ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Համացանցային հոգևոր Հայաստանի տեսլականը

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ. ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ [1]

Սմբատ Հովհնաննիսյան
Պատմ. գիտ. թեկնածու

Համաշխարհայնացման գործընթացում խորապես կերպափոխվել է առանձին պետությունների որոշարկվածության ավանդական ըմբռնումը: Ոչ միայն այլակերպվել է ազգային ինքնության և պետության ըմբռնման ներքին հեռանկարը, այլև ուրվագծվել են նորերը: Հետևաբար մեկնաբանական միտումները վերածվել են բարդ և բազմաբնույթ համակառույցի: Նման բազմազանության առկայությունը պայմանավորված է նախ և առաջ մեկնաբանական “հորիզոնի” և քաղաքակրթական իրողությունների փոփոխմամբ և ընդլայնմամբ: Իսկ ապա` ազգային ինքնության և պետության ավանդույթների վերարժևորմամբ:
Ժամանակի մի քանի “ճեղքվածքներում” (Հետխորհրդային, Հետգաղութային, Հետարդիական, Տեղեկատվական/Տեղեկութային և այլն) հայտնված Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունի “ազգային պետության” և “ազգային ինքնության” հղացքների վերարժևորման հիմնախնդիրը: Դա պայմանավորված է միասնության և պետական սահմանների ըմբռնման այլակերպմամբ: Ուստի, հոդվածում փորձ է արվում համաշխարհայնացման հոլովույթում ազգային պետության և ինքնության փոխակերպման հիմնախնդրի քննարկումը կառուցակազմել մեկ այլ` Համացանցային Հոգևոր Հայաստանի համադրական միջավայրում:
Ըստ էության “Ազգային պետություն” հասկացությունը ուտոպիական կամ մտածական մի կառույց է, որի իմաստային դաշտը կառուցակազմված է երկու` “պետություն” և “ազգ” հասկացությունների համադրությունից [2]: Հետևաբար, “ազգ” և “պետություն” փոխառնչության վերլուծությունն իրականացնելիս անհնար է խուսանավել դրանց բազմաշերտ, բարդ և դինամիկ բնույթից և դրանցից բխող բազմաթիվ հակասություններից ու լարվածություններից:
Պետության տեսությունը սկզբնավորվելով դեռ պլատոնականության մեջ (իրավական պետությունը որպես արդարության կառավարիչ)` նոր ճանաչում է ստանում և լայն քննարկումների տեղիք է տալիս մասնավորապես XVI դարից սկսյալ: Ըստ էության, ինչպես նշում է Ի.Վալերսթայնը, պետության արդի ընկալման կերպը կարելի է թվագրել 1648 թվականին Վեստ‎ֆալյան հաշտության շրջանից (չնայած ոմանք այն թվագրում են 1494 թվականով` Իտալիայի համար ֆրանս-իսպանական պատերազմների ժամանակից) [3]: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Միջնադարյան քաղաքակրթությանը փոխարինում էր Արդյունաբերական քաղաքակրթությունը: Վերջինիս համատեքստում էլ ձևավորվում է արդիականացման գործընթացը կամ փարձառնությունը, որը մասնավորապես առաջադրում է “ազգ”, “ազգային պետություն” և “ազգային ինքնություն” հասկացությունները: Նման փոխարկումների հետևանքով տեղաշարժվում, խախտվում և վերարժևորվում են նախկին “սահմաններն” ու “տարածքները”: Միջնադարյան ժողովուրդներին և պետություններին փոխարինելու են գալիս արդիական ազգերն ու ազգային պետությունները:
Պետության սահմանումը (չնայած միմյանց ներհակ և միմյանց հետ մրցակցող զանազան մեկնություններին) հիմնականում դիտվում է որպես քաղաքական այնպիսի կառույցների որոշակի համակարգ, որի նպատակը որոշակի սահմաններով տարածքի ներսում իշխանության կազմակերպումն է հանուն ընդհանուր շահերի կամ համընդհանուր բարիքի (well-before) [4]: Ընդ որում պետությունը, ներառելով կառավարության գործունեությունը, այդուամենայնիվ չի հանգում դրան: Պետության հասկացությունը տարբեր լինելով կառավարություն հասկացությունից` միաժամանակ լայն փոխառնչությունների մեջ է գտնվում “քաղաքական համակարգի”` “կառույցի ներսում գործող պարտադրանքներն ու պետական սեկտորն ստեղծող օրենքների ամբողջության” հետ: Այսպիսով իր մեջ ներառում է “կառավարությունը, պետական բյուրոկրատիան, օրենսդիր և դատական իշխանությունները, պետական և կիսապետական արհեստախմբերը և իրավական համակարգը” [5]:
“Ազգ” հասկացության ըմբռնման և “ազգի” ծագումնաբանության մասին գոյություն ունեցող տեսություններից կարելի է առանձնացնել հիմնարար երկու ուղղություն` անգլիա-‎ֆրանսիական և գերմանական: Սրանցից առաջինի համար ազգը որոշակի սուբէթնիկ սոցիոմշակութային հանրույթ կամ քաղաքացիություն է: Իսկ երկրորդ ուղղության համար` ազգը էթնոսի որոշակի տեսակ է [6]:
Ինչպես ակնհայտ է, նրանցից առաջինը ազգի ինտեգրացիոն տեսությունն է, իսկ մյուսը` դի‎ֆերենցիալ: Սակայն իրականում այս երկու ուղղությունները համադրելի են, ուստի սրանց միջև առկա ինչ-ինչ հակասությունները հաղթահարելի են, մասնավորապես` փոխլրացման համատեքստում:
Կ. Դեյչը ազգերի ծագումը կապում է փոխանակման տնտեսության ի հայտ գալու, սոցիալական շարժունության, քաղաքների աճի, հաղորդակցությունների ծավալման, կապիտալի համակենտրոնացման և այլ հետաքրքրությունների ի հայտ գալու հետ [7]:
Է. Սմիթը այն համարում է եռակի հետաքրքրությունների արդյունք, որպիսիք տեղի են ունենում տնտեսության, քաղաքականության և մշակույթի շրջանակներում, այսինքն հասարակական կյանքի աշխարհիկացման, “տպագիր կապիտալիզմի” և գրագիտության փոխներգործության արդյունք [8]: Այստեղից էլ ազգային պետության ըմբռնումը (որպես գաղափարախոսական-արժեքային, սոցիոմշակութային, հոգևոր, պատմական, լեզվական, տնտեսական և որոշակի տարածքային իրողություն) [9]:
Ժամանակի ընթացքում պետության և ազգի հասկացութենական տիրույթները սկսում են համընկնել: Սակայն արդեն քաղաքակրթական նոր` հետարդիական իրադրությունը, երբ կրկին ակտիվացել է համաշխարհայնացման գործընթացը, անորոշ է դարձնում ազգային պետության մեկնաբանությունն ու իմաստավորումը:
Նոր տեղեկատվական-հաղորդակցական համակարգը արմատականորեն կերպափոխել է տարածությունն ու ժամանակը, մարդկային կյանքի հիմնարար չափումները [10]: Տարածությունը զրկվել է իր մշակութային, պատմական, աշխարհագրական նշանակություններից: Ուստի միասնության քաղաքականության հիմնական հարցերը հակասության մեջ են մտնում ազգային տարածքների մեջ գործող պատմական գործընթացների հետ: Համաշխարհայնացման պայմաններում պետության և ազգի ներքին ու արտաքին սահմանների զատորոշումը կորցնում է իր նախկին իմաստը. “Պետությունն այլևս ինքնաբավ և անկախ կազմակերպություն չէ` նախատեսված միայն ազգային պատկանելիության սկզբունքով սահմանված բնակչության համար” [11]: Իսկ արդեն հաղորդակցության և տեղեկատվության միջոցների վերահսկմամբ և կիրարկմամբ հնարավոր է դառնում և ինքնության նոր ձևերի կերտում սոցիալական նոր միջավայրերի, հարաբերությունների ու վարքի երկխոսայնացման համածիրում [12]:
Ըստ Մ. Կաստելսի նոր տեղեկատվական տեխնոլոգիաները աշխարհը ինտեգրում են ինստրումենտալիզմի գլոբալ ցանցեր: Հաղորդակցությունը, միջնորդավորվելով համակարգիչներով` ծնել է վիրտուալ հասարակությունների/հանրույթների ընդլայն բազմազանություններ: Սակայն 1990-ական թվականներից սոցիալական և քաղաքական բնորոշ տարբերակիչ միտումը սոցիալական գործողության և քաղաքականության կառուցակազմումն է առաջնային ինքնությունների (արքետիպերի) շուրջ.
ա) կամ վերագրված, արմատավորված պատմականի և աշխարհագրականի վրա,
բ) կամ կրկին վերակառուցանումը իմաստների և հոգևորության տագնապալի որոնման շուրջ [13]:
Այսպիսով Տեղեկատվական հասարակության առաջին պատմական քայլերը, ինչպես ակնհայտ է, բնութագրվում է ինքնության որպես կազմավորող սկզբունքի գերակշռումով: Իսկ քանի որ ինքնությունը որպես արժեք ձևավորվում է ժամանակի ընթացքում և որոշակի հասարակությունների/հանրույթների պատմական կենսափորձի համածիրում, ապա այն չի կարող հաստատվել որպես համընդհանուր հրամայական. ամենայն սահմանում ինքնին վիճարկելի է: Մյուս կողմից, սակայն, այն ձեռք է բերում առանցքային հրամայական: Այդուհանդերձ ինքնության յուրաքանչյուր ըմբռնում մեկզմյուսին հանգեցնել-համադրելը, և այդ ըմբռնումներից յուրաքանչյուրով առաջնորդվող հանրային քաղաքականության իրականացումը հաճախ լուրջ լարվածությունների և հակասությունների տեղիք է տալիս նույն այդ սկզբունքների միջև:
Նման լարվածություններն ու հակասությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է բանական և ընկերային արմատական կերպափոխության իրագործում, որի հիմնարար պայմանը պետք է լինի`
ա) հասարակության համախմբումը մի գերխնդրի շուրջ, ուր հանդես կգան բազում ինքնությունների բանական համադրմամբ: Միով բանիվ` Ազգային ինքնության տարբերության կառուցանում համադրման մեջ,
բ) Ինքնության մի նոր հարացույցը, որը պետք է ընդլայնվի` իր մեջ ներառելով մինչ այդ օտարված խմբերի դերակատարությունը,
գ) Արդյունավետ քաղաքական գործողության սահմանների ընդարձակումը, ուր (ամենատարբեր քաղաքակրթական միջավայրերում ապրելու պարտադրվածության արդյունքում) արտաքին “այլափոխական սահքի” կողքին առավել քան կարևորվում է մշակութային սահքը և համազգային գերխնդիրների (իբրև մշակութային ծրագրերի ու բանական առասպելների) “ճշգրիտ ըմբռնումն ու բանաձևումը” [14]:
Իսկ Համաշխարհայնացման հոլովույթում ի հայտ եկած Ազգային պետության ներքին և արտաքին “ճեղքվածքները” հաղթահարելու համար կարելի է առաջադրել երկու հնարավոր և միմյանց փոխլրացնող արար (ընդ որում որպես լուծման սոսկ մի տարբերակ) [15]:

ԱՐԱՐ Ա: Ներքին և արտաքին “ճեղքվածքները” նախ հնարավոր կլինի հաղթահարել Ստեղծագործ Հանրույթի (ՍՀ) ակտիվ դերակատարությամբ, որոնց մոտ “ի հայտ են գալիս գաղափարներ և նորի զգացումներ և հետևաբար հասարակական նոր կերպերի արարչագործման միտում” [16]: ՍՀ-ի կազմավորման հետևանքով պետք է կառուցակազմվի Միկրոպոլիսը` որպես Ազգային պետության հասկացության նոր մեկնարկային շաղախ: Ի հայտ եկած “ճեղքվածքները” շտկելի են մշակութային տեքստերի վերաիմաստավորմամբ (ՍՀ-ի ներքին հաստատութենական կառույցի համատեքստում), որոնց հետնախորքի վրա “բացահայտվում են առտնին իրողությունների հավերժական արքետիպերը” [17]: Ուստի`
ա) ՍՀ-ի շրջանակներում ակտիվացնելով ռացիոնալ սկզբի կիրարկումը, ծագում է ներունակության դրսևորման մի հարթակ, որի վրա կարող է տեղի ունենալ հատագա զարգացումը [18]: Այսինքն կրկին վերարժևորվում և ակտիվացվում է “ԳԻՏԵԼԻՔԻ” հիմնախնդիրը, քանի որ ներկա դարաշրջանում տեխնոլոգիանները փոխարինվում են “գիտելիքով” և/կամ “ինտելեկտի կապիտալով”:
բ) ՍՀ-ի շրջանակներում կազմակերպել տարեկան մեկ (ռեսուրսների և հնարավորության դեպքում` մի քանի) “Վերլուծական/Համադրական շաբաթներ”, որին մասնակցելու են զանազան մասնագիտության գիտնականներ (մաթեմատիկոսներ, տնտեսագետներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ, սոցիոլոգներ, իմաստասերներ, հոգեբաններ, պատմաբաններ և այլն): Այդ շաբաթները կանխավ որոշարկված պետք է լինեն մեկ տարի առաջ: Դիցուք, բոլոր մասնագետներին տրված կլինի մի որոշակի գիտաթեմա կամ հիմնախնդիր (օրինակ, “քաղաքակրթություն” հասկացությունը և դրա ըմբռնումը), որի շուրջ կատարված հետազոտական արդյունքները կքննարկվեն և կհամադրվեն այդ ժամանակահատվածում:
գ) Այնուհետև ՍՀ-ի շրջանակներում մշակված հարացույցները կիրարկել հասարակական կյանքում:
դ) Դրանց գործուն քննարկումներով` հիմնադրել այլազան ՍՀ-ներ (իրենց Միկրոպոլիսներով հանդերձ):
Այստեղ մոտենում ենք Մաշտոցյան մշակութային ինքնարարման մոդելին` երբ հատուկ խնդիր է դրվում կառուցակազմել հայ համակեցական ՆՈՐ ՏԱՐԱՏԵՍԱԿԻՆ համապատասխան ՆՈՐ ՍՈՒԲՅԵԿՏ ու ՀԱՆՐՈՒՅԹ: Հստակ դրվում է ՏԵՍԱԿԻ վերարժևորման և վերաիմաստավորման խնդիրը, ինչը Մաշտոցը կարողացավ լուծել ԿՐԹՈՒԹՅԱՆ բարձր արժևորմամբ` այլոց ձեռքբերումների և տեղականի համադրման ճանապարհով:
Այսպիսով, պահանջվում է “ազգային ինքնություն” հասկացության նոր սահմանում, որը պարզապես չի մերժում մշակութային բազմազանությունը և որը կազմակերպվում է մշակութային զանազանությունների համադրության ընթացքում:

ԱՐԱՐ Բ: Իրագործելով Արար Ա-ի համակեցական կերպի` Ստեղծագործ Հանրույթի և Միկրոպոլիսի արարչագործումը, հույժ անհրաժեշտ իրողություն է դառնում խստիվ որոշարկել Հոգևոր Հայաստանի ժամանակային և տարածական շրջանակներն արդեն Համացանցային հնարավորությունների համատեքստում` հեռավոր անցյալի պատմությունը ձևակերպելով իբրև հարցադրումների մի ամբողջականություն: Այսինքն`
ա) ստեղծել Հոգևոր Հայաստանի մի կայքէջ, ուր զետեղված կլինեն Պատմական Հայաստանի (Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա, Սփյուռքներ և այլն) մշակութային/քաղաքակրթական, տնտեսական և քաղաքական ռիթմերի համադրական մի մակետ` ողջ գանձերով հանդերձ (պատմություն, ճարտարապետություն, մշակույթ և այլն):
(Դիցուք Բիթլիս քաղաքն իր պատմա-աշխարհագրական, մշակութային, քաղաքակրթական և այլ ընդգրկվածությամբ: Այստեղ կզետեղվի քաղաքի մանրակերտը (հնարավորության դեպքում` բոլոր ժամանակների)` եկեղեցիները, դպրոցները, շուկաները և այլն: Օրինակ, եկեղեցիներում կզտեղվեն այն գրքերը, որոնք ստեղծվել կամ արտագրվել են այդտեղ: Ընդ որում այս գաղափարը կարելի է զարգացնել այլ չափույթներով: Անգամ կարելի է վիրտուալ բանկեր զետեղել Բիթլիս քաղաքի որևէ հատվածում և դրան տալ օրինական գործունեության ընթացք: Այդպիսով միմյանց կհամադրվեն վիրտուալը (իրական Բիթլիսում ներկայումս հայություն չկա) և իրականը (վիրտուալ Բիթլիսում գործում են իրական բանկեր): Բիթլիսի օրինակով կհամադրվեն պատմա-աշխարհագրական, մշակութային և այլ նշանակություն ունեցող նշանավոր կենտրոները):
Դրա հիմնարար նպատակը լինելու է ժամանակի տարբեր չափույթներում “փշրված” Հայկական քաղաքակրթության միավորում-միահյուսումը մեկ ընդհանրական կառույցի` Մեգապոլիսի կամ Հոգևոր Հայաստանի համատեքստում, քանի որ հայոց ազգային պետությունը սոսկ տարածական-աշխարհագրական կառույց չէ, այլև հոգևոր-պատմական հարացույց է:
բ/ Ստացվում է, որ այդ տարածության մեջ մենք հնարավորություն կունենանք ոչ միայն պահպանել “փշրվող” Ազգային պետությունը, այլև դրան զուգահեռ կայացնել նոր մի տիրույթ, ուր ի պահ տալով “նյութական գոյացությունների բացարձակ արժեքները” [19], իրագործում ենք դրանց երկխոսությանը ժամանակի բոլոր ռիթմերի (թե’ սինքրոնիկ և թե’ դիաքրոնիկ) համադրական միջավայրում: Դրանք ևս պլատոնա-պլոտինոսյան հարացույցի օրինակով նպատակաուղղված կլինեն առ Գեղեցիկը, Ճշամրիտը, Էությունն ու Բարիքը [20]: Սա ևս կիրարկելի է “մեջբերումների միջոցով”: Ընդ որում այդ համատեքստի կենտրոնում դրվում են “Արտաշիսյան Հայաստանի”, “Մաշտոցյան դպրոցի” և “Մաշտոց-Խորենացի դիմակների” հարացույցները:

Սա լինելով ուտոպիական և առավել պահպանողական կառույց` այդուամենայնիվ, ներառելու է “Ազատության պատուհանը”, որը համապատասխանում է Յ. Հաբերմասի կողմից մշակված “Հանրային ոլորտ” հասկացությանը [21], ուր ժամանակը գտնվում է առավել հոսուն վիճակում: Մի տարածություն, ուր մասնակցությունը խաղարկվում է “խոսելու” միջոցով, ասելու և լսելու միջավայրում [22]: Այստեղ մասնակիցները խորհրդակցում են իրենց առտնին գործերից սկսած մինչև վերամբարձ գաղափարների շուրջ: “Ազատության պատուհանի” տիրույթը նպաստելու է ոչ միայն տրամասույթային (դիսկուրսային) կարծիքի ձևավորմանը, այլև (և հատկապես) սոցիալական ինքնությունների, ապա և ազգային համընդհանրական ինքնության ձևավորմանն ու հաստատմանը, ընդ որում ելակետ ունենալով այն իրողությունը, որ մշակույթի` որպես հոգևոր կազմակերպումի, միջավայրը կառուցակազմված է ճանաչողական և արժեքային հիմնարար տարրերից: Ճանաչողական տարրը (կամ նշանա-խորհրդանշական) մարմնավորում է Գիտելիքը` որոշակի հասկացությունների ձևակերպումն ու ներկայացումը լեզվի տիրույթում, իսկ արժեքա-որոշարկող համակարգը` սոցիալական սուբյեկտների, որոնք սոցիալական գործողությունների բարձրագույն սկզբունքներն են, և մշակում են անհատների համախմբումը հանրույթի մեջ: Համաձայն Վոյթի և Վուդենի մոդելի ցանկացած էթնիկական համակարգի կազմավորման գործընթացի ժամանակ արժեքները ինտեգրման մեծ դերակատարություն ունեն [23]: Այդ համակարգի հիմնարար տարրերի շարքում (արժեքներ, նորմեր, օրենքներ, գիտական գիտելիքներ և այլն) հենց արժեքներն են համակարգաստեղծ գործոնները: Իսկ Հոգևոր Հայաստանի կայքէջի տիրույթում հաստատագրված “նյութական գոյացությունների բացարձակ արժեքները” և դրանց հետ համահարաբերումը ստեղծում է նոր ինքնությունը:
Այս տիրույթում էլ հնարավոր կլինի ձևավորել այլազան Միկրոպոլիսներ` իրենց Ստեղծագործ Հանրույթներով հանդերձ, որոնց համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի արարչագործել անշարժ Մեգապոլիսի շարժուն պատկերը:
Ուստի, Համացանցային Հոգևոր Հայաստանի տեսաբանման և իրագործման դիսկուրսների համատեքստում հնարավոր կլինի ազգի և ազգային ինքնության միասնացնող իմաստի նորովի արարչագործումը, այսինքն` ԳԵՐԽՆԴՐԻ ձևակերպումը:

Ծանոթագրություններ
1. Հովածը 2008 թվականի ապրիլի 4-ին «Տնտեսություն և արժեքներ» ՀԿ-ում «Ինքնության հետազոտություններ» ծրագրի շրջանակներում հեղինակի կարդացած զեկուցման մշակված տարբերակն է:
2. ë Ю. Хабермас, Европейское национальное государство: его достижения и пределы. О прошлом и будущем суверенитета и гражданства, Нации и национализм, Пер. с. англ. и нем. Л. Е. Переяславцевой, М. С. Панина, М. Б. Гнедовского, М.: Праксис, 2002, с. 366.
3. И. Валлерстайн, Отмирание государство, Валлерстайн И., Анализ миравых систем и ситуация в современном мире, Санкт-Петербург, Изд.: «Университетская книга», 2001, с. 399.
4. Տե’ս Օքսֆորդի բառարան. քաղաքագիտություն և քաղաքականություն, Ե.: Գիտանք, 2003, էջ 505-508:
5. The New Authorianism in Latin America, ed. Collier D., Princeton, N.J., Princeton University Press, p. 403.
6. Տե’ս У. Альтерматт, Этнонационализм в Европе, Пер. с нем. С. В. Базарновой, М. : РГГУ, 2000.
7. Տե’ս К. Дейч, Рост нации, Этнос и политика: Хрестоматия, Авт.-сост. А. А. Празаускас, М., УРАО, 2000, с. 63.
8. Տե’ս Э. Д. Смит, Образование наций, Этнос и политика: Хрестоматия, Авт.-сост. А. А. Празаускас, М., УРАО, 2000, с. 88.
9. Եվ տվյալ պարագային Ազգային պետության ՙփշրման՚ դիտարկումը կատարում ենք արևմտյան տեսությունների համատեքստում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը որպես ազգային պետություն, կայացել է հենց այս տեսությունների ըմբռնման համապատկերում և հեռանկարում (մասնավորապես` Խորհրդային):
10. Հրաչ Բայադյան, Մշակույթ և տեխնոլոգիա, Ե., 2003, էջ 7:
11. Տե’ս Nuhoglu Soysal Y., Limits of Citizenship: Migrants and Postnational Membership in Europe. Chicago: University of Chicago Press. 1994, p. 164.
12. Տե’ս K. Ohmae, The End of the Nation-State: The Rise of Regional Economies. New York:Free Press. 1995, Ս. Հովհաննիսյան, Ազգային ինքնությունը համաշխարհայնացման հոլովույթում.առկա մարտահրավերները, Ինքնությունը և փոփոխվող աշխարհը, Միջազգային գիտաժողովի նյութեր (2007 թ. հուլիսի 11-12), Ե., ՙԼինգվա՚ հրատարակչություն, 2008, էջ 62-69:
13. Տե’ս М. Кастельс, Информационная эпоха: экономика, общество и культура / Пер. с англ. под науч. ред. О. И. Шкаратана. — М.: ГУ ВШЭ, 2000, с. 43:
14. Ալբերտ Ստեփանյան, նշվ. աշխ., էջ 29:
15. Այս արարները առաջադրվում են պլատոնական և նոր պլատոնական հարացույցների հիման վրա Ալբերտ Ստեփանյանի կառուցած տեսության և արդի ՙտեղեկութային հասարակության՚ վերաբերյալ տեսությունների (մասնավորապես Մ. Կաստելսի) համադրման համատեքստում:
16. Â.Â.Рîñòîó, Ñòàäèè ‎ýêîíîìè÷åñêîãî ðîñòà, Íü‏þ Éîðê, 1961, ñ. 46.
17. Ալբերտ Ստեփանյան, Ինքնության ազգային չափումը [Նախնական դատողություններ], Ինքնության հարցեր, Տարեգիրք, խմբ. Ա.Ստեփանյան, Ե., 2002, էջ 19:
18. Ò.Ïàðñîíñ, Î ñòðóêòóðå ñîöèàëüíîãî äåéñòâèÿ, Ì. 2000, ñ. 188.
19. Ա.Ստեփանյան, Պլոտինոս (Մշակութային ինքնարարումի մի ճիգ), Պլոտինոս, Էննեադներ, Գիրք V, թրգմ. հին հուն., ուսումն. և մեկն. Ա.Ստեփանյանի, Ե., Սարգիս Խաչենց հրատարակչություն, 1999, էջ IX:
20. Տե’ս նույն տեղում:
21. Տե’ս J. Habermas, The Structural Transformation of the Public Spher: An Inquiry into a Category of Bourgeois Tranlated by Thomas Burger and Frederick Lawrence, Cambridge: MIT Press, 1989.
22. Տե’ս նույն տեղում, p. 80.
23. Տե’ս L. P. White, K. C. Woten, Professional Ethics and Organizational Development. New York, 1986.

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով