Նադեր Էբրահիմի | Քառասուն նամակ կնոջս

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Տիկի՛ն, իմ առատաձեռն ու անկարոտ տիկի՛ն,
Քո՝ այդ քչապահանջությունն ինչպե՜ս է կոտրում սիրտս…
Քո՝ ոչինչ չպահանջելը, եղածով գոհանալը…
Ակնկալող աչք ու ձեռք ու լեզու չունենալը և ցանկապատից այն կողմ չնայելը քո…
Երանի ինչ-որ դժվարին ու անհնար գործ պատվիրեիր, որպեսզի ես հանուն քեզ՝ այն դարձնեի դյուրին ու հնարավոր…
Երանի ինչ-որ բան ուզեիր՝ բացարձակապես չգտնվելիք, որպեսզի ես ի հայտ բերեի այն քեզ համար …
Երանի աշխարհի ամենալավ զվարճաբանների պես կարողանայի քեզ ծիծաղեցնել՝ պոռթկուն ու երկար…
Երանի կարողանայի ամենագորովալի մայրերի պես սրբել քո այտերից արցունքների հետքերը…
Երանի նամակ լինեի, թեկուզ մի անգամ ամենալավ լուրերով:
Երանի հոգնածություններիդ ծանր պահերի համար բարձ լինեի՝ փափկավուն…
Երանի՜, ա՜խ երանի, ինչ-որ ակնարկ, ինչ-որ հրաման, ինչ-որ կարիք, ինչ-որ հեռու-հեռավոր փափագ ունենայիր…
Ախ, քո սակավապահանջությունն ինչպե՜ս է կոտրում սիրտս…

ՆԱՄԱԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Սիրելի՛ս,
«Գիշերը խորն է, բայց ցերեկը՝ դրանից էլ առավել խորը: Տխրությունը խորն է, բայց ուրախությունը՝ դրանից էլ առավել խորը»:
Չեմ էլ հիշում՝ այս խոսքը երիտասարդ ժամանակ կարդացե՞լ եմ ինչ-որ տեղ, թե՞ ինքս եմ գրել երիտասարդության օրերին:
Բայց, ինչևէ, շատ եմ սիրում այս խոսքը:
Երեկ մայրամուտին նկատեցի նորից, որ տխրամած էիր ու ինքնամփոփ: Ես երբեք չեմ հերքում վշտի անհրաժեշտությունը, քանզի գիտեմ, որ ոչինչ այնպես չի մաքրազտում հոգին և այնպես չի հղկում զգացմունքների անդամանդը, ինչպես վիշտը, սակայն վշտին ասպարեզ տալն էլ չեմ ընդունում երբեք, որովհետև տխրությունն ագահ է, պահանջկոտ ու սահմաններ չճանաչող, խռովարար, անհնազանդ ու սանձակոտոր:
Որքան ասպարեզ տաս տխրությանը, նա նույնքան ասպարեզ կպահանջի և շարունակ ավելին ու ավելին…
Ինչքան կուչ գաս նրա առջև, այդքան նա հասակ կնետի, կտիրապետի ու կճզմի …
Տխրությունը երբեք չի նահանջում, մինչև նրան ինքդ չվանես: Չի փախչում, եթե ինքդ փախուստի չմատնես նրան: Դադար չի առնում, եթե անգթորեն չճնշես նրան…
Տխրությունը երբեք չի հոգնում գրոհից:
Եվ երբեք չի ընդունում բարեկամական հաշտությունը…
Եվ եթե առաջ անցնի ու ամբողջապես տիրի հոգուն, մարդը կդառնա ունայնություն, անարժանիք, ոչ-մարդ, վշտի գերի և տարապարտ խաչված:
Ես էլ քեզ պես գիտեմ, որ ցավատանջ այս աշխարհում հրեշային է այն մարդու անհոգությունը, ով սեփական կարպետը դուրս քաշելով վշտի ծովից՝ ի վիճակի է զվարթ ու անփույթ նստել ափին: Անարժանապատվություն է դա, անարգություն և մարդուն պատիվ չբերող:
Այդ ձևով ուրախ լինելը, դեռ երջանիկ լինելու նշան չէ, այլ մատնանշում է մտածողության, զգացողության և ըմբռնման բացակայությունը: Այդուամենայնիվ, ասել եմ, որ այս տխրամած ու թախծոտ աշխարհը փոխելու և ցավոտ այս աշխարհը բուժելու համար, բժիշկն իրավունք չունի իր հիվանդի սնարին արտասվել՝ խլելով զվարթության սակավ րոպեները կյանքի երկար տարիներից:
Մանուկների ու հիվանդների աչքերը մայրերի ու բժիշկների հայացքներին են սևեռված:
Եթե այդ հայացքների խորքերում թեկուզ աննշան մի ժպիտ տեսնեն, կբազմապատկվի նրանց վերընձյուղման ուժը:
Ականջ դիր երեխաների ծիծաղի ձայնին, ինչպես նաև նրանց ցավագին լացի ձայնին, որ իմանաս՝ այս խոսքն այնքան էլ անհեթեթ չէ:
Սիրելի՛ս,
Մի մոռացիր քո տան մանկաբնույթ այս հիվանդին:
Ես ժպիտի սրտագորով պահերի կարիքն ունեմ, ժպիտը սրտի՝ ի հեճուկս ամեն ինչի:

ՆԱՄԱԿ ՅՈԹԵՐՈՐԴ

Սիրելի՛ս,
Քանի ժամանակ է, ուզում եմ քեզանից խնդրել, որ չնայած բոլոր հարցերին ու դժվարություններին, մեկ-մեկ լուսնկա գիշերներին գնանք քայլելու, ուս-ուսի գնանք գիշերային դեգերումների: Անշուշտ, դա կնորոգի հոգու մաշված մասնիկները և կկոփի մարմինը՝ դժվարություններին դիմանալու համար:
Բացի դրանից, գիշերային հետիոտ պտույտների ժամանակ, մենք շատ բաների մասին զրուցելու առիթ կունենանք:
Մի՛ վախեցիր, իմ տիկի՛ն: Ոչ ոք մեզ չի հարցնի, թե ի՛նչ ազգակցական կապ ունենք իրար հետ և ինչո՛ւ ենք խուլ վայրերով այսպես կիպ կպած քայլում լիալուսնի լույսի տակ: Ոչ ոք չի հարցնի: Միայն այն մարդիկ, ում հոգիները ծերացել են, կասեն. «Նման արարքները երիտասարդներին են վայել»: Եվ չկա ավելի տխուր բան, քան հոգու ծերությունը, մահից հարյուր անգամ ավելի վատ է դա…
Ի դեպ, ամբողջովին փակել եմ մեր պարտքերը թաղի խանութին: Հիմա հանգիստ մտքով կարող ես անցնել խանութի մոտով: Էլ ոչ մի հայացք պարտատիրոջ կշտամբող հայացքը չի լինելու: Վստահ եղիր:
Ի միջի այլոց, գնել եմ նաև քո կազմած ցանկի բոլոր պիտույքները՝ բրինձ, սիսեռի ալյուր, ցորենի ալյուր, մակարոն, սև պղպեղ, դեղին կոճ, նաբաթ, դափնու տերև, օճառ, լվացքի հեղուկ և դարչին (ի՜նչ էլ վաղեմի օրերի հոգեթով բույր ունի):
Տեսնո՞ւմ ես, թե ինձ նման մոռացկոտն ինչ լավ է հատ առ հատ մտապահել բոլոր այն ապրանքների անունները, որ ուզել էիր:
Դեհ լավ, կարող ես փոքր-ինչ հանգիստ լինել և առաջիկա օրերին՝ մի երեկո, կարճատև քալերթի առաջարկություն տալ մեզ: Մենք, թեև շատ գործեր ունենք, կընդունենք Ձեր առաջարկը:
Սիրելի՛ս,
Մենք երբեք այնքան պարտապան չենք լինի, որ չկարողանանք հաղթահարել մեր պարտքերը: Եվ երբեք այնքան չենք ծերանա, որ չկարողանանք նորից ծնվել:
Մենք հետ չենք մնա ժամանակներից, ժամանակները քարշ կտանք մեր հետևից…
Բավ է միայն, որ քիչ էլ դիմանանք և ուժից չընկնենք:

ՆԱՄԱԿ ԻՆՆԵՐՈՐԴ

Այնպիսի ժամանակներ են, որ նույնիսկ սիրահար երիտասարդներն էլ չգիտեն լուսնի լույսի արժեքը: Մենք ենք, որ այս դժվարին ժամանակներում պետք է ծիրկաթինի և վայր ընկնող ասուպների վճիտ ու շքեղաշուք պատվի պահապանը լինենք:
Միգուցե ասես. «Այսպիսի ժամանակներում, ինչպե՞ս կարելի է մտածել լիալուսնի տակ քայլելու մասին»: Գուցեև չասես, որովհետև անգամներ լսել ես ինձանից այս հարցի պատասխանը և էլի կլսես.
«Նա, ով երբեք հացը վշտով կուլ չի տվել
Եվ գիշերը հառաչանքով չի լուսացրել,
Նա երբեք, երբեք, երբեք չի կարող՝
Ո՜վ երկնային ուժե՛ր, ձեզ ճանաչել»:
Գյոթե

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Իմ մեծարժան տիկի՛ն,
Ուրիշների դատողությունները՝ մեր վարքի, գործերի ու խոսքերի վերաբերյալ, ինչու՞ են այդպես հուզում ու խռովում քեզ:
Ինչու՞ ես մշտապես մտահոգվում, որ չլինի այնպիսի արարք կատարենք, որ ուրիշների բացասական դատողությանը հանգեցնի:
Իսկապես, ովքե՞ր են այդ «ուրիշները», որոնք երբեմն այդքան ալեկոծում ու վշտացնում են քեզ:
Արդյոք լա՞վ ես ճանաչում նրանց և հավատո՞ւմ ես նրանց դատողությանն ու հոգեկան առողջությանը:
Վատն այն է, որ դու վախենում ես այն մարդկանց լուտանքներից, ովքեր իրենց հացը վաստակում են սպառնալիքի, զոռբայության և կեղտաբերան խոսքի միջոցով, և անտարակույս սևաբախտ են:
Զարմանալի է՝ դու ուզում ես, որ ոչ միայն մտավորականներն ու սովորական մարդիկ, այլև մտավորականատիպերն ու մարդատիպերը ևս գովեն մեզ ու մեր կյանքը և ոչ մի վիրավորանք ու հարված չհասցնեն մեզ:
Դու ցանկանում ես, որ մեր ուղու, հայացքների և իդեալների հակառակորդներն անգամ անկեղծորեն գնահատեն ու սիրեն մեզ:
Դա հնարավոր չէ՛, չէ՛, չէ՛, սիրելիս, դա հնարավոր չէ: Այնպիսի պայմաններում, երբ արդարամիտ դատողության հնարավորություններ չկան ամեն մեկի համար, բոլորովին կարևոր չէ, թե ուրիշներն ինչպես են դատում մեզ: Կարևորն այն է, որ մենք ազնվությամբ տոգորված մեր մենության մեջ, մեր սրտի խորքում ինչպես ենք դատում ինքներս մեզ:
Սիրելիս,
Ե՛կ, փոխարեն ինչ-որ օրաթերթում այսօր գրվող-վաղը մոռացվող մի կարճ լուրից իրար խառնվես, վախեցի՛ր ու անհանգստացի՛ր այն բանից, որ մենք ինքներս մեզ մոտ չլինի թե ամոթով մնանք որևէ արարքի, խոսքի կամ քայլի համար:
Մեզանից առաջ են դեռ ասել, ու դու հավատա՛, որ՝
Ո՛վ գործ է կատարում (որքան էլ չնչին), զայրացնում է նրանց, ովքեր ոչ մի գործ չեն անում:
Ո՛վ կառուցում է ինչ-որ բան (թեկուզ զույգ ճնճղուկների խարխլված բույնը), ատելի է դառնում նրանց, ովքեր գլուխ չունեն կառուցելու հետ:
Նա, ով ինչ-որ բան է փոփոխում (թեկուզ ծաղկամանի տեղը փոխելու չափ, որպեսզի նրա միջի բույսը չփթի ու չմեռնի ստվերում), պետք է պատրաստ լինի քարկոծվելու բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր անշարժության, կանգի և լճացման սիրահար են….
Եվ ասեմ ավելին, լոկ սեփական ներկայության պատճառով, միայն սեփական ներկայությունը պնդելու համար՝ անձը կարող է անխուսափելիորեն թիրախ դառնալ այն մարդկանց նեղմտությունների նիզակին, ովքեր չեն զգում իրենց ներկայությունը, ովքեր իրենց ստացած դաստիարակության արդյունքում ստորությամբ են համակված….
Հնուց ասված խոսք է և, ինչ տեղին են ասել, որ աշխարհի ամենամեծ քաղաքների դարպասները հնարավոր է փակել, սակայն մի վայրկյան իսկ հնարավոր չէ փակել այն արարածի խղճուկ բերանը, ով չի կարողացել իր ուժերը գործի դնել օգտակար արտադրանք ունենալու համար կամ ի սպաս դնել՝ ժողովրդին, հայրենիքին, հասարակությանը և գաղափարին:
Արդյոք գիտե՞ս, որ բոլորի սազի տակ պարելը, բոլորին հաճոյանալու և բոլորի գովասանքը շահելու համար ծափ զարկելն ու ծաղիկ շաղ տալը, ինչի՞ կվերածեն մեզ. իսկական ծաղրածուի, դարդոտ ու սրտնեղած պալատական ծաղրածուի, ով մինչև կյանքի վերջին վայրկյաններ կախված է իր վարքուբարքի կախաղանից:
Սիրելիս,
Հիշի՛ր, որ քո տագնապն այն ամենն է, ինչ երազում են նեղմիտները: Նրանց ուզածն էլ հենց դա է, որ իրենց քենի ու ատելության չարիքը ստվերի մեր լուսավոր խրճիթի կարճ պատը և փոքր-ինչ պղտորի ամեն բանի երանգը:
Բա՛ց թող դրանց, սիրելիս, Աստծուն թո՛ղ կամ բնությանը:
Ինքդ լավ գիտես, որ քո մտահոգությունն ու տագնապն ինչպիսի դող են պատճառում իմ ծնկներին և ինչպես են ինձ խոչընդոտում՝ ճակատելու այն ամենի հետ, ինչը մենք՝ երկուսս, անճիշտ ենք համարում:
Իմ դշխո՛,
Մի պահ հիշիր այն առաջամարտիկ քաջարիներին, ովքեր իրենց դեմ-հանդիման, երես առ երես, մի քանի քայլի վրա տեսնում են վատթարագույն թշնամիներին: Արդյոք ճի՞շտ է, որ նրանք վախենան իրենց թշնամիների դատողություններից:
Ասա՝ «Մենք մինչև այն ժամանակ, երբ փորձում ենք ինքներս մեզ դատել ազնվաբար ու արդարացի, չենք վախենա և չենք նեղանա ուրիշների դատողությունից»:

ՆԱՄԱԿ ՏԱՍՆԻՆԵՐՈՐԴ

Իրոք, ի՜նչ թշվառ են նրանք, ովքեր իրենց նեղ աչքերը գամել են ուրիշների փոքր խրճիթների լուսավոր, արևկող պատուհաններին…
Եվ ի՜նչ լավ է, ի՜նչ լավ, որ մենք՝ ես ու դու, երբեք երջանկությունը չենք փնտրել հարևանի տանը…
Իսկապես պետք է պարծենանք ու գոհ լինենք, որ մեր երեխաները երբևիցե չեն տեսել ու լսել, որ մենք նախանձով խոսենք ուրիշների բարեկեցության, ուրիշների ուրախությունների, ուրիշների ունեցածների, ուրիշների սեղանների և նույնիսկ ուրիշների առողջության մասին: Ես երբեք, թեկուզ մի անգամ չեմ կասկածել, որ միայն քո վեհանձն հոգու անկարոտ լինելու շնորհիվ է մեր տան մեջ թևածում այս հպարտությունն ու հանդարտությունը:
Դու քո վեհաշուք ու բարձրաբերձ հայացքով՝ հանց առատաբեր երկինք, անհասանելի բարձունքներից սովորեցրիր բոլորիս, որ կարելի է շատ ուրախանալ որիշներին պատկանող ամենափոքրիկ ուրախությամբ՝ առանց այդ ուրախությանը տիրանալու կամ նրանից փայ պահանջելու:
Ես ասել եմ, իսկ դու գործնականում ես ցույց տվել, որ՝
Երջանկությունը հնարավոր չէ փոխ առնել:
Երջանկությունը հնարավոր չէ նույնիսկ մեկ վայրկյանով պարտք վերցնել:
Երջանկությունը չի լինի գողանալ:
Չի լինի գնել:
Չի լինի մուրալ…
Ուրիշների երջանկության սեղանին չի լինի նստել անկոչ հյուրի պես, ագահորեն ու որկրամոլությամբ: Հնարավոր չէ մի պատառ կտրել, որը չմնա կոկորդում ու չհրահրի անկշտությունը:
Ուրիշների երջանկության թռչնակը չի լինի թակարդը գցել, սեփական տուն բերել և բանտել վանդակում՝ սին հույսով, անտեղի և անիրագործելի մտադրությամբ…
Երջանկությունը, ենթադրում եմ, միակ բանն է աշխարհում, որ կառուցվում է այն մարդկանց մաքրամաքուր ձեռքերով, ովքեր իրապես ձգտում են դրան, և հետևանք է մաքրամաքուր խոկման…
Իհարկե, հասկանում ենք, որ երջանկության մասին մեր բոլոր խոսակցությունները վերաբերում են միայն շատ փոքր միավորներից ներս երջանկությանը, ոչ թե հասարակական, ազգային, պատմական ու համամարդկային երջանկությանը…Այդ երջանկությանը հասնելու համար, որը մարդկության վերջնական իդեալն է, առանձին անհատական ուժը, հույսը, ձեռնարկումը և կամքը չեն կարող ոչ մի տեղ տանել: Այն հնարավոր չէ ճշգրտորեն բացատրել ոչ մի նամակում, թեկուզ ամենաերկար թղթագալարում:
Սիրելիս,
Մեր այսօրվա երջանկությունը միայն նրա համար է պիտանի, որ այն օգտագործենք ուրիշներին երջանակացնելու նպատակով: Սա է մեր երջանկության հարատևման պայմանը, և սա է հենց մեր երջանկության պատճառը:
Մի օր ինձանից հարցրիր՝
-Ե՞րբ են պատճառն ու հետևանքն ամբողջապես մեկ դառնալու:
Եվ հիշո՞ւմ ես, ես նույն պահին չգտա քո հարցի պատասխանը:
Շատ լավ,
Հիմա արդեն գտել եմ պատասխանդ…

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *