Հուսիկ Արա | Ազատության հրապարակ

© Կարեն Անտաշյան

© Կարեն Անտաշյան

Նոր Հայաստան
Սրտաչափ թուղթ էր
ու մի մատ թանաք,

որ այս աշխարհում վստահվեց ինձ.
ես ուզեցի արև գրել,
ավետել լույսի մասին
ու սերը պատմել,
բայց ո՞ւմ կամքով, չիմացա,
քո ընտրությունն էր թուղթն ու թանաքը,
Նոր Հայաստան:

Արծիվ նկարեցի լեռան սարսուռ օդում,
գծեցի առյուծ խշխշացող արևների հողին
ու մեր Սարը տեսա ջրհեղեղի ջրերի վրա:

Կարմիր, կապույտ, ծիրանագույն շողաց,
որ անկախության լույսն է առավոտի մեջ.
փոքր ու մեծ տանիքներիդ երկնագույնում,
և ամեն բացվող դռանդ վրա տարածեցի:

Թվերից երեքն ընտրեցի խորհրդանիշ՝
որպես երրորդ հանրապետություն,
երեք հայրենիք՝ դեռ չամբողջացած,
երրորդ հազարամյակ, որ քո ժամանակն է երկրի վրա:

Մեր երազի Հայաստանը իրական տեսնելու համար
ազատություն եմ վանկարկել քո պայքարի հրապարակում,
քվեարկել՝ Այո, անկախությանդ թերթիկին,
իսկ կռվում կորցրել եմ ընկերներ թանկ ու լուսավոր:

Հիմա տաք լույս եմ գծում բարակ օդում,
նկարում եմ սեր թափանցիկ ջրերի վրա
և արև՜ եմ գրում քո սրտաչափ հողին:

 

Տեսա, երկիր…

Կանգնել ես իմ առջև`
երիտասարդ, խարտիշագեղ ու կապուտաչ,
իմ մի բուռ երկրի ազատություն.
խաղաղություն է քո հայացքը,
որ լցվում է աչքերիս մեջ:

Քո անվանակոչության օրն էր,
երբ Սիմեոնի պես գիրկս առա քեզ
և ասացի. «Տեսա փրկությունդ, երկիր»:
Մանուկ էիր փխրուն ու թավշե,
վճիտ էր հայացքդ ու կաթ էիր բուրում,
իսկ ես ջահել ու հպարտ`
քեզ պահպանելու ուժով էի լցված:
Թևերիս մեջ առա քեզ,
սրտիս մոտիկ ու մաշկիս տակ պահեցի,
միակ երազս տվեցի ու հեքիաթս,
որ չէի պատմել դեռ ուրիշ մեկին.
խոստովանեցի, ինչպես ոչ մի կնոջ,
անգամ մորս և Աստծուն:

Ամռան արև է բուրում երիտասարդ քո հասակը.
հիմա դու ես ջահել ու հպարտ`
ինձ պահպանելու ուժով լցված,
իսկ ես այր եմ հասուն` քո ավյունով ներշնչված:
Վաղվա օրն է չքնաղ ու գեղեցիկ,
որ գալու են դեռ ջահել ու պարմանի՝
քեզ հետ շուքով քայլելու,
երբ կլինես այր վսեմ,
և քո խոհերից իմաստություն կքաղեն:

 

Այլևս բառ չես

Բառարանում գրված բառ էր ազատությունը,
մենք նրա մասին գիտեինք գրքերից
և հեքիաթանման ասքերից հեռվից եկող ասկետների:

Մենք որ լսել էինք նրա անունը միայն
և անգամ երկտող չէինք ստացել,
հիմա ստույգ կարդում է մեր հասցեն,
ամեն մի մանրուքը,
ու մանրամասն գիտի մեր օրը:
Նույնիսկ, թվում է, թե երկու ես ու մի մարմին ենք,
երբ լռում է մեկս, մյուսն է հսկում,
և անհնար է ձայնը լույսից տարբերել:

Ափիս մեջ նարնջագույն երիզներով
ծննդյան վկայականն է կնքված.
«Նաիրյան երկրի Նոր Հայաստան.
Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ,-
ու մի մատ խորքից գրված է
փոքրիկ ծանուցում բացիկի նման,-
մեր սպասման սիրուց ծնվեցիր,
հավատից համբերատար
ու վազեցիր մեր մեջ խայտալով,
ինչպես մեր հնագույն երկրի մանուկ աստվածն էր,
որ ծիրանագույն ծովում էր երկնել.
կրակ էր, և աչքերն էին արեգակներ»:

Մանր տառերով
այլ մանրամասներ էլ է գրված լուսանցքում.
«Այլևս բառ չես, ազատություն,
ոչ էլ ասկետի պատմած հեքիաթ.
սեպտեմբերյան թավշե օր ես,
ուր արևախառն ձյուն կա փետրվարից,
և որպես լույսից փքված առագաստ`
պարզվել ես հող ու արևին»:

 

Հանուն քեզ էր

Սարսուռով եմ արտաբերում քեզ,
ինչպես Աստծու անունը.
ծիրանագույն բառ ես, ազատություն,
այրում ես շուրթերս:

Մեր աչքերի երազները վառեցինք՝ զույգ ջահեր,
քո սպասման երկար գիշերին.
մեր մարմինը մեր ոգու չափ էր
ու մատաղ էր ամեն անգամ քո ծեսին,
մինչևիսկ կենաց ջուրը՝ մեր մեջքի մեջ քլքլթացող:
Եվ ի՜նչ տղաներ` հպարտ ու պայծառ,
որ հայացքով արևն էին շրջանակել,
քեզ հասնելու մեր ինքնության մարտում կյանքը տվեցին:

Հենց առաջին օրն էր` մեզ հետ էիր հանրահավաքում,
երբ փոթորկվում էր միասնական մեր ոգին.
կրակի սյունը բարձրանում երկինք
և լույսի տոն էր տիեզերքում,
իսկ լեռներից վեր հորիզոնն էր լայնանում
ճախրանքից Ազատության հրապարակի:

Օդը, ջուրը, կրակն ու հողն էլ,
մինչև իսկ մեր շնչելու իրավունքն էր քեզ համար,
և ամեն բան` շահած երազ, սիրած աղջիկ, թե կորցրած սեր,
քո անունն ուներ ու հանուն քեզ էր:
Իմ բառի թռիչքն էլ հյուսվեց
փետուրներին քո հավաքական ճախրանքի.
բանաստեղծի ճակատագրով ինձ էր տրված`
լինել վկան իմ ընդվզող երկրի անկախության,
և օրհներգեր ներբողել քեզ, ազատություն:

 

Քեզ ունեմ իրականում

Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:

Մեր աչքերը երկար են սպասել քեզ,
որպես սեր՝ հսկել են տափաստանում
ու բարձր լեռների վրա,
և սերնդեսերունդ փոխանցվել՝
քեզ այս վեհությամբ` վսեմ ու ինքնուրույն,
տեսնելու համար.
ու մեր երազը այնքան էր մեծ,
որ դիտարանում բարձր աշտարակի չհոգնեց
ամեն վայրկյան քո մոտենալը զգալ:

Ու հիմա, սիրած կնոջ նման,
սրտիս հետ ես խաղում չարաճճի ու վստահ:
Քեզ ունեմ իրականում,
և այնքան ես շոշափելի,
որ հաճույքիդ հետ հասցրել եմ
ցավիդ դառնությունն էլ զգալ,
մինչդեռ երազ էիր հեռու
սերը փնտրելու գնացող ասպետների համար:

Իմ մի բաժակ ջուրն ես, որ խմում եմ,
քեզ ուտում եմ որպես հաց.
իմ շնչելու առավոտն ես:
Թե ուղիղ խոսք ես ասում, քո բառի մեջ եմ,
երբ խաբում ես, ինքս ինձ հետ եմ նորից:

Դու այն տարածքն ես,
որտեղ սիրում են, ապրում… ու չեն մեռնում.
ձուլվում են երազին,
որ իրական է որպես հայրենիք`
ազատ ու ինքնիշխան:

Հեռացում է գրված հիմա

Քո անվան դիմաց, որ կարդում եմ հայրենիք,
հեռացում է գրված նաև,
իսկ այն սերը, որ ապրել ենք միասին,
սիրտ կծկող հիշողության դաշտ է հիմա:

Դրսում եմ թողել այն հողագույն կոշիկները,
որ ճտքերը հավաքում ու քայլում էինք օր ու գիշեր՝
մեր ճշմարտությունն աշխարհին ասելու համար.
որովհետև դրանք պետք չեն քեզ արդեն:
Պահարանում եմ կախել վերնաշապիկը հիմա,
սպիտակ ու մաքուր, որ մեր պայքարի գույնն էր,
քանի որ մոռացել ես արդեն.
հագնում էինք այն խենթացած օրերին,
ու միմյանց կոճակներ վարժ ու հստակ կոճկում,
որ չուշանանք`պատգամ բերող եկվորի ձեռքը սեղմել:

Հին օրագրի լուսանցքում եմ կարդում
միասին ապրած մեր կյանքի ժամանակը,
որ հապճեպ է ու խզբզած, տեղ-տեղ անհասկանալի,
երբ ընկեր ու եղբայր էինք, պայքարի մարտիկ,
հիմա ուրիշ էջի վրա ես գրվում՝ տողատակով ու երկդիմի,
իսկ ես մեր հին ծոցատետրն եմ թերթում որպես հուշ
և քեզանից այնքան հեռու:

Մենք խոսում ենք նույն լեզուն,
բայց օտար են մեր բառերը,
և վաղուց է, որ չենք հասկանում իրար:

Դու որ ասում էիր՝
ճիշտը մեկն է լինում,
հիմա տարբեր են իմ ու քո ճշմարտությունը:

Իմ հայրենիք, այնպես պարզ ու այնքան անհասկանալի,
մեր անունների միջև հիմա հեռացում է գրված՝ գծիկի նման:

Քեզ այսպես չէինք երազել

Մի՛ լաց, տղա, որբ ու անտեր,
փողոցներում մեծացած փոքրիկ,
որ իմ երկրի դրոշի գույնով
ինձ տրված ազատությունն ես։

Քեզ նկարել էինք առավոտի գույներով
և կեսօրվա արևով շրջանակել,
պատմում էինք ոսկեգեղմ,
ծավի աչքերով ու կրակարյուն։
Էպոսի իրական տղան էիր.
թուրը աջ ու ձախ կտրում էր ձեռքիդ,
ու կրակի կտոր ձին տակիդ էր խաղում։

Ուրիշ էր պատմողր,
ու երկնքից ընկնող երեք խնձորն էր ուրիշ,
երբ հեքիաթը տեղափոխվեց իրականություն։
Սև անտառում մոլորվեց,
մութ զնդան րնկավ արքայազնը
անշեջ հուրը բերող,
իսկ մինուճար աղջիկը թագավորի
(չար վհուկի կախարդանքն էր),
դղյակում պառավեց՝ գիշերուզօր սպասելով կրակին։

Ընդգծված վերև ես՝ բուրգի պես ցցուն,
ու հարթեցված ներքև՝ հավասար խուզված,
քո հացկատակն ենք, մեզ շպրտված ազատություն։
Ձեռքս խղճիդ դրած պիտի երդվեի.
տեր լինելու համար էիր, մինչդեռ եղար ծառա։

էլ առաջվա պես ինձ չեմ ուտում, ներսս կրծում
հերսոտած, թե հեքիաթը, ախր, ինչո՞ւ պիտի այսպես
ավարտվեր.
արի, տղա, ծվարիր թեերիս տակ՝ մինչև որ մեծանաս։

Փնտրաբառ՝ hayrenik barov naxadasutyun

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *