(կինոսցենար)
Բլրալանջին խաղաղ լռություն է:
Խոր ամառ է ու պարզկա առավոտը տոթ օր է հուշում:
Սարի ստորոտին տարածված գյուղի մերձակա հանդերում հնձված, դեռ չհավաքված խոտի լասերն են, այս ու այնտեղ կիտված դեզեր, որոնք դեռ չեն տեղափոխվել գյուղ:
Ձախակողմյան բլրին կառուցված միանավ հին եկեղեցին ասես հսկելիս լինի շրջապատի անդորրը, որը երբեմն խախտվում է հեռվում աշխատող տրակտորի՝ հովի բերած-տարած հռնդյունից:
Սարն ի վեր՝ հանդամիջյան քարքարոտ ճանապարհն է՝ բացված բեռնատարների ու սայլերի երթևեկից: Դրա կողքից, հեռանալով ու մոտենալով, ոլորվում է աղոթատան ուխտավորների հին կածանը, որը երբեմն կորչում է աճած խոտերի մեջ: Արահետը վաղուց բանուկ չէ:
Արահետով բարձրացող տղամարդը երբեմն կանգ է առնում շունչը ետ բերելու համար, նայում է անցած ճանապարհին, հայացքը հառում է վեր՝ եկեղեցուն, որին դեռ պիտի հասնի: Չնայած նրա տարիքը մեծ չէ, երևի՝ 40-ին մոտ, բայց նա սովոր չէ սարն ի վեր բարձրանալուն, մանավանդ՝ ծանր ու մեծ ուսապարկով:
Խոտով բարձված բեռնատարը զգուշավոր դանդաղությամբ իջնում է բլրալանջի ճանապարհով:
Տղամարդն անմիջապես նստում է տեղում՝ թաքնվելով փարթամ աճած սիզախոտերի մեջ:
Բեռնատարը իջնում, հեռանում է:
Տղամարդը մեկնվում է մեջքի վրա՝ թիկունքով հենվելով ուսապարկին: Նա հոգնած հայացքով նայում է կապույտ, պայծառ երկնքին, փակում է աչքերը:
Նրա փակ կոպերը լցվում են արնագույն կարմիրով: Տղամարդը բացում է աչքերը, նայում է երկնքին ու նորից է փակում: Վառ կարմիրը կրկին հայտնվում է, ապա դանդաղորեն գորշանում է, մթնում…
Գրվում է տիտրը՝
Հանցագործը
Մթության մեջ արձագանքվող ծանր ոտնաձայները չարագույժ թնդյուն ունեն:
Բանտի թույլ լուսավորված բետոնահատակ միջանցքով, ձեռքերը ետևին, ծանր քայլերով գնում է Օրենքով գողը, նրա ետևից՝ բանտապահը:
Խցերից մեկի դռան մոտ նրանք կանգ են առնում:
Գողը՝ ինչպես կարգն է, երեսով շրջվում է պատը:
Բանտապահը դիտակով նայում է խցից ներս. կալանավորները խոր քնի մեջ են:
Բանտապահը բանալիով բացում է խցի դուռը, ապա շրջվելով Գողին, ցուցամատով ձեռքի ժամացույցի վրա տկտկացնելով հասկացնում է, որ նրան որոշակի ժամանակ է տրվում: Ներս թողնելով Գողին բանտապահը փակում է դուռը, զգուշավոր աջ ու ձախ է նայում:
Խցում, կալանավորներից ոմանք, քնած են անհանգիստ քնով:
Թույլ լուսավորվող լամպից Գողի ստվերը ձգվելով մոտենում, ընկնում է կուչ եկած, ծանր երազների մեջ քնածի վրա:
Գողը, ոտքով, ուժեղ հարվածում է նառի ոտքին: Կալանավորը վեր է թռչում ու սեղմվում է պատին: (Մենք ճանաչում ենք հանդամիջի տղամարդուն):
Դաժան, քինոտ ժպտացող Գողի ու վախեցած հանցագործի հայացքները հառվում են միմյանց:
– Կազյո՜լ, – ասում է Գողը, – թավանդ փակել ե՞ս, որ հանգիստ շնթռել ես:
– Ես դեռ մի օր ունեմ, – արդարանում է կալանավորը:
Գողը ցուցամատով իր դաջված դաստակին տկտկացնում է ճիշտ այնպես, ինչպես քիչ առաջ բանտապահն էր նրան ժամանակ հուշում, ապա բութ մատն իր պարանոցի վրա բազմանշանակ սահեցնում է:
Կրակոցների թնդյունից վեր թռչելով տղամարդը բացում է աչքերը, շրջվելով կողքի՝ խոտերի վարագույրից անհանգիստ նայում է շուրջբոլորը: Որսորդներ են, որ հեռու դաշտում կրակում են լորերի վրա: Տղամարդը սեղմվում է գետնին: Նա չի ցանկանում նկատվել:
Տեղ հասած եկվորը հրում է եկեղեցու կաղնեփայտ դուռը, բայց այն ներսից սողնակով կողպված է:
Տղամարդը գրպանից հանում է զսպանակված շեղբով դանակը, բացում է, դռան արանքով կեռիկը վեր հրելով դուրս է գցում օղակից: Ճռռոցով բացված դռան մյուս կողմում կիսամութ է ու լուսաշատ դրսից ներս մտնելով նա մի պահ հապաղում է՝ վարժվելով մթությանը:
Խորքում զույգ մոմեր են վառվում: Տղամարդը մոտենում է դրանց: Կողք-կողքի շարված են նաև չվառվող մոմեր, ըստ երևույթին նախապես դրված՝ մյուսների մարելուց հետո օգտագործելու համար:
Տղամարդը վառում է բոլոր մոմերն ու չորս բոլորն է նայում:
Փոքր բեմով խորանից նրան է հառնում մանուկ Հիսուսին գրկած Տիրամոր մեղմ, հուսադրող հայացքը: Եկեղեցու պատերին, այս ու այնտեղ, անվարժ նկարած սրբապատկերներ են, ասեղնագործ անձեռոցիկներ: Եկվորի հայացքը կանգ է առնում բեմի ձախակողմում դրված նկարակալի վրա: Նա մոտենում է նկարակալին, որի մոտ դրված աթոռակին արդեն չորացած ներկապնակն է, խնամքով դարսված վրձիններ, յուղաներկերի տյուբիկներ: Կիսավարտ կտավից երևում է, որ նկարիչը փորձել է կրկնօրինակել Աստվածածնին: Պատկերվածը, թեև որոշակի նմանություն ունի Տիրամորը, բայց, ասես, մեկ ուրիշը լինի:
Տղամարդու հայացքը կանգ է առնում վրձինների վրա:
Ժամանակի հեռուներից, որպես արթնացող հիշողություն, հնչում է թավջութակի մեղեդին:
Տղամարդը հայացքով համեմատում է Տիրամորն ու կիսավարտ նկարը, ապա նրա հայացքում ուրվագծվում է նրանց հար և նման մեկ ուրիշ կին՝ իր մայրը՝ լուսանկա-րում, կողքին ինքն է՝ պիոներական վզկապով, Էտյուդնիկը ուսից կախ, ձեռքին՝ ծաղկեփնջի պես բռնած մի քանի վրձին:
Տղամարդն ակամա ձեռքը մեկնում է վրձիններին, վերցնում է դրանք, փորձում է նմանակել հիշողության մեջ արթնացած` վրձինները բռնած տղեկին, բայց կես շարժումից վանում է հիշողությունն ու վրձինները տեղն է դնում:
Զգալով երկրորդի ներկայությունը նա կտրուկ շրջվում է: Անաղմուկ ներս մտածը քահանան է, ով նրա թիկունքում, ձեռքերը թևքերի մեջ, հեզաբար կանգնած է:
– Աստված օգնական, զավակս, – մեղմորեն ողջունում է կրոնավորը:
Տղամարդը ոտքից գլուխ զննում է 60-65 տարեկան, արդեն ճերմակող մորուքով քահանային, ապա չշտապելով պատասխանել՝ թույլ հեգնանքով ասում է.
– Աստված ուժեղին ա օգնում, տերտեր:
Քահանան չի պատասխանում:
– Բա քո արածն արած ա՞, – շարունակում է եկվորը, – ժամի դուռը ներսից կփակե՞ն: – Պատերին նայելով նա անբռնազբոս քայլում է սրահում: – Մարդ ենք՝ աղոթել ենք ուզում… Գործած մեղքերին թողություն ենք ուզում… Շունչս կտրելով բարձրանում եմ սարի գլուխն ու՝ դուռը փակ: Էդ ումի՞ց ես վախենում…
– Վախենալու բան չկա: Երբեմն արածող անասուններ են լինում, մտնում, ապականում են:
– Բա էստեղ ի՞նչ ես անում, ոչ ուխտավորներ ունես, ոչ մատաղ անող:
– Ես այստեղ ապրում եմ:
Եկվորն անակնկալի եկած, կանգ է առնում:
– Ապրում ե՞ս… , – մտահոգվում է: – Էլ ո՞վ ա քո հետ ապրում:
– Ոչ ոք:
– Մեն-մենա՞կ:
– Այո:
Եկվորը շարունակում է քայլել՝ զննելով շուրջբոլորը:
– Էդ էլ ու՝ պը՜րծ…– մտախոհ, բարձրաձայն մտորում է նա:
– Մոմերն այստեղ են: Նվիրատվության գանձատուփը՝ նույնպես, – ձեռքով ցույց է տալիս քահանան ու շրջվում է գնալու:
– Սպասի, տերտեր, սպասի, – կանխում է տղամարդը, – վռազելու ի՞նչ ունես:
– Խոստովանել ե՞ք ուզում…
– Խոստովանե՞լ…, – հեգնոտ ժպտում է: – Չէ: Ինչքան խոստովանել եմ՝ հերիք է: – Քմծիծաղում է: – Էդ խոստովանության համար, վերջին անգամ, ինձ հինգ տարի տվեցին:
– Ուխտավոր ե՞ք, – արթնացող հեգնանքը թաքցնում է քահանան:
– Հա, բա ո՞նց, – վրա է բերում եկվորը, – ասի՝ չէ՞, արդեն հինգ տարի ա՝ էս ուխտին եմ… Սուրբ Սարգսի ուխտին: Էդպես է, չէ՞ օբյեկտիդ անունը:
Քահանան չի պատասխանում:
– Դե լավ, մի երկու մոմ էլ վառի, աչքերս մթնեցին:
Քահանան մոտենում է սյանը, շրջում է անջատիչը, միացնում է էլեկտրական լամպը:
– Ճոխ ես ապրում, տերտեր, – կրկին զննում է ավելի լավ երևացող շուրջբոլորը, ապա նկատում է պատի տակ դրված աթոռակները, նստում է դրանցից մեկին՝ պայուսյակը ցած դնելով: – Վատ չի, վատ չի՛… , – ծխախոտ է վառում, – գոնե մի սուրճ հյուրասիրի, կանգնել՝ խաչհամբուրի ես սպասում…
Քահանան հեռանում է: Տղամարդն անհանգիստ մտորում է, չորս կողմն է նայում, գրպանից հանում է դանակը, բացում է զսպանակված շեղբը, նայում է մեկ քահանայի հետքից, մեկ՝ շեղբին, ապա ծալում է դանակը, դնում է գրպանը ու մի վերջին, անհագ ումպով ներս է քաշում ծուխն ու մատով հրում, շպրտում է կոթուկը:
Ծխացող կոթուկն ընկնում է ներս մտնող քահանայի ոտքերի առջև: Կրոնավորը մի պահ կանգ է առնում, ապա սուրճի գավաթներով սկուտեղը տեղավորում է ազատ աթոռներից մեկին, վերադառնում , վերցնում է կոթուկը, տանում գցում է անկյունում դրված թիթեղյա փոքրիկ աղբամանի մեջ: Խորշից վերցնելով մոխրամանը, վերա-դառնում է, դնում գավաթների կողքին:
– Հյուրասիրվեք, – եկվորի դիմաց նստելով սկուտեղը փոքր-ինչ նրան է հրում քահանան:
Եկվորը նրան է մեկնում ծխախոտատուփը:
– Շնորհակալություն: Ես թույլ ծխախոտ եմ ծխում, – հրաժարվում է քահանան՝ փարաջայի փեշի տակից հանելով իր տուփը: Հանցագործը հրահանով վառում է նրա, ապա՝ իր սիգարետը:
Առժամանակ, սրճելով՝ լուռ ծխում են:
– Ինչի՞ ես մենակ, ճգնավոր ե՞ս, – ծխի քուլա բաց թողնելով հարցնում է տղամարդը:
– Կնոջս մահից հետո չուզեցի քաղաքում ապրել, այստեղ հաստատվեցի:
– Էլի՜ ամուսնացի: Թե՞ ուզում ես զվանի ստանալ:
Քահանան չի պատասխանում:
– Ինչքան գիտեմ, չամուսնացող տերտերներին կոչում են տալի, – շարունակում է եկվորը:
– Կուսակրոններն ընդհանրապես ամուսնացած չպիտի լինեն:
–Ուրեմն արդեն խալըդ վառել ես…, – շուրջբոլորն է նայում, –Է, լա՛վ, գոնե ռեմոնտ անեիր, պայմաններդ բարելավեիր: Չես ուզու՞մ ռեմոնտ անես… Թե՞ արդեն արել ես:
– Եկեղեցուն հատուկ պայմաններ պետք չեն: Իսկ տանիքը վերջերս վերանորոգվել է:
– Տանիքը՞ … – լարվում է եկվորը, – պատերին ձեռք չեն տվե՞լ…
– Պատերն ամուր են, դրա կարիքը չկա:
– Ուրեմն, ասում ես՝ միայն տանիքը…, – նայում է սրբապատկերներին: – Էս նկարները մի հարյուր տարվա կլինե՞ն:
– Չէ, գյուղի դպրոցականներն են նկարել:
– Մալադեց, քյորփե՞ք, – գնահատում է եկվորը, – բա էն մեկն ինչի՞ են կիսատ թողել, – գլխով ցույց է տալիս նկարակալը:
– Հիվանդ նկարիչ էր, – պարզաբանում է քահանան, – չհասցրեց ավարտել:
– Բուժվելու գնա՞ց…
– Աստված հոգին լուսավորի, – խաչակնքում է քահանան:
– Ուղիղ պատասխանի՝ բժշկի՞ գնաց, մեռա՞վ, թե՞ սարերում թրև ա գալի…
– Ավանդեց հոգին:
– Արա, դե հայերեն խոսել սովորեք, էլի՛… Էս տերտերներդ ոչ դասատուի պես եք խոսում, ոչ՝ մարդու:
– Մահացավ:
– Ըտենց՝ քյասար ասա, պրծի: Թե չէ՝ բալամուտ ես անում…
Քահանան լռում է: Եկվորը վերջին կումն անելով գավաթը կողմ է դնում, սովոր շարժումով փորձում է մատով շպրտել կոթուկը, բայց կես շարժումից հիշում, սեղմում է մոխրամանի մեջ:
– Բա չես հարցնում՝ ո՞վ եմ, ի՞նչ մարդ եմ, ինչի՞ եմ հասել էս սարի կատարը:
– Հյուրն Աստծունն է:
– Բա որ Աստծունն ա, ինչի՞ քու հաշվից սուրճ տվեցիր, թողնեիր՝ ինքը եփեր, – հեգնում է եկվորը, – թե՞ հաշիվն ա ինքը փակելու:
– Սա Աստծո տունն է: Ես նրա սպասավորն եմ:
– Ուրեմն խազեինդ Աստվածն է… Վատ կրիշ չի… Բա որ գա ու ասի՝ ինչի՞ ես իմ հաշվին ամեն պատահածի պատիվ տալի…
– Աստված մարդասեր է, հյուրասեր: Նա իր բարի կամքը մարդու հոգու մեջ է դրել և կարիք չունի ամեն անգամ հուշելու, թե ինչպես վարվել:
– Տերտեր, դու կարգին գողական ռազբոր անող կըլնեիր: Ամեն խոսքի պատասխանն ունես: Լավ, էտի՝ հեչ: Հիմի քեզ հետաքրքիր չի՞, թե ինչի համար եմ եկել:
– Աղոթատունն Աստծո տունն է: Ամեն մարդ կարող է գալ ու իր աղոթքը հղել առ Աստված:
– Բա որ եկողը գող-ավազակ լինի:
– Ամեն ոք իրավունք ունի՜ աղոթել Աստծուն:
– Բա որ աղոթելու համար եկած չլինի, այլ, ասենք՝ թալանելու մտքով:
Կրոնավորը ծիծաղում է, սկուտեղին է դնում դատարկ գավաթները:
– Ի՞նչն է թալանելու, հավատը՞… Միակ հարստությունն այստեղ հավատն է, – վերցնելով սկուտեղը՝ հեռանում է:
– Չի ասվի՛, չի ասվի՛…, – նրա ետքից մտազբաղ խորհում է հանցագործը, ապա, տեղից ելնելով, ավելի մոտիկից, ուշադիր զննում է պատերը, շոշափում քարերի եզրերը, դանակի կոթով հարվածում է քարերին՝ ականջ պահելով ունկնդրում է արձագանքը:
Խցում, ալյումինե ամանի մեջ սուրճի գավաթները լվացող քահանային են հասնում եկվորի հասցրած խուլ հարվածների ու քայլերի ձայները:
– Տերտե՜ր, – կանչում է տղամարդը, – տերտե՜ր, ի՞նչ եղար…
Քահանան դուրս է գալիս խցից, սպասողական կանգնում է:
– Այ մարդ, – դժգոհում է տղամարդը, – խոսքս բերանիս մեջ թողիր, գնացիր… Դա ի՞նչ կուլտուրա է…
Քահանան հապաղում է, ապա վճռականորեն նայում է եկվորին.
– Եթե սեփականաշնորհման համար եք եկել, զուր եք չարչարվում: Վեհափառը նամակ է գրել վարչապետին և կառավարությունն արդեն որոշում է կայացրել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ինձ մոտ են:
– Չհասկացա, – տարակուսում է տղամարդը:
– Տարածքն ու աղոթատունը չեն սեփականաշնորհվում, – պարզաբանում է քահանան, – մեկ շաբաթ առաջ ձեր ընկերներն այստեղ էին, թղթերը տեսան, համոզվեցին: Երևի ձեզ տեղյակ չեն պահել:
– Ի՜-յա՛… Ուրեմն էդ էլ կա, հա՞…, – նստում է աթոռակին: – Չէ, ուստա ջան, ես էդ գործում չկամ: Անկախացումից հետո ես իմ արհեստը չեմ փոխել: Էդ գործում չկամ, բայց…, – մի պահ մտորում է, – բայց հալա հարցիս պատասխանի՝ եթե թշնամին վրա տա ու դու էլ գանձ ունենայիր… Որտե՞ղ կթաքցնեիր գանձը:
– Այստեղ ոչ մի գանձ չի եղել ու չկա:
– Դու ինձ հեքիաթ մի պատմի: Հարցիս պատասխանի՝ որտե՞ղ կթաքցնեիր գանձը, – շուրջբոլորն է նայում:
– Այստեղ գանձ չի եղել: Այդ պատմությունը առասպել է:
– Ա՞յ, տեսա՞ր, դու էլ ասիր ,,այդ պատմությունը,,: Կրակն առանց ծուխ չի լինում: Շատերն են ասում, որ էս պատերի մեջ գանձ կա պահած:
– Դա միայն խորհրդանշական միտք ունի: Լեգենդ է, առասպել:
– Այսինքն:
– Սուրբ Սարգիսը սիրո պահապանն է: Ամենամեծ գանձը սերն է: Նա, ով իսկական մեծ սիրով, անմեղ հոգով ու անկեղծ աղոթքներով կգա այս եկեղեցին՝ կգտնի այդ մեծ գանձը՝ սերը, կկատարվի նրա փափագը…
– Լա՛վ, լա՛վ, – ընդհատում է հանցագործը, – էդ հեքիաթները տերտերներդ եք հնարել, որ խաբեք ժողովրդին: Սիրո գանձ… Չէ մի… Էդ ժամանակներն անցել են, հիմի 21-րդ դարում ենք ապրում:
– Այնուամենայնիվ, դա այդպես է:
– Ի՞նչն ա ՙայդպես՚, արա՜… Ես էլ քու փայ միամիտն ե՞մ… ,,Կնոջս մահից հետո՜…,,: Կնոջդ մահից հետո՝ քաղաքում կմնայիր, որ գոնե կողքիդ խանութ ըլներ, շորերդ էլ լվացքատուն տանեիր… Պարզ չի՞, թե ինչի՞ ես եկել ու էս չոլում բուն դրել…, – մի պահ մտորում է, – մի կողմից էլ՝ լավ ա, որ դեռ էստեղ ես, ուրեմն դեռ չես գտել պահուստը, կամ մաս-մաս, մանրից՝ ցրում ես ոսկեղենը…
– Լսե’ք…, – քահանան ջանում է պահպանել հեզաբարո տոնը, – եթե այստեղ գանձ լիներ ու թշնամին հարձակվեր, ապա ո’չ ես և ո’չ էլ իմ նախորդները, եկեղեցում գանձ չէինք թաքցնի… Դա մեր թշնամիներն էլ լավ գիտեին: Դրա համար էլ՝ եկեղեցիները գրավել են, բայց չեն ավիրվել:
– Բա որտե՞ղ կթաքցնեիր:
– Լեռներում, այրերից մեկի մեջ:
– Էդ ցրում ես, հա՞… ,,Այրերից մեկի,,… Կարող ա՞, քո համար ես գեոլոգ եմ, որ բան ու գործ թողած՝ լեռները չափչփեմ…
Քահանան լռում է:
– Ուրեմն, ուշադիր ինձ լսի, տերտեր: Ականջիդ օղ արա: Ինձ օդ ու ջրի պես՝ փող ա պետք: Օդ ու ջրի պե’ս: Ես թքած ունեմ քու լեգենդի ու առասպելի վրա: Էդ հարստությունը իմը պիտի լինի: Ես քիչ ժամանակ ունեմ: Թե գտել ես՝ ինձ ես տալու, թե տեղը գիտես՝ ցույց ես տալու… հասկացա՞ր, արա՛… Թե՝ չէ, պայթեցնելու եմ ժամդ էլ, քեզ էլ՝ հետը… Քարերը հատ-հատ փշրելու եմ… Բեյնդ մտա՞վ, թե՞ դալբիտ անելով հասկացնեմ… Գնա’, մտածի: Քեզ հինգ րոպե ժամանակ:
Քահանան չի շարժվում տեղից, իսկ եկվորը, ծնկում, բացում է ուղեպայուսակը, այնտեղից հանում, կողք-կողքի է շարում քարտաշի քլունգանման փոքր մուրճը, լինգ, պայթուցիկ փաթեթներ, պայթաքուղ, կծկած պարան:
Չփակված դռնից ներս է ընկնում Շողերի ստվերը:
Տղամարդն ընդոստ բարձրացնում է գլուխը՝ ճանկելով լինգը:
Աղջիկը, ցելոֆանե տոպրակը ձեռքին, հարցական, վախվորած նայելով հյուրին, մոտենում է քահանային:
– Բա ասում ես՝ մենակ ե”մ… , – լինգը ձեռքին սպառնանքով նրանց է ուղղվում հանցագործը: – Ուրիշ ո՞վ կա էստեղ…
– Ոչ ոք:
– Քիչ առաջ էլ էիր ասում՝ ոչ ոք… Սա որտեղի՞ց լույս ընկավ…
– Նա գյուղից է եկել, – գրկելով իրեն հպվող աղջկա ուսերը՝ պարզաբանում է քահանան:
– Ուրիշ ո՞վ կա հետդ, – ատամները սեղմած հարցնում է աղջկան:
Կարկամած Շողերը, լայն բացված հայացքով, մահու չափ վախեցած նայում է հանցագործին:
– Քեզ հետ եմ, է՞… Ուրիշ ո՞վ կա …
– Նա խուլ ու համր է, – ասում է քահանան, – ինձ համար, երբեմն, ուտելիք է բերում գյուղից:
– Յարդ է՞…
– Աստծուց վախեցիր:
– Իմ վախն արդեն չափած է, տերտեր, – մռլտում է տղամարդը, – եթե էլի մի նոր խաղ էլավ՝ գլուխդ կփշրեմ… Վեր ընկեք էնտեղ, գոռում է՝ լինգով ցույց տալով աթոռները:
Քահանան ու աղջիկը հնազանդվում են: Վերջինս, խուճապով, մեկ հանցագործին է նայում, մեկ, հարցական՝ քահանային: Քահանան հայացքով հանդարտության է կոչում նրան:
Մոտենալով Շողերի բերած, կողմ դրված ցելոֆանե տոպրակին, հանցագործը լինգով լայնացնում է բացվածքը, զննում է ներսը, ապա երկաթաձողը մի կողմ դնելով՝ տոպրակից հանում, աթոռակին է դարսում մածնամանը, լավաշ, պանիր, կանաչի, թերթում փաթաթած՝ եփած ձվեր: Ձեռքը մեկնում է հացին, բայց հայացք նետելով քահանայի ու աղջկա կողմը՝ միտքը փոխում, կրկին վերցնում է լինգը.
– Հիմի գնանք՝ կամեռդ ցույց տուր:
– Ի՞նչ, – չըմբռնելով լարվում է քահանան:
– Որտե՞ղ ես շնթռում… առաջ ընկեք:
Իրենից կառչած Շողերի հետ քահանան ուղղվում է դեպի խորանի ձախակողմի դուռը:
Մտնելով խուց, նրանք կանգ են առնում պահարանիկի ու խնամքով հարդարված մահճակալի մեջտեղում:
Ետքից մտնող հանցագործի աչքից չի վրիպում դռան վրա կախված կողպեքը: Նա աչք է հածում խցին, բացում-փակում է պահարանի դուռը, բարձրացնում է դոշակը, նայում է տակը, այս ու այն կողմ է հրում պատի խոռոչի դարակների վրա շարված
ջրամանը, սրճեփը, նավթի լամպը, թեքում է պատին կախված Հիսուսի նկարը՝ ստուգելով, թե հետևում գաղտնապահոց չկա՞, արդյոք…
– Ջեբերդ շուռ տուր, – հրամայում է քահանային:
Կրոնավորը համբուրելով կրծքի խաչը՝ շղթան հանում է պարանոցից:
– Ես քեզ չեմ թալանում, որ տկլորվում ես, – կանխում է հանցագործը, – ջեբերիդ եղածը հանի:
Քահանան դատարկում է գրպանները՝ ծխախոտատուփն ու հրահանը, դռան բանալին, փոքրիկ դանակը և թաշկինակը, խնամքով դնում է պահարանիկի վրա:
– Սոտըվի չունե՞ս, – կասկածոտ հարցնում է հանցադործը:
– Ոչ:
– Դու՞, – շրջվում է վախեցած աղջկան:
– Նա խուլ ու համր է, – հիշեցնում է քահանան:
– Էս սառը զենքը քեզ պետք չի, – վերցնում է դանակը, – գետինն էլ չես մտնում, տերտեր մարդ ես… Սա էլ չի քեզ պետք, – վերցնում է բանալին, ուղղվում է դեպի ելքը, շեմքից շրջվում, անթաքույց, գնահատող նայում է Շողերին: Նրա հայացքից աղջիկը տատամսում է՝ վրա բերելով զգեստի օձիքը: – Էդ աղջկան ձեռք չգցես, արա… անմեղ երեխա ա երևում, – դուռը կողպում է նրանց վրա:
Ամառվա տապը սարերի ստորոտից արդեն վեր է բարձրացել ու հանդերն ի վեր տարածվել թափանցիկ մուժի հրահեղուկով: Հեռավոր հանդերում դեռ հռնդում է տրակտորը:
Լավաշի բրդուճից ախորժակով կծելով հանցագործը պտտվում է եկեղեցու շուրջբոլորը՝ վարից վեր ուշադիր զննելով պատերը: Նա մուրճով տեղ-տեղ հարվածում, ցնցում է անկյունաքարերը:
Քիվից դուրս ցցված երկաթաձողից կախված մնացել է տանիքագործների թողած ճախարակը, իսկ ներքևում՝ գետնի վրա, լայնակի պառկեցրած շինարարական սանդուղքն է:
Նրա ուշադրությունը գրավում է բարձրադիր, նեղլիկ պատուհանի վերևում՝ ճիշտ ճախարակի ուղղությամբ, պատի մեջ դրված փոքրիկ խաչքարը: Հանցագործը լարում է տեսողությունը. խաչքարն ամրապնդված է երկաթե կեռիկներով: Նկատելով դա նա մուրճը դնում է մի կողմ, շտապում է սանդուղքը հենել պատին: Բարձրանալուց առաջ ցնցում, ստուգում է ելարանի հուսալիությունը: Այն ցած է սահում: Փորձում է ոտնակ-ները խրել գետնի մեջ, բայց ամառվա տապից չորացած հողը փշրվում, չի պահում: Նստելով սանդուղքի աստիճանին, ելք մտմտալով հանում է ծխախոտատուփը, բայց անմիջապես էլ տուփի մեջ է խցկում հանած սիգարետն ու վճռականորեն ուղղվում է գավիթ:
Ներսում, գետնին դարսած իրերի շարքից վերցնում է պարանը, քանդում է կծիկը, ծայրերից մեկով օղակ է կապում, ուղղվում է կողպած դռան կողմը:
Բացելով կողպեքը կանգնում է շեմքին:
– Տերտեր, առաջ արի:
Ոտքի կանգնած քահանան ակամա քայլ է անում: Հանցագործը ճարպկորեն օղակը հագցնում է նրա պարանոցին ու ձգում:
– Գնացի’նք, – քաշում է պարանից: Սարսափած Շողերը կառչում է քահանայի փեշից: – Տեղդ վեր ընկի’, – սաստում է տղամարդն ու աղջկան ետ հրելով՝ դուրս է բերում քահանային, շրջվում է կողպելու դուռը:
– Մի կողպիր, – փորձում է սառնարյուն երևալ կրոնավորը, – մեղք է, առանց այն էլ սարսափած է:
– Հա՞… , – երկմտում է հանցագործը: – Վայթե ճիշտ ես ասում… Թող գա, ինքն էլ գործ կանի, – աղջկան գլխով դուրս գալու նշան է անում, – թող գա, բայց իրան հասկացրու, որ եթե փորձի արանքը ճղել՝ ես քեզ կսպանեմ… Թարգմանի է՞, ի՞նչ ես լալկվել…
– Թարգմանելու կարիք չկա: Շուրթերի շարժումից նա ամեն ինչ հասկանում է:
Շողերը տենդորեն գլխով է անում՝ հաստատելով քահանայի ասածը:
– Դու հասկացա՞ր ես ինչ ասի, – հարցնում է նրան հանցագործը:
Շողերը կրկին գլխով է անում ու ժեստերով հասկացնում, որ քահանայի կողքից ոչ մի տեղ չի գնա:
– Դե առաջ ընկեք, – հրամայում է Հանցագործը:
Շողերի ուսերը գրկած, եկեղեցու պատի տակով քայլում է պարանոցն օղակված քահանան, ետքից՝ հանցագործը՝ պարանի ծայրը դաստակին փաթաթած: Աստիճան-ների մոտ ձգում է պարանը.
– Հո՛ – հո՜պ… Տեղ հասանք, տերտեր, – մոտենում է: – Հիմի, ուշադիր ինձ լսի: Ես ու էս լալը կպահենք նարդիվանը, քլունգը վերցրու, բարձրացի վերև… Էն կեռերը ետ տուր, խաչքարը դուս գցի, պահածդ ոսկիները քու ձեռքով հանի, գցի ներքև ու նոր՝ իջի ցած… Հասկացա՞ր: Եթե փորձես մի ավելորդ բան անել… ես ի՞նչ գիտեմ՝ քլունգով խփես, կամ խաչքարը գցես գլխիս, չես հասցնի, մեշոկի պես կշրմփաս ներքև: Դավայ, աչքերդ մի չռի վրես:
– Այնտեղ ոսկի չկա: Ես խաչքարը չեմ տեղաշարժի:
– Հա՜-ա՞… Պառավն էլ չէր դժոխք մտնում… Խելոք ես, կտեղաշարժես… Երկուսիդ էլ, ա՛յ էնտեղից կախ կտամ, – ցույց է տալիս քիվից դուրս ցցված երկաթաձողը:
– Այնտեղ ոսկի չկա, – պնդում է քահանան:
– Բա որ չկա, էլ ինչի՞ց ես վախենում, ապացուցի’:
– Ես խաչքար չեմ տեղաշարժի:
– Ահուդող չունե՞ս, արա՛… Քեզ չես խղճում՝ էս երեխին խղճա… Վախից չորացել ա խեղճ աղջիկը… Բարձրացի՜:
Քահանան անհողդողդ է:
– Ուրեմն՝ չես բարձրանում, – ծուռ ժպտալով դեմ առ դեմ կանգնում է հանցագործն ու անսպասելի խփում է, – քու’ մերը… , – ստոծանու ցավից քահանան կծկվում, ընկնում է ծնկներին, – ո՞նց չես բարձրանա, արա՛, կսպանեմ ախր…, – ոտքով է խփում:
Շողերը, անմարդկային կականով, փռվում է քահանայի վրա՝ պաշտպանելով քացու հարվածներից:
– Հեռու գնա՜, ղանջղ, – ճանկելով հյուսերը՝ մի կողմ է շպրտում նրան:
Տապալված քահանան ձեռքը պարզելով թույլ չի տալիս, որ սայթաքելով տեղից վեր ցատկող աղջիկը դարձյալ մոտենա:
– Երևում է մեղք շատ ես գործել, – ցավից տնքում է կրոնավորը, – այս մեկը՝ չափից դուրս է… Մի կոտրիր խաչքարը… Մի՜ արա… Փողի համար սրբություն չեն ավերում, տղաս…
– Էդ ու՞մ մորը բոզի տեղ դրիր, արա՛, – պայթում է հանցագործն ու ճանկելով նրա կոկորդը՝ սկսում է ցնցել, – կխեղդե՜մ, քու ծնողը…
Ափլափելով, ճչալով վրա հասած Շողերը ճանկռոտում, խածում, քաշքշելով փորձում է հեռացնել նրա ձեռքերը: Հանցագործը ետ է քաշվում.
–Սրան տես…, – հևում է նա, – ՙտղա՜ս… Ե՜ս քու…, – վրա է քշում ոտքով խփելու, բայց ծնկաչոք աղջիկը ձեռքերը տարածելով պատսպարում է քահանային:
– Տո դու էլ թատրոն մի սարքի, է՜, – կոպտորեն հրում է աղջկան, գցում է կողքի, ապա դաստակից արձակելով պարանը՝ հեռանում, նստում է քարակոշտին: – Մե՛ղք… խաչքա՜ր… սրբությու՜ն…, – ծխախոտ է վառում: – Դու քեզ վառեցիր, տերտեր: Էդ քարն ինչի՞ չես ցեմենտով ամրացրել, որ կեռերով ես դրել պատի մեջ, – ագահաբար ներս է քաշում ծուխը, – անխելք շանորդի ,,Փողի համար սրբություն չեն ավիրում…,,: Սրբատեղիդ փողով չի՞ կառուցվել… Էդ որ գրել ես՝ դրսից մոմ բերելն արգելվում է, փողի համար չե՞ս գրել: Դե հավատացյալներին մոմը ձրի տուր, էլի, ինչի՞ ես ծախում… Մեկը մի սթից արհեստանոց ա բացում՝ հարկայինն ու հսկիչները շաքար տեսած մեղվի պես վրա են տալի, մի օր ասած կա՞ն, թե էդ ինչ մոմի ցեխ ես դրել, որ հումքն էլ է քեզ մնում, դրա տված լույսն էլ…, – ծուխը ներս քաշելով դուրս է հանում ռնգերից: – Քու տեր Աստվածը խեղճի ցանկությունը կատարելու համար ինչի՞ ա մատաղ ուզում… Յոթը տուն էլ բաժանել ա տալի… Նա լա՜վ գիտի իրա գործը՝ յոթը սոված կշտանում են, փառք են տալի Աստծուն, իսկ էն մատաղ անողի հերն էլ անիծած, թե՝ պարտքի վրա պարտք չավելացրեց… Աստծուդ ու գողի օրենքները նույնն են՝ ուժեղի մոտ՝ միշտ էլ թույլն է մեղավոր, կուզի՝ կների, կուզի՝ հոգին կառնի…, – դարձյալ, ագահորեն, ներս է քաշում ծուխն ու արտամղում է ռնգերից: – Ինչի՞ ես էստեղ վեր ընկել, գնա բանտերը, անմեղ նստածների աղոթքը տեղ հասցրու, որ չդատվեն… Գնա հիվանդանոցները՝ հիվանդ երեխեքի մոր աղոթքը տեղ հասցրու, որ քյորփին գերեզման չդնի… Տո, որ քու նմանների աղոթքը զորավոր ա, էսքան անարդարությունն ու բոսյակներն ինչի՞ են քայլում երկրի վրա, բոլորս հրեշտակ կդառնայինք էլի… Ձևը գտել եք՝ ամեն կիրակի, ամսվա մեջ չորս անգամ, ժողովուրդը գալի ու հենց-ընենց տեղը ձեզ մուծվում ա… Թերթերով ու տելեվիզրով Էլ պայքարում են կոռուպցիայի դեմ: Սրանից մեծ կոռուպցիա՞… Խոսա, է՞, լեզուդ կուլ տվի՞ր…, – մատի հրումով կոթուկը նետում, ոտքի է կանգնում: – Լավ, բազարը պրծանք: Հիմի՝ հոժար կամքով կիսվում ե՞նք, թե՞ չէ… Տեղիցդ վեր կա՛ց, խելոք բարձրացի՝ ոսկին իջացրու: Հա, էն մի կեսն էլ, որ ուրիշ տեղ ես գյոռել՝ դա էլ բեր: Ես կվերցնեմ էնքան, ինչքան ինձ ա պետք: Ավելը պետքս չի: Վե՜ր:
– Այնտեղ ոսկի չկա, – նրա կողմը չնայելով ասում է քահանան, – շինարարների ցեմենտը վերջացավ, խաչքարը ժամանակավոր տեղադրեցին, ասացին՝ ետ կգան, կպատեն: Սանդուղքն էլ դրա համար են թողել:
– Հեքիաթ մի պատմի: Ավելի լավ ա մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել… Մանավանդ՝ տերտերներիդ ասածը: Վեր կա՜ց: Մենք աստիճանները կպահենք, որ չընկնես հոգոց հանգուցելոց դառնաս…
– Ոչինչ չկա այնտեղ… Ես խաչքարը չեմ տեղաշարժի:
– Ուրեմն էս քաղպարապմունքը վրեդ չազդեց, հա՞… Լա՜վ, դրա ճարն էլ կա, – պարանը դաստակից արձակելով մոտենում, վերցնում է մուրճը, – ճլորթի կխաղանք, – մուրճը կապում է պարանի ծայրին, թափով շպրտում է վեր՝ ճոճանակը պահող երկաթաձողին: Երկրորդ փորձից նրան հաջողվում է պարանն անցկացնել երկաթաձողի վրայով: – Ես կբարձրանամ, –ներքև սահած մուրճն ազատում է պարանից՝ խրում է գոտկատեղը, պարանն ամուր կապում է գոտկատեղին: – Ես կբարձրանամ, իսկ դու պահիր աստիճանն ու Աստծուդ աղոթի, որ սոթ չտա… Տե՜ս, հա՛, եթե մտքովդ անցնի խաղեր զարդարես, իմացի, որ երկուսս էլ կճոճվենք օդում, միայն այն տարբերությամբ, որ ես գոտիկից եմ կապված, իսկ դու՝ կհամբառնաս երկինք, – քինախինդ նայում է կրոնավորին: – Հը՞, գյուտս ո՞նց էր, մտքումդ չես ասու՞մ՝ գողի վերջին խելքը տերտերինը ըլներ, – կոպտորեն ձգում է պարանը, – դե վեր կաց, հո անասուն չե՞ս՝ ճիպոտով ու պարանով քշեմ…
Քահանան բարձրանում է տեղից, կիպ-կպած Շողերի հետ կարկամ մոտենում է սանդուղքին:
Հանցագործը պնդում է նրա պարանոցի օղակը, շրջվում է՝ բարձրանալու: Առիթից օգտվելով, քահանան անվարժ հարձակվում է նրա վրա: Հանցագործը սայթաքում, ընկնում է: Շողերն ուրախ ճիչով փորձում է օգնության հասնել քահանային, բայց հանցագործը խուսափելով նրանից՝ գետնին գլորվելով հեռանում, իր շուրջն է փաթաթում պարանն ու վեր ձգելով օղակված, պարանից կառչած քահանային՝ չարախնդում է.
– Հը՞, տերտեր, մտքովդ մարդասպանություն է՞ր անցնում…
Շողերը, սնքրտալով, ծնկում, գրկում է քահանայի ոտքերը՝ ճգնում է վեր հրել նրան:
Գետնից չբարձրացող հանցագործը չարախինդ ծիծաղով շարունակում է իրեն ձգել պարանը :
Քահանայի ոտքերը գրկած, նրան վեր հրող Շողերն անզորությունից բառաչաձայն կական է բարձրացնում: Խլացնելով նրա ձայնը հանցագործը դաժանորեն հռհռում է՝ շարունակելով ձգել պարանը:
Քահանայի ոտքերը կտրվում են գետնից: Նա, գերագույն ճիգով, ձախ ձեռքով շարունակում է կառչել կախաղանից, իսկ աջով հապշտապ խաչակնքվում է…
Հուսահատ Շողերը, թողնում է քահանային, քայլ է անում դեպի հանցագործը, բայց հանդիպելով նրա այլանդակորեն վերափոխված, հռհռացող դեմքին՝ մեխվում է տեղում ու նվաղած, ուշաթափ փլվում է:
Քահանայի ոտքերն սկսում են ցնցվել:
Մթնեցում:
Թավջութակի ,,արթնացած,, մեղեդին տարալուծում է մթությունն ու հայելու մեջ իրեն նայող 7- 8 տարեկան տղան պարզ հայացքով ժպտում է իրեն:
– Արի մեր խաղը խաղանք, – ասում է նա իր անդրադարձին:
– Արի խաղանք, – պայծառանում է անդրադարձը:
– Դե՝ բռնիր ինձ, – ասում է տղան ու կտրուկ շրջվելով վազքով դուրս է գալիս տանից, կտրում անցնում է բակը, փողոցը, մտնում է այգի, վազում է ծառուղով: Նրան հևիհև հետապնդում է իր իսկ անդրադարձը:
Տղան, անհոգ, երջանիկ վազում է՝ թիկունքից լսելով հետապնդողի ոտնաձայներն ու վազքի հևոցը:
Տղան հանկարծ սայթաքում է ու ընկնում: Ափակողն է քերծել:
Նրա ուսին հպվում է մի ձեռք:
Տղան բարձրացնում է հայացքը. մայրն է հակված ու մեղմանուշ ժպտում է քնից արթնացած տղային:
– Դու վատ երազ էի՞ր տեսնում, – հարցնում է մայրը:
– Չէ, – սթափվում է տղան, –ես խաղում էի ինձ հետ ու վայր ընկա…
Հանցագործը բացում է աչքերը և քիչ առաջ տեսած երազից սթափվելու համար թափահարում է գլուխը: Նա քնած էր հատակին նստած՝ հենված եկեղեցու սյանը: Ինչ որ տեղից միալար նվվոց է լսվում: Բարձրադիր, նեղլիկ պատուհաններից ներս ընկած լույսի շեղբերում փոշեհատիկների մանրիկ խաղ է: Նայում է շուրջը: Գլուխը կրծքին հակած, կարծես թե քնած է նաև կողքի սյանը կապկպված քահանան: Նրա դեմքին, աչքի տակ կապտուկներ կան:
– Քնած ե՞ս, տերտեր:
– Աղջկան բաց թող, – դիրքը չփոխելով ասում է նա, – ամբողջ գիշեր արտասվեց խեղճ աղջիկը:
Հանցագործն անշտապ ծխախոտ է վառում, բարձրանում է տեղից, մոտենում է քահանային, ծխելով վերից նայում է նրան:
– Որտե՞ղ ես թաքցրել գանձը:
Քահանան չի պատասխանում:
– Արհամարհում ե՞ս, տերտեր… Քո հետ եմ, – ոտքով խփում է կողին, – որտեղ է ո՞սկին:
Ցավից կնճռոտված քահանան շրջում է դեմքը:
Ներս քաշելով ծուխը, բորբոքելով կրակը հանցագործը ծխախոտը մոտեցնում է նրա դեմքին:
– Կխոսե՛ս, խելոք ես…, – մի ձեռքով աքցանելով քահանայի գլուխը, մյուսով ծխախոտը սեղմում է նրա ճակատին:
Քահանան փորձում է զսպել ճիչը, բայց ցավին չդիմանալով անմարդկային գոռում է:
Հանցագործը մատի հրումով մի կողմ է նետում մարած կոթուկը:
Կողպած դռան ետևից լսվող միալար նվվոցը կարծես վերջ չունի:
– Քիչ հետո՝ դիակիդ վրա լաց կըլնի, – ակնարկում է նվացող աղջկան, – բայց մինչև սատկելդ պահուստիդ տեղը կասես… Կասե՛ս, խելոք ես, – կռանում, հանում է քահանայի կոշիկներն ու գուլպաները, շպրտում է մի կողմ, – դու հո լեգենդար Կամոն չե՞ս, որ դիմանաս, – սառնարյուն շարունակում է նա, ապա չորսբոլորը նայելով նկատում է մի կողմ նետված լրագիրը, որով եփած ձվերն էին փաթաթած: – Ըհը՜, հիմի մոմ կվառենք՝ հոգուդ փրկության համար…, – մոտենում, վերցնում է լրագիրը, շերտ-շերտ կտրտում, խցկում է քահանայի ոտքերի մատների արանքը, – տեսա՞ր ինչ սիրուն լյուստրա ստացվեց, – վառում է հրահանը, հայացքը հառում ատելությամբ ու սարսափով իրեն նայող քահանային: – Հը՞, միտքդ չես փոխե՞լ, – վառում է թղթերը:
– Սադայե՜լ, – այրոցքից թպրտալով գոռում է քահանան, – Սադայե՜լ…
Ուշք չդարձնելով նրան` հանցագործն անշտապ ուղղվում է դեպի կողպված խցի դուռը: Ճանապարհին կանգ է առնում նկարակալի առջև: Կիսավարտ Տիրամոր նկարից նշմարվում է, որ բնորդը Շողերն է եղել: Թավջութակը կրկին ,,արթնանում,, է:
Գլխի նյարդային շարժումով հանցագործը վանում, խլացնում է երաժշտությունն ու շարունակում է ճանապարհը: Բացում է կողպեքը, հրում է դուռը:
Մահճակալին կծկված, գլուխն ափերի մեջ առած Շողերը խուլ, միալար նվվում է:
– Դուրս արիԲ, – կոպտորեն հրամայում է Հանցագործն ու ասես խուսափելով, որ աղջիկն իր դեմքը հանկարծ կբացի, կնայի իրեն, կտրուկ շրջվում, հեռանում է:
Արթնացած օրվա երկնքում ծիծեռնակների խաչմերուկվող ճախրանքն է, ավելի վեր՝ բազեն է տարածել թևերը:
Հեռվից լսվում է տրակտորի հռնդյունը:
Հանցագործը հայացքն իջեցնում է երկնքից, նայում է պատին բացված խոռոչին, որում խաչքարն էր, ապա մի կողմ գլորված, գետնին թեք ընկած խաչքարին:
Խցից դուրս եկած Շողերը չորս դին աչք հածելով նկատում է սյանը կապված, ցավից գոռացող քահանային: Մոտ վազելով նա բղավոցով փլվում է ծնկներին, ափլափելով հանգցնում, դեն է նետում մխացող թղթերը, վազում, մոտ է բերում մածնամանն ու սընքրտալով, մածունը զգուշորեն քսում է տնքացող քահանայի այրվածքներին:
Դրսում, ինչ-որ տեղից, ջրի խոխոջ է լսվում: Հանցագործը ծխախոտի կոթուկը մատով հրելով շպրտում է խաչքարի ուղղությամբ ու քայլերն ուղղում է խոխոջի կողմը՝ դեպի մերձակա ծառը, որի ճղներին գունավոր լաթեր են կապված:
Ծառի բնի մոտ ակունք է:
Նա կռանում, ափերով ջուրը վերցնում, շփում է երեսին:
– Արձակիր կապերս, – տնքալով կարգադրում է քահանան: Աղջիկը ստուգողական նայելով բացված դռան կողմը շտապում է անցնել սյան ետևը, որտեղ պարանակապի հանգույցն է:
– Ատամն ընդ ատաման, – վրիժառու մռլտում է քահանան՝ ինչ որ բան վճռելով, – ակն ընդ ական… Աստված բարեգութ է… կների ինձ…
Փութով ներս մտած հանցագործը նրանց կողմը չնայելով մոտենում է պայու-սակին, խառնշտում, հանում է քարտաշի մուրճն ու դուրս գալիս նկատում է սյան ետևը սսկված Շողերին:
– Էդ ի՞նչ բանի ես, – վրա է հասնում նա ու աղջկան մի կողմ շպրտելով, ձգում, ամրապնդում է քահանայի կապերը, – դրա համար էի՞ր ասում՝ աղջկան բաց թող… Չէ՛, տերտեր, ձևերդ չանցան…, – շրջվում է Շողերին, ճանկում է բազուկը, կոպտորեն հրում է, – առաջ ընկի…
Շողերին բաց չթողնելով, մուրճը ձեռքին, վճռական քայլերով, հանցագործը գնում է դեպի լաթերով պատված ծառը:
Ծառից ոչ հեռու շիրմաթումբ է, վրան փայտե խաչ ու արևից խանձված, չորացած դաշտային ծաղիկներ:
Շողերին հրում է շիրմաթմբի վրա.
– Վեր ընկի էստեղ ու չշարժվես: Գլուխդ կջարդեմ, – մուրճով սպառնում է նա ու ծընկում, ափերով ցրիվ է տալիս հողն ու մուրճը վերցնելով սկսում է եռանդուն քանդել:
Շողերի ռնգային ճիչը մի պահ կտրում է նրան գործից: Աղջիկը բռունցքները կզակին սեղմած, լայն բացված աչքերով տենդորեն տարուբերում է գլուխը՝ պաղատելով չփորել գերեզմանը:
Ուշք չդարձնելով նրան՝ հանցագործը շարունակում է քանդել: Աղջիկը, խուճապի մեջ, կոկորդային ճիչ-կականով մոտ է սողում ու փլվում հանցագործի խորացրած փոսի վրա, ձեռքերը կարկառելով փորձում է խոչընդոտել նրան:
– Ռադ էղի էստեղից, – մռլտում է հանցագործը:
Շողերը ձեռքերի, գլխի տարուբերով տենդորեն հասկացնում է, որ չքանդի գերեզմանը, ձեռքերը խաչում է կրծքին, գլուխը ետ գցած աչքերը փակում՝ փորձում է հասկացնել, որ այնտեղ դիակ կա:
– Ասի՝ ռադ էղի, – մուրճը բարձրացնելով սպառնում է հանցագործը:
Արցունքից ծովացած աչքերը հառած նրան, դողացող ձեռքերն առաջ պարզած աղջիկն անզոր, ռնգային նվվում է:
Ճանկելով աղջկա օձիքը հանցագործը նրան մի կողմ է շպրտում.
– Տո մի քստվի, է՜…
Բազկատարած փռվելով շիրմաթմբին, ափերով չանգռելով հողը, Շողերը խուլ հեծեծում է:
Հանցագործը շարունակում է փորել և քիչ անց մուրճի հարվածն ինչ որ կոշտի է խփվում: Հանցագործն ափերով մաքրում է հողը:
Դեղնավուն քաթանի մեջ ինչ որ բան կա պարփակված:
Թևքով սրբելով ճակատի քրտինքը հանցագործը շտապում է հանել դանակը, դուրս գցել շեղբն ու պատռել քաթանը: Լայնացրած եզրից ձեռքը ներս տանելով նա ուժ է գործադրում վեր հանել պարունակությունը: Դուրս է ցցվում հանգուցյալի սևացած, որդերով պատված ոտքը:
– Թյու՜, քու…, – փորձում է հայհոյել հանցագործը, բայց կոկորդի որձքը չզսպելով ետ է հրվում ու անզուսպ որձկալով հեռանում Է:
Եկեղեցու պատուհանից ներս ընկած արևի նեղլիկ շեղբը լուսավորել է դիմացի պատին կախված Թորոս Ռոսլինի ,,Խաչից իջեցում,, մանրանկարի կրկնօրինակը:
Հանցագործի մթնած, պղտոր հայացքը հառված է նկարին:
Պատկերից չկտրվելով նա օղու շշից էլի մի քանի կում է անում՝ չսրբելով շրթից ծոր տված հեղուկը:
Հանցագործի խումհար հայացքը կենտրոնացել է նկարում՝ խաչին հենված սանդուղքին: Հայացքը տեղափոխում է խաչից հանված Հիսուսին գրկած կերպարների վրա ու նրա մտապատկերում կարմիր զգեստավորը վերափոխվում է իր դեմքով, իսկ կապույտ կապա հագածը՝ քահանան է…
Հանցագործի տարտամ հայացքը սահում է աջ: Հիսուսի ոտքի մեխը ակցանով հանողը Օրենքով գողն է:
Հայացքը իջնում է ներքև ու արտասվող կանանցից մեկն իր մայրն է, մյուսը՝ Շողերը… Նրանք նման են միմյանց:
Մտնում է Շողերը: Նա անկամ քայլերով մոտենում է սյանը հենված, գետնին նստած, անթարթ հայացքը նկարին հառած հանցագործին, նրա մոտ է թողնում մուրճը, դանակը, ետ է գնում քահանայի մոտ, փլվում է նրա կողքին, կծկվում, հպվում է նրան:
– Տերտե՜ր…, – գոռում է հանցագործը, – տերտեր, էդ ճիշտ է՞, որ Հիսուսի հետ մի գող էլ է խաչվել…
Քահանան չի պատասխանում:
– ՔուԲ մերը…, – նրա արհամարհանքին ի պատասխան հայհոյում է հանցագործը, դարձյալ կում է անում շշից: – Տերտեր…, – շիշը կողմ դնելով թեքվում է դեպի նա, – մնաց վերջին հնարը… Օբյեկտդ պայթացնելու եմ…
Քահանան, անտարբեր, հայացքն անորոշ կետի, չի պատասխանում:
– Ես թաց գործի չեմ գնացել, – շարունակում է նա, – դու ես ինձ ստիպում…, – շշից օղի վերցնելով բերանը՝ դուրս է թքում: – Քու կյանքը՝ հեչ, տարիքդ առել ես, էսօր-էգուց կսատկես… Էդ աղջիկն ա մեղքս գալի… Խոսա, է՞…
– Անմիտ արարք է ուզածդ, – հայացքը չփոխելով ասում է քահանան: – Եկեղեցին կպայթի, գյուղում կլսեն պայթյունը, կտեսնեն ավերակներն ու կշտապեն վերև… Ի՞նչ պիտի շահես…
– Ասի, չէ՞, լավ ռազբոր անող կըլնես… Ուղեղդ կամպյուտեր ա…, – ոտքի է կանգնում, հավասարակշռությունը պահպանելով մոտենում է քահանային: – Կարծում ես մարզանքը պրծա՞նք… ՉէԲ-է՜…
Շողերն ընկալելու համար նրա ասածը՝ սևեռված, վախեցած նրան է նայում: Հանցագործը նկատելով դա՝ դիմում է աղջկան.
– Պապիդ ասա՝ թող պատրաստվի… Եղունգների տակ, – շարժումով բացատրում է, – ասեղներ եմ շարելու… Գանգը բացելու եմ…, – ավելի է բորբոքվում, – աչքի մեջ մեխ եմ խփելու…, – աղջիկը նվվում է, – լեզուն կտրելու եմ.., – աղջիկը հեծեծում է, – ատամները քաշելու եմ… պռոշներն ու ականջները կտրելու եմ…, – Շողերը չի կարողանում զսպել կականը, – շշի վրա եմ նստացնելու, – մոլեգնում է, – ձվերդ պոկելու եմ , տերտե՜ր…
– Բավական է, – գոռում է քահանան, – խիղճ ունեցիր, մեղք է աղջիկը…
– Ա՞յ… աԲյ, նոր՝ տեղ հասա՜վ… Քեզ հինգ րոպե ժամանակ, տերտեր, մտածի: – Ծխախոտ է վառում, գնում, փլվում է իր սյան տակ:
Շողերը մորմոքուն մզզոցով գրկում է քահանայի գլուխը, այտը հպում է այտին:
Հանցագործն անտարբեր ծխում է, ապա փակում է աչքերը: Նրա ունկերում ահագնորեն հնչում են բանտի միջանցքում արձագանքվող ոտնաձայները, բանալու չրխկոցը` փականի մեջ, բացվող դռան ճռինչը… Ընդոստ բացում է աչքերը՝ ձայները մարում են: Գլուխը թեքում է դեպի քահանան: Շողերը, սսկված, գլուխը հենել է կրոնավորի կրծքին, իսկ քահանան անթարթ հայացքն ինչ որ կետի է հառել:
Հանցագործը նայում է քահանայի հայացքի ուղղությամբ: Լարում է տեսո-ղությունը: Դիմացի անկյունում՝ հիմքին մոտ, խոռոչ է երևում: Հանցագործն ավելի ուշադիր է նայում խոռոչին, ապա ոտքի կանգնելով ուղղվում է դրան՝ ճանապարհին վերցնելով այրվող մոմերից մեկը:
Հիմքի ու հատակի հատման տեղում բռնցքաչափ մութ խոռոչ է: Հանցագործը ստուգողական քմծիծաղով նայում է քահանայի կողմը: Վերջինս, ատելությամբ, շրջում է հայացքը:
– Հը՞, տերտեր, հիմի ի՞նչ կասես…
Քահանան լուռ է:
Հանցագործը հակվում է խոռոչին, մոմի լույսով փորձում է լուսավորել անցքի ներսը: Ոչինչ չի երևում: Նա մոմը մի կողմ է դնում: Քինախինդ, մանրիկ ծիծաղով նայելով քահանային, քշտում, ծալում է վերնաշապիկի ձախ թևքը, ծնկելով, ձեռքը մտցնում է անցքի մեջ: Նրա դաստակը՝ մինչև արմունկը, առանց դժվարության ներս է սողոսկում:
Պառկելով կողքի, Հանցագործը հարմարեցնում է դիրքը և ձեռքն ավելի է խորացնում ներս: Նրա դեմքից զգացվում է, որ անցքի մեջ, մատներով, ինչ որ բան է շոշափում, միաժամանակ՝ ջանում է էլ ավելի խորանալ: Հանկարծ, ցավագարորեն ճչում է ու թափով ետ է քաշվում: Նրա ձեռքին կարմրին են տալիս արյան զույգ պտերը և նույն պահին խոռոչից դուրս է սողոսկում մի օձ:
– Օձը՛… օձը՛…, – սարսափահար ետ թավալվելով գոռում է նա:
Իժը գալարվում է մի կողմ:
Վիրավոր ձեռքն ամուր սեղմած` հանցագործը կծկվում, ընկնում է կողքի:
Օգտվելով առիթից Շողերն անմիջապես քանդում է կապերը:
– Օգնիր նրան, – տագնապով կարգադրում է քահանան: Շողերը լայն բացված հարցական հայացքը հառում է կրոնավորին: – Մի՜ կանգնիր, – ոտքի կապերն արձակելով ասում է կրոնավորը, – օգնիր նրան…
Անսալով քահանային Շողերը շտապում է մոտենալ գետնին թավալվող հանցագործին, իսկ կրոնավորը, կաղին տալով վազում է դուրս:
Ծնկելով ցավից գալարվող հանցագործի մոտ, Շողերն ամուր բռնում է նրա դաստակն ու սկսում է վերքը ծծել՝ արյունը դուրս թքելով:
Հանցագործի շուրթերը, մատները դողում են ու կուլ գնացող աչքերով նա հնազանդորեն ենթարկվում է աղջկա հրումին՝ պառկում է մեջքի վրա:
Բուսատերևների փունջ ձեռքին ներս մտած քահանան շտապում է օգնել Շողերին՝ մերսելով վիրավորի ձեռքը՝ ուսից դաստակ, վերքից դուրս մղելով արյունը:
Ձեռքը մեկնելով սյանը Շողերը ճիչ է արձակում: Աղջիկը օղու շիշն է ցույց տալիս: Քահանան շտապում է շիշը մոտ բերել: Օղիով լվալով վերքը կրոնավորը դրանով թրջում է նաև դեղաբույսն ու դնում է վերքին:
– Պահարանում վիրակապ կա, աղջիկս, բեր, – կարգադրում է ուշադիր իրեն հետևող Շողերին:
Աղջիկը շտապում է քահանայի խուցը:
Հանցագործը շաղված, վախեցած հայացքով նայում է քահանային:
– Վտանգն անցած է, – հուսադրում է քահանան՝ մատը հպելով նրա զարկերակին:
Վրա հասած Շողերը քահանային է մեկնում վիրակապը:
– Թեյ պատրաստիր, – հանձնարարում է աղջկան ու սկսում է վիրակապել վերքը:
Գլուխը ետ գցած շնչարգելվող հանցագործի աչքերը կուլ են գնում: Նա արդեն դողում է ողջ մարմնով:
– Չքնես,– հորդորում է քահանան, – դիմադրիր: Հուսանք՝ վտանգն անցած է…, – ձեռքը հպում է վիրավորի ճակատին: – Դու լսու՞մ ես ինձ…դու լսու՞մ ես ինձ, – ավելի բարձր երկրորդում է քահանան:
Հանցագործը գլխի շարժումով հաստատում է:
– Հիմա թեյ պիտի խմես, տաք և շատ…շատ պիտի խմես: – Գրկելով բարձրացնում, նրա առողջ ձեռքը գցում է իր պարանոցից: Օգնության հասած Շողերը վիրավորին ուսում է մյուս կողմից ու նրան դժվարությամբ, տանում են դեպի խուց-ննջարան:
Հանցագործի գետնին հառված մոլար հայացքում առաջ քայլող քահանայի բոբիկ ոտքերն են՝ այրվածքի կարմիր հետքերով: Ձախ բթամատի արանքում դեռ մնացել է կիսով չափ այրված թղթի շերտը…
… Թավջութակի մեղեդու ծանոթ ֆրազը երբեմնակի ահագնանում ու թուլացած մարում է:
Նույնը կրկնվում է:
Նույնը կրկնվում է կարմրող, արնակարմիր դարձած ֆոնի վրա փոքրիկ ու վառ դեղին գունդ առաջ բերելով, տարալուծվելով:
Նույնը կրկնվում է՝ վառ դեղին ֆոնին փոքր ու կարմիր գունդ առաջ բերելով: Թավջութակի ֆրազը շարունակվում, ծավալվում է: Գունդը որոշակիանում է:
Գունդը կարմիր խնձոր է:
Խնձորը վաճառասեղանին բրգաձև դարսված կարմիր խնձորներից մեկն է:
Էտյուդնիկն ուսած տղան հափշտակված նայում է խնձորներին:
– Տղա, հալա մոտ արի, – կանչում է նրան սպիտակ, կեղտոտ գոգնոց կապած, մարմնեղ, բեղավոր վաճառողը:
Տղան մոտենում է:
– Ու՞ր ես գնում, – հարցնում է բեղավորը:
– Տուն:
– Դպրոցից ե՞ս գալիս:
Տղան գլխով է անում:
– Դասից փախել ե՞ս:
Տղան բացասական շարժում է գլուխը:
– Էն քու հերը չի՞, – գլխով ցույց է տալիս դատարկ արկղերին փռված, փսխած հարբածին:
Տղան, նկատելով հորը, ապտակ ստացածի պես կծկվում է:
– Հորդ տար տուն, – չարանում է վաճառողն ու թքում է հարբածի կողմը, – թյու՜, հարամ ծնունդներ…
Մահճակալին պառկած հանցագործը թմբիրի մեջ ծանր տնքում, անհանգիստ շարժում է գլուխը: Շողերը, անձեռոցիկով սրբում է նրա դեմքի առատ քրտինքը:
– Քո գնալու ժամանակն է, – մոմակալի մոմը վառելով ասում է քահանան: – Տանն ասա՝ տեր հայրն էր հիվանդացել:
Շողերը հասկացող գլխով է անում:
Մոմի լուսավորության տակ երևակվում է քահանայի գլխի վիրակապը: :
– Գնա, աղջիկս, ես կխնամեմ:
Շողերը գնում է՝ շեմքի վրա քահանային հրաժեշտի հայացք գցելով:
Նստելով մահճակալի եզրին, քահանան զգուշությամբ քանդում է վիրավորի վիրակապը:
Թավջութակը սկսում է երաժշտական ֆրազը, բայց այն վեր է ածվում կոպիտ, անախորժ խզժոցի, ապա՝ երկար ու ձիգ զանգի:
Դասամիջոցի զանգը հնչելուն պես դպրոցի դատարկ միջանցքը լցվում է դասարաններից դուրս հորդող աշակերտների հոսքով ու աղմուկով:
8-րդ Բ դասարանի տղաներն անչար գզվrտուքի մեջ են: Պատից կախված Մարքսի, Լենինի, Էնգելսի նկարներն ասես հետևում են տղաների չարաճճի խաղին:
Մեզ ծանոթ տղեկը չի մասնակցում գզվռտուքին: Նա, կողմ կանգնած, աչքերը կկոցում, նայում է Լենինի ժպտուն դեմքին ու ինքն էլ է ժպտում նրան: Դա նրա խաղն է:
Գզվրտողներից մեկը, դուրս պրծնելով խմբից, պայուսակը շպրտում է ընկերոջ վրա: Պայուսակը խփվում է Լենինի նկարին ու շրջանակը ցած է գցում: Փշրվող ապակու ձայնից տղաները սթափվում են ու տեսնելով կատարվածը` ճանկում են պայուսակներn ու դուրս են փախչում:
Վրա հասած ուսուցչուհին հայտնաբերում է փշրված շրջանակով նկարն ու կողմ կանգնած տղային:
– Ես չեմ արել, – արտաբերում են թմբիրի մեջ գտնվող հանցագործի չորացած շուրթերը, – ես չեմ արել…
Քահանան վիրակապում է նրա դաստակը:
– Ես չեմ արել, – ասում է դպրոցի տնօրենի դիմաց կանգնած տղան՝ պարզ, անկեղծ հայացքով:
– Բա ո՞վ է արել, ա՜յ լակոտ… Ինքն-իրեն ընկա՞վ, – գրասեղանի ետևից ցասկոտ գոռում է տնօրենը:
– Անցած օրն էլ Արմինեի պայուսակից խնձոր էր գողացել, – ասում է տղային տնօրենի մոտ բերած ուսուցչուհին:-Ասում է` գույնը լավն էր, նկարելու համար էի վերցրել… Էսօր խնձորը դուրն եկավ, վաղը բանկն է դուրը գալու..նկարչիս տես…
– Դու հասկանում ե՞ս, թե ինչ հանցագործություն ես արել, այ տղա, – գրասեղանից բարձրանում է տնօրենը, – Լենինի նկարն է փշրում… Դասարանցուն է թալանում…, – տնօրենը մոտենում է նրան, ձեռքը մեկնում, կոպտորեն պոկում է տղայի կրծքի կոմերիտմիության նշանը, – դու արժանի ե՞ս սրան, լակո՜տ, – շառաչուն ապտակ է հասցնում դեմքին:
Տղայի աչքերում արցունք է լճանում:
– Ես չեմ արել, – հայացքը չի իջեցնում նա:
Քահանան գդալով թեյ է լցնում թմբիրի մեջ տառապող, անհասկանալի բառեր ասող հանցագործի բերանը:
Վիրավորն, անուժ, փորձում է բացել աչքերը, բայց նրան հակված քահանայի պատկերը տարալուծվում է դեղինի մեջ ու, դարձյալ, կարմիր գունդը որոշակիորեն ձևավորվում է խնձորի:
Շուկայամերձ փողոցում, պայուսակն ուսած, գլխահակ ու անկամ տղան կանգ է առել մայթեզրին ընկած կիսով չափ կծած կարմիր խնձորի մոտ: Նա հայացքը բարձրացնում, նայում է քիչ հեռու բրգաձև շարված կարմիր խնձորներին, արևածաղիկ չրթող բեղավոր վաճառողին:
Վերցնելով մայթեզրի խնձորը տղան թափով ու ատելությամբ շպրտում է վաճառողի վրա:
– Խուլիգան շանորդի՛, – բրգի ցաքուցրիվից անակնկալի է գալիս վաճառողը, – բռնեք դրա՜ն, – նետվում է դեպի տղան, – հարբեցողի լակոտն է, ես դրա մերը…
Տղան փախչում է: Նրան հետապնդող վաճառողների խմբին միանում է նաև միլիցիոները:
Շողերը ցելոֆանե տոպրակով ուտելիքից բացի վարդերի փունջ է բերել: Նա ուտեստեղենը դասավորում է պահարանիկում՝ երբեմնակի նայելով մահճակալին պառկած հանցագործին:
Խուց մտած քահանան դույլով ջուրը դնում է անկյունում: Շողերը նետվում է նրա գիրկը, հպվում է կրոնավորին, ում ճակատին այրվածքի դարչնագույն հետքն է: Հայացք նետելով վիրավորին՝ աղջիկը հարցական նայում է քահանային:
– Ապաքինվում է, – ասում է քահանան, ապա նստելով աթոռակին, վարդերի թերերն առանձնացնելով, խնամքով դարսում է թավայի մեջ: Շողերն սկսում է օգնել նրան, բայց գործը կիսատ թողնելով գլուխը թեքում, չարաճճի նայում է կրոնավորին:
– Ի՞նչ պատահեց, – հարցնում է քահանան:
Փնջից ընտրելով վարդերից մեկը՝ աղջիկը խնդրագին նայում է նրան:
– Իհարկե, իհարկե, – համաձայնվում է քահանան:
Շողերն ուրախ ցատկում է տեղում, ծաղիկն ու ջրամանը վերցնելով դուրս է վազում:
Կեսօր է և գունավոր լաթերով ծառի ստվերը հազիվ ծածկում է բնի կողքից դուրս հորդող ջրի ակունքը: Ջուրը խոխոջում, լցվում է գուռն ու այնտեղից հոսում, կորչում է բլուրն ի վար խորացող ձորի մեջ:
Շողերը ծաղկի ցողունը սուզում է գռում, ամանով ջուր վերցնելով գնում, դատարկում է մոտակա շիրմաթմբի վրա, վերադառնում է, ջրամանը կրկին լցնում է ու վերցնելով ծաղիկը մոտենում է շիրմին: Ջուրը լցնելով շարունակում է խոնավացնել հողն ու ծաղիկը դնելով շիրմին՝ ցողունի կոթն ամփոփում է խոնավ հողի մեջ:
Նստելով քարակոշտին աղջիկը մի կողմ է նետում շիրմի չորացած դաշտային ծաղիկների փունջը, ապա կզակը հենելով ափին՝ մտորուն նայում է վարդին:
Եկեղեցուց արձագանքվում է վիրավորի ցավատանջ գոռոցը: Գմբեթին թառած վայրի աղավնիները խուռներամ վեր են թևածում: Ինչ-որ բան կռահելով Շողերը նայում է նրանց անհանգիստ թևելուն ու շտապում է ներս գնալ:
Խցում, մահճակալի եզրին նստած քահանան, մարմնով զսպելով վիրավորի գալարումը՝ շիկացրած նշտարով դաղում է նրա վերքը: Հանցագործը բառաչաձայն գոռում է:
Շողերը շտապում է օգնել քահանային՝ կառչելով վիրավորի դաստակից:
– Վեջացավ, վերջացավ, – հուսադրում է քահանան, ապա նշտարը կողմ դնելով, փոքրիկ գազօջախի վրա դրված թավայից վերցնում է բովվող վարդի թերթերը՝ դնում է վերքին, Շողերի օգնությամբ փաթաթում է վիրակապը:
– Դաժան ես, տերտեր…, – տնքում է հանցագործը:
– Ցավ կա, որ բուժիչ է, – սրբիչով մաքրելով ձեռքերն ասում է քահանան:
– Ցավի բուժիչը ո՞րն է, – չորացած շուրթերը լիզում է վիրավորը:
Քահանան չի շտապում պատասխանել: Սրբիչը կախ տալով պատի կեռից, Շողերին նշանացի հասկացնում է, որ դուրս գան: Աղջիկն անմիջապես հնազանդվում է:
– Հոգուդ ցավը բուժիր, – շեմից շրջվում է քահանան, ապա դուռը բաց թողնելով դուրս է գալիս խցից:
Մնալով մենակ հանցագործն առժամանակ պառկած է՝ հայացքն առաստաղին: Հենվելով արմունկներին նա փորձում է նստել, բայց անուժ ետ է ընկնում:
– Տերտե՛ր, – կանչում է նա, – տերտե՛ր…
– Ի՞նչ է պատահել, – դռների մեջ հայտնվում է քահանան:
– Մի ծխախոտ տուր, – տնքում է վիրավորը:
Քահանան ծխախոտ է մեկնում նրան, մոտեցնում է հրահանը:
– Ապրես, – ծուխը դուրս փչելով ասում է հանցագործը, – օրենքը ո՞նց է, – առանց քահանային նայելու, դժվարությամբ շարունակում է խոսել, – տերտերներիդ ո՞նց են կանչում:
– Տեր հայր:
– Տեր հայր: – Կրկնում է հանցագործը: – Էն աղջկա անունն ի՞նչ է:
– Շողեր:
– Ծնված օրի՞ց է, որ…
– Ծնված օրից:
– Բա էն…, – ագահաբար կուլ է տալիս ծխախոտի ծուխը, – … էն ի՞նչ գերեզման է ծառի մոտ:
– Լուսահոգի նկարիչն է: Անբուժելի հիվանդ էր, խորհուրդ էին տվել լեռնային վայրում ապրել, բայց…
Քահանան սպասողական հապաղում է և տեսնելով, որ նոր հարցեր չկան, խորշից վերցնում է մոխրամանը, դնում պահարանիկի վրա ու դուրս է գալիս խցից:
Հանցագործը շարունակում է ծխել:
Ծուխը պատում է նրա գլխավերևը և քուլաների մուժում նա մտաբերում է…
…Ծխախոտի քուլաների մուժում, բանտախցում, սեղանի մոտ նստած թղթախաղ է խաղում Օրենքով գողի ու էլի մեկ ուրիշի հետ:
Օրենքով գողը մատով կտտացնում է քարտերից մեկին, բացում է խաղաթղթերը՝ երեք տուզ:
– Տարվեցիր, բրատ…
– Դու խառնեցիր թղթերը, – ասում է հանցագործը:
– Էդ ո՞նց խառնեց, որ ես չտեսա, – առարկում է երրորդը՝ բազմանշանակ հայացք նետելով Գողին:
– ԽառնեԲց: Վալետը թևքի մեջ ա:
– Դու ատվիչայ ե՞ս ասածիդ համար, – սպառնալից հարցնում է Գողը:
– Հազար տոկոսով:
– Արա՛, դու էդ ի՞նչ տոկոս կրակեցի՛ր, – հեգնում է երրորդը:
– Տո՜, տեղդ վեր ընկի, էԲ, – ափի հակառակ կողմով երրորդին ապտակում է Գողը և նա, քողարկված շինծուությամբ, աթոռից ցած է ընկնում՝ Գողի թևքից ճարպկորեն հանելով թաքցրած խաղաթուղթը:
– Ի՞նձ ընչի ես նեղացնում, – բողոքում է երրորդը:
– Արա՜, այ ճիճու, – նրա օձիքից բռնելով վեր է քաշում Գողը, – տեսնում ես, որ ստավկա կա՛, մարդու հետ խոսում ե՛մ… Տեղդ վեր ընկի, էլի՜, – հրում է նրան աթոռակին, շրջվում է հանցագործին, – թավանի տակ ես:
– Խառնեցիր թղթերը, – պնդում է Հանցագործը, – վալետը թևքիդ մեջ ա:
– Բա որ սուտ էլավ, ատվիչայ ե՞ս:
– Հա՜:
Կալանավորներից մի քանիսը նառերից կախված հետևում են նրանց վեճին:
– Էսքանն էլ ՝ վկա, – Գողը ցույց ՝ տալիս նրանց ու մեկնում է ձեռքերը, – ստուգի՜…
Շփելով ճակատը հանցագործը վանում է հիշողությունը, դարձյալ փորձում է նստել, չի հաջողվում: Ծանր փնչոցով կրկին պառկում է՝ ծխի քուլաներ բաց թողնելով:
Հիշողությամբ նա լսում է հետապնդող իր անդրադարձի հևքը, ոտնաձայները, իր վայր ընկնելը…
Ծխի ամպը գալարվում, ձևեր է ընդունում նրա գլխավերևում, ապա՝ ճերմակելով, ուրվագծվում է ճերմակ շապիկ հագած 14-15 տարեկան պատանու տեսքով:
Տղան՝ անթարթ հայացքը հառած անորոշ մի կետի, նստած է ճաղապատ լուսամուտներով մանկական գաղութի ննջարանում՝ կարմիր ներկված տախտակե հատակին, իսկ նրա շուրջը, շրջանաձև, ասես ձյան փաթիլներ, շաղ տրված թղթի կտորտանքներ են:
Նրա հասակակիցները քնած են:
Ինչ որ մեկը, անձայն, հուշիկ, տղայի թիկունքից գողեգող դուրս է սողոսկում ննջարանից:
Տղան, հոգու անդորրով նստած է:
Ներս են խուժում հսկիչն ու դաստիարակը, նրանց թիկունքում թաքնվող մատնիչ տղան: Դաստիարակը նայում է թղթերի կույտի մեջ նստած տղեկին, նկատում է կողքին ընկած մկրատը, հայացքը թեքում է ձախ. կարմիր սփռոցով սեղանիկի վրա աթոռ կա դրված, իսկ աթոռից քիչ վերև՝ պատից կախ, երեք շրջանակ: Մեջտեղի շրջանակը դատարկ է, իսկ դրանից աջ ու ձախ՝ Մարքսի, Էնգելսի նկարներն են:
Վրա պրծնելով հսկիչը ճանկում է տղայի վզակոթը, նրան կոպտորեն քարշ է տալիս դուրս, իսկ դաստիարակը շտապում է վերցնել մկրատն ու հավաքել թղթի կտորտանքները, որոնք, ինչպես երևում է մի քանի շերտերից, Լենինի նկարի մնացորդներն են:
– Ձեր տիրոջ մերը…, – մռլտում է հուշերից սթափված հանցագործն ու թեքվելով՝ կոթուկը հանգցնում է մոխրամանի մեջ:
Քահանան բահով հեռացնում է եկեղեցու հիմքին աճած ձաղկախոտերը, մի քանիսը ձեռքով արմատահան է անում:
Բլրից ներքև, դիմացի սարն ի վեր ձգվող ճանապարհով, գերանդիավորներ են բարձրանում: Նրանցից մեկը ձայն է տալիս.
– Բարի օ՛ր, տեր հա՜յր…
Քահանան ուղղվում, նայում է ձայնի կողմը:
– Բա՛րև, – թափահարում է ձեռքը, – Մուշեղ, դու՞ ես…
– Ես եմ, ե՛ս… Իմացա՝ հիվանդ ես, լավացա՞ր:
– Աստծո օրհնությա՛մբ…
– Հիմի լավ ե՞ս, թե՞՝ չէ՛…
– Լավ ե՛մ, լա՜վ…
Հնձվորները շարունակում են ճանապարհը:
Քահանան շրջվում է շարունակելու գործը և նկատում է, որ վիրակապված հանցագործը, պատին հենված՝ խուսափում է հնձվորներին երևալուց: Քահանան բահը հենում է պատին, մոտենում է նրան, ծխախոտ է հյուրասիրում:
Պատի տակ կանգնած, առժամանակ լուռ ծխում են:
– Դեռ մի երկու օր թույլ կզգաս քեզ, – առանց նրան նայելու ասում է կրոնավորը, – գլխապտույտ, շնչարգելություն…
Հանցագործը չի պատասխանում, հրվելով պատից զգուշությամբ քայլում է դեպի փարթամ սիզախոտերը:
Միմյանց ուսած սարերն ասես հայտնություն են նրա համար: Առջևում վիհ է: Նա կանգ է առնում, բարձրից նայում է շուրջը:
Թավջութակը կրկին ,,արթնանում,, է ու մեղեդու ներքո սարալանջերի կորությունները, ձորակից վեր կուչ եկած անտառակը, հեռվում՝ հնձված լասերը հավաքող կանայք, խոտը բեռնատարի թափքում բարձող հնձվորները, ծիծեռնակների կտրուկ շրջադարձերով ճախրանքը նորից-նոր հայտնաբերում են աշխարհը…
Հանցագործը նստում, ապա պառկում է մեջքի վրա, հայացքը հառում կապույտ երկնքում ծիծեռնակների անհանգիստ ճախրանքին:
Նա փակում է աչքերն ու կրկին իր անդրադարձի հետ խաղն է:
Տղեկն իր ետևից է ընկել, իսկ ինքն ամենևին էլ պատանի չէ, այլ՝ ճիշտ այս տարիքում ու տեսքով: Վազում է սարալանջն ի վեր, ճգնում է փախչել հետապնդող տղեկից: Շունչը կտրվում, հևում է, ճակատը, դեմքը պատված են քրտինքով: Գեր-մարդկային ճիգով, ուշադրություն չդարձնելով սրունքներին խփվող փշերին, նա փախչում է տղեկից ու սայթաքելով վայր է ընկնում: Բարձրացնում է դաստակը՝ խայթոցի զույգ հետքերն են, որոնց վրա կաթիլվում է արյունը:
Նրա ուսին մեղմորեն հպվում է տղեկի ձեռքը:
– Վտանգն անցած է, – ժպտում է տղան, – դիմադրիր…
– Ի՞նչ ես ուզում ինձնի՛ց, – նրան հրելով, ատելությամբ գոռում է Հանցագործը, – քեզ ի՞նչ է պետք…
Տղեկն անքեն ժպտում է:
– Ռա՜դ էղի, – գոռում է Հանցագործը:
– Դիմադրի՜ր, – վճիտ ժպտում է տղան ու դանդաղ անէանում է:
Տեղում գալարվող հանցագործը սթափվում է մղձավանջից, բացում է աչքերը, թևքով սրբում է ճակատի քրտինքը, նայում է շուրջբոլորը:
Շողերը դաշտային ծաղիկներ քաղելով մոտենում է շիրմաթմբին, ծնկում է դրա մոտ: Նա մի կողմ է գցում թոշնած վարդը և ձեռքի փունջը դնում է թմբին: Կողքից ձգվող ստվեր նկատելով՝ կտրուկ շրջվում է: Հանցագործն է՝ ձեռքին մի քանի ծաղիկ բռնած: Նա կռանում, ծաղիկները դնում է Շողերի ծաղիկների կողքին: Նրանց հայացքները հանդիպում են: Հանցագործը փախցնում է հայացքը, ուղղվում, քայլում է դեպի եկեղեցին:
Աթոռակին նստած Շողերը դիրք է ընդունում: Հանցագործը, ում ձեռքը դեռ վիրակապված է, նկարակալի առջև կանգնած, տյուբիկներից տարբեր գույների յուղաներկ է մզում ներկապնակին, վրձնով խառնում է գույները, ապա նկարակալը տեղաշարժում է Շողերին դիմահայաց, վրձինն առաջ է մեկնում, աչքերը կկոցում, նայում է աղջկան: Շողերը հրճվանքի ճիչ է արձակում. նրան ծանոթ է այդ ժեստը:
Հանցագործը սկսում է նկարել՝ շարունակել Տիրամոր կիսավարտ նկարը՝ դնդնալով մեզ ծանոթ թավջութակի մեղեդին:
Ներս մտած քահանան անաղմուկ, աննկատ առաջանում, հենվում է սյանը:
– Դու կարծում ես՝ ես միայն հանցագործ ե՞մ, – նկարելով խոսում է Հանցագործը: – Նկարչական դպրոց եմ ավարտել: – Նրա շուրթերին ուշադիր հետևող Շողերը պայծառանում է: – Թերլեմեզյան ընդունվեցի, բայց… կյանքն ուրիշ կերպ դասավորվեց: –Շողերը մտահոգ է դառնում: – Մանկական գաղութում, շաբաթը՝ մեկ, ուսումնարանից դասատու էր գալիս, պարապում էր մեզ հետ… Ինձնից, ցուցահանդեսի համար, երկու նկար ընտրեցին, տարան…, – մռայլվում է, – բայց ինձ չթողեցին բացմանը գնամ…, – Շողերը ցավակցական տեսք է ընդունում: – Ես քո նկարչից ավելի լավ կնկարեմ…, – Շողերը կծկվում, տխրում է: – Դե լավ, մի նեղացի, ի՞նչ ասի, որ…
Նրանց հետևող քահանան մռայլ մտորումների մեջ է: Նրան, կարծես, դուր չի գալիս այդ մտերմությունը:
– … Հիմա որ գաղութն էլ գնաս՝ իմ նկարներից կա: Երկու գործ էլ Վլադիմիրի բանտում ունեմ՝ պետի սենյակում են կախ տվել… Ճիշտն ասած, – շարունակում է Հանցագործը, – ես խաչված Հիսուս շատ եմ նկարել, քան՝ Աստվածածին… Դե, բանտերում, գաղութներում Հիսուսին ավելի են տեղ տալի…
– ԴաջվածքներոԲվ, – ասում է քահանան:
Հանցագործը բարձրացնում է հայացքը: Շողերը, նկատելով, շրջվում է հայացքի ուղղությամբ՝ դեպի քահանան:
– Ի՞նչ…
– Ասում եմ՝ մեր տեր Հիսուսին դաջում եք ձեր բազուկներին, կրծքներին, մեջքներիդ վրա, – սառնությամբ շարունակում է քահանան,- բայց ձեր հոգու մեջ նա տեղ չունի:
– Չէ… չէի ասի, – պարզամտորեն ասում է հանցագործը, – կալանավորներն ավելի անկեղծ… ո՞նց ասեմ… ավելի սրտանց են հավատում Աստծուն, քան՝ ազատության մեջ գտնվողները… Այ, մի հետաքրքիր բան ասեմ, ես ,,Հայր մերը,, չգիտեի, բայց նեղ տեղում, անկախ ինձնից, լրիվ ու պարզ հիշեցի մորիցս լսածը:
– Ավելի սրտանց հավատում եք, աղոթքը հիշում, բայց դուրս եք գալիս բանտից՝ եկեղեցի եք խորտակում, – նետում է քահանան և հրվելով սյունից ուղղվում է իր խուցը:
Հանցագործը մի պահ քարանում է, ապա թուլացած, գլխահակ նստում է աթոռակին:
Խուճապի մեջ ընկած Շողերը քայլ է անում դեպի նա, կես ճամփից ուզում է գնալ քահանայի ետևից, բայց շրջվում ու դուրս է վազում եկեղեցուց:
Սիզախոտերի մեջ դեմքի վրա փռված հանցագործը բռունցքներով ուժգին, միալար հարվածում է գետնին, դեմքը սեղմում է ճմբերին, ճանկռտում է հողը… Անկապ, անհասկանալի բառերից կարելի է սոսկ գուշակել, որ նա անհասցե մաքառում, կռիվ է տալիս…
-Օ՛ֆ…, – տնքում է նա, – օօ՛ֆ…, – շրջվում է մեջքի վրա: Նրա հողոտ դեմքը ողողված է արցունքներով: Շաղված աչքերը հառում է երկնքին: Օդը կարծես չի բավարարում, հևում է, ատամները սեղմած տնքում… Նրա կոպերը ծանրանում են:
,,Արթնանում,, է թավջութակը:
,,Արմենիա,, հյուրանոցի անկյունում, հսկայամարմին, մազախռիվ, չափից աճած մորուքով թավջութակահարը, ծալովի աթոռին նստած նվագում է: Հնամաշ, ինչ-որ ժամանակ շքեղ վերարկու կա հագին, իսկ բրդե ձեռնոցները մատներ չունեն: Տղան ակնապիշ հետևում է ցրտից կարմրած նրա մատների խաղին, աղեղի տարուբերին:
Ջութակահարի առջև դրված կոշիկի դատարկ տուփի մեջ մի քանի մետաղադրամ կա:
Հյուրանոցից դուրս եկած արտասահմանցին, մի քանիսի ուղեկցությամբ, ուղղվում է դեպի իրեն սպասող շքեղ մեքենան:
Տղեկը պոկվում է տեղից ու վազքով հասցնում է մոտենալ նրան այն պահին, երբ արտասահմանցու առջև վարորդը բացել է դուռը:
Տղեկն ինչ որ բան է ասում նրան՝ ձեռքով ցույց տալով նվագող ջութակահարին: Տղամարդը, նրան ուղեկցողները չեն հասկանում տղայի ասածը: Թարգմանչուհին, նեղվելով տղայի արարքից, այնուամենայնիվ թարգմանում է: Արտասահմանցին հասկացող գլխով է անում, ժպտում է, ապա ուղեկցին ինչ-որ բան է կարգադրում: Վերջինս շտապում է ծոցագրպանից հանել դրամապանակը, փնտրում, գտնում, մետաղադրամ է մեկնում տղային: Արտասահմանցին ձեռքը մեկնում է դրամա-պանակին, թղթադրամ է հանում, մեկնում է տղային՝ հասկացնելով, որ դա հենց նրա համար է: Մետաղադրամը սեղմելով բռում, տղեկը եռանդուն տարուբերում է գլուխը, հրաժարվում թղթադրամից ու ետ է վազում:
Մետաղադրամը տղեկը խնամքով դնում է տուփի մեջ՝ մյուսների կողքին: Նվագելն ընդհատած ջութակահարը նայում է արտասահմանյան դրամին, տղեկին, մազ ու մորուքի միջից բարեհոգի ժպտում է, ձեռքը տանում է հնամաշ վերարկուի մեջ, կարմիր խնձոր հանելով մեկնում է տղային…
Շողերի կարմիր խնձոր բռնած ձեռքը հայտնվում է անթարթ երկնքին նայող հանցագործի աչքերի առջև և, նույն ակնթարթին, տղամարդը ճանկում է խնձորն ու թեքվելով դեպի նա՝ գետնին է տապալում աղջկան, գրկում, կրակոտ համբույրներ է տեղում դեմքին, ճակատին, պարանոցին, թույլ պաշտպանությամբ առաջ բերած ձեռքերին…
Աղջիկը չի դիմադրում ու կոկորդային ձայներով, ճիչերով փարվում է նրան: Նրանց շուրթերը ձուլվում են: Տղամարդու ձեռքը վեր է քաշում աղջկա փեշը: Բարձրացնելով կոնքը՝ աղջիկը հնարավորություն է տալիս տղային մերկացնել իրեն: Տղամարդն անհագուրդ համբուրում է կրծկալից դուրս բերած նրա կրծքերը: Աղջիկը մատներով շոյում, իրեն է հպում տղայի գլուխը՝ ձյունաճերմակ ազդրերն իրարից հեռացնելով ընդունում է նրան …
Խցի պատուհանից կիսով չափ երևացող քահանան հետևում է նրանց սիրուն:
Եռացող արյունը տեղի է տալիս ու տղամարդը խոնջացած, ողջ մարմնով փռվում-փարվում է աղջկան: Շողերը, հայացքը երկնքին, դեռ ապրում է իր վայելքով: Տղամարդը կողքի է թեքվում: Աղջիկը չի շտապում ծածկվել: Նա, երջանիկ ու անամոթ, ձեռքերը տարածում, թևելու շարժում է անում՝ ճիշտ իր հայացքում հայտնված բազեի պես, որը մի քանի պտույտ է գործում արբունքը մարած զույգի վրա, թևում, հեռանում է դեպի հեռավոր կատարները:
Գույնզգույն լաթերով ծառի մեջ խճճված քամին ծածանում է նրա դրոշակները:
– Վերցրու իրերդ ու հեռացիր այստեղից, – չշրջվելով ասում է խորանի առջև կանգնած քահանան:
Աթոռակին նստած հանցագործը փորձում է մեղմացնել նրան.
– Տեր հայր… Ես… Ես նեղություն չեմ տա ձեզ:
– Դու արդեն արեցիր այն, ինչի ընդունակ էիր: Տանջեցիր մեզ, պղծեցիր եկեղեցին, անբախտացրիր աղջկան… Աստված մի արասցե` դրանից է՜լ ավելի փորձանք բերես:
– Ես սիրում եմ նրան, – գլխահակ ասում է Հանցագործը:
– Դա քեզ թվում է:
– Նա նման է իմ մորը…
– Նա Տիրամորն է նման:
– Պսակիր մեզ:
– Այր ու կին մեկ հոգի, մեկ մարմին են: Ինչպե՞ս կարող եմ պիղծ ու ապական-վածին՝ անաղարտ հոգուն ձուլել… Գնա՜ այստեղից:
Հանցագործը լռում է, ապա խոստովանելու պես ասում.
– Ես գնալու տեղ չունեմ:
– Որտեղից եկար՝ այնտեղ էլ գնա:
– Ես փախել եմ բանտից:
Քահանան անհողդողդ է:
Դուրս գալով եկեղեցուց Հացագործը նայում է կեսօրվա արևը ծածկող, կուտակվող ամպերին ու տարտամ քայլերով ուղղվում է դեպի սիզախոտերը:
Հասնելով զառիթափի եզրին, նա ծխախոտ է վառում, հոգոցի պես արտաշնչում է ծուխը: Սպասումով նայում է գյուղ տանող ճանապարհին: Ոչ ոք չի երևում: Գլխահակ շարունակում է ծխել: Նրա ուշադրությունը գրավում է վիհի պռնկից քիչ ներքև աճած, հովից տարուբերվող վառ կարմիր ծաղկաբույլը: Ծնկելով՝ ձեռքը մեկնում է ծաղկին: Չի հասցնում: Ձգվում է առաջ ու գայթելով սահում է ներքև:
Թավալգլոր գահավիժող տղամարդն անօգուտ կերպով փորձում է կառչել մացառներից… Խփվելով դարահոսի կողին աճած բարալիկ ծառի բնին՝ նա կառչում է դրանից: Դա վիհի վերջին հենարանն է, ներքևում՝ ձորի երախն է: Ծառաբնից կառչած տղամարդը ճոճվում է անդունդի վրա: Նա ճիգ է գործադրում վեր ձգվելու: Չի հաջողվում: Էլի է փորձում և հասցնում է աջ ձեռքը գցել քարի ելուստին: Բաց չթողնելով ծառաբունը, աջ ձեռքի պրկած մատներով ելուստը ճանկած, փորձում է վեր հրվել: Ելուստը ցնցվում է: Ուշք չդարձնելով դրան, տղամարդը ուժերի վերջին ճիգով վեր է հրվում, բայց ելուստը տեղի է տալիս ու տեղահանված հսկա քարաբեկորը խուլ թնդյունով գահավիժում է ներքև՝ ձորակողին բացելով այրանման մութ խոռոչ: Երկու ձեռքով կառչելով ծառի բնից՝ տղամարդը ճոճվում է ու ոտքը հասցնում խոռոչի եզրին: Կառչելով թույլ ելուստներից, նա մարմնի ծանրությունը հակում է դեպի խոռոչն ու ծառաբնից հրվելով ընկնում է բացվածքի եզրին, որի եզրահողը փշրվում է նրա արմունկների տակ, սպառնում գահավեժ անել: Նրա մատներն այս անգամ ցավագնորեն ճանկում են խոռոչի հատակը: Ոտքերով ելուստ, քարակոշտ է փնտրում, գտնում ու հրվում է վեր… Վտանգն անցած է: Նա հևալով փռվում է անձավի հատակին: Քիչ անց, շունչը ետ բերելուց հետո, ոտքի է կանգնում, զգուշորեն մոտենում է բացվածքի եզրին, նայում աջ, ձախ, վեր ու վար: Դուրս գալու, վեր ելնելու հնար չկա: Շրջվում է ետ՝ մութ խոռոչն է: Զգուշորեն քայլում է դեպի խավար: Ակնակիր մթություն է: Վառում է հրահանը, բարձրացնում է բոցը: Թրթռացող բոցի լույսի տակ՝ քարակոփ պատվանդանի վրա, ուղղանկյուն առարկա է երևում: Քայլ է անում առաջ… Կարծես փոքր սնդուկ է: Բոցը հանգչում է: Տենդորեն նորից է վառում հրահանը, ուշադիր նայում է… Քարակոփ պատվանդանն ու առարկան չկան, աջ ու ահյակ՝ անշունչ անձավի տձև, սառը պատերն են: Մատներով տրորում է աչքերը, դարձյալ լուսավորում է խորքը, լարում է տեսողությունը.ուղղանկյուն առարկայի պատկերը թրթռում է հրահանի բոցից…
Գյուղից հևիհև եկեղեցի հասած Շողերը շրջակայքում ու գավթում ոչ ոքի չտեսնելով ուսի կապոցը գցում է մի կողմ ու շտապում է դեպի խուցը:
Քահանան, խցում, մահճակալի եզրին նստած, մոմի լույսի տակ աղոթագիրք է կարդում:
Աղջիկը խուճապահար մոտենում է նրան ու շարժումներով, ռնգային ձայներով սկսում է հասկացնել, որ գյուղում ուսադիրներով մարդիկ կան, հանցագործ են փնտրում:
Քահանան անտարբեր է նրա հուզմունքին: Նա աղջկա սպասողական, տագնապով լի հայացքին ուշք չդարձնելով ինչ որ բան է մտմտում, ապա, վճռելով, ոտքի է կանգնում, տեղաշարժում է մահճակալն ու դրա ոտքի տակ եղած սալաքարը բարձրացնելով՝ պահոցից հանում է երկփողանի որսորդական հրացանը, փամփուշտներ: Զենքը լիցքավորելով նա շտապում է դուրս: Ապշած, անակնկալի եկած Շողերը կրնկակոխ հետևում է նրան:
Դուրս գալով եկեղեցուց քահանան քայլում է գյուղահայաց կողմն ու կանգ առնելով՝ հրացանն ուղղում է երկինք: Գուշակելով նրա արարքը՝ Շողերը կռավում, կառչում է նրա թևքից ու աղերսալից տարուբերելով գլուխը՝ թույլ չի տալիս կրակել: Քահանան կոպտորեն ազատում է թևքը, դարձյալ ուսում է հրացանը: Շողերը կառչում է հրազենից ու ճանկելով փողը՝ ձգում է ներքև, դեմ է տալիս իր փորին ու կողկողաձայն ծնկում է:
Քահանայի խոժոռ հայացքը հառվում է աղջկա լալահառաչ դեմքին:
Շողերի գութ աղերսող աչքերը ծովացած են արցունքներից:
Քահանան դանդաղ խոնարհում է հայացքը, բաց է թողնում զենքն ու թևաթափ շրջվում, գլխահակ հեռանում է:
Վերցնելով զենքը Շողերը վազում է դեպի զառիթափն ու հրացանը թափով շպրտում է ձորը, ապա փնտրող, անհանգիստ չորս կողմը նայելով շտապում է դեպի սիզախոտերը, որից մի հատված տրորված է իրենց հանդիպումից: Կանգնելով այդ բացատում, նա անհանգիստ շուրջն է նայում՝ փնտրելով Հանցագործին, անտեղյակ, որ նա իրենից քիչ ներքև՝ անձավում, անել նստած ծխում է:
Աղջիկը զգում է ծխախոտի հոտը: Շարժում է ռունգերն ու համոզվելով, որ դա ծխախոտի ծխից է ուրախ ճիչ է արձակում, տեղում պտտվում, փնտրում է տղամարդուն:
Լսելով աղջկա ձայնը Հանցագործը բարձրացնում է գլուխը.
– Շողե՛ր… Շողե՛ր, ես այստեղ ե՛մ…, – կանչում է նա, բայց սթափվելով, հիշում է, որ աղջիկը չի կարող իրեն լսել: Նա բռունցքը կատաղի թափահարում է՝ չիմանալով անելիքը:
Վերևում, անտեղյակ Շողերն աննպատակ աջ ու ձախ է ընկած:
Հանցագործը չորս կողմը նայելով քարեր է վերցնում ու սկսում է վեր նետել:
Հանկարծ, աղջիկը նկատում է քարը: Դրան հաջորդում է մեկ ուրիշը՝ վեր նետվող ու ձորն ընկնող: Երրորդը…
Շողերը ճչում ու վազ է տալիս դեպի եկեղեցին:
Խորանի առջև կանգնած քահանան մոմակալի վրա փոխում է այրված մոմերը: Շողերը շնչակտուր մոտենում է նրան, խուճապով, շարժումներով հասկացնում, որ հարկավոր է օգնության հասնել: Քահանան անտարբեր է:
Հիասթափված աղջիկը կարկամ ետ-ետ է քայլում, թափով շրջվում, վազում է դեպի ուղեպայուսակը, որի մոտ ընկած է կծկած պարանը: Վերցնելով կծիկը նետվում է դուրս:
Հասնելով վիհի եզրին աղջիկը կարկամում է: Նա գիտակցում է, որ իր ուժերից վեր է տղամարդուն վեր ձգելը: Աջ ու ձախ նայելով՝ հայտնագործած ճչում, վազ է տալիս դեպի գունավոր լաթերով զարդարված ծառը: Հապշտապ պարանը կապում է բնից, ձգում, ստուգում է կապի ամրությունն ու վերադառնալով զառիթափ, պարանը շպրտում է ներքև՝ խոռոչի ուղղությամբ:
Տեսնելով առջևը ճոճվող պարանը հանցագործը ճանկում է այն, ձգում, ստուգում է հուսալիությունն ու սկսում է վեր մագլցել: Հասնելով զառիթափի եզրին նկատում է հովից օրորվող կարմիր ծաղկաբույլը: Պոկելով ծաղիկը, ցողունը պահում է շրթերում, շարունակում է վեր ձգվել:
Բերանքսիվայր փռված Շողերը նրան է մեկնում ձեռքը:
Ծուղակից ազատված հանցագործը հևալով մեկնվում է սիզախոտերին: Նրան հպված Շողերը աղիողորմ նվվում, շուրթերով, այտով շոյում է նրա այտը: Տղամարդը ցուցամատով սրբում է աղջկա ծոր տվող արցունքի կաթիլը, նրա ռունգերին է մոտեցնում ծաղիկն ու աղջկան գիրկն է առնում…
Եկեղեցու նեղլիկ պատուհանից նրանց է նայում քահանան:
Վերջին վրձնահարվածներով տղամարդն ավարտում է նկարը, աչքը չկտրելով կտավից, գոհունակ, լաթով սրբում է վրձինը:
Շողերի դիմագծերով Տիրամայրը պատկերված է զարդանախշ այն հագուստով, որն ուներ տղեկի մայրը՝ լուսանկարում:
Շողերի հիացական հայացքի տակ տղամարդը նկարակալից վերցնում է նկարը, ձայն է տալիս խցի կողմը.
– Տեր հա՛յր… Տեր հա՛յր…
Քահանան դուրս է գալիս խցից:
– Տեր հայր, – առաջանում է տղամարդը, – ընդունիր նկարը:
Քահանան զննում է, ապա վերցնելով նկարը՝ հենում է խորանի բեմեզրին:
– Քո անունն ի՞նչ է, – շարունակելով զննել նկարը՝ հետաքրքրվում է քահանան:
Տղամարդը չի շտապում պատասխանել, ապա, հայացքը փախցնելով, ասում է.
– Հանցագործ…
– Դու վատ չես նկարում, Հանցագործ, – չկտրվելով նկարից՝ ասում է քահանան:
Տղամարդը ծխախոտ է վառում ու ինքնագոհ, խոնջացած նստում է աթոռակին: Շողերը հիացմունքի մեջ է:
– Կներես, տեր հայր… մի հարց եմ ուզում տալ:
– Լսում եմ, – արձագանքում է քահանան:
-Եթե, օրինակ, պատահմամբ…գանձ գտնեիր, ինչպե՞ս կվարվեիր:
– Դարձյա՞լ, – մռայլվում է քահանան:
– Չէ, անցածը մոռացիր, խնդրում եմ, – շտապում է կրոնավորի կասկածը ցրել տղամարդը: – Ես լուրջ հարց եմ տալիս, ինչպե՞ս կվարվեիր:
– Դե , եթե դրանք եկեղեցական մասունքներ լինեին, անշուշտ՝ կհանձնեի Մայր աթոռին… Իսկ եթե անարժեք ոսկեղեն լիներ…ապա երկիրը հարուստ չէ, դրա կարիքը ունի:
– Իսկ քեզ ոչինչ չէի՞ր պահի:
– Ի՞նձ, – քմծիծաղում է քահանան: – Գանձ գտնողին, օրենքով, մասնաբաժին է հասնում: – Լռում է, ապա հեգնոտ նայելով՝ հարցնում, – գանձ ե՞ս գտել:
– Գտել եմ, – ոտքի է կանգնում Հանցագործը, մոտենում, գրկում է Շողերի ուսերը, – գտել եմ:
Քահանան խուսափում է նրանց նայել, իսկ Հանցագործը վճռական մոտենում է նկարակալին, կողքին դրված թղթերից ու մատիտներից վերցնում, նստում է աթոռակին ու արագորեն սկսում է նկարել:
– Եթե ինձ ես նկարում, դրա կարիքը չկա, – ասում է քահանան:
– Չէ, մեղայականս եմ գրում, – թղթից չկտրվելով ասում է Հանցագործը:
– Մեղայակա՞նդ… Դու որոշեցիր գնալ, հանձնվե՞լ…
–Որոշեցի: – Պատասխանում է Հանցագործը՝ արագորեն ճեպանկարելով բլուրն ու եկեղեցին՝ վիհի կողմից, անձավը, դրա խորքում՝ սնդուկ: Ավարտելով նկարը նա կարմիր մատիտով սլաք է գծում սնդուկի կողմը, ապա թուղթը ծալելով դնում է գրպանը:
– Փախուստի համար քեզ դարձյալ կդատեն:
– Գիտեմ, – ոտքի է կանգնում Հանցագործը, – մի երկու տարի կավելացնեն, – ուղղվում է դեպի պայուսակը, այնտեղից վերցնում է քարտաշի մուրճը, խրում է գոտկի մեջ, վերցնում է նաև պարանի կծիկն ու դուրս է գալիս եկեղեցուց:
Շողերն ու քահանան տարակուսած միմյանց են նայում:
Շողերը շտապում է տղամարդու ետևից:
Քահանան մոտենում է նորավարտ նկարին, վերցնում, մտորում է՝ որտեղ փակցնի, բայց ետ դարձած Շողերը, արագորեն ինչ որ բան է հասկացնում, նրա ձեռքից ձիգ տալով քաշում է դեպի դուրս: Քահանան ենթարկվում է նրան:
Սևացած ամպերի մեջ ճայթում է կայծակը:
Ուշք չդարձնելով սկսվող անձրևին, Հանցագործը պարանով կապած խաչքարը վեր է ձգում, հասցնում է սանդուղքի հերթական աստիճանին, հենում է դրան, ինքն էլ է բարձրանում, և էլի վերև է ձգում խաչքարը:
– Ի՞նչ ես անու՛մ, – գոռում է վրա հասած քահանան, – կընկնես, կջախջախվես…
Որոտը խլացնում է նրա ձայնը: Անձրևի հեղեղ է սկսվում: Շողերը կառչում է սանդուղքի ոտնակից:
– Սանդուղքը պահիր, տեր հայր, – վերևից կանչում է Հանցագործը:
– Այ տղա, հո չե՞ս խելագարվել, – բռնելով սանդուղքից կանչում է քահանան, – թող մնա, շինարարները գալու են… կտեղադրեն…
Հանցագործը չի պատասխանում, շարունակում է վեր մագլցել` իր ետևից ձգելով խաչքարը:
Հեղեղից թրջվող, ամբողջ մարմնով դողացող, սանդուղքից կառչած Շողերը գլուխը վեր պարզած, աչքը չի կտրում նրանից:
Կայծակը շամփրում է լեռները:
Որոտի արձագանքը տարածվում է լեռնաստանով մեկ:
Վերջին աստիճանին հասած Հանցագործը ճիգով քարը բարձրացնում է մինչև իր կուրծքը, լարվելով վեր է հրում, մի կերպ տեղավորում է խոռոչում: Շրմփացող անձրևը ամբողջովին ողողել է նրան: Մուրճով հարվածելով կեռիկներին, Հանցա-գործը թեքում է դրանք, ամրապնդում է խաչքարը: Ավարտելով գործը նա թափով շպրտում է մուրճն ու հաղթական, հրճվագին, անամարդկային ձայնով գոռում է բռնցքված ձեռքերը կողմ տարածելով: Նույն պահին կայծակի տևական աղեղը շանթվում է երկնքում՝ եկեղեցու պատին վետ-վետ դրոշմելով Հանցագործի ստվերը՝ կարծես խաչվածի ուրվապատկեր…
Եկեղեցու լուսամուտներից ներս ընկած լույսի պայծառ շեղբը հուշում է, որ գիշերվա տեղատարափից հետո օրը զուլալվել է, պարզ ու արևոտ առավոտ է:
Խորանի առջև կանգնած են քահանան, Շողերը, ուղեպայուսակն ուսած Հանցագործը:
– Չպսակեցիր մեզ, տերտեր, – անքեն ժպտում է Հանցագործը:
– Դուք արդեն… գտել եք իրար: Եթե չկորցնեք իրարու, վերադառնաս, կպսակեմ:
Հանցագործը գրկում է Շողերի ուսերը:
– Կվերադառնամ: ՉկասկածեԲս: Պահպանիր նրան: – հանցագործը գրպանից հանում է քառածալ թուղթը, դնում է մոմակալի տակ: – Իսկ մեղայականս՝ հետո կկարդաս, – ժպտում է:
– Աստված օգնական, – խաչակնքում է նրան քահանան:
Դուրս են գալիս եկեղեցուց:
Շողերը անզուսպ հեծկլտոցով գրկում է տղամարդու պարանոցը: Հանցագործը, համբուրելով նրա այտը, նրբորեն ետ է տանում աղջկա ձեռքերը և վճռական շրջվելով սկսում է իջնել բլուրն ի վար:
Քահանան ու նրան հպված Շողերը հայացքով ճանապարհում են հեռացողին, ով արդեն կածանի ոլորանում է:
– Հանցագո՛րծ, – կանչում է քահանան , – հե՛յ , Հանցագո՜րծ…
Տղամարդը կանգ է առնում, շրջվում, նայում է բարձունքում կանգնածներին:
– Հանցագո՜րծ, – ձեռքը թափահարում է քահանան, – մենք քեզ կսպասե՜նք…
Աչքերում շողացող արցունքով Շողերը բարձրացնում է ձեռքը, անձայն շարժում է շուրթերն ու հանկարծ, ապշած քահանայի հայացքի տակ, ճչալու պես արտաբերում է.
– Հա՛ն… հա՛ն… ցա՛… գոԲ-ո՜ր-ծ… ե… ես… քեեզ կըս… կըս… պա-աս… ե՜մ…
Թավջութակն ,,արթնանում,, է:
Վերջ
Պարոն Խալաթյան ինչպես ձեր գրչին պատկանող ցանկացած ժանրի գործ,<> էլ պարզապես հրաշալի ստեղծագործություն է,կարդացի մեկ շնչով,հուզմունքս մեծ էր,տպավորված եմ:
Սամ ջան, կարդացի քո «Հանցագործը» ինոսցենարը:
Հավանեցի: Լավն էր: Շարունակիր նույն ոգով:
Մեկը մի սթից արհեստանոց ա բացում՝ հարկայինն ու հսկիչները շաքար տեսած մեղվի պես վրա են տալի, մի օր ասած կա՞ն, թե էդ ինչ մոմի ցեխ ես դրել, որ հումքն էլ է քեզ մնում, դրա տված լույսն էլ…, – ծուխը ներս քաշելով դուրս է հանում ռնգերից: – Քու տեր Աստվածը խեղճի ցանկությունը կատարելու համար ինչի՞ ա մատաղ ուզում… Յոթը տուն էլ բաժանել ա տալի… Նա լա՜վ գիտի իրա գործը՝ յոթը սոված կշտանում են, փառք են տալի Աստծուն, իսկ էն մատաղ անողի հերն էլ անիծած, թե՝ պարտքի վրա պարտք չավելացրեց…ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ
շնորհակալություն
Հարգարժան գրող Սամվել Խալաթյան ես միշտ էլ հիացել եմ Ձեր ստեղծագործություններով և այս անգամ էլ տպավորված եմ <> կինոսցենարով:Ղեկավառում եմ մանկապատանեկան թատերախումբ,խնդրում եմ գրեք պիեսներ մանկապատանեկան թատերախմբերի համար:Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: