Արմեն Պետրոսյան | Մանկական բանահյուսությունը որպես ուղիղ ճանապարհ 2

Մաս 1

Մաս 2

ԱԼԱ-ԲԱԼԱ-ՆԻՑԱ ԵՎ ԱՅԼՆ

Այժմ, քսաներեք տարի հետո, հոդվածի («Քաչալ Նազիկի») թվայնացումը և ռուսերեն թարգմանությունը և ինձ ստիպեց վերհիշել անցյալը և ես նորից վերադառնում եմ այս նյութին:
Առաջինը, ինչ նկատելի է, հոդվածի՝ խորհրդային իրականության հետ կապված իրողությունները, ներկայումս, կարելի է ասել, հրատապ չեն: Պարտուս՝ պարտադիր ուսուցում, կոլտնտեսության նախագահ, մթերքների դեֆիցիտ խանութներում, Ստալին:
Դրան հակառակ, մեր իրականության մեջ ռուսական ազդեցությունը շարունակում է մնալ ու մնալ: Ուրեմն, չկարողացանք անցնել անգլերենին, ինչպես արել ու անում են առաջ ռուսական ազդեցության ոլորտում գտնվող շատ երկրներ՝ Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարը, նախկին խորհրդային Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Վրաստանը, այլ մնացինք, հատկապես միջինասիական հանրապետությունների հետ միասին, ռուսական լեզվոլորտի մեջ; Իհարկե, առանց անգլերենի յոլա չենք գնում, ոմանք նույնիսկ բլբլում են այդ լեզվով, բայց դե նույնիսկ անգլերեն բառերը հաճախ զարմանալի ռուսական ձևերով են մեզանում օգտագործում՝ ծյունինգ, պի-առ (և ոչ՝ թյունինգ, փի-ար), նաև իրենց հարգող հեղինակները իրենց հարգող հրատարակություններում:
«Լավատեսներն ուսումնասիրում են անգլերեն, հոռետեսները՝ չինարեն, իսկ ռեալիստները՝ Կալաշնիկովի ավտոմատը» ասացվածքի հոռետեսական սցենարը չիրականացավ՝ չինարենը պետք չեկավ: Չինացիներն իրենք մեզանից առաջ են ընկել անգլերենին անցնելու համաշխարհային մրցավազքում: Իսկ մեզանում անգլերենից, ինչպես ասացինք, դեռևս Պողոս-Պետրոս դուրս չի եկել: Բայց Կալաշնիկովի ավտոմատը գործեց, և այն էլ ինչպես գործեց, ամենուրեք: Ուրեմն, ռեալիզմից, իրոք, չես կարող խուսափել: Պապաներն էլ, և ոչ միայն պապաները, իրոք որ անցան գործի, և Ղարաբաղը ներկայումս մերն է: Բայց ապացուցելու տեսակետից մի քիչ կաղում ենք՝ ադրբեջանական ագիտպրոպը (խորհրդային տերմինով ասած) մերինից ակտիվ է աշխատում:
Ինչևէ: Քանի որ հոդվածը երգիծական էր, այսպես ասած, գիտա-երգիծական, «չարաճճի ուսումնասիրություն», մի ժանր, որ ես փորձում էի ստեղծել այս և մի քանի այլ գործերով, ուրեմն՝ հիմա էլ մի քիչ գիտություն, հետո՝ հումոր:
Եվ այսպես, գիտություն: Նախ, որոշ ճշտումներ: Ալա-բալա-նիցայի առթիվ ռուսական Алла баловница-ն թեև շատ հավանական էր թվում, բայց ինձ այդպիսի տեքստ հայտնի չէր: Դիմեցի Ռուսաստանի լավագույն մասնագետներին՝ ռուսական բանահյուսության մեջ նման բան չկա: Ուրեմն, սա տիպիկ մեծական «ժողովրդական ստուգաբանություն է»՝ ռուսերենին տիրապետող ինչ-որ «խելոք» մեծահասակներ հնարել են, որ ռուսական մի նախատիպ է եղել՝ Алла баловница Дуську боится: Ապա որտեղի՞ց է այս պարզորոշ սլավոնական տեքստը: Եվ միանգամից առաջ է գալիս «բուլղարական հետքը», որն ակնհայտ էր ի սկզբանե: Եվ իրոք, էլ որտե՞ղից պիտի լինի Վանչո-կապիտանչոն, եթե ոչ այնտեղից, ուր -չոն տարածված նվազական վերջածանց է, Իվանը՝ Վանչո, Դիմիտրը՝ Դիմչո, իսկ Յորդանը՝ Դանչո: Եվ համացանցում միանգամից գտնվեց նախատիպը՝
Ала-бала-ница,
турска паница.
Ой гиди Ванчо,
наш капитанчо!
Սա նշանակում է՝
Ալա-բալա-նիցա,
Թուրքական թաս (խոր ափսե),
Հեյ գիդի փոքրիկ Իվան,
Մեր փոքրիկ կապիտան:
Ալա-բալան նշանակում է «անլուրջ, հիմար, անիմաստ բան», իսկ նիցա-ն տարածված սլավոնական ածանց է: Ողջ տողը ակնարկում է հաշվերգերում հաճախ հանդիպող այբուբենի առաջին տառերը՝ ա, բ (թեև հնարավոր է նաև այլալեզու ազդեցություն ենթադրել): Հեյ գիդի-ն, թեև մեզանում գրվում և իմաստավորվում է որպես «հեյ գիտի», իբր գիտենալ բառից, իրականում թուրքական նոստալգիկ բացականչություն է, որը նույն իմաստով փոխառվել է հայերենում (սա ըստ Աճառյանի) ու բուլղարերենում: Բացի այդ, ակնարկվում են այբուբենի հաջորդ տառերը՝ գ, դ (իսկ Վանչոն՝ թերևս սլավոնական այբուբենի երրորդ՝ վ տառը): Իմ հարցումների արդյունքում պարզվեց, որ այս հաշվերգը Երևանում լայն տարածված է եղել արդեն 1920-ականների սկզբից (ինֆորմանտ՝ Մինասյան Մարգո, ծն. 1917, Երևան), և մինչ օրս մնում է հայ մանուկների մեջ ամենասիրված ու ամենատարածված հաշվերգը: Սկզբնապես տարածված է եղել տղաների միջավայրում, դե տղաներն են կապիտան դառնում: Այն հայտնի է Հայաստանի բոլոր շրջաններից և նույնիսկ Հայաստանից դուրս (Թբիլիսի, Ջավախք, Արցախ): Մնում է միայն գուշակել, թե ինչպես պիտի բուլղարական հաշվերգը Հայաստան հասներ թռչելով Ռուսաստանի ու Թուրքիայի վրայով, որտեղ այն չկա և չի եղել: Եվ այն էլ մինչև 1920-ական թվականների առաջին հայրենադարձությունը Բուլղարիայից և մյուս երկրներից:
Բուդկա-բուդկա-բե, բե,
Աբես-ֆաբես գումարե,
Ռիկի-չիկի ամաչիկի,
Օֆ, լեն, գլեն:
Սա ևս այնքան էլ ռուսական չէ, թեև մեզ է հասել, ակնհայտորեն, Ռուսաստանից:
Эники, беники, цока, тамэ,
абель, фабель, гуманэ…
Սրա մի տարբերակը վերջանում է այսպես՝
Ики, пики, грамманики,
Флёнус вышел вон.
Այստեղից էլ պիտի լինի հայկականի օֆ, լեն, գլենը: Սրա մի տարբերակն է արտասանում Անգետիկը Նիկոլայ Նոսովի հայտնի գրքում, փուչիկ-օդապարիկի պայթելուց վայրկյաններ առաջ (փուչիկի, նրա պայթելու և մանկական հաշվերգի ճակատագրական կապը կքննարկվի ստորև): Այս հաշվերգի տարբերակները հայտնի են հատկապես Արևելյան Եվրոպայից՝ Ուկրաինա, Հունգարիա, Բուլղարիա, Լեհաստան և այլն: Երկրորդ տողում ռուսները կարող են ասել՝ դոմանե, դուրմանե, դո մի ռե և այլն, իսկ երրորդում՝ գրամատիկի, դրամատիկի, ռոմանտիկի և այլն: Այստեղ առկա է լատինական (կաթոլիկական, աստվածաշնչյան) ազդեցությունը, թերևս գերմանական միջնորդությամբ, հմմտ. գերմանական մի հաշվերգի սկիզբը՝
Eini, beini, dizife,
Abel, Fabel, domine:
Այս տեքստերի առաջին տողում լատինական այբուբենի առաջին տառերի աղավաղված ձևեր են (ա, բե ցե, դե, գերմանականում՝ ա-ն խառնված է ein «մեկի» հետ. ամեն վանկի վերջում ավելացված են «գաղտնալեզվային» վանկեր՝ -ինի կամ –կատա, հմմտ. և ռուսական հաշվերգերի հանրահայտ և անհասկանալի эники-беники-ն (ծագումով՝ գերմանական): Երկրորդում աստվածաշնչյան Աբել անունն է, հանգավորված գերմաներեն Fabel «առակ» բառով (լատինական fabula-ից), կամ՝ լատիներեն faber «հմուտ, ճարտար» բառն է, հանգավորված aber-ով (հիշենք Մաքս Ֆրիշի «Հոմո Ֆաբեր» վեպը, որտեղ այն հերոսի և՛ բնութագրիչն է, և՛ ազգանունը): Ապա գալիս է гуманэ՝ լատիներեն humanus «մարդկային», կամ domine՝ լատիներեն կոչական «տե՛ր (աստված, Քրիստոս, հոգևորական)» դիմելաձևը, տարածված ողջ արևմտաքրիստոնեական աշխարհում:
Այժմ՝ ոչ գիտական, մերձգիտական-երգիծական մաս: Թվում էր, թե հայ մանուկների բանահյուսության կողմից կանխադրված կարևոր դեպքերը մեզանում ի հայտ են գալիս մեկուկես տասնամյակը մեկ և հերթական պատմական քառատողը պիտի իմաստավորվեր XXI դարի սկզբին: Հիմա ես ուզում եմ մի քիչ խորացնել քննարկումը և խոսել ընդհանրապես մանկական բանահյուսության մարգարեական բնույթի մասին: Բուդկա-բուդկան, ակհայտորեն, ակնարկում է անկախության տարիների մեծագույն նվաճումներից մեկի՝ «ազատ շուկայական հարաբերությունների» երկրորդ փուլը, քանզի այն մեզանում հետևյալ էվոլյուցիան ունեցավ՝ 1. սեղանիկ, 2. բուդկա, 3. (սուպեր)մարկետ: Այդ փուլի խորհրդանիշը, ռուսերեն բուդկան, սրընթաց առաջընթացի մի պահի վերանվանվեց համարյա նույնիմաստ և համարյա համահունչ բուտիկի (երկու բառերն էլ գալիս են Ռուսաստանից, մեկն ունի գերմանական, մյուսը՝ ֆրանսիական ծագում): Առաջ սովոր էինք ամեն ինչ թարգմանել, և բուդկան կրպակ էր, իսկ հիմա՝ վիրավորական կլիներ բուտիկը կրպակ անվանել՝ դա այնպիսի մի բուդկա է, որտեղ մոդայիկ ու ավելի թանկարժեք բաներ են վաճառվում: Այդ բուդկա-բուտիկները խռնվում, բազմապատկվում, գումարվում էին իրար Երևանի փողոցների ամենաանսպասելի մասերում կախարդի փայտիկի թափ տալու արագությամբ, ահա և «աբես, ֆաբես, գումարե»: Բայց եկավ «քաղաքացիական հասարակության» հաղթական առաջնեկը՝ Երկրորդ հիվանդանոցի և Մարգարյանի ծննդատան մերձակա բուտիկների դեպքը:
Պարզվեց, որ այդ տեղանքը, որտեղ առաջ անմոռանալի Արգամի գարեջրի բուդկան էր, իսկ հետո՝ աղբանոց, սրբազան անուն է ունեցել՝ «Մաշտոցի պուրակ» (միանգամայն հնարովի): Այդտեղ քաղաքի բուտիկապատողներն ու բուտիկատերերը բուտիկային նոր համալիր էին «գումարում», իսկ քաղաքացիական հասարակությունը պայքարում էր դրա դեմ: Պայքարի կուլմինացիային ամենաբարձր մակարդակով հավաստվեց, որ դրանք «սիրուն չեն»: Բուտիկապետերնն ու բուտիկատերերն ամաչեցին, օֆ արեցին ու ապամոնտաժեցին-հանեցին դրանք: Ահա և ամաչիկի և օֆ, բայց առնչվո՞ւմ է արդյոք հաջորդ լեն-գլենը ապամոնտաժման ժամանակ կատարվող քլնգոցի կամ մետաղների շփման արդյունքում լսվող լնգլնգոցի հետ՝ թե ինչ-որ ապագա իրողություն է կանխատեսում, մնում է հանելուկ:
Հիմա վերհիշենք քննարկված մեկ այլ բանաստեղծություն՝
Ֆանտոմաս, Ֆանտոմաս,
Գլխին ունի երեք մազ,
Մեկը առաջ, մեկը հետ,
Մեջտեղինը՝ պոլի փետ:
Պոլի փետը հանեցին,
Տեղը լոբի ցանեցին:
Լոբին աճեց մեծացավ,
Ֆանտոմասը ծերացավ:
Ո՞վ կմտածեր, որ այս տողերն այդքան հրատապ կդառնան մեզանում: Հիշենք Արշակ Սադոյանի թևավոր խոսքը ժամանակին իշխող կուսակցության կադրային քաղաքականության վերաբերյալ՝ «ՀՀՇ-ից լինի, թեկուզ պոլի փետ լինի»: Սա ասված է 1990-ականներին, բայց մինչև հիմա դեռ չի կորցրել իր հրատապությունը: ՀՀՇ-ական պոլի փետերին փոխարինելու են եկել նոր կադրերը, որոնց մանկական երևակայությունը որակում է որպես լոբի: Իրոք, առաջընթացը նկատելի է: Պոլի փետերին հանում-պաշտոնազրկում են, նոր լոբիներն աճում են, իսկ հին հերոսը ծերանում է և այլևս նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրություններին: Բայց շարունակենք՝
Օ, օ, օպեռա,
Թթուն դնեմ թող եռա:
Ավաղ, օպերայի հրապարակը, Ղարաբաղյան շարժման սկզբից և ԽՍՀՄ անկումից հետո էլ, ահա քառորդ դար դեռ շարունակում է եռալ ու փոթորկվել: Խորհրդային կայսերապետությունը բարով-խերով քանդեցինք, հիմա պիտի հայկական-հայաստանյան «ավազակապետությունը» «կազմաքանդենք», ու «վերականգնենք սահմանադրական կարգը»: Ուշադրություն՝ ոչ թե ստեղծենք, այլ վերականգնենք մի բան, որ մեզանում երբեք չի եղել: Բայց փոթորկածիններն ուզում էին հավատալ, որ այն եղել էր ընդիմադիր դարձած նախորդ իշխանավորների օրոք, որոնք, ենթադրվում է, որ «ավազակապետական» չէին, այլ՝ ընտրյալ և «օրինակարգ»: «Հանցավոր ռեժիմ», արտահայտությունը, որով ժամանակին կոչում էին հենց նրանց, սկսվեց կիրառվել ներկա իշխանությունների համար: Եվ այն մարդկանց կողմից, որոնց իշխանության մասին գրվել է «Նախագահական ընտրություններ» երգը, իսկ մանուկները ասել են՝
Օտար երկիր կգնամ,
Այս երկիր չէ որ մնամ: (Ռոզա Գրիգորյանի՝ մանկական բանահյուսությանը նվիրված մենագրությունից)
Հիրավի, ուզում ես հիշել Պողոս առաքյալի խոսքը՝ «Մաքրեցե´ք, դե´ն նետեցեք հին խմորը»: Բայց մեր մանկական ստեղծագործ միտքը ավետարանական չէ, այլ հենված է մեր բնիկ, ազգային մտածողության վրա: Դրա մեջ են ազգային մշակույթի անկապտելի մաս հանդիսացող ազգային խոհանոցի ավանդական արժեքները և դրանց հիշատակմամբ կազմված մայրենիի հարազատ դարձվածքները: Թթու դնել, այսինքն՝ «հնացնել»: Եվ իրոք՝ նույն թթու դրած կոչերը, նույն թթու դրած հեղափոխական հռետորաբանությունը, նույն թթու դրած պայքարը մինչև վերջ, և նույն թթու դրած դեմքերը: Repetitio est mater studiorum («կրկնությունը ուսման մայրն է»)… Բայց արդյո՞ք նաև առաջընթացի: Իրոք, եռում, բլթում, բլթբլթում էր հին թթուն:
Ահա եկավ և օրհնյալ 2013 թվականը: Իսկ օպերայի հրապարակը շարունակում է եռալ: Բայց առաջին դեմքը նոր է: Դե ի՞նչ, եռանք «մինչև (վե՞րջ)»:
Ահա մեծագույն հեղափոխականի՝ Կառլ Մարքսի «Լուի Նապոլեոնի բրյումերի 18-ը» աշխատության առաջին հանրահայտ տողերը՝
«Հեգելը մի տեղ նշել է, որ համաշխարհային-պատմական մեծ դեպքերը և անձերն ի հայտ են գալիս երկու անգամ: Նա մոռացել է ասել, որ առաջին անգամ ողբերգության տեսքով, երկրորդ անգամ՝ ֆարսի»:
Հատկանշական է, որ Մարքսը օգտագործում է թատերական տերմինաբանություն՝ ողբերգություն, ֆարս: Ւսկ մեզանում գործողության վայրը օպերայի հրապարակն է, որ ժամանակին կոչվում էր Թատերական հրապարակ: Եվ հարց է առաջանում՝ իսկ երրորդ անգամի համար ի՞նչ կասեք, Կառլ Հայնրիխովիչ: Դրամա՞, կատակերգությու՞ն, օպերե՞տ, շոո՞ւ, մյուզի՞քլ: Այդ բոլորի տարրերը կային: Սակայն Մարքսը, ավաղ, մեռել է վաղուց (ուղիղ 130 տարի առաջ): Հարցը մնում է առկախ, գուցե մեր մարքսիստը մի բան ասեր: Բայց ահա, մեր մանուկները ժամանակին կանխագուշակել են՝ օպերա և վերջ:
Ալա-բալա-նիցան ուներ իր շարունակությունը՝
Ալա-բալա-նիցա,
Դուս կաբանիցա,
Հեյ գիդի Վանչո,
Նաշ կապիտանչո,
Փա(յ)լանչո:
Մալականի պոպոնչո:
Պոպոնչոն (կամ՝ փալանչոն) էլ մի բան չի,
Գնա Վանոյին կանչի:
Հայկական հանճարը սկզբից միայն մեկ բառ էր ավելացրել բուլղարական տեքստին, հանգավորելով վերջին երկու տողերի հետ՝ փալանչո կամ փայլանչո: Վերջինս նշանակում է «ծաղրածու» և թերևս միջնորդավորված փոխառություն է իտալերեն պայյաչչո-ից (որը մեզանում, անխուսափելի ռուսերենից, գերմանական ազդեցությամբ, կոչվում է պայաց): Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայյաչչի» (Պայացներ) օպերան համաշխարհային օպերային արվեստի ամենահայտնի գործերից է, ողբերգական մի պատմություն թափառաշրջիկ խեղկատակների կյանքից: Նրանք խաղում են մի ֆարս, որտեղ պայաչչո-պայացը, խաբված ամուսնու դերակատարը՝ ինքն էլ կյանքում խաբված մի ամուսին, բեմի վրա իրոք սպանում է իր կնոջը: Ֆարսը վերածվում է ողբերգության, որը հանդիսականների կողմից ընկալվում է որպես խաղ, կատակերգություն: Ահա և ողբերգություն և ֆարս, բայց՝ օպերայի ժանրում՝ այն, ինչ պետք էր ապացուցել:
Իտալերեն պայյաչչոն (pagliaccio) հնում հնչել է պալյաչչո, որից թուրքերեն նույնիմաստ փալյաչո, որը մի քիչ աղավաղվել է, թերևս «հիբրիդացվել» լարախաղացի խեղկատակի թուրքերեն կոչման՝ յալանչիի («կեղծ, խաբեբա») հետ: Օ՜, անմոռանալի թուրքերեն: Առաջ ասում էին՝ «թուրքն անիծած, խոսքը՝ օրհնած»: Իսկ հիմա թուրքական կլկլոցը, բնիկ ռուս-հայկական, աշխատավորական-սովետական-սոցիալիստական ռաբիսի (работник искусства-ի հապավումն է) անվան տակ, դուրս է մղել ամեն հայկականը և ընդհանրապես ամեն ոչ թուրքականը մեր երաժշտական մշակույթից: Բայց, այ, թուրքերեն բառերը մեզանում հազվադեպ են և մնացել են «նորմալ» հոմանիշ բառերի կողքին միայն բարբառներում, ժարգոնում և գրական լեզվի «ժողովրդական ոճում», խոսքին ինչ-որ առանձնահատուկ, հաճախ հեգնական, պարոդիկ, ծաղրական իմաստ, ֆարսի երանգ հաղորդելու համար: Կորցրել են իրենց «օրհնած» անցյալը ու այդ հատկանիշը փոխանցել երաժշտությանը:
Ասենք, լարախաղացը սովորական անկիրք ու չեզոք բառ է, իսկ քյանդրբա՞զը: Դա ադրբեջանական թուրքերենում հենց նշանակում է «լարախաղաց»՝ քյանդիր «լար, ճոպան», բազ «խաղացող» (ծագումով՝ իրանական): Բայց հայերենում քյանդրբազը հատուկ տեսակի լարախաղաց է, լարախաղացի պարոդիան, ծաղրապատկերը, որն, օրինակ, սատանի մայլում է քյանդրբազություն անում և ձախողվում: Ծաղրածուն էլ չեզոք է ու անկիրք, իսկ յալանչին, քյանդրբազի ծաղրածուն, նույն տրամաբամությամբ, սովորական ծաղրածուի ծաղրապատկերն է: Փայլանչոն, որն ավելի հազվադեպ բառ է, յալանչիի բացառիկ տեսակն է:
Հաշվերգում փայլանչոն ավելի հաճախ հնչում է փալանչո, այսինքն՝ այդ ծաղրապատկերային ծաղրածուն խառնվել է համահունչ թուրքերեն փալանի՝ էշի համետի՝ ծածկոց-թամբի և փալանչիի՝ էշի ծածկոց ու թամբ սարքող վարպետի հետ: Մեր բազմահմուտ մանուկները տեղում թարգմանել են փալանը ռուսերեն՝ պոպոնա, հանգավորել նախորդ տողերի հետ՝ պոպոնչո, և հավելել՝ մալականի պոպոնչո, այսինքն, նախորդ դարաշրջանի կայսերական ազգի՝ թուրքերի փալանչոն մեր ժամանակներում փոխվել-զարգացել է և հաջորդ դարաշրջանի կայսերական ազգի՝ ռուսների, կամ որ նույնն է՝ մոլոկանների պոպոնչո դարձել: Բայց ըստ հայկական դարձվածքի, «փալանը փոխել» նշանակում է ծածկոցը փոխել, իսկ էությամբ մնալ նույնը: Մանավանդ, որ փալանն ու պոպոնան երկուսն էլ մի բան չեն, ընդամենը՝ գրաստի ծածկոց:
Այստեղ նորից ամբողջ ուժով ի հայտ է գալիս մեր մանկական բանահյուսության մարգարեական էությունը: Ինչքան էլ մեր իշխանավորները փոխվեն-հերթագայեն իրար, մեր մանուկները՝ հայության ամենաառաջավոր զանգվածը՝ վաղվա հայությունը, միևնույն է գիտե, որ ընդամենը փալանն է փոխվում, իսկ էշը, այսինքն՝ երևույթը, մնում է նույնը: Լուծումը պարզ է, պետք է կանչել Վանոյին, որը, թեև կարծես ներկայումս աշխատում է կրկեսում, բայց դատելով կապիտանի կոչումից, նախկին զինվորական է, կամ գոնե ոստիկան: Ուժեղ, ռազմա-ոստիկանական իշխանավորի կարոտախտը, այսպիսով, բնորոշ է մեր պետականության երազին դեռ մանկուց:
Եվ եկավ պատմական պահը: Առաջընթացի առաջամարտիկները լծված էին ավազակապետության կազմաքանդման գործին: Կազմաքանդում են, կազմաքանդում, բայց արդյունքը՝ ռուսների ասած՝ կատուն է արտասվել: Նորից են կազմաքանդում, արդեն կազմաքյանդում, կազմաքյանդրում, քյանդրում՝ նորից՝ փիսիկը մութ անկյունում ունքերը կիտել ու լաց է լինում: Մոտիկ է գալիս մի ուրիշ, թուրքագետ կատու և ասում՝ «կազմաքյանդիրմիշ ղաչաղբաշլը՞ղ (ավազակապետություն)»: Եվ ճիշտ է փիսոն՝ ավաղ, քյանդրբազը, նույնիսկ իր յալանչիի հետ դաշնակցած, չի կարող կազմաքյանդրել Շեյթան մահլան՝ Սատանի թաղը, միանշանակ: Լարախաղացը, պայացը անզոր են դաժան իրականության դեմ, հավաստում է հաշվերգը՝ «Փայլանչոն էլ մի բան չի»:
Եվ երբ Վանոյին կանչելու մասին մանկական հաշվերգ արտասանողները մեծացան և ընկան կազմաքյանդության այն վիճակի մեջ, որում գտնվում ենք հիմա, գործեց մանկությունից ներդրված սիրելի արքետիպը, և նրանց հանկարծ պարզ դարձավ, որ միակ ելքը Վանոյին կանչելն է: Լույս թունելի վերջում: Եվ, օիմպիական 2012 թվականին, երբ մեր երկրի ներքին գործերի, այլ կերպ՝ ոստիկանության նախկին նախարար Վանո Սիրադեղյանը դառնում էր 66 տարեկան, ստեղծվեց «Ելք» հասարակական նախաձեռնությունը, որը մեր երկրի ծանր դրության ելքը տեսնում էր փախուստի մեջ գտնվող Վանոյին կանչելու՝ վերադարձնելու մեջ: Բայց Վանոն նամակ գրեց, որ հետաքրքրված չէ Հայաստանով՝ չի գա, այսինքն: Մնացինք հին ու նոր փալանների հետ: Մխիթարությունն այն է, որ նախկինում Վանոյի ղեկավարած ՀՀՇ-ն դառնում է նոր կուսակցություն՝ ՀԱԿ: Փաստարկն այն է, որ Վանոյից հետո այն վերածվել էր «գեղի կլուբի», իսկ ժողովուրդը, ներառյալ և կուսակցության փաստացի-պատվավոր առաջնորդը, զզվում էր նրանից: Դե եթե հանցավոր ռեժիմը չի կազմաքյանդվում, քյանդենք մեզ: Նոր կուսակցությունը պիտի լինի ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության տիպի, որի սիմվոլը, ի միջի այլոց, էշն է: Բայց մարգարեական տեքստն ասում է՝ ծածկոցը փոխես-չփոխես, փալանչո-պոպոնչո, օգուտ չկա՝ ճիշտը Վանոյին կանչելն է:
Ինչևէ, մեր մանուկների ամենապայծառատեսական, ամենամարգարեական հաշվերգը հետևյալն է:
Փուչիկը ընկավ սեղանի տակ,
Մի օր, մի օր՝
Գըմփ:
Սա պատկանում է հաշվերգերի մի տարատեսակի, հմմտ. օրինակ, ռուսական՝
Катилось яблочко по огороду
И упало прямо в воду –
Бульк!..
Բայց որքան ավելի փիլիսոփական է մերը: Ես չգիտեմ նրա ստեղծման և տարածման ժամանակը: Հնարավոր է, որ բավական հին է, բայց ուշ է լայնորեն տարածվել և հանրահայտ դարձել: Ես էլ շատ ուշ եմ իմացել այն: Այստեղ հանճարեղ է և հանճարեղորեն պարզ է ամեն ինչ: Այն հիշեցնում է Անտոն Չեխովի հայտնի արտահայտությունը՝ «եթե պիեսի առաջին գործողությունում պատից հրացան է կախված, ապա վերջինում այն անպայման պիտի կրակի» (ևս մի թատերական ասոցիացիա): Իսկ հայ մանուկները ավելի պարզ են ձևակերպել՝ եթե կա փուչիկ, ապա ինչքան էլ ապահով տեղ ընկնի այն, միևնույն է, մի օր անպայման պիտի պայթի: Ելնելով մեր մանուկների մարգարեությունների հիմնականում քաղաքական ուղղվածությունից, փուչիկ ասելով կարելի է հասկանալ քաղաքականություն, քաղաքական գործիչներ և այլն, բայց և ամեն ինչ՝ ընդհանրապես կյանքը, չէ՞ որ հայտնի խոսք է՝ «կյանքը փուչ է»: Դե երեխաների փուչը փոքրիկ փուչ է՝ փուչիկ: Եվ անպայմանորեն պիտի պայթի ամեն մի դատարկ ու հիմար բան, ինչպես ամեն մի փուչիկ, ինչքան էլ լավ ու տաք տեղ ընկնի այն՝ պառլամենտ, նախարարություն: Սա համընդհանուր, տիեզերական մարգարեություն է, տարածության և ժամանակի, կյանքի և իրականության մշտնջենական բանաձև:
Իսկ ի՞նչ կարելի է ասել մասնավորի, կոնկրետի, փաստի՝ եղելության մակարդակով: Չէ՞ որ տիեզերական ճշմարտությունները գործում են բոլոր՝ և՛ ընդհանուր և՛ մասնավոր դեպքերում, և՛ մակրո և՛ միկրո աշխարհներում: Ահավասիկ, անցյալ տարի, ՀՀԿ խորհրդարանական ընտրարշավի տոնախմբության ժամանակ, երբ բոլոր կուսակցություններն ու շարժումները ջանում էին, ինչպես միշտ ընտրություններից առաջ, առավել չափով դուր գալ ժողովրդին, պայթեցին ու այրվեցին ժողովրդին հմայելու համար բերված գազով լցված բազմաթիվ փուչիկներ, վնասելով բազում երիտասարդների: Մարգարեությունը կատարվեց, այս անգամ՝ առանց զոհերի: Ա՛յ, եթե անձրև լիներ, վնասներն ավելի քիչ կլինեին: Կամ, ամեն օր ջանային դուր գալ, փուչիկի կարիք չէր լինի:
Այս տողերը գրելու պահին Թատերական հրապարակում ընթանում է հայկական պերմանենտ հեղափոխության հերթական փուլը: Րաֆֆին հայոց նոր ազգային ինքնությունը կերտած մեծագույն գրողն է, Սվո Ռաֆը՝ մեծագույն «օրենքով գողը»: Գրական հեղինակությանը հաջորդել է նույնանուն քրեական հեղինակությունը: Հիմա ունենք և երրորդ Րաֆֆի: Գրական-քրեական, գրող-գող, հաջորդն ի՞նչ պիտի լինի: Ագրեսիվ-արմատական ընդդիմությունն ասում է՝ Րաֆֆին փուչիկ է, ծաղրածու: Կարծես գործում է օպերային՝ փայլանչո-փուչիկ-գըմփ մանկական արքետիպը: Բայց որոշակի զուգորդություններ են առաջանում: Բանաստեղծության տրամաբանությունը գրող-գող հանգավորվող շարքի մեջ կարող է տեսնել է մի շարք այլ հնարավորություններ՝ խեղդվող, որ երազում է փրկության մի փոքրիկ օղ, լավատեսը՝ լույսի մի շող, մյուսներին չի խանգարի գոնե մի քիչ փող: Պարզ է մի բան, պետք է ավարտել մեր ժամանակակից պատմության սերիալի ձգձգված վերջին՝ գողական սերիան և հաջորդում գողերի ու խաբեբաների դեմ փակել իշխանության դռները: Գուցե պետք է նաև դադարեցնել իրար գող փիսո և քաչալ շուն անվանելը, մանավանդ, երբ փիսոն, ինչպես տեսանք, իրականում լացկանի մեկն է, իսկ քաչալը, մեր ժանրում, Նազիկն է:
Ահա Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» կատակերգության ծաղրածուի վերջին տողերը՝
Երբ ես մանուկ էի, մի փոքրիկ տղա,
Հեյ, հո, քամով և անձրևով,
Հիմարությունը խաղալիք էր միայն,
Եվ անձրև, անձրև էր ամեն օր:

Բայց երբ հասուն մարդ դարձա ես,
Հեյ, հո, քամով և անձրևով,
Խաբեբա-գողի դեմ դուռը փակվեց,
Եվ անձրև, անձրև էր ամեն օր:

Աշխարհը վաղուց սկսվեց,
Հեյ, հո, քամով և անձրևով,
Բայց մեկ է, մեր խաղն ավարտվեց,
Կջանանք ձեզ դուր գալ ամեն օր:
Համեցեք վաղը՝ նոր ներկայացման, այսպիսով ասում է ծաղրածուն:

Փետրվար 2013

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *