Վարդան Հակոբյան | Տխուր և ավելի տխուր

ՏԽՈՒՐ ԵՎ ԱՌԱՎԵԼ ՏԽՈՒՐ

Վաղ առավոտյան, երբ սպասում էի արեւի
առաջին ցոլքերից շառագունող այգին,
հանկարծ ինձ համար հայտնաբերեցի
մի տխուր
եւ
մի առավել տխուր ճշմարտություն.-
նրանց մեջ, ովքեր երբեք չեն փորձել
ու երբեք չեն փորձելու
բանաստեղծություն գրել,
անշուշտ, կա մի բանաստեղծ,
որի մասին ինքն էլ չի իմանում․
եւ առավել տխուրը՝
աշխարհում
բանաստեղծություն գրողներից ոչ մեկը
բացարձակապես բանաստեղծ չէ։
Այս մտքից երկար, շատ երկար տառապեցի,
չզգացի անգամ,
թե ինչպես է արեւը զենիթին հասել։

Բառերս հավաքեցի ու հեռացա՝ չգիտեմ ուր։

 

***
Ես չեմ վերադառնում,
ես վերադարձ չունեմ։
Անգամ այստեղ՝
այստեղ չեմ։
Անդարձն ու անդառնալին
պարառված են իմ ներսում,
ուր սակայն
միմիայն կա… դիմավորում։

Բարև, այդ ես եմ, թեեւ
չգիտեմ ում եմ ասում,
կամ, մանավանդ՝ով եմ ես։

Մեֆիստոֆելյան քրքիջները
իմ ունկերից չեն հեռանում։

 

* * *
Մեր սարերի կաքավների երգը
որտեղից որտեղ եկավ
հասավ ականջներիս…
Ինչ երջանիկ էի, երբ լսում էի նրանց
կաղ-կղան՝
մաքուր աստվածային…
Ես կարծում էի, թե երջանկություն չկա,
բայց չէ, կա, միայն՝ անցյալ կատարյալ…
Այդ կաքավների ձայնի համապատկերում
ինձ տուն կանչող մորս
հորդորն է ու հորս ինձ խելքի դնող խոսքերը…
Իսկ ես այդպես էլ անխելք մեծացա…
Ներեցեք ինձ, կաքավներ Արփագետուկի..

 

* * *
Բանաստեղծ լինելու համար
պետք է բանաստեղծ չլինել։
«Լինելը» պայման է թելադրում։
Հողը, որ մեր ոտքի տակ է
ու գլխի վրա, պահման արժանի,
ով գիտե քանի-քանի անդամ է
ձեռքից ձեռք անցել, պղծվել, բայց
որ ծաղիկ է դուրս գալիս,
ամեն ինչ փոխվում է, ինչպես
երեխայի ծնունդն է արդարացնում
ցանկացած հանդիպում՝
ընդունված «կարգից» դուրս,
հողը սրբանում է,
մաքրագործվում
ինքն իր մեջ ու մեր մեջ։
Աշխարհում հող չկա, որ չլինի հայրենի։

* * *
Ամեն մեկիս ներսում կա մի
անսահման խոր փակված մարդ՝
մեր հակապատկերը,
նա, ով չի աղարտվում երբեք,
ում ձայնն ընջուկվեր ենք անում։
Թե հնար լիներ նրա հետ փոխեինք
մեր տեղերը,
երկիրը կդառնար անզուգական
դրախտավայր։ Ինչ ուղղությամբ էլ քայլենք,
մենք հեռանում ենք մեր ներսի մարդուց։

***
Երբ մոտեցավ, այնժամ
զգացի, թե
որքան հեռու եմ իրենից։

Ինչ գեղեցիկ, անսահման է
հեռուն՝
տիեզերքից մեծ։

Ես ծնվել եմ հեռվում,
հեռուն իմ հայրենիքն է։

 

ԱՐՓԱԳԵՏՈՒԿ

Օրվա մթին պահից պոկված,
ինքն իր սեւի ահից փրկված,
հոգնած, ջոկված
մի տխրություն ծվարել է իմ մեջ,
թուխս է նստել խավարն ասես։
Ու չի խոսում,
ու լռում է անհասցե։
Ձմեռը շնթռել է տանս շեմին,
իմ դռնից ոչ հետքեր են գնում,
ոչ հետքեր են գալիս ձյունի վրա։

Պատուհանից դուրս՝ հեռու-հեռվում
հազիվ լսվող ոռնոցների ետեւում
գել-գազան չկա,
էգ քամիներն են Ափուն քարի
հին քարայրներում վնգստում։

 

***
Կոշիկներիս հետքը լուսնի վրա
տեսնող է եղել՝
մի այլմոլորակային բանաստեղծ
ինչ-որ բան էր ուզում ասել,
բայց ոտնատակի ծածկագրի հետ
չէր «խոսում»
միտքը։
Տեսնես ինչու են կատուները
սիրում քնել կոշիկների մեջ։

 

ԽՌՈՎՔ

Արփագետուկում
հիմա մենք չենք։
Այնտեղ մերոնցից
մնացել են միայն
հորս տնկած
խնձորենիները
և մեր Մեծ քարը։
Փորձեցի բռնել
հայացքը Մեծ քարի,
դեմքը շրջեց։

 

ՏՐՏՈՒՆՋՔ

Մեղք են մեծերը,
զի մեծ են մեղքերը։
Ամենուրեք անընդունելի է ճշմարտությունը,
իսկ ընդունելին այպանվում է,
խոսքերը ներվում են,
լռությունը՝ ոչ,
սուտը մոմեր է վառում հայոց սրբատներում,
սուրբը՝ հալածականի ցնցոտիներով,
դռնեդուռ է ընկել՝
աներկիր, անօթևան։
Ձիթենու ճյուղը աղավնու կտցից խլել,
իրենց բներում ճոճք են դարձրել ագռավները։
Բոլոր ձայներում,
բոլոր բառերում,
բոլոր շարժումներում,
արմատներում անգամ՝ լերդացած արյուն կա։
Լինելության տաք ավիշները խոտերի ցողուններում
աղերսվում են արեգակի ջարդված գույներին,
ամպերն իրենց անհստակելի մրուրի մեջ
մթակոլոլ տապակվում են,
արահետ ու կածան՝ օտար ճամփորդների քայլերից
սրտնեղած,
ուրանում են հեռուն,
Քար աղբյուրի կարկաչներում խաթարվել են
կանչերը մեր անհնձվոր, անկալվոր հանդերի,
կռունկների երամները մոլորել են Մեծ քարի ճամփան,
աշխարհից խռոված իմ ձին
փակվել է Ափուն քարի քարայրում,
և մհերված խրխինջը
ասես հողի ընդերքներից է գալիս,
վայրի մեղուները իրար են խառնել հասցեները
Ծյորեն ինգյուսըմ հորս տնկած խնձորենիների, որ
չգիտեմ՝ ծաղկո՞ւմ են
կրկին, թե՝ ոչ․․․
Օգնական լեր, Հիսուս Քրիստոս,
Ամենակարող Տեր,
մանավանդ՝ զգո՜ւյշ,
սատանան կրկին ձեռք է մեկնել սուրբ մեռոնին։

Մեծ են մեղքերը, զի մեղք են մեծերը։
7․01․21թ․

 

* * *

Այլևս չասենք՝
միաբան լինենք,
այլևս չասենք՝
դաս առնենք անցյալից,
այլևս չասենք՝
հաղթելու ենք․․․
Չասենք, որպեսզի
միաբան լինենք,
չասենք, որպեսզի
դաս առնենք անցյալից,
չասենք, որ հաղթենք․․․
Մեր մեջ անհաղթ է
ոգին
հակասության։

Չասենք՝
հպարտ ենք, որ հայ ենք,
չասենք,
որպեսզի հպա՛րտ հայ լինենք։

 

ԻՄ ԱՐՑԱԽ

Անթափանց մութով լցված իմ աչքերն առկայծում են
կսկիծների մեջ՝ սեւ, դառնապատիր։ Եվ անդուռ, եւ անելք։
Նայում եմ կամարներին մեր հին ու նոր աշտարակների,
որ փլուզված, ամայացած՝ բյուր ծագերում հայոց հողի,
կամուրջներ են դառնում մեղկ, անսփոփ դարերի համար՝
ժամանակի եւ տարածության ցրիվ-ցրիվ պատկերներում։

Աննման են, շքեղ են մեր տուն-վանքերն՝ անգամ ավերված,
ու դրանից նեռան պղտոր երակներում, թույնն ավելի է եռում։
Տրվելով վայրի տենդին ու մոլուցքին գորշ գայլերի, աչքերի
ֆոսֆորով նա «զարդարում» է իր ապագան, վանքից հուր է
թռցնում մոմի՝ պղծելով եւ խորանները մեր սրբազան աշխարհի,
որ թեժ լինեն կրակներն իր ճենճերահոտ ու երկրակուլ դժոխքի։

Լույսը վաղվա, սակայն, երեւում է եւ այն պահին, երբ այն չկա։
Ու ես խորքն եմ նայում ցավի՝ որպես բացվող հորիզոնին,
կամաց-կամաց նշմարվում է հույսի մի շող՝ հոգուս ընդերքներում.-
եւ Դավթի ձին քայլ է անում, եւ փայլում է Դավթի թուրը հավլունի,
եւ ձյուներից ծիլ է տալիս կրկին հայկյան հերկի Հունտը ոսկյա,
եւ երկիրս արթնանում է վշտի միջից՝ որպես անմեռ ոգին Քիրսի։

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Թիթեռնակի թեւերով մանկությունս թռչում էր
մեր դաշտերում, ձորերում, այնպես խաղաղ ու թեթեւ,
մինչեւ օրը հատնում էր, մինչեւ մայրս կանչում էր․․․
Մորս ձայնը հեքիաթ էր։

-Ջրի հերթը հասավ մեզ՝ Եխծուն տակե բոստանում,
լուսինն էլ, տես, դուրս եկավ, ասես սիպտակ մի վարդ է։-
Ձեռքս ափում՝ մայրիկս ինձ բոստան է տանում․․․
Մայրս լույսի հեքիաթ էր։

Ես կանգնում մեր մարգերում, ականջս՝ ջրի ձայնին,
եւ վեր թռում, կանչում եմ, երբ առուն հասնում է տեղ։
Մայրս երգում էր ջրի հետ՝ արխի մյուս ծայրին․․․
Մորս երգը հեքիաթ էր։

Իբրև մեծ եմ, հորս հետ քաշում եմ հոգսը մեր տան,
օջախի տղա դառնում ու լույս տվող մի կանթեղ։
Վարում, ցանում, հնձում եմ․․․ Միայն մայրս միշտ ժպտա․․․
Ժպիտն իմ մոր հեքիաթ էր։

Երբ ամառ է, գիշերը պառկում եմ տան կտուրին ՝
հայացքս վեր՝երկնքին,փորձում եմ աչք չթարթել,
գորովանքով մայրս ինձ ծածկում է-ոնց բարուրի․․․
Մորս ձեռքը հեքիաթ էր։

Քնում եմ՝չգիտեմ ոնց-աստղերի հետ ոտուծոց,
խոստանալով ինքս ինձ ՝արեգակից շուտ զարթնել…
Բայց շատ երկար քնեցի… Գաղտնիք չունեմ Աստծուց․․․
Կյանքս մո՞ւժ, թե հեքիաթ էր։

Ինձ իմ ձիու պոչից կապած քարշ տվին ամենուր
(խե՜ղճ իմ ձի), ծանակեցին, մաշեցին հոգիս թել-թել։
Ինչու է այսքան դաժան վերջն ու այսքան տխուր,
թե աշխարհը հեքիաթ էր։

Թիթեռնակի թեւերով մանկությունս թռչում էր
մեր սարերում, ձորերում, այնպես ազատ ու թեթեւ,
մինչեւ օրը հատնում էր, մինչեւ մայրս կանչում էր․․․
Մորս ձայնը հեքիաթ էր։ 2020թ․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *