Արաքս Շահինյան | Ամադեուս. ի խորոց սրտի

Արաքս Շահինյան

Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

Ինձ նաև այստեղ ընթերցող բոլոր համբերողներից հենց սկզբից ներողություն եմ խնդրում, ի սեր Աստծո, հազար կարևոր կոմպոզիտորի թողած անդադար Մոցարտ երգելով, նրա բլբուլն իմ մեջ մի տեսակ հազարան է, հիվանդ տան անդամի պես սրտաթափ, մեռնողի չափ աստվածատես, հոտից դուրս էս Աստծո գառն ինձ հանգիստ չի տալիս, որ ես էլ ձեզ հանգիստ տամ, ինչ-որ սարոյանական բարությամբ ներսիցս դուրս «նորից խնդրիր, որ ինձ լսեն» է հորդում, անձրևների տեղը բռնել, ձմեռները տաք է դարձնում: Ստենդալին իր սինդրոմով տվինք-անցանք: Ներեցեք ինձ, ի սեր Աստծո…

Երբ լսում եմ՝ Մոցարտ չեն լսում, աղոթում եմ նրանց համար, որ լույսից եկած երաժշտությամբ փրկվելու սրբաշունչ Հավատն հասնի սնամեջ սրտերին, ունայնության, անտարբերության, մեծամտության, վիրավորանքի տեղը բռնի: Մարդապաշտ, մարդասպան, աղանդավոր, կրոնամոլ, խելք ու վերք մերժող հավատը չէ, մարդուն մարդ դարձնողը, օձին թույնով չպատասխանողը, գրին քոռ միտք դեմ չտվողը, փողին կուզ Տէր չկարգողը, շուտին սուտ ուշ չձայնողը, սիրող, խոնարհ, ընդունողը, չծալվողը, հեչ չանողը:

Ու երբ անկրոն աղոթքդ տեղ է հասնում, մի բարի սիրտ մեկ էլ երեսիդ. «Ես այսօր Մոցարտ լսեցի Ձեր շնորհիվ: Նրան շնորհակալությունս կփոխանցե՞ք»: Ու չձեռնադրված Գաբրիելի պես հրեշտակների թևերի վրա (կամ ինչպես հեռ Հենդելի Արիոդանտեն կերգի “Con l’ali di costanza[1]”) տանում, տեղ ես ուզում հասցնել պատգամը, «Լսեցին», ասես,  «Սիրում են», որ խաղաղվի վերջապես, որ խաղաղվես վերջապես:

Իսկ ունկնդրի հետ հիմնականում հեշտ է, եթե սիրում է. սերը սրտի խելքն է: Կատարողի հետ սովորաբար դժվար է, որովհետև պարտավոր է. պարտքը հոգուն վերք է: Կատարողի հետ հեշտ է, երբ պարտք ու սեր իրար խառնած՝ դառնում է գերմանացուն (ինչպես Մոցարտն էր արդարացիորեն ինքն իրեն կոչում), չոքում դիմացը ոչ հեթանոս կամ աստվածուրաց երկրպագությամբ, այլ վարից վեր ուշադիր տնտղելու, չոքում ոնց Դոնաթելլոն Զղջացող Մագդաղենայի կրունկը տաշելուց: Կատարողի հետ հեշտ է, երբ անսիրտ հալին սրտագետ է, «ՏԷր»ից առաջ ճիշտ ծառա է, խոսելուց առաջ ականջ ունի, սիրելուց հետո՝ ազատություն: Կատարողի հետ հեշտ է, երբ Մոցարտի գենով է ծնվում, սովորելուց առա՛ջ գիտի: Կատարողի հետ հեշտ է, երբ իրեն աշխարհական Ամենինչի տեղը դրած՝ Մոցարտը ձեռքին աստվածամարտ չի սարքում երկնքի հետ. Մոցարտն այդտե՛ղ է մեռնում, որովհետև թուրը չէ՛, վահանն է: Կատարողի հետ հեշտ է, երբ Մոցարտին մարդ է կարծում՝ վիրավոր, անֆայմ, ապտակված, զվարթ: Մոցարտը մարդ է, որ խնդրեց անմարմին իր գերեզմանի տեղը մարմնավոր երաժշտությունը հիշել, պաշտվելու տեղ նվագվել, սգալու տեղ երգվել, աստվածացնելու տեղ մարդացնել, որովհետև մարդկանց դորդուբեշ չենք արել, որ աստվածների հերթը հասնի:

Ու չլինի թե մի քանի գլխանի վիշապ Ձերդ Ոչնչություն Անգրագիտությունը Մոցարտի երաժշտության մաքրամաքուր կապտարունությունը խառնի կեղտակենցաղ կյանքին նրա, որովհետև մարդու պես ապրեց՝ Պոետ մեռավ: Ու չլինի թե չհասկանանք, ասենք-մենք մեզ համոզենք՝ մեզնից չէ: Ու չլինի թե չսիրենք, որովհետև գնացողին մնացողի հետ սէրն է կապում: Եվ երբեմն մնացողն է գնացողը: Ու չլինի թե չհիշենք, որովհետև մահից վերան մոռացումն է: Ու չլինի՝ ողջ այս ճամփին չարվեստն հաղթի, կյանքը հաղթի, մեկս մեռնի. միակ մահը հաջորդ օրը տեսնելու ու չտեսնելու միջև տարբերություն չտեսնելն է:

 

[1] “Con l’ali di costanza” – Հենդելի «Արիոդանտե» ֆանտաստիկ օպերայում առաջին ակտի 8-րդ տեսարանում գլխավոր հերոսի՝ արքայազն Արիոդանտեի սրտի երգն է, «Հավատարմության թևերի վրա» թարգմանվող պողպատե թոքեր ունեցող կաստրատ սոպրանոյի համար գրված այս արիան հավերժ կմնա այն երգող երաժիշտների անեծք-օրհնանքը:

«Մոցարտ – Սիմֆոնիա կոնչերտանտե ջութակի և ալտի համար»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *