Պոլ Վալերի | Սաղմոսներ

ՍԱՂՄՈՍ ԳԱԶԱՆԻ ԱՌՋԵՎ

Որքան նայում եմ քեզ, ԿԵՆԴԱՆԻ՛, այնքան ՄԱՐԴ
Եվ ՈԳԻ եմ դառնում։
Դու միշտ օտարացնում ես քեզ։
Միայն ոգին է հասկանում ոգուն,
Զուր եմ քեզ փնտրում ոգով,
Զուր եմ քեզ հսկում ոգով,
Հրամցնում պարգևները ոգու։
Ծագում, նպատակ, կարգ, տամաբանություն կամ պատճառ։
(Կամ նույնիսկ ինչ-որ դիպված, և այն ամբողջ ժամանակը, որ անհրաժեշտ է)
Օ ԿՅԱՆՔ,
Որքան շատ եմ մտածում, այնքան քիչ ես դու տրվում մտքին,
Եվ խաղում է ամենափոքր արարածը
Լինել, չլինել, վերածնվել
Բոլորովին այլ, քան միտքը․․․
․․․Մեռնել ոչ պակաս, քան ծնվել,
Խուսափել մտքից։
Սերը և մահը ոգու համար չեն․
Կերակուրը նրան զարմացնում է, իսկ երազը՝ ամաչեցնում։
Իմ դեմքն օտար է ինձ,
Եվ ձեռքերիս հայեցումը,
Նրանց ուժերի համակարգը, նրանց հնազանդությունն ու կամայական քանակը
Նրանց մատների։
Որ իմն են և իմը չեն
Մնացեք անպատասխան։
Ոչ ոք չի գուշակի նրանց անդամների քանակը
Ոչ էլ ձևը նրա մարմնի։
Բայց դրանով է, որ ես հասկանում եմ ուրիշ բաներ
Քան ես-ինքս։

 

PSAUME Y

Ձեռքս հանկարծ կիջնի քեզ վրա՝ հապճեպ և հուժկու։
Ես քեզ կբռնեմ քո ծոծրակից՝ ամբողջական և բոլորակ,
Գիտելիքի ու կամքի հիմքում, հոգու և ոգու միջև։
Ես քեզ կպահեմ քո խռովարար գլխի աջակցությամբ,
Քո լույսերի առանցքով,
Ես կստիպեմ քեզ անել այն, ինչ ես եմ ուզում, և դու չես ուզում,
Եվ ինչ ուզում եմ, որ դու ուզենաս,
Ես կդնեմ քեզ ոտքերիս տակ՝ փշրված և գեղեցիկ, և կասեմ, որ սիրում եմ քեզ։
Եվ կճկեմ օձիքից այնքան, մինչ կհասկանաս ինձ, լավ կհասկանաս, ամեն ինչ կհասկանաս,
Զի Տերն եմ ես քո և Ուսուցիչը։
Դու լաց կլինես, կհառաչես,
Դու կփնրտրես թուլության շող իմ հայացքում,
Դու կկարկառես, կգալարես աղաչական քո ձեռքերը, քո գեղեցիկ՝ հույժ աղաչական ձեռքերը, ճերմակ ձեռքերը քո՝ լուսավոր աչքերիդ շղթայված։
Դու կգունատվես, կշառագունես,
Դու կժպտաս, կբռնես քո մերկ ձեռքերում կոշտ ոտքերս,
Դու ինձ կսիրես, դու կսիրես ինձ,
Զի Տերն եմ ես քո և Ուսուցիչը։

 

PSAUME Z

Իմ գոհունակությունն ուրվական է․ երբեք չես հասնի դրան։
Մի՞թե Հավիտենականը չէր, որ արարեց իրեն վիրավորողին։
Մի՞թե նա չկորզեց դա իր կանխատես կամքից։
Մի՞թե նա չկանչեց նրան այգի։
Մի՞թե նա չմարմնացավ, որ ավելի լավ ճանաչի նրան։
Քո հայացքն ու շարժումները՝ հանց օձին հմայող օձ։
Քո վարդերը բուրում են նրա այտերին և երեսկալին։
Նրանք եղել են գիշերվա ծածուկ խորքերում։
Նրանք հառաչել են լռելյայն։
Նրանք կապակցել են ավարտվող օրը ծնված օրվան՝ իրենց վերջույթների հանգույցներով։
Նրանք գիտեն միասնությունն իրենց, նրանք խաչաձևել են իրենց ուժերը, նրանք վաղուց են միմյանց շնչում։
Եվ նրանք երբեք չեն ճանաչի միմյանց։

 

PSAUME S

Սկզբում Անակնկալն էր,
Եվ հետո եկավ Հակադրությունը,
Նրանից հետո հայտնվեց Տատանումը,
Որի հետ՝ Բաշխումը,
Եվ հետո Մաքրությունը,
Որը և Կատարումն է։

 

PSAUME T

Ամենաթերահավատը
Ժամանակն է,
որն Այո է արարում Ոչից
սեր՝ ատելությունից,
և հակառակը․
Եվ եթե գետը չի շրջվում առ ակունքն իր
Եթե խնձորը հետ չի ոստնում
և չի վերամուսնանում ճյուղի հետ,
համբերության պակասից է, որ չես հավատում դրան:

 Թարգմանությունը ֆրանսերենից՝ Թոնդրակի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *