ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ | Բիբլիական ընդմիջումներ

Խաչիկ Մանուկյան

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

ՄՂՁԱՎԱՆՋ
Արագիլի ոտքերի չափ երկար մի ցավ
Իմ սրտի մեջ լայն թևերն է թափահարում,
Թախիծը ե՞րբ իմ հոգու մեջ հղիացավ
Ծիծաղների, խնջույքների այս շուրջպարում,-

Որտեղ կանայք՝ խայտաբղետ երանգներով,
Սկյուռների պոչը փռած փխրուն դոշին,
Թրթռում են վայելքի մեջ սիրահոլով
Եվ աստղերի փոխում մի պահ կյանքիդ փոշին։

Կասկածների, խաբկանքների թավ անտառում
Հազար անգամ ինձ գտել եմ ու կորցրել,
Հիմա սոված ագռավներ են վրաս պարում
Եվ ուզում են փտած օրերն ինձնից ցրել։

Գավաթներն ինձ ուղեկցել են որպեսԿայեն
Կամ՝ անձրևից առատախոս չքնաղ մի կին,
Որին սիրով այն խելոքին կնվիրեմ՝
Ով իր կյանքում չի գուրգուրել ծարավ մեկին։

Դեռ փորձում եմ հեքիաթի մեջ տուն կառուցել,
Բայց խարխլված իմ տանիքը փուլ է գալիս,
Նա՝ ով իմ մեջ արարումի տենչն էր հունցել,
Հիմա միայն ինքն իրեն է պատիվ տափս։

Հավերժության այս պառակտված հանդեսներում
Ամեն անգամ ես կմեռնեմ, երբ լինեմ ծեր,
Սայթաքելիս՝ իմ մարմինն էլ ինձ չի ներում,
էլ ուր մնաց օտարների ձեռքը վարձել։

Արագիլի ոտքերի չափ երկար մի ցավ
Իմ սրտի մեջ լայն թևերն է թափահարում,
Թախիծը ե՞րբ իմ հոգու մեջ հղիացավ
Ծիծաղների, խնջույքների այս շուրջպարում։

2.
Կանգնել է իմ ճանապարհին՝
Վշտերի դեմ վիզը ծռած,
Այս այցելուն ծանո՞թ է ինձ,
Թե՞ պարզապես այդպես թվաց։

Այնպես հեշտ ենք ողջագուրվում,
Այնպես հեշտ ենք լքում իրար,
Որ մեր հոգում լճացել է
Մոռացության գետը վարար։

Թվում է՝ էլ սահման չկա
Մեր ցավերից խուսափելու,
Պիտի մնանք տակառի մեջ՝
Իմաստունի կյանքին հլու։

Եվ նվաղենք՝ գիշերով լի
Լռությունից ահաբեկված,
Ամեն ինչի մեջ փնտրելով՝
Կարոտի բույլ, հավատի կայծ։

Ո՞վ կտեսնի վարդը կարմիր,
Ո՞վ կպատմի սիրո մասին,
Ո՞վ կքայլի երկինքն ի վեր՝
Երազների բեռը ուսին։

Եվ թե նորից Հիսուսը գա՝
Նրան երբեք էլ չեն խաչի,
Քանզի անկիրք քաոսի մեջ
Ոչ ոք նրան չի ճանաչի։

Ինձ չփնտրեք, ինձ չկանչեք,
քամին չտաք ձեր համբույրից –
Ես կարող եմ ուշաթափվել
Ծաղիկների անուշ բույրից։

3.
Ցանկապատից թեթև թռա.
Բայց սուր ճաղը սիրտս մտավ,
Եվ իմ սրտի տրոփի հետ
Ցանկապատը գնաց –եկավ։

Օ, ինչ զվարթ սիրտ ես տվել,
Որ ժպտում է ամեն ցավից.
Մահվան գունատ սուրհանդակը
Ոտից գլուխ ատում է ինձ։

Նրան ինքս հյուր կգնամ
Եթերային ընծաներով
Եվ խավարն իր կզարդարեմ
Երգի զուլալ ծնծղաներով։

Հոգիները ցած կթափվեն
Դժոխքներից, դրախտներից –
Կշխկշխկան լերկ գանգերը
Եվ կլցվեն խինդով նորից։

Կպարեմ ձեր երազի շուրջ,
Կդառնամ ձեր սիրո գերին,
էլ սարսափի ուժ չի մնա
Սապատավոր վհուկներին։

Գիրկս առած ճերմակ մի գառ՝
Կմոտենամ Շողակաթին
Եվ անմեղի արյան պատից
Խաչ կհանեմ սուրբ ճակատին։

Եվ երբ ցնդի միֆն այս պայծառ՝
Հին աղոթքը կասեմ պապիս.
– Կամեցել եմ այն՝ ինչ չկար.
Աստված, ներիր մեղավորիս։

***

Հիմա փնտրում եմ այնտեղ` ուր չկա–
Այդպես ավելի հեշտ եմ գտնելու։
Մեծ Արջն է փռվում քնած աղջկա
Արթուն պահերի տենչանքին հլու։

Թեև ասելու բան չէր մնացել,
Բայց բաժանումը տարիներ տևեց,
Մոտեցող ձմռան հմայքը կարծր
Հերթով կգետնի անցորդներին ծեր։

Մենք սայթաքումին հազիվ թե հասնենք,
Բան ենք կորցրել ու շտապում ենք,
Ամփոփումը կա` երկնքի մասն ենք,
Թեև միջանկյալ օտար ափում ենք։

Աստղերի վրա սառույցներ չկան,
Ճերմակ փաթիլներ այնտեղ չեն իջնում,
Այրող կարոտն է մեր վաղընջական
Նրանց հրեղեն խորքերում ննջում։

Տարալեզու, վառատենչ
Բաբելոնն է սա.
Լույսը մարդու հոգու մեջ
Խավարին հասավ։

Չեն հասկանում իրարու,
Չեն լսում ոչինչ,
Եվ երկիրն են հայհոյում,
Եվ երկինքը ջինջ։

Ավա՛ղ, ողջը կմարի,
Կդառնա վաշի,
Խարխափելով կպարի
Գրկում մշուշի։

Ու կոռնա մեր հոգին
Խավարում անձայն,
Տերն աչքը թաց կերգի. –
Քնի’ր, երկիր ջան։

ՋՐՀԵՂԵՂ

Տիրոջ կամոք նավ շինեցի՝
Նոյի նավից մի քիչ պուճուր,
Բաժինն առա հոգեհացի
Նրանց, որ պիտ դառնային ջուր։

Զարկ եղավ ու լուսավորվեց,
Տերը ասաց՝ դե՛, բարձրացի’ր –
Մի ակնթարթ, մի պահ տևեց,
Ու սլացավ երկինքն անծիր։

Սիրտս լցվեց ու լաց եղա
Ո՞նց հեռանամ ես ամենքից. –
Չէ,-ասացի,– Տեր ջան, չեղա՜վ,
Ինձ էլ խեղդիր քո բարձունքից։

Տապանի մեջ ինձ կսպանի
ճիչը մեռնող մոր ու մանկան,
էդ անիրավ դատաստանին
Նեռի որդիք թոդ միայն գան։

-Նոյ, ի՞նչ տեսակ մարդ ես եղել
Որ տապանն ես ելել անհոգ,
Երբ մահ է քո շուրջը հեղել
Աշխարհավեր շունչն անողոք։

Ինձ չես փրկել, չե՛ս փրկել, Նոյ,
Մինչև հիմա խեղդում ես ինձ,
Ես մանուկն եմ այն վիրավոր՝
Ձեռքը կառչած քո տապանից։

Հե~ յ, Ղամեքի անսիրտ որդի,
Քո փրկածը ողբ է ու մահ…
Ջրհեղե՛ղը ինձ կփրկի.
-Տեր, տապանը թող քեզ մնա։

ՂՈՎՏ

Ե՛տ չնայես հանկարծ, Ղովտ,
Ցանցն ես ընկել չար խաղի,
Ախ, սիրելի կինը քո
Արդեն բլուր է աղի:

Բայց չդառնաս նրա քով,
Նրան թող ջուրը թաղի,
Թե չէ մռայլ Տերը քո
Գլխիդ ծծումբ կմաղի։

Հնար չկա, անհողդողդ
Ելիր սարն ու մրափիր,
Բայց հեռու տար գինին, Ղովտ,
Մի խմիր ու մի հարբիր։

Աղջիկներդ անառակ
Պիղծ տենչերով են հղի.
Կուրանան ցոփ լուսնի տակ
Սրբություններն աշխարհի։

Քողն ամոթի նետած դեն՝
Կրքավառ ու սրտադող,
Նրանք ծոցդ կմտնեն
Ու կսիրեն փոխեփոխ։

Ու դու հայրը կդառնաս
Այլասերված թոռներիդ,
Ու Տիրոջ դեմ կոռնաս.
– Երանի թե մեռնեի՛։

– Երանի ե՛տ նայեի,
Աղ դառնայի նրա պես,
Ոչ թե՝ հերն իմ թոռների,
Ոչ թե՝ պղծված կրքի ծես։

ԲԻԲԼԻԱԿԱՆ ՊԱՏՈՒՄ

Զռում, գռգռում ես, ջա՜ն, իմ իշուկ,
Խառանչիդ մեջ՝ գութ ու խանդաղատանք,
Քանի դար է անցել, երբ վեհաշուք
Երուսաղեմ՝ օրհնյալ քաղաք մտաք։

Ճրագ էի ծախում տաճարի դեմ,
Երբ հեծյալդ եկավ ու նախատեց,
Նրա դեմքին անմար լույս էր կաթել
Հեռվի գիսավորից ամենամեծ։

Ասաց՝ ո°վ է թողել, մարդու որդի,
Հորս տանը հանգիստ առտուր անես…
Ո՛նց թե «Հորս տանը» – մեղա՛ հոգիս,
Տեր ջան, չգիտեի՝ գավակ ունես։-

Զորավոր ու բարի, բոյ ու բասով,
Բա չէ, մերոնց նման՝ խենթ ու բռի,
Դա երջանիկ հայր ես քո Հիսուսով,
Որ մեզ համար նոր կյանք պիտի կռի։

Ճրագներս առա՝ հլու կամքին,
Ծվարեցի ուրիշ մի պատի տակ –
Հեռվից էշի զռոցն հասավ ունկիս՝
Խառանչի մեջ՝ գութ ու խանդաղատանք։

ԲԻԲԼԻԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ

Դժբախտությունը՝ մաքրակենցաղ,
Երջանկությունը՝ դալի-դոլի,
Մի պուտ հիացմունք ու լիքը ցավ,
Հուսո շքերթներ նվազ շողին…
էն կնիկն ինչի՞ արձան դարձավ՝
Դուստրերին կապած մարդու կողին։

Ներկան՝ ապխտած, մեռած անցյալ,
Անշունչ գալիքն է ճոճվում ճյուղին,
Մահն է ոստոստում՝ որպես պայծառ
Ուխտավոր՝ եկած հանդ ու չոփն։
Ասում եմ՝ Նոյ, էդ տղերքիդ առ
Ու բռնիր ճամփան Հարդագողի։

Ի վեր՝ ջրերն են ինձ անկողին՝
Ջրահարսերով այն կրքավառ,
Որ խաղացնելով պոչը դեղին՝
Փշրո՛ւմ են հոգուս պատը խավար։
Օրհնություն, Ադամ, քո հեգ կողին,
Որ կուրացնում է լույսերով վառ։

Ջուրս՝ ջրի մեջ, հողս՝ հողին –
Տարրալուծվեմ ու խաղաղ կենամ,
Աչքս՝ ոսկեվազ էն խաղողին,
Ունկս՝ կաթիլքին իր երգահան.
Փառք ու պատիվ տամ Արարողին,
Գավերս պարպեմ՝ թողնեմ գնամ։

ՀԱՅՐԵՆԻՔ

Հոգեհացի սեղանի պես մռայլ
Եվ դառնությամբ բաժակների համր,
Որպես խանդակ՝ ելքով մի անհնար,
Գեր գաճաճի շնչով՝ ծանր-ծանր,
Որպես չբեր մի կին՝ անթով գերի
Կամ որպես աղ՝ ցանվող բաց վերքերին՝
Ցոլում-անցնում են օրերը անբերրի՝
Լծված մահասարսուռ, մութ կրքերին։

Հիմա կարո՞ղ ես դա երգել մեկ էլ,
Հիմա կարո՞ղ ես դու հերկել հոգիդ
Եվ երկնքի ցանքսը տապից փրկել՝
Ամպրոպների նման կայծակնագիր։
Ես ո՞ր ախպերն էի այն հեքիաթում,
Հեգ ճակատիս ո՞վ էր սղագրել,
Գուցե այդպե՞ս չէ, Տեր, լավ չես կարդում,
Գուցե մի այլ ուս է կամ՝ մի այլ բեռ։

Քո պարգևած վերջին ակնթարթում,
Սպասումներն անգամ լրիվ մարած,
Իմ զառամած սիրո հավատն արթուն
Եվ մոմերը հոգուս լրիվ վառած՝
Պիտի տենչամ ես քե՛զ, իմ Զվարթո՛ւն,
Եզերքներիդ ծիրով ծովածավալ,
Խորշակների թողած անապատում
Պիտի փշրե՛մ ամեն կորուստ ու ցավ,
ճա~խրն արծիվների թևերիս տակ՝
Թռիչքներդ պիտի հար խթանեմ,
Հետո խաղաղ իջնեմ քո գիրկը տաք
Ու քո բիբլիական ցավը տանեմ։


***
էլի՝ թեժ, զրնգուն ու զնգան
Կաս, մասն ես էս ցնծուն հեքիաթի,
Մոլեգնած ցլիկներն են ծնկում,
Ֆշշում է արյունը խաս պատին –
Պայծառ զոհ – բառաչ ու տրաքոց,
Քո քիմքին հաճելի թող լինի,
Մի՛ խմիր արյունը, Տե՛ր, մարդոց,
Տե՛ր, խմիր գարեջուր ու գինի։

Երազի փսլինքն է հրեղեն
Կախ ընկել աստղերի ճակատից,
Հին տենդով մեզ պիտի հեղեղեն
Գինեմոլ պոետներ բախտակից,
Ու խավար գիշերը՝ ծուխ ու բոց,
Հոգեառ բագին կլինի,
Մի’ խմիր արյունը, Տեր, մարդոց,
Տեր, խմիր գարեջուր ու գինի։

Շանթերով հրազարդ իմ երկիրն
Արարման եռքով է լեցուն,
Իմ ձեռքն իմ վերքերը կամոքի
Երկնքի մշտավառ հնոցում,
Հայոց լույս ճամփեքն եմ պահել գոց,
Մշտարթուն դավի դեմ ու քենի,
Մի՛ խմիր արյունը, Տե՛ր, մարդոց,
Տե՛ր, խմիր գարեջուր ու գինի։

 

ԱՆՁՐԵՎԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Ամպրոպը զուր է ամպը թրատում՝
Ասֆալտի վրա սնկեր չեն աճի,
Լարված նյարդերը կմնան արթուն
Փետուրների մեջ հոգնության մահճի։

Ինձ պատսպարող մենակությունը
Թմբուկ կդառնա ջրի մատներին,
Եվ ձանձրույթի մեջ թանձրացող թույնը
Օրս կխաչի՛ մրոտ պատերին:

Գլուխը թեքած գինեմոլի պես՝
Ջրհորդանները կփսխեն անփույթ,
Այս գորշ պատկերը շրջանցել եմ ես՝
Վրաս փակելով դուռ ու լուսամուտ։

Երակներիս մեջ վարդի թերթերը
Հուշի սյուքի տակ տխուր կխշշան,
Եվ հոգեդարձի ելնող ամպերը
Կճչա՛ն՝ որպես կորստի նշան։

Ամպրոպը զուր է ամպը թրատում՝
Ասֆալտի վրա սնկեր չեն աճի,
Աճելու տե՛նչը կմնա արթուն
Մաշված արգանդում ծերացած հարճի։

****
Օրը եկավ, օրը նույնն էր՝
Դատարկությամբ անուղղելի,
էն շա՛ն նման գդակ չուներ,
Որ հագցներ թաց ուղեղին։

Միլիո՜ն տարվա փորած հունն էր՝
Իր ափերով ծանոթ ու հին,
Պապիս առած նույն ողջույնը
Հիմի ինձ է բաշխում քամին։

Օրը կանցնի, կգա նույնը՝
Փեշերը վե՜ր չբեր մի կին,
Ինչքան գալիս ու գնում է՝
Անպտո՛ւղ է մնում կրկին։

***
Գինիս՝ թեժ,
զուռնաչիս չկար,
Դաշտում մի ծղրիդ ճարեցի,
Խմեցի – նա երգեց երկար –
Հին երգեր երգեց դառնածիր։

Շաղ տվեց մորմոք ու կսկիծ
Հուշերս պայտող փինաչին,
Օրերի վերմակի տակից
Դուրս ելավ իմ սերն առաջին։

Սրտիս կաս պատին շաղափեց
Զրնգուն կարոտներս ջինջ,
Հաշիշի մշուշով պատեց
Աչքերիս հայող ամեն ինչ։

Մարմրող աստղերի դիմաց
Դաշտի մեջ քնած մնացի…
Շամանդաղն էր զուգում կամաց
Ծաղկազարդ թերթերն իմ բարձի։

***
Փողոցում անհոգ սուլում էր հոգսը՝
Կեպին թեք դրած՝ գողական ոճով,
Եվ ուղեկցում էր ամբոխը նրան
Աշնան գունաթափ ծառերի միջով։

Եվ ոչ ոք չկար շքերթի պահին,
Որ աչք կապելու կրքով բղավեր,
Լոկ մի խելագար պոետ էր երգում.
– Աստղերն իմ տունն են, ու ես՝ տնավե՛ր։

Եվ հոգսն անցնում էր փողոցից փողոց,
Փակ աչքերով մեր խինդն էր գողանում,
Մենք մնում էինք թախծի ծովի մեջ
Եվ արցունքների ջրով լողանում։

ՆԱԻՐՅԱՆ ԷԼԵԳԻԱՆԵՐ
1.
Տղամարդու չեղած դառը արցունքներով,
Որ մրմուռ են դառնամ, այրում կոկորդն ի վար,
Անթիվ կորուստներից իմ պաշարված սիրով
Ուզում եմ քեզ հիմա ամուր գրկել ու լալ։
Սովից ընդարմացած, հիվանդ հայացքներից,
Որոնք չեն ընկալում տեսանելի ոչինչ,
Կսարսափեր անգամ այն Հոբ Երանելին՝
Ուրանալով և Տեր, և փառք, և ամեն ինչ։
Ահա, այդ խելագար հայացքների առաջ,
Որ սրերի նման փորոտիք են թափում՝
Արնոտում են բառերն իմ շուրթերը սառած՝
Որպես մահվան նվագ՝ ցնդող հայրենիքում։

2.
Ողջ կյանքս՝ պանդոկին նվեր,
Եվ հոգիս՝ արյունոտ բագին,
ճախրանքի կարոտ, իմ թևեր,
Մոխրացե՛ք գինու կրակին։
Դիվահար եղավ ու ցնդեց
էն սիրո զմայլանքն անգին,
Երկնքի միակ փառքը մեծ
Տեր չեղավ անշառ իմ վարքին։
էլ չունեմ հայրենիք անմեռ,
Ինքնիշխան, զորավոր, կարգին
Ողջ կյանքս պանդոկին նվեր,
Եվ հոգիս արյունոտ բագին։

3.
Գիշեվա մորուքը ոտքերիս է հասնում,
Տրորեմ՝ կզակը կցավի,
էս գարնան ցրտերից խռովեց մեր ածուն,
Ու մնաց եղյամը մացառի։
Պպզեց՝ ու պրծա՜վ, էլ ոտքի չի կանգնի
Իմ հոգու էշ ե՛զը լուսավոր,
Սովահար մանուկներ, կիսամեռ մի նանի,
Հայրենիք – դա՛րն ի վեր վիրավոր։
Մեզ գտավ ու մնաց անհայրիկ մի քամի
Փոշոտեց աչքերը Տիրամոր,
Ո՛չ ապին է գալիս, ո՛չ զարթնում է նանին
Ու որբ են մանուկ ու ալևոր:

4.
Լռության ժխոր, չարության կիրք,
Խոշտանգված դեմքեր անասելի,
Սոված շան նման քամին է լիրբ
Լպստում լորձը դիասայլի:
Քահանան՝ որպես երկնքի գարդ,
Բառեր է ասում հույժ լուսավոր,
Եվ ասպետական սրտով մի սարդ
Արցունքն է սրբում հանդիսավոր։
Փառքը՝ մահացու վերջին ական,
Պայթում է ամբողջ հասակով մեկ,
«Արքան չի՛ մեռել, կեցցե արքան»
նենգափոխված ուրիշ մի երգ։
Գերեզմանափոր մի հրեշտակ
Պատառոտում է կուրծքը հողի
Նրա կիսափակ կոպերի տակ
Ֆրոյդն է սողում գաղտագողի։
Սգո դառնհամբույր տալուց
Բզեզն իջնում է արնոտ քունքին,
Եվ խլանում են ողբ ու հառաչ՝
Ցոփ ծիծաղի տակ արցունքի:

5.
Մորմոք չէ այլևս, ոչ էլ՝ ցավ,
Իմ երկիր, ծխացող վերքր քո.
Արցունքիս ղողանջը խլացավ,
Շիկացավ արևիդ կրակով։
Դու հիմա պայծառ ես առավել
Եվ հոգով զորավոր ավելի,
Քեզ լույսի կավից են արարել
Ու փռել աշխարհի խավարին։
Ու թեև բյուր հազար վերքեր են
Տրոփում հոգուդ մեջ արնաքամ,
Բայց էլի հնչո՛ւմ են երգերդ,
Շաչում են սրե՚րդ հաղթական։
Դեռ պիտի բոլորվեն ծայրից ծայր
Հավատիդ անսպառ լույսի քով,
Մորմոք չէ այլևս, ոչ էլ՝ ցավ,
Իմ երկիր, ծխացող վերքը քո։

ԵՐԳԻ ԵՐԿՈՒՆՔ
1.
Շրջելով անթիվ խենթ ոգիների
Լույսերով շնչող լայն սրահներում՝
Պատկերներ մատնող ստվերների մեջ
Ես ընկալեցի դեմքը արևի.
Անթեղված սիրո երկնային բոցն է
Մատյանների մեջ հավերժ երերում,
Որոնց հրաձայն ջահերի վրա
Երգն ինքն իր ոգուց պիտի արարվի։

Հեռավոր մի տեղ, խաչվելով իրար,
Ներդաշնակվում են անցյալն ու ներկան,
Եվ մատյանների բոլոր թերթերը
Մեղավորներին ծաղիկ են բերում –
Ծնվելուց առաջ չկա՛ն ստվերներ,
Մեռնելուց հետո ստվերներ չկա՛ն –
Հեգնանքի կարծր ժանիքների մեջ
Մոլորյալներին իզուր ենք գերում։

Լուսամփոփի տակ արթուն օրերս
Հուշի շապիկով մոտենում են ինձ
Եվ անգոյության պաղ երազներում
Չոր ստինքներն են շոշափում մահի,
Ես, նրանց խոնավ շիրմաթմբից դուրս՝
Մոռացված այր եմ և ուրիշ ոչինչ,
Որ ամբողջ կյանքում արցունքը զսպած՝
Պիտի կարոտի ծաղիկներ բերի։

2.
Ինքնամերժումով ես նվաճում եմ փախուստն աշխարհի՝
Իմ մեջ հորինված,
Եվ առնետները դանդաղ մարսում են փեշը գիշերվա՝
Երազով լցված գիշերապահի խռմփոցի տակ,
Որն անպաշտպան է առավել, քան այս գիշերը,
Որտեղ ես հիմա տանիքից տանիք ուզում եմ թռչել
ճերմակազգեստ լուսնոտների պես՝
Սարսափի ճիչը անվերջ մեկնելով ձեր հայացքներին։

Ես ուզում էի իմաստուն թռչնի փետուրներ խանձել՝
Լսելու համար կյանքից խռոված բառերը վերջին,
Բայց թռչունն ինքն էր
Իմ նախնադարյան ցեղակիցներից մեղկ զոհեր փնտրում –
Եվ մենք իրարու հասկացանք լռին –
Եվ մեր թևերը թափահարեցինք։

3.
Սկավառակն այս ճռճռում է դեռ,
Բախտի քսակն է փախցնում քամին՝
Մարդկանց հայացքը փառավորելով
Սպասումների գունատ գրկի մեջ,
Եվ ես համակված զորավոր տենդով՝
Ձեր համբերության կուրծքն եմ մերկացնում՝
Խոնավ, անպտուղ օրերի առաջ։
Տեր, այսօր ինքդ ինձ երկրպագիր…
Ես ոչ Աստված եմ, ոչ՝ Աստծո որդի,
Բայց այս կրակը,
Որ տառապանքի սավանների մեջ օրորում եմ ես՝
Քո ձեռքերի մեջ չի կարող պաղել։
Խենթ աչքերիս մեջ արյան հմայքն է իմ իսկ խոհերի,
Որ սպանել է մայրամուտը քո.
Իմ մարմնով մեկ աղոթք է խշշում՝ կրակով կարմիր,
Եվ հեշտ տրվում է հմայքին լույսի։
Տեր, այսօր ինքդ ինձ երկրպագիր…

4.
Այնպես դյուրին են բառերը սահում՝
Ասես սահնակ են սառույց ի վրա,
ճերմակ կրակ կա երկնի սրահում,
Որ հեքիաթներում պիտի հուրհրա։

Ինչպես փականքը բացող բանալի՝
Ես հիմա գիտեմ աստղերի լեզուն,
Թե նրանց ձայնը կոկորդս այրի՝
Դուք կթռվռաք դրախտի կղզում։

Եվ սաղավարտված ջերմ հայացքներով՝
Ես իմ աչքերը կնետեմ հեռու,
Պարուհիները՝ ճերմակ շորերով,
Բիբերիս վրա ջուր են դառնալու։

Հետո մեղեդին դանդաղ կթափվի
Հոդի մեջ ծաղկող բառերի վրա.
Եվ դուք թերթերը կշոյեք վարդի,
Իսկ ես փշերր կսեղմեմ նրա։

Գոյամարտ
1.
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։

2.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։

Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։

3.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։

Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Ռուբեն Հովսեփյանին

Զատիկի ձու է հայերենը՝
Որդան կարմիրով վերուստ ներկված,
Վրան՝ լույս-կամար երկնի վեմը՝
Իր աստվածավառ խորանը բաց։

Կարմիրը գույնն է մարդոց արյան,
Ու ձուն՝ խորհուրդը ողջ աշխարհի,
Ով ուրանա այս լեզուն բուրյան՝
Ոռնալո՛վ պիտի ապաշխարի։

ՔԱՂԱՔ

Քո արևը սառն է, քո օրերը սառն են,
Սառն են հայացքները՝ ձկների պես անխոս,
Չսիրեցի թույնով ներկած պաստառներդ,
Ռեկլամներդ՝ փայլուն ու բաբրարոս։

Քո մայթերին փռված խամաճիկներն անթել՝
Անհայրենիք, անսեր, անգաղափար,
Երկրից երկինք ձգվող ճամփաներն են քանդել.
Ոչ երգել են կարող, ոչ՝ ծիծաղել ոչ՝ լալ։

Նախարարներ տանող շքեղ մեքենաներ,
Զգաստ ոստիկաններ՝ անլույս խաչմերուկին,
(Մարդ բանաստեղծ լիներ՝ մի կուշտ փառաբաներ
Աթոռամոլ ամեն ճորտ ու ստահակի)։

Պատերի տակ շարված վտշոտ երեխաներ՝
Խեղված բախտի արնոտ երախի մեջ ագահ,
Հեքիաթների բարի թզուկներն են խամրել
Թշվառ օրերի մեջ իրենց անապագա։

Հավերժորեն հղի կանանց ինչ-որ խմբեր,
Որ չգիտես ինչի միշտ քաղցած են մնում,
Սիրո աստվածուհին նրանց վաղուց լքել
Եվ չի սանձել աճը անդեմ ու անանուն։

Եվ երկնքից կախված, ծննդյան տոն որպես՝
Լեզվատ զանգակներն են անձայն թափահարվում,
Եվ պատանքն է վավում – ձյունե սգահանդես՝
Ամփոփելով լքված մարմինդ պաղարյուն։

***

Դու որ կայիր էսքան սիրուն՝
էս ո՛նց ա, որ չեմ ճանաչել,
Իմ կյանքի մեջ քանի գարուն
Եկել էր ու չէր կանաչել։

Կժով քանի՛սն անցան կամաց,
Ու ոչ մեկը քեզ նման չէր,
Բայց դե ծարավ մարդն, ի՛նչ արած,
Ուզած-չուզած պիտի կանչեր։

Չլիացա՝ մեջը դատա՛րկ,
ճաքած, ջարդած այդ կժերով,
Խառնում էի լաց ու կատակ՝
Մեկը մեկի մե՛ջ փշրելով։

Դու բոլորից թաքուն եկար,
Եկար պայծառ կեսգիշերով,
Որ կյանքիս չափ մնաս երկար
Ու ջուր բերես խա՚ս կժերով։

****
Երջանկության հյուպատոս էր արբեցնող,
Ջա՜ն իմ բախտին, որ ե՛ս պիտի վերծանեմ,
Շշնջում էր գիշերվա մեջ մեղրածոր.
-Ես մեր սիրուց խենթ աստվածնե՜ր կծնեմ։

Փա՛ռք Տիրոջը, որ մեր հոգին խնայեց.
Նյութակալած խամաճիկ չենք դառնաքուն,
Ծովի հանգույն՝ ալիքաբաշխ հևքիդ մեջ
Պալատները սուզվում են ու անց կենում։

Ամեն գիշեր, երբ կարոտած իմ ձեռքով
Գալիս եմ, որ ճրագները հանգցնեմ՝
Զրնգում է ունկերիս մեջ ձայնր քո.
– Ես մեր սիրուց խենթ աստվածնե՜ր կծնեմ։

Օ՜հ, զվարթուն մարմինների քաղցր եռք,
Մաճառի պես ճպճպում են խինդ ու ցավ,
Ի վար, ի վեր՝ արևմուտքից արևելք
Թո՛ւնդ սերերի շքահանդես է պայծառ։

Երջանկության հյուպատոս իմ արբեցնող,
Ջա~ն իմ բախտին, որ ե՛ս պիտի վերծանեմ
Ու շշնջամ գիշերվա մեջ մեղրածոր.
– Ես մեր սիրուց խենթ աստվածնե՜ր կցանեմ։

* * *
Քեզ որոնեցի ալիքների մեջ՝
Ջրահարսերի կապույտ վրանում,
Եվ մինչև հիմա անխոս կարոտով
Ձկներն իմ խաչն են ծովից ծով տանում։

Նրանց գանգի մեջ իմ անունը կա,
Իմ անունը կա՝ չքնաղ պատկերով,
Այնտեղ ծփում է հավատը հոգու
Եվ Քրիստոսի հայացքը տիրող։

Եվ թեփուկներն են փայլփլում արծաթ՝
Որպես կարոտի անբառ վերծանում,
Երգեր են սուզվում ալիքների մեջ
Եվ ալիքների թա՛փը կործանում։

Բայց վրանները դատարկ են այնտեղ,
Քամին փչում է շեփորը ցավի,
Եվ արցունքները ջրերին թափվող
Դանդա՜ղ իջնում են հատակը ծովի։

ՎԵՐՋԻՆ ՀԱՐՍՆԱՑՈՒ

Հիմա ոչ կին կա, ոչ՝ փող, ոչ՝ օղի.
Կոշտ ցախավելով ողջը ավլեցին,
Ցոլքն է մնացել ինձ հւսրդագողի
Եվ մարգարտաթող մանկության խեցին։

Փոթորկված հոգու ի՜նչ խաղեր եղան,
Որ զարհուրանք էր կողքից նայողին.
Խանդա՛կ դարձրի բարձունքը լեռան,
Ձորը՝ երկնքում բացված անկողին։

Թանձր գիշերվա աչիկները սև
Զօծեցի գինու փաղփյունով ոսկե…
Նա, ով իմ կյանքի հեքիաթն էր հյուսել,
էլ չուներ երկնից փրցրած խոսքեր։

ժամապահներին էլ չեմ բարևի,
Լուռ կմրափեմ երազի ծոցում,
Հետո կժպտամ աշնան արևին՝
Որպես իմ վերջին, վերջի՜ն հարսնացու։

ՁՄԵՌ 94

Սոված գազանի պես հետքս թողած
Թունավորված մայթին ոսկե ձմռան՝
Քո դռանն եմ արդեն, սողնակը բաց,
Հավատարիմ զոհ իմ խենթ ցնծության։

Մութ հյուղակն այս– զվարթ տոնահանդես,
Պիտի փութով պոկվի՝ վե՜ր սլանա,
Եվ անկշիռ հեռվից երկրին ի տես
Իջնի օծված փաթիլ՝ ձյուն-մանանա։

Տրված սիրո ցավին ու բերկրանքին,
Հեռու կեղտ ու փոշուց քաղաքական,
Գտել էի տեղը Տիրոջ փառքի,
Բյուրաց գոչում էի՝ ի սեր… Սակայն՝

Կռկռալով ելած թատերաբեմ,
Սև գլխիկում թույն ու մահվան պատգամ՝
Թուր-կտուցն էր խանդով ճոճում իմ դեմ
Ագռավուհին պառավ, բայց առնական։

-Ի զե՛ն, ի զեն, ի զե՛ն՝ խոցեք դրան,
Ավանդաղավ որդուն այս անառակ,
Որ փոխանակ մեռնի ցրտից ձմռան՝
Սեր է անում անհոգ պատերի տակ։

-Կը՜ռռ, կը՜ռռ, պիտի մեռնեք դուք անպատճառ,
Թե համառեք՝ զենքո՛վ պիտի ջանանք,
Որ համբառնաք ի վեր՝ լուսո տաճար,
Եվ մե՛նք երկրի վրա զվարճանանք։

***
Մեզ րնծայված սերը մեռավ՝
Պաղ, անհավատ սրտիկներին։
–Տե՛ր, քո ձեռքում չկա էլ կավ,
Օր արարես նոր կյանք վերին։

Մենք խեղդել ենք քո դրախտը
Ծխերի ու գավերի մեջ,
Մեր սրտերից սերն է գաղթել՝
Տեղը թողած կռիվ ու վեճ։

Խռովության ծառ է աճել
Մեր անսփոփ բախտի վրա,
էլ չենք կարող մեզ նվաճել
Խաղերի մեջ այս ավարա։

Քո ընծայած սերը մեռավ՝
Պաղ, անհավատ սրտիկներին…
–Թե կուզես՝ ե՛ս կճարեմ կավ՝
Միայն նոր կյանք տուր մեզ, Վերի՛ն։

Share Button

4 Կարծիք

  • gevorg says:

    Բռնազբոսիկ ու ճապաղ:

  • Խաչիկ Մանուկյան says:

    ՝Ավելի լավ է բռնազբոս լինել, քան քո պես քաքլան,գևորիկ, որ վախենում է անուն-ազգանուն ունենալ: Հենց վախդ չափել տաս՝ արի:

  • Ելիզավետա says:

    Հիանալի էր: Շնորհակալություն:

  • Գեղամ says:

    Խաչիկ ջան, ես քո ցավը տանեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *