Անահիտ Հայրապետյան | Ամենավերջինը

Անահիտ Հայրապետյան

ամենավերջինը

դու ինձ համար միակը
միակն ու անկրկնելին
ու ես ընտանիքս
ու ես ինձ
ու ես կովին ձիուն ու իմ փիսոյին
միշտ դրեցի երկրորդ երրորդ և ինչու չէ տասներկուերորդ տեղում
միայն թե դու լինես առաջինը
առաջինը պահեցի քեզ համար
դու եղար առաջինը գրեթե ամեն ինչում
սրտիս անկյունները պահեցի քեզ համար
կենտրոնում դրեցի քեզ
եզրերում գրեցի քո անունը
քո անունն ամենուրեք իմ մեջ
իմ մեջ աչքերիս մեջ ականջներիս մեջ
դու իմ մեջ
ես ես չեղա առանց քեզ
առանց քեզ ես չեղա էլ

երբեք չեղա քեզ համար առաջինը
ճամփաս չանցավ քո սրտի միջով
նախ եղավ քո ընտանիքը քո ձին ու կովը կատուն աղջիկները հետո միայն եկա ես
ես եկա երբ արդեն տեղ չկար
տեղ չկար ու ոտքի վրա պիտի սպասեի
սպասեի այնքան մինչև բոլորը գնային ու վերջերում մի տեղ
սրտից դուրս
մի քիչ վերև
կոկորդիդ կանգնեի
սպասեի սպասեի

ես քեզ համար երբեք չեղա առաջինը երկրորդը երրորդը ու ավաղ տասներկուերորդն էլ չեղա

առանց վախերի ձմեռ

մի օր երբ այնքան լիքը լինեմ
լիքը այնքան որ տալուց չզղջամ

մի օր երբ բաց լինեմ այնքան
որ մրսելուց չվախենամ
որ սիրեմ վերջապես ձմեռը
ու սպիտակից չվախենամ

մի օր երբ քեզ այնքան մոտ լինեմ
մոտ այնքան որ մեր միջև տարածություն չմնա
ու ես չվախենամ քեզնից ու դու լինես իմը ու դու չվախենաս ինձնից
այդքան մոտ լինենք

մի օր երբ շուրջը ոչինչ անծանոթ չի լինի
որ ամեն ինչ ուտելի ու շոշափելի լինի

մի օր երբ կորցնելուց չվախենամ ու տամ ու լինեմ անատամ

մի օր երբ դուրսը մնալուց չեմ վախենա
օտար լինելուց չեմ վախենա
երբ ընդհանրապես մեջս վախեր չեն լինի
բայց նյարդերս կտրտած չեն լինի
ու ես ցավից էլ չեմ վախենա

մի օր դու կունենաս ինձ երևի մի օր կտրվեմ վերջապես

օդապարիկ

գլուխս օդի մեջ ա
երբ դու կողքիս չես
երբ ես մենակ եմ
երբ դու կողքիս չես

որոշումս անկասելի ա
ես գնում եմ
ներիր ինձ սիրելիս
ես գնում եմ

օդը ամենածանր ամենաճնշող ամենակուլ
լցվում ա դանդաղ դանդաղ դանդաղ
աչքերս մանրից չռվում են
էլ ձայն չեմ կարող հանել
գլուխս մեծանում մեծանում ա
գլուխս մեծ մեծ
մարմինս տակից բարալիկ կախված
ես արդեն վերում եմ շատ վեր վերերում-երերում եմ
ներիր սիրելիս
ներեք ինձ ընկերներ
ներեք ինձ բալեք իմ
ես արդեն վերում եմ
ոչինչ էլ աչքիցս չի վրիպում
օդը օդը օդը
ճնշում ա
ախ ոնց ա ճնշում
ամենաթեթև օդը
աչքերս շուտով դուրս կթռչեն
մարմինս ներքևից բարալիկ կախված

թավշե վարդ

երբ մոտենում ա
հեռու ես վանում
ասում ես գնա իմը չես
ասում ես երեսդ տեսնել չեմ կարող
ասում ես ինչի չկայիր էսքան ժամանակ

հազար անգամ գրված տողերի պես
ոչ մի նոր բան, ասում ես, չկա ասածիդ մեջ
ասում ես լեզուդ կկոտրվի
էղած չեղածդ կչորանա
որ գաս գրկես
ասես ես քեզ սիրում եմ
ու էնքան շատ եմ կարոտել
ես քեզ էնքան շատ կարոտել եմ

միայն վատը ասելու հմուտ վարպետ ես
լեզուդ չորանա արի ու մի ասա
հուշերդ ուր գնացին
դու ուր գնացիր

ուր էիր էսքան ժամանակ
ում ծոցն էր տաքացնում քեզ
բառերդ հազար անգամ գրված տողերի պես
կախել ես վրես
նոր բան եմ ուզում
ավելի լավ ա ասես ինչ թարմ լոլիկի տեսք ունես
կամ ձիգ մաշկ վարունգի պես
չէ մի չէ թավշե վարդ
չէ մի չէ ադամանդե զարդ

դու ինձ չես հասկանա չէ
գոնե գրկես

սև գայլեր

դու երբեք չես էլ իմանա ինչ ա կատարվում իմ ներսում
իմ ներսում ինչ ա կատարվում
ոնց եմ ինքս իմ դեմ ծառս լինում ու ըմբոստանում քո ասածների դեմ
ոնց եմ ակնթարթորեն փլուզվում
դու երբեք չես իմանա
որովհետև դրանց մասին պատմելիս աննկարագրելի ցավ եմ ապրում
որովհետև դրանց մասին պատմել հնարավոր չէ
դրանք տեսնել հնարավոր չէ
զգալն անհնար է

հիշում ես մայրամուտին երկնքում պտտվող սև կետերը
համառորեն պնդում էիր ծիծեռներ են
միգուցե սև աստղեր են թրև գալիս
միգուցե մեր դստեր խզբզած նավակներն են

դու կասես
տարօրինակ կին ես
ինչ կարևոր են կետերը
ինչի համար են այդ կետերն ընդհանրապես
և ինչ կարևոր ա թե դրանք ինչ էին

ես կանգնել էի մայրամուտին սիրելիս
գլուխս ուսիդ դրած
դու նայում էիր վեր միայն վեր
պտտվող սև կետերին

որ գուցե ագռավներ էին
գուցե գայլեր էին
գուցե ծիծեռներ էին

ես տարօրինակ կին եմ սիրելիս
որովհետև ես կարոտել եմ քեզ
որովհետև կարոտել եմ գայլերին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *