Յանուշ Վիշնևսկի | Ստի մասին

       Կպատմե՞ս ինձ։ Նրանց բոլորի մասին։ Նրանց մասին, ում դիպչել ես մինչև ինձ։ Կպատմե՞ս։ Չեմ խանդի։ Խոստանում եմ․․․

       Երբեմն ինձ թվում է, որ եթե ավտոմեքենաները խոսել կարողանային, ապա ամառային մի երեկո՝ Փարիզի, Վենետիկի, Պրահայի կամ Բարսելոնայի ճանապարհին մթության մեջ և բարձրախոսներից ծորող երաժշտության ներքո դու կհարցնեիր այդ ամենը։ Ճիշտ այնպես, ինչպես երբեմն հարցնում են կանայք։ Իսկ քանի որ կանայք, իրենց էության համաձայն, չեն կարող չխանդել, և բացի այդ՝ քանի որ չխանդելու խոստումները տրվում են տվյալ պահի հանգամանքների ճնշման ներքո, ես երբեք չեմ պատասխանել նման հարցերին։ Ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ, թե ինչու են կանայք ուզում այդ ամենն իմանալ։ Իսկ միգո՞ւցե ամենևին էլ չեն ուզում իմանալ, և այդ ամենն ընդամենը բանսարկություն է նրանց կողմից։ Միգո՞ւցե միակ ճիշտ պատասխանը «չեմ ասի, որովհետև չեմ կարողանում մտաբերել ոչ մի կարևոր հպում ուրիշ կնոջ՝ բացի քեզանից»-ն է, իսկ հետո աչքերը կկոցելն է, որպեսզի նա չկարողանա աչքերումս որսալ սուտը։ Իսկ եթե այդ ամենը հարցներ ավտոմեքենան, կպատասխանեի նրան։ Ամբողջ ճշմարտությունը կասեի։ Առանց վարանման։ Անուններով, ծննդյան թվերով և մեր մտերմության բոլոր զգայացունց մանրամասնություններով։ Նույնիսկ անուններ հորինելու կարիք չէի ունենա։ Բոլոր ավտոմեքենաներս կանացի անուններ են ունեցել։ Նրանք բոլորն ինձ համար ամենագեղեցիկն են եղել, հավատարիմ եմ եղել նրանցից յուրաքանչյուրին, բոլորին խենթի նման սիրահարված եմ եղել, նրանցից յուրաքանչյուրին դիպչել եմ և ժամանակին նրանից յուրաքանչյուրին լքել եմ։

       Հանուն հերթականի։ Նրա, ով ավելի երիտասարդ է։

       Կպատմե՞ս ինձ նրանց մասին։ Նրանց բոլորի մասին։ Կպատմե՞ս։

       Լա՛վ։ Առաջին սիրուս մասին․․․ Սուտ է, թե առաջինը նշանակում է կյանքում ամենակարևորը։ Դա հորինել են խանդոտ և նախանձ «առաջինները»։ Ինձ համար ամենակարևորը վերջին սերն է։ Թեև առաջինը նույնպես նշանակություն ունի։ Իմը ծնունդով Իտալիայից էր («Fiat-126p»)։ Այնքան փոքրիկ և նրբագեղ էր, որ երբեմն թվում էր, թե վերելակով կարող էի տասներորդ հարկ բարձրացնել նրան և լոգասենյակում լվանալ։ Բոլորս էինք սիրում նրան։ Կինս, աղջիկս՝ Իոսիյան, և ես։ Հավանաբար բոլորից շատ Իոսյան (ծնված 1983 թվականին)։ Երբ Իոսիյան չէր կարողանում քնել, բարուրած դնում էի հետևի նստատեղին և մի քանի պտույտ էի տալիս ամբողջ թաղամասով։ Միանգամից քնում էր։ Ուզում եմ մտածել, որ փոսերի վրայով անցնելիս ռիթմիկ թմրեցուցիչ թափահարումների շնորհիվ, այլ ոչ թե բենզինի գոլորշիների պատճառով։

       Հետո չեխուհու հետ ծանոթացա («Коda-120L»)։ Հիմա արդեն գիտեմ, որ չեխականից միայն մանեքենուհիներն են շատ լավը։ Իսկ այն ժամանակ՝ 1984 թվականին, ինձ թվում էր, թե չեխական ավտոմեքենաներն էլ վատը չեն։ Մանավանդ արտահանվող տարբերակները՝ «Պևեքսում»[1] դոլարով գնված։ Այն ժամանակ, երբ մարդիկ ավտոմեքենայի համար էին «Պևեքսում» դոլարով վճարում, այլ ոչ թե սալիկների, պաստառների կամ մանկական սնունդի, նույնիսկ «Коda-120L»-ը պետք է որ սեր թվար։ Ոչ մի առանձնակի ապրումներ չեմ ունեցել նրա հետ կապված։ Համենայն դեպս, մեր ապրումները երբեք էլ չեն համընկել։ Նա միշտ ուշանում էր։ Տղամարդկանց մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է․․․

       Այնուհետև Լեհաստանում մի արտասովոր բան եղավ (անցյալ դարի ութսունականների երկրորդ կեսն էր)։ Տղամարդկանց շրջանում ամենապահանջված հեղուկը բենզինը դարձավ։ Օղու քարտերը փոխանակում էին բենզինի քարտերի հետ։ Իսկ տանը օղի էին թորում։ Բոլոր նրանց, ում ավտոմեքենաները դիզելային վառելիքով էին աշխատում, անկեղծորեն ատում էին բենզալցակայաններում։ Նման հաճախորդը թեյավճարներ չէր տալիս և գիշերվա երկուսին հուսահատված չէր գալիս՝ վառելիք լցնելու հույսով։ Տրակտորի վարորդի նման որքան ցանկանար, այնքան կարող էր լցնել։ Զզվում եմ կաշառքներից։ Օղուց նույնպես։ Ինքնամոռաց սիրահարվել էի «Daihatsu Charade»-ին։ Առաջին անգամ Կոպենհագենում եմ դիպչել նրան։ Նա հիասքանչ էր։ Ազնվամորու շամպունի հոտ էր գալիս նրանից։ Եվ զարմանալիորեն վայելչակազմ էր։ Ավտոմեքենան արտասահմանից բերելու համար հարկավոր էր հարկ վճարել, որն այն ժամանակ մեքենայի քաշի (sic!) համաձայն էին հաշվարկում։ Իմ «DC»-ն (Դիսի) նիհարիկ էր ու դիզելով էր աշխատում, և որքան ցանկանայի, այնքան դիզել կարող էի լցնել դրա մեջ, ճիշտ այն տրակտորների վարորդների  նման։ Բայց միայն ես չէի, որ սիրում էի նրան։ 140 հազար կիլոմետրից ավել ճանապարհ ենք կտրել միասին։ Բազում հիշողություններ։ Մեր ճանապարհորդությունները Թորունիից դեպի Վարշավա, որտեղ թեկնածուականովս էի զբաղվում։ Սպասման մռայլ ժամերը ԳԴՀ[2]-ի ավելի մռայլ սահմաններին։ Նրա հետ ենք գրեթե ողջ ունեցվածքս Լեհաստանից Մայնի Ֆրանկֆուրտ տեղափոխել և անթաքույց հաճույքով հրաժեշտ ենք տվել ԳԴՀ-ին թե՛ աշխարհի քարտեզի վրայից, թե՛ մեր ճանապարհից։ Ոչ մի անգամ չի հաջողվել որևէ գեղեցիկ բան գնել նրա համար։ Թեև պաշտում էի գումար վատնել կանանց վրա, որոնք ինձ համար որևէ նշանակություն ունեին։ Նույնիսկ ձմեռային ռետինե ոտնամաններ չէի գնել նրա համար, բայց միևնույն է գիտեմ․ ներել է ինձ։

       Այնուհետև «Toyota Սատգու», «Combi» (Տիսի)-ն է եղել։ Նա նույնպես «Պևեքսից» էր։ Իմ պստլիկ Դիսիից հետո հսկայական Տիսին նման էր կնոջ, որը Մարսից էր, այլ ոչ թե Վեներայից։ Ուժեղ, հզոր, ասես մեծ սիլիկոնե կրծքերով ռազմատենչ կին լիներ՝ նման ճապոնական համակարգչային խաղերի հերոսուհիներին։ Երբ սկսում էր թվալ, թե հաճախության տեսակետից համընկել էինք նրա հետ, առանց զգուշացնելու տուրբո ռեժիմ էր միացնում։ Երբ արագացումը (ըստ տղամարդկանց տեսակետի) ժամանակից ուշ է սկսվում, նրբանկատ խնդիր է առաջանում։ Երկու անգամ փորձել են գողանալ նրան ինձանից, երկու անգամներն էլ ապարդյուն։ Հավատարիմ էր ինձ։ Տրանսպորտի վարչության միլիոնատերերն ասում էին ինձ, որ նման երջանկությունը չի կարող հավերժական լինել։ Չափից ավելի գայթակղիչ է, որպեսզի գիշերները միայնակ անցկացնի։ Ուրիշին զիջեցի։ Մշտապես սև ցուցակում։ Վերջինս խոստացել էր ինձ, որ մութ ժամանակ ավտոտնակում կպահեր նրան։ Չգիտեմ էլ պահել է խոստումը, թե ոչ։ Վերջնականապես բաժանվեցինք, բայց երբեք էլ չեմ մոռացել նրան։

       Հետո Գերմանիան էր։ Այնտեղ գայթակղությունները շատ են, իսկ զգացմունքները՝ քիչ։ Այնտեղ շաբաթ օրերն ամենևին էլ չեն սկսում տենչալի գուրգուրանքներից անկողնում։ Գերմանիայում շաբաթ օրերը սկսում են ավտոմեքենան լվանալուց։ Չեն լվանում միայն ուսանողները, հոգեկան հիվանդներն ու կոմունիստները։ Քանի որ նշված խմբերից և ոչ մեկին չէի պատկանում, աքսորյալ էի զգում ինձ։ Թեև ինչ վերաբերում է հոգեկան հիվանդներին, չեմ կարող երաշխավորել։ Ո՜վ գիտի․․․

       Ուշադիր աչքի եմ անցկացնում նոթատետրս։ Կանաչ «BMW-525i», արծաթագույն «BMW-525i Combi»։ Հետո առաջին դավաճանությունը տարփալից «մերսեդեսի» «ML-230, SUV» (Հելգա) հետ։ Հսկա և հաղթամարմին, ինչպես ռուբենսյան կանայք[3], և դանդաղաշարժ, ինչպես գալապագոսյան կրիաները։ Համակրում էինք միմյանց, բայց ավելիի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Հավանաբար Հելգան հիմա Աֆրիկայի փողոցներով է երթևեկում։ Աֆրիկայում ժամանակը նշանակալիորեն դանդաղ է ընթանում, նույնիսկ ես եմ դա հասկանում։

       «Mercedes С Klasse Kombi»-ն (Ցեցիլիա) սխալմունք էր։ Շատ գեղեցիկ էր։ Փաստ է։ Բայց որքան երկար եմ ապրում այս աշխարհում, այնքան ինձ համար պակաս նշանակալի է դառնում գեղեցկությունը։ Երկուսի միության մեջ ամենակարևորը զրույցն է։ Ասելիք չունեինք միմյանց՝ բացի իմ դժգոհություններից, որ նա անընդհատ փորձանքի մեջ էր գցում ինձ։ Աստիճանաբար սկսում էի հասկանալ, որ «մերսեդեսների» վարորդների մասին կծու զավեշտապատումների մեջ շատ ճշմարտություններ կան․ «Ինչո՞ւ մերսեդեսի վարորդները չեն ողջունում միմյանց աշխատանքի գնալու ճանապարհին։ – Կարիք չկա։ Առավոտյան արդեն հանդիպել են արհեստանոցում․․․»։ Նման զավեշտապատումների («մերսեդեսի» թեմատիկայով) տարածողը պաթոլոգիականորեն նախանձ (միշտ) «BMW»-ն է։ Հնարավոր է այդպես է։ Բայց Ցեցիլիայի դեպքում ամեն ինչ ճշմարիտ էր։

       Այնուհետև գարնանային արևոտ հանգստյան օրեր անցկացրի Ստոկհոլմում։ Վերադառնալուց հետո շվեդական ցանկացած բան հիասքանչ էր թվում ինձ։ Գարնանը տղամարդկանց մոտ նման բաներ լինում են։ Հարբեցած են և հորմոններն անաստվածորեն շփոթում են Հոմերոսի հետ։ Նույնիսկ նրանք, ովքեր երբևէ չեն լսել Հոմերոսի մասին։ Բայց այդ գարուն ես իրավացի էի։ «Volvo-V50»-ն (Վիկտորյա) հիասքանչ էր։

       Արժանավոր, զգայական, ինտելիգենտ, խոհեմ, դյուրազգաց և համեստ։ Նրա հետ համոզվեցի, որ կինն ընտրում է այն տղամարդուն, որը հենց նրան է ընտրում։ Նրա հետ ինքնավստահ և բավարարված էի։ Ոչ մի ուրիշի չէի ցանկանում։ Անգլերեն էի խոսում նրա հետ։ Չէր սիրում գերմաներենը և ատում էր գերմանուհիներին։ Ֆրանկֆուրտի մերձակայքում՝ մի խաչմերուկի վրա ինչ-որ հիմար, անինքնավստահ, կիսամաքուր, բոլոր կողմերից ծեծված, խելքի չբերած «Opel Astra»-ով փոխարինեցի նրան։ Իբրև թե չէի նկատել, որ մեզ համար կանաչ լույս էր բացվել։ Ամեն ինչ արեց, որպեսզի փորձանքից ազատեր ինձ։ Մինչև հիմա հիշում եմ նրա բարձիկների փափկությունը և մինչև հիմա կարոտում եմ նրան։

       Իսկ հիմա փակ աչքերով այդ ամենը պատմում եմ իմ «МВ SLK Cabrio»-ին։

       Սեղմում եմ կոճակը, և նա մերկանում է ինձ համար՝ դեն գցելով վերևի մասը։ Ինչ-որ անհեթեթ գերմանական փչոց է։ Ինչ ինձ հիշում եմ, նրանք՝ գերմանուհիները, միշտ էլ նմանատիպ կոճակներ չափից ավելի շատ են ունեցել․․․

Թարգմանությունը՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Արժութային խանութների ցանց սոցիալիստական Լեհաստանում։

[2] Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։

[3] Պիտեր Պաուլ Ռուբենս՝ նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *