Էլլա Կանեգարիան | Զարթնիր Հայաստան

«Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով»։

հատված Հ․ Թումանյանի «Դառնացած Ժողովուրդ» հոդվածից, 1910

Սիրելի Հայաստան,
Կներես, որ այսքան ուշ եմ գրում, բայց գիտեմ, որ վերջերս լավ չես քնում, ես էլ։
Դու՝ «խառն» ես, ոնց հիմա այդքան մոդայիկ է ասել, իսկ ես՝ բարկացած իմ վրա ու ՔՈ։
ՔՈ վախերից եմ հոգնել ու երկակի ստանդարտներից, կներես էս ուշ ժամին մի քիչ խիստ գրականից ինձ թույլ կտամ սղվել ու քեզ դիմել նույնքան խառը, որքան քո վերջին 30 տարվա պատմությունն է եղել ու քո ներաշխարհը։ Դեմ չե՞ս։
Հա, ինչո՞ւ եմ ջղայնացած ՔՈ վրա կամ ես ո՞վ եմ, որ առհասարակ զայրանա՞մ։ Եսիմ։ Ընդամենը ՔՈ քաղաքացին։ 31 տարեկան։ Իննսունականներին՝ թխած ու մեկ-մեկ մեջը տառականով հաց կերած, մանկական տոտիկը եռման ջրով վառած, որովհետև մենք էդ ժամանակ էդպես էինք լողանում, որովհետև հիշո՞ւմ ես, չէ՞ ՝ մութ էր, մութ ու ցուրտ։ Աննպատակ ու անվերջանալի թվացող մութ, բայց պրծավ, չէ՞: Հետո էկավ ավելի լավ շրջան, որտեղ արդեն մի քիչ ավելի շատ լույս կար ու գույն, բայց հետո էդ գույնն էլ վերածվեց արնագույնի, մի երկու անգամ հիշո՞ւմ ես՝ հոկտեմբերի 27-ին ու մարտի 1-ին։ Ես՝ երկուսն էլ հիշում եմ, երկրորդի ժամանակ սովորեցի բացած ունք կարել՝ հույս ունենալով, որ այդ գիտելիքը երբեք էլ չեմ կիրառի ու կպահեմ զուտ հիշողության տեսքով՝ թոռներիս վախացնելու․․․թոռներիս, բայց դեռ երեխա էլ չունեմ ու, եթե անկեղծ, դեռ չեմ ուզում ունենամ․․․վախենում եմ Քեզանից։ Հա, վախենում եմ էն չձևակերպված չարությունից ու լղոզված խնդիրներից, որոնցով դու նրանց կարող ես թունավորել ու հիվանդացնել, դրա համար սպասում եմ՝ սպասում եմ լավանաս, լավանամ ես էլ, մնացածս էլ։
Ես իմ վրա աշխատում եմ, անկեղծ փորձելով դառնալ ավելի լավը, ավելի բարի, կամեցող ու անվախ, դիմացինին հասկացող ու անուն չկպցնող, չդատապարտող, բայց Դո՞ւ։ Լսի, մենք հասակակից ենք ախր, իհարկե քո նախորդ կյանքերը՝ ռեինկարնացիաները, դու լավ ես հիշում, իսկ ես իմը ՝ չէ․․․համ էլ էդքան էլ չեմ հավատում նրան, որ նախորդ կյանք կա։ Դու հավատում ես՝ լավ։ Բայց ես էլ, դու էլ ունենք ՀԻՄԱ-ն։ Էն, ինչ ունենք՝ էս ներկան ու մեր 30 տարվա կյանքն է՝ ՔՈՆՆ անկախ, իմն՝ ուղղակի։
Ի՞նչ ենք մենք արել էս տարիների ընթացքում, ի՞նչ խնդիրներ ենք ունեցել, ո՞ւմ ենք վնասել, իսկ ում օգնել էական չի, էականն այն է, թե ոնց ենք դրա հետ՝ անցյալ սխալների, վերելքների ու բարձունքների հետ, վարվում ներկայում։ Հիմա ասա ինձ՝ ի՞նչ ես դու անում քո ներկայում։
Էլի փախնո՞ւմ ես ձևակերպումներից։ Չես ուզում, հասկանում եմ։ Բայց ախր դու էլ գիտես, է, որ ձևակերպումները վախեցնում են էն ժամանակ, երբ մտածում ես թե որևէ բան չձևակերպելով կկարողանաս խնդիրներից խուսափել։ Բայց պապս ասում էր՝ «չձևակերպված խնդիրը լուծում չունի»։ Բա, ստացվում ա՝ Դու, իմ սիրուն Հայաստան, քո բոլոր խնդիրները չձևակերպելով՝ ոչ թե խուսափել ես լուծումից, այլ դա զուտ հետաձգել, միաժամանակ խնդիրներդ դարձնելով արդեն միֆական, ծանր ու ավելի բարդ, որովհետև չես ձևակերպում դրանք ու դրանց տալիս ես ավելի մեծ ուժ, ավելի բարդ թվացող բնույթ, բայց ախր դրանք կան, է, ու, եթե ամենափոքրիկ քայլն էլ անես՝ կլուծվեն, որովհետև ընդամենը խնդիր են։ Արագ չեն լուծվի, ոչ էլ դանդաղ։ Ամեն ինչ էս կյանքում իր ընթացքն ու ժամանակն ունի, դու էլ դա գիտես, Կին։
Չես ձևակերպվում ու չես էլ փոխվում, է։

Անցյալդ հետ չես ուզում, բայց Փոփոխություններից էլ ես վախենում, որովհետև դրանց հասնելու համար պետք է փոխվես, ոչ թե սպասես, որ գան ՔԵԶ փոխեն, որովհետև ոչ մեկին պետք չես էսպես՝ անձևակերպ ու դժբախտ, սեփական կարևորության զգացումից հոգնած ու դրա ծանրության տակ ճկռող, սեփական հարուստ պատմությունը պահպանած, բայց այն չհասկացած ու չմարսած` ընդամենը զմրսած։ ՔՈ էս կիսատ-պռատ, ուրուական գոյությունն ո՞ւմ ա պետք, եթե անգամ ՔԵԶ դա պետք չի։
Դե հավաքվի, է, ԴՈՒ ուժեղ ես։ Ամեն դեպքում միշտ էդպես ես ասել ու ես դրան հավատալով եմ մեծացել, դրան հավատալով գնացել առաջ ու խնդիրներս լուծել, բայց ես լուծել եմ իմը, իսկ էն, որը չեմ կարողացել լուծել՝ անկեղծ խոստովանել եմ ու բաց թողել։ Ես չեմ ամաչում իմ անզորությունից ու փոքրությունից, իսկ ԴՈՒ քոնը չես ուզում ընդունես, բայց հակառակն էլ չես փորձում ապացուցել։
Ո՞ւմ ես պետք, եթե ինքդ ՔԵԶ ես ուտում, եթե հիվանդությանդ դեմ պայքարելու փոխարեն առողջ ու կենսունակ բջիջներդ էլի իրար են ուտում, նենց, ոնց ողջ պատմության ընթացքում են արել ու էլի կրկնում են նույնը։ ԴՈՒ էլ էլի թողնում ես դա կրկնվի։

Հայաստան, սիրուն ջան, քո պատերազմները չեն եղել դրսում, դրանք միշտ քո ներսն էին։ Բայց ինքդ քո դեմ կռվելն անիմաստ է, որովհետև ինքդ քեզ չես հաղթի։ Պետք է զուտ ինքդ քեզ ընդունես ու անցնես առաջ։ Իմ ներսի կռիվներն ես հանգցրել եմ, ես ինձ հասկացել եմ ու ընդունել, ԴՈՒ էլ քեզ, խնդրում եմ, հասկացի։
Հայաստան մի փորփրի հին վերքերդ, թող, թող, որ դրանք չորանան։ Մի ոռնա հին կորստներիդ համար, ԴՈՒ ուղղակի նորերն էլ մի ունեցի։ Մի լացի հին սխալներիդ համար, ապագադ ուղղակի ավելի լավ կառուցի։ Մի դիմացի էլ, մի «յոլա գնա», սկսի ապրել, որովհետև դու դրա համար ունես արդեն ամեն ինչ՝ ամենակարևորը մեզ, ովքեր դեռ քեզնից չեն հոգնել։

Մի բողոքի առաջին դեմքերիցդ, դրանք բոլորը ՔՈ իրական դեմքն են եղել՝ ՔՈ հանրության ու մեծամասնության։ Եթե չես սիրել նրանց երբեք ուրեմն փոխի ՔԵԶ, որ փոխվեն նաև առաջին դեմքերդ։ Փոխի վարքդ, որ ճակատագիրդ էլ վերջապես փոխվի։

Ես չեմ ուզում քեզ թողնեմ, բայց էսօր ես ունեմ մի երկրի անձնագիր, որը նշանակություն չունի անգամ այն երկրում, որն այն տալիս է։

Հայաստան, հերիք է, զարթնի։ Դու արդեն երկար ես քնած մնացել ու քո արքայազնը՝ տեսար, քեզ չի փրկի ու չի արթնացնի, որովհետև սա ուրիշ հեքիաթ է։

«․․․ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

հատված Հ․ Թումանյանի «Դառնացած Ժողովուրդ» հոդվածից, 1910

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *