Սերգեյ Դովլաթով | Ձայնը

Վեցերորդ ճամբարակետը հեռու էր երկաթգծից: Այնպես որ, այդ մռայլ վայրը հասնելն այնքան էլ հեշտ չէր:
Պետք էր երկար սպասել համընթաց գերանատարի: Հետո մետաղե խցիկում թափահարվել դարուփոսերի վրա: Հետո երկու ժամ քայլել նեղլիկ, թփուտներում կորչող արահետում: Կարճ ասած, այնպես վարվել, ասես այնտեղ, հեռվում քեզ հաճելի անակնկալ է սպասում: Որպեսզի վերջապես հայտնվես ճամբարային դարպասների առջև, տեսնես գորշ սանդուղքը, ցանկապատը, նրբատախտակե խցիկները և օրապահի խոժոռ մռութը…
Ալիխանովը վերակացու էր այդ գաղութի տուգանային մեկուսարանում, որտեղ պահվում էին զանցանք կատարած զեկերը:
Դրանք յուրօրինակ մարդիկ էին:
Ճամբարի տուգանային մեկուսարան ընկնելու համար պետք էր որևէ ֆանտաստիկ չարագործություն անել: Որքան էլ տարօրինակ է, դա շատերին էր հաջողվում: Այստեղ գործում էր ինչ-որ բան, որը բնական ընտրության հակոտնյան է: Կոնֆլիկտ էր ծագում ահավորի և առավել հրեշավորի միջև: Տուգանային մեկուսարան էին ընկնում նրանք, ում նույնիսկ հատուկ ռեժիմում խուլիգան էին համարում…
Ալիխանովի պաշտոնն իսկապես շան գործ էր: Բայցևայնպես, Բորիսը բարեխղճորեն կատարում էր իր պարտականությունները: Այն, որ ողջ էր մնացել, դրա ապացույցն էր:
Չի կարելի ասել, թե խիզախ էր կամ սառնարյուն: Բայց մի արժեքավոր ունակություն ուներ. վտանգի պահին կորցնում էր բանականությունը: Հավանաբար, հենց դա էլ նրան փրկել էր:
Ի վերջո, նրան սառնասիրտ ու խիզախ էին համարում: Բայց դրա հետ մեկտեղ՝ նաև օտար:
Օտար էր բոլորի համար: Զեկերի, զինվորների, սպաների և ճամբարի ազատվարձու աշխատավորների: Նույնիսկ պահնորդային շներն էին նրան օտար համարում:
Դեմքին մշտապես հածում էր ցրված ու, միևնույն ժամանակ, տագնապած ժպիտը: Դրանով ինտելիգենտին նույնիսկ տայգայում կարելի է ճանաչել:
Դեմքի այդ արտահայտությունը պահպանվում էր բոլոր հանգամանքներում: Երբ ցանկապատերը ճռնչում էին սառնամանիքից, ու թռիչքի պահին ցած էին թափվում ճնճղուկները: Երբ հերթական զորացրման նախօրյակին օղին պռնկեպռունկ լցնում էր զինվորական բորշչի լագանը: Եվ նույնիսկ երբ կալանավորները սղոցարանի մոտ ջարդում էին նրա կողերը:
Ալիխանովը ծնվել էր բարեկիրթ ընտանիքում, որտեղ խորշում էին վատ հագնված մարդկանցից: Իսկ հիմա գործ ուներ շերտավոր բուշլատներով քրեականների հետ: Զինծառայողների, որոնցից կուպր հիշեցնող կոշկաքսուքի թունավոր հոտ էր փչում: Կամ ազատվարձու ճամբարականների հետ, որոնք դեռ Կոտլաս չհասած՝ խմելու էին տալիս քաղաքացիական քրջերը:
Ալիխանովը լավ պահնորդ էր: Եվ դա, համենայնդեպս, ավելի լավ է, քան վատ պահնորդ լինելը: Վատ պահնորդից վատը միայն զեկերն են՝ պատժիչ մեկուսարանում…
Մեկուսարանից հարյուր մետրի վրա սևին էր տալիս զորանոցի շենքը: Ձեղնապատուհանի գլխին՝ անվերջ լվանալուց խունացած վարդագույն դրոշը: Զորանոցի հետևը՝ շնանոցում, խուլ հաչում էին պահակաշները: Վարժեցնում էին Վոլիկովն ու Պախապիլը: Նրանք ամիսներ շարունակ շներին սովորեցնում էին ատել շերտավոր բուշլատներով մարդկանց: Բայց սոված շները գռմռում էին նաև կանաչ մգդակած բաճկոններով զինվորների վրա: Եվ գերակետիկ ծառայողների՝ սպայական շինելներով: Եվ հենց սպաների վրա: Եվ նույնիսկ՝ Վոլիկովի ու Պախապիլի:
Շների ցանցապատ խցերի արանքով քայլելն անվտանգ չէր:
Ալիխանովը գիշերը հերթապահում էր մեկուսարանում, իսկ հետո մի ամբողջ օր հանգստանում էր:
Կարող էր ծխել՝ մարմնամարզական զուգափայտերին նստած: Դոմինո խաղալ ռադիոբարձրախոսի խռպոտ հնչյունների տակ: Կամ, վերջապես, յուրացնել վաշտի գրադարանը, որտեղ գերակշռողն ուկրաինացի հեղինակների ստեղծագործություններն էին:
Զորանոցում, թեկուզև օտար էին համարում, հարգում էին նրան: Իսկ գուցե հենց դրա համար էլ հարգու՞մ էին: Գուցե այստեղ դեր էր խաղում ռուսական հարգալիրությունը օտարերկրացիների հանդեպ: Հարգանք՝ առանց առանձնակի սիրո…
Զորանոցային հեղինակություն նվաճելու համար հերիք էր բանի տեղ չդնել ղեկավարությանը: Ալիխանովը հեշտ էր անտեսում վաշտի հրամանատարությանը, քանի որ ծառայում էր որպես վերակացու: Կորցնելու բան չուներ…
Մի անգամ Ալիխանովին կանչեց կապիտան Պրիշչեպան: Դեկտեմբերի վերջերին էր:
Կապիտանը նրան ծխախոտ հյուրասիրեց, ի նշան այն բանի, որ խոսակցությունը պաշտոնական չի լինելու: Նա ասաց.
– Մոտենում է Նոր տարին: Ցավոք, դա անխուսափելի է: Նշանակում է՝ զորանոցում հարբեցողություն կլինի: Իսկ հարբեցողությունն անպայման արտակարգ վիճակ է… Եթե ջանայիր, օգտագործեիր քո, ինչպես ասում են, հեղինակությունը… Խոսա Բալոդիսի հետ, Վոլիկովի… Համ էլ, իհարկե, Պետրովի: Գլխավոր թեզիսը՝ խմի՛, բայց չափդ չանցնես: Բացարձակ չխմելը չափազանց կլիներ: Էդ, ոնց որ ասում են, հակամարքսիստական ուտոպիա է: Բայց՝ չափդ ճանաչի… Կողքներիս զոնան է, զենք-բան, հասկանում ես, էլի…
Նույն օրը Բորիսն արտաքնոցի մոտ նկատեց եֆրեյտոր Պետրովին, որին ծառայակիցները Ֆիդել էին կոչում: Եֆրեյտորն այդ մականունը մի տարի առաջ էր վաստակել: Լեյտենանտ Խուռիևը քաղպարապմունք էր անում: Պահանջեց թվարկել քաղբյուրոյի անդամներին: Պետրովն անմիջապես ձեռք բարձրացրեց և վստահ տվեց Ֆիդել Կաստրոյի անունը…
Ալիխանովը խոսքի բռնվեց նրա հետ՝ վարպետորեն նմանակելով Պրիշչեպայի ուկրաինական խոսվածքը.
– Շուտով Նոր տարի է, և կուսակցությունն ի զորու չէ վերացնել կամ գոնե հետաձգել այդ բուրժուական երևույթը: Ուրեմն, նշանակում է, հարբեցողություն կլինի: Եվ տեղի կունենա անխուսափելի արտակարգ վիճակ: Մի խոսքով, խմի՛, Ֆիդե՛լ, բայց չափդ ճանաչի՛…
– Ես չափս գիտեմ,- շալվարը ոտներին քաշելով՝ ասաց Ֆիդելը,- շնչին՝ լիտր, ու պըրծ… Լցնում եմ մինչև անջատվելս… Իսկ քո Պրիշչեպան գանդոն է ու հարիֆ: Գիտի՝ տոն է, պիտի լակենք: Բայց մենք, բոզը, մեր օրացույցն ունենք: Խմելիք կա՝ քեֆ ենք անում: Առանց դրա ի՜նչ տոն: Եվ ընդհանրապես թարգը տալու ժամանակն է: Սահմանադրության օրվանից խելքի չենք գալիս: Էդպես որ գնա, կարող է ոտներս էլ տնկենք… Շուտ արա, սպասում եմ… Բայց եղանակ է, հա՜… Կեղտդ սառչում է, ստիպված ձեռով ես ջարդում…
Ալիխանովը գնաց դեպի ծռված խցիկը: Շուրջը ձյունը պատվել էր ոսկեգույն զարդանախշերով: Դրանց մեջ աչքի էր ընկնում բելառուս Պոտապ Յակիմովիչի գեղագրական ձեռագիրը: Քիչ անց կողք կողքի քայլում էին սառցակալած ուղյակով:
– Կզորացրվե՜մ,- երազում էր Ֆիդելը,- կհասնեմ հայրենի Զապորոժյե: Կմտնեմ կանոնավոր մարդկային զուգարան: Ոտերիս տակ կփռեմ խաչբառով թերթը: Կեսլիտրանոցը կբացեմ: Ու կա՜յֆ կանեմ, թագավորի շան պես…
Նոր տարին եկավ: Առավոտյան զինվորները զորանոցի մոտ փայտ էին սղոցում: Ընդամենը երեկ ձյունը կայծկլտում էր ոտքերի տակ: Իսկ հիմա ծածկվել էր դեղին թեփով:
Ժամը երեքի մոտ վերադարձավ ուղեկցորդողների հերթափոխը: Պահակադիր Մելեշկոն հարբած էր: Գդակը՝ հետևն առաջ արած:
– Հետ դա՛րձ,- նրա վրա գոռաց ավագ Եվչենկոն, որ նույնպես խմած էր:- Հետ դա՛րձ: Սերժա՛նտ Մելեշկո, հե՜ե՜ե՜ե՜տ դարձ: Գլխարկը՝ տե՛ղը:
Զինարանը փակ էր: Հերթապահը կողպել էր ու քնել: Ուղեկցորդողները, զենքը ձեռներին, թրև էին գալիս բակում:
Խոհանոցում արդեն օղի էին խմում: Ալյումինե գավաթներով առնում էին հենց բորշչի լագանից: Լյոնկա Մատիցինը ծոր տվեց պահնորդային հին հիմնը.

Պահնորդներն ուզու՞մ են պատերազմ…
Ավագին հարցրու՝ կիմանաս,
Էն, որ ինչ կարող էր՝ խմեց՝
Տակաշոր, գոտիկ ու սապոգներ:
Ուզու՞մ ես՝ հարցրու էս զորքին,
Որ հարբած-քնած է հատակին:
Հենց դու էլ պիտի որ հասկանաս՝
Պահնորդներն ուզու՞մ են պատերազմ…

Հերթապահ սպան քաղղեկ Խուռիևն էր: Նա տնից, համենայն դեպս, վերցրել էր ատրճանակը: Գալիֆեի աջ գրպանը նկատելի ուռած էր:
Խմած զինվորները, գիմնաստյորկաների կոճակներն արձակած, առանց բանուգործի թրև էին գալիս միջանցքում: Զորանոցում ինչ-որ խուլ ու մթին ուժ էր թանձրանում:
Քաղղեկ Խուռիևը հրամայեց հավաքվել լենինյան սենյակում: Պատվիրեց շարվել պատի տակ: Բայց հարբած պահնորդները կանգնել չէին կարողանում: Եվ նա թույլատրեց, որ նստեն հատակին: Ոմանք անմիջապես պառկեցին:
– Մինչև Նոր տարի դեռ վեց ժամ կա,- նկատեց քաղղեկը,- իսկ դուք արդեն խոզի պես հարբած եք:
– Կյանքը, ընկեր լեյտենանտ, երազանքից առաջ է ընկնում,- ասաց Ֆիդելը:
Քաղղեկը հպարտ, գեղեցիկ դեմք ուներ ու լայն ուսեր: Զորանոցում նրան չէին սիրում…
– Ընկերնե՛ր,- ասաց Խուռիևը,- մեզ հսկայական պատիվ է վիճակվել: Մենք այս օրերին պահպանում ենք սովետական քաղաքացիների անդորրը: Ահա դու, օրինակ, Լոպա՛տին…
– Ի՞նչ Լոպատին: Ընչի՞ Լոպատին: Մի գլուխ՝ Լոպա՛տին, Լոպա՛տին: Հը՛, ես եմ Լոպատինը,- թավաձայն մնչաց Անդրեյ Լոպատինը:
– Դո՛ւ, Լոպա՛տին, ինչի՞ համար ես պահակակետում: Որ կոլխոզնիկները քո հայրենի Բեժանի գյուղում խաղաղ քնեն…
«Քաղաշխատանքը պետք է առարկայական լինիե» Խուռիևին այդպես էին սովորեցրել Սիկտիվկարի դասընթացներում:
– Հասկացա՞ր, Լոպատին:
Լոպատինը մտածեց ու պարզորոշ ասաց.
– Ա՜յ թե կրակ տաս էդ հայրենի գյուղը՝ կոլխոզնիկներն էլ հետը…
Ալիխանովն օղի չխմեց: Մտավ զինվորական ննջախցիկը, որ խրկված էր երկհարկ թարեքներով: Հետո հանեց կաճյակներն ու մագլցեց վեր:
Հարևան թարեքին, գլուխը ծածկած՝ պառկել էր Ֆիդելը: Հանկարծ նա վրա նստեց ու ասաց.
– Գիտե՞ս նոր ինչ էի անում: Աստծուն էի աղոթում… Աղոթքն ինքս եմ հորինել: Ասե՞մ:
– Ըհը,- ասաց Ալիխանովը:
Ֆիդելն աչքերը հառեց երկինք ու սկսեց.
– Սիրելի Աստվա՜ծ: Հուսով եմ, որ տեսնում ես էս բարդակը: Հուսով եմ՝ հասկացել ես, թե ինչ բան է պահնորդությունը: Ուրեմն էնպես արա, որ ինձ տեղափոխեն ավիացիա: Կամ վատագույն դեպքում՝ շինգումարտակ: Եվ էնպես արա, որ վերջնական հարբեցող չդառնամ: Թե չէ՝ ուղեկցորդումից ազատվածները լիքը տնաքաշ ունեն, և ամեն ինչ բարոյական կոդեքսին հակառակ է գնում…
Սիրելի Աստվա՜ծ, ինչի՞ համար ես ինձ ատում: Թռցնող եմ, ճիշտ է, բայց մաքուր եմ օրենքի առաջ: Ախր չեմ գողացել, մենակ խմում եմ… Էն էլ՝ ոչ ամեն օր…
Սիրելի Աստվա՜ծ, խիղճ ունե՞ս, թե չէ: Եթե հարիֆ չես, էնպես արա, որ կապիտան Պրիշչեպան նալերը շուտ տնկի: Ու գլխավորը՝ որ չլինի էս ձանձրույթը… Ի՞նչ ես կարծում՝ Աստված կա՞:
– Քիչ հավանական է,- ասաց Ալիխանովը:
– Իսկ ինձ թվում է՝ քանի դեռ ամեն ինչ օքեյ է, կարող է և չկա: Բայց հենց նեղն ես ընկնում, կարող է և կա: Էնպես որ, ավելի լավ է նրա հետ գլխանց կապ հաստատես…
Ֆիդելը թեքվեց Ալիխանովի կողմն ու կամացուկ ասաց.
– Ուզում եմ դրախտ ընկնեմ: Հլա Սահմանադրության օրվանից նպատակ եմ դրել:
– Կընկնես,- հավաստիացրեց Ալիխանովը,- պահնորդությունում մրցակիցներդ էնքան էլ շատ չեն:
– Ես էլ եմ էդ կարծիքին,- համաձայնեց Ֆիդելը,- աննման հասարակություն է: Գողեր ու խուլիգաններ… Ի՞նչ դրախտի բան են… Դրանց իսկի պատժագումարտակ չեն ընդունի… Իսկ ես կարող է էդ ֆոնին ներս պրծնեմ՝ որպես անկուսակցական…
…Ժամը տասին մոտ ամբողջ վաշտն արդեն հարբած էր: Հերթափոխի համար ընտրեցին քիչումիչ քայլել կարողացողներին: Ավագ Եվչենկոն վստահեցնում էր, որ սառնամանիքը կսթափեցնի նրանց:
Չեկիստները, ավտոմատներն ու կիթառները քարշ տալով, թափառում էին զորանոցում:
Երկուսին արդեն կապկպել էին հեռախոսալարով: Նրանց պառկեցրին չորանոցում՝ քուրքերի կույտի վրա:
Լենինյան սենյակում պահնորդները խաղ էին սկսել: Կոչվում էր ,Վագրը գալիս էե: Նստոտել էին սեղանի շուրջը: Մի-մի բաժակ թրմօղի խմեցին: Հետո եֆրեյտոր Կունինն ասաց.
– Վագրը գալիս է:
Խաղի մասնակիցները մտան սեղանի տակ:
-Թողնե՛լ,- հրամայեց Կունինը:…
Մասնակիցները դուրս սողացին սեղանի տակից: Նորից խմեցին:
Հետո եֆրեյտոր Կունինն ասաց.
– Վագրը գալիս է:
Ու նորից բոլորը մտան սեղանի տակ:
– Թողնե՛լ,- հրամայեց Կունինը…
Այս անգամ ինչ-որ մեկը մնաց սեղանի տակ: Հետո՝ երկրորդը, երրորդը: Հետո ինքը Կունինն էլ կոտրվեց: Արդեն չէր կարողանում արտաբերել ,Վագրը գալիս էե: Ննջում էր՝ գլուխը կարմիր սփռոցին գցած…
Տասներկուսին մոտ ներս վազեց հրահանգիչ Վոլիկովն ու գոռաց.
– Պահակախո՛ւմբ, ի զե՜ն…
Նրան շրջապատեցին:
– Շնանոցում մի հարբած աղջիկ է պառկած,- բացատրեց հրահանգիչը,- կարող է՝ աքսորավանից է էստեղ հասել…
Վեցերորդ ճամբարակետից մի քանի կիլոմետրի վրա Չիր ավանն էր: Այնտեղ աքսորյալ պորտաբույծներ էին ապրում, հիմնականում՝ պոռնիկներ ու վերավաճառողներ: Աքսորում էլ շարունակում էին անբանությունը: Շատերը համոզված էին, որ իրենք քաղբանտարկյալներ են…
Տղաները խմբվեցին հրահանգչի շուրջը:
– Ձավաշվիլին գանդոն ունի,- ասաց Մատիցինը,- տեսել եմ:
– Հենց մի հա՞տ,- հետաքրքրվեց Ֆիդելը:
– Գլխիս դոցենտ դառավ,- բարկացավ Վոլիկովը:- Անձնական գանդոն է պահանջում: Բան չկա, հերթ կկանգնես…
– Սովորական գանդոնը չի օգնի,- հավաստիացնում էր Մատիցինը,- գիտեմ էդ աքսորվածներին… Դրանց հոնոկոկները շնից շատ են… Այ, որ չժանգոտող պողպատից լիներ…
Ալիխանովը պառկել ու մտածում էր, թե ինչ գարշելի են այդ պահին իր ծառայակիցների դեմքերը:
«Տե՜ր Աստված, էս ո՜ւր եմ ընկել»՝ մտածում էր նա:
– Գողե՛ր, իմ հետևի՜ց,- կանչեց Վոլիկովը:
– Դուք մա՞րդ եք, թե՝ անասուն,- գոռաց Ալիխանովը ու թռավ ցած:- Ամբողջ դասակով խցկվում եք էդ կեղտոտ կնկա մոտ:
– Քաղաքականությունից գլուխ չենք հանում,-կտրեց Ֆիդելը:
Նա արդեն հասցրել էր հագնել դիագոնալե վերնաշապիկը:
– Ախր պատրաստվում էիր դրախտ ընկնել…
– Իմ համար դժոխքում էլ վատ չի,- ասաց Ֆիդելը:
Ալիխանովը կանգնել էր դռների մեջ:
– Ամեն տեսակի լեշ ենք պահպանում… Ինքներս էլ՝ լեշից վատը… Ի՞նչ է, ճիշտ չե՞մ ասում…
– Մեջ մի ընկի,- ասաց Ֆիդելը,- ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել…Ու հիշի՝ ժողովուրդն ինձ գլխից ձեռ քաշած է ասում…
– Վերջացրեք բազառը,- ասաց աժդահա Գերասիմչուկը:
Եվ Ալիխանովին ուսախառը հրելով՝ դուրս եկավ: Մյուսները ձգվեցին հետևից:
Ալիխանովը հայհոյեց, մտավ վերմակի տակ ու բացեց Միրոշնիչենկոյի ,Ամպերը Բրյանսկի վրաե գիրքը…
Լատվիացի Բալոդիսը, ջրի տակառիկի վրա նստած, հանում էր ոտնամանները: Միալար թափ էր տալիս ոտքը ու դրա հետ ամեն անգամ գլուխը խփում երկաթե մահճակալի անկյունակին:
Բալոդիսը խոհարար էր: Նրա ամենամեծ հոգսը մթերապահեստն էր: Այնտեղ էր ճարպը, ջեմն ու ալյուրը: Բանալիներն ամբողջ օրը Բալոդիսի ձեռքին էին: Քնելիս լարանով կապում էր իր մանկածին անդամին: Բայց դա էլ չէր օգնում: Գիշերային հերթափոխն արդեն երկու անգամ արձակել էր բանալիներն ու մթերք գողացել: Նույնիսկ ալյուրն էր կերվել…
– Իսկ ես չգնացի,- հպարտ-հպարտ ասաց Բալոդիսը:
– Ինչու՞,- Ալիխանովը փակեց գիրքը:
– Սիրած ունեմ, Ռիգայի մոտ է ապրում: Չե՞ս հավատում: Աննելե է անունը: Ո՜նց է ինձ սիրում:
– Իսկ դու՞:
– Ես էլ եմ նրան հարգում:
– Իսկ ինչի՞ համար ես հարգում,- հարցրեց Ալիխանովը:- Այսինքն՝ ո՞նց ես հարգում: Նրա մեջ ի՞նչն է գրավում քեզ: Մի խոսքով, ինչի՞ հենց նրան սիրեցիր, էդ Անելեին:
Բալոդիսը միտք արեց ու ասաց.
– Դե, հո չեմ կարող Ռիգայի մոտ ապրող բոլոր կնանիքանց սիրել:
Ալիխանովն այլևս կարդալ չէր կարողանում: Քնել նույնպես չէր հաջողվում: Բորիսը մտածում էր զինվորների մասին, որ գնացին շնաբուծարան: Մտքում պատկերում էր այդ խրախճանքի բոլոր նողկալի մանրամասները և չէր կարողանում քնել:
Խփեց տասներկուսը. Զորանոցում արդեն քնել էին: Այդպես սկսվեց տարին:
Ալիխանովը վեր կացավ և անջատեց ռադիոբարձրախոսը:
Զինվորները մեկիկ-մեկիկ վերադառնում էին: Ալիխանովը համոզված էր, որ կսկսեն պատմել իրենց տպավորությունները: Բայց լուռումունջ պառկեցին:
Ալիխանովի աչքերը վարժվել էին խավարին: Շրջապատող աշխարհը ծանոթ էր ու զզվելի: Կախկխված գորշ ծածկոցներ: Փաթաթաններով փաթաթված սապոգների շարքեր: Լոզունգներ ու պլակատներ՝ պատերին:
Ալիխանովը հանկարծ հասկացավ, որ աքսորավանի կնոջ մասին է մտածում, ավելի ճիշտ՝ աշխատում է չմտածել նրա մասին:
Իրեն հարցեր չտալով՝ Բորիսը հագնվեց: Վրան քաշեց շալվարն ու գիմնաստյորկան: Չորանոցից վերցրեց կիսամուշտակը: Հետո օրապահից ծխախոտ կպցնելով՝ ելավ սանդղամուտ:
Գիշերը ծանր իջել էր մինչև գետին: Սառը խավարի մեջ հազիվհազ երևում էին ճանապարհն ու հորիզոնի կողմը սեղմվող անտառի ուրվագծերը:
Ալիխանովը շրջանցեց ձյունածածկ վարժահրապարակը: Դրանից դենը շնաբուծարանն էր: Ցանկապատից այն կողմ՝ բլոկ-պոստերում խռպոտ հաչում էին շները:
Բորիսը կտրեց լքված երկաթգիծն ու գնաց լքված խանութի կողմը:
Խանութը փակ էր, բայց հարևանությամբ էր ապրում խանութպան Տոնեչկան՝ էլեկտրամոնտյոր ամուսնու հետ:Նրանք աղջիկ էլ ունեին, որը միայն արձակուրդներին էր տուն գալիս:
Ալիխանովը գնում էր դեպի կիսով չափ ձյունով պատված պատուհանի լույսը: Հետո թակեց, ու դուռը բացեցին: Նեղլիկ սենյակից, որ մշուշված էր հարբեցողության գոլորշիներով, դուրս պրծան հնաոճ տանգոյի հնչյունները: Ալիխանովը, լույսից աչքերը կկոցելով, մտավ ներս: Պատի տակ ծուռտիկ բարձրանում էր մանդարիններով ու մթերային պիտակներով զարդարված եղևնին:
– Խմի՛,- ասաց էլեկտրամոնտյորը: Նա պահնորդի կողմը հրեց բաժակն ու դողացող դոնդողով ափսեն,- խմի՛, հոգեա՛ռ: Մի կտոր բան կեր, շա՛ն ցեղ:
Էլեկտրամոնտյորը, երևի լրիվ ուժասպառվելով, գլուխը գցեց մոմլաթե սփռոցին:
– Հոգաչափ շնորհակալ եմ,- ասաց Ալիխանովը:
Հինգ րոպե անց Տոնեչկան ակումբային ազդագրով փաթաթած մի շիշ գինի տվեց:
Նա դուրս եկավ: Թիկունքում դղրդոցով փակվեց դուռը: Ալիխանովի անհեթեթ, երկարուկ ստվերն ակնթարթորեն չքվեց պատից, ու նորից խավարն ընկավ ոտքերի տակ: Պահնորդը շիշը դրեց գրպանը: Ազդագիրը ճմռթեց ու դեն նետեց: Լսելի էր, թե բացվելով՝ թուղթն ինչպես է շրշում:
Երբ Բորիսն անցնում էր խցիկների մոտով, շները նորից գռմռացին:
Բուծարանում նեղվածք էր: Մի սենյակում հրահանգիչներն էին կենում: Պատերին դիագրամներ էին կախված, գրաֆիկներ, ուսումնական պլաններ, առկայծում էր ռադիոընդունիչի վահանակը՝ վրան կրեմլյան աշտարակի պատկեր: Հարևանությամբ փակցված էին ,Սովետական էկրանե ամսագրից կտրած կինոաստղերի լուսանկարները: Կինոաստղերը, շուրթերը մի փոքր բացած, ժպտում էին:
Բորիսը կանգնեց երկրորդ սենյակի շեմին: Այնտեղ, վարժազգեստների կույտի վրա կին էր պառկած: Մանուշակագույն զգեստը գոց կոճկված էր: Ու դրա հետ միասին՝ քշտված մինչև ազդրերը: Իսկ գուլպաներն իջեցված էին մինչև ծնկները: Պերհիդրալով գունաթափած մազերը արմատների մոտ սևին էին տալիս: Ալիխանովը մոտ եկավ, կռացավ:
– Լսի՛ր,- ասաց նա:
«Պինո-գրիի» շիշը դուրս էր ցցվել նրա գրպանից:
– Վա՛յ, դե գնա, է՜,- կիսաքնի մեջ անհանգիստ շրջմրջվեց կինը:
– Հիմա, հիմա, ամեն ինչ կարգին կլինի,- շշնջաց Ալիխանովը,- ամեն ինչ օքեյ կլինի…
Բորիսը ծառայողական հրահանգի թղթապատառով ծածկեց սեղանի լամպը: Հիշեց՝ երկու հրահանգիչներն էլ չկան: Մեկը գիշերում է զորանոցում: Մյուսը դահուկներով գնացել էր գծանց, որտեղ աշխատում էր ծանոթ հեռախոսավարուհին…
Նա դողացող ձեռքերով պոկեց կարմիր խցանը: Սկսեց խմել հենց շշից: Հետո կտրուկ շրջվեց, գինին թափվեց գիմնաստյորկայի վրա: Կինը պառկել էր բաց աչքերով: Նրա դեմքն արտակարգ կենտրոնացածություն էր արտահայտում:
Մի քանի վայրկյան լուռ էին:
– Էս ի՞նչ է,- հարցրեց կինը: Նրա ձայնի մեջ անսթափ քնից ճնշված սեթևեթանք կար:
-«Պինո-գրի»,- ասաց Ալիխանովը:
– Ի՞նչ,- զարմացավ կինը:
-«Պինո-գրի», վարդագույն թունդ,- շշի պիտակն ուսումնասիրելով՝ բարեխղճորեն բացատրեց պահնորդը:
– Մեկն էստեղ ասում էր՝ ծամելու բան կբերեմ:
– Մոտըս չկա,- մոլորվեց Ալիխանովը,- բայց կճարեմ… Ձեր անունն ի՞նչ է:
– Նայած… Մերըս Լյալյա էր ասում:
Կինը ցած քաշեց փեշը:
– Գուլպաս մի գլուխ արձակվում է…Ես կապում եմ, ինքը արձակվում ու արձակվում է… Էդ ի՞նչ ես անում:
Ալիխանովն ավելի մոտեցավ, կռացավ՝ ցնցվելով թաց քրջերի, օղու և լոսյոնի հոտից:
– Ամեն ինչ կարգին է,- ասաց նա:
Հսկա սաթե կրծքազարդը քերծում էր նրա դեմքը:
– Ա՛խ դու, սրիկա՜,- վերջին բանն էր, որ լսեց պահնորդը…
Նա առանց լույսը վառելու նստել էր գրասենյակում: Հետո շտկվեց, ու ձեռքերն անզոր կախ ընկան: Թեզանիքների կոճակները զնգզնգացին:
– Տե՛ր Աստված, էս ո՜ւր եմ ընկել,- տնքաց Ալիխանովը,- էս ո՜ւր եմ ընկել: Եվ ինչո՞վ կվերջանա էս ամենը…
Անհստակ, փախչող հիշողությունները պատեցին նրան:
…Ձմեռային պուրակ, բարձր, քառանկյուն տներ: Մի քանի դպրոցական շրջապատել են խաբարբզիկ Վովա Մաշբիցին: Վովայի դեմքը վախեցած է, անհեթեթ գլխարկ, հյուսածո երկարափողք վարտիք:
Կոկա Դեմենտևը նրա ձեռքից խլում է գորշ տոպրակը: Թափ տալով՝ ձյան վրա է նետում կրկնակոշիկները: Հետո, ծիծաղից թուլանալով, միզում է… Դպրոցականները պինդ պահում են Վովային, բռնում ուսերից, թևերից… Գլուխը խցկում են մգացած տոպրակի մեջ… Տղան արդեն չի էլ փորձում պոկվել: Ըստ էության, դա ցավոտ էլ չի…
Դպրոցականները քրքջում են: Նրանց մեջ է նաև Բորյա Ալիխանովը՝ օղակավար ու գերազանցիկ…
…Կրկնակոշիկները,- սև ու փայլուն,- դեռ ընկած են ձյան վրա: Բայց արդեն երևում են Կոկտեբելի մարզական ճամբարի գույնզգույն վրանները: Պարանների վրա չորանում են կապոյտ ջինսերը: Աղջամուղջի մեջ մի քանի զույգ է պարում: Ավազների վրա սև ու փայլուն ռադիոընդունիչն է:
Բորիսը կրծքին է սեղմում Գալյա Վոդյանիցկայային: Աղջկա հագին թաց լողազգեստ է:
Նրա մաշկը տաք է, արևայրուքից մի քիչ թեփոտած: Գալյայի ասպիրանտ ամուսինը նստել է վոլեյբոլի դաշտի եզրին: Որտեղ մրցավարների տեղն է: Ձեռքին ճերմակին է տալիս ոլորված լրագիրը:
Գալյան ինդոնեզական բաժանմունքի ուսանողուհի է: Նա Ալիխանովին շշուկով ինդոնեզերեն անհասկանալի բառեր է ասում: Տղան, նույնպես շշուկով, կրկնում է.
– Քերոմ դաշ ախնան… Քերոմ լանավ…
Գալյան ավելի ամուր է սեղմվում նրան:
– Կարո՞ղ ես ոչինչ չհարցնել,- ասում է Ալիխանովը: -Տո՜ւր ձեռքդ:
Նրանք համարյա վազքով իջնում են բլրից, անհետանում թփուտներում: Վերը ասպիրանտ Վոդյանիցկու տձև ուրվականն է: Հետո՝ մոլորված կանչը.
– Հե՜յ, հե՜յ…
Ալիխանովի հիշողություններն ավելի աղոտացան: Վերջապես կայծկլտացին ինչ-որ բծեր: Վառ առկայծող կետեր նշմարվեցին: Հորից գողացած արծաթադրամները… Ոտնատակ տված ակնոցը՝ Լիտեյնիի և Կիրոչնիի անկյան կռվից հետո… Ու կրծքազարդը, շլացուցիչ դեղին կրծքազարդը կոպիտ մետաղե շրջանակում:
Հետո Ալիխանովը նորից տեսավ վոլեյբոլի խաղահրապարակի քառակուսին, որ ճերմակին էր տալիս խոտերի ֆոնին: Բայց հիմա արդեն ինքը և՛ ինքն էր, և՛ կինը՝ թաց լողազգեստը հագին, և՛ ցանկացած կողմնակի ոք: Եվ նույնիսկ խոժոռադեմ ասպիրանտը՝ լրագիրը ձեռքին…
Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում Ալիխանովի հետ: Նա դադարել էր ճանաչել իրականությունը: Այն ամենը, ինչ հարազատ էր, կարևոր, իր ստեղծածն էր թվում, հիմա օտարված էր, անըմբռնելի, աննշան: Աշխարհը սեղմվել, փոքրացել էր օտար կացարանի հեռուստացույցի չափ:
Ալիխանովն արդեն ո՛չ զայրանում էր, ո՛չ ուրախանում: Համոզված էր, որ այդ փոփոխություններն աշխարհում են կատարվում, ոչ թե իր հոգում:
Տագնապի զգացողությունն անցավ: Ալիխանովն աննպատակ բացեց գրասեղանի գզրոցը: Այնտեղ հացի փշրանք գտավ, մեկուսի ժապավենի փաթույթ, մի տուփ վանիլե չորահաց: Հետո՝ ճմռթված ուսադիրներ՝ տարբերանշանների անցքերով:Երկու ջարդված տոնածառի խաղալիք: Ճկուն մոմլաթե կազմով տետր՝ կիսով չափ պոկոտած թերթերով: Վերջապես՝ մատիտ:
Եվ այստեղ Ալիխանովն անսպասելիորեն զգաց ծովային քամու ու ձկան հոտը: Լսեց նախապատերազմյան տանգոն ու ինդոնեզական ձայնարկությունների փշփշոտ հնչումը: Մթության մեջ տեսավ վրանների եռանկյունաչափական ուրվապատկերները: Հիշեց թաց, պիրկ կապիչներով սեղմված տաք մաշկի զգացողությունը…
Ալիխանովը ծխախոտ վառեց ու ծխախոտ բռնած մատները դեմքից հեռացնելով՝ տետրի թերթին խոշոր տառերով գրեց.
«Ամռանն այնպես հեշտ է սիրահարված թվալ: Կանաչ տաք մթնշաղը շրջում է ճյուղերի տակ: Նրանք ցանկացած բառ վերածում էին խորհրդավոր ու աղոտ նշանի…»:
Պատուհաններից այն կողմ բուք էր սկսվում: Ճերմակ փաթիլները մթան միջից շեղ ծեփվում էին ապակուն:
-Ամռանն այնպես հեշտ է սիրահարված թվալ,- շշնջում էր վերակացուն:
Կիսարթուն եֆրեյտորը շրշյունով քսվելով պատի պաստառներին՝ անցնում էր միջանցքով:
«Ամռանն այնպես հեշտ է սիրահարված թվալ…»:
Ալիխանովը խաղաղ ուրախություն էր զգում: Հոգածությամբ ջնջեց երկու բառ ու գրեց.
«Ամռանը… հեշտ չէ սիրահարված թվալ…»:
Կյանքը դարձավ հեշտ ու տրվող: Կարելի էր փոփոխել մատիտի մի շարժումով: Մատիտը սառը պինդ եզրեր ուներ, վրան փորագրված էր՝ «Օրիոն»…
– Ամռանը… հեշտ չէ սիրահարված թվալ…,- նորից ու նորից կրկնում էր Ալիխանովը:
Առավոտյան տասին հերթափոխն արթնացրեց նրան: Դրսի սառնամանիքից էր եկել՝ կարմրադեմ ու չար:
– Ամբողջ գիշեր վեցնոցի պես վազում էի զոնայով մեկ,- ասաց նա,- մաքուր թատրոն… Հայհոյանք, դանակահարություն, մեկուսարանը բակլաներով լիքն է:
Ալիխանովը նոր ծխախոտ վառեց ու հարդարեց մազերը: Ամբողջ օրը մեկուսարանում է լինելու: Պատից այն կողմ, ձեռնաշղթաները զնգացնելով, անկյունից անկյուն կքայլի ռեցիդիվիստ Անագին…
– Իրավիճակը լարված է,- կիսամուշտակը հանելով՝ պատմում է հերթափոխողը,- Խորհուրդս քեզ՝ Հարունին հետդ տար: Երրորդ բլոկ-պոստում է: Շունը կողքիդ՝ ապահով ես զգում:
– Էդ ի՞նչ է,- հարցրեց Ալիխանովը:
– Ո՞նց թե: Կարո՞ղ է Անագիից չես վախենում:
– Վախենում եմ,- ասաց Ալիխանովը,- նույնիսկ շատ եմ վախենում… Բայց, մեկ է, Հարունն ավելի սարսափելի է…
Բամբակաբաճկոնն ուսերին գցելով՝ Ալիխանովը գնաց ճաշարան: Խոհարար Բալոդիսը նրա համար մի ափսե վարսակաձավարի կապտավուն շիլա լցրեց: Եզրին դեղնին էր տալիս հալված յուղի բիծը:
Վերակացուն շուրջը նայեց:
Խունացած պաստառներ, լինոլեում, թաց սեղաններ…
Նա վերցրեց ալյումինե գդալը՝ կոթին ոլործուն ցողունի պատկեր: Նստեց՝ դեմքով դեպի պատուհանը: Ծույլ-ծույլ սկսեց ուտել: Եվ անմիջապես հիշեց անցած գիշերը: Մտածեց այն մասին, ինչ իրեն սպասում էր… Ու խաղաղ, հաղթական ժպիտը փոխակերպեց դեմքը:
Աշխարհը կենդանացավ և անվտանգ էր, ինչպես կտավի վրա: Եվ վերակացուին նայում էր առանց զայրույթի և հանդիմանության:
Ու թվում էր՝ ինչ-որ բան էր սպասում նրանից…

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *