Կարեն Անտաշյան | Circus Maximus

Կարեն Անտաշյան

*
Ապրիլից հունիս,
հունիսից օգոստոս,
օգոստոսից նոյեմբեր
ու նոյեմբերից ապրիլ
«հանդիսատեսի խնդրանքով» հա երկարացվում են
«Շապիտո կայսերական կրկեսի» հյուրախաղերը Երևանում,
որն իրականում բավարար գումար չի վաստակում
այստեղերից ի վերջո ռադ ըլնելու համար:

*
Մոբունտուն Կոնգոյից Երևան էր փախել, որ Բանանցում ֆուտբոլ խաղա,
բայց չվերցրին ու հիմա շինարարության վրա տուֆ քար է կրում
ու Սևո երջանիկ մականունը:
Իսկ Արմանը թռել է Մոսկվա, քանի որ Երևանում ազատ սեքս չկա:
Մոսկվիչկա Մաշան էլ Բոսթըն է մեկնել,
որ ծեր մագնատի հետ ամուսնանա
ու դառնա Մարիա Ադամս Հյուսթըն:
Չաղ ու բախտավոր իր կենցաղից
Նյույորքցի Սմիթը հեռացել է Տիբեթ,
որ վերագտնի կյանքի համն ու հոգևորի ուղին:
Նեպալցի Ռամը, իր Գանջա հոր հինգերորդ որդին՝
այդ դուբայաբնակ խորամանկ տաքսիստը – երազում է պսակվել
կապուտաչյա ու սպիտակամորթ եվրոպացու հետ
մինչդեռ բանից անտեղյակ այդ խորհրդավոր Աֆինը
ահա Մարսելից կհասնի Արլին՝
բացահայտելու իմպրեսիոնիզմի ծննդյան գաղտնիքը:

– Մենք բոլորս եկվորներ ենք, եղբա՛յր,
եւ մի օր մեկ է գնալու ենք այստեղերից էլ,-
մխիթարեցի ես նրան,
որ գթա ու քաղաք տանի մեզ մթին արվարձանից:

*
Մի ընկեր ու ընկերուհի՝ մարգինալ ըմբոստների դասից,
որ միս չէին ուտում, ցելլոֆան չէին բռնում,
աջ ու ձախ հոլովում էին հեղափոխություն բառը,
լսում ջազի ամերիկյանն ու էթնո-պրոգրեսիվը ռոքի,
հագնվում հանց պացիֆիստ հիպպի՝ քարկոծելով
պոպ աստղերին լոկալ, արտիստներին պալատական
եւ դիսկուրս վարում Հայաստանից, որը վաղն է գալու՝
բարիկադներին ծանոթացան ու ամուսնանում են ահա…

Եւ հիմա մենք բոլորս՝ Քաջիկը, Վաչիկը, Խաչիկն ու Հրաչիկը
հարսանեկան խնջույքին նստած
զույգ ծաղիկների կենացի վրա
վայելում ենք խորովածներով պարը,
խմում ենք թանկանոց կեղծված օղի,
որի որակը զնաչելիորեն այս տարի բարձրացրել են ,
խուժան անեկդոտներով ցրում դառնությունը
մեր համակ պարտության
ու հելնում ենք… հելնում ենք պարելու պատռոնդաշը,
դաբա-դաբա-դաշը:

*
Տաք ու սև անձրև ճերմակ ձյունասառցին՝
Երևանը գնում է ոտքի տակ
ինչպես ֆրանսիական շոկոլադով բեզե –
հալվող, ժամկետանց ու գեշ –
գայթակղելու ոչ մի ջանք, ընթրիք չքավորի,
որ միշտ նման է ինչ-որ բանի, բայց այն չէ,
երբեք այն չէ:

Մենք ախր դարձել ենք այն ինչ կերել ենք՝
անշառ, հագեցնող, դարչնագույն անհամություն:

Դարձել ու դարձնում ենք:

*
Ավտոմոյկի մուտքի ճենջոտ ազդ-պաստառին
կալիֆորնյական ծծաճերմակ ծիտիկները
բոռդո պորշի փրփուրն են խոստումնալից լվում,
մինչ ներսում ցրտից բըզըզնած հնդիկ ուսանողը
թախծում է դարչնաբույրն իրենց անուշ երկրի,
ուր արևելքի եդեմներին հիմա պայծառ իրիկուն է իջել … օմմ…

– Մենք բոլորս եկվորներ ենք, եղբա՜յր,
եւ մի օր վերադառնալու ենք անպայման
մեր ուրիշ տեղն ուր խաղաղ է հոգին
ու երկա՜ր արևի կյանքը…

բայց էս պադպռեսս լավ չեք չորացրել, ապե՛,
սալոնից էլ հոտ ա գալիս, ասըմ եմ էն հի՛ն հո՛տն էլի՛ գալի՛ս ա,
լավ չե՛ք լվացե ապե, լավ չեք լվանում, արա՛,
ականջներիդ օղ արեք՝ սա Հայաստանն է ու վերջ…
սա Մոսկվան է ու վերջ… սա Փարիզն է
ու վերջն է սա… քո՛ գաղթական…

*
Տիգրանուհին քթի պլաստիկա է արել,
ֆոտոէպիլյացիա, շեյփինգ, սկռաբ ու մանիկյուռ,
որ գայթակղիչ դառնա, ամուսնանա
ու սեռական կյանք ունենա մարդավարի:
Իսկ երբեմնի սիրունիկ Սուսաննան, որ հղի է երրորդով՝
մտածում է, որ ձախողեց, տերը տվեց իր կյանքը,
ախ, աման-լվացք-թխվածք ու կենցաղային այս քաքը…
մինչդեռ հիմա կարող էր օֆիսում նստած
հալալ մի գավաթ սուրճ խմել ու մտածել
արձակուրդը Նիցցայում անցկացնելու մասին:

– Մենք բոլորս եկվորներ ենք եղբայր,
էս մեր օդը չի ուրեմն, որ շնչում-շնչում ու չենք հագենում,-
ասեցի ես Սուսանի մարդուն՝ Արտաշին,
ով աշխատում է օրը քսան ժամ, որ տուն պահի
ու չի ձգում էլի, չի հասցնում…
– Ա՛ռ, ծխի՛ իմ աճեցրած բերքից,- ասի,-
ու Տո՛ւն թռի մի քանի վախտով, Տո՜ւն…

(աստղազարդ էր երկինքը ամպերից վերև
ու պսպղում էր Կարապի ալֆան):

Ars Poetica

Վերջին ծմակուտիդ վերջին քարախուփն էր մերը
և ոչ անդաստանը քո վաղեմի փառքի –
էն-էն չափազանց մեծը էս կյանքի հագով,
որ միշտ հետմահու է խոստացվում, ինչպես
տերյանենց, չարենցենց, բան…
Եվ մենք՝ ամենքս մեր տոհմի վերջին էգը կամ որձը,
որ ոչ քո ծով արտերի ցորյանն ենք գովերգում,
ամբարների մեղրը բլա-բլա-բլա
և ոչ նույնիսկ քո սրբության համար
դոշ և առհասարակ տալիս՝ իբրև խաչակիր մահապարտներ,
այլ քո տեսած, բայց ծեր մարմնի
ծուլամորթ որմնադիրներից վերջինները իբրև,
հայերե՛ն,
լռվցրել ենք կոֆե-սիգարետով:

Մենք քո դարակազմիկ կտերի նկատմամաբ
խոհափիլիսոփայորեն կարկամած հավեր եղանք՝
ձու ածելու իմաստի շուրջ խախտված
որովհետև, ինչ թաքցնեմ,
քո փոխարեն վաղուց այլերեն երկնաքեր կա նախագծված,
մինչ այդ՝ միջանկյալ ռըսերեն խրամատներ ու շին բարաքներ թյուրքերեն,
որովհետև էլ ոչ ով է մեզ փորձում ականջ դնել, բացի մեզնից:

Սո, քանի դեռ ժամանակ կա մի քիչ
դառնանք և զ՛օղորմին տանք նրանց, որք լիզեցին քո դին
դեռ քառասուն օր ևս, ոչ իբրև արալեզներ փրկության
այլ որովհետև իրենք էին քո մարմինը
և իրենք իրենց էին նման մահություն ճամփում:

Ավագը, լեզվիդ ծուղակներում մոլորված այդ ճգնավոր մոգը
և իմաստային ծուղակներ լարող այդ չարաճճի որսորդը բառերի:

Հուսիկը, երգերի մեջ ապրող այդ ջահել աշուղն ու հմուտ սիրեկանը
ում ուրվականն օրերի հետ անցնող մշուշոտ շրջմոլիկի է նման:

Վիոլետը, որ լկստվացրեց քեզ լկստվացրեց էնքան, որ շնանաս,
որ զարթնանա քո փչացած քոքը… քո՛քդ կտրվի, քո՛քդ:

Պասկը, այդ հաստաբուն կաղնին, որ դանդաղկոտ լռությամբ ճաշակում է
քո ընդերքում բնադրած ձանձրույթը, լոկշը տիեզերական:

Հակոբը, այդ բարեպաշտ մեկնիչը,
որ բառերի ոսկուն է միայն իր թուլությունը պահ տալիս,
երբ շուրջը հողեր կան խոպան ու սով է ամենածեծված իմաստով:

Հասմիկը, փասյանի զգեստներ հագնող այդ սև ագռավը,
որ ձմեռվա կեսին է միշտ ձվադրում իր երգերը:

Հարենցը, պատերիցդ զարդանախշեր քանդող այդ անխոնջ ցեցը,
որ քո մեջ քեզնից թաքուն հմայություններ է մտմտում:

Մարինեն, քո սարսափելի մթություններում շրջող այդ փոքրիկ աղջնակը
ահա վախեցած է ձևանում, որ դու քեզ ահարկու զգաս:

Աննան, ում երգը հեռուներում չքնաղորեն մեռած աստղի լույսն է,
որ մենք վայելում ենք գիշեր առ գիշեր իբրև ներկա շարունակական:

Եվ ես, քո անտաշ մնացած վերջին քարերից մեկը,
որ ցինիկաբար կարծեցի,
թե մահախոսականն ապրողներին կազատի մեռելներիցս
և ճառեցի այն նախապես:

Նվիրվում է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի հիշատակին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *