Արաքս Շահինյան | Քաղաքական անվերնագիր

Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի

Առանցքից շեղ Երկրի վրա ապրելն էլ սա է: Հին փիլիսոփայությունները նոր, վտանգավոր էմպիրիզմով ոչնչացնելու մարտունակ ուրվականը դարձել է մարմին, մոռացել սեփական անգոյությունը, եկել թառել է գլխներիս ասում է «պատերա~զմ, այլապես պուճախներս ո՞նց լցվեն»: Դե գնա բացատրիր, որ մուկ չես, որ այնուամենայնիվ կարելի է մուկ չլինել, չնայած պատերազմ է, պուճախները լցնել է պետք…

Անխելքի խելքից ենք խոսում ու չնկատում, որ խելոքը, երբ մեջը զարթնում է մորական կողմից անցած թրքությունը, ուխտում է գնալ իմաստուն Գալիլեա, որը հեթանոսներով էր շրջապատված, համաձայնում ժամանակավոր ճգնակեցության, գոմաղբ ուտելուն, միայն թե սովորի հուդաներից, թե խելքը ոնց են մատաղաբաժին դարձնում զորավոր չարին, որ մարդ չիմանա: Ինքն էլ չիմանա: Մի քանի արծաթն ի՞նչ է, աստծուց թանկ բաներ ենք ծախում: Դե գնա բացատրիր, որ խելքն առանց սէր Մահն է որ կա, պատժելու է Հին Կտակարանի բոլոր այն ահավոր փորձանքներով, մինչև վերանանք, որ այնուամենայնիվ հնարավոր է սիրել, չնայած պատերազմ է, պուճախները լցնել է պետք…

Հետ է գալիս խելք հավաքած, թրքոտ խելոքը Գալիլեայից, որտեղ վերջապես տեսավ անգրագիտության միակ գինը՝ գլխագինը, և որ ծովում ծարավից մեռնել կա, ու լծվում է յուրայիններին վարժեցնելու նախարարական գործին, իսկ մինչև բառիմաստի շրջումը «նախարար» բառը մարդոց բարի կամոք «ծառա» էր նշանակում: Վարժեցնում է յուրայիններին ծեծել, հեծնել, քշել, մոռանում է գոմաղբը, արդեն տեր է, ես եմ ծառան, մանկության տարիներին կերած-չմարսած վիրավորանքների վրեժի ժամն է վերջապես, ի՞նչ ծառա, ծեծ՛լ, հեծնե՛լ, քշե՛լ: Դրսից ստրուկ, ներսից թագավորի ձեռքով խաչվելիս մահը, որ վայրկյանի հարց էր, էլ չէ. մահն էլ է զարմացած, թե ուր այսքան երկարեց: Դե գնա բացատրիր՝ չսատկելուց բացի ապրել, արարել էլ կա, դագանակից առաջ՝ խոսք, չկարդալուց առաջ՝ կարդալ, ստից հետո՝ ոչինչ, չնայած պատերազմ է, պուճախները լցնել է պետք…

Եվ ինչպես ոչ մի պատերազմ առանց զենք չի հաղթվել, այդպես էլ ոչ մի մահ մահով չի հաղթվի: Ապրել շարունակել է պետք, եթե ուզում ենք մեր սիրելիները չտխրեն արդեն ուրիշ, մեզնից հեռու անտերության մեջ: Իսկ ապրելու միակ բնական օրենքն արարելն է՝ կյանք, մարդ (եթե սրանք առհասարակ նույնը չեն), արվեստ, արվեստ, արվեստ, փոքր բաների մասին գրելու իրավունք այլևս չկա…

Խաղաղություն էլ չի լինի երբեք, որովհետև ատոմը, պարզվում է, տրոհվեց, որ մարդ սպանի: Խաղաղության փոխարեն ուրիշ բան ստեղծելու կարևորությունն իմացավ ամեն հանճար, ում երկունքը, հիմնականում ժամանակավրեպ, ցայսօր ոչ թե անկուշտին է կշտացնում, այլ քաղցածին, իսկ հանճարին ճանաչելուց հետո հենց նրա կեցության մեջ քաղցած լինելը կուշտ լինելուց երանելի է: Հանճարն անխնա տալիս է ոչինչ չուզելու դիմաց: Որովհետև չար շահը, որ անչափելի է, թշնամի ունի. այն սէրն է:

Անճանաչելիի ստեղծած այս աշխարհից կենդանի դուրս չես պրծնի: Եթե երաժշտությունը հետդ չէ, եթե Բախն ամբողջությամբ հետդ չէ, եթե Վիվալդիի Հուդիթը հետդ չէ: Հուդիթը, այն կինը, որ մեր թվարկությունից առաջ իր հողը հետ բերեց. պուճախ լցնելիք չուներ: Մտավ թշնամու սիրտ, որ գլուխը տանի, ինչպես սովորաբար գլուխը տարվում է: Հուդիթի երաժշտության հետ այս աշխարհից էլ կենդանի դուրս կգաս:

Գահանիստ Նինվեում Մերձավոր Արևելքը Ասորեստանի թևի տակ առնելու դավեր էին նյութվում աշխարհի դեմ Նաբուգոդոնոսորի գլխում. ինչ ուներ` քիչ էր, ինչ չուներ` դա էր լավը: Նինվեից Երուսաղեմ ողջ ճանապարհն իր աջ ու ձախով կրակի տվեց արքայի «բոլոր զորքերի սպարապետ» Հողոփեռնեսն իր հարյուր-հազարավոր համհարզների հետ: Հավատարիմ, բայց կատաղած շան պես հոշոտեց ամեն պատահածի, ով ինչ-որ ժամանակ անարգել կամ ահրամարհել էր իր տիրոջ խոսքը և փոշիացրեց ամեն աստծու, որի անունը Նաբուգոդոնոսոր չէր: Երբ զորավոր զորավարի թուրը հասավ Երուսաղեմի քթին, իսկ սա նոր էր մաքրել իր Աստծու սեղանն անթլպատների ուրիշ տեղ գնացող աղոթքներից, հրեաներն իրար խառնվեցին: Բայց ահ ու դողով, սրա-նրա վասալը դառնալով տունդ չես պահի, կգան տանիքդ կտանեն, չես էլ իմանա: Կամ էլ կիմանաս, եթե տունդ քանդելու ծախված հրամանը հենց դու ես տվել: Ու երբ վերջացավ ջրհորների ջուրը երկրում, երբ հուսալքությունն էլ լքեց Երուսաղեմի պատերի տակ բարձր ձայնով լացող մեծ ու փոքրին, 3 տարի այրի մնացած գեղեցկատես, աստվածերկյուղ Հուդիթը չդիմացավ: Զինվեց կնոջը հատուկ բացարձակ քաջությամբ, որ այնժամ ամեն կարևեր զենքից զորեղ էր, ձայնեց իր աղոթքն ու գործի անցավ. աղոթքը գործի կեսն է միայն: Օծվեց անուշաբույր յուղով, հանեց վրայից այրիության զգեստը, նորից դարձավ նորահարս ու գնաց թշնամու բանակ, որտեղ ամեն հետ թողնված քայլի հետ ծլում էին նրա գերբնական գեղեցկության մասին քչփչոցները, «ո՞վ կարող է չար բան մտածել այն ազգի մասին, որ այսպիսի գեղեցիկ կանայք ունի», ասում էին: Եվ երբ գլուխ չմնաց Հողոփեռնեսի բանակում, որ այդ սքանչելի տեսքից կորսված չլիներ, Հուդիթը մի գիշեր մտավ գինարբուքից կիսամեռ Հողոփեռնեսի վրանը, հանեց թշնամու ազդրից կախ դաշույնն ու կտրեց գլուխը: Բացվեց առավոտը, կախվեց Հողոփեռնեսի գլուխը Երուսաղեմի պարսպից, օրհնեցին Հուդիթին տեսքից բացի խելքի համար էլ, և Ասորեստանի զորքը խուճապից նահանջի ճանապարհին ջարդվեց: Որովհետև պատերազմին հաղթելը չմեռնելն է, որովհետև պարտվածի մասին այսպիսի օրատորիո չես գրի:

Հենց սկզբից տապալվում է օրատորիո ժանրը Վիվալդիի «Հողոփեռնեսի բարբարոսներին հաղթանակած Հուդիթը» ստեղծագործությամբ, օրատորիոյի վեհ, բեմական մեր սահմանափակ պատկերացումները հանում-տանում է մարտադաշտ, որ չերկնչենք կռվի մեջ երաժշտություն տեսնելուց: «Հոգևոր ռազմական օրատորիո» է անվանում, հոգևոր ռազմական օրատորիո: Հոգևոր: Ռազմական: Որովհետև այս երկուսն իրար հետ են անպարտելի, փուչ գլխիդ ու սրտիդ զենք ունեցար՝ ժողովուրդդ է վերանալու, շատ բան ունեցար, զենք չունեցար՝ արդարացումներ, արդարացումներ…

Այս կորսված երաժշտության գտնողների հոգիներին հարատև խաղաղություն մաղթելուց հետո չեմ ուզում ոչինչ գրել երաժշտության մասին: Եվ չնայած խոնարհաբար հիշում եմ բարեգութ մարդկանց, ովքեր ամենաշռայլ դրվատանքն են թափում քիչ արժան գլխիս երաժշտության մասին շատ գրելու անհամբեր հորդորներով, ավարտում եմ այստեղ: Սիրելիներ, ներեք խոցվածիս, վիրավորիս, գրողին էլ հառնելու պայմանով մեռնելու իրավունք է հասնում: Լսեք ավելի լավ է ինձ հետ, որ հավատանք՝ առանցքից շեղ այս Երկրի վրա ինչ-որ բան առանցքից շեղ չէ, որ մեր պատերազմին էլ երաժշտություն կգրվի, այսպիսի երաժշտություն: Քանի չես ձոներգվում, իրական պատերազմը դեռ չես հաղթել:

Վիվալդի – «Հողոփեռնեսի բարբարոսներին հաղթանակած Հուդիթը» օրատորիոյից Վագաուսի` Հողոփեռնեսի ներքինիներից մեկի ցասման արիան` Armatae face et anguibus («Զինված ջահերով և օձերով») 

Վիվալդի – «Հողոփեռնեսի բարբարոսներին հաղթանակած Հուդիթը» օրատորիոն ամբողջությամբ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *