Ռատի Ամաղլոբելի | Վրացական երազանք

Ռատի Ամաղլոբելին (ծն․՝ 1977 թ․) անվանի պոետ է, ինչպես նաև խմբագիր, թարգմանիչ, ուսուցիչ և հանրային գործիչ։
Հեղինակ է հինգ բանաստեղծական ժողովածուի՝ «Բայ» (2000 թ.), «Եթե» (2003 թ․), «Շրջան» (2005 թ.), «Բանաստեղծություններ» (2011 թ.), «Անգելարիում» (2017 թ.):
Վրաստանի ամենակայացած ամենամյա գրական մրցանակի՝ «Սաբա»-ի հիմնադիրն է (TBC բանկի հետ համատեղ)։ 2011-2015 թթ․-ը եղել է Վրաստանի PEN կենտրոնի նախագահը։ 2004-2005 թթ․ աշխատել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում որպես հանրային կապերի բաժնի ղեկավար։ 2015 թ․-ից ի վեր Իլիայի պետհամալսարանում վարում է «Ռատի Ամաղլոբելիի խոսքի արհեստանոց» ամենշաբաթյա գրական հանդիպումները։
Ռատի Ամաղլոբելին գրականության ջատագով է, հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է մի շարք թեմատիկ հաղորդումներ, այդ թվում՝ «Բառախաղ» հեռուստատեսային նախագիծ (2015 թ․-ից), «Իմ գիրքը» գրական հաղորդաշար (2013-2014), «Ձայների պատմություն» գրական ռադիոհաղորդում (2010-2015):
Աշակերտել է Թբիլիսիի 6-րդ գերմանական գիմնազիայում (1983-1994), որտեղ հետագայում վերադարձել է աշխատելու որպես վրացերենի և կրոնի պատմության ուսուցիչ (1998-2000)։ 1994-2000-ին Թբիլիսիի Իվ․ Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանում ստացել է փիլիսոփայության բակալավրի և աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
Կայացած պոեզիայի թարգմանիչ է, նրա թարգմանությամբ վրացերենով լույս են տեսել Գյոթեի, Նիցշեի, Ռիլկեի, Ցվետաևայի, Ախմատովայի, Բրոդսկու բազմաթիվ գործեր։
Ամաղլոբելիի բանաստեղծությունները հայերենով հրապարակվում են առաջին անգամ՝ Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախաձեռնությամբ, Ասյա Դարբինյանի և Արմեն Օհանյանի համաթարգմանությամբ։

 

Էսպես էլ կոչվում է՝ Կայենի բերքը, ասել է թե մահը՝ տրամաբանության

Կարծես մի բան մեջս մեռավ, մի բան կնքեց մահկանացուն,
Զառամ, ինչպես պատմությունը՝ իր դարն ապրած:
Ինչ-որ մի բան, որ կերտել էի առ այս պահը՝
Որպես մարմին telos-ի պես լիակատար,
Փլվեց, բաժան-բաժան եղավ՝ բյուր-բյուրավոր մաս ու տարրի,
Հանց մի դիակ հանգուցյալի, որն իր հերթին
Հանգչելուն պես ետ հանձնվեց հողագնդին, որից
Մարդս իր մարմնական կյանքի օրոք
Սնուցվում էր ու էդպիսով
Լցնում անտես իր ֆանտոմը՝
Միներալով, ածխաջրով ու բուսական,
Կամ թե կուզեք՝ կենդանական սպիտակուցով ու յուղերով,
Ինչի շնորհիվ ֆանտոմը այս շոշափելի տեսք էր առնում,
Իսկ դառնում էր շոշափելի, որովհետև ըմբոշխնում էր հողագունդը,
Երբ ուտում էր ոսկեխնձոր,
Սոխ ու սխտոր, գետնախնձոր, հինն ու նորը,
Կոտեմ, սամիթ ու պետրուշկա,
Ասել է թե՝ մաղադանոս,
Ինչպես նաև դաղձ ու համեմ,
Թարխուն, նեխուր, պրաս ու ռեհան,
Փխալիների տեսականի՝ զարմանազան,
Կանաչեղեն՝ հազար տեսակ, պղպեղ՝ պես-պես,
Համեմունք ու բանջարեղեն, գազար,
Կաղամբ, բողկ ու բազուկ,
Վարունգ, սմբուկ ու սիմինդր,
Որ թե՛ խաշել է կարելի,
Եվ թե՛աղալ, թխել մճադի.
Էսպես էլ, էնպես էլ կուտվի։
Բազմապիսի հատապտուղ,
Պես-պես մրգեր՝ սալոր, ունաբ,
Տանձ ու խնձոր, դամբուլ,
Ալոճ ու կառալյոկ,
Ասել է թե՝ արքանարինջ,
Նուռ, ձմերուկ, սեխ ու ելակ,
Շլոր-մլոր՝ բազմատեսակ,
Ի՜նչ բերրի է բնությունը։
Թուզ ու խաղող,
Որ ճզմելով ձեռք կբերենք
Արդ մի հեղուկ գոյացություն,
Իսկ գոյացած էս հեղուկից կարելի է
Փոքրիկների համար սարքել
Փելամուշի ու թաթարա,
Թե պոպոքը և պնդուկը չխնայենք,
Չուրչխելայի տեր կդառնանք և իրավա՛մբ,
Մեր այդ բաժին հեղուկից կամ մածուցիկ զանգվածից
Դուրս կբերենք հեղանյութ ու խաղողի հյութ, կամ թե՝ մաճառ,
Ինչպես կուզեք՝ էդպես կոչեք,
Բայց մի փոքր էլ եթե թողնենք, մեծերին էլ
Գինի կտա։
Ճանճուռ, մամուխ, աղջանաբադ,
Դեղնաշլոր, դեղձ ու ծիրան, կեռաս ու
Բալ՝ ուտելու չէ, մուրաբայի ու
Ջեմերի, ասել է թե՝ անուշների,
Իբրև կոմպոտ կարելի է անգամ կոնծել:
Եվ ո՞վ կարող է ստույգ ասել՝ քանի-քանի բան ենք
Ստանում բնությունից ու
Սնուցում մեր մարմնական կազմությունը,
Մեր էս անտես ֆանտոմներին շոշափելի տեսք ենք տալիս,
Որ մարմնական մահից հետո,
Կյանքի օրոք ամենայն բան, որ
Ընդունել ու մարսել են,
Ետ են դարձնում հողագնդին ու վերստին
Անտեսանում՝
Որպես telos՝ էս մարմնի պես,
Որ կերտել էի լիակատար,
Ու որ փլվեց, բաժան եղավ բյուր-բյուրավոր
Մաս ու տարրի,
Քանզի մի բան մեջս մեռավ,
Մի բան կնքեց մահկանացուն,
Զառամ, ինչպես
Պատմությունը՝ իր դարն ապրած։
1997թ.

 

Պիետա ստորգետնյա անցումում

Պատրիարքը քար կտրեց,
Քար կտրեց յուր ծննդյան օրով,
83-ամյա տարիքն առած պատրիարքը
Մուտքի մոտ՝ մետրոյի,
Անցումի տակ՝ ստորգետնյա,
Քար կտրեց։
Հա՛, սիրում եմ պատրիարքին,
Իմ քարացած պատրիարքին՝
Գետնատակի մատույցներում
Ու գետնամած։
Անծանոթ, անիմաց, քշված՝
Հանց նախնական մի քրիստոնյա։
Ես սիրում եմ պատրիարքին՝
Քար կտրած, մուտքի մոտ մետրոյի։
Ոչ ոք չի շնորհավորի
Օրը նրա ծննդյան,
Ոչ ոք չի ձոնի ներբողներ։
Թող որ ողբն այս՝ չնչին մի լաց,
Քեզ ուղեկցի, սրբազա՛ն, անդ,
Ուր հանգչում են արդարները:

2016 թ.

 

Տառական

Սևսաթ, զրահապատ թիկնոցով,
Թևերով, վեցը ոտ՝ կից մարմնին,
Լոք տալով է գալիս տառականը
Կուշտուկուռ մեկի պես՝ հանց Ստալին։

Հողին կիպ կպած բնակիչը՝
Խավարչուտ խոռոչ ու ճեղքի,
Չանթում է բեղերով ամեն հունչը
Իրեն նախորդած ճիվաղքի։

Սա՛ է խավարասերի ուղին առ իղձն իր․
Բովանդակ գնդերով, պետերով՝ վաշտերի,
Ձեռք բերել փառք, վարքուբարք դժնի,
Բերդամրոց ու մարմին՝ մարդ արարածի։

 

Ձոն ԱԱԾ-ին

Հաճախ փոխում է անուն-հապավումը,
Բնույթով մնում է անփոփոխ՝ նույնը։

Խարխափում է՝ վախը դրոշմված սին աչքունքին,
Տիրապետում է հմտորեն կանտորայի հուռութքին։

Պատին, որով տվել է զնդանվածի քունքը,
Քնշորեն է սրբում իր տաբելային զենքը։

Դալուկ ու ծուռտիկ մատներով պեդանտը
Մատյանը լրացնում է միշտ մինչև լուսանցքը,

Ոչ պատիվ է ուզում, ոչ շունչ մի կարգին,
Ծնվել է նա փետրվարի քսանհինգին։

Սինլքոր, տկլոր, թուլամորթ անտերին
Սիստեմն ընդունեց, հաշվառեց յուրային,

Երկաթյա ծծերով ժանգակաթ տվեց,
Մետաղյա անկողին մտնել վարժեցրեց։

Արդ հոգեզավակն է Ձերժինսկու, Յագոդայի, Եժովի, Բերիայի,
Քոբուլով Բախչոյի, և իհարկե, Ռափավայի։

Իսկ երբ սիստեմն իր հերթական պիկին հասավ
Պեդանտը դզվեց, խոշորացավ, ահագնացավ։

Փոփոխության ավետիսը շատ անգամներ ենք նշել,
Սակայն «Երկիրս» մինչ օրս սրա «ուսին» է հենվել։

 

Երեսփոխանը

Հին, դեղին ստացականի նման
Փոխելու ենթակա չէ երեսփոխանը։

Թամադայի պես՝ մշտպես ձայնը բամբ,
Ունևորը թշվառ գյուղերով կշրջի անձամբ։

Կչափի գյուղերը, իսկ տեղի պետերը
Կելնեն ընդառաջ՝ ծռելու վզները։

Նախընտրականին օբյեկտում բազմած՝
«Մի հատը խաշած, մյուսն էլ՝ խորոված»։

Գործադիրին կփոխի, իր բանբերի գործը՝ չէ,
Երեսփոխանի բանը փոխվելու ենթակա չէ։

Տեսքը՝ օվալ քառակուսում,
Դեմքը՝ յողոտ ու պսպղուն,

Քծնանքով կպատվի երեսը իսկույն,
Հենց որ իմանա անպատկառը սույն,

Որ «վերևները» կդիմեն տեր կանգնելու դրությանը՝
Իր ձայնը տալով, անշուշտ, նոր սահմանադրությանը․

Ինչն ինքնին կտա տեղիք,
Արագի մեջ դնելու մի գորՁի հիմք։

 

Պատգամավորի խոստովանությունը

Էս նախարարը, էն նախարարը, նախարարը էս, նախարարը էն,
Աջականը, ձախականը, միշիկականն ու ոչնչականը,

Ամենքն էլ գիտեն Վրաստանի ընթացիկ վիճակը,
Ամենքն էլ հազիվ են մարսում առկա իրավիճակը․

Ահավասիկ, քննենք, սերտենք Վրաստանի կաթողիկոս –
Երկնի-Աստծու-Արքայի թայ պատրիարքի պատվիրանը․

Պարեկներ, պատվիրակներ, դպրոցական պատանյակներ,
Դիմավորեք, Երջանիկ Վրաստանի նախագահն է համենում։

Իսկ սև ջիպի սև շուշի միջից պատգամավորն է երազում ՝
Երանի հերս լույս աչքով տեսներ հաջողությունս։

Թե ինձ տեսներ նախագահին ուղեկցելիս,
Երևի թե էլի ապրեր, ու մի քիչ էլ սիրտը բացվեր,

Չի իմացվի, բայց թե Աստված ձեռքը գլխիս վրա պահի,
Կոմիտեի պետն էլ հաստատ երեխուս քավոր կկանգնի,

Կուսակցության գանձանակին, անտարակույս, իրոք, սրտանց,
Ընտրություններին հարյուր հազարի տեղը՝ 140 կմուծեի գլխանց,

Ճիշտ է, լույսի գնալուն պես, հենց որ մութն է վրա տալիս,
Ձայները՝ մեռած հոգիների ու կեղծումը՝ էդ ձայների ականջիցս դուս չեն գալիս,

– Ներվերից թույլ ես, դուզն ասած, – մենեջերը կուսակցական ինձ ասաց,
Կասկածեցի, չլինի թե՞ տեսիլքներն էս մենակ ինձ են այցի գալիս։

Կողքից էլ թե՝ կլինենք մի եռսուն տարի,
Էշ մտքերով իզուր քեզ մի չարչարի։

Ու հենց մեջս սաստկանում է մի մութ զգացում,
Իսկույն նստում եմ ինքնաթիռ, Կիև թռչում։

Տուն-տեղ ունեմ հարմարավետ, Կրեշչատիկում՝ ինձ սփոփող մի հանգրվան,
Ու մշտապես ինձ սպասում է մանդատի պես մշտադալար Ուկրաինան։

Կյանքիս բաժինն առել եմ, հայրենիքիս տուրքը արդեն տվել եմ,
Ճիշտ է՝ պատգամավոր եմ, բայց անուն-ազգանվամբ տեղը բերվող չեմ։

Առանձնապես աչք ծակող չեմ, ինձպեսներն են բյուրավոր,
Պատգամավոր ծնվել եմ, կմեռնեմ պատգամավոր։

Եռսուն տարի դեռ էս խաչը պիտ կրեմ։

Թե ինձ տեսնեք տարանցումի դյութի-ֆրիում մի պահի,
Ես էլ ձեզ պես զույգ տոպրակով մլուլ-շլուլ եմ տալիս,
Ես էլ ձեզ պես թռիչքուղուս ելքն ու մուտքն եմ ման գալիս։

Տարբեր եմ լոկ նրանով, որ քվորումի մաս եմ կազմում,
Միշտ կազմ-պատրաստ երկնելու, ինձնից քվորում սերելու։
Ձայն եմ տալիս, և տվածս ինձ հանում է երկրից երկին,
Ըստ այդմ էլ ԱԺ խոսնակն ինձ մեսիջ է անում կրկին։

Թե հարկ եղավ, իրավունքներս էլ կկարճենք,
Իրավունքը մեր ձեռքին չի, խնդրում եմ, էդ լավ իմացեք,

9 գերապատվելի մեկտեղ գովերգում են, 9 գերապատվելի մեկտեղ օրհներգում են
Շավնաբադայի ճափան բռնած սև ջիպերի տերողորմյան։

– Երնեկ Վասո քեռին ու Վեները տեսնեին,-
Սև ջիպի սև շուշի միջից երազում էր պատգամավորը։

2009թ․

 

«Վրացական երազանք»

Սողունների ուսմունքը՝
«Վրացական երազանքը»,
Շիտակ ուղով չի գալիս,
Զարտուղով է սող տալիս։

Ու թե պոչը՝ գալարուն,
Մաշում ու դարն ապրում է,
Ստորաքարշ քսվռտուքով
Էդ զեռունից պոկվում է։

Նոփ-նոր պոչ է ծլեցնում,
Ծալապատիկ փռվում է
Ու սեփական ճտերին
Երկշարքերով ածում է։

Իր ծանր քաշի շնորհիվ
Կհեղձի ու կհնձի,
Անգամ չի էլ նկատի,
Ոչ էլ աչքը կթարթի։

Ու թե հանկարծ պատահի՝
«Երազանքը» պարտվի,
Նոփ-նոր մի ծակ կճարի
Ու սողեսող տեղ կանի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *