Գյունթեր Գրաս | Ընդդեմ` քահանայապետերի բացառիկության


Ելույթ` Սալման Ռուշդիի մահվան սպառնալիքի երրորդ տարելիցի առթիվ, BBC-ի հեռուստատեսային բանավեճի շրջանակներում:

Հարգարժան տիկնայք եւ պարոնայք: Երբ Ջորջ Օրուելը 1937թ. վերադարձավ Իսպանիայից, նա իր հետ բերեց մի ձեռագիր, որն ամփոփում էր քաղաքացիական պատերազմի ժամանակ իր փորձառությունների պատմությունը եւ վերնագրված էր`«Հարգանք Կատալոնիային»: Այդ ձեռագիրն ի սկզբանե հրատարակիչ չգտավ, քանի որ Անգլիայի ազդեցիկ ձախակողմյան մտավորականների մեծ մասը հրաժարվեց առերեսվել նրա ցնցող պատկերացումներին: Նրանք չէին ցանկանում ընդունել ստալինյան ահաբեկչությունը, անարխիստների, տրոցկիստների եւ ձախ սոցիալիստների սիստեմատիկ չեզոքացումը, եւ Օրուելը հազիվ փրկվեց այդ ահաբեկչությունից: Նրա բավականին սթափ մեղադրանքը հակասում էր այն աշխարհայացքին, որի համաձայն`անթերի Խորհրդային Միությունը ղեկավարում էր ֆաշիզմի դեմ պայքարը: Օրուելի պատմությունը, սարսափելի իրականության դեմ այդ գրոհը ստվերեց բարու եւ չարի մասին պատկերագրքի երազանքը:
Այնուամենայնիվ, «Հարգանք Կատալոնիային»-ը մեկ տարի անց լույս ընծայեց բուրժուական հրատարակչությունը: Կոմունիստների օրոք, սակայն, Օրուելի ստեղծագործությունները եւ դրանցում տեղ գտած իսպանական դառը ճշմարտություններն արգելված էին կես դարով: Էրիխ Միելկեն`մինչեւ վերջերս Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության պատասխանատու նախարարը, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ կոմունիստական կադրերից էր եւ կենսունակ «իսպանացի մարտիկ», ծանոթացավ չեզոքացնելու միջոցով մաքրման գործընթացին:
Ես այս օրինակը բերեցի իմ կարճ ելույթի սկզբում` Օրուելի գործով ցույց տալու համար, թե մտավորականներն ինչպես են եղել եւ՛ գրաքննության զոհ, եւ՛ մատնիչներ, եւ այդ գործընթացը դեռ ավարտված չէ: Կոմունիստական իշխանության ավարտն ասպարեզ է բերել հաղթողներին, որոնք սկսել են իրենց պահել հայելային պատկերներով` նոր կյանք հաղորդելով Մաքքարթիի հնացած մեթոդներին: Նույնիսկ եթե թվում է, թե իսլամական ֆունդամենտալիզմն իր միջնադարյան պրակտիկայով կգերազանցի մյուս գաղափարախոսություններին, միեւնույնն է, արեւմտյան բարդ համակարգերը դեռ հավակնում են ապագայում իրականացնել ահաբեկչություն:
Միջնադարը եւ նորագույն ժամանակները հանդիպում են, նորից սկսվում է ինկվիզիցիան` տվյալների բազայով համալրված:
Չնայած դրան` համաշխարհային քաղաքականության մեջ այդ դարն ավարտվում է հետընթացով: Հայաստանին կրկին սպառնում է ցեղասպանությունը: Բալկանյան պետությունները պատերազմում են միմյանց հետ կարծես կրկնության հարկադրանքով: Դժվարությամբ վերագտած ազատությունն անմիջապես մանրազնին ուշադրության է արժանանում: Ազգայնականներն ու հակասեմիտները, մոլլաները, կարդինալները եւ ավազակ բարոնների տեսքով կապիտալիստները, երիտասարդ ֆաշիստներն ու ծեր ստալինիստները` այս անիծյալ դարի բոլոր հիմնական դերակատարները դուրս են գալիս կուլիսներից, հրմշտում միմյանց թեքահարթակի վրա, իրենց լիբերալ տարազներով բղավում ժողովրդավարական բազմակարծության մասին եւ պահանջում խոսքի ազատություն` յուրաքանչյուրն իր համար:
Այդքան բղավոցներով, որոնցով փորձում են լռեցնել միմյանց, դժվար է թույլ չտալը, որ ինձ համար ցանկալի թեման դուրս չգա վերահսկողությունից: Մարդկային ինքնաոչնչացման բոլոր ձեւերը ներկայացնելու գայթակղությունը հարկադրում է խոսել գրականության մասին, թեեւ միշտ էլ առիթ կա խոսելու դրա եւ դրա հետ կապված վտանգի մասին:
Արգելքներն ուժի մեջ են` սկսած գրվելու պահից: Քանի դեռ գոյություն ունի իշխանություն հասկացությունը, փիլիսոփաներին եւ գրողներին սպառնում է թույն եւ արտաքսում, գրաքննություն եւ աքսոր, համակենտրոնացման ճամբարներ եւ մեկուսարան, ներառյալ` հալածանքից մինչեւ սպանություն: Սոկրատեսից մինչեւ Օվիդիոս, Մոնտենից մինչեւ Հայնե, Զոլայից մինչեւ Մանդելշտամ, Օրուելից եւ Կաֆկայից մինչեւ Ռուշդի: Ինչպիսի՜ պատկերասրահ: Հետեւաբար, քանի դեռ կա գրականությունը եւ նրա ամենահավատարիմ սպասավորը` գրաքննությունը, խոսքի ազատության մասին կխոսվի պահանջկոտ եւ սահմանափակ ձեւով: Սակայն այս զուգահեռ վարքը միշտ չէ, որ կապվում է խաղացած դերերի հետ. մեկը գրում է, մյուսն ավելի շատ գրաքննում է, կար եւ կա գրողների եւ լրագրողների հայտնի ցուցակ, որոնք ժամանակավորապես ապրել են գրաքննությամբ կամ գոնե հավելյալ եկամուտ են ստացել, ոմանք նույնիսկ շրջադարձ են կատարել դեպի քաղաքական ասպարեզ: Ելնելով վերջին ժամանակների փորձից`մարդ գայթակղություն է ունենում ասելու. լավ գործող գրաքննությունը պահանջում է գրաքննիչ, որը եթե նույնիսկ գրականության սիրահար չէ, ապա ունի գրական հակումներ, հրապուրված է ձեռագրերով` դրանք օգտագործելու համար:
Խոսքս գրականության ծայրահեղ ձեւի մասին է, երբ գրաքննիչը հանդես է գալիս որպես խմբագիր: Բայց յուրաքանչյուր ոք, որը ժամանում է Գերմանիայից, գիտի, որ ցանկալի չէ գրականության տարածմանը խոչընդոտելը, որ դա դիտվում է որպես սպառնալիք, վտանգավոր է նաեւ բարբարոսության բռնկումը ողջ երկրում: Իմ երկիրը, ի թիվս այլ բաների, հրապարակում գրքեր այրող երկիր է: Ըստ այդմ` ոչ միայն գրավոր նյութերը պետք է մնային անտիպ, այլեւ լռեցված հեղինակներին էին սպառնում հետապնդումներով: Էրիխ Մյուհզամ. սպանվել է համակենտրոնացման ճամբարում: Կարլ ֆոն Օսյեցկի. բանտարկվելուց հետո մահացել է համակենտրոնացման ճամբարում: Աքսորը միակ տարբերակն է, որը բաց է շատերի համար, ինչը նշանակում է երկրից երկիր փախչել կամ ինքնասպանություն գործել. դրա ներկայացուցիչներից մեկը Վալտեր Բենյամինն է: Նույնը պատահեց նաեւ մյուս արվեստագետների հետ, գրողների հետ, որոնք սովոր էին բանավոր խոսքի. բարբառները, սովորական զրույցը անփոխարինելի են, տարագրության մեջ հատկապես դառն է կրճատված կյանքը: Որքա՞ն ժամանակ կարելի է պահպանել լեզուն: Քանի՞ գիրք կարելի է մատնել մոռացության:
Այսպիսով, ծնվեց վտարանդի գրականությունը, որը մի կողմից չունի հավասարը, մյուս կողմից էլ` գերմանական գրականության պատմության ընդհատումը համարում է անբուժելի: Անկախ այն բանից` դա Թոմաս Մա՞ն է, թե՞ Հայնրիխ Մանը, Ալֆրեդ Դյոբլի՞նը, թե՞ Ռոբերտ Մուզիլը, աքսորի խարանը կպչում է նրանց բոլորին, նրանց գրքերին, եւ նրանք օտար են մնում մինչ օրս:
Երբ նրանք վերադարձան, երկիրը գտան մասնատված, որն այստեղ-այնտեղ դեռ կարգ ու կանոն էր պահպանում: Ավելին, վտարանդիությունից վերադարձող հեղինակներից ոմանք, չնայած տառապում էին գրաքննության եւ աքսորի պատճառով, տեղի տվեցին նոր, ծանոթ ճնշումների առջեւ` միանգամայն պատրաստ ընդունելու գրաքննության միջամտությունը, եթե դա ծառայում էր կուսակցական կամ դասակարգային պայքարին, հետեւաբար` ծառայում էր ճշմարիտ իմացությանը: Բերտոլտ Բրեխտը եւ Աննա Սեգերսը նման աղճատված վարքագծի օրինակներ են, եւ մխիթարական չէ գերմանական ռոմանտիզմին հետադարձ հայացք նետելն ու տեսնելը, որ նրանք ունեցել են նախակարապետներ: Իրենց պատանեկության տարիներին ազատատենչ Ֆրիդրիխ Շլեգելը եւ Կլեմենս ֆոն Բրենտանոն ավելի ուշ մարեցին` դառնալով ռեակցիոներներ եւ իռացիոնալ էնտուզիաստներ, որոնք պատրաստ էին ծառայելու Մետերնիխի գրաքննությանն ու խուզարկությանը, կամ էլ նրանք պարզապես աննկատ էին մնում:
Ես միայն որպես օրինակ եմ նշում այս անունները, որպեսզի բացահայտեմ մի անմաքուր ավանդույթ, որն իր ստվերն է գցում գերմանական ներկա փոխներգործությունների վրա: Վերջերս բացահայտվեց, որ երկու բանաստեղծներ, որոնք ԳԴՀ-ի ավանգարդ ընդհատակյա գրականության շարքում էին եւ կարող էին իրենց անջատ համարել պետությունից, երկարամյա գործակալներ են: Բայց այստեղ ամբողջատիրական հսկող համակարգը, որի ամենաավանդական ստորաբաժանումը կոչվում է գրաքննություն, արդեն սկսում է գրականություն ստեղծել: Այդպես ինտենսիվ, այսինքն` վիճելի «կրկնակի կյանք» եզրույթը պայթում է որպես պատեհապաշտների պաշտպանության միջոց եւ հեղինակում գրքեր, որոնց գրաքննիչը միաժամանակ գրականագետ է:
Այստեղ այս կամ այն դեպքի համար մեղադրանք առաջադրելու վայր չէ: Ավելի շուտ այս փորձառությունը, որը նորացնում է հին, մոռացված կամ ճնշված վարքագիծը, սարսափ է սփռում, որն, ի վերջո, բացահայտում է, որ պետական կամ եկեղեցական իշխանության կողքին գտնվող գրողներն առանձին դեպքերում պետք է համարվեն «ազատ խոսքի» թշնամիներ: Հանդուրժողականություն դավանող սիրահարները դառնում են թաքնված անհանդուրժողականության սպասավորներ: Այդ ճկուն վարքագիծը հաճախ կիրառվում է դասական գրաքննության ժամանակաշրջանում, որը դեռեւս զերծ է պետական սահմանափակումներից, բայց ոչ առանց սպառնալից երանգի. օրինակ, այդպես է լինում, երբ հասարակությանը քննադատող գրականությունը, որը չի կարողանում դուրս գալ համընդհանուր քաղաքական ճահճից եւ ընդհանուր առմամբ կոչվում է «մտածողության էսթետիկա», մերժվում է: Այդ կերպ էլ պետք է ավարտվի ամեն ինչ: Իհարկե, կենտրոնական իշխանությունն ու եկեղեցին ուրախանում են, երբ նման հնարամիտ աջակցություն են ստանում: Նրանց համար ոչինչ ավելի հաճելի չի լինի, քան արվեստագետների ինքնաբավ խաղը, որն ավելի քիչ վտանգավոր է, եւ որը ես անվանում եմ արվեստ հանուն արվեստի: Այն միշտ դառնում է նորաձեւ, երբ մարդկային գոյության ազդեցությունը միայն զզվանք եւ ձանձրույթ է առաջացնում: Այդքան գարշահոտ իրականությունը խորհուրդ է տալիս պահպանել հեռավորություն եւ փախչել իրենից; Ի վերջո, ամեն ինչ գույնի, հնչերանգի եւ հենց լեզվի մասին է: Գեղեցկությունը հաղթում է առանց արժեքի: Այնտեղ, որտեղ անունների կողքին ոչինչ չի նշվում, գրաքննություն պետք չէ: Այնտեղ, որտեղ պոստմոդեռն քաղաքավարության մեջ դրսեւորվում է կամայականություն, արգելքները դառնում են անօգուտ: Պահանջարկ է վայելում արագ սպառվող գրականությունը:
Նրանք, այնուամենայնիվ, դեռ այնտեղ են. գրողներ, որոնց գրքերը թեթեւ են, գրեթե զվարճալի, սակայն իրենց բազմիմաստությամբ անհանգստություն եւ դժգոհություն են պատճառում քահանայապետերին: Այդ գրողներից մեկը համաձայնեց, որ մեր այսօրվա հավաքը եզակի դեպք է: Նրա դեպքը հիշեցնում է, որ մենք հասկանանք մեզ հետ պատահած դեպքերը: Մենք հասկացել ենք, որ ով սպառնում է իրեն, սպառնում է նաեւ մեզ: Յուրաքանչյուր ոք, որը ցանկանում է իր խոսքն ընդունելի դարձնել կյանքում, կարող է նաեւ ընդունելի դարձնել մեր խոսքը, ի վերջո` մեր կյանքը: Մենք բոլորս մտածում ենք Սալման Ռուշդիի պես: Մենք չենք կարող եւ չենք ուզում մոռանալ նրան եւ նրա` սպանված ճապոնացի թարգմանչին, նրա` ծանր վիրավորված իտալացի թարգմանչին, բոլոր նրանց, ովքեր վտանգված են:
Մենք չենք կարողանա ավերել քահանայապետերի իշխանությունը, չենք կարողանա փոխել նրանց մահապատիժը, չենք կարողանա արժեզրկել նրանց դրամագլուխը: Ոչ մի քաղաքական գործիչ եւ ոչ մի կոորպորացիայի ղեկավար չի վտանգի իր եւ մեր կարիերան, չի անտեսի նրանց բիզնեսը: Երբ նրանք նորից հաշտվեցին Չինաստանի կառավարիչների հետ, չնայած Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած սպանդին, դրանից հետո խոստանում էին շահույթներ Թեհրանի հետ ապագա առեւտրից: Երբեմն նրանք զուսպ եւ ընդգծված կերպով տանը մի քիչ բողոքում էին հեռուստացույցի համար, ոչ ավելին: Եվ, այնուամենայնիվ, Սալման Ռուշդին միայնակ չէ, քանի դեռ մենք թույլ չենք տվել նրան միայնակ զգալ:
Ժամանակը կարող է մաշեցնել մեզ: Սպանության հրամանն ընդդեմ նրա եւ յուրաքանչյուրի, ով տարածում է նրա գրավոր խոսքը, մեր զգացողությամբ կարող է ի չիք դառնալ ամենօրյա սպանությունների ֆոնին: Այժմ երրորդ աշխարհի աղքատ թաղամասերում միլիոնավոր երեխաների ամենամյա սովը կարող է լավ պատրվակ լինել մեզ համար: Ի՞նչ հաշվարկներ կարող է անել անհատը, երբ քաղցն ընդունվում է որպես մանկասպանություն, որպես շուկայական տնտեսության անխուսափելի ռիսկ, որն օրինականացվում է շուկայի օրենքներով: Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը. դա կարող է մեզ բաժանել գրական բանավեճերում, ինչպես միշտ եղել է, գայթակղել, որպեսզի մենք դավաճանենք Սալման Ռուշդիին եւ մեր առաքելությանը` գրականությանը:
Նկատած կլինեք, որ ես փորձում եմ հնարավորինս սահմանափակ ներկայացնել ինձ առաջադրված թեման, որը կապված է մեզ հետ, քանի որ գրականության պատմությունը, հատկապես` գրաքննության գլուխը, մանր ու մեծ դավաճանությունների պատմություն է:
Որպես եվրոպական լուսավորության հնարամիտ եւ տուժած զավակներ` մենք գիտենք, որ հանդուրժողականության մեր կոչը հազվադեպ է զերծ մնացել սահմանափակումներից: Եվ Սալման Ռուշդին, որը հաճախ եւ ի վերջո, հուսահատ վկայակոչում էր լուսավորչական հանդուրժողականության պատվիրանները, կիմանա, թե ինչպես են վարվել մեր նախահայր Միշել Մոնտենի էսսեների հետ: Կաթոլիկ եկեղեցու կողմից ինդեքսավորված, Պասկալի եւ յանսենիստների կողմից դատապարտված Վոլտերը տոնը նշեց մյուս լուսավորիչների հետ եւ դատապարտեց Ռուսսոյին` բնական օրենքի եւ առաքինության համընդհանուր նորմերի անունից, քանի որ բռնակալությունը որպես ահաբեկչություն բռնկվեց ֆրանսիական հեղափոխության մեկնարկից անմիջապես հետո: Եվ եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այն դեռ տիրապետող է:
Նկատի ունենանք նաեւ ինտելեկտուալ անկման մեկ այլ օրինակ, որն աչքի է ընկնում հատկապես Գերմանիայի դպրոցներում. դա վեճն է Հայնրիխ Հայնեի եւ Ավգուստ ֆոն Պլատենի միջեւ: Երկու բարձրակարգ բանաստեղծների վեճը, որոնք անխնա եւ անընդմեջ վիրավորում էին միմյանց` որպես համասեռամոլների եւ հրեաների, ավարտվեց Հայնեի սուր հեգնական դիտողություններով, որոնք էլ, ի վերջո, ճակատագրական դարձան Պլատենի համար:
Մենք, որպես գրող, անբիծ չենք: Համաշխարհային գրականությունը սրբերի ստեղծածը չէ: Միշտ զգալով գրաքննության վտանգը` մենք, այնուամենայնիվ, հաճախ եւ հիմնականում անփույթ կերպով դաշտ ենք պատրաստել դրա համար` լինի դա հնարամտությունից դրդված, թե հանուն մեր էգոյի: Մենք կոչված չենք լինելու նահատակներ, թեեւ հասարակությունը հետին թվով պատրաստ է հալածված գրողներին մեծարելու որպես նահատակների: Դա նշանակում է, որ մենք չարախոսում ենք`ելնելով մեր հակումներից: Ծաղրասերի նստարանին նստելը մեզ հաճույք է պատճառում: Անսխալականության ցանկացած պնդում մեզ ստիպում է ծիծաղել: Եվ մեզ համար չկա ավելի ամոթալի երեւույթ, քան` քահանայի նման խոսող գրողը: Ձեռագրի հանդեպ մեր համառությունը քաջ հայտնի է, բայց մենք`հայտնի միայնակներս, կունենանք ուժ եւ տոկունություն` տեւական ժամանակ, եւ հնարավոր է` ընդմիշտ, պաշտպանելու Սալման Ռուշդիին:
Մի քանի շաբաթ է, ինչ գրողները նամակներ են գրում նրան, որոնք տպագրվում են մի քանի օրաթերթերում, եւ, հուսով ենք, սփռվում աշխարհով մեկ: Առաջին նամակներից մեկում Նադին Գորդիմերը առաջ է քաշում «սատանայական վարկածը »: Նա գրում է. «Դուք չեք քարոզել կամ խրախուսել արյունահեղությունը ձեր գրքի որեւէ կերպարի միջոցով, ձեր կյանքի դեմ դատավճռի նախադեպը հանցագործություն է մարդկության դեմ եւ ստվեր է գցում գրականության ազատ զարգացման վրա ցանկացած վայրում»:
Եվ սա այն ամենն է, ինչը մենք ցանկանում եւ պաշտպանում ենք` ազատ գրականությունը, որը չի ենթարկվում անօրինական, այլ`ավելի շուտ հնազանդ պոեզիայի եւ պատմվածքի` անընդհատ փոփոխվող օրենքներին: Մենք ուզում ենք պատմել այն ամենն, ինչն ուրիշները չեն կարող անել. այդպես չէ՞, Սալման, պատմիր հին պատմություններն այլ կերպ: Մեր պատմությունները քողարկված չեն, դրանք բացահայտումներ են: Նրանք վայելում են ձախողման կատակերգությունը եւ ոչ թե արդարացի դուրս գալու հաղթանակը: Պատմողը երբեք հաղթողների կողքին չէ, նա ապրում է կորուստներով, եւ պարտվողները, հատկապես` հավերժ պարտվողները, կարող են ապավինել նրան: Եթե տարբեր մոլաններին հաջողվեր փակել հեքիաթասացների բերանը, եւ, եթե այսուհետ չլինեին հեքիաթասացներ, ապա մարդկային պատմությունները չէին պատմվի: Նույնիսկ` վերջում:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

1. Էրիխ Ֆրից Էմիլ Միելկե- գերմանացի կոմունիստ պաշտոնյա, որը մինչեւ Բեռլինի պատի փլուզումը (1957-1989) ծառայում էր որպես Արեւելյան Գերմանիայի պետական անվտանգության նախարարության ղեկավար:
2. Մաքքարթի Չարլզ- ժամանակակից ամերիկացի վիպասան, թատերագիր, սցենարիստ:
3. Էրիխ Մյուհզամ- գերմանա-հրեա հակամիլիտարիստ անրախիստ, էսսեիստ, բանաստեղծ:
4 .Կարլ ֆոն Օսյեցկի- գերմանացի լրագրող, գրող եւ պացիֆիստ, 1936թ. նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
5. Ֆրիդրիխ Շլեգել- գերմանացի քննադատ, մշակույթի փիլիսոփա, լեզվաբան, գրող:
6. Կլեմենս ֆոն Բրենտանո-գերմանացի նշանավոր գրող:
7. Մետերնիխ- ավստրիացի պետական գործիչ եւ դիվանագետ:
8. Յանսենիզմ- վաղ ժամանակից աստվածաբանական շարժում կաթոլիկության մեջ, որը հիմնականում ակտիվ էր Ֆրանսիայում, եւ որն ընդգծում էր սկզբնական մեղքը, մարդկային այլասերվածությունը, աստվածային շնորհի անհրաժեշտությունը եւ կանխորոշումը: Կաթոլիկ եկեղեցին դա հռչակել է հերետիկոսություն:
8. Ավգուստ ֆոն Պլատեն- գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ:
9. Նադին Գորդիմեր- հարավաֆրիկացի անգլալեզու գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Աֆրիկայի ազգային կոնգրեսի անդամ, որը պայքարում էր ապարտհեյիդի ռեժիմի դեմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *