Հայնրիխ Բյոլ | «Փոքր» մարդկանց «պարզությունը» եւ նրանց հնարավոր մեծությունը


Մոեմա Վիզերի մասին. «Եթե թույլ տաք ինձ խոսել… Բոլիվիայի հանքափորերից մեկի կնոջ` Դոմիթիլայի վկայությունը»
Եթե Դոմիթիլայի վկայության մասին գրելիս ես «պարզություն»-ը եւ «փոքր»-ը դնում եմ չակերտների մեջ, ապա ելնում եմ իմ իմացությունից, որ «պարզ» մարդիկ չկան: Ամեն դեպքում ես դեռ չեմ հանդիպել «պարզ» մարդկանց, իսկ «փոքր» ածականը, ինչպես «պարզ» ածականը, որպես դասակարգային հատկանիշ, գործածվում է անզգույշ ենթակայությամբ: Այն ասոցացվում է աղքատության, անկրթության, անիշխանության կամ անզորության հետ. «փոքր», «պարզ» մարդիկ սովորաբար ճնշվածներ են կամ լուռ հպատակներ:
Կա մի ճակատագրական սխալ. հենց «պարզ» մարդկանց մեջ կարելի է հանդիպել իշխանություն ունեցողների, որոնք սովորաբար ավելի խելամիտ ու խոցելի են, քան նրանք, ովքեր բավականաչափ կրթված են եւ վարժ` իրենց հնարամտությամբ, կարող են իրենց լեզուն սայր դարձնել: Ժամանակ առ ժամանակ գրողներն ու արվեստագետներն աչքի են ընկնում ավելի բարձր զգացմունքայնությամբ, քան «սովորական» մարդիկ: Ես դեմ եմ սրան. վաճառողուհու կամ բանկի պաշտոնյայի զգացմունքայնությունը պետք է նույնքան արժեքավոր լինի, որքան այն հեղինակինը, ում առնվազն բախտ է վիճակվել արտահայտելու իր զգացմունքները:
«Դոմիթիլայի վկայությունը» պարզապես գիր չէ, այդ մասին խոսվում է, ու լավ է, որ խոսակցության ոճը պահպանվել է, նույնիսկ բարբառային դարձվածքները չեն ջնջվել: Այսպիսով, ձայնը պահպանվել է, եւ այդ ձայնը պարզ է, խելացի, զգայուն` իր բոլոր նուրբ մանրամասներով հանդերձ. ի սկզբանե էլ նա տնտեսության մեջ բախվել է դժվարությունների, որոնցից հետո էլ շարունակվել է կյանքը` կաթ, եգիպտացորեն, հաց, բնակարան: Անտանելի իրավիճակն ու հանգամանքներն ի հայտ են գալիս քաղաքական համատեքստում եւ ենթարկվում քաղաքական վերլուծության, եւ, միայն Աստծո հայեցողությամբ կարելի է խոսել գիտակցության բարձրացման մասին: Դա հանգեցնում է ակտիվության, հետո` գործողությունների. ստեղծվում են տնային տնտեսուհիների միավորումներ: Քննարկում-խոսակցությունների արդյունքում ծնվում են արհմիություններ: Արժե ուշադիր կարդալ, թե ինչ է զգում Դոմիթիլան ոստիկանների եւ զինվորականների կողմից խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի պատճառով, եւ ինչ է տեղի ունենում, երբ զինվորականները բռնագրավում են նրա ունեցվածքը, ինչպես է լռեցվում աշխատավորների միակ ձայնը, ինչպես են ավերվում նրանց ռադիոկայանները: Իսկ ավելի ուշ, բանտում անհավանական տանջանքներից հետո, նրանց կփորձեն կաշառել, սակայն կմերժվեն: Հիշում են նույնիսկ, որ 1977թ. Լա Պասի կարդինալը եւ արքեպիսկոպոսը ապաստան է տվել տաճարում սովամահ եղող կանանց: Նա պաշտպանել է կանանց, կառավարությունը հանձնել է Բանզերին, եւ այդ կանանց խմբի առաջնորդը Դոմիթիլան էր:
Ավելի քան ապշեցուցիչ է, թե ինչպես է այս «պարզ» կինը ճանաչում միմյանց հետ կապվածությունները, վերլուծում անցյալը, իր ճանաչողությունը վերածում գործողությունների, որոնք անհրաժեշտության դեպքում լինում են իր ընտանիքի հաշվին: Նա կոշտ է, համառ, ոչ միշտ է համաձայնում ամուսնու հետ, որին մեղմացրել է հանքարդյունաբերությունը: Զարմանալի չէ, որ նրան առաջարկում են հանգիստ կյանք մայրաքաղաքում, ինչը, սակայն, նա մերժում է արտոնությունների, կոռուպցիայի եւ կաշառակերության սպանիչ շղթան կոտրելու նպատակով:
Դոմիթիլայի սոցիալական եւ սոցիալ-քաղաքական պատկերացումները շատ ավելին են, քան այն, որ նա ուղղակի ապրում եւ սվորում է հանքափորերի բնակավայրում: Էմանսիպացիային վերաբերող թեմայի շուրջ քննարկման ժամանակ երեւում է նրա խորաթափանցությունը: 1976 թվականին, Մեքսիկայում, կանանց նվիրված միջազգային կոնգրեսից առաջ, նա հայտարարեց, որ այնտեղ քննարկվող թեմաները` լեսբիական սերը, տնային տնտեսուհու հիասթափությունը տնտեսական ապրանքների խանութում, ճաշ պատրաստելու ցանկությունն իրեն եւ իր ընկերներին չեն հետաքրքրում: Նա (սա մեկնաբանություն է, Դոմիթիլան այլ կերպ է արտահայտում), հաճույքով կկանգներ ճաշ պատրաստելու համար նախատեսված կաթսայի մոտ, եթե դրանից զատ մեկ այլ, նոր հետաքրքրություն գտներ: Նա տեսնում էր, թե ինչպես են հանքափոր տղամարդիկ զոհ դառնում աշխատանքային պայմաններին, ինչպես են ոչնչացվում ռադիոկայանները, որոնք նրանց միակ հրապարակային գործունեության եւ հաղորդակցման միջոցն են: Նա գանգատվում է զինվորներից` ինչպես ժողովրդի եւ աշխատավորների որդիներից են բողոքում, ընդունում է, որ եկեղեցու հեռարձակողները, որոնք հիմնադրվել են որպես հակակոմունիզմի քարոզչական կայաններ, հետեւաբար նաեւ` որպես կապիտալիզմի եւ բռնապետության կամա թե ակամա օժանդակ գործիքներ, փոխել են իրենց տոնայնությունն ու հասցեն: Թող այս թեման շարունակեն զարգացնել, եւ թող այս մարդկանցից ինչ-որ մեկը հստակեցնի, թե ինչի վրա է պետք հույսը դնել. ուրիշ էլ ինչի՞ն, եթե ոչ սոցիալիզմին պետք է ապավինել, քանի որ բռնապետության ներսում ազգայնացումը հակված է ընդլայնելու նրա թշվառությունը: Եվ եթե նրանք ընդհանրապես հուսալու ուժ ունեն, պե՞տք է, արդյոք, գրեթե հինգ հարյուր տարվա փորձից հետո ապավինել «քրիստոնեության» արժանահիշատակ վարկածին, որը նրանց դրախտ խոստացավ, սակայն խլեց երկիրը: Դրախտ միշտ խոստացել էին նրանք, որոնք բավարարված էին երկրով ու նրա գանձերով:
Կա՞ր մեկը, որին կզարմացներ, որ շահագործվողները սկսում են չվստահել մետաֆիզիկորեն կեղծված փողերին: Հատկապես ուշագրավ է Հյուսիսային Ամերիկայի (հիմնականում) հեռուստատեսության կործանարար ազդեցության մասին գլուխը, որը երեխաներին ու մեծահասկաներին սնուցում է սպառողական երազանքներով, որոնք երբեք չեն կարող իրականանալ:
«Դոմիթիլայի վկայությունը» լրացնում եւ զբաղեցնում է Լատինական Ամերիկայի իրավիճակը նկարագրող այնպիսի ինտելեկտուալ վերլուծությունների շարքը, ինչպիսին է, օրինակ, Էդուարդո Գալեանոյի «Լատինական Ամերիկայի բաց երակները», նաեւ` այնպիսի գրական բարձրաճաշակ նկարագրությունների շարքը, որոնք բնորոշ են Գաբրիել Գարսիա Մարկեսի, Ալեխո Կարպանտիերի, Մարիո Վարգաս Լյոսայի եւ այլոց գրչին:
Շահագործումը (առանց չակերտների) շարունակվում է նույնիսկ ազգայնացումից հետո եւ ոչ միայն նեոգաղութատիրական տերությունների կողմից: Այն շարունակվում է նաեւ հայտնի շրջանակների եւ ուժերի հետ համաձայնությամբ, որոնք սկսում են առաջադեմ գաղափարներով եւ ավարտում հետադիմությամբ: Եթե նրանք բավականին միամիտ են գտնվում, ապա սոցիալական առաջընթացը շարունակվում է, եւ միայն անհրաժեշտության դեպքում է տապալվում այն:
Այս «պարզ», այս «փոքրիկ» կնոջ ձայնը իրական մեծությունն է ի ցույց դնում, ավելի մեծ վեհություն է արտահայտում, քան ամոթալի «մեծ» բռնապետներինը, որոնք հակասոցիալիստական են, պահում են զենք եւ փող, փող եւ զենք, իրենց կամակատարների համար հատուկ ռազմական պատրաստության դասընթացներ են անցկացնում Պանամայի գոտու ճամբարներում եւ դրանից բավականություն ստանում:
(1978)

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

1. Ուգո Բանզեր Սուարես- բոլիվիացի քաղաքական գործիչ եւ ռազմական սպա, Բոլիվիայի 51-րդ նախագահը: Նա երկու անգամ զբաղեցրել է Բոլիվիայի նախագահի պաշտոնը. 1971-1978թթ.` որպես ռազմական բռնապետ, իսկ 1997-2001թթ.` որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ:
2. Լա Պաս (իսպաներենից բառացի թարգմանած` խաղաղության մեր տիրուհի) –քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո երկրի կառավարության նստավայրն ու մայրաքաղաքը (Բոլիվիա բազմազգ պետության սահմանադրական մայրաքաղաքը Սուկրեն է, որը նաեւ երկրի բարձրագույն դատական իշխանության նստավայրն է):

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *