Անահիտ Ղազախեցյան | Ծննդյան հմայախոսք

Հ․-ին

Հմայախոսք ասելու համար ոչ մի բան պետք չէ անունիցդ բացի,
Որ մտածվում է հաճախ վանկատած, փոխվում ըստ լեզվի
Որ թաքցնում եմ նրանցից, ովքեր ծանոթ են քեզ,
Եվ առավել նրանցից, որ չեն ճանաչում — (ինչ կորուստ)

և երբ ցավում է — ցույց եմ տալիս կետերը հստակ —
— և ցավում է ոչինչ չանելու, չասելու չափ
բուժիչ թուրմերի համար օգտագործում եմ — ոչ բույս, ոչ քար տձև, ոչ ջուր կանաչ, կաթսա, խարույկ՝ հեքիաթի պես, և ոչ այլ ինչ —
այլ բառեր-բառեր կախարդական
Նաեւ քո գոյության մասին.

Արդեն երկար ժամանակ, նույնիսկ՝ անհիշելի — ավազի ու քարի ու ճայի
ու մառախուղների միջև ընկած
Տարածություններում այս օտար — չի մնում ինձ ոչինչ,
քան կրկնելը այսուայնտեղ՝ սենյակում իմ, ափին գետի, փողոցներում անմարդ կամ քայլի մեջ դանդաղ—

երկար-երկար ապրիր

Եւ տունը քո լցված լինի թող լույսով — թափանցող մի տեղից գոնե
Եւ դաշտերը սիրելի այդքան՝ չավարտվեն տարածություններում ոչ մի
Եւ ծաղիկները ճանաչես թող թերթերից ու փշերից այն կողմ
Եւ գտնվի թող ուրախությունը սրտում անպատճառ — երբեմն
Եւ թողնես-անցնես վայրերը ժամանակին ճիշտ, անշտապ
Եւ հեքիաթների պես — երեք ճանապահից՝ անկորուստը ընտրես
Եւ սիրտը քո լինի թող բաց ու (խոցելի) — ճանաչելու եղանակը միակ
Եւ ձայնը քո՝ ջրի պես հոսի — գետափի քարերը թող տանեն լռությունը ներսի
Եւ խեցիները պահեն կարևորը ամենա, որ վերադառնալու ձայնը հարազատ լինի,
Եւ ժամանակը հոսի խաղաղ ու հանդարտ —
Եւ մտքերը թող լինեն ծաղկող նշենու պես՝ կապույտ երկնքի տակ,
Եւ քամին տարուբերի վարագույրը պատուհանի՝ ծովին նայող,
Եւ երազները պատմեն մասին այն, ինչ մոռացվել է անհարկի,

Եւ ճամփորդության գնալիս չմոռանաս ալիքները նկարել,
Եւ կենդանիների լեզվով խոսել սովորել՝ պետք կգա – կղզիներում՝ հաստատ,
Եւ խոստովանել բաներ, որ օտար են թվում այնքան․
Եւ ճանաչել երանգները գույների, և հետևել փոփոխությանը օրվա,
Եւ գտնես կորցրածը, թե ուզես, և չկորցնես այն, ինչ սիրելի է այդքան,
Եւ նվիրումը լինի՝ անծայր ու անեզր,
Եւ շնորհակալ լինես համար ճանապարհի, օրվա, այսուայնի,
կարեւորի համար և որ այնքան էլ չէ։

Եւ, ի վերջո,
Լինի միշտ այն, ինչ ի սկզբանե էր քեզ մոտ՝
չգիտեմ ես –
բա՞ռ էր, զրույց, տերև, մարմին, շունչ եւ կամ թաքուն պահած մի իր –
Կարեւորը՝
Մի հիշեցում, անփոփոխ միտք,
պատասխանը միակ հարցի՝

որտեղից ես գալիս։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *