Լիլ Հովհաննիսյան | Առանց երթուղայինի

Կես ժամ կլիներ կանգառում կանգնած սպասում էի քաղաքի միակ երթուղայինին։

-Հիմա երևի Պապիկը կգա,- հուսադրում էի ինձ տասը րոպեն մեկ։
Բայց Պապիկը չկար ու չկար։
-Տրիկոտաժից ժողովրդին վերցնելու ժամն ա, հեսա կգա։
Չէ՛, որ չէ՛։
-Աղջի՛կ ջան, իզուր մի՛ սպասի, Պապիկը գերեզմաններ ա բարձրացել,- կարգավիճակս խղճալով՝ ասում է անցնող մի հաստափոր կին։
-Բայց էսօր աշխատանքային ա կամ ի՞նչ գերեզման,- զարմանում եմ։
-Թաղում կա, մարդկանց տարել ա էլի, փորը չի ծակում մի ժամվա մեջ փող աշխատի, համ էլ հացի կնստի, թե չէ մարշուդկա քշելուց ի՞նչ, դափ-դատարկ քշում ա, հո հիսուն դրամիդ չի մնացել,- քայլերը դանդաղեցնելով շարունակում է կինն ու քիթը քորում։
-Ամեն դեպքում ապրե՛ք, որ զգուշացրիք,- պայուսակս ուսով եմ անում ու ամենօրյա բարկությունս մեղմելով՝ քայլում դեպի տուն։
Միտքս Աշն է գալիս։ Հինգ ամիս կլիներ, ինչ տեղեկություն չունեի։ Երբ երկուսս էլ հեռանում էինք հայրենի քաղաքից, կապն անմիջապես, խը՛րթ, կտրվում էր, ու ոչ մի անգամ ժամանակակից տեխնիկայի հնարավորությունները չէինք խառնում մեր հարաբերություններին․ ո՛չ զանգ, ո՛չ հաղորդագրություն, մինչև երես առ երես իրար չտեսնեինք։ Իրար ընկեր լինել-չլինելու հարցը դեռ մանկությունից քննարկել-պրծել էինք, որ ամեն բան պայմանական է, ինչպես կշիռը, ժամանակի տևողությունը, լույսի արագությունը Երկիր մոլորակում, այնպես էլ մենք ժամանակի մեջ պայմանականորեն պիտի «միշտ լինենք ընկերներ», իսկ նրանք, ովքեր իրար ֆիզիկական հավերժություն են խոստանում, կյանքից բան չհասկացող ռոմանտիկներ են։ Մենք էլ, բնականաբար, չէինք նմանվի ուտուշ-խմուշներում արուզարդ կիսող և իրենց դեմքը «ընկերական» սելֆիներում ապահովող մշտերջանիկներին։
Ցուրտ օրերն էին, երբ եկա հայրենի քաղաք։ Իմ տարիքայիններից միակ հուշարձանն էի, որը կանգնեցվել էր դպրոցից տուն դարձող երկար փողոցի մեջտեղում։ Հուշերս իրար եկան, ամառը բացվեց աչքերիս առաջ։
Ավարտելու տարին այդ նույն փողոցով ես ու Աշը վերադառնում էինք Մշակույթի տնից (կինոդիտման էինք)։ Դեպի ամռան բացը ձգտող ոտքներս անհարմար էր տեղավորել կոշիկների մեջ, մենք էլ ուզած-չուզած (ավելի շատ ուզած) փողոցը ոտաբոբիկ անցանք։ Ասֆալտի սերը կրակոտ էր, մատերներս մի կողմի տարածվեցին թերթերի կեսը պոկված երիցուկի պես։ Աշի հետ քայլելը կատարյալ էր, չնայած նրա անընդատ հնչող դժգոհությանը։ Մեր՝ փողոցներով քայլածը, ով գիտի մաշվել-գնացել էր պատմության գիրկը․ այն ժամանակներից ի վեր քանի՜-քանի՜ ռետինե անվադողեր էին ասֆալտից ջնջել ոտքներիս թողած մանկությունը։ Ահա, թե ինչ հիշողությունների ծիածան է կապել Աշի բացակայությունից։
Շարունակեցի քայլել դեպի տուն։ Երկու աղջիկ անցան կողքի մայթով, սույն ժամանակի պարապմունքից վերադարձողի դերը ստանձնած երկու նոր սերնդակից՝ բերաններից նորահաս սիրահարվածության կանչեր ելնելով (տանել չեմ կարողանում, երբ սիրահարվածությունը շփոթում են սիրո հետ ու ամեն անբախ-զանբախ հարաբերություն վկայակոչում «սիրում եմ, սիրում էի» պիտակումներով)։ Մեր ժամանակ «ուզող» ունենալը լուրջ բան էր հա՜․ ինքնավստահության ու կոկիկ քայելու էր բերում, շատերը քայլելիս առաջին անգամ գործածում էին մարմնի բոլոր մասերը, իսկ ինձ մնում էր օրվա մեջ գոնե տասը րոպե ուղիղ քայլել։
-Տասներկու տարի ա նույն բանն եմ ասում․ աջ ոտդ ուղի՛ղ դիր, սիրու՛ն չի,- փնթփնթում էր Աշը։
-Ա՜ դե, Ա՛շ, հարմա՛ր չի,- արդարանում էի։
-Խի՞ պիտի Մերիի ընկերուհին ուղիղ քայլի, իմը՝ չէ՛։
-Պա՛մ,- չպացնում էի ու էլի քայլում ուզածիս պես։
Հետո նա անցնում էր ամենօրյա բողոքներին․
-Կամ էս մազե՞րդ ինչ ա։ Մերիի ընկերուհին սաղ օրը ֆենում ա, դու էլ պառավի հյուս ես անում։
Էլի մի բան մոգոնում էի արդարանալու համար․
-Մերիի ընկերուհին իմ չափ չի կարդում, որ ժամանակ ունենա մազ ֆենելու։ Կարաս մեկ-մեկ էլ հպարտանաս։
-Չէ մի,- ասածս բանատեղ չդնելով՝ շարունակում էր բողոքի ցուցակով իջնել,- Ես չէի, չէ՞, որ օլիմպիադայիցդ գալուց սաղ դպրոցը խառնել էի իրար, ա՛յ սարկավագ։
-Ղալաթ եմ արել բան եմ պատմել Գևորգյան ճեմարանից։ Հետո՞ ինչ, որ Նորվանը սարկավագ ա, պիտի ձե՞ռ առնես։ Սաղ թանգարանով ման տվեց, էլ Աշոտ Երկաթի խաչը տեսա, էլ Խորենացու աշակերտների գրածը։ Ա՜շ, նենց էին տառերը մուգ ու բաց արել, որ ամբողջ տեքստը, որ նայում էիր, Խորենացու դեմքն էր։ Պլյուս գրավորի ժամանակ հա գալի սոկ էր բերում ու բուտեռբռոտ,- վերապրում էի Նորվանի հետ անցկացրած մեկ օրս։
-Մեկա էս կոշիկդ հեչ չի գնում վեռխիդ հետ, խի՞ ես հագել,- դժգոհի դեմքը չփոխելով՝ շարունակում էր նախատել։
-Ինչ հասցրել եմ, էտ եմ հագել, մի՛ ներվայնացրու,- դժգոհում էի, չնայած Աշի կարծիքն իմ՝ համար մեկ հայելին էր։
Հետո տեսնելով՝ ապարդյուն է՝ ցանկն ավարտում էր փոքր խնդրանքով․
-Ակնոցիդ ապակին մաքրի՛ մի հատ էլի, վրեն գոլորշու հետք ա մնացել։
Ու այսպես տասներկու տարի մի ողջ դպրոցի ճանապարհ Աշի հրահանգներով նախավարժանք էի կատարում։ Իսկ տասի վերջերից, երբ հասկացանք, որ մեր սիրունանալու տարիքն է վրա հասել, որ բազում տղաներ արդեն իսկ խցկվել են մեր առօրյա, ու մեր խակ ուղեղը դեռ ունակ չի լինի տղայի թացը չորից տարբերել, պայման կապեցինք ընկեր չունենալ մինչև տասներկուսի վերջը (մեր ժամանակ Ավագ դպրոցն արդեն երկու տարի էր, ինչ գործում էր)։ Գիշերներ կային, երբ սիրահարվելու ցանկությունը գլուխ էր բարձրացնում ու պայմանը չխախտելու համար իրար հաղորդագրություն էինք ուղարկում (իբր մեր «ուզողներից»)։ Հետո վիճակը սրվեց․ իբրև բարի գիշեր՝ սկսեցինք հեռախոսազանգով հեքիաթներ պատմել x-երի ու y-ների, ինչպես նաև մեր «չի կարելի» սերերի մասին։ Հիշում եմ՝ մի անգամ Աշի համարը դուրս եկած տղայի անունով էի գրանցել, որ զանգ գալիս ապրեի նույն զգացողությունը, ինչ իր զանգելիս։ Մի ազատ օր էլ հյուր ենք գնում գյուղ, հեռախոսս թողնում եմ հացի սեղանին ու վազում ինչ-որ Տարոնի հետ ջրոցի խաղալու։ Աշը զանգում է, ու մաման, պապան կիսատ են թողնում ուտելու արարողությունը։ Այդ օրը հեռախոսը մոտներն է մնում, թարսի պես Աշն էլ գիշերը գրում է մեր տուն-տունիկի հերթական ռոմանտիկ հաղորթագրությունը՝
«ԿՅԱՆՔՍ (հատուկ հակակրանք ունեի այդ բառի հանդեպ), արի քնենք, վաղն էլի կզանգեմ, էսօր հոգնած եմ, սիրում եմ քեզ․․․»։
Ա՜հ, իմ խեղճ վիճակ․ ժամանակավոր մոռանում եմ՝ ութից հետո դուրս գալն ի՜նչ քաղցր բան է։
Փողոցը թեքեց ուղղությունը։
Էլի ամառներից մեկը Աշին բերել էր մեր տուն։ Դուրս գալու տարբերակ չկար, անգլերեն պիտի պարապեինք, բայց հաղարջն էլ հասունացել, հատիկավորվել էր․ քաղելու ժամանակն էր։ Հիշում եմ՝ Աշը թաքուն ինձ բողոքում էր հաղարջի թփերից, մինչդեռ հոժարակամ թեքվում էր ուղիղ այգին մամայի ամենանգամյա «կքաղե՞ք»-ից հետո։ Ու մեր կարմրոտ մատները, արևի տակ կնճռոտվելով, թերթում էին անգլերենի կարդացված էջերը։
Անցա կոդակի կողքով։ Մի փող մանրելու օր այստեղ մեր նկարները դաջել տվեցինք սպիտակ մայկաների վրա, որ նախորոք առել էինք Միլան խանութից։ Մեկին բա՝ բեսթ, մյուսին էլ՝ ֆռենդզ։ Այ օրվանից, երբ հագնում էինք մայկաները, աջ ու ձախ չխառնելով՝ իրար կպած քայլում էինք, որ դիմացից տեսնողը ճիշտ կարդար՝ բեսթ ֆռենդզ։ Հասա մթերային խանութների շարքին, ուր ապակիներից շողում էին Ամանորյա շամպայնի ու գինու շշերը։ Շիշս միտքս ընկավ։ Մի շիշ, որի պարունակությունը սկզբնական շրջանում նռան գինի էր, տասնյոթ ամյակիս խմելուց հետո մեջը լիքը հուշաթղթերով փակվեց։ Պայման կապեցինք, տարիներ հետո բացել, կարդալ, թե ինչպես էինք մտածում հիմա, ով էր ում «ուզում» ու առհասարակ կարդալ այն ամենը, ինչ գրի էինք առել մի երեկո։Ուզեցինք թաղել մեր այգում։ Մեկ էլ մտքներիս եկավ, թե կամ կգողանան, կամ էլ հողի վրա շենք կկառուցեն, ինչպես որոշ ֆիլմերի դրվագներում է (թե ասա մեր մի թիքա այգում ո՞վ էլ գժվել լոբու շիթերի տեղը բան-ման կառուցել, մի մատ աշտարակ հազիվ տեղավորեր) կամ էլ, որ վատագույնն է ու ամենատրամաբանականը, հավերի՝ քջուջի ժամանակ կտուցներն այսկողմ-այնկողմ տալը, մեր մի քանի տարվա հուշաշիշը կդարձներ կտցահարված անհաջող դուրսբերում։ Դարակս ամենահարմարն էր շիշն առաջիկա երեք տարում մոռանալու համար (հատուկ նման բաների դարակ ունեմ, որ օտարին աղբարկղ կթվա․ կոտրած քանոն, վառված լամպ, ջարդված բաժակ)։
Մի պահ սթափվեցի․ ձյունախառն քամին ծակ տոպրակով ընդեղենի պես թափվեց երեսիս, ու ես սկսեցի համարյա վազել։ Աշի հետ ամռան մեկ օրը պարտադիր տրամադրում էինք վազելուն։ Ուղղությունը դեպի հավանոց էր։ Սկզբի մի հինգ հարյուր մետրը, որն ամոթ էլ է կիլոմետրով ասելը, վազում էինք, հետո Աշը հետևից սպիտակ դրոշակ էր բարձրացնում, շնչակտուր, ոտք ու ձեռք իրար խառնելով՝ մի կերպ ձայն էր տալիս, որ առաջին օգնություն ցուցաբերեմ։ Պատահում էր, որ լավ էլ վազում էինք ու քաղաքից հասնում որևէ խուլ գյուղ ու գիշերվա կողմ լուսարձակով մի կերպ գտնում էինք հետ դարձի ճամփան։ Լինում էին օրեր, երբ պարզապես անկեղծ էինք գտնվում ու վազելու փոխարեն քայլում դեպի գյուղ գնացող կամրջով, հետո ես կինոյի տղան էի լինում, Աշն էլ բարձր քարերի վրայով քայլող աղջիկը։ Հետո մենք տաք շատրվանում լողացող մերկ տղա էինք տեսնում, հարմար տեղավորվում կամրջի եզրով ու վայելում հիասքանչ մայրամուտը։ Օրեր էլ կային, որ զուտ տուն-տունիկ էինք խաղում, բայց ոչ վիրտուալ աշխարհում․ հացը մեր տանն ուտել, քաղցրը՝ իրենց կամ հակառակը, նայած, թե ում տանը որն էր համովը։ Քննության օրերն էին բուռն անցնում․ Աշը ներսից կողպում էր սենյակի դուռը, թեման թեմայի հետևից, մեկ էլ՝ հո՛պ՝ գիշերվա չորսը։ Ինչ խոսք շատ հաճախ տասից տասն էինք ստանում։ Պատահում էր, որ Աշը, ի դժբախտություն ինձ, բենեֆիսում էր «Ուկրաինայի ձայնը» հաղորդման մասնակիցների երգերը։ Մի ծուռ, մետաղյա եսիմինչ ուներ, որ բարձրախոսի տեղ օգտագործում էր ելույթը բեմական երևալու համար։ Ստիպված սսկվում, տեղս էի նստում մինչև երգի ավարտը։ Դասարանում բոլորը գիտեին Աշի հիստերիաներն ու իմ հանդուրժողականությունը։ Դրանով էլ մեր ընկերությունը գլորել էր իր տասնչորս տարին։
Ցրտահարված տուն հասա։ Մտա սենյակս փոխվելու։ Զգացի, որ կարոտս լիարժեք չի կպչում պատերին, որ դարակիս վրայի բաժակը մենակ է, որ գորգիս վրա մի բան է պակաս․ Աշը։
Հուշերը երթուղայինից շուտ եկան ու կարճ ժամանակում հասցրին տուն։ Վերևների անտարբերությունը հայրենի քաղաքիս հանդեպ ու երթուղայինների բացակայությունը այս անգամ ագրեսիաս փոխարինեցին բարի հուշերի երկարամետրաժ ֆիլմաշարով։
-Մեզ երթուղայիններ են պետք, ես չեմ ուզում ռոմանտիկ դառնալ․․․

Share Button

3 Կարծիք

  • Alia says:

    շատ հաճելի էր ))

  • Juli says:

    հրաշալի է գրված, ափսոս որ ժամանակը հետ տալ հնարավոր չէ

  • Emmy Karapetyan says:

    վերջին տողը հավեսով կոտրեց ընդհանուր ռոմանտիկան, սրտովս էր)))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *