Զավեն Բեկյան | Աղերս

Լուսանկարը՝ Անդին պարբերականի

ՆԱՊՈԼԵՈՆ

Ծնվել մի կղզում
և մահանալ կղզում մի ուրիշ։ –
Կորսիկայից Սուրբ Հեղինե՝
հարյուր օր ընդամենը․․․

Ծնվել, գալ մի Անհայտությունից
և մահանալ, գնալ դեպ Անհայտություն մի ուրիշ
(գուցե նույնն են դրանք․․․ ) –
կյանքի մկնդեղի մնացորդներն
ատամիդ տակ կրճտացնելով ․․․

Թնդուն աուստերլիցնե՜ր,
երբ կանայք՝ փառքի գիշերաթիթեռներն են
վրա տալիս ճրագիդ,
նաև՝ պնակալեզ շնաճանճերը ․․․

Երբ Երանելի Մահվան
հրեշտակն է շորորալով իջնում,
այլևս իզու՜ր է բղավելը ․
«Որտե՞ղ է Գրուշին․․․»։

 

ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրա է հասնում ժամանակը –
և իմաստուն օձը՝
անցնելով նեղ տեղերով,
քսվելով քարերին ու մացառներին,
իր շապիկն է փոխում ՝
թափանցի՜կ, նուրբ ,
իր զարդերով անչափ նման
մի գաղտնագրված ժապավենի ․․․

Այդպես նաև
բանաստեղծն է անցնում
իր ճակատագրի նեղուցներով,
ամեն մի դժվար, բայց ոգեշունչ
ոլորանի վրա թողնելով
մի բանաստեղծություն՝
․․․ շապիկ առ շապիկ –
թափանցի՜կ, նուրբ,
իր զարդերով անչափ նման
մի գաղտնագրված ժապավենի ․․․

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՎԸ

Սույնի փոշին է նստել
ուրարտական արքաների
շեկ մորուքներին և
անվաշրջանակներին
մարտակառքերի նրանց։

Սրանից թե սարքես
մի փոքրիկ դեղահաբ
ու դնես լեզվիդ տակ՝
կընկնես վաղնջական
հալյուցինացիաների մեջ։-

Կտեսնես, օրինակ,
արքայադստերը Նինվեի՝
տոթին, ցայվելու համար,
չորս կողմը վախվորած
նայելով՝ հանվելիս․․․

Ու այս կավի միջով
եթե մի քիչ երկար
ոտաբոբիկ քայլես՝
մի ուժ կգա վրադ,-
ու կզգաս, որ Ա՜յլ ես․․․

 

ՃԵՊԱՆԿԱՐ

Այս տեղանքում
լուսինը
կախվում է
շիկակարմիր,
հինայած
մորուքի պես
Ռուսա արքայի –
տեղ-տեղ՝
խավար ու մուգ
բծերով,
որ անշուշտ
հետքեր են
թափված գինու․․․

 

* * *
Երբ ժամանակը վերջանում է,
տարածությունն է քաշվում իր մեջ,
երբ տիեզերքն ստերջանում է,
ՈՉԻՆՉ – ն է պարում ճախրով անմեղ,
երբ խնդությունը լճանում է,
վիշտն է խոյանում ինչպես ջրվեժ,
երբ ժպիտները քչանում են,
թաքնվում ահի ճեղքերի մեջ,
երբ շունչն իր բնում անշնչանում է
կամ դառնում վերջին ՝ ցնդում անհետ,
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Տեր, երբ որ հույսը վերջանում է՝
հաշտվի՜ր Դու նորից Քո որդվոց հետ,
Տեր, երբ որ հույսը վերջանում է՝
հաշտվի՜ր Դու նորից Քո որդվոց հետ․․․

 

ՊՈՄՊԵՅ

Անքուն, հոգնած Վուլկանը
զնդա՞նն էր շուռ տվել,
թե՞ աչքաթող արված հնոցն էր
ափերից դուրս եկել․․․-
կրակը ճարակում էր ողջ վերերկրյան։

Տարաշխարհիկ վաճառականներ էին ժամանել –
և հրահեղուկ ոսկին հոսում էր առուներով։
Ագահների աչքեր էին
ճողփալով պայթում եռման պղպջակների մեջ․․․

Երկնքից հսկա մի թիթեռ,
որ կարկտաբեր, գորշ ամպի էր նման,
թևերն էր թափահարում որոտով,
և թևերի շարշափից դառը մոխիր էր մաղվում։

Մահվան թիթեռ, մահվան թիթե՜ռ,
Հադեսի բովանցքերից դուրս սպրդած։
«Մանուկնե՜ր, թա՛ք կացեք,- աղաղակում էր Մեկը,-
սա սովորական թիթեռ չէ՜, թաք կացեք․․․»։
Բայց արդեն ուշ էր, չափազանց ուշ ․․․

 

* * *

Հռոմեական թվանշանները
հարմար չեն հաշվելու համար։
Ուրեմն առաջինը արաբներն են՝
իրենց արաբական թվանշաններով,
երկնքի աստղերը հաշվել՝
ասես կայծկլտուն ադամանդներ
իմամի ձյունաթույր
չալմայի վրա․․․
Մեկ, երկու, երեք,․․․, հազար։
Անքուն գիշերով։ Արմավենու տակ,
օազիսում քչքչում է ջուրը։
Անքուն մարդը հաշվում է,
որ քունը տանի
և գրի է առնում թվերը –
մեկ, երկու, երեք, ․․․ , հազար։
Տեսնես ո՞րերորդ թվի վրա է
ապերախտ ուղտի խռնչոցից
հաշիվը խառնվել․․․
Հետո խաղաղ մի ժամանակ,
ուղտերից հեռու,
հորինել են « ալ ջեբրան» ՝
հանրահաշիվը ․․․

 

ԼՈՒՍՆԻՆ՝ ՄԻԱՆՁՆՈՒՀՈՒՆ

Ո՜վ Լուսնթագ, ո՜վ չքնաղս ․․․
Թե դու չլինեիր՝
համաշխարհային պոեզիայի
կեսը կվերանար,
քանզի մելամաղձոտ գիշերներին,
ավելի շատ պոետներն են
քո վրա կաղկանձել,
քան շները․․․

Բայց դու առաջվանը չես, ավաղ՝
կուսականն ու խորհրդավորը ․․․
Մոռացված մի մենաստանի նախկին միանձնուհի՜դ ․․․

Քո դիմաքողի տակից վաղուց արդեն
բացահայտվել են շուրթերդ
խնկագույն՝ ու կցկտուր
աղոթք շշնջացող։

Պապարացիներն արդեն քեզ նկարել են
հակառակ՝ թիկունքիդ կողմից
ու հայտնաբերել, որ քո ․․․
հետույքն է՛լ սովորական կանացի հետույք է․․․

Այնքա՜ն մետաղյա լուսնագնաց-բզեզներ են
խճճվել շրջազգեստիդ ծալքերի մեջ,
խլվլացել, գնդասեղ խրել
կուրծքդ շղարշող ժանյակներին ․․․

Դե լա՜վ, մի նեղանա, մի արտասվիր –
թե չէ՝ աչքերդ երիզող սնգույրն է,
թրջված, ներքև ծորում․․․ Ներիր ինձ՝
ապերախտ պոետիս, ում
բանաստեղծությունների մի լավագույն տասնյակ
քեզանով է ներշնչվել․․․

Գնա՜ս բարով և Երկրի շուրջ պտտվե՜ս բարով․․․

 

ԱՂԵՐՍ

Այն ուժը, որ մղում է ծաղիկը ցողունն ի վեր․․․
ԴԻԼԸՆ ԹՈՄԱՍ

Այն ուժը, որ տեսնում է ծաղկադաշտերն իմ ներքնատարածության
և ուղարկում է ներշնչանքի մեղուներին
աստվածների նեկտարը հավաքելու՝
մեղուն չի շփոթի պորտաբույծ թիթեռի հետ,
որքան էլ որ սա լինի նախշազարդ՝ Շեհերազադեի երազի պես,
չի շփոթի բոռի հետ, թագակիր բոռի հետ,
որ գալիս է արյանս առէջների բույրի վրա։

Այն ուժը, որ տնօրինում է ալեբախության ռիթմը
օվկիանոսների, խորքերը, լուսատու ձկների չվերթերը,
դելֆիններին տեղեկացնում է սուզանավերի նենգ ընթացքի մասին,
սուզանավերին հեռու է պահում ստորջրյա ականների տեղերից,
որ նման են ստորջրյա մահվան խլածաղկի պսակի՝
կհեռացնի վախճանի օրն իմ ու հեռու կփչի
վախճանի թռչող ծաղկին, որ նման է
խլածաղկի պսակի, ստորջրյա ականի
և վերջապես՝ կորոնավիրուսի ․․․

 

* * *

Ու վերջերս համարյա թե
յուրաքանչյուր անքնություն
ավարտվում է ․․․ պոեզիայի էլեքսիրով
(էլեքսիր՝ չի՞ նշանակում ՝
էլի՜ քսիր, էլի՜ քսիր ․․․ )-
գրվում է մի սպեղանի
հոգու համար ու դրվում է
մի քանի տող մեր սեղանին․․․ –
վասն դժվար կյանքիդ ելքի,
մխիթարման՝ տեսքով երգի։

Իմ բանական ադամորդին
հորդորում է՝ քնի՜ր, այ մարդ,
ի՜նչ ես թառել պուպուի պես,
ոտքերդ՝ կախ՝ մահճակալից,
թե ինչ է՝ մի բան բըստրես ․․․
Բայց ասում եմ ՝ գնա բանի՛դ,
ժամդ կգա՝ այնքա՜ն քնես։
Ու ձե՛ռք քաշիր դու ինձանից –
ես՝ ո՜վ, դու՝ ո՜վ։ – Ես Անքու՛նն եմ,
որ չի քնում ո՜չ մի քնով ․․․

 

ՍԱՂՄՈՍ

Տես, ավազանում անշնչացած ձկներ կան՝
ճերմակ որովայնները վեր, դեպի երկինք շրջված։
Ու թեև խոյանում է գեղուղեշ մի շատրվան մեջտեղում ՝
ծծումբի հոտն է խեղդում – և դժվար է շնչել։

Ես Քո հետևից եմ աղաղակում, հեռացո՛ղ Աստված,
աղաղակում եմ ու աղերսում ՝
հե՜տ դարձիր, տե՜ր կանգնիր Քո ստեղծած աշխարհին –
այն՝ ճիշտ է՝ ապականված, բայց դեռ արժանի է
գոյության, հե՜տ դարձիր ․․․

 

ՉԱՐ ԵՐԱԶ

Նա կարող է հանկարծ
հարձակվել քո վրա
որևէ թաքստոցից
(մի շենքի անկյունից ),
կատաղած շան պես։
Եվ դու կկռանաս
ու կճանկես մի քար՝
պաշտպանվելու համար։
Բայց, ախ, քարն այդ քիչ-քիչ
կմեծանա, հանկարծ
կդառնա ․․․ շիրմաքար ․․․

 

ԱՆՈՒՆԴ

Ուզում եմ
անվանել՝
չեմ հիշում
անունդ։ Բայց
լեզվիս
ծայրին է, հա։
Չեմ հիշում,
ի՞նչ արած ․․․
Անուշ է
մեղրի պես
ու ․․․ լեզվիս
ծայրին է։
Չեմ հիշում։
Անունդ։
Չեմ հիշում։
Ի՞նչ արած ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *