Դիանա Համբարձումյան | Սկոլդինա

Դիանա Համբարձումյան(hատված անտիպ վեպից)

Նայում եմ մայրիկիս դեմքին ու ժպտում։ Արդեն ճանաչում եմ իրեն՝ մամաս է։ Էն ժամանակ չգիտեի, որ մայրիկին ճանաչելն աշխարհի ամենահեշտ գործն է, բայց արդեն ճանաչում էի։ Ինքը գունատ էր, փոս ընկած այտերով, տղայի նման կարճ խուզած մազերով, աչքերի մեջ կարծես մոխրաջուր էին լցրել։ Էս «մոխրաջուր» բառը մի քանի օր առաջ տատիկիցս եմ լսել․սքայփով խոսում էր մամայիս հետ, ասեց՝ Նարե՛, մեր հարևան Սիրուշին հիշո՞ւմ ես, մամաս ասեց՝ հա, բա ոնց չեմ հիշում, է՛ն, որ տղան խոպանում մեռավ, փող չգտավ՝ գնար դիակը բերեր, էդ Սիրուշի հետ չե՞ս, տատիկս ասեց՝ ա՜յ ապրես, լավ էլ տեղը բերեցիր, երեկ մեռավ խեղճը, մոխրաջուրը շապիկին։
Տատիկս Հայաստանում է ապրում։ Մամաս ու տատիկս հայերեն են խոսում, ես արդեն իրենց խոսքը հասկանում եմ, համարյա ամեն ինչ հասկանում եմ, ո՛ր բառը չեմ հասկանում, տատիկիս ուղարկած հաստ բլոկնոտի մեջ գրում եմ, հենց սքայփը անջատում են, տատիկս մնում է Հայաստանում, մամայիս հարցնում եմ, թե էդ բառը ոնց կլինի շվեդերեն, ու շվեդերեն տառերով գրած հայերեն բառի դիմաց գրում եմ շվեդերեն իմաստը ու հա կրկնում, որ չմոռանամ։ Ես հիմա հայերեն լավ եմ հասկանում։ Ալիսը, Ջուլին, Նարեկն ու Տիգրանը հայերեն մի քանի բառ գիտեն, ոնց որ տատիկն է ասում՝ մի ձեռքի մատները հերիք են, որ հաշվենք էդ բառերը։ Բայց ես շա՜տ բառեր գիտեմ, շատ-շա՜տ։ Ես հայերեն չեմ խոսում, բայց ամեն ինչ հասկանում եմ։ Մամաս ասում է՝ մոխրաջուրը ջուր է, որին մոխիր են խառնում, որ շոր լվանան, ասում է՝ իրենց գյուղում, որտեղ հիմա տատիկս է ապրում, մի ժամանակ էդպես են շոր լվացել, էն ժամանակ օճառ չկար, մամաս ասում է՝ իրենց գյուղում հիմա էլ տատիկներ կան, որ մոխրաջրով են շորերը լվանում, մամաս ասում է՝ իրենց գյուղում մի խանութ կա, որտեղ օճառ են ծախում, բայց էդ տատիկները փող չունեն, որ օճառ առնեն, դրա համար էլ մոխրաջրով են լողանում, որ գլուխները չոջլոտի։ Ես գիտեմ, որ մարդու մազերի մեջ ոջիլ է ընկնում, եթե մի ամսից ավելի չի լողանում։ Իմ մազերը մի անգամ ոջլոտել էին։ Մի օր կպատմեմ էդ ոջիլների մասին։
Մամայիս հարցնում եմ՝ բա էն մեռած տատիկի շապիկն ինչի՞ էին մոխրաջրել, մամաս մոխրաջուր աչքերով ժպտում է ու ասում՝ էդ խոսք է, որ մեռած տատիկին հիշելիս են ասում։ Մամաս շատ խելացի է, ինքը ամեն ինչ գիտի։ Որ մեծանամ, մամայիս նման բանաստեղծ եմ դառնալու։ Ես հիմա գիտեմ, որ մամաս բանաստեղծ է, իսկ էն ժամանակ, երբ դեռ չգիտեի, որ մայրիկին ճանաչելն աշխարհի ամենահեշտ գործն է, բայց արդեն ճանաչում էի, էն ժամանակ դեռ չգիտեի, բայց երևի զգում էի, որ մամաս բանաստեղծ է։ Ինքը գունատ էր, փոս ընկած այտերով, տղայի նման կարճ խուզած մազերով, աչքերի մեջ կարծես մոխրաջուր էին լցրել։ Մամայիս դեռ չեմ ասել, որ իր անունը դրել եմ «մոխրաջուր աչքերով skaldinna»։ Մի օր կասեմ։ Ես հիմա ամեն ինչ պատմում եմ մամայիս։ Մի ժամանակ կար, որ շատ էի ուզում փաթաթվել մամայիս, նայել skaldinna-յի մոխրաջուր աչքերին ու վիզը գրկած՝ ֆսսալ, ոնց որ պապաս՝ քնի մեջ։ Շատ էի ուզում, բայց Սկոլդինաս հեռու էր, ինձ տվել էր ուրիշ մամայի ու գնացել հեռու-հեռու, գոնե պապաս մոտ լիներ, չէ, պապաս էլ էր գնացել հեռու-հեռու, ու ես մնացել էի ուրիշ պապա-մամայի հետ։ Նարեկն ու Ալիսն էլ ուրիշ պապա-մամա ունեին, Տիգրանն ու Ջուլին էլ՝ լրիվ ուրիշ։
Մոխրաջուր աչքերով Սկոլդինա մայրիկս հիմա ննջում է՝ գլուխը հենած կաշվե բազմոցի թիկնակին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *