Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը» վեպը վաճառվել է միլիոնավոր օրինակներով, թարգմանվել ավելի քան 40 լեզվով, ստացել բազմաթիվ մրցանակներ:
Վեպի հերոսներն ու պատմող ձայները երկուսն են. փարիզյան էլիտար շենքերից մեկի 54-ամյա դռնապանուհին է՝ Ռընեն, մյուսը 12-ամյա հարուստ բուրժուական ընտանիքում ապրող աղջնակը՝ Պալոման: Ռընեի մտորումները ներկայացված են սովորական պատմողական ոճով, որին հաջորդում են Պալոմայի՝ 12-ամյա աղջկա օրագրային գրառումները: Թեպետ մեր հերոսուհիները սոցիալական տարբեր խավերից են ու տարիքային մեծ տարբերություն ունեն, բայց ակնհայտորն նույն նյութից են կառուցված, երկուսն էլ չափազանց խելացի են ու աշխարհն այլ անկյունագծով դիտարկելու, սոցիալական վատ ինտեգրացիայի պատճառով ներդաշնակ չեն զգում իրենց միջավայրում, թաքցնում են իրենց խելացիություն ու չափազանց մենակյաց են. այսինքն` ոզնի են, իրենց նրբագեղությունը փշերի տակ թաքցրած: Եվ շուրջ 170 էջ այս երկու խելացի կանայք մտորումներ են ունենում նկարչության, երաժշտության, տարբեր փիլիսոփաների, լեզվի, սոցիալական արդարության մասին և գրքում ոչինչ չի կատարվում: Եթե մի փոքր պատկերավորություն մտցնեմ ասելիքս մեջ՝ ձևավոր չմշկասահքում ամբողջական համարը գնահատելիս հաշվին են առնում սահքի սլացիկություն ու կատարված ակրոբատիկ ցատկերը: Եթե այս մոդելով գնահատենք այս ստեղծագործությունը, ապա կարող ենք ասել, որ Մյուրիել Բարբրին սահել չի կարողանում, այլ միայն բարձր, բարդ ակրոբատիկ ցատկեր է կատարում: Սովորական սահքի, այն է՝ պատումի ընթացք, վեպում չկա: Հերոսուհիների մտքերը իրենց կենսատարածքից չեն բխում, իրենց կյանքին ու ճակատագրին չեն զուգահեռվում, այլ ինչ-որ տեղից (փիլիսոփայության դասախոսի լեկցիաներից ու մոտրումներից) ներդրված տեքստեր են: Տեքստերն ինքնին անշուշտ տպավորիչ են, լավ մշակված, լեզվազգացողության նուրբ վերլուծություններով (շնորհակալություն նաև թարգմանչին՝ վեպի բավական բարդ տեքստը սահուն հայերեն թարգմանելու համար), բայց կրկնում եմ, մի տեսակ ներդրված են: Հերոսուհիները իրենց իզոլացվածության պատճառով չափազանց էգոիստ են, ինքնասևեռված սեփական գիտելիք, իմացության վրա և գրեթե չեն ապրումակցում իրենից շրջապատի մարդկանց՝ հորը, մորը, քրոջը կամ մյուս հարևանին: Այն է՝ աշխարհը ներկայացնում են սեփական սնոբիստական հայացքով: Եվ միայն վեպի վերջնամասում, շենքի նոր բնակչի՝ ճապոնացի Կակուրոյի հայտնությամբ վեպի հերոսները կենսականություն են ձեռք բերում, միմյանց ու կողքիններին տեսնելու, գնահատելու փորձ ձեռք բերում, վեպը սկսում է տեղից շարժվել, որոշակի թրթիռներ արձակել, բայց կարծես արդեն չափազանց ուշ է, հեղինակը շտապում է ավարտել վեպը՝ այն վերջնականապես բուլվարային, սենտիմենտալ վեպի չվերածելու համար: Վեպի սկզբնամասն ու վերջը գեղագիտական տեսակետից շատ անսինխրոն են. դու մի ամբողջ վեպ ես գրում աշխարհի ունայնության, կյանքի անցավորության, մենության մեջ սեփական էգոն հաղթահարելու մասին, խոսքդ համեմում լուրջ գրողների ու փիլիսոփաների մտքերով, որպեսզի վերջում արտաբերես միտքը, որ կյանքը գեղեցիկ է և այնուհանդերձ այն գեղեցիկ ապրելու համար է: Եսիմ, վեպի վերջն իր ամբողջ հուզականությամբ հանդերձ ինձ չհամոզեց….
Վեպում ինձ դուր եկած հատվածները լեզվական վերլուծություններն էին. հատկապես, թե ինչպիսի նրբազգացությամբ էր Ռընեն լսում լեզուն, մարդկանց հրահանգներն ու տոնայնություն, և թե ինչպես է մարդկանց խոսքի մեջ իրենց դասային պատկանելությունը արտահայտվում:
Վեպում բավական շատ են այլ հայտնի արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հիշատակումները. մասնավորապես առանցքային դերակատարում ունի Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, բավական շատ խոսվում է Վերմերի ու գերմանական նկարչության մասին, հերոսները լսում են Գուստավ Մալերի և Հենրի Պյորսելի երաժշտությունը, դիտում Յասուձիրո Օզուի ֆիլմերն ու, առհասարակ, ճապոնական մշակույթը վեպում առանձնահատուկ հմայքով է ներկայացված:
Հասմիկ Հակոբյան
Գիրքը գնահատում եմ 5/4 միավոր: