Արփի Ոսկանյան | Արատավոր կապ

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Արփի Ոսկանյանի «ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ»  գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժամը 18.00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Շնորհանդեսի ժամանակ գիրքը ՉԻ ՎԱՃԱՌՎԵԼՈՒ
Խաղարկվելու է
Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։

Նրա վարձած տունը գնացքի վագոն էր հիշեցնում։ Պատճառը հավանաբար երկհարկանի մահճակալն էր, որի առաջին հարկի համար իմ ու նրա միջև հաճախ ճակատամարտեր էին տեղի ունենում։ Երբեմն նա ինձ զիջում էր առաջին հարկը, երբեմն չէր զիջում, ու ես ստիպված էի լինում բարձրանալ երկրորդ հարկ։ Երբեմն էլ երկուսով առաջին հարկում էինք տեղավորվում, թեպետ ամեն անգամ նա նախապես հիշեցնում էր, որ մահճակալը շատ նեղ է երկուսով քնելու համար։

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ «ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ» (պատմվածքներ): Խմբագիր՝ Համբարձում Համբարձումյան: Երևան, «Անտարես», 2016, 336 էջ (XXI. մատենաշար):

Ամեն անգամ, երբեմն, հաճախ բառերը կարող են թյուր պատկերացում ստեղծել մեր հանդիպումների հաճախականության ու պարբերականության մասին։ Միգուցե դրանք թաքուն ցանկություն են արտահայտում՝ ցուցադրելով մեր հանդիպումների՝ առաջարկը գերազանցող պահանջարկը, միգուցեև հակառակը՝ առաջարկն ավելին էր, քան պահանջարկը։ Մենք հանդիպում էինք արդեն մեկ տարի, բայց հասցրել էինք հանդիպել չորս անգամ։ Էլի քիչ չի, եթե հաշվի առնենք, թե որքան թանկ էին նստում այդ հանդիպումները մեզ վրա։ Ամեն անգամ ինչ-որ բան էր տեղի ունենում կամ հանդիպումից առաջ, կամ հանդիպումից հետո։ Պատահում էր, որ այդ բանը տեղի էր ունենում հենց հանդիպման ժամանակ, թեպետ մենք այդ մասին իմանում էինք հանդիպումից հետո միայն։ Կարող է թվալ, թե դրանում որևէ տարօրինակ, առավել ևս արտառոց բան չկա, քանի որ միշտ էլ ինչ-որ բան տեղի է ունենում, սակայն բոլոր այդ պատահարները պայմանավորված էին իմ ու նրա հանդիպմամբ։ Ես վստահաբար չեմ կարող ասել, թե ինչն էր ստիպում այդպես ենթադրել, սակայն ամենայն վստահությամբ կարող եմ պնդել, որ հենց այդպես էր։ Ու եթե այդպես չլիներ, մենք հավանաբար չէինք էլ հանդիպի։ Եթե գոնե մի անգամ չլիներ, գուցե չհանդիպեինք հենց հաջորդ անգամ։ Բայց միշտ ինչ-որ բան պատահում էր, և այդ ինչ-որ բանը հանդիպման լեյտմոտիվ և խոսակցության թեմա դառնալու հույս էր ներշնչում, որը սակայն անզոր էր սատարել մեզ բուն հանդիպման ժամանակ, քանի որ մենք երբեք տեղի ունեցածը չէինք դարձնում քննարկման առարկա։
Ամենածանր բանը մեզ համար իրար հետ շփվելն էր։ Չի կարելի ասել, թե մենք չունեինք ընդհանուր հետաքրքրություններ։ Մեր բոլոր հետաքրքրությունները, փաստորեն, ընդհանուր էին։ Մեր ընկերները՝ նույնպես։ Մենք զբաղվում էինք միևնույն գործով, վերջապես՝ ապրում էինք միևնույն քաղաքում։ Էլ չեմ խոսում երկրի մասին։ Խոսակցության թեմա գտնելն այնքան դժվար չէր, որքան հետո այդ թեմայով խոսելը։ Մենք զգուշորեն ու բծախնդրորեն ընտրում էինք ամեն մի բառը, այն արտասանելու տոնայնությունը, հաջորդող կամ նախորդող դադարի տևողությունը, ուղեկցող ժեսթը, լրացնող միմիկան։ Մենք չգիտեինք՝ իրար հետ գրակա՞ն լեզվով խոսենք, թե՞ խոսակցական։ Մենք անընդհատ փորձում էինք անբռնազբոսիկ ու բնական լինել, բայց պաշտոնական գրականը ավելի էր պատշաճում մեր միջև հաստատուն պահպանվող հեռավորությանը, և մենք պահում էինք մեզ բարեկիրթ մարդկանց պես՝ մի գավաթ գարեջրի շուրջ միավորված հեռավոր ծանոթների, որոնց միջև ինչ-որ բանի եղելությանը դժվար էր հավատալ։ Սակայն հանկարծ այդ շքազրույցի մեջ խոսակցական բառ էր խցկվում, և մենք, ամոթխած-կարկամած, կախում էինք մեր գլուխները։
Մենք շատ արագ էինք հոգնում՝ խոսակցությունը դեռ չսկսած։ Արդար քրտիքով ձևակերպած նախադասությունները, որ պատրաստվում էինք արտասանել, հանկարծ մեզ թվում էին անկարևոր, անտեղի ու անիմաստ ընդհանրապես։ Որովհետև այն, ինչ կուզենայինք ասել, այն չէր, ինչը կարող էր այն լինել։ Եվ մենք լռում էինք՝ տրամադրելով տեսողական ու ձայնային տարածությունը հեռուստացույցին, որը ոչ միայն չէր կոծկում լռությունը, այլև դարձնում էր այն մերկ ու անկոծկելի։ Սա այն հայտնի լռությունը չէր, որ ավելի խոսուն է, քան բառերը, քանի որ բաղկացած է արտասանության համար չափազանց թանկ, այդ իսկ պատճառով անարտասանելի բառերից, սա լռություն էր՝ ամբողջովին բաղկացած բառերի կորստից, և բառերից խոսուն ցուցադրում էր միայն այն, որ մենք չենք կարողանում խոսել։
Մեզ չէր հաջողվում ստեղծել անկաշկանդ ու մտերմիկ մթնոլորտ, մենք պահում էինք մեզ կամ շատ բռնազբոսիկ, կամ շատ ազատ, որ, փաստորեն, նույն բանն է։ Ու երբ չափազանց անտանելի էր դառնում լռությունը ¨ էլ ավելի անտանելի՝ խոսելու անհրաժեշտությունն ու անկարողությունը, մենք անջատում էինք լույսը, հանվում էինք ու պառկում մահճակալի առաջին հարկում։ Ճիշտ է, նա չէր հանում իր շապիկը, բայց քանի որ նա այդ շապիկը երբեք չէր հանում, ու այն նրա հագին էր ամառ-ձմեռ և այդպիսով դարձել էր նրա մարմնի մասը, կարելի է ասել, որ մենք մերկ էինք, ինչպես Ադամն ու Եվան մեղսագործությունից առաջ։ Այստեղ տեղի էր ունենում այն, ինչն անխուսափելի է, երբ մարդկանց ցանկությունները տարբերվում են հարյուր ութսուն աստիճանով. եթե մեզնից մեկը որևէ բան էր ցանկանում, մյուսը կտրականապես չէր ցանկանում այդ բանը, և եթե մեզնից մեկը բացարձակապես ոչինչ չէր ցանկանում, մյուսն անպայման ինչ-որ բան ցանկանում էր, ինչի արդյունքում մեզնից մեկնումեկը հայտնվում էր մահճակալի երկրորդ հարկում, որտեղից անսահմանափակ հնարավորություններ ուներ դիտելու մյուսին Աստծո տեսանկյունից։
Հավանաբար տեսանկյունն էր պատճառը, որ մահճակալի երկրորդ հարկը տրամադրում էր խորհրդածության ու մտորումների, որոնք անխուսափելիորեն հանգում էին թևավոր մտքերի։ Հնարավոր է՝ թևավոր մտքերը պարզապես զբոսանքի էին դուրս գալիս իրենց ժողովածուներից, որ առատորեն շարված էին գրադարակում, քանի որ նա աֆորիզմների մեծ սիրահար էր։ Նա կարդում էր դրանք քնից առաջ մածուն խմելու փոխարեն ու արթնանալուց հետո՝ մի բաժակ սուրճի տեղ։ Զուգարան գնալուց առաջ, ինչպես և զուգարանում, որոշ աֆորիզմներ օգնում էին նրան հոգալ պետքերը՝ փոխարինելով սիգարետը։ Նա աֆորիզմներ էր կարդում ընթրիքից, նախաճաշից և հատկապես ճաշից առաջ, դրանք, իր ասելով, խթանում էին ստամոքսահյութի արտադրությունը և կանոնավորում հիմնա֊թթվային բալանսը։ Լույսն անջատելուց առաջ էլ, ինչպես կարելի է կռահել, նա մի քանի րոպե տրամադրում էր աֆորիզմների ընթերցանությանը՝ ինձ էլ խորհուրդ տալով միանալ իրեն։ Որոշ աֆորիզմներ նա օգտագործում էր պրոֆիլակտիկ֊ կանխարգելիչ նպատակներով, որոշ աֆորիզմներ էլ ունեին բուժական նշանակություն։ Նա ուներ աֆորիզմներ գլխացավի, հարբուխի, գաստրիտի, այրոցքի, հեմորոյի, նեֆրիտի, ցիստիտի, մենինգիտի, հեպատիտի, շաքարախտի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, սրտային անբավարարության և անբավարարվածության դեմ։ Կային աֆորիզմներ, որ ի զորու էին բուժել չբերությունն ու սեռական անկարողությունը։ Նա առատորեն օգտագործում էր ինչպես մեծերի, այնպես էլ իր հեղինակած աֆորիզմները՝ համարելով, որ դրանք կատարելապես անվնաս են առողջության համար և չմտահոգվելով դրանց կողմնակի ազդեցություններով։ Մինչդեռ աֆորիզմների չարաշահումից նրա մոտ դիտարկվում էին բոլոր վերոհիշյալ և բազում այլ հիվանդությունների ախտանիշներ, որոնց դեմ նա հույս ուներ պայքարել նույն այդ աֆորիզմներով։
Չգիտեմ՝ ինչու էին աֆորիզմները նախընտրում մահճակալի երկրորդ հարկը, միգուցե այն պատճառով, որ ցանկանում էին ցուցադրել իրենց թևերի թափը և դրանք անընդհատ թափահարելու արդյունքում հայտնվում էին առաստաղի տակ։ Դրանց դեմ կազմակերպված պայքարի ամենաարդյունավետ միջոցը գրառումն էր, որ կարող էր առավոտյան նաև որոշ բարոյական եկամուտ բերել շնորհակալության կամ, ինչու չէ, սիրո տեսքով, սակայն դա հնարավոր չէր առանց սեփական բարձունքներից իջնելու, ինչը կարող էր կասկածների տեղիք և մեծամտանալու առիթ տալ ցածում պառկածին, ու որ ամենաանցանկալին էր՝ դառնալ նրա ինքնարժեքի կտրուկ բարձրացման պատճառ։ Անհիմն, շուկայական գործընթացներով չթելադրված թանկացումը կանխելու համար մարդ գերադասում էր քնել թևավոր մտքերի թևաբախյունների աղմուկի ներքո, հատկապես՝ որ առավոտյան եկամուտը բարոյականության սահմանները չէր խախտելու։ Սակայն թևավոր մտքերն այնպես էին ճախրում, թևածում ու թռչկոտում շուրջդ, քայլում վրայովդ, դուրսմղիչ պոմպ խրում մազանոթներիդ մեջ, որ մարդ ստիպված էր լինում վայրէջք կատարել սեփական բարձունքներից, վառել լույսը ու սատկացնել դրանց ձեռքի տակ ընկած առաջին գրքով՝ բնականաբար աֆորիզմների։
Այստեղ սկսվում էր մեր հիմնական, առանցքային֊ գաղափարական բախումը, քանի որ նա այս կյանքում երկու սեր ուներ՝ աֆորիզմներն ու միջատները։ Կամ՝ միջատներն ու աֆորիզմները, քանի որ դժվարանում էր ասել, թե դրանցից որն է իր համար առավել առաջնային։ Թե թևավոր մտքերին, թե թևավոր ու անթև միջատներին նա վերաբերվում էր միևնույն խանդաղատանքով, սակայն եթե աֆորիզմների հանդեպ սերը փորձում էր օգտագործել ի շահս յուր առողջության, միջատների հանդեպ տածած սերը կատարելապես անշահախնդիր էր՝ պայմանավորված գեղագիտական պատկերացումներով։ Նա քիչ էր հավատում միջատների հետ կապված սնահավատություններին, կարելի է ասել՝ ընդհանրապես չէր հավատում։ Նրա համար սարդը թանկ էր ու անգին ոչ այն պատճառով, որ հարստություն է բերում, թեպետ մեր կռիվների ժամանակ նա չէր զլանում երեսովս տալ սարդի այդ կարևոր ունակությունը, որով ոմանք օժտված չեն և դեռ իրենց իրավունք են վերապահում ձեռք կամ, որ կրկնակի ստորություն է, գիրք բարձրացնել խեղճ անասունի վրա։ Նա սպառնում էր գլխիս հարվածել աֆորիզմների գրքով, եթե այն անհապաղ ցած չդնեմ։ Ապա ապացուցում էր, որ շեկ, բրդոտ սարդը, կանաչ մոծակը և հատկապես սև խավարասերը, որը նրա առանձնահատուկ սերն էր վայելում, ինձնից ավելի գեղեցիկ են, իսկ լոգախցիկում բնակվող խոնավասերը անկյունից անկյուն վազվզելու ավելի շատ իրավունք ունի, քան ես՝ այնտեղ ցայվելու։ Եվ եթե նա հյուրասիրաբար չի բողոքում իրեն անհանգստություն պատճառելու համար, ի՞նչ բարոյական իրավունք ունեմ ես պահանջել նրա վտարումը իր օրինական բնակարանից կամ, որ էլ ավելի անմարդկային է, նրա բռնի մահը։
Նա իրեն համարում էր միջատների իրավունքների պաշտպանն ու նրանց մեծ բարեկամը։ Այդ կոչմանը, որ ինքն էր շնորհել իրեն, վերաբերվում էր սահմանափակ պատասխանատվությամբ՝ չհամարելով այն իր կյանքի գործը, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ անսահմանափակել պատասխանատվությունը կամ, ավելի ճիշտ, սահմանափակել անպատասխանատվությունը, ինչը կարող էր փչացնել ու քչացնել հաճույքը, որ պարգևում էին նրան միջատները։ Նա սրտանց կերակրում, խնամում, պաշտպանում էր միջատներին՝ ազատ ժամերը նվիրելով նրանց կենսակերպի ուսումնասիրությանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Ամենից շատ սիրում էր դիտել միջատների խաչասերումը՝ հոգեկան մեծ հաճույք, ապա և բավարարում ստանալով դրանից։ Ես նույնիսկ աղոտ կասկածներ ունեմ, որ նրա անշահախնդիր միջատասիրության հիմքում թաքնված են շատ արատավոր հակումներ. հնարավոր է խաչասերումն անպատիժ դիտելու հնարավորությունն էր միջատների հանդեպ նրա գորովալից վերաբերմունքի պատճառը, հնարավոր է և շատ ավելի ահավոր մի բան։
Չի բացառվում, որ ես էլ ունեի նրան տարօրինակ, արտառոց ու նողկալի թվացող նախասիրություններ, բայց այդ մասին կարող է ասել, ցավոք, միայն նա։ Այնպես որ, պատումս անկարող է խուսափել միակողմանիությունից ու կանխակալությունից։ Այնուհանդերձ, կփորձեմ անաչառ լինել. ինչպես արդեն ասացի, մեզ համար ամենադժվարը հանդիպման համար նախատեսված ժամանակը ինչ-որ բանով լցնելն էր, մենք օգտագործում էինք բոլոր հնարավորությունները այն պարապ չթողնելու համար, և յուրաքանչյուր վայրկյանը, որ մենք անց էինք կացնում լռելով կամ խոսելով, քնած, թե արթմնի, առաջին հարկում միասին, թե առանձին՝ տարբեր հարկերում, յուրաքանչյուր վայրկյանը թանկ էր մեզ համար, քանի որ մոտեցնում էր մեզ հանդիպման համար նախատեսված ժամանակի ավարտին։ Այդպիսով, վայրկյան առ վայրկյան մենք դառնում էինք միմյանց ավելի տանելի, ապա հաճելի ու անգամ հարազատ, իսկ բաժանման պահին սկսում էինք սիրել իրար՝ այն երջանկության համար, որ պատրաստվում էինք պարգևել միմյանց։
Ամեն հանդիպումից հետո մենք բաժանվում էինք թեթևացած ու երջանիկ՝ համոզված, որ եթե ոչ ընդհանրապես, ապա գոնե մի որոշ ժամանակ իրար չենք տեսնի։ Երջանկության սպասումը չերկարաձգելու համար բաժանվում էինք գործնական, հակիրճ ողջույնով, դռան մոտ, ու եթե մեզնից մեկնումեկը պատրաստվում էր վերելակ նստել, մյուսը գերադասում էր սլանալ աստիճաններով և հակառակը։ Ես չգիտեմ՝ ինչու էինք մենք հանդիպում։ Ժամանակ առ ժամանակ ինձ թվում էր, որ մեր արատավոր կապը միակողմանի է, ու եթե մնա, ասենք, նրա հույսին, չի հապաղի կտրվել։ Այդ ժամանակ ես ժողովում էի հոգուս ողջ տոկունությունը, քաջությունն ու հերոսականությունը և որոշում կայացնում ազատագրել մեզ այդ՝ անիմաստ ու անտանելի կապանքներից, սակայն հենց այդ ժամանակ կապը խորհրդանշական, անշառ բառից վերածվում էր արատավոր իրողության՝ ոչ միայն անհերքելի, այլև անկտրելի։ Բանը հասնում էր նրան, որ նա բաժնետիրական իրավունքներ էր ներկայացնում՝ վերացնելով կապի հանդեպ ստանձնած իմ մենաշնորհը՝ հայտարարելով, որ ինքը նույնպես կապավոր է՝ կապի որակով մտահգված նույնքան, որքան և ես, միգուցե նույնիսկ ավելի։ Ես մտածում էի, և պետք է նշել՝ բավականին տրամաբանորեն, որ եթե վերջնական վճիռները ամրապնդում են կապը, միալար անվճռականությունն ու բարձիթողումը պիտի որ ժամանակի ընթացքում թուլացնեն, քայքայեն, ապա և աննկատ ու անցավ կտրեն այն։ Սակայն հնարավոր չէր ստեղծել առավել միապաղաղ ու բարձիթողի կապ, ինչպես նաև՝ առավել հաստատուն ու հիմնավոր։ Դատելով նրա որդեգրած թափից՝ այն կարող էր ձգվել ընդհուպ մինչև մեզնից մեկնումեկի մահը, ավելի ճիշտ՝ մեզնից առավել երկարակյացի։ Հնարավոր է՝ էլ ավելի երկար, սակայն, կարծում եմ, հանրության սեփականությունը դառնալու պայմանով։
Մինչդեռ մենք թաքցնում էինք մեր արատավոր կապը հարևաններից ու բարեկամներից, հարկային տեսչությունից, օրինապահ մարմիններից, զանգվածային լրատվամիջոցներից, կառավարությունից ու ընդդիմությունից, կարելի է ասել՝ հայրենիքից, ինչպես նաև՝ հայրենիքից արտագաղթողներից, ընդհանրապես կողմնակի և անգամ սեփական աչքից։ Առաջին հայացքից այս զգուշավորությունը կարող է անհեթեթ թվալ, քանի որ մենք որևէ բանով չէինք խախտում ոչ օրենքի, ոչ էլ հայրենական բարոյականության սահմանները, ավելին՝ մենք այնքան հեռու էինք այդ սահմաններից, որ դրանք հեռավոր հորիզոնում չէին երևում, հետևաբար սահմանախախտության մասին խոսք լինել չէր կարող, ինչն էլ մեր կապի արատավորության պատճառներից մեկն էր, թեպետ ոչ միակը, քանի որ կար նաև որոշ սեռային ու տարիքային տարբերություն՝ ճիշտ է, ոչ շատ մեծ, բայց ոչ էլ շատ փոքր։ Մենք, առհասարակ, ստվերային գործունեություն ծավալելու շատ դրդապատճառներ ունեինք, հենց թեկուզ միայն համատարած թափանցիկության մեջ մի փոքր ստվեր ձեռք գցելու գայթակղությունը։ Սակայն մեր կապն արատավոր էր հիմնականում այն պատճառով, որ այն գլխավորապես նամակագրական էր։
Ամեն հանդիպումից հետո նոր թափ էր առնում մեր միջև ծավալված նամակագրությունը, որը, հրապարակվելու դեպքում, կարող էր համալրել համաշխարհային նամականու լավագույն էջերը։ Մենք գրում էինք իրար երկարաշունչ, լայնածավալ ու խորաթափանց նամակներ՝ տոգորված մեծ զգացմունքով և նուրբ լեզվազգացողությամբ։ Զարմանալին այն էր, թե ինչքան շատ բան էր ճարվում իրար հայտնելու։ Ես անկարող եմ բացատրել այդ հիրավի անբացատրելի երևույթը, թե ինչու այդքան ծանր ու անտանելի էր անմիջական շփումը և ինչու այդպես թեթև, անկաշկանդ ու անկեղծ էին մեր նամակները։ Պատճառը գուցե այն էր, որ մենք մասնրամասնորեն մշակում, խմբագրում ու սրբագրում էինք դրանք, բերում ոճական ու լեզվական ընդհանրության՝ տեղ չթողնելով ոչ մի պատահական բառի համար՝ լիներ այն խոսակցական, թե գրական։ Իսկ միգուցե գիրը հնարավորություն էր տալիս անկեղծությամբ կոծկել մի բան, որը կոծկվելու կարիք ուներ, ու երբ մենք նստում էինք դեմ առ դեմ, այդ բանը ներկայանում էր իր ողջ անպաշտպան մերկությամբ՝ բաց ու թաց վերքի պես։ Չգիտեմ՝ ինչն էր այդ բանը և արդյոք կա՞ր նման բան, թե՞ դա սոսկ իմ՝ ամեն ինչին բացատրություն գտնելու մոլուցքի ծնունդն է։ Չի բացառվում, որ առհասարակ ընկնում եմ չափազանցությունների գիրկը՝ տուրք տալով գեղարվեստական երևակայությանս։ Եթե հաշվի առնենք նաև, որ սույնը գրվում է հետին թվով, երբ շատ բան արդեն մոռացվել է և, որ ամենակարևորն է, մոռացվել է հավանաբար ամենակարևորը, կարելի՞ է արդյոք սույնը համարել հավաստի և ընդհանրապես արժանահավատ։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել մեր արատավոր կապի որոշ օրինաչափությունների վրա, որոնք բացահայտելի են նամակագրության և հանդիպումների համեմատական ուսումնասիրության շնորհիվ։ Հանդիպումից հանդիպում ընկած հատվածում նամակագրության որակը բնութագրվում էր անկումային կորով, որի ամենացածր նիշը նշանավորում էր նոր հանդիպման անհարժեշտության հասունացումը։ Այսպիսով ոչ թե մենք, և ոչ էլ անգամ տեղի ունեցող դեպքերը, այլ նամակների որակը, ավելի ճիշտ՝ դրանց գեղարվեստական արժեքն էր որոշում հերթական հանդիպման, հետևաբար և պատահարների ժամանակը, իսկ հանդիպումն իր հերթին կոչված էր կրակ ավելացնելու և թափ հաղորդելու նամակագրությանը։ Այն նպատակ էր հետապնդում վերականգնել հասցեատիրոջ դիմագծերը հիշողության մեջ, քանի որ երկարատև նամակագրության ընթացքում դրանք լղոզվում էին և կորցնում հստակությունը։ Սակայն ցավով նշեմ, որ դիմագծերի կորուստն անդառնալի էր, քանի որ հանդիպումների արանքում ընկած ժամանակահատվածում դրանք ենթարկվում էին ժամանակի ավերիչ ուժին։ Այսպիսով, ամեն հանդիպմանը ծանոթանալու անհրաժեշտություն էր առաջանում, քանի որ մենք ներկայանում էինք միմյանց անճանաչելիորեն փոփոխված դիմագծերով, և ժամանակ էր պահանջվում՝ ընդ որում հանդիպման համար նախատեսված ողջ ժամանակը, որպեսզի այդ դիմագծերը հասցնեն հարազատանալ։ Ամեն հանդիպումից հետո մեր նամակագրությունը նոր փուլ էր թևակոխում, քանի որ հասցեատերը ոչ միայն վաղեմի բարեկամ էր, այլև բոլորովին նոր ծանոթ, որին պետք էր ծանոթանալ, այսպես ասած, մոտիկից։ Այդպիսով նամակագրությունը նախապատրաստում էր մեզ հաջորդ՝ այսինքն երկրորդ և առավել մտերմիկ հանդիպմանը, որն այդպես էլ չէր կայանում, քանի որ հաջորդ հանդիպումը դարձյալ առաջինն էր լինում։
Հարկ եմ համարում նշել սակայն, որ բոլորովին տարբեր զույգեր էին ժամանակ առ ժամանակ հանդիպողները և միմյանց նամակներ գրողները։ Նամակագրության մեջ մենք երբեք չէինք հիշատակում հանդիպումների ընթացքում կատարվածը կամ դրանցից ստացած տպավորությունները, և հանդիպման ժամանակ երբեք չէինք անդրադառնում նամակների մեջ հիշատակված թեմաներին։ Հանդիպումների համար նախատեսված ժամանակի ընթացքում որևէ բան անկարող էր մատնել այն, որ մենք ունենք նաև այլ՝ նամակագրական կապ, իսկ նամակների ընթերցանությունը անկարող էր դույզն-ինչ կասկած հարուցել, որ մենք նաև հանդիպում ենք։ Ճիշտ է, հաճախ են հանդիպում հանդիպման բուռն ցանկության արտահայտումներ, բայց դրանք չեն կարող հանդիպման հետագա կայացման վկայություն լինել, հատկապես որ ավելի քնարական զեղումներ են հիշեցնում։
Սակայն որոշ բաներ խոսում են այն մասին, որ որոշ հանդիպումներ այնուամենայնիվ կայացել են, և ուշադիր, պրպտող աչքը ինչ-որ բան այնուամենայնիվ կհայտնաբերի՝ բան, որ ենթադրում է նախնական հանդիպում, և երկուսիս պնդմամբ էլ, նամակով քննարկելիք բան չէ, այդ իսկ պատճառով մենք դրա քննարկմանը նվիրեցինք մեր վերջին՝ չորրորդ հանդիպումը, որի ընթացքում, ինչպես կարելի է ենթադրել, բացարձակապես չշոշափեցինք այդ թեման՝ տքնելով հանդիպման համար նախատեսված ժամանակը լռության ու խոսակցության հերթագայումներով լցնելու բեռի տակ։ Նրա դեմքին նայելիս ինձ համակում էր կասկածը՝ արդյո՞ք մեր միջև նամակագրական կապ կա։ Միգուցե նա չէր ստանում իմ նամակները, միգուցե դրանք ուրիշ մարդու ձեռք էին ընկնում, և ինձ պատասխանում էր այդ ուրիշը։ Կարելի էր, իհարկե, ստուգողական հարց տալ, սակայն ես չէի գտնում ճիշտ ձևակերպումը, չէի կարողանում, ավելի ճիշտ՝ չէի համարձակվում. դա ինձ թվում էր խաղի կանոնների կոպիտ խախտում։ Խաղ, որ ընդունված էր լուռ, սակայն երկուստեք համաձայնությամբ՝ այդպես էր ինձ թվում։ Ի հավաստումն դրա՝ թվում էր նաև, թե նրան էլ է այդպես թվում։ Հետո ինձ դադարում էր այդպես թվալ, և սկսում էր թվալ, թե դադարել է թվալ, որ թվում է։
Այդպիսով մեր հարաբերությունների երկկենցաղության միակ մատնիչը մնաց նամակագրության մեջ և չտեղափոխվեց բանավոր քննարկումների շրջանակ հավանաբար այն պատճառով, որ մեր արատավոր կապի նամակագրական մասի սեփականությունն էր։ Հետագա նամակներում, ի դեպ, այն գտավ իր շարունակությունը, թեպետ արդեն ոչ այդքան բացահայտ, այլ թաքնված ակնարկների, հանդիմանանքների, կծու տոնայնության ձևով, թեպետ հնարավոր է, որ վերոհիշյալ երևույթները բոլորովին ուրիշ դրդապատճառներ ունեին։
Երբ մեր վերջին՝ չորրորդ հանդիպումը մոտենում էր ավարտին, այդ ժամանակ սովորաբար մեզ համակող զգացումներին ավելացել էր նաև չպատճառաբանված, թեթևակի կարոտախտը, քանի որ մենք երջանիկ նախազգացում ունեինք, թե սա կարող է դառնալ մեր վերջին հանդիպումը։ Չկար ոչ մի երաշխիք, առավել ևս՝ հավաստիք, որ դա այդպես է։ Մի պատահար եղել էր հանդիպման ժամանակ, ինչպես հետո պիտի տեղեկանայինք, մեկն էլ լինելու էր հանդիպումից հետո, աֆորիզմների ժողովածուները խաղաղ շարված էին գրադարակում, միջատներն ապրում էին իրենց առօրյա կյանքով՝ վազվզելով անկյունից անկյուն կորուսյալ ստվերի փնտրտուքներով, սակայն երկուսս էլ զգում էինք, որ գնացքը հասել է վերջին կայարան, ու առաջին անգամ հապաղում էինք դուրս գալ թևավոր մտքերով ու միջատներով այդպես առատորեն բնակեցված վագոնից։ Բայցևայնպես բաժանվեցինք սովորականի պես չոր ու գործնական, ես իջա վերելակով, նա՝ աստիճաններով, կամ հակառակը։ Եվ չկար մի որևէ ցուցանակ՝ հուշող, թե սա վերջին կայարանն է։
Ես հիմա էլ վստահ չեմ դրանում, թեպետ արդեն պատկառելի ժամանակ է անցել՝ հիմնավորապես ջնջելով նրա դիմագծերն իմ հիշողությունից, իմ դիմագծերն էլ հավանաբար՝ նրա, քանի որ փողոցում պատահաբար հանդիպելիս հազիվ ենք ճանաչում իրար։ Սակայն նույն թափով շարունակվող մեր նամակագրության մեջ չկա մոտալուտ հանդիպման որևէ նշան, այն դուրս է եկել նամակագրության մասին առողջ պատկերացումների շրջանակից և հասցեատիրոջ ինքնությունը ճշտելու կարիք չի զգում։ Սա նամակագրություն է, որտեղ հասցեատերը առիթ է և կարող է լինել ուզածդ ոք։ Այնուհանդերձ ես ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել շարունակելիության զգացողությունից և երբ փողոցում պատահաբար ճանաչում եմ նրան, ինձ թվում է՝ նա անհանգիստ շարժումներ է անում։ Կարող է պատահել՝ գնացքը տեխնիկական անսարքության պատճառով մի քիչ երկար է մնացել կայարանում, սակայն դա դեռ չի նշանակում, որ կայարանը վերջինն է։ Մեր նամակագրության մեջ չկա ոչինչ, որ լույս սփռի այդ հարցի վրա՝ չնայած դրանք պահպանում են իրենց երկար շունչը, լայն ծավալը և խոր թափանցումը։ Դա նամակագրություն է տարբեր ժամանակներում ապրած, տարբեր երկրներում մեռած, իրար երբևէ չճանաչած ու նույնիսկ պատահաբար չհանդիպած մարդկանց միջև՝ զարմանալիորեն հագեցած լիակատար փոխըմբռնումով ու ներդաշնակությամբ։ Երբ փողոցում պատահաբար ճանաչում եմ նրան, դժվարանում եմ հավատալ, որ ինձ հասցեագրված նամակները նա է ուղարկում։ Նա բացարձակապես անտեղյակ է թվում դրանց բովանդակությանը։ Ամեն անգամ հազիվ եմ ինձ զսպում պարզաբանումներ չմտցնելու համար։ Ավելի ճիշտ՝ չէի զսպի, եթե միայն իմանայի՝ ինչպես մտցնել այդ պարզաբանումները։ Բայց ինձ թվում է՝ դա ծուղակ է, և հաղթում է նա, ով ավելի երկար կդիմանա պարզաբանումներ չմտցնելու գայթակղությանը։ Ինձ թվում է՝ բացահայտել եմ խաղի էությունը և անմիջապես էլ թվում է, որ միակ մասնակիցն եմ այդ խաղի, որում հույս ունեմ հաղթել՝ ինչ-որ կանոններ չխախտելով։ Ինձ թվում է նաև՝ նա վաղուց դուրս է եկել խաղից, եթե իհարկե տեղյակ է եղել դրան, ինչն ինձ արդեն չի թվում, որովհետև ինձ թվում է, թե այդ խաղը ես եմ հորինել։ Ինձ նույնիսկ թվում է, թե նրա հետ այդ պատահական հանդիպումները ինձ միայն թվում են։ Չի բացառվում, որ այն չորս հանդիպումները նույնպես գեղարվեստական երևակայությանս արգասիքն են։ Եվ շատ հնարավոր է ու հավանական, որ նրա անունից ինձ հասցեագրված նամակները գրում եմ, ասենք, ես։ Սակայն, ըստ ամենայնի, դա ինձ միայն թվում է։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *