Գյունթեր Գրաս | Արջնագռավ կամ ագռավ

Գովաբանություն Համբուրգում Պետեր Ռյումկորֆին` Ազատ ակադեմիայի կրծքանշանով պարգեւատրվելու առթիվ

Դեռեւս 1960-ականներին, երբ այս պրոֆիլի հետեւում դրված էին մի քանի վրձինով եւ փայտածուխով նկարներ, հարց ծագեց, թե որ թռչունը կհայտնվի թղթի վրա: Որպես կենդանիների խորհրդանիշերի սիրահար` ես պետք է ընտրություն կատարեի երկու սեւ փետրավորների (…) միջեւ, բայց ես ջնջեցի «կամ» բառը եւ մինչ օրս վստահ եմ, որ զինանշանի ագռավը եւ ագռավը միմյանց աչքերին նայելիս չեն նախանձում: Անկախ այն բանից` հանգավորվա՞ծ են, թե՞ ազատ բանաստեղծություն, նրանք երկուսն են: Մեղեդու հնչյուններն ուղեկցում էին նրա ռացիոնալ պարզ էսսեին եւ քնարական երգեցողությանը: Եթե արջնագռավը, որպես «ինքն իրեն հեգնող հիպոքոնդրիկ», մեզ երազային տրամադրություն է պարգեւել, ապա արթնացած ագռավն անմիջապես հարվածում է մեզ: Իմաստուն, սպասողական դիրքից սկսվում է վիճաբանության գրոհը: Ինչպիսի~ ամոքիչ կարգապահություն է պահանջվում: Ես արջնագռավի հետ միասին ցանկանում եմ բարձրաձայն գովել ագռավին:
Գովաբանություն Պետեր Ռյումկորֆին: Փառաբանություն ընկերոջը, որն իրեն հանդուգն է պահում բարձր լարերի վրա եւ չի խուսափում որեւէ հնարքից, բայց բավականին ամաչկոտ է, երբ գետնին է հայտնվում եւ հաճախ հեռավորություն է փնտրում: Միշտ չէ, որ գրողները գովաբանում են գրողներին, արվեստագետները` արվեստագետներին: Եսակենտրոնությունը կամ ողջ հասակով մեկ հայելու առջեւ մարզվելը արտահայտված է հատկապես մասնագիտական այս ոլորտներում, բայց ոչ այնքան մեր արջնագռավի դեպքում, որը, որպես ագռավ, իրեն սիրում է տեսնել բազմապատկված:
Խնդրում եմ, մարդիկ, կարդացե՚ք հազարավոր տպագիր էջերով հրատարակված «Տասներեք գերմանացի պոետներ» հատորը, որը ներկայացնում է Առնո Շմիդտին` նորագույն պատմողական արվեստի անտանելի, բայց անսպառ ստեղծագործող մեծ բվին: Կարդացեք եւ համոզվեք, թե ինչպիսի խելացի դիտարկումների մեջ կարող են զտվել կրկնվող ջանքերը, երբ խոսքը վերաբերում է ամենավաղ թշնամությունների հաղթահարմանը եւ վերջապես, չնայած զայրացնող լեյտմոտիվներին, կարդացեք «Կախարդական լեռը», որպեսզի գտնեք «նորովի արժեւորած գնահատանքը». կտեսնեք նաեւ, թե, չնայած «թեթեւակի բարձրացված տոնին» ինչպիսի վեհ դրվատանքով են խոսում մտերիմները Հանս Քրիստիան Անդերսենի «Մի երջանկություն» պատմվածքի նախաբանի մասին, եւ դա` մի երկրում, որտեղ սովորություն է դարձել Թոմաս Մանի դեմ քիթը տնկելը, նրա մասին անվայելուչ հեգնանքով արտահայտվելը: Խնդրում եմ նաեւ, որոշակի հեռավորությունից հետահայաց կարդալ հիսունականների «Բեննի հարբեցողությունը», քանի որ մեծ շամանը դեռ հմայում եւ միաժամանակ ցավում է դեպի քաղքենիական կյանքի տիղմը անհատի փախուստի համար, որտեղ իմացության քննությունն ուշանում է միայն գորշ զանգվածի պատճառով:
Ստվերներ, որոնք ընկան մեր սերնդի վրա: Այստեղ գովաբանում են մեկին, որն իր ժառանգությունը չի պահում մասնավոր մութ սենյակում, այլ ավելի շուտ իր գրպանից հարգանքի տուրք է մատուցում իր (եւ մեր) երիտասարդ տարիների հակաարքաներին, այնտեղ` Բերթոլթ Բրեխթին, այստեղ` Գոթֆրիդ Բենին: Նա դիտում է շուրջը, եւ, այնուամենայնիվ, ստիպված չէ հայացքը հեռացնել իրենից: Հայնեն իր սեփականությունն է: Նա հավատարիմ մնաց ողջ հանցախմբին` լինի դա վաղ Ֆլեմինգը, թե հանգուցյալ Գյունթերը: Բայց նույնիսկ մեր սերունդը, լինի դա Էնցենսբերգերի հակապատկերը, թե այսօրվա փառաբանողը, զերծ չի մնում նրա քննադատական գնահատականից:
Նա ազատ շարժվում է իր ընկերների միջով, առանց կլաուստրոֆոբիայի: Նա այդ ամենը գրավոր հանձնում է նրանց: Նրբագեղ փետուրը հանկարծ դիպչում է մի պատահական ակնառու նոտայի, որը խորությամբ ուսանելի է, հետո շրջադարձ է կատարում դեպի էլեգիական «ահ»-ը, հետո ջանադրաբար լուսավորում է` ընդդեմ գործարքային վարձատրության, որպեսզի առաջընթաց համարվող աղբակույտում մի փոքրիկ տեղ բացի մելամաղձության համար միշտ առկայծող ասույթներով, եւ նույնիսկ որպես դահիճ, աչքի ընկնի անսխալական սիրալիրությամբ:
Փառք գերմանացի գրողների այն դիմանկարների պատկերասրահին, խմբային մերձեցմանը, որը զուսպ, բայց անվրեպ արտահայտվում է ինքնանկարով: Ինչպես մեզ վստահեցնում է Պետեր Ռյումկորֆը վերջում` պարզապես պետք է ընտրություն կատարել. «չեմ կարող լիովին հերքել այն փաստը, որ այդ տասներեքը կարող էին ամբողջությամբ տարբեր լինել»: Իսկ սիրահարն ու տոհմաբանը թվարկում են` Լյուդվիգ Տիեկ եւ Առնո Հոլց, Ալֆրեդ Դյոբլին, Հանս Հեննի Յանն, Ալֆրեդ Լիխտենշտեյն… Ցանկալի երկրորդ հատորը կլիներ ավելի մեծ եւ կարող էր հարստացնել ինքնանկարը ծիծաղելի գծերով, բայց նաեւ տխուր ակոսներով:
Մենք պարզապես չենք ցանկանում նրան ճանաչել որպես զինանշանի կենդանի` երբեմն արջնագռավի, երբեմն` ագռավի տեսքով, այլ ուզում ենք տեսնել նրան ամբողջությամբ, սակայն դա չի հաջողվում: Նա` վավերագրողն ու հին արժեքներ վերականգնողը, մաշված թերթեր եւ մանկական սիրված ոտանավորներ հավաքողը, նա, ով ծառայում էր Springer խմբին բացառապես որպես ստի դետեկտոր, ազգային հարստության խիստ մրցակցության կառավարիչը, իմ աչքին հայտնվում է որպես խորագրի կերպար: Նրա «լուսավորված հեքիաթներից» ծնված գրքերի հավաքածուում «Աղբակույտի պահապանը» հայտնի է որպես մեկը, որի համար բոլոր արտազատումներն աղբ են, ընդ որում` արժեքավոր: Նկատի ունեմ, որ նա սիրում է իրեն տեսնել հենց այդպես` բարձր, ծխացող կույտի վրա` գլխարկով ու շարֆով, պատնեշին հենված:
Ինչ վերաբերում է բանաստեղծություններին, ապա որո՞նք են նրանցից գլխավորները: Ի՞նչ են նրանք բացահայտում: Ինչպե՞ս եմ ես (այդքանի միջից) առավել արժանահավատորեն նմանակում բանաստեղծին: «Նրան ճանաչելն այդքան էլ հեշտ չէ»,- նշվում է «Երկրային հաճույք»-ի առաջին հատորում: Նրա անթիվ-անհամար բանաստեղծությունները զվարճացնում են: Բայց որտեղ էլ նրանք գտնվեն, որտեղ էլ հավաքված լինեն, այստեղ թե այնտեղ, օրինակ` «Մենախոսող եւ մենահնչյուն» վերնագրով մի հատվածում, անմիջապես լսվում է Ռյումկորֆի հնչերանգը, լսվում է գնացքով ճամփորդող երգչի հնչերանգը եւ արձագանքում «I-Klasse Einsamkeit»-ում.

Մայնցից Բինգենով դեպի Բախարախ,
մանուշակները գունաթափվում են
թռիչքի ժամանակ-
Մի՞թե մարտը լրիվ խենթացել է:
Գլուխն առած`փորձում է փախչել:
Ես շրջագայում եմ բանաստեղծություններով,
կրկնակի նորացված,
հարյուր տասնութից չեմ ճանաչում ոչ մեկին,
իսկ Հայնրիխ Հայնեն զարդարում է գիտությունը:

Կան այլ ճամփորդական բանաստեղծություններ, որոնք, սակայն, երբեք աչքի չեն ընկել որպես քնարական բացիկներ եւ այդպիսով կարող էին հիանալի նկարազարդել զբոսաշրջության բրոշյուրները, իսկ այս մոլեգնած աշխարհագրագետն ասում է. «Երբեմն, նախքան նայելը, ես հայացք եմ նետում հեռու…»: Իսկ նա թանգարանային բրածոների դիտորդ է, հայտնի է նաեւ որպես երկաթուղային կայարաններից անանուն փախստականներին հավաքագրող.

Մտածում էի սիրուն, թարմ մսի մասին,
երկար ժամանակ նայում էի,
թե ինչպես է այն ամբողջությամբ այրվում
Neustadt/ Aisch-ի մոտ,
Ուլմի հետեւում:

Ինչպիսին էլ լինի ժողովածուն, այդ բանաստեղծությունները, որոնք կոչվում են «բարձր լար» կամ «Կրկես», շուկա են մտնում որպես «արվեստի կտորներ»: Կան նաեւ ավելի երկար եւ կարճ արձակ գործեր, որոնք, ի թիվս այլոց, օգնում են պատկերացում կազմել պոեզիայի` շուկայական վիճակում հայտնվելու մասին. «որպեսզի լավ կամ նույնիսկ միջին կարգի բանաստեղծությունը պատրաստ լինի շուկայի համար, այսինքն` այն իր սկզբնական հում վիճակից հասցվի լավագույն ձեւին, ինչն այսօր պահանջում է ընթերցողը, մեկ հատվածի համար ութ հարյուրից մինչեւ հազար մարկ նախնական ներդրում պետք է կատարվի»:
Այսպես կարող է գրել նա, ով առաջնորդվում է հետեւյալ համոզմունքով` «ով բանաստեղծություն է գրում, նա խենթ է», բայց ով բանաստեղծի առաքելությունը չի դիտարկում որպես քահանայապետի կոչում, այլ ավելի շուտ պայմանագիր է կնքել մուսայի հետ, ինչը վատ եղանակ է ստեղծում եւ վիճելու իրավունք վերապահում: Այսպիսով, քնարական զեղումներով հագեցած մարդը` ընկեր Կլոպստոկը, խոսում է հին ոճով արձանագրված տոնով.

Նա երգում է այն մասին,
թե որտեղ է հալվում ձյունը, մարում` կրակը,
նեխում օդը,
խաբեության երկրում,
որտեղ իմ տանը սարսափ է տիրում,
ես ուզում եմ լինել առաջին, երկրորդ,
վերջին սխալվողը,
այդ չսիլիկացված սիրտը եւ չոր աչքերը
ցանկություն, զայրույթ եւ փխրուն բաներ են
բարձրաձայն գովաբանում
ներքեւում, ա~խ,
ես ուզում եմ շունչս պահել, որ նա մնա մեզ մոտ:
Երգեցողություն:

Մարդկանց, որոնք չգիտեն կամ մոռացել են, որոնք նույնիսկ կարծում են, որ նման բան գոյություն չունի, որ այն, որպես խոտան, ընկել է լրատվական նորությունների անիվների տակ, ես դեռ կցանկանայի ասել. մեր մեջ է ամենաբարձրակարգ բանաստեղծը, որն այսօր, երեկ եւ վաղը միաժամանակ, 1999-ից շատ ժամանակ անց, տասնամյակներ շարունակ, երգում է մեր անհավասարակշռության մասին եւ նույնիսկ հոգնած նյութից կենսունակ հանգեր է պարտադրում, բանաստեղծ, որը «Մայիսյան երգ երիտասարդ ընկերների համար» երգի խիստ տոնով է հայտնի, «Արվեստը որպես զե՞նք. դա կար Մայակովսկուց առաջ» բանաստեղծության մեջ «սուպերէգոն» բացատրում է որպես թղթախաղի տուն, որը, հավատարիմ իր սեփական տողերին, մնացել է ցնցված եւ դիմադրում է:
Դա այդպես է, այն բնորոշ է նաեւ այն ժամանակներին, երբ հիասթափեցնող տարածությունը եւ սահուն համապատասխանեցումը պարզապես նորաձեւ չեն, այլ ֆելիետոնին բնորոշ արտահայտություն:
Դուք` բոլորդ, որ կարծում եք, թե խորհրդավոր եք ձեր պոստմոդեռն ժպիտով, Դուք` բոլորդ, որ կամայական զգացմունքայնության արագ սպառողներն եք, բոլորդ, որ կարծում եք, թե դա, ախ, այնքան դժվար է տարբերել ձախից կամ աջից, պետք է իմանաք այս մասին: Մեր բանաստեղծն ու երգիչը` բարձր պարանով, մեր արտիստը` կրկեսի գմբեթում, նա, ով «ի խորոց սրտի»-ն հանգավորում է «Շան օրորոցային երգ»-ի հետ, նա` Պետեր Ռյումկորֆը, կա եւ մնում է ձախական:
Ես նրան ճանաչում եմ 1950-ականներից, երբ Լեսլի Մեյերի պոեզիայի բումն էր իշխում: Հետագայում` վաթսունականների կեսերին, ես նրան մի քանի անգամ պատկերեցի թե՚ որպես արջնագռավ, թե՚ որպես ագռավ, եւ մեր բանաստեղծն ի հայտ եկավ ժապավենի վրա հայտնված թիթեռով: Հնարավոր է, որ յոթանասունականներին մենք տարբեր արագություններով շրջադարձ կատարեցինք դեպի ձախ, բայց ութսունականներին, երբ սկսվեց «երկրորդ շնչառությունը», որը շարունակվում է մինչ օրս, մենք նորից նույն մակարդակի վրա էինք, եթե նույնիսկ դա լիներ ենթադրյալ հողմաղացների դեմ պայքարը. եթե ուշադիր նայեք, ապա Springer-ի խառատների հաստոցները դեռ գործում են: Եվ հիմա, երբ երկուսս էլ հասել ենք իննսունականներին, մեր զոհված ընկերների շնորհիվ ասպարեզում շատ բաներ ենք տեսնում բացահայտված եւ շարունակում ենք հաճույք ստանալ միֆերից ազատագրվելուց: Ահա թե ինչպես ենք սիրում մենք մեր երկիրը:
Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Գերմանացիների երգ»-ի քո տարբերակում դու երգում ես «Հարյուր տոկոսանոց հռենոսցի պողպատե դստեր մասին» եւ հեքիաթը շրջում նրա գլխին. «Փոքրիկ ավանակ, ծածկիր քեզ, Գերմանիա, վաճառվող մայրիկ…»: Միաժամանակ նա` մեզ շատ հասանելի Մադոննան, գիրացել է: Հարեւանությունը վերածվել է սպառնալիքի, իսկ նա արդեն հատել է սահմանը:
Երբ վերջերս ինձ ուղարկեցին քեզ նվիրված իմ տասներեք սոնետների լեհերեն թարգմանությունը` «Նոյեմբերյան երկիր» վերնագրով, ես հայտնաբերեցի այն նվիրումը, որով քո անունը բարեհունչ ձեւով թարգմանվել էր Պետեր Ռյումկորֆի համար: Ավելի հաջող ավարտ չի կարող լինել:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

1. Բախարախ- քաղաք Գերմանիայում, Մայնց-Բինգեն շրջանում:
2. Neustadt an der Aisch- շրջանային քաղաք Գերմանիայում, Բավարիայի տասներեք շրջանային մունիցիպալիտետներից մեկը:
3. Պետեր Ռյումկորֆ (1929-2008)- գերմանացի գրող, որը զգալի ազդեցություն է թողել գերմանական հետպատերազմյան գրականության վրա: Ռյումկորֆի գրական կարիերան սկսվել է 1952թ. Համբուրգում, «Պատերազմների միջեւ» ամսագրով, որը նա խմբագրել է բանաստեղծ եւ էսսեիստ Վերներ Ռիգելի հետ:
4. Առնո Շմիդտ (1914-1979)- գերմանացի գրող եւ թարգմանիչ: Նրան քիչ են ճանաչում գերմանախոս տարածքներից դուրս մասամբ այն պատճառով, որ նրա ստեղծագործությունները մարտահրավեր են թարգմանիչների համար: Թեեւ նա Գերմանիայում հայտնի ֆավորիտներից չէ, սակայն քննադատներն ու գրողները Շմիդտին համարում են 20-րդ դարի ամենակարեւոր գերմանալեզու գրողներից մեկը:
5. հիպոքոնդրիա- հոգեվիճակ, երբ մարդն իրեն վերագրում է ֆիզիկական հիվանդություններ, տագնապ ապրում իր առողջական վիճակի համար, թեեւ իրականում այդ հիվանդությունները չունի:
6. կլաուստրոֆոբիա- վախ փակ տարածությունից: Ֆոբիայի ամենատարածված տեսակներից է, այն պաշտպանական ռեակցիա է, որը տեղի է ունենում կյանքին վտանգ սպառնացող պայմաններում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *