Վլադիմիր Սորոկին | Սպաների տանը


Կոստենկոն շունչ քաշեց, վստահ թափահարեց ալեհեր գլուխը․
-Ո՛չ, Սա՛շա։ Ժամանակն այստեղ կապ չունի։ Ժամանակն ավազ է․ այստեղ բանն ուրիշ է։
-Իսկ ի՞նչն է, Պե՛տ։ – Կարճահասակ Բորոդինը մոտեցավ ձախ ցուցատախտակին։ – Ի՞նչ է, կարծում ես մեր մասին հավերժ հիշելո՞ւ են։
-Դե՜, հավերժ թե ոչ․․․ մենք չենք որոշում,- Կոստենկոն կաղալով քայլեց ցուցատախտակների կողքով, նրա պարկանման կիտելից կախված մեդալները մերթընդմերթ զրնգում էին։- Վերջիվերջո մենք հո մեզ համար չենք պատերազմել։ Մեր կաշին չենք փրկել։
-Իսկ դա իզուր ես ասում։ Ի՞նչ կապ ունեն կաշիները։ Ապրել բոլորն են ուզում։
-Իրավացի ես։ Բայց չէ՞ որ այնտեղ՝ Ստալինգրադի մերձակայքում, միայն քո կյանքի համար չէիր պատասխանատվություն զգում։
-Իհա՛րկե։- Բորոդինը պատերազմական տարիների լուսանկարներն էր զննում։- Բայց իմի համար նույնպես։
Կոստենկոն կկոցեց աչքերը, նայեց նրան և ժպտաց․
-Իսկ ահա ես՝ ո՛չ։ Իմ կյանքի համար չէի զգում։
-Մի՛ ստիր։
-Անկեղծ եմ ասում։ Սմոլենսկի մերձակայքում սկզբում, երբ առաջին անգամ գերմանացի, տանկ և կրակ տեսա, մի քիչ զգում էի։ Իսկ հետո Ստալինգարդի մոտ՝ ոչ։ Ինքս ինձ համար չէի վախենում։ Սկզբում ընտանիքս հիշեցի, հետո թեթևություն զգացի սրտումս և ավելի ազատ դարձա։ Եվ վախը միանգամից անհետացավ։ Ընտանիքս երկրորդական տեղ գրավեց։
-Իսկ առաջին տեղում ի՞նչն էր։
-Առաջին տեղում․․․- Կոստենկոն շփեց քթարմատը։ – Գիտե՞ս, բացատրելը բարդ է․․․
-Ի՞նչն է բարդ։
-Երբ կամավորական դարձա, այդ ժամանակ մեզ Կիևսկից էին ուղարկում։ Դե՜, պարզ է, որ եռուզեռ էր։ Ժողովուրդը ճանապարհում էր։ Հայրս և Մաշան էլ էին այնտեղ։ Իսկ մայրս այդ ժամանակ Աստրախանում էր։ Ահա այդպես։ Հրաժեշտ տվեցինք միմյանց։ Նրանք արտասվեցին։ Եվ ահա գնացքը շարժվեց, ոտնակին բարձրացա, իսկ այնտեղ ողկույզների նման կախված էին ինձ նմանները՝ սափրագլուխները։ Ճիշտ նույնպիսի երիտասարդներ։ Բարձրացա, հետ նայեցի, և գիտե՞ս․․․և այստեղ ինչ-որ բան․․․- և ձախ ձեռքը դրեց կիտելին՝ ափով փակելով Կարմիր աստղի երկու շքանշանները, – ինչ-որ բան ծնվեց․․․
-Խղճահարություն զգացի՞ր։
-Չէ՜։ Դա չէ։ Ես նման հորթի քնքշությունների այնքան էլ ունակ չէի։ Մեր ընտանիքում գործունյա, խստապահանջ տղամարդիկ էին։ Իսկ այնտեղ՝ կայարանում․․․հետ նայեցի և տեսա․ վազում էին։ Եվ բոլորը կնիկներ, կնիկներ, կնիկներ էին։ Վազում ու նայում էին։ Մեզ էին նայում։ Եվ ասես ինչ-որ պատասխան էին սպասում։ Վազում ու նայում էին։ Եվ բոլորը լուռ էին․․․
Նա լռեց, իսկ հետո դեպի Բորոդինը շուռ եկավ․
-Եվ ահա, Սա՛շա, պատերազմի ողջ ընթացքում այդ կնիկներին էի հիշում։ Զգում էի։ Ե՛վ Ստալինգրադի մերձակայքում, և՛ Կիևի, և՛ Վարշավայի։ Իսկ եթե հանկարծ մի փոքր վախ էի զգում, միանգամից նրանք էին հայտնվում։ Ասես կենդանի լինեին։ Դիմացս կանգնած։ Ե՛վ վազում էին, և՛ նայում։ Գուցե միայն նրա շնորհիվ եմ ողջ մնացել, որ պատերազմի ամբողջ ընթացքում նրանք ինձ էին նայում։ Պատասխան էին պահանջում․․․
Բորոդինը գլխով արեց․
-Հասկանալի է։ Իսկ ես․․․երբ խուլ ռմբակոծություն էր լինում, կամ Դնեպրն էինք անցնում, մեր գյուղակն էր աչքիս առաջ գալիս։ Եվ գիտե՞ս, ոչ թե ինչ-որ տոնախմբություն էր, այլ ասես առավոտ լիներ։ Ամառային առավոտ էր, լռություն, և խրճիթներից ծուխը դեպի երկինք էր ձգվում։ Իսկ երկինքը կապույտ-կապույտ էր։ Եվ լորենին էր ծաղկում․․․
-Բայց դու Օրենբուրգում չէի՞ր մեծացել։
-Օրենբուրգ երեսունութին էինք տեղափոխվել։ Պատանեկությունս Ռյազանում է անցել։
-Հասկանալի է․․․Իսկ ես հազվադեպ էի լինում գյուղում․․․
-Դե՜, դու քաղաքի մարդ ես․․․- Բորոդինը ափով թեթևակի խփեց նրա ուսին և ցուցատախտակը ցույց տվեց։ – Ահա նա՝ հրետանին՝ պատերազմի աստվածը։
-Այո՛․․․հզոր հաուբիցներ են։
-Իսկ ամենակարևորն այն է, որ փողերը կարճլիկ են, բայց այնպիսի հարվածներ են հասցնում, որ․․․
-Նայի՛ր, իսկ գերմանացու մոտ գրոհային շմայսեր է։
-Գրոհայինների տրամաչափը կարծես ավելի մեծ էր, չէ՞։
-Այո՛․․․ տե՛ս, թե ինչ փոս է․․․
-Երևի ռումբից է։
-Երևի․․․գնդակից նման փոս չի առաջանա․․․
Կանգ առան Մոսկվայի համար մղված ճակատամարտին նվիրված ցուցատախտակի մոտ։
Կոստենկոն կաղալով դեպի դուռը գնաց և ձեռքով նշան արեց․
-Արի՛, Լենինյան սրահը ցույց կտամ քեզ։
Բորոդինն աշխույժ կերպով հետևեց նրան․
-Ոնց տեսնում եմ` դու այստեղ քեզ զգում ես, ինչպես քո տանը։
-Դե՜, ինչ արած։ Ուրիշ էլ ո՞ւր կարող է գնալ ճակատային զինվորը։ Զինկոմատում երիտասարդների հետ եմ զրուցում կամ այստեղ․․․
Դուրս եկան միջանցք։
Կոստենկոն կաղալով առջևից էր գնում, նրա ճերմակ, կարճ սանրվածքով գլուխը տարուբերվում էր, շքանշանները կամացուկ զրնգում էին։
-Հիմա դեռ շուտ է․․․դեռ քառասուն րոպե կա մինչև հավաքը․․․տեսնո՞ւմ ես, ոչ ոք չկա․․․բայց դու կեցցե՛ս․․․մի փոքր շուտ ես եկել․․․շուտով կհավաքվեն բոլոր տղաները՝ Կոնոնովը․․․ Խլուստովը, Իվաշենկոն․․․հիշո՞ւմ ես Իվաշենկո Պետյային։
-Խոսքը երրորդ վաշտի Պետյայի մասի՞ն է։
-Այո՛։ Կրտսեր լեյտենանտի։ Մի քիչ շիկակարմիր մազերով։
-Ոնց որ թե Խարկովի մերձակայքում էին նրան վիրավորել, չէ՞։
-Հա՜, հա՜։ Հետո մեր հետևից էր գալիս․․․
-Պե՛տ, իսկ Կոլյա Զոլոտարյովը ո՞ղջ է։
-Չէ՛։ Մոտ տաս տարի առաջ է մեռել։
-Ափսո՜ս․․․
-Իհա՛րկե, ափսո՜ս։ Ուրախ տղա էր։ Վաղ մահացավ։
-Ուրախ տղա էր։ Դա հիշում եմ։
Անցան միջանցքով, Կոստենկոն լայն բացեց շագանակագույնով երեսապատված դուռը․
-Մտի՛ր․․․
Բորոդինը մտավ և շուրջը նայեց։
Լուսավոր, ընդարձակ սենյակի կենտրոնում մի քանի նոր սեղաններ էին դրված, պատի երկայնքով գրապահարաններ էին կուտակված, աջ անկյունում վեր էր խոյանում Լենինի սպիտակ կիսանդրին՝ պատվանդանի մոտ դրված ծաղիկների զամբյուղով, իսկ դրա կողքին՝ նեղ, ապակե արկղի մեջ էր գտնվում գունաթափված, տեղ-տեղ ծակծկված դրոշակը։
Բորոդինը մոտեցավ արկղին և կռացավ․
-Պե՜տ․․․մի՞թե․․․սա իսկապե՞ս մեր վաշտինն է։
-Մերն է, մերն է, Սա՛շա, – թափահարեց գլուխը Կոստենկոն, – հենց այդ է, որ կա։
-Չի կարող պատահել․․․
-Կարող է, Սա՛շա։ Ամեն ինչ էլ կարող է պատահել։
-Բայց ինչպե՞ս է հաջողվել։ Հավանաբար նրանք ամեն բան պետք է դիվիզիայում պահպանեին։ Ախր անհնար է․․․
Կոստենկոն մոտեցավ նրան և ձեռքը դրեց նրա ուսին․
-Սա՛շա, իսկ դու ո՞նց էիր այն ժամանակ Վարշավայի մոտ մի կերպ կապը պահում Սերյոժա Ժոգլենկոյի հետ։ Այդ ժամանակ ձեզ տասը գնդացիրներով էին գնդակոծում, և այդ ամենը միանգամայն պարզ երևում էր, ձեզ նայելիս շրթունքներս ամբողջովին կրծոտել էի։ Դա էլ էր անհնար թվում։ Բայց կարողացաք, չէ՞։ Կարողացա՛ք։ Որովհետև ուզո՛ւմ էիք։ Ուզո՛ւմ էիք։ Եվ կարողացա՛ք։
-Դե՜, դա ուրիշ հարց էր, Պե՛տյա․․․
-Ո՛չ, Սա՛շա, մեր հարցն ամենուրեք նույնն է։ Ուղղակի ցանկանալ է պետք։ Շատ ուժեղ ցանկանալ։ Եվ ահա դրոշակը քո դիմաց է։ Մե՛ր դրոշակը։
-Այո՜։ Հզոր մարդ ես դու, Պե՛տ։
-Իսկ եթե ավելի ճիշտ, ճակատային մարդ եմ, – ծիծաղեց Կոստենկոն։
Բորոդինն ապակու միջով ուսումնասիրում էր դրոշակը․
-Աստվա՛ծ իմ, մի՞թե դա հենց այն է․․․
-Այն է, այն է։
-Այն անընդհատ այն բարձրահասակ սերժանտն էր տանում։ Ա՜յ թե հանդիպեինք նրան։
-Ո՛չ։ Այդ մեկին պատերազմից հետո չեմ հանդիպել։
-Իսկ Սեմյոնովին տեսե՞լ ես։
-Ո՛չ։
-Իսկ Սանյա Կրուգլովի՞ն։
-Նրան էլ ինչ-որ չեմ տեսել։ Եստիֆեևին տեսել եմ, Կրուգլովին՝ ոչ։
-Իսկ Լյուսկային՝ թարգմանչուհուն, չե՞ս հանդիպել։
-Ո՛չ։ Ասում են՝ նա հարավում ինչ-որ տեղ է ապրում։ Ոնց որ թե Նովոռոսիյսկում․․․
Բորոդինը տարուբերեց գլուխը․
-Դրոշա՜կը։ Ա՜յ քեզ բան․․․անսպասելի էր․․․ծակծկվա՜ծ․․․տե՛ս, ինչ ծակծկված է․․․որքա՜ն բեկորներ են դրան դիպել։
-Բոլորին էլ դիպել են։ Ե՛վ մարդկանց, և՛ մատերիային։ Իմ մոտից չորսը հանել են, իսկ մեկն այդպես էլ մնացել է թիակիս մեջ։ Վախենում են հանել։ Ողնաշարիս մոտ է։
-Իսկ իմը դեռ քառասունվեցին են ոտքիցս քչփորելով հանել։ Երկու տարի գարշելին հետս էր։ Այնքան փշոտ էր, ասես ոզնի լիներ։ Հիմա հենց անձրև պետք է գա, ոտքս ցավում է։
-Իսկ ինձ մոտ ցավելու բան չկա, Սա՛շ, – ժպտալով Կոստենկոն պրոթեզով հարվածեց հատակին։
-Դե՜, բայց ես կասեի, որ վազում ես։ Ավելի լավ, քան երիտասարդը։ Երկու ոտքով հետևիցդ չենք կարողանա հասնել։
-Չէ՞ որ ես մինչև պատերազմն էլ տանը չէի նստում։ Ինչքան ուժ ունեի կոմերիտմիությամբ էի զբաղվում։ Վերջերս ինչ-որ արտասահմանյան պրրոթեզ էին առաջարկում ինձ։ Կրունկներով, կոշիկներով։ Իսկ ես սկզբունքայնորեն չեմ կրելու։ Թող երկաթը դուրս ցցվի, թող բոլորը տեսնեն, ամաչելու բան չկա։ Միգուցե ոմանք կսկսեն խորհել և կվերհիշեն այն, ինչ պետք է հավերժ հիշել։
-Իրավացի ես։
-Իսկ ամենակարևորն այն է, որ ընտելացել եմ սրան։ Ասես ոտքս լինի։ Եվ ամենևին էլ չի սահում։ Այդպիսի բաներ․․․Սա՛շ, իսկ ինչո՞ւ ես որոշել կիտել հագնել։
Բորոդինը սկսեց ծիծաղել․
-Չէ՞ որ այն հին է։ Ամբողջովին ցեցը կերած։
-Չե՞ս պահպանել։
-Ախր պատերազմից հետո ո՞վ է կիտելը պահպանում։ Պահարանն էի խցկել, հետո տան վերևի կիսահարկ բարձրացրի։
-Իսկ իմը Դունյան է պահպանել։ Նավթալին էր վրան լցնում, քիչ էր մնում պղպեղեր։ Տեսնո՞ւմ ես։ Ոնց որ թե վատ չէ։
Կոստենկոն թեթևակի բարձրացրեց ձեռքերը և նայեց իր կրծքին։
-Ասես նոր լինի, Պե՛տ։ Իսկ դու՝ երիտասարդ։
-Ծերանում ենք, ծերանում ենք, Սա՛շ։
Լենինի աշխատությունների ժողովածուներով լի պահարանի տակից փոքրիկ մոխրագույն մուկ դուրս թռավ, շրջանցեց սեղանի ոտքերն ու վազեց դեպի կիսաբաց դուռը։
Կոստենկոն մի քայլ արեց դեպի մուկը, բարձրացրեց պրոթեզը․
-Քա՛ծ․․․
Մուկն ուզում էր հետ ցատկել, բայց մաշված երկաթե ծայրակալը ճռթճռթոցով տրորեց նրան։
-Բազմացել են զզվելիները․․․ինչպիսի՜ գարշելիություն․․․
Կոստենկոն չռեց պրոթեզը՝ մկան կախ ընկած մնացորդներով, և մեկ ոտքի վրա հավասարակշռությունը պահելով՝ ծանր ցատկելով գնաց դեպի անկյունում դրված աղբամանը։ Յուրաքանչյուր ցատկի հետ միաժամանակ զրնգում էին շքանշանները, կիտելի օձիքը ցցվել էր հաստ վզի վրա․
-Ախր գարնանն առաջարկում էի քանդել և վերահավաքել հատակը։
Պահարանին հենվելով՝ պրոթեզը խցկեց պլաստմասե աղբամանի մեջ, մաքրեց արյունոտ կտորտանքները։
Բորոդինը նայեց հատակին մնացած հետքին․
-Փոքրիկ մուկ էր․․․
-Փոքրի՞կ, – ահեղ կերպով քմծիծաղ տվեց Կոստենկոն՝ պրոթեզով գետին զարկելով։ – Գրո՛ղը տանի, այստեղ այնպիսի փոքրիկներն են հանդիպում, եթե ուշադիր նայես, կգժվես։ Սա ինչ-որ բացառություն էր։ Ընդհատակյա մանր կենդանի։ Թե չէ, ահա, այս չափսի առնետներ են լինում։
Բորոդինի աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կրծքավանդակի լայնությամբ տարածեց ձեռքերը։
Բորոդինը նայեց և լուրջ կերպով գլխով արեց։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *