում էր սոցիալիստական երկրներին, ի հակադրություն Արեւմտյան համանման կառույցների:

[11] Անդրեաս Բաադերը եւ Ուլրիկա Մայնհոֆը ձախակողմյան «Կարմիր բանակի խմբեր» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներն են, որը 70-ական թվականներին ահուսարսափ էր սփռում Եվրոպայում:

[12] Բրազիլացի հռչակավոր ավտոմրցարշավորդ, զոհվել է Սան-Մարինոյում 1994-ին, «Գրան-պրիի» խաղարկության ընթացքում

[13] Վուկ Դրաշկովիչը (ծնվ. 1946-ին) սերբ գրող է, քաղաքական գործիչ, որը կազմակերպել է Միլոշեւիչի դեմ ամենազանգվածային հանրահավաքները:

[14] Ռադովան Կարաջիչը (ծնվ. 1945 թ.) քաղաքական գործիչ է, բանաստեղծ, հոգեբուժության պրոֆեսոր: 1992-96 թթ. եղել է Սերբական Հանրապետության նախագահը, 2008-ին Հաագայի միջազգային դատարանի առաջ է կանգնել բոսնիական մուսուլմանների ցեղասպանության մեղադրանքով:

[15] Անդրեաս Բաադերը եւ Ուլրիկա Մայնհոֆը ձախակողմյան «Կարմիր բանակի խմբեր» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներնԿենտրոնական Եվրոպայում իրենց հաստատվելը հունգարները մեկ բառով կոչում են honfoglalas – հայրենիքի զբաղեցում:

[16] Բուլղարների հին անվանումը հունգարների կողմից:

[17] Սպիտակ ամրոց, հունգարերեն` ֆեհերվար: Բելգրադը հունգարները կոչել են` Նանդորֆեհերվար, բառացի` բուլղարների սպիտակ ամրոց:
են, որը 70-ական թվականներին ահուսարսափ էր սփռում Եվրոպայում:

Հունգարերենից թարգմանեց՝ Վահրամ Մարտիրոսյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *