Պլինիուս Կրտսեր | Նամակներ

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ Մ.Թ. 79 Թ. ՎԵԶՈՒՎ ԼԵՌԱՆ ՀՐԱԲԽԻ ՄԱՍԻՆ

Ստորև ներկայացնում ենք Պլինիուս Կրտսերի՝ Վեզուվ լեռան հրաբուխը նկարագրող երկու հայտնի նամակի բնագրային թարգմանություն: Մ.թ. 79 թ. այդ աղետալի ժայթքման հետևանքով կործանվել են հռոմեական Պոմպեյ, Հերկուլանեում և Ստաբիե քաղաքները: Ականատես Պլինիուսի այս նամակները համարվում են հիշյալ իրադարձության մասին պատմող ամենաստույգ աղբյուրները և, միաժամանակ, գրական փոքրիկ գոհարներ:

*[Ծանոթագրությունների նշաններն առնված են ուղղանկյուն փակագծերի մեջ:]

ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ
ՆԱՄԱԿ 16

Գայուս Պլինիուսը [1] ողջունում է իր բարեկամ Տակիտուսին [2]:

(1) Խնդրում ես քեզ գրել իմ քեռու[3] վախճանի մասին, որպեսզի կարողանաս առավել ստույգ դա պատմել սերունդներին: Երախտապարտ եմ, քանզի գիտեմ, որ նրան անանց փառք է սպասում, եթե դու նրա մահը հռչակես: (2) Թեպետ քեռիս դարձավ ամենագեղեցիկ երկրին վրա հասած աղետի զոհ՝ քաղաքների ու դրանց բնակչության հետ մեկտեղ, և, կարծես, այդ անմոռանալի իրադարձության շնորհիվ, հավիտյան պիտի հիշվի, և թեպետ ինքն էլ բազում ու մնայուն երկեր է ստեղծել, սակայն քո անմահ գրվածքները շատ կնպաստեն, որ նրա անունը հավերժանա: (3) Հիրավի, երջանիկ եմ համարում նրանց, ովքեր, աստվածների բարեհաճությամբ, կա՛մ գրի առնվելու արժանի գործեր են անում, կա՛մ կարդալու արժանի երկեր գրում, իսկ բոլորից երջանիկ՝ նրանց, ում տրված է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այդ մարդկանց թվում կլինի քեռիս՝ և՛ իր, և՛ քո գրքերի շնորհիվ: Ուստի է՛լ ավելի սիրով եմ գործը ստանձնում՝ անգամ խնդրելով, որ դա ինձ հանձնարարես:

(4) Նա Միսենումում[4] էր, որտեղ անձամբ, իբրև հրամանատար, գլխավորում էր նավատորմը: Օգոստոսի 24-ին, ցերեկվա մոտ ժամը 1-ին [5], մայրս նրան ցույց տվեց, որ արտասովոր չափի ու ձևի մի ամպ է գոյացել: (5) Քեռիս հանգստացել էր արևի տակ, ապա սառը լոգանք ընդունել, պառկած սնվել և զբաղված էր իր գրքերով: Նա պահանջում է իր սանդալներն ու ելնում այնտեղ, որտեղից այդ հրաշքն ամենից լավ կերևա: Ամպը բարձրանում էր մի լեռից — հեռվից նայողներին պարզ չէր, թե որ (ինչպես հայտնի դարձավ հետո, դա Վեզուվն էր): Ամպի տեսքն ու ձևը ոչ մի ուրիշ բանի ավելի նման չէին, քան սոճու[6]: (6) Քանզի ասես շատ երկար բնով ձգվում էր վեր՝ մի տեսակ ճյուղեր տարածելով: Կարծում եմ՝ այն նոր էր դուրս մղվել օդի հոսանքով, որն ապա թուլացել էր, ուստի ամպը, լքված կամ իր ծանրությունից ճնշված, սկսել էր լայնակի ցրվել: Մե՛րթ սպիտակ էր, մե՛րթ կեղտոտ ու բծավոր՝ նայած ինչ էր վեր շպրտել՝ հո՞ղ, թե՞ մոխիր [7]:

(7) Քեռուս, որպես շատ ուսյալ մարդու, սա կարևոր և ի մոտո զննելու արժանի երևույթ թվաց: Նա կարգադրում է լիբուռնական մի նավ[8] պատրաստել և ինձ առաջարկում, եթե կուզեմ, իր հետ գնալ: Պատասխանեցի, թե գերադասում եմ պարապել — այնպես էր պատահել, որ նա ինքն էր ինձ շարադրության նյութ տվել: (8) Երբ տնից դուրս էր գալիս, նամակ ստացավ Տասկիուսի[9] կնոջից՝ Ռեկտինայից, որը վախեցած էր վերահաս վտանգից (քանզի նրա տունը լեռան տակ էր, և այնտեղից հնարավոր էր փախչել միայն նավով). նա խնդրում էր իրեն փրկել սոսկալի արհավիրքից: (9) Քեռիս որոշումը փոխեց, և այն, ինչ սկսել էր գիտնականը, շարունակեց մեծահոգի մարդը: Նա ծով հանեց քառաշար թիակներով նավեր, ինքն էլ նավ բարձրա-ցավ՝ օգնության հասնելու ոչ միայն Ռեկտինային, այլև շատ ուրիշների (քանզի այդ գեղեցիկ ափը բազմաբնակ էր):

(10) Նա շտապում է այնտեղ, որտեղից մյուսները փախչում են, և ուղիղ ընթացք վերցնում՝ ղեկը պահելով ուղիղ դեպի վտանգը: Այնքան աներկյուղ է, որ այդ աղետալի երևույթի՝ իր նկատած ամեն շարժման ու ձևափոխության վերաբերյալ նշումներ է թելադրում և գրել տալիս:

(11) Արդեն նավերի վրա մոխիր էր թափվում, որքան մոտենում էին՝ այնքան ավելի տաք ու խիտ, արդեն՝ նաև չեչաքար ու սև, վառված, կրակից ճաքած քարեր: Արդեն՝ հանկարծակի ծանծաղուտ ու լեռան փլուզում, որ թույլ չէր տալիս մոտենալ ափին: Մի պահ վարանելով՝ արդյո՞ք հետ չդառնա, քեռիս շուտով ասաց նավավարին (որը համոզում էր հետ գնալ). «Բախտն օգնում է խիզախներին[10]. տա՛ր ինձ Պոմպոնիանուսի մոտ»:

(12) Իսկ նա Ստաբիեում էր՝ ծոցի կեսի հեռավորության վրա (քանզի ափն աստիճանաբար թեքված է ու կորացած, ծովն էլ՝ մխրճված ցամաքի մեջ): Թեպետ վտանգն այնտեղ դեռ չէր հասել, բայց ակնառու էր և, սաստկանալով, կարող էր մոտենալ: Պոմպոնիանուսն իրերը բարձել էր նավերին՝ համոզված, որ կփախչի, եթե հակառակ քամին հանդարտվի: Այնժամ քեռիս, որին բերել է նույն քամին՝ իր համար հույժ նպաստավոր, գրկում է վախեցած մարդուն, մխիթարում ու քաջալերում: Եվ որպեսզի իր հանգստությամբ նրա երկյուղը վանի, կարգադրում է իրեն բաղնիք ուղեկցել: Լողանալուց հետո ընկողմանում է ու ճաշում՝ կա՛մ ուրախ, կա՛մ էլ, որ նույնքան տպավորիչ է, ուրախ ձևանալով:

(13) Այդ միջոցին Վեզուվ լեռից շատ տեղերում բոցեր էին տարածվում, և կրակը վեր էր ժայթքում: Գիշերվա խավարում ընդգծվում էր դրանց փայլն ու պայծառությունը: Քեռիս, մարդկանց վախը փարատելու համար, շարունակ ասում էր, թե գյուղացիները, խուճապահար փախչելիս, մոռացել են կրակը մարել, և լքված ու անտեր մնացած տները հրդեհ են ընկել: Հետո հանգիստ առավ՝ հիրավի խոր քուն մտնելով: Եվ քանի որ հաղթանդամ էր, նրա խռմփոցը՝ ծանր ու հնչեղ, լսելի էր դռան մոտով գնացող-եկողներին: (14) Բայց դեպի սենյակ տանող բակն արդեն այնքան էր լցվել մոխրախառն չեչաքարով, որ եթե մեկը երկար մնար ննջարանում, էլ չէր կարողանա դուրս գալ: Նրան վեր կացրին, և նա ելավ-միացավ արթուն մնացած Պոմպոնիանուսին ու մյուսներին: (15) Բոլորով խորհրդակցեցին՝ արդյո՞ք մնան տանը, թե՞ շրջեն դրսում, որովհետև շենքերը հաճախակի և ուժեղ ցնցումներից երերում էին, ասես տեղահան լինում, և թվում էր՝ գնում են այստեղ-այնտեղ ու հետ գալիս: (16) Մյուս կողմից՝ բաց երկնքի տակ նրանք վախենում էին թափվող չեչաքարից՝ թեկուզ թեթև ու ծակոտկեն: Այդուհանդերձ, վտանգները համեմատելով, ընտրեցին վերջինը — քեռիս մեկ փաստարկը գերադասեց մյուսից, իսկ այլք՝ վախը վախից: Նրանք բարձ են դնում իրենց գլխին ու շորերով կապում, որ պաշտպանվեն քարերի տարափից:

(17) Այլուր արդեն ցերեկ էր, իսկ այնտեղ՝ գիշեր՝ բոլոր գիշերներից սև ու մութ, որքան էլ այն ցրում էին բազում ջահերն ու զանազան լույսերը: Նրանք որոշեցին ափ ելնել ու մոտիկից նայել՝ արդյո՞ք արդեն կարելի է ծով դուրս գալ: Բայց ծովը դեռ ամեհի էր և անհյուրընկալ: (18) Այնտեղ, մի դեն գցված առագաստի վրա պառկելով, քեռիս քանիցս պաղ ջուր պահանջեց ու խմեց: Ապա կրակը և կրակի նախանշան ծծմբի հոտը մյուսներին ստիպում են փախչել, իսկ նրան ոտքի են հանում: (19) Երկու ջահել ստրուկի հենվելով՝ նա կանգնեց և իսկույն ընկավ, քանի որ, ինչպես ենթադրում եմ, թանձր ծխից շնչահեղձ էր եղել, և շնչափողը փակվել էր (այն ի բնե տկար էր, նեղ և հաճախ բորբոքվում էր[11]): (20) Երբ կրկին օրը բացվեց (նրա տեսած վերջին օրվանից հետո երրորդը[12]), գտան մարմինը՝ անեղծ ու անվնաս, իր հագած շորով — նա ավելի նման էր քնածի, քան մեռածի:

(21) Այդ միջոցին ես ու մայրս Միսենումում… բայց սա պատմությանը չի վերաբերում, իսկ դու չէիր ուզում իմանալ ուրիշ ոչինչ բացի նրա վախճանից[13]: Ուստի ավարտում եմ: Մեկ լրացում անեմ. պատմեցի այն ամենը, ինչին ինքս եմ ներկա եղել կամ ինչի մասին լսել եմ անմիջապես, երբ դեպքերը հիշատակվում են առավել ճշգրտորեն: Դու կընտրես ամենակարևորը, քանզի մի բան է նամակը, այլ բան՝ պատմությունը, մի բան է ընկերոջ, այլ բան՝ բոլորի համար գրելը: Ո՛ղջ լեր:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] «Գայուս Պլինիուսը» — Պլինիուս Կրտսեր, լրիվ անունը՝ Գայուս Պլինիուս Կեկիլիուս Սեկունդուս/Gaius Plinius Caecilius Secundus (մ.թ. 61/62 – մոտ 113): Հռոմեացի գրող, իրավաբան և պետական գործիչ: Նրա «Նամակներ»-ը (Epistulae) առհասարակ համարվում են Հռոմի պատմության, հատկապես հասարակական (նաև մասնավոր) կյանքի կարևորագույն աղբյուր:

[2] «Տակիտուսին» — Նամակն ուղղված է հռոմեացի մեծ պատմագիր, սենատոր, պետական գործիչ Պուբլիուս/Գայուս Կոռնելիուս Տակիտուսին (Publius/Gaius Cornelius Tacitus, մ.թ. 56 – մոտ 120)՝ կոթողային «Տարեգրություններ»-ի (Annales) ու «Պատմության» (Historiae) (և այլ երկերի) հեղինակին: Նա նյութ էր հավաքում իր «Պատմության» համար, ուստի դիմել է նաև Պլինիուս Կրտսերին: Ցավոք, «Պատմության» մեծ մասը (ներառյալ՝ 79 թ. հրաբուխին վերաբերող հատվածը) չի պահպանվել:

[3] «իմ քեռու» — Խոսքը վերաբերում է հռոմեացի երևելի գրող, գիտնական, պետական գործիչ, նահանգների կառավարիչ, զորավար ու ծովակալ, հանրագիտարանային «Բնական պատմություն» (Naturalis Historia) աշխատության հեղինակ Պլինիուս Ավագին. լրիվ անունը՝ Գայուս Պլինիուս Սեկունդուս/Gaius Plinius Secundus (մ.թ. 23 – 24 օգոստոսի, 79): Սույն նամակը պատմում է հրաբխի ժամանակ նրա ողբերգական մահվան մասին:

[4] «Միսենումում» — Միսենումը (ներկայումս՝ Miseno) հռոմեական մեծ նավահանգիստ էր Նեապոլյան ծովածոցի հյուսիսային ծայրամասում: Այնտեղ էր տեղակայված Հռոմի արևմտյան նավատորմը: Վեզուվը ծովածոցի հարավում է:

[5] «Օգոստոսի 24-ին, ցերեկվա մոտ ժամը 1-ին» — Բնագրում՝ Nonum kal. Septembres hora fere septima («սեպտեմբերի կալենդեից [1-ից] առաջ իններորդ օրը, մոտ յոթներորդ ժամին»): Յոթներորդ ժամը, «լուսաբացից» (առավոտյան մոտ ժամը 6-ից) հաշված, ցերեկվա մոտ ժամը 1-ն է: Սակայն թարգմանիչները սա տարբեր կերպ են ընկալում. կան նաև «կեսօրին», «կեսօրից հետո», «ժամը 2-ի ու 3-ի միջև» ու այլ թարգմանություններ: Ինչ վերաբերում է օգոստոսի 24-ին, ապա 2018 թ. հոկտեմբերին մամուլում լուր հրապարակվեց, թե հնագետները Պոմպեյում մի տան պատի վրա գտել են գրություն, որտեղ նշված է՝ XVI K NOV («նոյեմբերի կալենդեից [1-ից] առաջ տասնվեցերորդ օրը»), այսինքն՝ հոկտեմբերի 17: Սա չէր կարող գրվել հրաբխից հետո (քանզի ողջ քաղաքը թաղված էր գետնի տակ): Թեև գրությունը տարի չունի, բայց, ինչպես պնդում են հնագետները, քանի որ արված է փայտածուխով, հավանաբար՝ տունը նորոգող մի արհեստավորի ձեռքով, ուրեմն հազիվ թե ավելի հին լինի, քան հենց 79 թվականը (փայտածուխը շուտ կջնջվեր): Թերևս Պլինիուսը, նամակը գրելով դեպքերից մոտ քսան տարի անց, օրերը շփոթել է, իսկ ժայթքումը տեղի է ունեցել նրա ասած ամսաթվից մոտ երկու ամիս անց (համենայն դեպս՝ հոկտեմբերի 17-ից հետո, գուցե հենց 24-ին): Այս մասին են վկայում նաև Պոմպեյում հնագետների հայտնաբերած որոշ աշնանային պտուղներ (օրինակ՝ նուռ), որոնք չէին կարող հասունացած լինել օգոստոսին: Պետք է նաև նկատի ունենալ, որ Պլինիուսի նամակների՝ պահպանված ձեռագրերում (որոնցից ամենահինը մ.թ. 5-րդ դարի է) առկա ամսաթիվը տարընթերցումներ ունի, որոնց որոնց տարբեր մեկնաբանությունները ձեռագրագետներին հանգեցրել են տարբեր եզրակացությունների (նշվում են օգոստոս-նոյեմբեր ամիսների միջև տարբեր ամսաթվեր): Հնարավոր է, վերջապես, որ այստեղ գործ ունենք գրչական սխալի կամ հռոմեական օրացույցի հետագա ոչ ճշգրիտ մեկնաբանության հետ:

[6] «քան սոճու» — Խոսքը միջերկրածովյան կամ իտալական սոճու մասին է (Pinus pinea), որը, իր երկար բնով ու գագաթին հովանոցաձև տարածվող ճյուղերով, իրոք նման է հրաբխի:

[7] «Մե՛րթ սպիտակ էր … հո՞ղ, թե՞ մոխիր» — Այս և մյուս մանրամասներն այնքան արժանահավատ են, որ մասնագիտական գրականության մեջ օգտագործվում է հրաբխի որոշակի տեսակի վերաբերող «Պլինյան ժայթքում» եզրույթը:

[8] «լիբուռնական մի նավ» — Թեթև ու արագընթաց նավի տեսակ (Լիբուռնիան, Ադրիատիկ ծովի արևելյան ափին, հռոմեական Դալմատիա նահանգի մաս էր):

[9] «Տասկիուսի» — Սա երևի Պլինիուս Ավագի այն ընկերն է, որ ստորև (11) հիշատակվում է «Պոմպոնիանուս» անունով:

[10] «Բախտն օգնում է խիզախներին» — Fortes fortuna iuvat. սա հայտնի ասացվածք է, որ, տարբերակներով, հանդիպում է մի շարք երկերում: Հմմտ., օրինակ, Վերգիլիուս, «Էնեական», 10.284. Audentis Fortuna iuvat:

[11] «շնչահեղձ էր եղել … բորբոքվում էր» — Ենթադրվում է, որ Պլինիուս Ավագը տառապում էր շնչարգելությամբ:

[12] «նրա տեսած … երրորդը» — Այսինքն՝ օգոստոսի 26-ը:

[13] «Այդ միջոցին … բացի նրա վախճանից» — Դեպքերի հետագա ընթացքը, Տակիտուսի խնդրանքով, Պլինիուս Կրտսերը պատմում է հրաբխին վերաբերող իր երկրորդ նամակում (6.20):

ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ
ՆԱՄԱԿ 20

Գայուս Պլինիուսը ողջունում է իր բարեկամ Տակիտուսին:

(1) Ասում ես՝ քեզ հետաքրքրել է այն նամակը, որ քո պահանջով գրեցի քեռուս մահվան մասին, և ուզում ես իմանալ, թե, մնալով Միսենումում (քանզի սկսել էի այդ մասին խոսել, բայց ընդհատեցի), ի՞նչ՝ ոչ միայն տագնապների, այլև աղետների ենթարկվեցի: «Թեպետ հոգիս սահմռկում է … այդ հուշերից, // Բայց կսկսեմ»[1]:

(2) Երբ քեռիս գնաց, ես մնացած ժամանակն անցկացրի պարապելով (քանի որ դրա համար էի մնացել): Հետո՝ բաղնիք, ճաշ և քուն՝ անհանգիստ ու կարճ: (3) Մինչ այդ քանի օր երկրաշարժ էր եղել՝ պակաս ահավոր, քանզի Կամպանիայում դա սովորական երևույթ էր: Բայց գիշերը ցնցումն այնպես ուժգնացավ, որ թվում էր՝ ամեն բան ոչ թե շարժվում, այլ գլխիվայր շուռ է գալիս: (4) Մայրս խուժեց իմ ննջարան, ես էլ արդեն վեր էի կենում՝ իրեն արթնացնելու, եթե քնած լինի: Նստեցինք տան բակում, որը, չափավոր տարածությամբ, ծովը բաժանում էր շենքերից: (5) Վստահ չեմ՝ դա պետք է արիությո՞ւն կոչել, թե՞ անխոհեմություն (չէ՞ որ տասնութ տարիս դեռ չէր լրացել) — պահանջում եմ Տիտուս Լիվիուսի գիրքը[2] և, ասես խաղաղ ժամանակ, կարդում եմ ու նաև, ինչպես մինչ այդ, քաղվածքներ անում: Ահա՛ քեռուս ընկերը, որ նոր էր նրա մոտ եկել Իսպանիայից. երբ տեսնում է՝ ես ու մայրս նստած ենք, իսկ ես նաև կարդում եմ, նրան հանդիմանում է համբերության, ինձ էլ անհոգության համար: Բայց ես ոչ պակաս եռանդով կենտրոնանում եմ գրքի վրա:

(6) Արդեն օրվա առաջին ժամն է[3], մինչդեռ լույսն աղոտ է ու կարծես հոգնած: Շրջակա շենքերը դեռ ցնցվում են, և թեպետ բաց, սակայն նեղ տեղում ենք. փլուզման մեծ ու իրական վտանգ կա: (7) Վերջապես վճռում ենք դուրս գալ քաղաքից. մեզ հետևում են խելակորույս մարդիկ, որոնք (և դա տագնապի ժամանակ նման է խոհեմության) ուրիշների որոշումը նախընտրում են սեփականից և երկար շարքով ճնշում, քշում են գնացողներիս: (8) Շենքերից հեռանալով՝ կանգ ենք առնում: Այնտեղ զարմանալի ու սոսկալի շատ բաների ենք ականատես լինում: Քանզի սայլերը, որ հրամայել էինք բերել, թեպետ դաշտը շատ հարթ էր, քշվում էին հակառակ կողմեր և, չնայած անիվների տակ դրված քարերին, անշարժ չէին մնում նույն ակոսների մեջ: (9) Բացի այդ, տեսնում էինք, որ ծովն իր մեջ է քաշվել ու գետնի սասանումից ասես հետ մղվել: Ափն անկասկած առաջ էր գնացել և բազում ծովային կենդանիներ թողել չոր ավազին: Մյուս կողմում սև ու ահարկու մի ամպ, հրեղեն շնչի գալարուն ու թրթռուն ցոլքերից պատռվելով, բացվում էր բոցի երկարավուն շերտերով — դրանք նման էին շանթերի, բայց ավելի մեծ էին:

(10) Այնժամ նույն ընկերն Իսպանիայից խոսեց ավելի խիստ ու համառորեն. «Եթե մեկիդ եղբայրն ու մյուսիդ քեռին ողջ է, ուրեմն ուզում է, որ դուք փրկվեք, իսկ եթե մեռած է, ուզում էր, որ ապրեք: Ուստի ինչո՞ւ եք հապաղում և չեք գնում»: Պատասխանեցինք, թե մեր մտքով էլ չի անցնի, քանի դեռ անտեղյակ ենք նրա փրկությունից, հոգալ մերի մասին: (11) Իսկ նա, այլևս չուշացնելով, ճողոպրեց՝ մեծ արագությամբ վտանգից հեռանալով: Քիչ անց այն ամպն իջնում է գետնին ու ծովը ծածկում — պարուրել էր և քողարկել Կապրին, աչքից թաքցրել Միսենումի հրվանդանը: (12) Մայրս այնժամ խնդրում է, հորդորում, հրամայում, որ մի կերպ փախչեմ, քանզի պատանին դա կարող է, իսկ ինքը՝ տարեց ու մարմնով տկար, պատրաստ է մեռնելու՝ եթե միայն չդառնա իմ մահվան պատճառ: Ես հակաճառում եմ, որ միայն իր հետ կփրկվեմ, ապա, ձեռքը բռնելով, ստիպում եմ քայլերն արագացնել: Ենթարկվում է դժկամորեն ու իրեն մեղադրում, թե ուշացնում է ինձ:

(13) Արդեն մոխիր է թափվում՝ դեռևս նոսր: Հետ եմ նայում. մեր մեջքի կողմից թանձր մշուշ էր վրա գալիս, հեղեղի նման գետնին տարածվելով՝ մեզ հետևում: «Մի կո՛ղմ քաշվենք,— ասում եմ,— քանի բան է երևում, որպեսզի, եթե ճանապարհին ընկնենք, հետևից եկող ամբոխը մթան մեջ մեզ ոտնատակ չանի»: (14) Հազիվ էինք նայել մեր շուրջը՝ գիշեր եղավ, ոչ թե ասես անլուսին ու ամպոտ, այլ ասես փակ տարածության մեջ, երբ լույսը մարում է: Կլսեիր կանանց ճիչ, մանուկների լաց, տղամարդկանց գոռոց. ոմանք ձայն տալով փնտրում էին ծնողներին, այլք՝ զավակներին, իսկ մյուսները՝ կողակցին, և հենց ձայնից էլ ճանաչում էին նրանց: (15) Ոմանք ողբում էին իրե՛նց վախճանը, ուրիշները՝ յուրայինների: Կային մարդիկ, որոնք, մահից երկյուղած, մահ էին աղերսում: Շատերը ձեռքերը կարկառել էին աստվածներին, իսկ ավելի շատերը բացատրում էին, թե արդեն ոչ մի տեղ որևէ աստված չկա, և սա աշխարհի վերջին ու հավիտենական գիշերն է: Քիչ չէին նրանք, ովքեր իրական վտանգներն ուռճացնում էին մտացածին և սուտ սարսափներով: Ոմանք հայտարարում էին, թե Միսենումում մի բան փուլ է եկել, մի բան այրվում է. դա ճիշտ չէր, բայց հավատացողներ կային:

(16) Մի փոքր լուսացավ, ինչը մեզ ոչ թե ցերեկ թվաց, այլ մոտեցող կրակի նշան: Հիրավի, կրակը կանգ առավ հեռվում — կրկին խավար, կրկին մոխիր՝ շատ ու ծանր: Մենք, շարունակ ոտքի ելնելով[4], այն թափ էինք տալիս, այլապես կծածկվեինք և անգամ ծանրությունից կճզմվեինք: (17) Կարող էի պարծենալ, որ այդ ահավոր վտանգների մեջ ինձնից հոգոց կամ խղճալի խոսք դուրս չի գալիս, եթե չմտածեի, որ կործանվում եմ բոլորի հետ, և ամեն բան կործանվում է ինձ՝ թշվառիս հետ (իսկ դա մեծ մխիթարանք է մահկանացուի համար):

(18) Վերջապես այդ մշուշը նոսրանալով ցրվեց ու վերածվեց մի տեսակ ծխի ու ամպի: Շուտով իսկական օր բացվեց, անգամ արևը փայլեց, բայց՝ գունատ լույսով, ինչպես լինում է խավարման ժամանակ: Դեռ վախեցած աչքի առաջ ամեն ինչ փոխված էր ու ծածկված մոխրի հաստ շերտով՝ ասես ձյունով:

(19) Միսենում վերադառնալով և մի կերպ մեզ կարգի բերելով՝ տագնապալի գիշեր անցկացրինք՝ հույսի ու վախի երկմտանքի մեջ: Գերակշռում էր վախը, քանզի երկրաշարժը շարունակվում էր, և շատերը՝ ցնորված, սարսափազդու գուշակություններով ծաղրում էին իրենց ու այլոց դժբախտությունը: (20) Չնայած մենք թե՛ ենթարկվել էինք վտանգների և թե՛ նորերն էինք ակնկալում, սակայն միտք չունեինք հեռանալու՝ մինչև քեռուցս լուր չստանայինք:

Այս բաները կկարդաս՝ որպես ամենևին ոչ արժանի պատմությանը, և գրի չես առնի, իսկ եթե, հարկավ, անգամ նամակի արժանի չթվան, քե՛զ մեղադրիր, որ ուզեցիր դրանք իմանալ: Ո՛ղջ լեր:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] «Թեպետ հոգիս … Բայց կսկսեմ» — Սա մեջբերում է Վերգիլիուսի «Էնեական»-ից (2.12–13. Quamquam animus meminisse horret … incipiam):

[2] «Տիտուս Լիվիուսի գիրքը» — Հռոմեացի մեծ պատմագիր Տիտուս Լիվիուսի (Titus Livius. մ.թ.ա. 64/59 – մ.թ. 17) կոթողային «Հռոմի պատմություն»-ը, որ հայտնի է նաև «Քաղաքի հիմնադրումից ի վեր» (Ab Urbe Condita) վերնագրով:

[3] «օրվա առաջին ժամն է» — Այսինքն՝ առավոտյան ժամը 6–7-ը (հմմտ. նախորդ նամակի 5-րդ ծանոթագրությունը):

[4] «ոտքի ելնելով» — Բնագրում՝ adsurgentes. քանի որ Պլինիուսի տարեց մայրը դժվար էր քայլում, հավանաբար նրանք ճանապարհին ժամանակ առ ժամանակ նստում էին ու հանգստանում: Կամ գուցե հասել էին մի համեմատաբար ապահով կետի, ուր ամբողջ խումբը դադար էր առել, որպեսզի վտանգն անցնելուն պես վերադառնա Միսենում:

 Լատիներենից թարգմանությունը և ծանոթագրությունները՝  Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *