Աշխարհի ամենահին սիրային բանաստեղծությունը «Շու-Սինի սիրո երգն» է (մ.թ.ա. մոտ 2000 թ.), որը ստեղծվել է Հին Միջագետքում՝ որպես պտղաբերության սրբազան ծեսերի անբաժանելի մաս։ Մինչև 19-րդ դարում դրա հայտնաբերումն ու վերծանումը, աստվածաշնչյան «Երգ երգոցն» անվերապահորեն համարվում էր որպես մարդկությանը հայտնի ամենահին սիրերգը: Սակայն 19-րդ դարում հնագետներն ուղևորվեցին Միջագետք՝ նպատակ ունենալով գտնել Հին Կտակարանի պատումների իսկությունը հաստատող նյութական ապացույցներ։ Թեև սկզբնապես դա նրանց գլխավոր խնդիրը չէր, սակայն ֆինանսավորման անհրաժեշտությունը (որի հիմնավորումն ուղղակիորեն կախված էր հանրային հետաքրքրությունից) շուտով այն դարձրեց հիմնական նպատակ։ Սպասումներին հակառակ՝ հայտնաբերված սեպագիր սալիկները վկայեցին, որ աստվածաշնչյան շատ պատումներ իրականում ունեն միջագետքյան ծագում։ Այս բացահայտումը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ժամանակի աստվածաշնչագիտության, այլև համաշխարհային պատմության ընկալման համար։
Պեղումներ և հայտնագործություն
Երբ 1845 թվականին հնագետ Օսթին Հենրի Լայարդը Հորմուզդ Ռասամի աջակցությամբ ձեռնամուխ եղավ Քալհուի պեղումներին, նա գտնվում էր աստվածաշնչյան վայրեր հայտնաբերելու հանրային մեծ ճնշման տակ։ Այդ շտապողականությունն էլ պատճառ դարձավ թյուր եզրակացության. նա հայտարարեց, թե իր գտած քաղաքը լեգենդար Նինվեն է։ 1849 թվականին լույս տեսած նրա հաշվետվությունը կրում էր հավակնոտ՝ «Նինվեն և նրա մնացորդները» վերնագիրը։ Շնորհիվ Աստվածաշնչից հայտնի Նինվեի հռչակի՝ գիրքն ակնթարթորեն դարձավ բեսթսելլեր։ Այս հաջողությունը նոր թափ հաղորդեց Միջագետքի պատմության հանդեպ հետաքրքրությանը՝ այն դիտարկելով որպես աստվածաշնչյան պատումները վավերացնելու միջոց։ Արդյունքում տարածաշրջան ուղարկվեցին նոր արշավախմբեր՝ նպատակ ունենալով գտնել Սուրբ Գրքում հիշատակված այլ հնագույն քաղաքներ։
Հնագույն ակունքների բացահայտումը
Մինչ այդ Աստվածաշունչը համարվում էր աշխարհի հնագույն գիրքը, իսկ «Երգ երգոցը» (հայտնի նաև որպես «Սողոմոնի երգեր»)՝ ամենահին սիրային քնարերգությունը։ Ուշագրավ է, որ աստվածաշնչյան պատումները հաստատելու նպատակով ձեռնարկված արշավախմբերն ունեցան ճիշտ հակառակ արդյունքը։
Երբ 1846–1847 թվականներին Լայարդը պեղեց Նինվեի իրական վայրը, նա հայտնաբերեց Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ.թ.ա. 668–627 թթ.) հռչակավոր գրադարանն ու սեպագիր տեքստերի հսկայական հավաքածու։ Լեգենդար Ջորջ Սմիթի կատարած թարգմանությունները ցնցող էին. պարզվեց, որ «Մարդու մեղսագործության», «Մեծ ջրհեղեղի» և «Նոյյան տապանի» պատմությունները Ծննդոց գրքի հեղինակների ինքնուրույն ստեղծագործությունները չեն։ Դրանք հիմնված էին միջագետքյան շատ ավելի վաղ շրջանի զրույցների վրա, որոնք հետագայում վերամշակվել ու ներառվել էին եբրայական մշակույթում։
Այսպիսով, մ.թ.ա. 6-րդ–3-րդ դարերով թվագրվող «Երգ երգոցն» այլևս չէր կարող համարվել հնագույն սիրերգ, քանի որ ասպարեզ էր եկել մոտ մ.թ.ա. 2000 թվականին գրված «Շու-Սինի սիրո երգը»։
Թարգմանություն և մեկնաբանություն
Հայտնաբերումից հետո «Շու-Սինի սիրերգի» սեպագիր սալիկը տեղափոխվեց Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ տասնամյակներ շարունակ մնաց անհայտության մեջ։ Այն դարակներում սպասում էր իր հերթին մինչև 1951 թվականը, երբ հայտնի շումերագետ Սամուել Նոյ Կրամերը հնագույն տեքստերի համադրման և թարգմանության ընթացքում պատահաբար վերագտավ այն։
Կրամերը փնտրում էր իր հաջորդ թարգմանության նյութը, երբ թանգարանի պահոցում ուշադրություն դարձրեց այս բացառիկ նմուշին։ Իր հանրահայտ «Պատմությունն սկսվում է Շումերից» գրքում նա մեծ հուզմունքով է նկարագրում այդ պահը.
2461 համարը կրող փոքրիկ սալիկն ընկած էր դարակներից մեկում՝ շրջապատված բազմաթիվ այլ բեկորներով։ Երբ առաջին անգամ տեսա այն, ամենից տպավորիչը դրա պահպանվածության աստիճանն էր։ Շուտով հասկացա, որ կարդում եմ տների (ստրոֆների) բաժանված մի քերթված, որը գովերգում էր սերն ու գեղեցկությունը, բերկրալից հարսնացուին և Շու-Սին անունով թագավորին, որն իշխել էր Շումերում շուրջ չորս հազարամյակ առաջ։Վերստին ընթերցելով տեքստը՝ վերջնականապես համոզվեցի, որ իմ ձեռքերում մարդկության պատմությանը հայտնի սիրային քնարերգության հնագույն նմուշն էր։
Սակայն այս քերթվածը պարզապես սիրային երգ չէր. այն «սրբազան ամուսնություն» (hieros gamos) կոչվող ծեսի անբաժանելի մասն էր, որը կատարվում էր ամեն տարի։ Այդ արարողության ժամանակ թագավորը խորհրդանշականորեն ամուսնանում էր Ինաննա աստվածուհու հետ՝ նրա հետ կենակցությամբ ապահովելով գալիք տարվա պտղաբերությունն ու երկրի բարգավաճումը։ Կրամերն այսպես է մեկնաբանում.
Շումերական պատկերացումների համաձայն՝ երկրի կառավարչի սրբազան առաքելությունն էր տարին մեկ անգամ ամուսնական դաշինք կնքել սիրո ու բազմացման աստվածուհի Ինաննայի քրմուհու հետ։ Այս ծիսական միությունը երաշխավորելու էր հողի անդաստանների բերքատվությունն ու կնոջ արգանդի պտղաբերությունը՝ ապահովելով կյանքի հարատևումն ու երկրի բարօրությունը։ Այս ավանդական արարողությունը նշվում էր Նոր տարվա օրը և ուղեկցվում շքեղ տոնախմբություններով, խնջույքներով ու երաժշտությամբ։ Ստամբուլի փոքրիկ կավե սալիկի վրա փորագրված քերթվածն, ամենայն հավանականությամբ, արտասանել է Շու-Սին թագավորի ընտրյալ հարսնացուն՝ ամանորյա հենց այդ տոնակատարություններից մեկի ժամանակ» (245-246)։
Միջագետքյան տեքստերի հեղինակավոր հետազոտող Ջերեմի Բլեքը, նույնպես անդրադառնալով այս քերթվածին, տալիս է հետևյալ մեկնաբանությունը.
«Սա այս արքային ձոնված այն սակավաթիվ սիրերգերից է, որոնք վկայում են սիրո աստվածուհու և նրա միջև եղած մտերիմ ու անձնական կապի մասին։ Այս տեսակի որոշ երգերում արքայի անունը, ըստ երևույթին, պարզապես տեղն է զիջել Դումուզիի (Ինաննա աստվածուհու առասպելական երկնային սիրեցյալի) անվանը։ Միանգամայն հավանական է, որ դրանք կատարվել են հատուկ կրոնական ծիսակարգերի՝ այսպես կոչված «սրբազան ամուսնության» ընթացքում, որոնց ստույգ մանրամասները, սակայն, ցայսօր անհայտ են մնում։ Ենթադրվում է, որ Ինաննայի քրմուհիներից մեկի հետ ֆիզիկական մերձեցման պահին արքան դիտարկվում էր որպես անձամբ աստվածուհու հետ միավորվող։ Այդուհանդերձ, ինչպես նկատում է Բլեքը, սրբազան ամուսնության ծիսակարգի ստույգ մանրամասները հայտնի չեն։ Եվ չնայած «հարսնացուի» կողմից բանաստեղծության կատարումը ծառայում էր կրոնական ու հասարակական նպատակների՝ կոչված երաշխավորելու համայնքի բարօրությունը, այն նաև խիստ անձնական և քնքշությամբ տոգորված երկ է՝ հնչած կնոջ շուրթերով, ով գովերգում է ռոմանտիկ ու էրոտիկ սերը։
Բանաստեղծության պատմական համատեքստը
Ըստ գիտական շրջանակներում ընդունված «կարճ ժամանակագրության»՝ Շու-Սինը Ուր քաղաքում իշխել է մ.թ.ա. 1973-1964 թվականներին, իսկ որոշ գիտնականների կողմից կիրառվող «երկար ժամանակագրության» համաձայն՝ մ.թ.ա. 2037-2029 թվականներին։ Ուստի, այս բանաստեղծությունը թվագրվում է կա՛մ մ.թ.ա. 1965, կա՛մ 2030 թվականով, սակայն առավել հաճախ դրա ստեղծման ժամանակաշրջանն ընդհանրացվում և վերագրվում է մոտավորապես մ.թ.ա. 2000 թվականին։
Շու-Սինը Ուրի III հարստության (մ.թ.ա. 2047-1750 թթ.) մեծագույն գահակալներից մեկի՝ Շուլգի արքայի (իշխել է մ.թ.ա. 2029-1982 թթ.) կրտսեր որդին էր։ Շուլգիի իրավահաջորդ Ամար-Սուենը (իշխել է մ.թ.ա. 1982-1973 թթ.) հաջողությամբ ճնշել էր բոլոր ապստամբությունները և պահպանել պետության կայունությունը մինչև այն պահը, երբ անսպասելիորեն մահացավ կարիճի խայթոցից։ Այդ դեպքից հետո գահ բարձրացավ Շու-Սինը, որը համարվում է Ուրի III դինաստիայի ամենանշանավոր, եթե ոչ մեծագույն արքան։
Ըստ գիտնական Սթիվեն Բերթմանի՝ բացի այս սիրերգից, Շու-Սինը հանդիսանում է նաև աքքադերենով գրված մի շարք էրոտիկ քերթվածների գլխավոր հերոսը։ Դրանք կառուցված են երկխոսության ձևով և զարմանալի նմանություն ունեն ավելի ուշ շրջանի աստվածաշնչյան «Երգ երգոցին»։ Այսպիսով, սուրբգրային պատումների ձևավորումից դեռ շատ առաջ, միջագետքցիներն արդեն արարում էին համաշխարհային գրականության ամենաազդեցիկ գործերի «առաջին տարբերակները»։
19-րդ դարում Միջագետքում իրականացված հնագիտական պեղումները հիմնովին փոխեցին պատմության և աշխարհընկալման մեր կերպը։ Եթե ժամանակին հնագույն անցյալն ավարտվում էր Աստվածաշնչով և նրանում ներկայացված վարկածով, ապա Հին Միջագետքի բացահայտումից հետո մարդկության պատմությունն ընդարձակվեց ու անհամեմատ ավելի բարդ ու հետաքրքիր դարձավ։
Միջագետքյան մշակույթն աշխարհին պարգևեց գրական առաջին ձևերը՝ մարդկային հույզերի ու փորձառության նախասկզբնական դրսևորումները։ Եվ այդ ամենի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի ռոմանտիկ սիրո ու կրքի արտահայտումը՝ ի դեմս տարեգրության մեջ պահպանված աշխարհի ամենահին սիրային բանաստեղծության։
«Շու-Սինի սիրերգի» հետևյալ թարգմանությունը վերցված է Սամուել Նոյ Կրամերի «Պատմությունն սկսվում է Շումերից» աշխատությունից (էջ 246-247)։
Շու-Սինի սիրո երգը
Փեսացո՛ւ, սրտիս սիրելին,
Վայելուչ է քո գեղեցկությունը՝ մեղրածոր,
Առյո՛ւծ, սրտիս սիրելին,
Վայելուչ է քո գեղեցկությունը՝ մեղրածոր։
Դու գերել ես ինձ, թո՛ւյլ տուր երկյուղած կանգնել քո առջև,
Փեսացո՛ւ, ա՛ռ ու տար ինձ քո ննջարան,
Դու գերել ես ինձ, թո՛ւյլ տուր երկյուղած կանգնել քո առջև,
Առյո՛ւծ, ա՛ռ ու տար ինձ քո ննջարան։
Փեսացո՛ւ, թո՛ւյլ տուր փայփայել քեզ,
Իմ թանկագին գուրգուրանքն ավելի քաղցր է, քան մեղրը,
Մեղրով լեցուն ննջարանում
Թո՛ւյլ տուր ըմբոշխնել քո վայելուչ գեղեցկությունը,
Առյո՛ւծ, թո՛ւյլ տուր փայփայել քեզ,
Իմ թանկագին գուրգուրանքն ավելի քաղցր է, քան մեղրը։
Փեսացո՛ւ, դու վայելեցիր ինձ,
Ասա՛ մորս, նա քեզ քաղցրավենիք կտա,
Հորս ասա՛, նա քեզ ընծաներ կտա։
Քո ոգին… ես գիտեմ՝ ինչպես զվարթացնել քո ոգին,
Փեսացո՛ւ, ննջի՛ր մեր տանը մինչև արշալույս,
Քո սիրտը… ես գիտեմ՝ ինչպես ուրախացնել քո սիրտը,
Առյո՛ւծ, ննջի՛ր մեր տանը մինչև արշալույս։
Դու, քանի որ սիրում ես ինձ,
Տո՛ւր ինձ քո գուրգուրանքի բերկրանքը,
Իմ տեր աստվա՛ծ, իմ պահապա՛ն տեր,
Իմ Շու-Սի՛ն, որ զվարթացնում ես Էնլիլի սիրտը,
Տո՛ւր ինձ քո գուրգուրանքի բերկրանքը։
Քո մեղրածոր վայրը… աղաչո՛ւմ եմ, ձե՛ռքդ դիր դրա վրա,
Ձեռքդ սահեցրո՛ւ գիշբան-հագուստի պես,
Ափովդ ծածկի՛ր այն գիշբան-սիքին հագուստի պես։
Նյութը պատրաստեց և բանաստեղծությունը անգլերենից թարգմանեց՝ Հասմիկ Հակոբյանը
