Էդվարդ Սաիդ | Գրողի և մտավորականի հասարակական դերը

edward-said

(հատված)

Լեզուների և մշակույթների՝ ինձ ծանոթ առօրյա գործածության մեջ, գրողը գրականություն ստեղծող անհատն է, այսինքն` պոետը, արձակագիրն ու դրամատուրգը:
Կարծում եմ` ընդահանուր առմամբ ճշմարիտ է, որ բոլոր մշակույթներում գրողներին առանձնակի, գուցե նաև ավելի պատվավոր մի տեղ է հատկացված, քան «ինտելեկտուալների» գործունեությունն է. ստեղծագործական աուրան և ինքնատիպության համարյա սրբագործ շնորհալիությունը (հաճախ իր որակով և չափերով մարգարեության հասնող) բաժին է հասնում գրողներին և ոչ ամբողջ մտավորականությանը, որոնց վերաբերմունքը գրականությանը թեթև իջեցված և «քննադատների» մակաբույծ դասի պատկանելիություն ունի:
Ավելին` 21-րդ դարի նախաշեմին գրողներն ավելի ու ավելի շատ են ստանձնում մտավորականների մրցակցային պարտականությունները այնպիսի գործունեությունների ժամանակ, ինչպիսիք են` իշխանությունների մասին ճշմարտությունը բարձրաձայնելը, հետապնդումների և տառապանքների վկա հանդիսանալը, այլակարծության մատակակարումը իշխանության հետ անհամաձայնության ժամանակ:
Սալման Ռուշդիի գործունեությունը ներառում է հենց այս բոլոր փոխհամակցված գործառույթները` դրսևորման ամբողջ բազմազանությամբ. մեծաքանակ գրողներից կազմված խորհրդաժողովների և համագումարների ձևավորում` նվիրված անհանդուրժողականությանը, մշակույթների երկխոսությանը, քաղաքացիական անկարգություններին (Բոսնիայում և Ալժիրում), խոսքի ազատությանն ու ցենզուրային, ճշմարտության հաստատմանն ու հաշտեցմանը (Հարավային Աֆրիկայում, Արգենտինայում, Իռլանդիայում և այլ երկրներում), ինչպես նաև` հենց գրողի հատուկ խորհրդանշական դերի կարևորումը` որպես երկրի կամ տարածաշրջանի կենսափորձի ինտելեկտուալ վկայություն, որն էլ հենց հասարակական ինքնություն է շնորհում նույն կենսափորձին` այն առմիշտ ներառելով համաշխարհային դիսկուրսի օրակարգ:
Ասելիքն առարկայորեն տեսանելի դարձնելու ամենհեշտ ուղին այն մարդկանց անունների (ոչ բոլորի) սոսկական թվարկումն է, ովքեր վերջին տարիներին Նոբելյան մրցանակ են ստացել. յուրաքանչյուր անուն հնարավորություն է ընձեռում մտովի ստեղծել տվյալ տարածաշրջանի խորհրդանշացված պատկերը, ինչն էլ իր հերթին գրողի հետագա գործունեության համար հարթակ ու թռիչքակետ է դառնում և միջնորդ դեր ստանձնում գրականության աշխարհից շատ հեռու տեղի ունեցող երկպառակությունների քննարկման ժամանակ: Ահա նրանց անունները` Նադին Գորդիմեր, Կենձաբուրո Օե, Դերեք Ուոլքոթ, Բերտրան Ռասել, Վոլե Շոյինկա, Գաբրիել Գարսիա Մարկես, Օկտավիո Պաս, Էլի Վիզելը, Գյունթեր Գրաս, Ռիգոբերտա Մենչու և այլք…
Պասկալ Կազանովան «Գրականության համաշխարհային հանրապետություն» (La République mondiale des lettres) գրքում փայլուն կերպով վերլուծում է մի երևույթ, որը 150 տարի հետո էլ նույնքան ճշմարտացի է հնչում. գրքում ասվում է, որ այժմ գրականության ընդհանուր համակարգը կարծես հնարավորություն է ընձեռնում ամբողջականանալու սեփական գրական բնավորության (littérarité), ռիթմի, չափանիշի, ինտերնացոնալիզմի և շուկայական արժեքների միջոցով: Համակարգի արդյունավետությունն այն է, որ ստեղծում է գրողների խմբեր և նրանց քննարկում ըստ որոշակի պատկանելիության` ասիմիլացիայի ենթարկված, վտարանդի և թարգմանված գրողներ, և այս բոլորը, ըստ նրա, անհատականացված և դասակարգված են մեծապես արդյունավետ, գլոբալացված, շուկայականին շատ մոտ համակարգում:
Կազանովայի փաստարկումների ընթացքը ցույց է տալիս, որ այդ հզոր, ամենաթափանց համակարգերը կարող են այնքան առաջ գնալ, որ, ինքնախթանվելով, ստեղծեն մի տեսակ ինքնատիպ ազատություն, ինչպես, օրինակ, Ջոյսի ու Բեքեթի դեպքում. գրողներ, որոնց լեզուն և ուղղագրությունը չեն ենթարկվում որևէ պետության կամ համակարգի օրենքների:
Իմ ողջ հիացական կարծիքով հանդերձ պետք է նշեմ, որ, այնուամենայնիվ, ընդհանրության մեջ Կազանովայի գրքի ձեռքբերումները հակասական են: Նա ասում է, որ գրականությունը որպես գլոբալացվող համակարգ օժտված է մի տեսակ ինքնավարությամբ, որն էլ նրան մեծ հաշվով դուրս է բերում և տեղակայում քաղաքական ինստիտուտների ու հակամարտությունների գռեհիկ իրականությունից այն կողմ, մի պատկերացում, որը ունի որոշակի տեսական ճշմարտանմանություն, երբ խնդիրը միջազգային գրական տարածության շրջանակների համապատկերում է դիտարկվում` իր սեփական օրենքների մեկնությամբ, անհատական ու համընդհանուր աշխատանքի դիալեկտիկայով, ազգայնականության ու ազգային լեզուների սեփական հիմնախնդիրներով: Սակայն Կազանովան այնքան հեռու չի գնում, որքան Ադոռնոն, ում կարծիքը ինքս էլ կիսում եմ, որ արդիականության հայտանիշերից մեկն էլ, շատ խորքային հարթությունում, գեղագիտական և սոցիալական պահանջմունքը անհաշտ լարվածության վիճակում պահելն է: Նա նաև բավարար ժամանակ չի հատկացնում քննարկելու, թե ինչ միջոցով են գրողները կամ գրականագետները նախկինի պես ներգրավված (հաճախ օգտագործման համար մոբիլիզացված) աշխարհի փոփոխված քաղաքական ուրվապատկերը ստեղծող հզոր հետսառըպատերազմյան մշակութային մրցակցության մեջ:
Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա, օրինակ՝ Սալման Ռուշդիի հետ կապված բանավեճերը երբեք էլ «Սատանայական բանաստեղծությունների» գրական հատկանիշներին չեն առնչվել, այլ ավելի շուտ, թե ինչպես է կրոնական թեմայի գրական մշակումը, որը կարծես առանձնակիորեն կրոնական զգացումներ չի էլ շոշափում, իրականում սրվում հասարակական ճանապարհով:
Ես չեմ կարծում, որ նման հնարավորություն կարող էր ընձեռնվել մինչ այն պահը, երբ Այաթոլա Խոմեյնին հրապարկեց Ֆաթվան, մի ստեղծագործություն, որի հեղինակն ու ընթերցողները հենց միջավայրի հոգածության են պահ տրված և որտեղ սոցիալ-կրոնական հարցերի շուրջ, ինչպիսիք են անարգանքը, աշխարհիկ այլախոհությունը, արտատարածքային (էքստերիտորյալ) սպանության սպառնալիքները, քաղաքականացված ինտելեկտուալ բանավեճերից բացի այլևս ուրիշ ոչ մի բանի համար տեղ չի թողնված:
Նույնիսկ այն պնդումները, որ Ռուշդիի` որպես վիպասանի խոսքի ազատությունը չի կարող սահմանափակվել (ինչպես կպնդեին մեզնից շատերը իսլամական աշխարհից), իրականում փաստում է, որ գրականության ազատության հարցի շուրջ քննարկումները, բանավիճային խնդիրներին անդրադառնալու, արդեն իսկ կուլ են տվել և գրավել են (զուտ աշխարհագրական իմաստով) գրականության օտարումն ամբողջությամբ:
Հարցը նման լայն համապատկերում դիտարկելիս գրողի և մտավորականի միջև հիմնական տարբերություններ չպետք է առանձնացնել, քանզի երկուսն էլ գործում են մի նոր հասարակական ոլորտում, որտեղ իշխում է համաշխարհայնացումը (և ենթադրվում է, որ գոյություն ունեն նաև Խոմեյնիի Ֆաթվայի հետևորդներ) և նրանց հասարակական դերը` որպես գրող կամ մտավորական, կարելի է քննարկել և վերլուծել միաժամանակ: Այլ կերպ ասած` մենք պետք կենտրոնանանք այն հարցի շուրջ, թե ինչն է միավորում գրողներին ու մտավորականներին և ինչպիսի միջամատություն են նրանք ունենում հանրային ոլորտում:
Առաջին հերթին, այսօր, մենք պետք է հաշվի առնենք մտավոր միջամատության տեխնիկական կողմը: Որպեսզի առավել վառ պատկերացնենք, այն արագությունը, որին հասել է հաղորդակցությունը վերջին տասնամյակներում, կփորձեմ համադրել Ջոնաթան Սվիֆթի 18-րդ դարի հանրային միջամտության արդյունավետության և մեր պատկերացումները իրազեկության մասին: Սվիֆթն, անշուշտ, իր ժամանակի ամենաակործանարար պամֆելտիստն էր և Մալբորոյի դուքսի դեմ նրա կազմակերպած արշավի ընթացքում` 1711-12 թթ. նրա «Վարք համախոհների» պամֆելտը 2 ամսվա ընթացքում հնարավոր եղավ 11000 օրինակ պատճենել և ցրել փողոցներում: Սա, իհարկե, հանգեցրեց նրան, որ դուքսը գերաշնորհությունից զրկվեց, սակայն Սվիֆթի այն հոռետեսական տրամադրությունը (դեռ 1709-ի «Տակառի հեքիաթներ»-ից), որ իր գրվածքները ժամանակավոր են և լավ` միայն կարճ ժամանակ շրջանառվելու համար, չփոխվեց: Նա, անշուշտ, նկատի ուներ հնի ու նորի միջև ընթացող այն բանավեճը, որտեղ Հոմերոսի ու Հորացիոսի նման պատկառելի գրողները` շնորհիվ իրենց տարիքի, տեսակետների իսկության երկարակեցության և մշտականության, գերակա դիրք ունեին ժամանակակից այնպիսի հեղինակի հանդեպ, ինչպիսին, օրինակ՝ Դրայդեն էր:
Էլեկտրոնային մեդիայի ժամանակաշրջանում նման նկատառումները հիմնականում անտեղի են, քանզի յուրաքանչյուր ոք, ով ունի համակարգիչ և համացանցից օգտվելու պատշաճ կարողություններ, մարդկանց հասնելու քանակապես ավելի շատ հնարավորություն կարող է ունենալ, քան Սվիֆթի միջոցներն էին թույլ տալիս, ինչպես նաև գրած տեքստի պահպանման ակնկալում` անկախ ըմբռնելիության չափից կամ խելքին մոտ լինելու աստիճանից: Այսօր արդեն մեր տեսակետները արխիվների ու քննարկումների մասին պետք է արմատական փոփոխությունների ենթարկել, և այլևս անհնար է կրկնել այն սահմանումը, որ երկու տասնամյակ առաջ Ֆուկոն էր հետևողականորեն փորձում ամրագրել: Անգամ իսկ, եթե ինչ-որ մեկը գրում է թերթի կամ ամսագրի համար, թվային վերարտադրությունն (առնվազն գոնե տեսականորեն) ու պահպանության անսահամանափակ ժամկետը կործանում են իրական լսարանի (որպես վիրտուալ լսարանի այլընտրանք) գաղափարը: Հաճախ հանդիպում են նաև իրավասությունների սահմանափակումներ, որոնք ռեժիմները իրականացնում են ցենզուրայի կամ վտանագավոր համարվող գրի տարածման արգելքի միջոցով, գոյություն ունեն նաև ավելի կոպիտ միջոցներ` օն-լայն թողարկումների ազատատենչ գործառույթների դադարեցում կամ սահմանափակում: Մինչև վերջերս, բարեհաջող կերպով Սաուդյան Արաբիայում և Սիրիայում արգելափակված էր համացանցն ու արբանյակային հեռուստատեսությունը: Այժմ երկու երկրներն էլ հանդուրժում են համացանցի սահմանափակ օգտագործումը, թեպետ երկուսն էլ տեղադրել են բարդ և երկարատև ժամանակի համար նախատեսված թանկ արգելակող համակարգեր` իրենց վերահսկողությունը պահպանելու համար:
Իրավիճակը հետևյալն է. մի հոդված, որ ես կարող եմ գրել Նյու Յորքում բրիտանական թերթի համար, լավ հնարավորություններ ունի հայտնվելու անհատական կայքերում կամ էլեկտրոնային փոստի միջոցով` Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Պակիստանում, Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և նույնիսկ Ավստրալիայում գտնվող ընթերցողների էկրաններին: Հեղինակներն ու հրատարակիչները շատ փոքր վերահսկողություն ունեն վերատպագրվող ու վերաշրջանառվող նյութերի հանդեպ: Ինձ մշտապես զարմացնում է (և նույնիսկ չգիտեմ` զայրանալ, թե շոյվել), որ իմ գրած կամ ինչ-որ վայրում երբևէ ասված մի խոսք որոշ ժամանակ անց հայտնվում է աշխարհի մեկ այլ ծայրում: Ո՞ւմ համար ես գրում այդ դեպքում. եթե անգամ իսկ քո լսարանը որոշելու որոշակի ճշգրտություն չունես. կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը առավել գործնական ելք է գտնում` իրեն լիազորելով խոսքը հղել միայն մի խումբ մարդկանց կամ ենթադրյալ ընթերցողների: Երևակայական հասարակության գաղափարը հանկարծ ձեռք բերեց բառացի կամ, այսպես ասած, վիրտուալ տարածական չափումներ: Անշուշտ, ես ինքս էլ այդպես եմ վարվել, երբ տասը տարի առաջ սկսեցի գրել արաբական պարբերականներում արաբական լսարանի համար. դա միակ հնարավորությունն է ստեղծել, ձևավորել, խոսք հղել այդ բաժանորդներին: Դրա անհրաժեշտություն այժմ ավելի մեծ է, քան Սվիֆթի ժամանակ, երբ նա լիարժեքորեն կարող էր վստահ լինել, որ անձնավորությունը, ում նա անվանում է անգլիական եկեղեցու հետևորդ, իրականում գոյություն ունեցող, շատ կայուն և փոքր լսարան է:
Այսօր արդեն բոլորս պետք է առաջնորդվենք այն պատկերացմամբ, որ կարող ենք ունենալ ավելի մեծ լսարան, քան որևէ մեկը կարող էր ենթադրել դեռ 10 տարի առաջ, թեպետ նման լսարանի պահպանումը, հենց նույն պատճառով, բավականին ռիսկային է: Դա միայն կամքի լավատեսության հարց չէ, այլ հենց այսօրվա գրի բուն էությունը, որը մեծ դժվարություններ է ստեղծում գրողի համար` ստիպելով որպես անառարկելի ճշմարտություն ընդունել իր և լսարանի միջև եղած ընդհանուր ենթադրությունները կամ ենթադրել, որ իր օգտագործած ալուզիաներն ու հղումները անմիջապես կհասկացվեն: Սակայն այս ընդլայնված նոր տարածության համար գրելը տարօրինակ կերպով կարող է նաև անհավանական վտանգավոր հետևանքներ ունենալ. խրախուսվում է խոսել այն թեմաներից, որոնք կամ լիովին պարզ ու հասկանալի են կամ լիովին անթափանց (իսկ եթե որևէ մեկը մտավորական կամ քաղաքական ասպարեզում ինչ-որ նկրտումներ ունի, այն ամենավերջին անտեսված տեղում չպետք է լինի):
Մի կողմում մոտավորապես կես տասնյակ հսկայական բազմազգ կազմակերպություններ են, որոնք ղեկավարվում են փոքր քանակությամբ մարդկանց կողմից և վերահսկում են աշխարհին մատակարարվող պատկերների ու լուրերի ամբողջությունը: Մյուս կողմում` անկախ մտավորականները, որոնք ըստ էության կազմավորում են նորաստեղծ հանրությունը, ֆիզիկապես միմյանցից հեռու են, սակայն տարբեր ու մեծ թվով ակտիվիստների համայնքներով են միավորված, զգուշանալով խուսանավում են հիմնական լրատվական միջոցներից, սակայն իրենց ձեռքի տակ ունեն այլ միջոցներ, որոնց Սվիֆթը հեգնանքով անվանում էր ճարտասանական մեքենաներ: Միայն մտածեք, թե հնարավորությունների ինչ տպավորիչ շարք է առաջարկվում` դասախոսական հարթակներ, բրոշյուրներ, ռադիո, այլընտրանքային պարբերականներ, հարցազրույցային ձևաչափեր, եկեղեցական ամբիոն, համացանց, և սա ընդամենը դրանցից մի քանիսը: Ճիշտ է, այստեղ մի էական անբարենպաստ իրավիճակ կա. քիչ հավանական է, որ նրանցից որևէ մեկը հարցում կամ փաստացի մի կարճատև առանձնացված րոպեի առաջարկ ստանա ՓիԲիԷս Նյուս Հաուրից կամ ԷյԲիՍի Նայթլայնից: Իհարկե, հետագայում նրանք հասարակությանը ներկայանալու այլ առիթներ ևս կունենան, սակայն ոչ ձայնային հաղորդագրության ձևաչափով, ինչն էլ տարածման ավելի երկար ժամանակ կպահանջի:
Այսպիսով, արագությունը դառնում է երկկողմ զենք: Գոյություն ունի լոզունգային պարզեցված մի ոճ, որը «փորձառու» երկխոսություն ծավալելու հիմնական առանձնահատկությունն է. այն նշանակետին է ուղղվում արագ, կաղապարային, գործնական տեսք ունի: Բայց գոյություն ունի նաև արագությանը համապատասխան ծավալվող մի ձևաչափ, որը կարող են օգտագործել մտավորականները և առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ` ներկայացնելու այլընտրանքային տեսակետի առավել համակողմանի, առավել հագեցած դիրքորոշում: Ես ենթադրում եմ, որ գործածելով բոլոր հնարավոր հարթակները (կամ Սվիֆթի բառերով ասած` շրջիկ ամբիոնները. նկատի ունենք այն հարթակներըը, որոնք կամ անհասանելի են կամ որից խուսանավում են հեռուսատեսային անձինք, փորձագետները կամ քաղաքական թեկնածուները) և մտավորականների զգոնություն ու ստեղծարար պատրաստակամություն օգտակար լինելու` առավել մեծ քննարկում սկսելու հնարավորություն կստեղծվի:

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Հակոբյանի

Արտատապված է «Գրանիշ» թիվ 4-ից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *