Դաուր Նաճղեբիա | Միաչքանի երկինքը

Դաուր ՆաճղեբիանԴաուր Նաճղեբիան (ծնվ. 1964թ.) աբխազ հայտնի գրող է, Աբխազիայի պետական հրատարակչության տնօրենը: 2010-2014թթ. եղել է Աբխազիայի կրթության նախարարը: Նա «Նախազգուշացում», «Ծառը» պատմվածքների ժողովածուների (աբխազերեն), «Գիշերվա ափը» վեպի (ռուսերեն), հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է: 2013թ. «ՀԳՄ» հրատարակչությունը հայերեն լույս է ընծայել Դ.Նաճղեբիայի «Գիշերվա ափը» վեպը` Կարլ Յալանուզյանի թարգմանությամբ:

(հատված)

ՄԻԱՉՔԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ
Չասես, թե ճակատագիր չկա: Կա, ինչպե՞ս կարող է չլինել,– հանկարծ ասաց Ասլանը:
Մենք քարշ ենք գալիս Էշերայի փոշոտ ճանապարհով, անհամար կուզիկ բլուրների կողքով: Վերջին ուժով ենք քայլում. պատճառը շոգն է, որից պատրաստ են հալչել երկինքը, երկու անքուն գիշերը, ծանրացած ինքնաձիգները:
Մեր ամենադաժան թշնամին երկինք ծեփված արևն է: Թշնամու գնդակից դեռ հնարավոր է փրկվել, իսկ նրա կիզիչ աչքից` ոչ. շիկացած ածխակտորի նման մի ակնթարթում կայրի մարմինդ:
Ես և Ասլանը մեծ մասամբ լռում ենք, միայն վտանգավոր տեղերում մի քանի բառ ենք փոխանակում: Իսկ մեր ճանապարհին նման տեղերը քիչ չեն: Չար աչքից բլուրներով ու անտառներով ծածկված ճանապարհը երբեմն մերկանում է: Եվ քանի դեռ մյուս ափից քեզ գնդակ չի դիպել, պետք է անցնես վտանգավոր հատվածը, այլապես գնդակի բաժին կդառնաս. այդ ձևով շատերին ենք կորցրել:
– Խելոք ես խոսում, ո՞վ է սովորեցրել,– խայթեցի ես:
– Մի ծիծաղիր, մի  բան կպատմեմ` ախ կքաշես:
– Ինչ արած, սկսիր, մանկությունից հեքիաթ եմ սիրում:
– Սա հեքիաթ չէ, այլ ամենաիսկական եղելություն…
Ճամփեզրին, վիթխարի կաղնու տակ մենք նետվեցինք խոտի մեջ: Հանեցինք ծանր, սև սապոգները, քրտինքից խոնավացած վերնաշապիկները, զով ստվերում շունչներս տեղը բերեցինք:
Մենք իրար հետ կյանքից ու մահից չենք խոսում, շրջանցում ենք այդ թեման, իբր չենք հավատում, որ այն իրականում կա, հորինված չէ: Երբ կյանքն ու մահն այնքան մոտիկ են, որ ամենափոքր անհաջող քայլից կարող են միձուլվել, և դու սեղմված ես նրանց նեղլիկ արանքում, ակամա սկսում ես լեզուդ քեզ պահել: Իսկ հույսը մենք խորը պահել ենք մեր սրտերում, այն թաքնված է օտար աչքից, և նրա ծանրությունը միայնակ ենք տանում:
Ասլանը պատրաստվում էր խախտել այդ չգրված օրենքը, որը մենք պահել էինք մինչ օրս:
Սուխումի վրա կախվել էր սև, խիտ ամպը, երևի ինչ-որ բան էր այրվում: Որոշ ժամանակ անց հենց այնպես, անշարժ կախված էր` ճզմելով քաղաքը, հետո կամաց-կամաց սկսեց բարձրանալ` ընդլայնվելով և նոսրանալով:
– Մենք այդ ժամանակ Վերին կամրջի մոտ էինք,– սկսեց Ասլանը:
Բնակվում էինք մի լքված տան մեջ. հայ տանտերերը, երբ այս ամենն սկսվել էր, մեկնել էին` թողնելով իրենց բարիքը, այնպես որ ուտել-խմելու պակասություն չէինք զգում: Երբեք այդքան մուրաբա չեմ կերել, մինչև հիմա սիրտս խառնում է… Վրացիները հաուբիցներով գնդակոծում են մեր դիրքերը, գլուխ բարձրացնել չեն թողնում: Բայց ոչ մի արկ նույնիսկ պատահաբար մեր կողմը չի գալիս. դրանք պայթում են ավելի բարձր` բլրի լանջին կամ գագաթին, իսկ մենք բլրի ստորոտում ենք: Երբեմն տաք, ծխացող ուժաթափ բեկորներն են մեր կողմը թռչում, ոչ ավելի…
Մեջքիս վրա պառկած` ես զգում էի, որ հողի սառնությունը դանդաղ, բայց հաստատապես մեջս է թափանցում, արյունս սառչում է: Հողը ձգում էր` ճզմելով իմ տակի չոր, ջարդվող խոտը: Նրա գրկախառնությունը բարեկամական էր և ամուր. թվում էր, թե քիչ անց ես կսուզվեմ նրա մեջ` ինչպես ջուրն են ընկղմվում, և անհետ կկորչեմ: Կճզմվեմ նրա ստվարաշերտով, և հավերժ կմարի լույսը…
– Այդ գիշեր ես ժամը մեկից երեքը պահակության էի կանգնել: Ցանկապատի մոտ մի մեկուսի տեղ ընտրեցի և նստեցի` աչքս չկտրելով գետից ու այն ափից: Աչքս կպչում է, սկսում եմ քուն մտնել, բայց սարսափելի տեսիլքներ են երևում, և, ցնցվելով, ես իսկույն ուշքի եմ գալիս և զգուշությամբ շուրջս տնտղում… Ժամի չափ ես նստած եմ եղել` կռվելով քնի դեմ: Եվ հանկարծ կողքս մի ձայն է հնչում: Մինչ օրս չգիտեմ` դա իրակա՞ն էր, թե հերթական երազիս մի հատվածը: Բայց ինչ էլ լիներ` ինչ-որ մեկն ականջիս շշնջաց. «Վեր կաց և գնա»: Այնպես էր ասվել, ասես խոսողը միաժամանակ խնդրում ու պնդում էր, գրեթե հրամայում: Ես կիսաքուն վիճակում, ոչ մի բան կարգին չգիտակցելով, վեր կացա և գնացի: Չէի հասցրել երկու քայլ անել, երբ ուժեղագույն որոտը ցնցեց հողը. կողքս արկ ընկավ: Այն տեղում, ուր ես մի քանի վայրկյան առաջ նստած էի, մի հսկայական ձագարափոս էր առաջացել, հողը տակնուվրա էր արած, նրանից գոլորշի էր ելնում:
– Հազիվ թե դու գիշերը կարողանայիր այդ ամենը տեսնել,– չհամբերեցի ես:
– Մի՞թե ես չասացի, որ լիալուսին էր:
– Կարծեմ` չէ…
– Դա կարևոր էլ չէ, շարունակությունը լսիր… Ես մի քանի քայլ արեցի, բայց արդեն հասցրի անցնել բակում գտնվող տանձենու հետևը, դա էլ ինձ փրկեց: Առավոտյան մենք տեսանք ծառի բնի մեջ խրված բռնցքաչափ մի բեկոր, որը դեպի իմ մեջքն էր թռչում…
Սուխումի երկնքի ամպը սևից գորշ դարձավ…
Երկինքն իր վիթխարի աննինջ աչքով մեզ էր նայում: Երբ նա ահա այսպես համր է նայում, իրեն զգալ է տալիս մի բան, որը մինչև ծնվելս հավերժության որովայնում իմ մեջ էր սերմանվել, և համոզում է, որ ես և երկինքը մի ժամանակ միասնական էինք, լոկ հետո ենք բաժանվել. նա` վերև, ես` ներքև:
Ես դեպի երկինք բարձրացրի ձեռքս` մեծ մատս. ցուցամատս, որով այժմ սեղմում են ձգանը, որպեսզի կրակեն. միջամատս, անանուն մատս և ճկույթս, որոնցով քաշում են ինքնաձիգի փակաղակը և ափս, որով վառոդն են չափում: Մեր ազգակցությունը, մեր անբաժան միությունը, մեր մշտնջենական կարոտն իրար հանդեպ նույնքան հին է, որքան աշխարհը. այն ծագել է ինձ հետ:
Ես նայում եմ ձեռքիս, և ինձ թվում է, որ հպվում եմ հինավուրց, նախասկզբնական ճշմարտությանը: Մաշկիս միջով կապտում են գաղտնի ուղիներով հյուսված միջներակներս. նրանք այն ճշմարտության հետ տանում են իմ արյունը:
Չռած մատներով իմ ափը պարզված էր դեպի խուլ երկինք. «Ահա ես…»:
– Պատերազմում ամեն բան էլ լինում է, բայց իմ դեպքը շատերին է զարմացրել: Նախ և առաջ` ձայնը, երկրորդ` այն, որ պայթյունի պահին ես արդեն ծառի հետևն էի: Դրանից` ձայնից և պայթյունից անցել է մի  քանի վայրկյան, և եթե ես մի պահ շտապեի կամ մի պահ ուշանայի, ինձնից դարման կմնար…
– Բայց դե լեզվիդ էլ այսքան չէիր տա…
Մի ինչ-որ տխմար սնահավատության երեսից ուզում էի ամեն բան կատակի տալ: Ասլանը փորձում էր անուն տալ նրան, ինչը մեզ անտեսանելի է, և դա իմ սրտովը չէր, դժվարացնում էր մեր առանց այն էլ դժվար դրությունը:
– Կատա՞կ ես անում, իսկ ես մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ:
– Վախենո՞ւմ ես:
– Բանը վախը չէ. այն դեպքի մասին ես շատ եմ մտածել: Ի՞նչն էր ստիպել, որ Կելասուրում ինչ-որ մեկը հաուբիցը գործի գցեր ճիշտ այն րոպեին:
Իսկ ձա՞յնը: Ո՞ւմն էր այն, կամ եղե՞լ էր արդյոք: Ինչո՞ւ արկն ընկավ հենց այն պահին, երբ ես ծառի հետևն էի անցել… Պատասխան չգտա: Միայն հասկացա, որ ոչինչ հենց այնպես չի պատահում:
– Ինչպե՛ս թե:
– Հենց այդպես: Եթե այնտեղ` վերևում ամեն բան կանխորոշված է, և մենք մահից չենք խուսափի, ինչպես մի ժամանակ չխուսափեցինք ծննդից, ապա տանտերը տանձենին հենց այնպես` իր կամքով չի տնկել: Ինքն էլ չիմանալով, նա սահմանված կարգն էր կատարել, կարճ ասած` գործիք է եղել:
Իսկ մնացածնե՞րը. ով որ տունն է կառուցել, ում հետ որ ես այդ օրը խոսել եմ, ով որ ինձ այդ գիշեր հերթապահ է նշանակել` այն օրը, երբ ես ծնվել եմ…
– Իսկ նա՞, ով որ քո ջարդը տվել է ձմեռային կեսօրին,– շարունակեցի ես:– Աստղը, որ այն գիշեր առաջինն է երկնքում հայտնվել: Իսկ քո տատի զարմուհու թոռնուհու կոշիկնե՞րը, որոնք աղբանոց են նետվել. յոթ տարի, յոթ ամիս և յոթ օր առաջ քո տեսած երա՞զը. իսկ այն շնի՞կը, որը հաուբիցով կրակողի մորն էր հաչելով վախեցրել, երբ նրանով հղի էր…
– Իսկ մացա՞ռը, որը լռվել էր պապի ցուցամատի և միջամատի արանքում, երբ նա ծառն էր կտրում:– Ես ուրախացա, որ Ասլանը խաղին միացավ. այժմ նա առաջվա պես հասկանալի ու հարազատ էր:– Իսկ գնդա՞կը, որը պատերազմում պոկեց հորս ականջները քաշող ուսուցչի ճկույթը. իսկ ժայռից պոկված և անդունդ գահավիժող քա՞րը…
– Իսկ քո կյանքի առաջին կի՞նը, որի հետ պառկած փուստ տվեցիր:
Իսկ թռչնա՞կը, որը քո վրայով թռչելիս ծրտեց գլխիդ, խուրմայի ճյո՞ւղը, որը քո ծանրությունից կոտրվեց, փիղը, որը մեռավ հեռավոր Աֆրիկայում, երբ դու զուգարանում փորկապից տանջվում էիր, երկնքից պոկված ա՞ստղը, կառափնարա՞նը, որից ցած կգլորվի քո գլուխը… Ստացվում է, որ աշխարհն ստեղծվելուն պես սկսել է քո մասին մտածել:
Ասլանը ժպտաց:
– Ես դա չասացի: Ես նկատի ունեի, որ բոլորիս ճակատագիրը` թե՛ ողջերի, թե՛ մեռածների, թե՛ դեռ չծնվածների, այնպես է միահյուսված, որ այսօրվա իմ հոգոցը վաղը կարող է փոթորիկ հարուցել, իմ մատի շարժումը հազար տարի անց կավարտվի ամպրոպով կամ չտեսնված ձյունով կամ ինչ-որ մեկի մահով, կամ…
– Կամ ճանճը կուղղի դեպի սարդոստայն… Այս ամենը դատարկ բան է, խոսք է միայն: Գոյություն ունի միայն այն, ինչ աչքն է տեսնում, մնացածը մտացածին բան է: Մարդը զնդանված է իր մարմնում, դրսից լոկ դատարկություն ու համրություն է: Մի շտապիր, շուտով մեզնից բոլորիցս էլ որդեր դուրս կգան…
Ասլանը լուռ մի կողմ էր նայում: Հետո այդպես էլ իմ կողմը չշրջվելով ցածրաձայն ասաց.
– Իմ կարծիքով, միայն աչքի տեսածով ու հավատացածով չէ, որ աշխարհը կանգուն է:
Սուխումի երկնքի ամպն այժմ երկարել ու սպիտակ սյան նման կանգնել էր քաղաքի վերևում:
Ծառերի սաղարթները շոգից թառամել ու կնճռոտվել էին, դրանց միջից, ծերունու ոսկորների նման երևում էին ճյուղերը:
Ներքին կամրջի մոտ միանգամից երկու պայթյուն որոտաց:
– Մերոնց գործը վատ է,– ասաց Ասլանը:
Գնալու ժամանակն էր: Մենք չուզենալով վեր կացանք, շալակեցինք հանդերձանքը, զենքը և շարժվեցինք:
Մեզ դաժանորեն հետապնդող արևն արդեն չի տարածվում երկնքով մեկ, այլ հեզորեն տեղավորվում է կրակի փուչիկի մեջ, որը դանդաղ, քիչ-քիչ վարդագունելով ու մեծանալով, դեպի մայրամուտ է գլորվում…
Վայրը, որին մոտեցանք, վտանգավոր էր, այն ափից դիտվում էր` ասես ափի մեջ լիներ: Զառիթափը մի  կողով իջնում էր դեպի Գումըսթա, մյուսով` շեշտակի վեր բարձրանում: Ճանապարհին ընկած էին զառիթափից պոկված քարեր. ոչ թուփ կար, ոչ ծառ, պատսպարվելու հնար չկար:
Հեշտ չէր վճռել, որ անցնելու ենք մեր դիմացը փռված մի քանի մետրը: Կարելի էր գնալ արահետով, որը ճանապարհից ճյուղավորվում էր փոքր-ինչ այն կողմում: Ճիշտ է, այդ դեպքում մեր ճանապարհը կերկարեր, բայց  մենք կշրջանցեինք այդ չարաբաստիկ տեղը:
Մենք վազքով` որքան որ հնարավորություն էին տալիս հոգնությունը և ուսերիս բեռը, միասին առաջ շարժվեցինք. միասին, այլապես դիպուկահարն այն ափից, ձեռքից փախցնելով մեկին, մյուսին չէր խնայի:
Քիչ էր մնացել մնչև ճամփեզրին խիտ բուսած ծառերը, իսկ դրանից հետո արդեն անվտանգ էր: Հանկարծ աչքի պոչով ես տեսա, որ Ասլանն ընկավ:– «Սայթաքեց, ոչինչ, վեր կկենա»,– վճռեցի ես և առանց կանգ առնելու վազեցի մինչև առաջին ծառը և թաքնվեցի նրա բնի հետևում:
Այդ ժամանակ կրակոցն արդեն հնչել էր, և ես այն լսել էի, բայց դեռ չէի հավատում, հեռացնում էի այդ ակնթարթը: Ես ետ նայեցի: Ասլանը, հենվելով աջ ձեռքին, փորձում էր վեր կենալ, բայց բեռը չէր թողնում, գետնին էր հակում:
Երկրորդ գնդակը նրան պառկեցրեց սպիտակավուն փոշու մեջ:
Ես նետվեցի դեպի նա: Մոտ վազեցի: Եվս մեկ գնդակ փոշի բարձրացրեց իմ ոտքերի մոտ, դրան հաջորդեց կրակոցը: Ես ընկա Ասլանի կողքին:
Նա մեռնում էր:
– Որ քեզ…– հազիվ լսելի արտասանեց նա. երևի դիպուկահարին նկատի ուներ:
– Մի վախենա, ես հիմա, ես հիմա,– ես նրան գրկեցի, որ միասին սողանք դեպի ծառերը:
Բայց նա չէր ենթարկվում, ձեռքիցս դուրս էր պրծնում. հետո անշարժացավ:
Ես շուռ տվեցի նրան և փակեցի աչքերը: Նա ծանր էր, բայց ոչ այնքան, որքան հետո կդառնա:
Հանկարծ Ասլանի մարմինը ցնցվեց. դիպուկահարն ինձ նկատել էր և կրակեց, բայց Ասլանը փրկեց:
Ես գրկեցի նրան` մնալով կողքը պառկած: Ընկերոջս մարմինը, որը մեռած էլ էր ինձ պաշտպանում, աստիճանաբար սառչում էր:
Այդպես մենք գրկախառնված պառկել էինք` ողջը և մեռածը, միաչքանի երկնքի տակ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *