Հարցնում ես՝ ինչպե՞ս եղավ, որ քաղաքական այր դարձա և մարդամեջ դուրս եկա: Իմացած կլինես՝ չորս տարի առաջ գզրար էի, գործս գզրարությունն էր ու բամբակ թակելը: Օր էր լինում երկու հազար դինար , օր էր լինում՝ մի թուման էի վաստակում, և ոնց էլ լիներ, երեկոյան մի ման սանգակ ու հինգ սիր միս էի տուն տանում, սակայն խելապակաս կինս, ամեն երեկո քոքելով իր նախատինքները, ասում էր. «Հա,՜ գնա՝ ողջ օրը ծնկի չոքիր, ամորձիներդ թափ տուր, վը՛զ-վը՛զ-վը՛զ բամբակ գզիր, ու իրիկունը սարդոստայնոտ բեղ-մորուքով տուն վերադարձիր, իսկ մեր հարևան Հաջի Ալին, որ մինչև անցյալ տարի տունը կրակ տայիր՝ խանձահոտ չէր գա, կամաց-կամաց մարդկանց շարքն է մտել, շրջապատ դուզացրել, հրեն՝ կինն ասում է, որ էսօր-էգուց մեջլիսի երեսփոխան կդառնա՝ ամսական հարյուր թուման չարխի երկհազարնոցներով , հետն էլ հազար պատիվ-հարգանքով, իսկ դու մինչև գերեզմանիդ շեմը պիտի վը՛զ-վը՛զ բամբակ ծեծես: Է՜, ո՜ւր էր թե գդակիդ էլ բուրդ լիներ….»:
Այո՛, ի դեպ, կինս էլ իրավացի էր: Այդ ոչուփուչ, ծակ շալվարով Հաջի Ալին այնքան էր շան պես վազվզել և ափեղ-ցփեղ դուրս տվել, որ արդեն մարդատեղ էին դնում նրան, անունը օրաթերթերում գրում, ասում էին՝ «դեմոկրատ» է դարձել: Իհա՛րկե, երեսփոխան էլ կդառնար, մեջլիսում էլ կբազմեր և շահի ու վեզիրի հետ էլ նիստուկաց կաներ: Ինքս էլ, ճիշտն ասած, կշտացել էի իմ այդ անիծյալ գործից ու փեշակից, որն ամենավատն էր բոլոր արհեստների մեջ, նրա գլխացավանքներից: Աղեղի ձայնն իմ ականջին առավել անախորժ էր թվում, քան Անքարի ու Մոնքարի ձայները, իսկ երբ թակն առնում էի ձեռքս, ամոթ է ասելը, հենց գիտեի՝ որձ էշի ձողանն եմ բռնել: Սա էր պատճառը, որ մի երեկո, երբ իմ անաղուհաց կնոջ կշտամբանքներն անցան ամեն չափ ու սահմանը, ինքս ինձ որոշեցի՝ կամաց-կամաց մի կողմ դնել գզրարության արհեստը և Հաջի Ալիի բռնած ճամփով գնալ: Բախտի բերմամբ ճակատագիրը ժպտաց ինձ, և Աստված իմ ուզածի պես դասավորեց հանգամանքները: Չգիտեմ ի՛նչ էր պատահել՝ շուկաներում լուր էր տարածվել, թե՝ փակեք դուքաններն ու հավաքվեք մեջլիսի մոտ: Մենք էլ չոշի սպասող շվարած էշի նման կայծակի պես կողպեցինք դուքանների դռները, լցվեցինք բազարները, սկսեցինք հարայ տալ և այնպիսի աղաղակ բարձրացնել, որի վերջը չէր երևում: Նախկինում տեսել էի, թե նման դեպքերում ինչե՛ր են ասում, ինքս էլ սկսեցի այդպես խոսել: Ճիշտ կարծես տանը մենակ ժամանակ կնոջս հետ էի կռվում, այնպիսի գոռգոռոց գցեցի, միայն տեսնեիք: Գոչում էի. «Հե՜յ, իրանցինե՛ր, ո՛վ դու պատվախնդի՛ր իրանցի, հայրենիքը ձեռքից գնա՜ց, մինչև ե՞րբ այսպես հողագլուխ մնանք: Միաբանությո՛ւն, միակամությու՜ն, եղբայրությու՜ն: Եկեք գործն իր ավարտին հասցնենք՝ կա՛մ մեռնենք ու նահատակվենք և պատվարժան անուն թողնենք, կա՛մ մնանք և փրկվենք այս նվաստացումից ու ամոթից: Առա՜ջ դեպի արժանապատվություն, դեպի՜ նախանձնախդրություն»:
Բոլորը փակում էին խանութները, ու թեև առանձնապես ոգևորություն ու ջերմեռանդություն չէին ցուցաբերում, ավելի շուտ, արևն էր մայր մտնում, ու կամաց-կամաց դուքանները փակում էին, որ հացուջուր առնեն ու ճանապարհվեն դեպի տուն, այնուամենայնիվ, արտաքնապես՝ շուկաների այդ հանկարծակի փակումը և խանութներրի՝ չայխանա շտապող աշակերտների ղլվլոցը, որ իրենք իրենց հուսադրում էին, թե իշալլահ դուքան-բազար փակված մնան, և «Իմամզադե Դավուդ» սրբատեղի գնալու միջոց լինի, անօգուտ չանցան: Հիրավի՛, ինքս էլ էի ներշնչվել ու հավատացել, թե իբր այդ ամենն իմ աղմուկ-աղաղակի ու եռուզեռի արդյունքն էր, սկսեցի թեժացած սամավարի պես անընդհատ սաստկացնել ձայնս, քլթքլթոցս ու ֆշֆշոցս: Քանի գնում՝ կրակ էի կտրում ու գլխիցս վեր բաներ խոսում, որոնցից հետագայում ինքս էլ էի ապշած մնացել: Հատկապես երբ ասացի՝ «Շահն էլ եթե մեզ չաջակցի, նրան վար կքաշեմ իր գահից», առանձնակի ազդեցություն թողեց: Սկզբում այս ու այն կողմից ծանոթ-բարեկամ մարդիկ մի քանի անգամ մոտեցան և ականջիս փսփսացին. «Շե՛յխ Ջաֆար, Աստված հեռու պահի շառից-փորձանքից, մի՞թե խելքդ թռցրել ես՝ զառանցանքներ ես դուրս տալիս: Գզրար մարդուն ի՛նչ կսազի այս տեսակ ավել-պակաս խոսքերն ու մեծ-մեծ փրթելը: Գնա՛, գնա՛ խելք հավաքիր»: Բայց այդ խոսքերը Շեյխ Ջաֆարի ականջը չէին մտնում, հայրենիքի դարդն արդեն բանը բանից անցկացրել էր, շարունակ բարձրացնում էինք մեր ձայնն ու բազարի տանիքի տակ ղժղժոց գցում, և ձայնս առավել բարձր էր հնչում, քան պաղպաղակ վաճառողի և Շեմիրանի վարունգ ծախողի կանչերը: Հետզհետե մեր շուրջը հավաքվեցին նաև պարապ-սարապներն ու քոռ-քաչալները, մեկ էլ տեսանք՝ զորք ու հոտի տեր ենք դառել: Եվ հանց Դարբին Քավե , ում դյուցազնապատումը տղաս սովորել էր դպրոցում և իրիկունները պատմում էր մեզ, տաքգլուխ շարժվեցինք դեպի մեջլիս: Մեր բազմությունն էլ գնալով շատացավ, այնպես որ մեջլիսի դարպասների մոտ երբ ղարաուլը կտրեց մեր ճամփան և ներս չթողեց, ուզում էինք հոխորտանքով ու սպառնալիքով ցրել նրան այդտեղից, բայց տեսանք, որ այդ տիպը թրծվածի մեկն էր, իսկի հոնքերն էլ իրար չէր տալիս: Ուժով ու զոռբայությամբ ևս հնարավոր չէր ներս մտնել. նա թուրք էր ու խոսք չհասկացող, փամփշտակալն էլ գոտկին կապած, իսկ շարժուձևից երևում էր, որ կատակ-մատակ գլուխը չէր մտնում, ուստի դիմեցի ամբոխին. «Ժողովո՛ւրդ, անհրաժեշտ է հարգել օրենքը, սակայն պետք է ձեզանից մեկը կամավոր դառնա և երեսփոխաններին հաղորդի, թե այսինչ մարդը՝ հարյուր հազար բազմության գլուխն անցած, եկել ու դատ է պահանջում և ասում է՝ այսօր այն օրն է, երբ Իրանի քաջարի ու ազնիվ ժողովրդի երեսփոխանները պետք է կատարեն իրենց պարտքը, հակառակ դեպքում՝ ժողովուրդը պատրաստ է իր կյանքը զոհել, իսկ ես հանձն չեմ առնում, որ կկարողանամ նրանց դեմն առնել»: Անմիջապես մոտ եկավ մի երիտասարդ սեյեդ, որի խոպոպը երևում էր թեքված չալմայի տակից, և որը երևի մեջլիսի հանձնակատարներից էր: Նա, կուրծքը առաջ տալով, ասաց, որ ինքը կփոխանցի մեր պատգամը և մտավ մեջլիսի շենք: Չանցավ մի քանի րոպե, երբ մեջլիսի ներսից եկան ու «հարգելի պարոն Շեյխ Ջաֆարին» հրավիրեցին իրենց մոտ: Մենք էլ մի տեսակ ուռեցինք-փքվեցինք և ամենայն հանդիսավորությամբ ներս գնացինք, բայց ինքս ինձ միտք էի անում. «Տնաշենի՛ մարդ, բա որ հիմա քեզ հարցնեն, թե ի՛նչ է ասելիքդ և ո՛րն է նպատակդ, ի՞նչ պիտի պատասխանես, որ Աստծո դուրը գա»: Նույնիսկ մտածեցի՝ ուղեկցող սպասավորից հարցնել, թե. «Եղբա՛յր, ո՞րն էր այսօրվա խնդիրը, և ինչի՞ համար էին փակել շուկաները», բայց էլ ժամանակ չկար, և հանկարծ ինքս ինձ գտա մեջլիսի երեսփոխանների դեմ դիմաց: Շփոթմունքից կոշիկներից մեկը դուրս թռավ ոտքիցս, և հենց այդպես ներս մտա՝ մի ոտքիս կոշիկ, մյուսը՝ բոբիկ: Առաջին անգամ էր աչքս նման ժողովատեղի տեսնում՝ պճնված ալաֆռանգիներ, Աստված շատ չհամարի, կիպ նստած էին աթոռներին՝ նամազի շարքերի պես և թազբեհի հատիկների նման ծայրեծայր իրար միացած, իսկ արանքներում տեղ-տեղ երևում էին նաև չալմա ու մանդիլ՝ ինչպես թազբեհի հատիկների միջի զարդագնդիկներ: Առաջնամասում, որը ասես միհրաբի պես մի տեղ լիներ, բազմած էին մեծամեծները, իսկ նրանց ձեռքի տակ երկու-երեք հոգի գրիչը ձեռքներին հատոր-հատոր թղթեր էին մրոտում՝ լիազորված հրեշտակների հանգույն, որոնք յուրաքանչյուր մարդու վարձքն ու պատիժը գրանցում են նրա արարքների մատյանում:
Կարճ կապեմ՝ ձեր գլուխը չտանեմ: Առաջին շարքում նստած սպիտակահեր պճնամոլը դիմելով ինձ՝ ասաց. «Հարգարժա՛ն Հաջի Շեյխ Ջաֆար, կառավարությունը շուտափույթ և լրջագույն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ամեն ինչ կարգավորվի՝ համաձայն ազգի ցանկության, և մեծ հույսեր ունենք, որ բաղձալի արդյունքների հասնենք: Խնդրում ենք, որ դուք՝ որպես ազգային իրավունքների դրոշակակիր, հանդես գալով իմ կողմից՝ հանդարտեցնեք ժողովրդին և խոստանաք նրանց, որ, անկասկած, ըստ արժանվույն կիրականացվեն պահանջները»:
Այնուհետև մի քանի հոգի ևս էլի խրթին ու ճոռոմ խոսքեր ասացին: Ես միայն այնքանը հասկացա, որ ալեհեր ալաֆռանգին վարչապետն էր, իսկ մյուսները՝ դեմոկրատների, չափավորականների, թանի ու չորթանի և մյուս զահրումարների պարագլուխներն էին: Մեջլիսից դուրս գալուն պես մտադիր էի, որ բազմության համար տեղը-տեղին ճառ ասեմ և իմ նոր լսած արտահայտություններից մի քանիսը նրանց վրա սաղացնեմ, բայց տեսա, որ ժողովուրդը ամբողջովին ցրվել է: Ըստ երևույթին, պատվախնդիր ու առաքինի ազգը, կարիք չտեսենելով դրանից առավել պահանջել սեփական իրավունքները, գնացել էր իր բանուգործին: Մոտակա հրապարակում հանդիպեցի՝ հավուճվի շուկայից մեզ միացած քոռ-քաչալներին, որոնք ճան էին խաղում՝ ամենևին ուշադրություն չդարձրնելով ինձ վրա: Հեչ չէիր ասի, թե մի քանի րոպե առաջ նրանց «Կեցցե՛ Շեյխ Ջաֆար» աղաղակներն էին երկինքը թնդացնում: Մենք էլ մեր գլուխը կախեցինք և դեպի տուն ուղղվեցինք, որպեսզի ժամ առաջ լուրը հաղորդենք մեր կնոջը: Հրապարակի անկյան չայխանայի նստարանին տեսա նաև այն երիտասարդ հավակնոտ սեյեդին, որ կամավոր էր դարձել «պարոն Շեյխ Ջաֆարի» պատգամը հաղորդելու համար: Նա թեյ էր խմում՝ նստարանի վրա կողքի ընկած և չալման թեք դրած. ասես իսպառ մոռացել էր, թե մի քանի րոպե առաջ կառավարության և ազնիվ ու պատվախնդիր ազգի անմիջական միջնորդն էր եղել: Մենք էլ, մտքերի մեջ ընկած, շարժվեցինք դեպի տուն: Ինքս ինձ ասում էի. «Այս գիշեր թեև կինս ու երեխաս գլուխները սոված կդնեն բարձին, այդուհանդերձ, մենք էլ քաղաքական այր դարձանք»:
Մինչև հասնեի տուն, իմ քաջագործության համբավն արդեն տեղ էր հասել: Դեռ տան շեմը ներս չմտած, Հասանչոյի մայրն առաջ եկավ և հազար գորովանքով ինձ դիմավորեց. «Աֆարի՛մ, հիմա արդեն մա՛րդ դառար: Դեռ երեկ ոչ ոք գոմաղբ էլ չէր բեռնում շալակիդ, այսօր արդեն շահի ու վարչապետի դեմ ես դրոշ պարզում, վաշտ-վաշտ զինվորների ու բռիների դիմաց կանգնում՝ բլբուլի պես ճառ ասում: Մարդիկ ասում են, որ ինքը՝ վարչապետն է մոտեցել ու ճակատդ համբուրել: Կեցցե՛ս, հազար աֆարիմ: Հիմա թող Հաջի Ալիի կինը նախանձից պայթի, ջհանդա՛մը»: Մենք տեսանք, որ մեր կինն իրոք կարծում է, թե իր ամուսինը դյուցազուն Ռուստամ է դարձել, բայց մենք մեր հարգարժան դեմքի վրա ցույց չտվեցինք, մեր եռքն ու փուքսը չմարեցինք, այլ պարծենալով ասացինք. «Այո՛, դե՜, երկիրը տեր-տիրական ունի՜, ազգի պահանջները պիտի կատարվե՜ն…»:
Մի խոսքով, ինչքան արտառոց բառեր ու նախադասություններ, որոնք լսել էի մեջլիսում, սակայն չէի կարողացել մեջլիսի շեմին մարդկանց վրա ծախել, այստեղ մեր կնոջը մատուցեցի և նույնիսկ նրան էլ ներշնչեցի ու հավատացրի:
Հաջորդ առավոտյան մայրաքաղաքի օրաթերթերն առանձին-առանձին հանգամանալից և մանրամասն գրեցին նախորդ օրվա դեպքերի զեկույցները՝ իմ տաքարյունությունն ու ջերմեռանդությունը վերագրելով «ազգի զգայնությանը»: Մինչև այսօր հիշողությանս մեջ դրոշմվել է հատկապես «Ճաճանչափայլ ճշմարտություն» թերթի առաջին նախադասությունը, որն այն ժամանակ Հասանչոն ձախուծուռ կարդաց ինձ համար. «Չնայած բամբակը բույս է, իսկ երկաթը՝ հանածո, սակայն Գզրար Ջաֆարն ու Դարբին Քավեն՝ երկուսն էլ միևնույն ընդերքի գոհար են և միևնույն այգեստանի ծաղիկ: Երկուսն էլ Իրանի անվեհեր զավակներն են, նրա անկախության և ազատության պաշտպանները»: Նույնիսկ մեկն էլ եկել, ասում էր, թե ինքը լրագրող է և ուզում է ինձ հետ «ինտերվյու» անել, այնպիսի՜ անլվա բաներ էր ինձնից հարցնում, որ ջինի խելքին անգամ չէին հասնի, և չգիտեմ էլ, թե իր ինչի՜ն էին պետք դրանք: Առավել զավեշտալին Ֆրանգստանից եկածն էր, որ ուզում էր ինձ լուսանկարել: Կինս հարյուր լուտանք թափեց գլխին և տան դուռն ընդհանրապես չբացեց նրա առջև՝ հասկացնելով նրան, որ մեզ՝ իրանցիներիս հնարավոր չէ այդքան մուֆտա գնել: Միով բանիվ, իմ քաղաքական գործիչ դառնալու առաջին նշանն այն էր, որ հենց հաջորդ օրվանից օրաթերթերն իրար հետևից հորդում էին մեր տուն՝ ինչպես դարմանի դեզի վրա թափվող մորեխները: Էլ տիտղոս չկար, որ մեզ չտային՝ ժողովրդի ճշմարիտ առաջնորդ, հայրենիքի և հայրենասերների հայր, մեր ժամանակների Պլատո՜ն, դարիս Արիստոտե՜լ, էլ կոչում չմնաց, որ չկապեին մեր պոչին: Ափսո՜ս, որ մեր կինն այդ խոսքերի իմաստը լավ չէր հասկանում, և մենք՝ ինքներս էլ, մեր հասկացողությունն ավելին չէր, քան մեր կնոջը:
Կարճ կապեմ, ի՛նչ ձեր գլուխը ցավեցնեմ, նույն օրն առավոտյան Հաջի Ալին եկավ ինձ տեսակցության և հայտնեց, որ ուզում է տղամարդավարի խոսել ինձ հետ: Ղեյլանը կպցրի և ձեռքը տալով ասացի՝ «Պատրաստ եմ լսել Ձեր հրամանքը»: Հաջի Ալին ղեյլանի մուխը ներս քաշեց, հոնքերը բարձրացրեց և ասաց. «Եղբա՛յր, ինչպես երևում է՝ իմ հիվանդությունը քեզ էլ է վարակել, և ինչպես ասում են՝ գլխիցդ ձեռ ես քաշել: Շատ բարի՛, աչքներս լույս հազար անգամ: Չգիտեի, որ քաղաքականությունն էլ սիֆիլիսի պես վարակիչ է: Թեև գործընկերներն աչքով աչք չունեն տեսնելու մեկմեկու, բայց խելացի մարդը պետք է շատ ավելի բաց պահի իր միտքը: Քեզ անհանգստացնելուս նպատակը սա է. եղբա՛յր, թեև դու երեկ մեկ օրով հարյուր տարվա ճամփա կտրեցիր, և հիմա փողոցներում ու շուկաներում անունդ բոլորի լեզվի ծայրին է, բայց ինչ էլ չլինի, սկսնակ ես ու նորելուկ, իսկ մենք, ինչ էլ չլինի, այս ճանապարհին մի շապիկ ավել ենք մաշել քեզանից, ավելի լավ է՝ ձեռք ձեռքի տանք և քաղաքականության այս վտանգավոր ուղու վրա իրար թև-թիկունք լինենք: Անշուշտ, լսած կլինեք, որ մի ձեռքը ծափ չի տալիս, այն էլ հատկապես քաղաքական գործերում, որտեղ մի խումբ խարդախներ այս դաշտը դարձրել են իրենց միահեծան արշավատեղին և աչքով աչք չունեն նոր ախոյան տեսնելու իրենց ասպարեզում: Հենց գիտես, որ եթե այսօր ղժղժացիր և նախարար ու պատգամավոր մարդկանց հետ գործ բռնեցիր, ամեն օր գաթա՞ կուտես: Չէ՜, ախպե՛րս, երազների՛ մեջ ես ընկած, վաղը ևեթ զրպարտության և ստի այնպիսի կարկուտ կտեղա գլխիդ, որի նվազագույն հետևանքը կլինի այն, որ քո տան մեջ քո իսկ կինը՝ քեզ հարամ, քրտինքդ՝ պիղծ և սպանությունդ՝ թույլատրելի կհայտարարվեն»:
Այս խոսքերից հետո Հաջի Ալին այնպես ուժգին ղուլաբ տվեց ղեյլանը, որ ջուրը միջից վեր քլթքլթաց և կոթի ծուխը սկսեց ամենայն սաստկությամբ դուրս ժայթքել: Ես թեև նրա խոսքերի իմաստը մինչև վերջ չէի ըմբռնել և լավ գլուխ չէի հանել, բայց գիտեի, որ Հաջի Ալին հին գայլ է, արտասովոր ճարպիկ, կյանք տեսած ու հնարամիտ մարդ, բացի դրանից, ինձ էլ էր ձեռք տալիս, որ կնոջս աչքին հավասար ու համադաս երևայի Հաջի Ալիի հետ, ուստի ընդունեցի նրա առաջարկությունը: Որոշվեց, որ ես հնարավորինս աշխատանք տանեի շուկայում Հաջի Ալիի պատգամավորության ուղղությամբ, իսկ Հաջի Ալին ազնվորեն ու շիտակությամբ ինձ առաջնորդեր և ուղեցույց դառնար քաղաքական գործունեության մեջ: Հենց նույն հանդիպման ժամանակ Հաջի Ալին մի քանի անլվա խրատներ կարդաց մեր ականջին, իր ասելով՝ մեր ոտքը դրեց քաղաքականության սանդուղքի առաջին աստիճանի վրա: Այնուհետև երբ տեսավ, որ ղեյլանի կրակն արդեն մարել և անօգուտ է, վեր կենալիս ասաց. «Ե՞րբ է լինելու հաջորդ ժողովը»: «Ժողով» բառը մինչ այդ չէր կպել ականջիս, և հապաղեցի պատասխանելիս: Հաջի Ալին քոքվածի մեկն էր, գլխի ընկավ և ասաց. «Իրավունք ունես չհասկանալու, որովհետև ինչպես որ զարգարներն ունեն իրենց զարգարի ծածկալեզուն , քաղաքական գործիչներն էլ իրար ասում են. «Մյուս անգամ ե՞րբ ենք ժողով անելու»:
Պայմանավորվեցինք, որ Հաջի Ալին յուրաքանչյուր «ժողովին» մի քանի բառ ինձ սովորեցնի այդ լեզվից, և հենց նույն օրն էլ որոշ բառեր սովորեցրեց, որոնցից մի քանիսը մինչև հիմա մտքումս են մնացել. գաղափարակիր՝ այսինքն՝ կրոնական, հավատավոր, գաղափարակից՝ ծանոթ, բարեկամ, գործիչ՝ շան նման վազվզող, քաղաքավարությունից դուրս՝ անհամություն, կեցցե՝ Աստված երկար արև տա, իրավիճակ՝ դեպք, դիպված և այլն:
Հաջի Ալին որ գնաց, մենք էլ մեր գլուխն ու երեսը կոկեցինք: Կնոջս ասացի՝ ժողով ունեմ, և խեղճին այդպես զարմացած թողնելով, դեպի շուկա ուղղվեցի, որպեսզի տեսնեմ ինչ կա-չկա աշխարհում: Թաղի դուքանդարների, չարչիների և փերեզակների սալամ-ալեյքոմներից կռահեցի, որ մեր իմաստության համբավը նրանց ականջներին էլ է հասել, և կարող ենք ևս տասը-տասնհինգ օր պարտքով ապրել: Ինքս ինձ խնդացի ու ասացի. «Կեցցե՛ բամբակ գզող Շեյխ Ջաֆարը՝ Իրանի ժողովրդի առաջնորդը: Կեցցե՛ մեր ժամանակների Դարբին Քավեն»: Ճանապարհի զառիվերին մի քանի հոգի շրջապատեցին մեզ ու սկսեցին մեր հացին յուղ քսել, յուրաքանչյուրը սկսեց իր գանգատը բացել, կարծես թե ես շարիաթի ներկայացուցիչն էի կամ թաղի դատավորը, կամ էլ համայնքի ավագը: Մեկին չգիտեմ այսինչ իշխանավորն էր զոռով տնից դուրս հանել ու նրա գույքը յուրացրել, մյուսին այնինչ հոգևորականն էր պարտադրել, որ կնոջից բաժանվի, այնուհետև այդ կնոջ հետ, որն ըստ երևույթին՝ լավիկն էր, հենց ինքը՝ հոգևորականն էր ամուսնացել՝ խորամանկորեն օգտվելով շարիաթի կանոններից: Միով բանիվ, մինչև շուկա հասնելը Թեհրան քաղաքի հարյուր տարվա բոլոր կրոնական ու քաղաքացիական վեճերի մագաղաթը կարդացին իմ ականջին, ես էլ շարունակ ջրի գնով խոսք ու խոստում էի ծախում, փոխարենը՝ «Աստված քեզ երկար կյանք տա» և «Ոչնչացնի ու կործանի թշնամիներիդ ու չարակամներիդ» օրհնանքներ գցում քսակիս մեջ: Եվ ի դեպ, ոչ ոք էլ գլխի չընկավ, որ քաղաքական գործչի մորուքը նման է Անուշիրվան թագավորի արդարության շղթային , որը առավոտյան ազանից մինչև երեկոյան ազանը ամբաստանողի ու ամբաստանյալի ձեռքերում է լինելու, իսկ պալատում գոմ հիշեցնող այդ դահլիճը դառնալու է գողի, խաբեբաների, սնանկների ու մարդասպանների հավաքատեղի: Եվ արի ու տես, որ եթե մարդ Խեզրի չափ էլ կյանք ունենա, էլի չի հերիքի այդ վեճերից թեկուզ մեկը լուծելուն:
Քիչ-քիչ մոտեցել էի շուկային: Թաքուն փքվեցինք, սակայն առերևույթ զվարթացրինք մեր դեմքը՝ այնքանով, որքան հնարավոր էր Շեյխ Ջաֆարի թթված երեսը քաղցր, ծիծաղկոտ ու բարի դարձնելու համար: Ողջույնների պատասխանն այնքան սիրալիր ու գորովալից էի տալիս, որ կարծես, հիսուն տարի թաղի մոլլան եղած լինեի: Մարդիկ էլ աջուձախ հարցնում էին, թե՝ «Պատվելի՛ Շեյխ, չէի՞ք ասի ինչ նորություններ կան»: Ես էլ, հենց իմանաս, Իրանի կառավարության և արտաքին գործոց նախարարության հատուկ գիծն իմ սենյակին է միացված, հակիրճ ու խորհրդավոր պատասխաններ էի տալիս, զորօրինակ՝ «Աստվա՛ծ մեզ գթա», «Այնքան էլ վատ չէ», «Հույսեր կան», «Իրավիճակը փխրուն է», «Ճգնաժամի հավանականություն կա» և այլն, զուգահեռաբար, Հաջի Ալիի սովորեցրած բառերը տեղի-անտեղի կապկպելով, քաղաքականության մարզումներ էի անում:
Կամաց-կամաց հասել էի դուքանիս շեմին ու շվարել՝ հիմա ի՞նչ պիտի անեմ, գրպանս առավել մաքուր ու պլպլան էր, քան նորահարսի օժիտի հայելին, և մի սև ղռանի տեղ էլ չգիտեի նրա ոչ մի անկյունում: Խանութպան-մանութպանների բարևներն ու հաճոյախոսությունները թեև նշանակում էին, որ կարելի էր ևս մի քանի անգամ պարտքով լեբլեբի եփել, բայց գիտեի, որ պարտքով հացը դեռ կուլ չգնացած՝ կոկորդում է կանգնելու: Ինքս ինձ ասացի՝ տնաշե՛ն, գնա հացի խնդիրդ լուծիր, ջուր ծեծելով փոր չես կշտացնի: Ամենավատը Հասանչոյի դպրոցի ուսման վարձն էր, որ ամեն ամսավերջ երկնային աղետի պես իջնելով մեր գլխին, օրներս սև էր անում: Մի քանի անգամ որոշել էի, որ այլևս չեմ թողնելու դպրոց գնա, աշխատանքի եմ ուղարկելու էշ վարձով տվողի մոտ, սակայն անմիջապես տան դուռը թակում էին, ու հայտնվում էր դպրոցի տնօրենը և այնքան սուրահներ ու կրոնական ավանդապատումներ քարոզում գլխիս ու ճառախոսում, մինչև ինձ համոզում էր, որ եթե քարի տակից չգտնեմ ու չուղարկեմ Հասանչոյի դպրոցի ամսական հինգ ղռան թոշակը, առավել նզովյալ եմ, քան Իբն Մոլջեմը , Սանան իբն Ունսը և Շեմր իբն Զի ալ Ջոշանը , ինչպես նաև անաստված եմ, դավաճան ու հիմար:
Սատանան ասում էր՝ դուքանս բաց անեմ ու իմ գործով զբաղվեմ: Ինքս ինձ ասում էի. «Աշխատանքն ու վաստակը հո չե՞ն հակասում մարդու արժանապատվությանը, մեր մարգարեն էլ այգեգործությամբ էր զբաղվում», բայց կրկին ականջս էին ընկնում կնոջս նախատինքների ձայնը և աղեղի վզվզոցը, որոնցից մազերս բիզ-բիզ էին կանգնում, ձեռուոտս՝ թուլանում: Հենց այդ պահին հանկարծ ինչ-որ բարձրագոչ ողջույնի ձայնից վեր թռա մտքերիցս և իմ դիմաց տեսա մի անձնավորության, ում մարմնի յուրաքանչյուր անդամի մեջ ասես զսպանակ տեղադրած լինեին: Նրան կարծես ձուլել էին հաճոյախոսության ու քծնանքի կաղապարի մեջ. բերանն ասում էր՝ «Ձեր ծառան եմ», աչքն ասում էր՝ «Ձեր ոտքի տակի հողն եմ», վիզը ծալվում-շտկվում էր՝ «Ձեր նվաստն եմ»: Մի խոսքով, կարծես նրա ամեն մի մազը լեզու ունենար Նեռի պես և այս դատարկ հաճոյախոսություններից դուրս տար: Ահագին ժամանակ մեր հացին յուղ էր քսում. Նախ ներկայացավ որպես սովորական աղոթարար մեզ համար, այնուհետև դարձավ մեր տան ծառան ու սպասավորը, հաջորդիվ՝ մեր շեմուդռան շունը: Սկզբում հարյուր տարվա կյանք մաղթեց մեզ , բայց հետո, տեսնելով, որ իր գրպանից չի տալիս ու մուֆտա է, հարյուրը սարքեց հազար տարի: Ճիշտ կարծես ներբող էր անգիր արել և իմ դեմ կանգնած արտասանում էր: Տնաշենը ահագին ժամանակ չթողեց նույնիսկ բերան բացեմ, շարունակ հետ գնաց-առաջ եկավ, ծնոտը շարժեց, ձեռքերը կրծքից տարավ աչքերին ու աչքերից տարավ գլխին, ժպտալով և վիզուգլուխը տմբտմբացնելով աղոթեց իմ ու իմ զավակների, զավակների զավակների կանաչ արևի համար, իմ հոր ու ապուպապի և նախնիների հիշատակի համար: Սիրտս նվաղեց, քիչ էր մնում բղավեի: Ճամփա ընկա դեպի տուն, գովերգողն էլ հետևիցս ընկավ, սկսեց քոթակ կերած շան նման պտտվել շուրջս, մեղրածոր ժպիտներ տալ և ափեղ-ցփեղ շաղակրատել: Վերջապես մոտեցա տան դռանը, թակեցի, դուռը բացվեց, ես ներս մտա՝ կարծելով, որ փրկվել եմ այդ տիպի ձեռքից: Բայց ո՛չ, այդ տիպն էլ ներս մտավ և ամենայն լրջությամբ դռան փականը կողպեց ու ասաց. «Փա՛ռք Ալլահին, հիմա կարող ենք երկու բառ հանգիստ խոսել»: Ես ապշել էի այդ երկոտանի արարածի վրա, հետաքրքրությունս լարվեց, որ տեսնեմ՝ այս ամենն ինչո՞վ է ավարտվելու: Բայց այդ տիպը միանգամից առանց նախաբանի թողեց իմ փեշերը և հիմա էլ սկսեց աղոթել ի փառս Խաղան ալ Սալթանեի գերդաստանի: Շուրթերը շարժվում էին ինչպես ջրաղացի ատամներ՝ աղոթքի ալյուր դուրս թափելով: Ինքս ինձ մտածեցի՝ իսկ միգուցե հաճոյախոսության ու գովաբանության տե՞նդն է բռնել: Քանի գովասանքներն ինձ էին վերաբերում, էլի ինչ-որ իմաստ ունեին, սակայն իմ ի՜նչ գործն էր, թե Աստված բացո՞ւմ է Խաղան ալ Սալթանեի տան դուռը, թե՞ փակ պահում հազար տարով… Այսպես մտմտում էի, երբ այդ անպատկառ տիպը հանկարծ թողեց Խաղան ալ Սալթանեի փեշերն ու բռնեց գործող վարչապետ Ֆաղֆուր ալ Դոլեի օձիքը: Այս անգամ օրհնանքի ու հաճոյախոսության փոխարեն, ջրաղացն սկսեց անեծքի ու նզովքի ալյուր աղալ: Պարզվեց՝ այս բազմատաղանադ տիպը որքան որ քաղցրալեզու էր, հենց նույնքան էլ հայհոյախոս էր: Տարաբախտ Ֆաղֆուր ալ Դոլեին դարձրեց դավաճան, անզգամ ու անբարո: Էլ վատ բան չմնաց, որ չվերագրեր նրան: Ըստ երևույթին՝ այս տիպը տեղյակ էր Ֆաղֆուր ալ Դոլեի և նրա ընտանիքի կյանքի ամենաաննշան իրադարձություններից անգամ՝ սկսած այն օրվանից երբ հունցվել էր նրանց գոյության շաղախը, և դրա վերաբերյալ ինչե՜ր ասես, որ չպատմեց: Ես արդեն դուրս եկա ափերիցս ու բղավեցի. «Ախր, ջա՜նս, կաչաղակի լեզու ես կուլ տվե՞լ: Մի՞թե չանադ թուլացել է, որքա՞ն ես չաչանակում, երկու ժամ է գլուխ ես տանում, և դեռ չգիտեմ ի՞նչ ես ուզում ինձնից, ո՞ւմ հետ խնդիր ունես, ի՞նչ ես բռնել իմ նոսր մորուքից: Եթե ինչ-որ բան ես ուզում ասել, յալլա՛, լեզուդ թացացրու, թե չէ՝ ի սեր Աստծո և մարգարեի՝ վազ անցիր մեզանից և Աստծո բարեգթությանը թող մեզ, մենք էլ քեզ կթողնենք Աստծո բարեխնամությանը»:
Այդ տիպը, հենց տեսավ վիճակը նպաստավոր չէ, և քիչ-քիչ լցվում է մեր համբերության բաժակը, բռնազբոսիկ ծիծաղով ասաց. «Աստված չանի Ձեզ ձանձրույթ պատճառած լինեմ, ուղղակի այնքան հարգանք ու մեծարանք ունեմ Ձեր հանդեպ, չգիտեմ էլ ինչպե՛ս արտահայտեմ միտքս: Այո՛, Դուք արդեն նվաստիս պարզերես կանեք Խաղան ալ Սալթանեի մոտ: Խաղան ալ Սալթանեն անչափ հարգանք ունի Ձեր հանդեպ՝ իմ ասածներից շատ անգամ ավելի: Վերջապես, ես որքան կարողացա, կատարեցի իմ պարտականությունը և հարգանացս հավաստիքը դրեցի Ձեր ոտքերի տակ: Այս պահին կբացատրեմ. ուրեմն ես նրան հայտնել եմ, որ աղա Շեյխ Ջաֆարը բոլոր հավաքների ու ժողովների ճարտասանն է: Խաղան ալ Սալթանեն մեծ հույսեր ունի, որ Ձեր օգնությամբ այս դավաճան, հայրենածախ ոչնչություն Ֆաղֆուր ալ Դոլեի շառն ինչքան շուտ կկրճատենք խեղճուկրակ ժողովրդի գլխից: Խաղան ալ Սալթանեն նրանցից չէ, ովքեր ուրանում են իրենց ընկերներին և Ղաֆուր ալ Դոլեի պես խաբում իրենց համակիրներին՝ մեր նման հետևորդներին: Որ իմանաք ժամանակին ինչքա՜ն ծառայություններ եմ մատուցել Ֆաղֆուր ալ Դոլեին մինչև իր վարչապետ դառնալը, դրանից հետո կարծես երբեք մեր անունն էլ լսած չլիներ, շան տեղ չէր դնում մեզ: Ո՜չ, Խաղան ալ Սալթանեն հախուհաշիվ ճանաչող մարդ է և առայժմ չնչին գումար է ուղարկել առաջիկա ծախսերի ու գործերի համար, որպեսզի ձեռքի տակ ունենաք: Հարկավ, մնացածն էլ քիչ-քիչ կհասնի ձեր ձեռքը, Աստծո հույսով…»:
Մեկ էլ տեսա՝ ձեռքումս մի քսակ փող, ինքս եմ ու ինքս: Մինչ ուշքի եկա, այդ տիպը դուռը բացել և դևի պես աներևութացել էր: Սկզբում բնավ չէի հասկանում, թե այս խմորը որտեղի՞ց է ջուր տանում, և ինչի՞ համար են այս խաղերն ու բանսարկությունները: Բայց հետո կամաց-կամաց հիշելով այդ տիպի խոսքերը՝ գլխի ընկա, թե ինչն ինչոց է: Եվ ուրեմն այսպես. «Խաղան ալ Սալթանեն ոտը դրել է Ֆաղֆուր ալ Դոլեի ոտի տեղը, ուստի մեր անունը լսելով՝ որոշել է նրա տապալման նախապատրաստությունը նյութել: Բարի՛, շա՛տ ապրեմ ես, որ հեղինակություն եմ դարձել»: Սկսեցի քահ-քահ ծիծաղել: Հենց այդ պահին ձեռքումս բռնած քսակն ընկավ գետնին և բակի սալահատակին դիպչելով՝ պատռվեց. տասը թումանի չափ երկհազարնոց մետաղադրամներն սկսեցին ամեն մեկը մի կողմով փախչել՝ ինչպես շնից հետապնդվող ճտերը: Հենց այդ ժամանակ հանկարծ դուռը բացվեց ու ողջույնի ձայն լսվեց, երևաց Հաջի Ալիի գլուխը: Աչքը չարխի երկհազարնոցներին որ դիպավ, շրթունքները ծռմռելով ասաց. «Օհո՜, երևում է, որ հիմա ձեր տանը, թաղի հինումին վերմակների բամբակների փոխարեն, Ամին ալ Սալթանե ամիրի արծաթադրամներն են թափվում: Լա՜վ, փա՛ռք Ալլահին: Ի՜նչ էլ չլինի, մութ տեղը լույս տվողի զրնգոցն առավել քաղցրալուր է, քան գզրարության աղեղի ձայնը: Երևում է՝ դուքանիդ շառից ազատվել և վաղեմի աղեղդ էլ վաճառել ես, որ ձեռքդ էսպես փողեր են ընկել»:
Ուզում էի հեքիաթներ հյուսել, բայց մտածեցի՝ չէ՛, ախր մենք եղբայրության ձեռք ենք սեղմել, և ճիշտն ասած, սիրտս էլ չէր համբերում, որ իմ նորատի արժեքն ու կարևորությունը չցուցադրեի, այդ իսկ պատճառով ամենայն ճոխությամբ պատմեցի եղելությունը, ավելացնելով. «Հիմա ի՛նչ խելքիդ հասնում է՝ ասա՛ ինձ, և ես չեմ հակառակվի»: Հաջի Ալին գլուխն օրորեց ու ասաց.« Շա՜տ բարի: Երևում է, որ գործերդ լավ են գնում՝ սկզբնածախդ Խաղան ալ Սալթանեի պես մարդուց ես ստացել: Բայց ես մոռացել եմ մի կարևոր կետի մասին քեզ զգուշացնել, ինչը այժմ չպետք է մոռացվի: Դրանից հետո ինքդ ծուռ նստիր ու շիտակ դատիր: Ոնց քո խելքը քեզ կասի, այդպես էլ վարվիր: Ինձ մնում է ասելն ու եղբայրական պարտքի կատարումը»:
Մտածեցի՝ Հաջի Ալին աչք է դրել այդ փողից մի քանի թումանի վրա և այսպիսի խոսքերով ուզում է ինչ-որ խաբեություն անել, բայց ո՛չ, Հաջի Ալիի առակն այլ բան ցուցաներ: Նա ասաց. «Աղա՛ Շեյխ Ջաֆար, իմացի՛ր, որ յուրաքանչյուր գործ, ինչպիսին էլ այն լինի, կապիտալ է պահանջում: Փողոցի գլխին եգիպտացորեն վաճառող քոռ Ռահիմից սկսած մինչև դրամ հատող Հաջի Հոսյեն աղան, ով էլ որ լինի, որևէ գործ դնելու և փող աշխատելու համար պետք է նախնական կապիտալ ունենա: Պարզ է, որ քաղաքական այր դառնալն էլ առանց կապիտալի հնարավոր չէ…»:
Ես այստեղ ընդհատեցի Հաջի Ալիի խոսքը և ասացի. «Այսինքն ուզում ես ասել՝ կրթությո՞ւն է պետք»: Հաջի Ալին քմծիծաղ տվեց ու ասաց. «Չէ՜, կրթությունը քաղաքական այրի ինչի՞ն է պետք: Հո՞ չի ուզում վարժարան բացել»: Ասացի. «Ուրեմն վստահաբար ուզում ես ասե՞լ՝ հաշվարկող ու հաշվենկատ մարդ պիտի լինի»: Նա ասաց. «Տո՛ հեր օրհնած, հաշիվն ինչի՞ն է պետք: Քաղաքական այրը հո չի՞ ուզում հաշվապահ դառնալ»: Ասացի. «Բա էլ ի՞նչ է պետք: Գուցե ուզում ես ասե՞լ, որ Մեքքա, Քարբալա, Մաշհադ և այլ նման սրբավայրեր ուխտի՞ գնացած լինի»: Հաջի Ալին ասաց. «Չէ՛, քաղաքական այրը հո ուխտի մունետիկ, ուխտավար կամ չարվադար չէ: Ես նկատի ունեմ՝ ճիշտ ու մաքուր լինելը: Կրթությու՜ն, հաշի՜վ, սրբությու՜ն, դրանք միայն խոսքեր են: Քաղաքական այրի դուքանի կապիտալը՝ ճիշտ ու մաքուր լինելն է, և վե՛րջ»: Ասացի. «Մաքուր լինել, այսինքն՝ մաքուր աչքո՞վ նայել ուրիշի կնկան կամ, օրինակ՝ ուրիշի երեխային չդավաճանե՞լ…»: Նա ասաց. «Չէ՜, այդ բաներն ի՞նչ կապ ունեն ճշտության ու մաքրության հետ: Մաքուր լինել՝ նշանակում է կաշառք չվերցնել: Քաղաքական այրը նա է, ով կաշառք չի վերցնում»: Ասացի. «Կաշառք ասելով ի՞նչ նկատի ունես, հենց այն, որ մոլլաների ու կրոնավորների ձեռքն ենք խոթո՞ւմ»: Ասաց. «Այո՛: Նախկինում չքավորներն ու թշվառներն էին խաներին, իշխաններին ու նախարարներին կաշառք տալիս, սակայն սահմանադրական կարգերից հետո հակառակն է՝ խաները, իշխանավորներն ու նախարարներն են իրենց ենթականերին կաշառք տալիս…»: Ասացի. «Լա՛վ, դա հո կաշա՞ռք չէ, դա բարեգործություն է, պարգևատրում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ»: Ասաց. «Բարեգործությունը Աստծո ողորմածության համար են անում, սակայն կաշառքն այլ է: Հենց այնպես, որ նախկինում եթե մեկը ցանկանում էր որևէ պաշտոն ձեռք բերել, հազար թուման կամ երկու հազար թուման տալիս էր շահին ու վարչապետին և գործը գլուխ բերում, այսօր էլ նույն նպատակով նույն հազար թումանն ու երկու հազար թումանը բաժանում են հինգթումանանոց ու տասթումանանոց փոքրիկ կապոցների, և երեսուն-քառասուն քաղաքական այրեր սիրաշահելով՝ հասնում են ցանկալի պաշտոնի: Այս քաղաքական գործիչներից շատերը, որոնց դու տեսնում ես, հենց այդ գործեին են՝ աճուրդ և մրցույթ: Կաշառք չվերցնելն է դռան բանալին: Հենց այնպես, որ եթե դու գիշերային տեղաշարժի անցագիր չունենաս, քեզ չեն թույլատրի երթևեկել, չեն թողնելու նաև քաղաքական գործի մեջ մտնես: Սակայն հենց տեղդ պնդացնես, այդ ժամանակ դու էլ կդառնաս քաղաքի ղարաուլներից ու ոստիկաններից մեկը, իսկ ղարաուլից ու ոստիկանից ո՞վ է անցագիր պահանջում: Այդուհանդերձ, պարզ է վերջապես, եթե կարողանաս այնպես անել, որ ոչ մեկը չիմանա կաշառք վերցնելուդ մասին, նույնիսկ կնոջդ ու երեխաներիդ լավ ներշնչես ու հավատացնես խնդիրը, այդ ժամանակ արդեն կդառնաս ակնառու քաղաքական այրերից մեկը: Սակայն ճարպկության և խորամանկության այդպիսի աստիճանի համար դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտես կամ թե քաղաքականություն մտնելուց առաջ ախունդ ու մոլլա լինես, կամ էլ աղա ու ամիրա, այդ կարգի բաներ, եթե ոչ, կաշառք վերցնելն ու ծածուկ պահելը՝ թթու է՝ թան չէ, ամեն մարդու բան չէ»:
Մի խոսքով, ինչ ձեր գլուխը տանեմ, Հաջի Ալիի ասածները լավ մտան իմ ականջը, և հասկացա, որ կուտը կերել եմ, գուցե արդեն իսկ ամբողջ քաղաքում լուրը թնդում է, թե Հաջի Ալին ճիշտ ու մաքուր մարդ չէ, դեռ աչք չբացած՝ այստեղ-այնտեղ կաշառքին է ձեռք մեկնել: Ինքս ինձ ասացի. «Աղա՛ Ջաֆար, արժանի ես սրան, հիմա բարեկամ ու թշնամի ամեն տեղ կնստեն ու կբամբասեն, թե արդեն հինգ-հինգ ես ստանում: Պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ինչ-որ խորամանկություն մտածել, որպեսզի հազար նեղությամբ վաստակած այս երկու շահի պատիվը չընկնի ջուրը»:
Դուրս եկա տնից ու մեջլիսի ճամփան բռնեցի: Մեջլիսի շենքին հասնելով, տեսա՝ բազմություն է հավաքվել, կոչեր են հնչում: Լավ չիմացա, թե խնդիրքն ինչ է, միայն այսքանը ականջիս զարնեց՝ «դավաճանություն» «կալանավորում» «կախաղան», և գլխի ընկա, թե կրկին քաղաքական ճարպիկներն ինչ-որ քամբախտի հետ թարսվել և նրանց դրդմամբ՝ մարդիկ կատաղել են: Այս ընթացքում քիչ-քիչ էլի մեր շուրջը ժողովուրդ հավաքվեց, օրհնանք-ողջույն երկինք ելավ, և ձայն տվեցին, թե՝ «Աղա Շեյխ Ջաֆարն ուզում է ճառ ասել»: Մինչև ուշքի եկա, մեկ էլ տեսա՝ ինձ բարձրացրին ու մի պատվանդանի վրա կանգնեցրին, բազմությունն էլ աչք-ականջ-բերանը բաց արած սպասում էր՝ տեսնելու, թե աղա Շեյխ Ջաֆարն ինչպե՛ս է ուզում դավաճանների պորտը դնել տեղը: Մենք էլ մեզ չկորցրինք, Հաջի Ալիի սովորեցրած խոսքերից յոթ-ութ հատը կարելույն չափ հազար զոռով կապկպեցինք իրար, «հայրենիքի դավաճանների» պոչին էլ մի քանի ծանր քարեր կապելով, նրանց վախեցրինք «ազգային խռովքից ու զայրույթից»: Այնուհետև ժպտալով հայտարարեցի. «Նոր լուրն այն է, որ սրանք ուզում են ինձ էլ դարձնել իրենց նման դավաճան, բայց սխալ հասցեով են եկել, մեր աչքը շատ է տեսել այսպիսի փողի քսակներ: Եթե մեր կոկորդում զոռով խցկող հարյուր հազար թումանի փոխարեն հինգ հարյուր հազար թուման էլ տան, չեն կարող մեզ շեղել հայրենասիրության ուղուց»: Շատ կուզենայի այդ պահին որևէ հարմար օրինակ իմանայի եվրոպացիների հայրենասիրության օրինակներից և այն պատմելով ամբոխին՝ գերազանց խոսքով հանդես գայի, ինչպես սովորաբար անում են քաղցրահունչ խոսող ճարտասանները, բայց ոչ մի բան չգիտեի, դեռ ուրիշների վարպետության աստիճանին էլ չէի հասել, որպեսզի ոտի վրա անմիջապես ինքս ինձնից մի բան թխեի, ուստի հրաժարվեցի այդ մտքից, և հանկարծ գրպանի խորքերից դուրս բերելով Խաղան ալ Սալթանեի քսակը և նայելով քսակին, մտքովս անցած անկապ ու անտաղանդ մի ոտանավոր արտասանեցի: Երբ բազմության ծափահարությունները լռեցին, կանչեցի դուքանիս աշակերտ Հաշեմչիկին, որը ուժգին ծափահարությամբ ահագին աղմուկ-աղաղակ էր գցել բազմության մեջ, և նրան ասացի. «Վերցրո՛ւ այս փողի քսակն ու տար հասցրու իր տիրոջը, նրան ասա, որ ֆլան մարդն ասում է՝ այսպիսի բաներով չի լինի փակել հայրենասերի բերանը»: Խեղճ Հաշեմը մինչ ուզում էր հարցնել՝ ինչը ի՞նչ անեմ, երկինք բարձրացան՝ «Կեցցե՜ Շեյխ Ջաֆարը» և «Ողջո՜ւյն ազգային պատվախնդրությանը» գոչյունները: Մարդիկ մեզ շրջապատեցին, ինչպես շրջապատում են սուրբ Աբբասի կողմից բուժված կույրին: Մեկ էլ ուշքս տեղն ընկավ, տեսանք՝ հեռու ենք տարվել մեջլիսի շեմից և հետզհետե լրիվ մենակ ենք մնացել: Գլուխս էլ ցավում էր, ուզեցի չիբուխ ծխել, բայց տեսա, որ հենց նույն մարդիկ, ում կեցցեների ձայները դեռ հնչում էին ականջումս, քաշքշուկների ընթացքում գրպանիցս իբրև մասունք թռցրել էին իմ չիբուխը, թութունի քսակն ու մի քանի մանր-մունր այլ բաներ: Ամենից շատ սիրտս վառվեց մի քանի երկհազարնոցների համար, որոնք Խաղան ալ Սալթանեի քսակի ծակից գցել էի… այսինքն… ընկել էին գրպանիս անկյունները, ուզում էի դրանցով հացուջրի ծախսը փոքր-ինչ հոգալ: Մեկ էլ հանկարծ ականջիս տակ լսվեց ծանոթ ձայն, և դող ընկավ մարմնիս: Նայեցի, տեսա՝ հենց այն տիպն էր, որ Խաղան ալ Սալթանեի կողմից փող էր բերել: Սկզբում որոշեցի մի քանի հայհոյանք թափել գլխին և նրան հասկացնել իմ հայրենասիրական նախանձնախնդրությունը, բայց տեսա, որ բազմություն չկա, և անօգուտ ջերմեռանդությունը կամ քաղաքական գործիչների լեզվով ասած՝ «ազգային ազնվությունը» անտեղի կլինի: Ինքն էլ հո բոլորովին ժամանակ չտվեց, էլի շողոքորթության ու քծնանքի ավանակը կապելով քաղցրախոսության ջրաղացին, սկսեց երեկվա անգիր արած ձոներգը: Հաճոյախոսությունների մասն ավարտելուց հետո, առանց շունչ առնելու սկսեց բարևներ ու ողջույններ հղել մեզ Խաղան ալ Սալթանեի կողմից, ապա ավելացրեց. «Այսօր լսեցի ձեր ճառախոսությունը, գերազանց էր: Իհարկե, դուք նպատակահարմար էիք գտել այդպե՛ս խոսել: Ինչպես ասում են՝ «Խոսրով ինչ էլ անի, Շիրին է»: Իսկապես, վարպետության դաս տվեցիք: Ձեր ժամանակների Պլատոնն եք: Հաստատ Ձեր ոսկեձույլ արձանը կդնեն, հիմա Ֆրանգստաններում բոլորը Ձեր մասին են խոսում: Ես վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ շուտով Խաղան ալ Սալթանեն վեզիր կդառնա, և ձեր շնորհիվ մեր գլուխն էլ անգլխարկ չի մնա, շատերը Ձեզ կօրհնեն»: Մի խոսքով, այդ տիպը մինչև մեր տան շեմը հա՜ ծնոտը շարժեց ու հա՜ մեր հացին կարագ քսեց: Ես չգիտեի ինչ հնարքով գլուխս ազատեմ այդ աներես, ճամարտակող աճպարարից: Հենց տուն մտա, շտապ փակեցի դուռը և մենակ մնալով՝ թեթևացած շունչ քաշեցի: Սկսեցի ձեռքերս լվանալ նամազ կարդալու համար, մեկ էլ տեսա՝ կնոջս ու Հաշեմչիկի ճղճղոցը բարձրացավ: Կինս կանչեց. «Աղա՜ Շեյխ, արի տես էս քեզ արժանի անշնորհքն ի՛նչ ղալաթ է անում: Քո ուղարկած փողից տասնհինգ ղռանը վերցրել, ասում է՝ իր մեկ ամսվա ռոճիկն է: Ո՞վ միսը պահ կտա կատվի ձեռքը, որ դու սրան փող ես տվել, մի՞թե չես ճանաչում այս աչքածակին: Շտապ մոտեցիր, եթե կարող ես՝ սրա հախից արի…»: Պարզվեց, որ Հաշեմչիկը մեջիլիսի մոտ փողն ստանալով ինձնից՝ չի իմացել որտե՛ղ տանել և ո՛ւմ տալ, բերել է մեր տուն և վրայից տասնհինգ ղռանը վերցրել՝ որպես իր աշխատավարձ: Դե ի՞նչ արած, Աստված այդպես է կամեցել, մենք էլ գոհ ենք Աստծու գոհությամբ և նրա կամքին ենք հպատակվում: Այնուամենայնիվ, արտաքին ձևերը պահելու համար մի քանի շանթուորոտ թափեցինք Հաշեմչիկի գլխին, Հաշեմչիկն էլ մեծահոգաբար չլսելու տվեց և տասնհինգ ղռանը դնելով գրպանը՝ ծլկեց:
Հաջորդ օրը բոլորի լեզվի ծայրին իմ անունն էր: Լսեցի՝ շուկայում երդվել էին, որ իրենց սեփական աչքերով են տեսել, թե իսկի չեմ էլ նայել ինձ ուղարկած հազար ոսկեդրամին: Նույնիսկ պատմել էին՝ շահը խոստացել է, որ եթե ոտս դուրս հանեմ իր կոշկից, իմ անունով անշարժ գույքի սեփականության վեց բաժնեմաս կգրանցի:
Եվ այսպես, սակավ առ սակավ դարձանք քաղաքի երևելիներից մեկը: Հաջի Ալին մի երկու անգամ եկավ և սրտնեղեց, թե իրեն մոռացել եմ. բանի տեղ չդրեցի՝ ինքն էլ իր հաշիվն իմացավ ու գնաց իր գործին: Հետագայում լսեցի, որ առևտրական է դարձել, գործերը լավ են, և հենց որ փորը կշտացել է՝ գլխից հանել է քաղաքականությունը:
Մի քանի ամիս հետո, երբ ընտրաշրջանը վրա հասավ, դեմոկրատների ու չափավորականների կողմից առաջադրվեցի, երկու խմբավորումից էլ մի քանի հազար քվե հավաքեցի, սակայն մի քանի ամիս պատգամավոր աշխատելով, տեսա՝ վտանգավոր գործ է. թեև պատառդ յուղոտ է լինում, բայց մշտապես պետք է կռվարար աքլոր լինես, անընդհատ սրա-նրա վրա թռնես, խանի ու վեզիրի ոտքերը կծոտես, իսկ ես, ինչ էլ չլինի, երկար տարիներ պատվով էի ապրել, և այդպես՝ իմ բեռը չէր բռնի: Սա էր պատճառը, որ քիչ-քիչ մեր այս Նային քաղաքում, որը հեռու է կենտրոնի աղմուկ-աղաղակից, ինքներս մեզ համար իշխանություն կերտեցինք, բռնեցինք մեր կնոջ ու երեխաների ձեռքն ու եկանք այստեղ: Եվ հիմա քանի ժամանակ է արդեն, հանգիստ կյանք ենք վարում: Տղաս էլ վերջերս Ֆարս նահանգի Լուսավորության վարչության պետ է նշանակվել, և նա էլ է ուրախ, մենք էլ, և խնդրում ենք ձեզ՝ այսուհետ մեզ քաղաքական այր չհամարեք, չանվանեք և չառաջադրեք:
Բեռլին, 1921թ.
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի
Գեղեցիկ է թարգմանվել։ Շնորհակալություն։