Եւ լոյսն՝ ի խաւարի անդ՝ լուսաւո՛րէր, եւ խաւար՝ նմա ո՛չ եղեւ հասու:
Ավետարան ըստ Հովհաննեսի 1:5
Կան գույներ, որոնք չեն առաջնորդում: Դրանք ոչ մի տեղ չեն տանում: Բայց կան և գույներ, որոնց մեջ բացվում է ստեղծագործական սկիզբը, որոնք դուրս են բերում մեզ մեր իսկ սահմանափակությունից և բացվում են անափ հորիզոնի մեջ:
Սև գույնը հենց այդ գույներից է: Գույն, որն Արարման գույնն է: Արարման բոլոր յոթ օրերին ուղեկցած գույնը, որն իր վրա է կրում բաց ծով դուրս եկած Պոեզիան: Ընդ որում՝ Սև գույնին տրված չէ հասնել Պոեզիային, ինչպես Մթությանը՝ Լույսին. այն առ Պոեզիան ունեցած փափագն է, մղումն ու լարումը, բայց երբեք բաղադրատոմսը:
Եվ յուրաքանչյուր ոք, ով իրեն արվեստագետ է զգում, ում տրված է ներթափանցելու բառի ներքին պաշարները, բացահայտելու նրա անտեսանելի ներունակությունները, չունի ավելի լուրջ, ավելի կենսունակ աջակից, որ է Սև գույնը. մի ստվեր, որն առանց տրտնջալու իր վրա է կրում լույսի բոլոր վերքերը:
Շնորհիվ այդ գույնի է, որ հնարավոր է դառնում բառի ազատագրումը բոլոր ավելորդություններից: Այդպես՝ մի կողմից՝ Անհատականը, մյուս կողմից՝ Անձնականը հաղթանակ է տոնում Ժամանակի նկատմամբ՝ վերածվելով Վերանհատական կամ Վերանձնական իրողության, դրանով՝ Համաանհատականի և Համաանձնականի: Գույն, որը Միածին Հնչյունի, Միածին Բառի, Միածին Խոսքի հնարավորությունն է, ուր Իմացությունը հասունանում է իբրև Ապրում, իսկ ապա՝ իբրև Պոեզիա: Հակառակ դեպքում, երբ Իմացությունը չի հասունանում իբրև Ապրում, Տհասությունն է ներկայանում իբրև Պոեզիա:
Եվ ուստի՝ Սև գույնը, որն օժտված է ներքին կյանքն ամենուր տեսնելու լուսավոր ունակությամբ: Մի գույն, որն ընկած է բազմաթիվ վայրէջքների ու վերելքների միջակայքում, որն ինքնին անդունդ է՝ ներքին և արտաքին բովանդակությունից թափվող և խելացնոր թռիչքների մղող:
Եվ, չնայած դրան, Սև գույնը բոլորովին էլ մեկուսացում չէ, առավել ևս՝ ինքնամեկուսացում: Այն ավելի շատ հոգևոր շրջադարձը ծնող կծկումն է, ներքին այն լարումը, որը ռիթմավորում է արտաքին շարժումը: Պայծառակերպության մի համաբանություն, որտեղ անորոշ է մնում՝ սևը մասնակցությո՞ւնն է, թե՞ ստեղծագործությունը: Իսկ գուցե շրջո՞ւմն է՝ մասնակցումից՝ ստեղծագործություն, ստեղծագործությունից՝ մասնակցում: Կա՛մ ստեղծագործաբար մասնակցում, կա՛մ մասնակցաբար ստեղծագործում: Եվ, այդուամենայնիվ, Սևը մասնակցությունն է, այլ ոչ թե ստեղծագործությունը: Այլ կերպ ասած՝ շնորհիվ Սև գույնի՝ ստեղծագործականությունը շուռ է գալիս Ակունքի մեջ և հնարավորություն տալիս տեսնելու և կամ անելու Նույնի Ուրիշությունը, բայացահայտելու Բանական պոեզիան, Բանական պոեզիայի առանձնահատկությունը: Մի անսպառություն, որի ծիրում գերակշռող են խոհականությունն ու բանականությունը, որոնք լծորդվում են պատկերի ու պատկերավորման խորհրանշականությանն ու այլաբանությանը, այդպես և փոխաբերությանը: Ստեղծում է մի կիզակետ, որտեղ և հատվում են Բացակայության ուղղահայացն ու Լռության հորիզոնականը: Ըստ այդմ՝ Բանական պոեզիան ոչ թե մտքից ծնված պոեզիան է, այլ մտքի մեջ ծնվող կամ ծնված պոեզիան:
Սևն առ անափ կարոտն ունեցած զոհաբերությունն է: Ընդամենը հնարավորություն, որի ծիրում կարող ես սեփական սահմանափակությունդ հաղթահարել Ուրիշի միջոցով, Ուրիշի մեջ: Եվ այդ հնարավորությամբ է, որ Ուրիշը չի դառնում քո իսկ սահմանափակությունը: Եվ որքան շատ են այդ ուրիշությունները, այնքան շատ են քո իսկ հնարավորությունները: Միայն այդ Ուրիշ-հնարավորությունների միջոցով է, որ կարող ես հաղթահարել քո իսկ սահմանափակությունը: Եվ ուստի՝ նախ և առաջ հասունանալ այդ հնարավորություններից, մի բան, որը տրված չէ այլևս շատերին. մեզ լքել է հանճարեղությունը, և արդ լքում է նաև տաղանդավորը…
Եվ արդ հազարամյակներ շարունակ տևում-ձգվում է արարման Յոթերորդ օրը՝ Աստծո հանգիստը: Եվ դեռ հեռու է ութերորդ օրվա ծիածանը, որը կլուսաբացվի միայն յոթերորդ օրվա մաշկագույնը թողնելուց հետո:
Սև գույնը հենց այդ լուսաբացի սպասումն է, որը հասցնում է մի կետի, որտեղից կարելի է նայել Արևին ու չկուրանալ:
Հույն փիլիսոպաները դեռ վաղուց էին հասկանում գույների ազդեցությունը մարդկանց վրա,ըստ նրանց յուրաքանչյուր մարդ կապված է սև գույնի հետ,որը նրանց հիշեցնում է անցալի վատ հուշերի մասին:Իսկ գիտության մեջ ապացուցված է,որ գույների խառնուրդը ստացվում է սև ուրեմն յուր. մարդու ներսում կուտակված են բազմաթիվ լավ ու վատ հիշողություններ,որոնք ի վերջ մթանում են նրա հիշողության մեջ:
Շնորհակալություն դիտարկման համար: Միայն թե իմ սև գույնը ոչ մի կապ չունի անցյալի, առավել ևս անցյալի վատ հուշերի հետ… ես ներկայացրել եմ սև գույնի լուսավոր լինելու հանգամանքը ու այն՝ ինչ գրել եմ 🙂