Ճոու Ծուորըն | Ծննդավայրիս Կանաչեղենը

Իմ ծննդավայրը միայն մեկը չէ. ամենուր, ուր բնակվել եմ, բոլորն էլ իմ ծննդավայրերն են։ Ծննդավայրիս հետ առանձնակի կապվածություն չունեմ, պարզապես այդտեղ եմ զօր ու գիշեր վազվզել ու ձուկ բռնել, այնպես որ պարզապես վարժվել եմ նրան։ Օրինակ գյուղի հարևանիդ, թեպետ բոլորովին էլ հարազատներ չեք, բայց ժամանակ առ ժամանակ նույնիսկ կարոտում ես նրան։ Տասը տարուց ավել ապրել եմ Ճըծյան նահանգի արևելքում, Նանծինում ու Տոկիոում՝ վեցական տարի, այժմ ապրում եմ Պեկինում ու վերջինս էլ դարձել է իմ հայրենիքը։
Օրեր առաջ կինս գնացել էր բանջարեղեն գնելու, ու երբ վերադարձավ, ասաց, որ Սիդանի շուկայում ծտապաշար են վաճառում։ Ես մտքով հասա հայրենի Ճըծյան։ Ծտապաշարը վայրի խոտաբույս է, որն արևելյան Ճըծյանի ժողովուրդը հաճախ է ուտում գարնան ամիսներին։ Գյուղերի մասին ավելորդ է ասել, նույնիսկ քաղաքներում հետնաբակ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած ժամանակ քաղել ու ուտել։ Կանայք ու երեխաները, յուրաքանչյուրի ձեռքին մեկական մկրատ ու բամբուկից հյուսած «սածիլի զամբյուղ»՝ պպզում են գետնին ու քջուջ անում. դա զվարճալի խաղ-աշխատանք է։ Երեխաները միաժամանակ երգում են. «Ծտապաշար-աստղածաղիկ, քույրս կողքի տուն մարդի է գնացել»։ Հետագայում գյուղացիները աստղածաղիկ բերեցին քաղաք վաճառելու, բայց ծտապաշարն ամեն դեպքում վայրի խոտաբույս է, ու ինքդ պետք է հավաքես։ Ծտապաշարի մասին միշտ բազմաթիվ գեղեցիկ առասպելներ են պատմվել, բոլորն էլ թերևս Վու երկրամասից։ «Սիհու լճի ճամփորդական ուղեցույց» ձեռնարկում կարդում ենք. «Մարտի երեքի տոնին տղաներն ու աղջիկները՝ բոլորը զարդարվում են են ծտապաշարի ծաղիկներով։ Ավանդությունը պատմում է, որ դեղձի ու տանձի ծաղիկները ամոթխածում են՝ տեսնելով նրանց գարնան բոլոր երեք ամիսներին»։ Գու Լուի «Ցինծիա Գրառումներ» գիրքն էլ պատմում է. «Ծտապաշարի ծաղիկները սովորաբար վայրի են համարվում, որովհետև ավանդությունն ասում է, որ ամեն տարի Մարտի երեքին մրջյունները բարձրանում են վառարանի վրա, իսկ տեղացիները վայրի ծաղիկներով ծածկում են օջախը, որ միջատներին քշեն ներքև։ Այդ օրը լուսադեմին գյուղի երեխաները անդադար գոռգոռոցներով շրջածախ առևտրի են դուրս գալիս, կանայք էլ մազերին փայտիկ էն ամրացնում ու տեսողության աղոթք անում։ Ժողովրդական լեզվով ասած՝ դա նաև աչքի լույսի ծաղիկ է»։ Բայց Արևելյան Ճըծյանում առանձնապես ուշադրություն չեն դարձնում այս ամենին, այնտեղ պարզապես տապակում են այն կամ էլ նիենգաո թխվածք պատրաստում։
Ականջաբուրդը հայտնի է շուցյուցաո անվամբ, պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին—տերևները մանր են, փոքր-ինչ կլոր ու հերթադիր, տերևների մակերեսը ծածկված է սպիտակ մազիկներով, ծաղիկները՝ դեղին են, աճում են փնջերով ծաղկակալի վրա։ Գարնանը՝ երբ տերևները փափկում են, մարդիկ դրանք հավաքում են, հյութը քամում, ալյուր խառնում, ու թխվածք պատրաստում։ Այն անվանում են ականջաբուրդի թխվածք։ Երեխաները մի գովասանքի երգ ունեն.

Ականջաբուրդի թխվածք՝ պինդ-պինդ,
Դուռը կփակեմ ու մենակ կուտեմ,
Կես կտոր էլ չեմ տա, ամբողջը ինքս կուտեմ։

Ցինմին հանգուցյալների հիշատակի օրերին գերեզմանները մաքրելիս որոշ մարդիկ՝ հատկապես ավանդապահները, հարազատների շիրիմներին ականջաբուրդի թխվածք են դնում։ Այդ ընծաները սովորաբար ամբողջական թխվածքի տեսքով չեն լինում, այլ եղունգի չափ փոքր, կամ էլ՝ ճկույթի չափ բարակ, հինգ-վեց կտորից բաղկացած խուրձերով, որն անվանում են բոժոժներ»։ Չգիտեմ թե ինչու են այդպես անվանում, գուցե այն պատճառով, որ մետաքսի որդերը սարը բարձրանալու օրերին նույնպես այս ուտելիքն են ընծայում, անունն այդպես մնացել է, սա արդեն չենք կարող իմանալ։ Տասներկու-տասներեք տարեկանում ծննդավայրս լքելուց հետո այլևս չեմ մասնակցել մորական կողմի պապիկիս տան գերեզմանները մաքրելու գործին, ու հետևաբար այդ թխվածքե բոժոժներից էլ երբեք չեմ տեսել։ Վերջին շրջանում Պեկինում եմ ապրում, ու նույնպես այդ ականջաբուրդի թխվածքի շողքին անգամ չեմ հանդիպել։ Այն, ինչ Ճապոնիայում անվանում են գոգյո՝ ծտապաշարի հետ միասին համարվում է «գարնան յոթ դեղաբույսերից» մեկը, որը նաև օգտագործում են բրնձից նախուտեստեր պատրաստելու համար, օրինակ այծիաո խմորագնդիկի տեսքով, որին նաև անվանում են «խոտից թխվածք»։ Այս նախուտեստն ավելի հաճախ ուտում են գարնանային գիշերահավասարի օրերին, որը Պեկինում նույնպես կարելի է գտնել, բայց համը բոլորովին ճապոնական է ու շատ տարբեր իմ մանկության ականջաբուրդի թխվածքից։
Գերեզմանները մաքրելու օրերին մի խոտաբույս էլ կա, որը հաճախ են ուտում, ժողովրդական անունը՝ խոտ մանուշակագույն, ավելի հայտնի է վայրի մատուտակ անունով։ Գյուղացիները բերքահավաքից հետո դրա սերմերը շաղ են տալիս արտերում, որպես պարարտանյութ։ Թեպետ արհամարհված բույս է, բայց փափուկ ցողունները եփելուց հետո բավականին դուրեկան՝ սիսեռի ցողունին նմանվող համ ունի։ Վայրի մատուտակի տերևները կարմրամանուշակագույն են, բացվելուն պես տասնյակ շարքերով, շքեղ՝ ասես փառահեղ մի գործվածք, իսկապես գեղեցիկ տեսք ունեն։ Իսկ ծաղիկները նման են թիթեռների ու հավիկների, որոնք երեխաները շատ են սիրում։ Կարմրամանուշակագույնի մեջ կարելի է նաև մերթ ընդ մերթ գտնել սպիտակ ծաղիկներ, որն ըստ ավանդության դիզինտերիա է բուժում, դրանք արժեքավոր են ու հեշտ չէ ձեռք բերել։ Ճապոնական «Հայքուների Բառարանն» ասում է. «Խատուտիկի հետ միասին այս բույսին հաճախ ենք հանդիպում, արդեն մանկուց բոլորը ճանաչում են այն։ Կանանց մեջ, հատկապես, թերևս չի գտնվի մեկը, ով երբեք վայրի մատուտակ չի քաղել»։ Հին Չինաստանում ծաղկեպսակ գոյություն չի ունեցել, բայց վայրի մատուտակի ծաղկագնդիկներով երեխաները հաճախ են խաղացել. ինքս փոքրիկների փոխարեն բավականություն եմ ստանում բույսի այս նշանակությունից։ Արևելյան Ճըծյանում գերեզմանները մաքրելու ժամանակ սովորաբար թմբուկ են խփում, ուստի երիտասարդները հաճախ են գնում երաժշտության հետևից «Նավակով գերեզմաններ այցելող գեղեցկուհիները» ստեղծագործությունը լսելու։ Թեպետ չքավոր ընտանիքների տանը թմբուկ չի լինում, բայց նավակի առջևի հովանոցի պատուհանի տակ միշտ կարելի է տեսնել վայրի մատուտակի ու մրդավարդի փնջեր. դա, ինքնին, գերեզմաններ այցելելու վկայություն է։

Փետրվար, 1924

Թարգմանությունը չինարենից՝ Ռոբերտ Ծատուրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *