Պուբլիուս Օվիդիուս Նասոն | «Նամակներ Պոնտոսից», 5-րդ նամակ

մ.թ.ա. 43 – մ.թ. 18

Գրածս, Մաքսիմուս, այն է, ինչ ինքդ էլ տեսնում ես ահա՛,
Ձեռքերիս ստիպում եմ գրել՝ ուղեղիս ուղղորդմամբ միայն:
Բայց ինչո՞ւ զուր տեղը մսխեմ ուժերն իմ սպառված իսպառ –
Երբ Մուսան, կանչես-չկանչես, փախչում է գեթերից հիմար:
Տողերն այս, ինքդ էլ ես տեսնում, դժվար են տրվում ինձ հիմա,
Հարթություն այնքան կա այնտեղ, որքան որ բախտն է իմ անհարթ,
Էլ բա՛վ է թվարկեմ մեկ-մեկ – ինքս էլ եմ ամաչում արդեն,
Անձնական դատաստանն անգամ ստիպում է շատ բաներ ջնջել:
Բայց ոչինչ չեմ կարող ուղղել, գրելը շատ ծանր է դարձել,
Ուժերս այլևս այն չեն, որ զորեմ դա հաղթահարել:

 

«ՀԵԾԵԾԱՆՔՆԵՐ» III. 3

Աստ հանգչի՝ քարի տակ պառկած, սիրային հրճվանքի երգիչ
Պուբլիուս Նասոնը՝ պոետ, տուժած իր շնորհի ձեռքից:
Ով, անցորդ, դու էլ ես սիրել, երկու խոսք մրմնջա ու անցիր.
Նասոնի շիրիմի վրա հողը թող միշտ թեթև լինի:
Ոչ մի բառ հավելել պետք չէ – հուշարձան կանգնեցրի ես ինձ –
Գրքերը, դամբանից երկար հավերժին կհանձնեն երգչիս:
Ինձ վնաս բերեցին նրանք, բայց հաստատ ես գիտեմ նաև
Անունն իմ հռչակեն պիտի՝ ստեղծողին կյանք տալով հավերժ:
Դե իսկ դու, ամուսին որպես, բեռնված նվերով թաղման
Ծաղիկներ կբերես շիրմիս, արցունքի կաթիլքով թրջված, –
Ու թեև մարմինն իմ անցվոր կրակի մոխիր է դարձել,
Բարեպաշտ սգակիր ծեսով կընդունվի աճյունիս փոշին:
Կուզեի շարունակ գրել, հոգնաբեկ իմ ձայնը, սակայն,
Ու նաև չորացած լեզուս չեն թողնում թելադրել բնավ:
Վերջացրի: Ցանկանում եմ քեզ –առհավետ հրաժեշտ տալով –
Ողջություն, ինչից զուրկ եմ ես: Եվ հետո՝ ներիր ու խնդա…

Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *