«Դժվար գործ է, բայց մարդիկ անում են այն, ինչ իրենց սիրտը կամենա․․․»
«Փոքրիկ սև ձուկը», Սամադ Բեհրանգի
«Փոքրիկ սև ձուկը» իրանցի ուսուցիչ և գրող Սամադ Բեհրանգիի մանկական պատմվածքներից մեկն է։ Նա այս պատմվածքը գրել է իրանական արևային օրացույցի 1346 թվականի ձմռանը (1967-1968 թթ.)։ «Երեխաների և պատանիների ինտելեկտուալ զարգացման կենտրոնն» այն հրատարակել է 1347 թվականին (1968-1969 թթ.)՝ Ֆարշիդ Մեսղալիի նկարազարդումներով։
Այս հեքիաթը պատմում է մի փոքրիկ ձկան մասին, որը ծովը տեսնելու և ազատության երազանքով՝ փորձություններով ու վտանգներով լի մի երկար ճամփորդության է մեկնում։
«Փոքրիկ սև ձուկը» 1968 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն մանկական պատմվածք»։ 1969 թվականին այն արժանացել է «Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառի» (“Bologna Children’s Book Fair”) 6-րդ մրցանակին և «Բրատիսլավայի նկարազարդման բիեննալի» (“Bienále ilustrácií Bratislava”) «Լավագույն նկարազարդ մանկական գիրք» պատվոգրին։
«Փոքրիկ սև ձուկը» թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։
ՓՈՔՐԻԿ ՍԵՎ ՁՈՒԿԸ
Յալդայի գիշերն էր [1]: Ծովի խորքում մի ծեր ձուկ իր տասներկու հազար ձագերին ու թոռներին իր շուրջն էր հավաքել և հեքիաթ էր ասում․
«Ժուկով-ժամանակով մի փոքրիկ սև ձուկ կար, որ իր մոր հետ ապրում էր մի փոքրիկ առվակի մեջ: Այդ առվակը դուրս էր գալիս ժայռոտ լեռան ճեղքերից և հոսում էր դեպի ձորը:
Փոքրիկ ձկան և նրա մոր տունը մի մեծ սև քարից անդին էր՝ մամուռով պատված ծածկի տակ: Գիշերները նրանք միասին քնում էին մամուռի տակ: Փոքրիկ ձուկը միշտ երազում էր՝ գոնե մեկ անգամ տեսնել լուսնի լույսը իրենց տան մեջ, սակայն այդ երազանքը երբեք իրականություն չէր դառնում:
Մայրն ու ձուկն ամբողջ օրն իրար հետևից լողում, լողում էին և երբեմն միանում էին մյուս ձկներին՝ արագորեն մեկ տեղում առաջ ու հետ շարժվելով: Այս ձուկը մոր միակ ձագն էր, քանի որ այն տասը հազար ձվից, որ մայրը դրել էր, միայն նա էր ողջ մնացել:
Մի քանի օր էր, որ փոքրիկ ձուկը մտասույզ էր, ու քիչ էր խոսում: Նա դանդաղ էր շարժվում, առանց մեծ հետաքրքրության մեկ այս կողմ էր գնում, մեկ այն կողմ և հաճախ մորից հետ էր մնում: Մայրը կարծում էր, որ ձագը հիվանդ է, ու շուտով կապաքինվի, բայց չէր պատկերացնում, որ փոքրիկ սև ձկան հոգսը բոլորովին այլ էր:
Մի առավոտ, երբ արևը դեռ չէր ծագել, փոքրիկ ձուկը արթնացրեց իր մորն ու ասաց.
— Մայրի՛կ, ուզում եմ քեզ հետ խոսել:
Մայրը, դեռ քնաթաթախ, մրմնջաց.
— Ձա՛գս, հիմա՞ է հարմար պահը: Չե՞ս կարող սպասել։ Ավելի լավ չէ՞՝ հիմա գնանք զբոսանքի:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ո՛չ, մայրիկ, այլևս չեմ կարող գնալ զբոսանքի: Պետք է այստեղից հեռանամ:
Մայրը հարցրեց.
— Ո՞ւր ես գնալու։
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Մայրի՛կ, ես, իրոք, պետք է գնամ:
Մայրը՝ արդեն արթուն, հարցրեց.
— Առավոտ կանուխ ո՞ւր ես պատրաստվում գնալ։
Փոքրիկ սև ձուկը պատասխանեց.
— Ուզում եմ իմանալ՝ որտեղ է ավարտվում այս առվակը: Մայրի՛կ, ամիսներ շարունակ մտածում եմ՝ ուր է տանում այս առվակը, բայց դեռ ոչինչ չեմ հասկացել: Անցած գիշերից չեմ քնել, ամբողջ գիշեր մտածել եմ, և վերջապես որոշել եմ գնալ ու ինքս պարզել՝ ո՞ւր է հասնում առվակը: Ուզում եմ իմանալ՝ այնտեղ՝ աշխարհում ի՞նչ կա:
Մայրը ծիծաղեց ու պատասխանեց.
— Երբ ես փոքր էի, ես էլ էի նման բաներ մտածում: Բայց, սիրելի՛ս, առվակը սկիզբ ու վերջ չունի, այն պարզապես գնում ու գնում է ու ոչ մի տեղ չի տանում:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Բայց, մայրիկ, չէ՞ որ ամեն ինչ վերջ ունի: Գիշերը վերջանում է, օրը վերջանում է, շաբաթը, ամիսը, տարին…
Մայրը կտրեց նրա խոսքը.
— Թո՛ղ այդ մեծ-մեծ խոսքերը: Խոսելու փոխարեն՝ արի գնանք զբոսանքի, հիմա դրա՛ ժամանակն է:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ո՛չ, մայրիկ, ես հոգնել եմ այս նույնանման զբոսանքներից: Ուզում եմ ճամփա ընկնել ու տեսնել՝ ինչ կա աշխարհում: Գուցե դու մտածես՝ ինչ-որ մեկն այս ամենը գլուխս է մտցրել, բայց ո՛չ, ես ինքս վաղուց այս մասին եմ մտածում: Իհարկե, շատ բաներ էլ ուրիշներից եմ սովորել, օրինակ՝ հասկացել եմ, որ շատ ձկներ, երբ ծերանում են, ափսոսում են, որ կյանքն ապարդյուն է անցել: Նրանք անընդհատ բողոքում են ու դժգոհում ամեն ինչից: Ես ուզում եմ իմանալ՝ արդյոք կյանքը նշանակում է ուղղակի այսպես առաջ ու հետ լողալ մինչև խոր ծերություն, թե՞ աշխարհում կարելի է այլ կերպ էլ ապրել…
Երբ փոքրիկ ձուկը ավարտեց իր խոսքը, մայրն ասաց.
— Ձա՛գս, խե՞նթ ես: Աշխարհը… աշխարհը… Ի՞նչ աշխարհ: Աշխարհը հենց այստեղ է, որտեղ մենք ապրում ենք, կյանքն էլ հենց մեր այս ապրածն է։
Այդ պահին մի մեծ ձուկ նրանց տանը մոտեցավ ու հարցրեց.
— Հարևա՛ն, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես վիճում ձագիդ հետ: Այսօր զբոսանքի չե՞ք գնալու:
Մայրը դուրս եկավ տնից և ասաց.
— Ինչպիսի՞ ժամանակներ են եկել: Հիմա երեխաները փորձում են իրենց մայրերին դաս տալ:
Հարևանը հարցրեց.
— Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:
Մայրը պատասխանեց.
— Տեսե՛ք, այս փոքրիկ ձուկը ուզում է գնալ և տեսնել՝ ինչ կա աշխարհում: Ի՜նչ մեծ խոսքեր է ասում:
Հարևանը հարցրեց.
— Փոքրի՛կ ջան, ինչքա՞ն ժամանակ է, որ գիտուն ու փիլիսոփա ես դարձել, իսկ մեզ տեղյակ չես պահել:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Տիկի՛ն, ես չգիտեմ՝ դուք ում եք համարում «գիտուն ու փիլիսոփա»: Ես միայն հոգնել եմ միապաղաղ լողալուց ու կեղծ երջանկությունից։ Մի օր աչքերս կբացեմ ու կտեսնեմ, որ Ձեզ պես ծերացել եմ, բայց դեռ նույն այն կույր ու խուլ ձուկն եմ մնացել։
Հարևանը զարմացած բացականչեց.
—Ի՜նչ անհեթեթություն։
Մայրը պատասխանեց.
— Ես երբեք չէի մտածի, որ իմ միակ ու անգին ձագը այսպիսին կդառնա: Չգիտեմ, թե ով է իմ բալիկի գլուխը նման մտքեր մտցրել։
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ոչ ոք էլ գլուխս ոչինչ չի մտցրել։ Ես իմ խելքն ունեմ ու հասկանում եմ, աչքեր ունեմ ու տեսնում եմ:
Հարևանը փոքրիկ ձկան մորն ասաց.
— Քույրի՛կ, հիշու՞մ ես այն գալարուն խխունջին:
Մայրը պատասխանեց.
— Այո՛, ճիշտ ես ասում, նա շատ էր մտերմացել իմ ձագի հետ: Աստված գիտի՝ ինչ փորձանք բերեց իմ գլխին:
Փոքրիկ ձուկն ընդհատեց.
— Մայրի՛կ, բա՛վ է: Խխունջն իմ ընկերն էր:
Մայրը զարմացած ասաց.
— Ձկան ու խխունջի ընկերությո՞ւն: Առաջին անգամ եմ լսում:
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Ես էլ ձկան ու խխունջի թշնամության մասին երբեք չէի լսել, բայց դուք խեղճին խեղդեցիք:
Հարևանը միջամտեց.
— Դրանք արդեն անցած բաներ են:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Դուք ինքներդ անցյալից խոսք բացեցիք:
Մայրը բարկացած պատասխանեց.
— Նա արժանի էր դրան։ Մոռացե՞լ ես, թե որտեղ նստում, ինչեր էր խոսում:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Այդ դեպքում ի՛նձ էլ սպանեք, որովհետև ես էլ նույն բաներն եմ ասում:
Կարճ ասած՝ փոքրիկ ձկան խոսքերը բոլորին զայրացրին: Շուտով ամբողջ ծովի ձկներն այնտեղ հավաքվեցին:
Մի ծեր ձուկ բարկացած ասաց.
— Կարծում ես՝ քեզ կխղճա՞նք։
Մյուսն ասաց.
— Մի փոքր դաս է պետք տալ։
Փոքրիկ ձկան մայրը զայրացած ասաց.
— Հեռու՛ մնացեք իմ ձագից: Չհամարձակվե՛ք նրան դիպչել:
Մեկ ուրիշը պատասխանեց.
— Տիկի՛ն, երեխայիդ ճիշտ չդաստիարակելը հետևանքներ ունի:
Հարևանն ավելացրեց.
— Ես ամաչում եմ, որ ձեր հարևանն եմ:
Մեկ ուրիշը բացականչեց.
— Նախքան իրավիճակը վատթանա, ուղարկենք նրան այն ծեր խխունջի մոտ:
Փոքրիկ ձուկը փախուստի դիմեց: Երբ մյուս ձկները փորձեցին բռնել նրան, նրա ընկերները շուրջը հավաքվեցին ու օգնեցին նրան փախչել:
Մայրը սկսեց կուրծքը ծեծել ու լաց լինել.
— Իմ ձագը հեռանու՜մ է ինձանից: Ի՞նչ անեմ: Ու՞ր գնամ, ո՞նց դիմանամ․․․
Փոքրիկ ձուկն ասաց.
— Մա՛յր, ինձ համար լաց մի՛ եղիր։ Այս անհույս ու ծեր ձկների համար լաց եղիր։
Մի ձուկ հեռվից բղավեց.
— Չվիրավորե՛ս մեզ, երես առածի մեկը:
Մյուսը զգուշացրեց.
— Եթե գնաս ու հետո զղջաս, մենք քեզ այլևս չենք ընդունի:
Մեկ ուրիշն ասաց.
— Սրանք պատրանքներ են, մի՛ գնա:
Մեկ այլ ձուկ հարցրեց.
— Այստեղ ի՞նչը դուրդ չի գալիս:
Մեկ ուրիշն ասաց.
— Այլ աշխարհ չկա սրանից բացի։ Վերադարձի՛ր:
Մեկ այլ ձուկ ավելացրեց.
— Եթե խելք հավաքես ու վերադառնաս, կիմանանք, որ իսկապես խելացի ձուկ ես:
Մյուսն ասաց․
— Մենք սովոր ենք քեզ այստեղ տեսնել․․․
Վերջապես մայրն աղաչեց.
— Խղճա՛ ինձ, մի՛ գնա… Մի՛ գնա…
Փոքրիկ ձուկն այլևս ոչինչ չասաց: Մի քանի ընկերներ ուղեկցեցին նրան մինչև ջրվեժը, ապա հրաժեշտ տվեցին:
Նրանք վերջին անգամ գրկեցին իրար, և փոքրիկ ձուկը հեռանալով՝ ասաց․
— Բարեկամնե՛րս, ցտեսությու՛ն, մի՛ մոռացեք ինձ:
Նրա ընկերները պատասխանեցին.
— Ինչպե՞ս կարող ենք մոռանալ քեզ: Դու մեզ արթնացրիր խորը քնից ու սովորեցրիր բաներ, որոնց մասին երբեք չէինք էլ մտածել: Մնաս բարո՛վ, մեր խելացի և խիզախ ընկեր:
Փոքրիկ ձուկը նետվեց ջրվեժից ու ընկավ մի մեծ, խորը ավազանի մեջ: Սկզբում վախեցավ, բայց հետո սկսեց լողալ ու հետազոտել տեղանքը:
Նա երբեք այդքան շատ ջուր չէր տեսել մի տեղում հավաքված: Հազարավոր գորտնուկներ լողում էին շուրջը:
Նրանք տեսան փոքրիկ սև ձկանը ու ծաղրեցին նրան․
— Տեսե՛ք այս խղճուկին, ո՞վ ես դու:
Փոքրիկ ձուկը նայեց նրանց ու հանգիստ պատասխանեց.
— Խնդրում եմ, վիրավորանքներ մի՛ ասեք: Իմ անունը Փոքրիկ սև ձուկ է: Իսկ ձե՞ր անունն ինչ է։
Մի գերտնուկ ասաց.
— Մենք իրար գորտնուկ ենք անվանում:
Մյուսն ավելացրեց.
— Մենք ազնվական ծագում ունենք:
Մեկ ուրիշն ասաց.
— Աշխարհում մեզնից գեղեցիկը չկա։
Մեկ ուրիշն ավելացրեց.
— Մենք քո պես տգեղ ու տձև չենք:
Փոքրիկ ձուկը ժպտաց ու ասաց.
— Ես երբեք չէի կարծում, որ դուք այդքան ինքնահավան կլինեք: Լավ, ես ձեզ ներում եմ, քանի որ դուք այսպես եք խոսում անգիտության պատճառով:
Գորտնուկները միաձայն բղավեցին.
— Այսինքն՝ մենք անգե՞տ ենք:
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Եթե անգետ չլինեիք, կհասկանայիք, որ աշխարհում շատ ուրիշ էակներ էլ կան, որոնց իրենց արտաքինը շա՛տ էլ դուր է գալիս: Իսկ դուք նույնիսկ սեփական անուն չունեք:
Գորտնուկները զայրացան, բայց հասկացան, որ Փոքրիկ ձուկը ճիշտ է ասում, ու այդ պատճառով փորձեցին այլ կերպ պատասխանել.
— Դու իզուր ես խոսում: Մենք զօր ու գիշեր շրջում ենք աշխարհում, բայց բացի մեզանից ու մեր ծնողներից, ուրիշ ոչ ոքի չենք տեսնում, միայն փոքրիկ որդերին, որոնք հաշիվ չեն։
Փոքրիկ ձուկն ասաց.
— Եթե դուք չեք կարող այս ավազանից դուրս գալ, ապա ինչպե՞ս եք ասում, որ աշխարհն արդեն տեսել եք:
Գորտնուկները պատասխանեցին.
— Բացի այս ավազանից, այլ աշխարհ չկա:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Առնվազն մտածեք, թե այս ջուրը որտեղից է գալիս, ու ջրից անդին ինչեր կան:
Գորտնուկները ծիծաղեցին.
— Ջրից անդի՞ն: Դա՞ ինչ է: Մենք երբեք չենք տեսել ինչ-որ բան ջրից անդին: Հա՜, հա՜, հա՜… Խենթացե՞լ ես, ընկեր:
Փոքրիկ սև ձուկն էլ սկսեց ծիծաղել: Նա հասկացավ, որ ավելի լավ է՝ այս գորտնուկներին մենակ թողնի ու հեռանա:
Հետո մտածեց, որ պետք է խոսի նրանց մոր հետ, ու հարցրեց.
— Իսկ ձեր մայրը որտե՞ղ է:
Հանկարծ գորտանման մի ձայն ցնցեց Փոքրիկ սև ձկանը։ Գորտը նստած էր լճակի եզրին գտնվող ժայռի վրա։ Նա ցատկեց ջրի մեջ և լողաց դեպի ձուկն ու ասաց.
— Ես այստեղ եմ, հրամմեցե՛ք:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Բարև՛ Ձեզ, տիկին Գորտ:
Գորտը նայեց նրան ու ասաց.
— Հիմա ցուցադրության ժամանա՞կն է, հիմարի՛կ: Ի՞նչ իրավունքով ես իմ ձագերին կործանարար մտքեր սովորեցնում:
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Նույնիսկ եթե դու հարյուր տարի էլ ապրես, կրկին կմնաս նույն տգետ ու անհույս գորտը։
Գորտը զայրացավ և հանկարծ ցատկեց դեպի Փոքրիկ սև ձուկը:
Փոքրիկ ձուկը կայծակի պես փախավ՝ խառնելով ջրի հատակի տիղմը, որդերին և լորձը:
Ճանապարհը լի էր ոլորաններով: Առվակը դարձել էր ավելի լայն ու ջրառատ, բայց եթե վերևից՝ լեռներից նայեիր ներքև՝ ձորի խորքը, այն դեռ մի սպիտակ թելի պես էր երևում:
Մի տեղ՝ լեռան վրայից, խոշոր քար էր պոկվել ու ընկել ձորի խորքը՝ առվակը երկու մասի բաժանելով:
Մի մեծ մողես՝ ափի չափ, փորով կպած էր այդ քարին, վայելում էր արևի ջերմությունը և նայում էր մի հսկա խեցգետնի, որը նստած էր ավազի վրա, այնտեղ, որտեղ ջուրը ծանծաղ էր, ու հենց նոր որսած գորտին էր ուտում։
Փոքրիկ սև ձուկը հանկարծ նկատեց խեցգետնին և վախեցավ: Նա հեռվից բարևեց:
Խեցգետինը խորամանկ հայացքով նայեց ու ասաց.
— Ի՜նչ քաղաքավարի ձուկ է: Արի մո՛տ, փոքրի՛կ, արի՛:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ես շրջում եմ աշխարհով և բոլորովին չեմ ուզում դառնալ քո որսը:
Խեցգետինը ծիծաղեց.
— Ինչո՞ւ ես այդքան կասկածամիտ, ձկնի՛կ:
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Ես ո՛չ կասկածամիտ եմ, ո՛չ էլ վախկոտ: Ես ուղղակի ասում եմ այն, ինչ աչքերս տեսնում են, և այն, ինչ խելքս է ասում:
Խեցգետինը խորամանկ ժպտաց.
— Շատ լավ, ասա՛՝ տեսնեմ, քո աչքերը ի՞նչ են տեսել, ու խելքդ ի՞նչ է ասել, որ մտածում ես՝ ուզում եմ քեզ որսալ:
Փոքրիկ ձուկը պատասխանեց․
— Ինքդ լավ գիտես՝ ինչ եմ ասում:
Խեցգետինը խորամանկորեն ասաց.
— Գորտի մասի՞ն ես խոսում: Ի՜նչ միամիտն ես․․․․ Հա՛, հա՛, հա՛: Ես ատում եմ գորտերին, դրա համար էլ նրանց որսում եմ: Նրանք կարծում են, թե աշխարհում միակն են, և միշտ երջանիկ են: Ես ուզում եմ նրանց ցույց տալ, թե իրականում ու՛մ ձեռքերում է աշխարհը: Ուստի, դու ոչ մի պատճառ չունես վախենալու, փոքրիկ ջան, արի մո՛տ:
Խեցգետինը հետ-հետ գնաց դեպի փոքրիկ ձուկը: Նա այնքան ծիծաղելի էր քայլում, որ փոքրիկ ձուկը չկարողացավ զսպել ծիծաղը:
— Խե՜ղճ, — ասաց փոքրիկ ձուկը, — դու նույնիսկ քայլել չգիտես, ի՞նչպես կարող ես իմանալ՝ ում ձեռքում է աշխարհը:
Փոքրիկ սև ձուկը խեցգետնից հեռացավ:
Հանկարծ մի մեծ ստվեր ընկավ ջրի մեջ…
Մի ուժեղ հարված խեցգետնին ցած գլորեց՝ ուղիղ ավազների մեջ:
Մողեսը այնքան ուժգին ծիծաղեց, որ ինքն էլ գրեթե ջրի մեջ ընկավ:
Խեցգետինը այլևս չկարողացավ դուրս գալ:
Փոքրիկ ձուկը նկատեց մի փոքր հովիվ տղայի, որը կանգնած էր ջրի մոտ ու դիտում էր իրեն ու խեցգետնին:
Մի հոտ այծեր ու ոչխարներ մոտեցան ջրին և սկսեցին խմել:
Նրանց մե՜-մե՜-ն ու բե՜-բե՜-ն լցրել էր ձորը:
Փոքրիկ ձուկը սպասեց, մինչև նրանք ավարտեցին ու հեռացան:
Այնուհետև նա դիմեց մողեսին.
— Հարգելի՛ Մողես, ես Փոքրիկ սև ձուկն եմ: Ես ճամփա եմ ընկել, որ գտնեմ առվակի վերջը: Կարծում եմ՝ դու իմաստուն արարած ես, այդ պատճառով ուզում եմ քեզ մի բան հարցնել:
Մողեսն ասաց.
— Հարցրո՛ւ՝ ինչ ուզում ես:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ճանապարհին ինձ վախեցրել են՝ ասելով, որ պետք է զգուշանամ հավալուսնից, սղոցաձկանից ու ձկնկուլ թռչնից: Եթե դու նրանց մասին ինչ-որ բան գիտես, խնդրում եմ՝ պատմի՛ր:
Մողեսն ասաց.
— Սղոցաձուկն ու ձկնկուլն այստեղ չեն հայտնվում, հատկապես սղոցաձուկը, քանի որ նա ծովում է ապրում: Բայց հավալուսնը այս կողմերում երբեմն լինում է: Պետք է շատ զգույշ լինես և չթողնես, որ նա քեզ իր պարկի մեջ գցի:
Փոքրիկ ձուկը զարմացավ.
— Ի՞նչ պարկ:
Մողեսը բացատրեց.
— Հավալուսնը ունի մի մեծ պարկ իր կոկորդի մոտ, որում ջուր է պահում: Երբ նա ջրի տակ է լողում, ձկները երբեմն մոլորվում ու մտնում են այդ պարկը, և ուղիղ գնում են նրա ստամոքսը: Եթե նա այդ պահին քաղցած չէ, ձկներին պահում է պարկի մեջ, որ հետո ուտի:
Փոքրիկ ձուկը հարցրեց.
— Իսկ եթե ձուկը պատահաբար հայտնվում է պարկի մեջ, կարո՞ղ է այնտեղից դուրս գալ:
Մողեսն ասաց.
— Միայն մի՛ ելք կա. պետք է պատռես պարկը: Ես քեզ մի փոքրիկ դաշույն կտամ, որ եթե երբևէ հայտնվես այնտեղ, կարողանաս դուրս գալ:
Այնուհետև մողեսը մտավ ժայռի ճեղքը, իսկ երբ վերադարձավ, բերեց մի փոքրիկ, բարակ դաշույն:
Փոքրիկ ձուկը վերցրեց դաշույնն ու ասաց.
— Շնորհակալ եմ, հարգելի՛ Մողես: Չգիտեմ՝ ինչպես պետք է երախտապարտ լինեմ քեզ:
Մողեսը ժպտաց ու ասաց.
— Դրա կարիքը չկա, սիրելի՛ս: Ես այսպիսի դաշույններ շատ ունեմ: Երբ ազատ ժամանակ եմ ունենում, կտրում եմ բույսերի փշերը ու դարձնում եմ դաշույն, որ իմաստուն ձկներին տամ, ինչպիսին դու ես:
Փոքրիկ ձուկը զարմացած հարցրեց.
— Այսինքն՝ այլ ձուկ անցե՞լ է այստեղով:
Մողեսն ասաց.
— Շատ ձկներ են անցել այստեղով: Նրանք հիմա միասին մի մեծ խումբ են կազմել ու ձկնորսներին ցանցից զրկել են:
Փոքրիկ ձուկը հետաքրքրված հարցրեց.
— Կներես, որ այսքան հարցեր եմ տալիս, բայց ի՞նչպես են նրանք պայքարում ձկնորսների դեմ:
Մողեսն ասաց.
— Քանի որ նրանք միասին են, երբ ձկնորսը իր ցանցն է նրանց գցում, նրանք միասին մտնում են մեջը, հետո ամբողջ ուժով քաշում են ցանցն ու տանում դեպի ծովի խորքը:
Մողեսը մի պահ ականջը դրեց ժայռի ճեղքին, ապա ասաց.
— Լավ, ես պետք է գնամ, երեխաներս արթնացել են:
Մողեսն անհետացավ ժայռի ճեղքում:
Փոքրիկ ձուկը ստիպված շարունակեց ճանապարհը, բայց նրա միտքը դեռ լի էր հարցերով.
— Ճի՞շտ է, որ առվակը ծով է թափվում: Իսկ եթե հավալուսնից չկարողանա՞մ փախչել: Արդյոք սղոցաձուկն իր տեսակին կսպանի՞ ու կուտի՞… Իսկ ձկնկուլն ի՞նչ ունի մեր դեմ…
Փոքրիկ ձուկը լողում էր ու մտածում:
Ճանապարհի ամեն քայլափոխին նա նոր բաներ էր սովորում:
Այժմ նա հաճույքով ցատկում էր ջրվեժներից, վայելում արևի ջերմությունը իր մեջքին ու ավելի ուժեղանում:
Մի տեղ եղնիկը շտապելով ջուր էր խմում։
Փոքրիկ ձկնիկն ասաց․
— Գեղեցիկ եղնիկ, ինչու՞ ես այսքան շտապում։
Եղնիկն ասաց․
— Որսորդն է ինձ հետապնդում, նա նույնիսկ մեկ անգամ կրակել է՝ տե՛ս։
Փոքրիկ ձուկը չտեսավ եղնիկի վերքը, բայց եղնիկի կաղ վազքից հասկացավ կատարվածը։
Մի տեղ կրիաները ննջում էին արևի ջերմության տակ, իսկ մեկ այլ տեղ կաքավների ծիծաղն արձագանքում էր ձորում։ Լեռան խոտաբույսերի բույրը պտտվում էր օդում և խառնվում ջրի հետ։ Կեսօրին փոքրիկ ձուկը հասավ մի տեղ, որտեղ հովիտը լայնացավ, և ջուրն անցնում էր պուրակի միջով։
Ջուրն այնքան էր լայնացել, որ փոքրիկ ձուկն իսկապես հիացած էր: Հետո նա հանդիպեց բազմաթիվ ձկների: Մորից բաժանվելուց հետո նա ոչ մի ձուկ չէր տեսել։ Մի քանի փոքրիկ ձուկ շրջապատեցին նրան և ասացին.
— Կարծես՝ դու օտար ես, հա՞:
Փոքրիկ սև ձուկն ասաց.
— Այո, ես օտար եմ, ես եկել եմ հեռավոր տեղից:
Փոքրիկ ձուկը հարցրեց.
—Ո՞ւր ես գնում:
Փոքրիկ սև ձուկն ասաց.
—Ես ուզում եմ գտնել առվակի վերջը։
Փոքրիկ ձուկը հարցրեց.
—Ո՞ր առվակի:
Փոքրիկ սև ձուկն ասաց.
—Այս առվակի, որում մենք լողում ենք:
Փոքր ձկներն ասացին.
— Մենք սա գետ ենք անվանում:
Փոքրիկ սև ձուկը ոչինչ չասաց:
Մի ձկնիկ հարցրեց.
— Դու գիտե՞ս, որ ձկնկուլ թռչունը սպասում է ճանապարհիդ:
Փոքրիկ սև ձուկը պատասխանեց.
— Այո՛, գիտեմ:
Մեկ ուրիշը շարունակեց.
— Իսկ գիտե՞ս, որ ձկնկուլ թռչունը մի հսկա պարկ ունի իր կոկորդի մոտ:
Փոքրիկ ձուկը պատասխանեց.
— Դա՛ էլ գիտեմ:
Փոքր ձկները զարմացած հարցրին.
— Եվ այդքան բան իմանալով հանդերձ՝ դեռ ուզում ես գնա՞լ:
Փոքրիկ սև ձուկը հաստատակամ ասաց.
— Այո՛, ամեն գնով պետք է գնա՛մ:
Շուտով բոլոր ձկները սկսեցին խոսել նրա մասին.
«Մի փոքրիկ սև ձուկ եկել է հեռու ճանապարհից, նա ուզում է գտնել գետի վերջը և ընդհանրապես չի վախենում ձկնկուլից»։
Որոշ փոքր ձկներ գայթակղվեցին նրա հետ գնալու, բայց մեծերից վախենալով՝ լուռ մնացին:
Մյուսները մրմնջացին.
— Եթե ձկնկուլ թռչունը չլիներ, մենք էլ քեզ հետ կգայինք: Բայց վախենում ենք նրա պարկից:
Գետի մոտ մի գյուղ կար: Կանայք ու աղջիկները լվացք էին անում գետում, իսկ երեխաները խաղում ու լողում էին ջրում:
Փոքրիկ սև ձուկը մի պահ նայեց նրանց, հետո ճանապարհը շարունակեց: Նա լողաց ու լողաց, մինչև գիշերն ընկավ:
Նա քուն մտավ մի քարի տակ: Գիշերվա կեսին արթնացավ ու տեսավ, որ Լուսինը ջրի մեջ է ընկել՝ լուսավորելով ամեն ինչ:
Փոքրիկ սև ձուկը միշտ սիրել էր Լուսնին:
Նա հաճախ ուզում էր դուրս գալ մամուռներից ու խոսել նրա հետ, բայց մայրը միշտ արթնանում էր ու տանում նրան հետ քնելու։
Այս անգամ նա լողաց դեպի լուսինն ու ասաց.
— Բարև՛, իմ գեղեցի՛կ Լուսին:
Լուսինը ժպտաց ու պատասխանեց.
— Բարև՛, Փոքրիկ սև ձուկ: Դու այստեղ ի՞նչ ես անում:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Ես շրջում եմ աշխարհով:
Լուսինը պատասխանեց.
— Աշխարհը շատ մեծ է, դու չես կարող ամենուր գնալ:
Փոքրիկ սև ձուկն ասաց.
— Հո՛գ չէ։ Կգնամ այնքան հեռու, որքան կարող եմ։
Լուսինը մեղմորեն ասաց.
— Կցանկանայի մնալ քեզ հետ մինչև առավոտ, բայց մի մեծ սև ամպ գալիս է, որ ինձ ծածկի:
Փոքրիկ ձուկն ասաց.
— Իմ սիրելի՛ Լուսին, ես այնքան եմ սիրում քո լույսը, երանի՝ միշտ ինձ վրա փայլեիր:
Լուսինը պատասխանեց.
— Փոքրիկ ձուկ, իրականում ես լույս չունեմ: Արեգակն է ինձ լույս տալիս, իսկ ես դրանով լուսավորում եմ Երկիրը:
Ի դեպ, լսե՞լ ես, որ մարդիկ ուզում են մի քանի տարի հետո ինձ մոտ թռչել:
Փոքրիկ ձուկը զարմացած ասաց.
— Դա անհնար է:
Լուսինը ժպտաց.
— Դժվար գործ է, բայց մարդիկ անում են այն, ինչ իրենց սիրտը կամենա․․․
Լուսինը չհասցրեց ավարտել խոսքը: Սև ամպը եկավ ու ծածկեց նրան, ու գիշերը նորից խավար դարձավ:
Փոքրիկ սև ձուկը մնաց մենակ… Շփոթված՝ նա մի քանի րոպե դիտեց խավարը, ապա քաշվեց քարի տակ ու քնեց:
Վաղ առավոտյան նա արթնացավ ու տեսավ, որ մի քանի ձկնիկ կանգնած են վերևում ու մեկմեկու շշնջում են։
Երբ տեսան, որ նա արթնացավ, բոլորը միասին ասացին.
— Բարի՛ լույս:
Փոքրիկ սև ձուկն անմիջապես ճանաչեց նրանց ու պատասխանեց.
— Բարի՛ լույս: Վերջապես որոշեցիք իմ հետևի՞ց գալ։
Մի ձկնիկ ասաց.
— Այո՛, բայց դեռ վախենում ենք:
Մեկ ուրիշը ավելացրեց.
— Ձկնկուլի մասին միտքը մեզ հանգիստ չի թողնում:
Փոքրիկ սև ձուկը ծիծաղեց.
— Դուք չափից շատ եք մտածում: Ճամփա ընկնելուն պես՝ վախը կանցնի:
Բայց հենց ուզում էին շարժվել, հանկարծ ջուրը նրանց շուրջը բարձրացավ, ծածկեց նրանց, ամեն ինչ մթնեց՝ փախչելու ճանապարհ չթողնելով։
Փոքրիկ սև ձուկն անմիջապես հասկացավ.
— Ընկերնե՛ր, մենք ձկնկուլ թռչնի պարկի մեջ թակարդ ենք ընկել, սակայն փախուստի ճանապարհ կա՛:
Փոքր ձկնիկները սկսեցին լաց լինել:
Մեկն ասաց.
— Մենք փախուստի ճանապարհ չունենք, ամեն ինչ քո մեղքն է: Դու մեզ խաբեցիր ու այստեղ բերեցիր:
Մյուսն ասաց.
— Հիմա կուլ կտա մեզ, մեր վերջը եկե՛լ է։
Հանկարծ մի սարսափելի ձայն արձագանքեց ջրում։
Ձկնկուլ թռչունը ծիծաղում էր։
—Ինչպիսի փոքրիկ ձկներ եմ բռնել․․․ Հա՜-հա՜-հա՜… Իսկապես ցավում եմ ձեզ համար: Չեմ էլ ցանկանում ձեզ միանգամից կուլ տալ․․․ Հա՜-հա՜-հա՜…
Փոքր ձկնիկները սկսեցին աղաչել.
— Խնդրում ենք, Ձերդ մեծություն, պարոն Ձկնկուլ, մենք միշտ հիացել ենք ձեզանով… Խղճացե՛ք մեզ, բացե՛ք ձեր կտուցը մի փոքր, թողե՛ք՝ մենք դուրս գանք, և մենք ձեզ միշտ երախտապարտ կմնանք:
Ձկնկուլն ասաց.
— Բոլորիդ միասն չեմ ցանկանում ուտել․․․ Ապա նայեք ներքև՛:
Պարկի հատակում մի քանի մեծ ու փոքր ձուկ կար կուտակված:
Փոքր ձկները կրկին աղաչեցին.
— Մենք ոչինչ չենք արել, մեր մեղքը չէ: Սա Փոքրիկ սև ձկան մեղքն է…
Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Վախկոտնե՛ր: Դուք կարծու՞մ եք՝ այս խորամանկ թռչունը ձեզ կխղճա, որ աղաչում եք այսպես։
Փոքր ձկները բղավեցին.
— Դու ոչինչ չես հասկանում: Շուտով կտեսնես՝ մեծարգո պարոն Ձկնկուլը մեզ կների ու փոխարենը՝ քե՛զ կուլ կտա:
Ձկնկուլը գլխով արեց.
— Այո՛, ես ձեզ կներեմ, բայց մեկ պայմանով:
Փոքր ձկները հուսահատ հարցրին.
— Ինչպե՞ս․․․ Ինչպե՞ս կարող ենք մեր ազատությունը ստանալ:
Ձկնկուլը ժպտաց.
— Խեղդե՛ք այս անպիտան ձկանը, ու ես ձեզ բաց կթողնեմ:
Փոքրիկ սև ձուկը հետ քաշվեց ու շշնջաց.
— Մի՛ համաձայնեք: Սա թակարդ է: Այս խորամանկ ձկնկուլը ցանկանում է մեզ իրար դեմ հանել։ Ես գաղափար ունեմ․․․
Բայց փոքր ձկներն այնքան վախեցած էին, որ ոչինչ չէին լսում: Նրանք հարձակվեցին Փոքրիկ սև ձկան վրա:
Նա նահանջեց դեպի պարկի խորքն ու ասաց.
— Վախկոտնե՛ր, դուք մեկ է՝ թակարդում եք, և փախուստի ճանապարհ չունեք։ Ինձ չեք կարող հաղթել։
Փոքր ձկները բղավեցին.
— Մենք պետք է քեզ խեղդե՛նք, մենք ազատությու՛ն ենք ուզում:
Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Դուք խենթացել եք: Նույնիսկ եթե ինձ խեղդեք, դուք չեք կարողանա փախչել։ Մի՛ լսեք ձկնկուլին:
Փոքր ձկներն ասացին․
— Այդպես ես խոսում՝ միայն քե՛զ փրկելու համար։ Հակառակ դեպքում, մեր մասին չէ՛իր մտածի։
Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Դե ուրեմն լսեք, ես ցույց կտամ ճանապարհը։ Այս անկենդան ձկների մեջ, ես էլ անկենդան կձևանամ։ Այդժամ, կտեսնենք՝ արդյոք ձկնկուլը ձեզ ազատ կթողնի, թե՞ ոչ։ Իսկ եթե չլսեք ինձ, ես այս դաշույնով բոլորիդ կսպանեմ կամ պարկը կպատռեմ, մինչ դուք․․․
Ձկներից մեկը հանկարծ ընդհատեց նրան ու բղավեց.
— Բա՜վ է արդեն, ես այլևս չեմ կարող այս ամենը լսել… Օհո՜… օհո՜…
Երբ Փոքրիկ սև ձուկը տեսավ, որ մի ձկնիկ լաց է լինում, նա ծիծաղեց ու ասաց.
— Այս խեղճ լացկանին ինչո՞ւ եք ձեզ հետ բերել:
Նա իր փոքրիկ դաշույնը հանեց ու ցույց տվեց մյուս ձկներին: Նրանք ստիպված համաձայնեցին նրա առաջարկին:
Նրանք ձևացրին, որ կռվում են, իսկ Փոքրիկ սև ձուկը ձևացրեց, թե անկենդան է։ Փոքր ձկները վեր բարձրացան ու ասացին.
— Ձերդ մեծություն, պարոն Ձկնկուլ, մենք սպանեցինք այդ անպիտան սև ձկանը…
Ձկնկուլը ծիծաղեց ու պատասխանեց.
— Լա՛վ արեցիք։ Հիմա որպես մրցանակ՝ բոլորիդ կուլ կտամ, որ իմ ստամոքսում մի լավ զբոսնեք:
Փոքր ձկները չհասցրին պատասխանել։ Մի ակնթարթում նրանք սահեցին նրա կոկորդով ներքև ու անհետացան։ Ամեն բան ավարտվեց։
Բայց Փոքրիկ սև ձուկն անմկջապես իր դաշույնը հանեց ու մի կտրուկ հարվածով պատռեց պարկի պատն ու փախավ:
Ձկնկուլը ցավից բարձր ճչաց, գլուխը ջրին խփեց, բայց չկարողացավ որսալ նրան:
Փոքրիկ սև ձուկը լողաց ու լողաց մինչև կեսօր: Այժմ սարերը, ձորերը մնացել էին հետևում, և գետը հոսում էր բաց դաշտերով: Որոշ տեղերում այլ գետակներ միացել էին նրան, ու ջուրը գնալով առատացել էր: Փոքրիկ սև ձուկը ուրախ էր այդ առատ ջրի մեջ լողալ: Հանկարծ նա հասկացավ, որ ջուրն անհատակ է… Նա մի կողմ գնաց, մյուս կողմ, բայց ոչինչ չգտավ: Այնքան ջուր կար, որ Փոքրիկ սև ձուկը կարծես կորավ։ Նա լողում էր շատ հեռու, բայց ոչնչի չէր բախվում։
Հանկարծ նա նկատեց, թե ինչպես մի մեծ, երկար արարած կայծակի պես իր վրա է նետվում: Նրա բերանի առջև երկծայր սուր կար: Փոքրիկ սև ձուկը անմիջապես մի կողմ նետվեց ու խույս տվեց հարձակումից: Նա վեր բարձրացավ ու ջրի մակերես դուրս եկավ։ Մի փոքր հանգստանալուց հետո նորից սուզվեց՝ ծովի հատակը տեսնելու: Ճանապարհին նա հանդիպեց ձկների մի հսկայական վտառի՝ հազարավոր ձկների։
Նա մոտեցավ ու հարցրեց.
— Բարև՛ ընկեր, ես օտարական եմ, հեռվից եմ եկել: Ի՞նչ վայր է սա:
Մի ձուկ շրջվեց մյուսներին ու ասաց.
— Տեսե՛ք, ևս մեկը…
Նա շրջվեց դեպի Փոքրիկ սև ձուկն ու ասաց.
— Բարի գալուստ ծո՛վ:
Մեկ ուրիշ ձուկ բացատրեց.
— Բոլոր գետերն ու առուները այստեղ են հասնում, թեև որոշները ճահիճներում են ավարտվում:
Մեկ ուրիշն ավելացրեց.
— Երբ ուզենաս, կարող ես միանալ մեզ:
Փոքրիկ սև ձուկը երջանիկ էր, որ վերջապես հասել էր ծով:
Նա ասաց.
— Նախ ցանկանում եմ շրջել, ուսումնասիրել ծովը, հետո կմիանամ ձեզ: Ես կուզենայի, որ հաջորդ անգամ, երբ ձկնորսի ցանցը պատռեք, ե՛ս էլ ձեզ հետ լինեմ:
Մի ձուկ ժպտաց ու ասաց.
— Շուտով քո ցանկությունը կիրականանա: Հիմա գնա պարեկություն անելու, բայց զգուշացի՛ր ջրի մակերեսից, հավալուսնը չի խնայում ոչ ոքի: Ամեն օր եթե չորս-հինգ ձուկ չուտի, մեզ հանգիստ չի թողնի։
Փոքրիկ սև ձուկը հեռացավ ու շարունակեց լողալ: Կարճ ժամանակ անց նա բարձրացավ ջրի մակերես:
Արևը վառ շողում էր, ու Փոքրիկ սև ձուկը վայելում էր արևի կիզիչ ջերմությունը: Նա ուրախ լողում էր ու մտածում․ «Մահը հիմա կարող է հեշտությամբ հետևիցս գալ, բայց քանի դեռ կարող եմ ապրել, մահ չպիտի փնտրեմ: Իսկ եթե մի օր դեմ առ դեմ հանդիպեմ մահին, արդեն կարևո՛ր չի լինի։ Ամենակարևորն այն է, թե ինչպես եմ ապրում իմ կյանքն ու ինչ օգուտ կտամ մյուսներին․․․»
Նա չկարողացավ ավելի երկար մտածել: Հանկարծ հավալուսնը եկավ ու բռնեց նրան: Փոքրիկ սև ձուկը կախված էր նրա երկար երախից ու չէր կարողանում խույս տալ։ Թռչունն այնքան ամուր էր բռնել նրա իրանից, որ Փոքրիկ սև ձուկը քիչ էր մնում՝ շունչը փչեր։ Ի վերջո, որքա՞ն կարող է փոքրիկ ձուկը գոյատևել ջրից դուրս:
Նա մտածեց, որ ավելի լավ է՝ իրեն հիմա կուլ տա, գոնե նրա ստամոքսում ջուրն ու խոնավությունը մի քանի րոպե իրեն կենդանի կպահեն․․․ Ու նա ասաց հավալուսնին.
— Ինչո՞ւ ինձ կենդանի չես ուտում: Ես այն ձկներից եմ, որոնք մահանալուց հետո դառնում են թունավոր:
Թռչունը ոչինչ չասաց, լոկ մտածեց․ «Ա՛յ դու խորամանկ․․․ Այս ի՞նչ ես փորձում անել․․․ Փորձում ես ինձ խոսեցնել, որ խու՞յս տաս․․․»
Իսկ այս ընթացքում ցամաքն ավելի ու ավելի էր մոտենում:
Փոքրիկ սև ձուկը մտածեց․ «Եթե հասնենք ցամաք, ամեն բան կվերջանա»։ Այդ պատճառով ասաց.
— Դու ինձ քո ձագերի համար ես տանում, բայց մինչև այնտեղ հասնենք, ես կմեռնեմ ու կդառնամ թույնով լի մի պարկ: Ինչո՞ւ չես խղճում քո ձագերին:
Թռչունը մի պահ մտածեց. «Լավ, ես կուտեմ քեզ ինքս ու ուրիշ ձուկ կբերեմ ձագերիս համար… Բայց, մի՞թե սա խորամանկություն չէ…»
Հավալուսնը մտասույզ էր, երբ նկատեց, որ ձուկն անշարժ է դարձել։ Նա կասկածեց. «Արդյոք նա արդեն մեռե՞լ է… Եթե մեռած է, էլ ինչպե՞ս ուտեմ նրան… Իզուր այս փափուկ ձկանը կորցրի…»
Ու նա կանչեց.
— Հե՜յ, ձկնիկ, դեռ կենդանի՞ ես, որ ուտեմ քեզ:
Բայց նա չկարողացավ ավարտել միտքը։ Հենց կտուցը բաց արեց, Փոքրիկ սև ձուկը ցատկեց ներքև ու փախավ:
Թռչունը հասկացավ, որ խաբվել է ու անմիջապես հետապնդեց ձկանը։ Փոքրիկ ձուկը կայծակի պես սավառնում էր օդի միջով։ Ծովի ջրին կարոտ՝ իր չոր բերանը տվեց ծովի խոնավ զեփյուռին։ Բայց հենց նա ջրի մեջ ընկավ, թռչունը ևս մեկ անգամ նետվեց ու կուլ տվեց նրան:
Միայն զգում էր, որ ամենուր խոնավ ու խավար էր, և ելք չկար, երբ լացի ձայն լսեց։
Երբ աչքերը սովորեցին խավարին, Փոքրիկ սև ձուկը տեսավ մի ձկնիկի, որը կծկվել էր անկյունում, և մորն էր կանչում։
Փոքրիկ սև ձուկն ասաց.
— Փոքրի՛կ, վե՛ր կաց և մտածիր՝ ինչ կարող ենք անել։ Ի՞նչ իմաստ կա լացելու և մորդ կանչելու։
Ձկնիկն ասաց․
— Դու․․․ Դու ո՞վ ես․․․ Չե՞ս տեսնում, որ ես․․․ Ես մեռնում եմ․․․ Օհու՜, օհու՜․․․ մայրիկ․․․ Ես․․․ Ես այլևս չեմ կարող քեզ հետ գալ ձկնորսի ցանցը ծովի հատակին հասցնելու․․․ Օհու՜․․․ Օհու՜․․․
Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Դե բա՛վ է արդեն։ Դու ձկների անվան հե՛տ ես խաղում։
Երբ փոքրիկ ձկնիկը դադարեց լաց լինել, Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Ես սպանելու եմ հավալուսնին և ազատելու եմ ձկներին, բայց նախ ինձ պետք է քե՛զ ազատել, որ դու ինձ չխանգարես։
Ձկնիկն ասաց․
— Դու ի՛նքդ կմեռնես, ինչպե՞ս ես սպանելու հավալուսնին։
Փոքրիկ սև ձուկը ցույց տվեց իր փոքրիկ դաշույնն ու ասաց.
— Այսպես կպատռեմ նրա ստամոքսը: Հիմա լսիր, թե ի՛նչ եմ ասում։ Ես կսկսեմ այսպես շուռումուռ գալ, նրան խուտուտ տալ: Հենց նա բացի բերանը ու սկսի ծիծաղել, դու դուրս կթռչես։
Ձկնիկը հարցրեց․
— Իսկ դու՞։
Փոքրիկ սև ձուկն ասաց․
— Անհո՛գ եղիր։ Ես դուրս չեմ գա, մինչ այս չար արարածին չսպանեմ։
Սև ձուկը դադարեց խոսել և սկսեց շուռումուռ գալ ու խուտուտ տալ հավալուսնի ստամոքսը։ Ձկնիկը պատրաստ կանգնեց թռչնի ստամոքսի մոտ։
Եվ հենց հավալուսնը բերանը բացեց ու սկսեց ծիծաղել, ձկնիկը դուրս թռավ և փախավ՝ ընկնելով ջրի մեջ։ Եվ որքան էլ նա սպասեց, Փոքրիկ սև ձկանից ոչ մի նշան չկար։
Հանկարծ նա տեսավ, որ հավալուսինը գոռում-գոչում է ցավից, և այդպես ջուրն է ընկնում, թափահարում ինքն իրեն, բայց ի վերջո անշարժանում։ Սակայն Փոքրիկ սև ձկնից լուր չկար, և առ այսօր էլ լուր չկա․․․»
Ծեր ձուկն ավարտեց իր պատմությունը․
— Դե՛, երեխանե՛ր, ժամանակն է քնելու…
Երեխաներն ու թոռնիկներն ասացին․
— Տատի՛կ, դու մեզ չասացիր՝ ինչ եղավ Փոքրիկ սև ձկան հետ։
Ծեր ձուկն ասաց․
— Վաղը գիշերը կպատմեմ։ Հիմա ժամն է քնելու։ Բարի գիշեր։
Տասնմեկ հազար ինը հարյուր ինսունինը փոքրիկ ձուկ ասաց «բարի գիշեր» և գնաց քնելու։ Տատիկն էլ գնաց քնելու, բայց մի կարմիր ձկնիկ, որքան էլ փորձեց, չկարողացավ քնել։ Ողջ գիշեր նա մտածեց ծովի մասին․․․
[1] Պարս.՝ یلدا شب կամ شب چله, հնագույն իրանական տոն, նշվում է դեկտեմբերի 21-ին, որը տարվա ամենաերկար գիշերն է կամ ձմեռային արևադարձը։ Այս տոնը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։