Յաննիս Ռիցոս | Ռոմիոսինիի համար դու մի՛ լա

Յանիս Ռիցոս

Յաննիս Ռիցոս
(1909-1990)
Քաղաքական ընդգծված ձախ հայացքներով և ակտիվությամբ հույն
բանաստեղծ, որ թողել է գրական հարուստ ժառանգություն՝ շուրջ 100 բանաստեղծական ժողովածուներ, 9 վեպեր, 4 թատերգություններ, թարգմանություններ, հուշագրություններ: «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» արժանացել է լենինյան մրցանակի (1977):
Իր հարուստ գրական կյանքում բազմաթիվ գրական մրցանակների է արժանացել. 1956 թ. Ազգային մրցանակ պոեզիայի բնագավառում, 1970-ից Գերմանիայի Մայնց քաղաքի Գրականության և գիտության Ակադեմիայի պատվավոր անդամ, Անգլիայի Բերմինգեմյան, Լայպցիգի, Աթենքի համալսարանների պատվավոր դոկտոր: 1975 թ. Բելգիայում արժանացել է պոեզիայի ասպարեզում միջազգայի մրցանակի, ռոմանտիկ պոետ Ալֆրեդ դը Վինիի անվան գրական մրցանակի Ֆրանսիայում: 1979 թ. արժանացել է Խաղաղության համաշխարհային խորհրդի մրցանակի: 1986 թ. Ռիցոսին առաջադրել էին Նոբելյան մրցանակի, իսկ 1987 թ. ստացել է ՄԱԿի մրցանակ:

Ռոմիոսինի-Ρωμιοσύνη տերմինը նշանակում է հունականություն, հունական ազգային ամեն բան, հունական հոգին հույները անվանում են այդպես: Բառի հիմքում Ռոմեաարմատն է՝ Բյուզանդիայի անվանումը: Բյուզանդիայի բնակիչներն իրենց բյուզանդացիներ երբեք չեն անվանել, այլ հռոմեացիներ՝ հունարեն «ռոմեի»: Իսկ «հելենացիներ» անվանումը հիմնականում ասոցացվում էր անտիկ հունականության, հեթանոսության ժամանակների հետ:

 

Ռոմիոսինիի համար դու մի՛ լա

Ռոմիոսինիի համար դու մի՛ լա,
Այնտեղից, ուր խոնարհվում է նա՝
Դանակը ոսկորին,
պարանը վզին

Ահա՜ ցատկում է վեր,
առնական ու անվեհեր,
գետնով տալիս հրեշին
արևի բաշը ձեռքին:

 

 

Մեր տեղանքը
Γιάννης Ρίτσος «Ο τόπος μας»

Լեռը բարձրացանք, որ մեր տեղանքը տեսնենք-
աղքատ, դաշտեր չափված, քարեր, ձիթենիներ:
Խաղողի այգիները ձգվում են մինչև ծով: Գութանի կողքին
մի փոքրիկ կրակ ծուխ է ծխում: Պապիկի շորերը
հագցնում էինք խրտվիլակին՝ ի ցույց ագռավներին: Օրերը մեր
իրենց ուղին բռնած՝ գնում են քիչ հացով ու շատ լույս հույսերով:
Բարդիների տակ փայլում է մի ծղոտե գլխարկ:
Աքաղաղը ցանկապատին: Հորթուկը դաշտում:
Ո՞նց եղավ այնպես, որ մի քարե ձեռքով մաքրվեցին
տները մեր և կյանքերը մեր: Տանիքներից վեր
ծուխ է, տարեց տարի, Զատիկի մոմերից-
փոքրի՜կ-փոքրի՜կ սև խաչեր, որ փորագրեցին մեռյալները՝
վերադառնալով Հարությունից: Շատ է սիրվել կարգն այդ, որ
համբերությամբ և հպարտությամբ է լի: Ամեն գիշեր ցամաքած ջրհորից
դուրս են գալիս արձաններ զգուշությամբ և ծառերն են մագլցում:

 

 

Ռոմիոսինի*
Ρωμιοσύνη
I
Ծառերն այս չէին սազի ավելի քիչ երկնքի հետ,
քարերն այս չէին սազի օտար ոտքերի տակ,
դեմքերին այս ոչինչի չէր սազի բացի արևից,
սրտերին այս ոչինչի չէր սազի բացի ճշմարտությունից:

Տեղանքն այս կոշտ է ինչպես լռությունը,
Կրծքին է սեղմում այրված քարերն իր,
լույսին է սեղմում որբ ձիթենիներին իր և խաղողենիներին իր:
Սեղմում է ատամներն իր: Ջուր չկա: Միայն լույս:
Ճանապարհը կորում է լույսի մեջ և անգամ ցանկապատի ստվերն է երկաթյա:
Քարացան ծառեր. գետերը և ձայները արևի անմարության մեջ են:
Արմատը դիպչում է քարին: Փոշոտ երանգներ:
Ջորին և ժայռը: Շնչակտուր են: Ջուր չկա:
Ծարավ են բոլորը: Տարիներ շարունակ: Ծամում են բոլորը մի կում երկինք դառնությունից իրենց:
Աչքերը նրանց ալ կարմիր են անքնությունից,
մի խոր փոս է գծված նրանց հոնքերի արանքում,
ինչպես նոճին արանքում երկու լեռների արևամուտին:
Ձեռքը նրանց սոսնձված է հրացանին,
հրացանը նրանց ձեռքի շարունակությունն է,
ձեռքը նրանց հոգու շարունակությունն է.
շուրթերին ունեն կատաղի պատասխանն իրենց
և ունեն թախիծ աչքերի խո՜րը խորքում իրենց,
ինչպես մի աստղ աղի ջրափոսի մեջ:

Երբ ձեռք են սեղմում, ուրեմն արևը հաստատ աշխարհի համար է,
երբ ժպտում են, մի փոքրիկ ծիծեռնակ թռչում անցնում է նրանց կատաղի սերունդի միջով,
երբ քնում են, տասներկու աստղեր վայր են ընկնում նրանց դատարկ գրպաններից,
երբ սպանվում են, կյանքը ձգվում է դեպ վեր՝ ծնծղաներով ու թմբուկներով:
Այսքան տարի բոլորը քաղցում էին, բոլորը սպանվում էին,
շրջափակված ամայությամբ և ծովով,
կերել էր հրդեհը դաշտերն իրենց և աղիությունը ջրել էր տներն իրենց,
շրջել էր քամին դռներով իրենց և հրապարակների յասամանների միջով իրենց,
մաշված վերարկուների անցքերից իրենց ազատ ելումուտ էր անում մահը,
լեզուն նրանց կծու էր ինչպես սոճիի պտուղը:
Մեռել էին շներն իրենց ստվերների հետ իրենց փաթաթված,
անձրևը հարվածում է ոսկորներին նրանց:
Պահակակետերում ամենուր քարացածները ծխում են կեղտն իրենց և գիշերը
հետախուզելով ալեկոծ ծովը, ուր խորտակվել էր
կոտրված կայմը լուսնի:
Հացը փրկվել էր, հրազենի գնդակները փրկվել էին,
հիմա թնդանոթները լիցքավորում են միայն սրտերովն իրենց:
Այսքան տարի շրջափակված ամայությամբ և ծովով
բոլորը քաղցում են, բոլորը սպանվում են, և ոչ ոք չի մեռել.
պահակակետերում ամենուր փայլում են աչքերն իրենց,
մի մեծ դրոշակ, մի մեծ խարույկ բոցավառ
և ամեն լուսաբաց հազարավոր աղավնիներ թռչում հեռանում են ձեռքերից նրանց
հորիզոնի չորս դռներն ի վեր:

 Թարգմանությունը հունարենից` Շուշան Կարապետյանի 

*«Ռոմիոսինի» պոեմը գրվել է 1945-47 թթ, տպագրվել 1954 թ.: Բաղկացած է յոթ մասերից:
(Թարգմանաբար ներկայացնում ենք պոեմի առաջին մասը)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *