Զրույց Խորեն Աբրահամյանի հետ | Որտեղ կռիվ կա, մտավորականն այնտեղ պիտի լինի


-Պարոն Աբրահամյան, օրերս պաշտոնական Բաքուն նորից սկսեց հոխորտալ, Արցախը վերազավթելու սպառնալիքներ տեղաց։ Մեզ, թերեւս նաեւ սեփական ժողովրդին հիշեցրեց, թե որքան փխրուն է այսօրվա խաղաղությունը։

– Ոչ մի պատերազմ բարեկեցություն ու հարստություն չի բերում ժողովրդին։ Անգամ պատերազմում հաղթած երկիրը տարիներ շարունակ տնքում է վշտի, զրկանքների, թշվառության բեռի տակ։ Պատերազմից հետո դեռ երկար տարիներ կրում է պատերազմի լուծը։ Պատերազմ են սկսում իշխանավորները, պատերազմում զոհվում, հաշմվում, հերոսանում են հասարակ մարդիկ։ Պատերազմը քանդում է մարդկային հոգու կառույցը, ավերում է, մարդուն դարձնում մարդասպան։ Սակայն, այդ ամենով հանդերձ, արդարացի ու հաղթանակած կռիվը ունի մի կարեւոր առավելություն՝ կարող է մաքրել բարոյական դաշտը, արմատավորել բարձր, անանձնական գաղափարներ, դառնալ հոգեկան վերելքի խթան, համախմբել ազգի հոգեւոր ներուժը։

-Մեզ պարտադրված պատերազմը ավարտեցինք հաղթանակով, անհավասար պայքարում ռազմական տաղանդի, քաջության ու հայրենասիրության աննախադեպ օրինակներ ցույց տալով աշխարհին։ Թվում էր՝ այնպիսի ուժ, հավատ, լավատեսություն, եռանդ ենք կուտակել, որ այդ պաշարները գոնե մի քանի տասնամյակ չենք սպառի…

– Արցախյան պատերազմին հաջորդող տարիները հաղթանակած կռվի օրինաչափ շարունակությունը չէին։ Սոցիալական աղաղակելի անարդարությունը, կենսամակարդակի բեւեռացումը, կեղծիքը, անօրինականությունը պառակտեցին ազգը, ոտնահարեցին բարձր գաղափարները, սպանեցին լավատեսությունը, ջնջեցին ոգին, կոտրեցին հավատը։ Եվ գիտեք՝ ո՞րն է ամենավտանգավորը՝ համընդհանուր անտարբերությունը, ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բան շտկելու, պայքարելու ցանկության իսպառ բացակայությունը։ Ոչ մեկին չլսելու, ոչ մեկին չհավատալու արմատացող ավանդույթ։ «Խոր Վիրապ» ներկայացման մեջ մի շատ իմաստուն, խորախորհուրդ դիպված կա. Տրդատը խոզ է դառնում։ Ներեցեք, պիտի ասեմ՝ մարդը շատ հեշտությամբ է խոզ դառնում. խլիր նրանից ճշմարիտ ու կարեւոր արժեքները՝ եւ մարդուց ոչինչ չի մնա։

– Կարեւոր արժեք՝ ասացիք, հիշեցի մեր գոյամարտի հերոսներին՝ հող ազատագրած ռազմիկներին, կարողացա՞նք հավուր պատշաճի արժեւորել նրանց, մեծարել, նրանց կերպարով չափանիշներ հուշել հասարակությանը, դարձնել օրինակ…

– Շեքսպիրի «Կորիոլանը» մի շատ տիպիկ դրվագ ունի. հերոսը պատրաստվում է կոնսուլ դառնալ, ու նրան առաջարկում են վստահություն, համակրանք շահելու նպատակով ի ցույց դնել պատերազմի վերքերը։ Նա հրաժարվում է, «Իմ ծնկները ծալվել են միայն ձիուս ասպանդակի մեջ»,- ասում է։ … Մենք հաջողեցինք ծալել հաղթանակած հայ ռազմիկի ծնկները, մենք ստիպեցինք, որ նա ի ցույց դնի իր վիրավոր մարմինը եւ հատուցում խնդրի։ Մենք ձեռք բարձրացրինք մեր հպարտության վրա, բարոյազրկեցինք ինքներս մեզ, թալանեցինք։ Պատերազմ գնաց ազգի լավագույն մասը, սա վեր է կասկածից։ Սա չպետք է մոռանանք. առաջին հերթին՝ հանուն մեզ, հետո՝ հանուն նրանց՝ հերոսների։

Պարոն Աբրահամյան, պատմությունը վկայում է, որ միշտ՝ բոլոր ժամանակներում հայ մտավորականը եղել է ժողովրդի կողքին, դարձել է նրա հոգսուցավի արտահայտիչը։ Ժողովուրդը իր մտավորականին լսել ու հավատացել է անվերապահորեն։ Այսօր մտավորականների ձայնը չի լսվում։

– Ամերիկյան մի ֆիլմում պատերազմից փախչելու համար որդին դատապարտում է հորը։ Հայրը պատասխանում է. «Ես վախկոտ չեմ, պարզապես սա իմ կռիվը չէ»։ Այս պատասխանը, այս հոգեբանությունը, որպես ողորմելի ինքնաարդարացում, հնչում է նաեւ այսօր։ Շատ արվեստագետներ, մտավորականներ նույնն են ասում։ Սուտ է, սա հենց մեր կռիվն է, բոլորինս, իր երկրի, իր պետության, ժողովրդի ներկայի ու ապագայի մասին մտածող հայի։ Ու հատկապես՝ իրեն մտավորական համարող անհատի։ Որտեղ կռիվ կա, մտավորականն այնտեղ պիտի լինի։ Բլոկադայի ժամանակ Լենինգրադում հնչում էր Շոստակովիչի սիմֆոնիան։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե սովամահ լինող ժողովրդի ինչին էր պետք երաժշտությունը։ Բայց պարզվում է՝ պետք էր, պետք էր ավելի, քան մի կտոր հացն ու կարող էր պահել ժողովրդին՝ ոգին պահելով։ Զգալով ֆաշիզմի ահագնացող վտանգը, Չերչիլը իր մոտ հրավիրեց երկրի մեծանուն արվեստագետներին եւ հակաֆաշիստական քարոզչության ծրագիր տվեց։ Երբ Մյասնիկյանը եկավ Հայաստան, նամակներ գրեց արտերկրում ապրող հայ հռչակավոր արվեստագետներին, կանչեց Հայաստան՝ ասելով. «Եթե դուք հայրենիքում չեք, իմ ներկայությունը ոչինչ չի տա»։
Մեր պետական այրերից քանի՞սն են գիտակցում արվեստի, մշակույթի, մտավորականի՝ հոգեւոր արժեքների կարեւորությունը։ Արվեստի քանի՞ գործ են պատվիրել մինչ օրս, որ տաղանդավոր արվեստագետին են հովանավորել։ Այսօր կարող ես հանդիպել ամենաանտրամաբանական երեւույթների. ի՞նչ ասել է՝ բիզնես անող արվեստագետ, խանութպան արվեստագետ… Ամեն մարդ պիտի իր խաղը խաղա։ Ազգային ժողովի՝ կուշտ, ապահով, բիզնեսմեն պատգամավորները ժողովրդի բախտն են վճռում՝ նրա ավուր հացի, կենցաղի, մշակույթի, կրթության… Ես ինչու՞ պիտի հավատամ նրանց։ Ես իշխանության լծակների մոտ ազգային կերպարներ եմ ուզում տեսնել, վստահելի՝ իրենց կենսագրությամբ, մտածողությամբ, մարդկային տեսակով, արժեքներով… հասկանու՞մ եք՝ ազգային կերպարներ։

– Ազգայինի պակաս ոնց որ թե չունենք այսօր. ամեն ինչ ազգային է՝ արվեստը, դպրոցը, ակադեմիան, կրթությունը, գաղափարախոսությունը…

– Մինչդեռ առաջին հերթին հենց ազգայինն է վտանգված։ Ազգայինը ոչ հայկական տարազ է, ոչ էլ գեղջկական փափախ։ Ազգայինը մտածելակերպ է, հոգեբանություն, որակ… Մենք կարող ենք բեմադրել Շեքսպիր, որը լինի խորապես ազգային, եւ կարող ենք բեմ բարձրացնել որեւէ հայկական կերպար, որը ոչ մի կապ չունենա ազգայինի հետ։ Ազգայինի խնդիրը տեսակի խնդիր է, հայի տեսակի, որն աղավաղվում-աղճատվում է այսօր օտար ազդեցությունների ագրեսիայից։ Ի՞նչ օրինակ բերեմ. հայ կինը պետք է ձեռքով ծածկի, վար քաշի փեշը, եթե քամին բարձրացրել է այն։ Եթե հայ կինը մի բան էլ օգնեց քամուն, որ փեշը ավելի վեր բարձրանա, կորցնում է իր ձգողական ուժը հայ տղամարդու համար։ Ազգայինը մեր լեզուն է՝ իր հնչյուններով, առոգանությամբ։ Որքան էլ անգլերենը երգեցիկ լինի, գեղեցիկ լինի, էդ փափկությունը, ելեւէջները մերը չեն։ Գաղափարախոսությունը մերկապարանոց քարոզ չէ, ոչ էլ հայրենիքի ու ազգայինի պաթետիկ գովերգում։ Ամերիկյան յուրաքանչյուր ֆիլմում, երգի մեջ (խոսքը արժեքավոր գործերի մասին է) գաղափարախոսություն կա, իրենցը սիրել տալու, ամերիկյանը մեծարելու հատուկ ծրագիր։ Ոստիկանների մասին ֆիլմ է. ընտրված են գեղեցկուհի դերասանուհիներ, առնական տղամարդիկ՝ խիզախ, անձնվեր, առաքինի, պատվախնդիր, ամեն ինչով կատարյալ։ Իսկ մենք ի՞նչ ենք անում մեր արժեքները սիրել տալու համար՝ մեր հայրենիքը, քաղաքը, զինվորին, սպային, ոստիկանին, մտավորականին, հասարակ հայ մարդուն… մի բան էլ ասեմ՝ հայրենասիրական մղումներ են արթնացնում ոչ միայն պատերազմի կամ ազգային հերոսների մասին պատմող գեղարվեստական ստեղծագործությունները։ Ես ավելի ազգային ու հայրենասիրական ստեղծագործություն չեմ կարդացել, քան Թումանյանի «Անուշը» կամ «Շունն ու կատուն»։

– Որպես վերջաբան ի՞նչ կասեք հայ մարդուն՝ իշխանավորին, արվեստագետին, զինվորականին, բանվորին, շինականին…

– Իշխանավորին կհորդորեմ խոսել ժողովրդի հետ՝ երես առ երես, բացեիբաց. անջրպետված ճանապարհը անկում է տանելու։ Կարելի՞ է, չէ՞, մարդավարի, հայավարի ասել՝ էսքանն եմ հասցրել անել, էս հարցերում էլ վրիպել-թերացել եմ, ներող եղեք, առաջիկայում էլ էս-էս հարցերն եմ լուծելու։ Թե չէ՝ բոլորը լավ են աշխատել, բոլորն անսխալական են… բայց ժողովրդի վիճակը չի փոխվում։ Ես ժողովրդին դիմանալու կոչ չեմ անում, նա առանց իմ կոչի էլ դիմանում է։ Ժողովրդին ուզում եմ ասել՝ էս համատարած անտարբերությունը, հարմարվողականությունը մեր թշնամին է. մեզ համար մե՞կ է, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում, ու՞ր է գնում մեր երկիրը։ Ախր մենք պարտք ունենք մեր երեխաների առաջ։ Ազատագրական պատերազմում զոհված մեր տղաների առաջ։ Իսկ զինվորականին՝ սպային, գեներալին, մի բան կասեմ՝ սիրեք զինվորին։

Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի

Արտատպված է «Զինվոր» թերթից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *