ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ | Բանաստեղծություններ

Թադևոս Տոնոյան

ՀՈԳԵԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Եվ գիշերները մեր հոգին դարձյալ լույս է
առկայծում,
Հածում է՝
իբրև մեզ անհայտ հեռվում կարոտած
ծաղիկ,
Աղի
գանգը մեր դեռ մրափում է իր
կացարանում,
Կարծրանում
դանդաղ, որ մոռացության մեր հոգին ծախի:

Իսկ ծաղիկները, լուսաստղով խաբված, մնում են
անքուն,
Անկումից
անկում կայծոռիկներ են շաղում
խելագար,
Կարծես
թեթև է դառնում ամեն մի
երազապատում,
Տուն
է ունենում և կամ էլ տան հույս մեր հոգին տխրած:

Չէ՞ որ մենք էլ ենք, թեկուզ քնի մեջ, բարձրանում երկինք,
Եվ աղոթքներով անընդհատ մաքրում մարմինները մեր,
Որ կարողանա հոգին ետ դառնալ կացարանն իր դեռ
Ու առավոտյան մեզ կարողանա արթնացնել կրկին:

ՀՈՂԵՐԿՐՊԱԳՈՒ ԱՆՁՍ

Ավելանու՜մ են… ավելացնու՜մ եմ պարտքերս Աստծուն,
Ու փոքրանում է տեղն իմ երկնքում, նվազում գանձս,
Մնացինք այսպես հայտնի ու անհայտ հանրային ցածում
Քրիստոնյա երգն ու հողերկրպագու անխոնարհ անձս:

Բայց էլ Որդու պես չեմ ընդունելու զոհամատուցում՝
Անտիկ քսության այդ շրջացոլքը՝ սրտում դիցերի,
Քանի որ հին գիրն իմ դատապարտյալ ու փոքր ածուն
Մաշվում են՝ որպես քարտեզ անճանաչ ու սոսկ… իղձերի:

Ինձ մնում է լոկ՝ Ձիրքով Ստեղծումի հարազատ մնամ
Իմ Հորենական Նմանողությանն ու Չարչարանքին,
Որ մի օր կանգնեմ խաչին, մահվան ու կյանքին հանդիման
Ու հանապազօր հացի պաշարով բարձրանամ երկինք:

ՏԻՐՈՋ ՄԱՐՄԻՆԸ

Երանի նրան, ով երկրում ունի ճանապարհողն իր,
Առավել՝ նրան, ով դիմավորող ունի երկնքում,
Մենք ուզում ենք մեր մարմինը փառքով տալ ի պահ հողին
Ու դրա համար նախ նայում ենք վեր ու խաչակնքում:

Բայց մի՞թե ձյունն այս փերթ-փերթ տեղացող Իր մարմինը չէ,
Որ պաղել է վեր նայող աչքերից գլխատ Մկրտչի.
Գուցե վերստին Նա ներել է մեզ ու երկիր իջել
Ու պիտի արդեն նաև դատի՛ մեզ ըստ սուր ու գրչի:

Պաղել է հողը, պաղել են երկինք, մարմին ու անուն,
Երկինք են նայում ծերատ աչքերը դեռ ապրողների,
Որ Նա, ով ձյունող իր հոգեմարմնով մեզ է պատանում,
Թեև նեղացած՝ սակայն մի վերջին անգամ մեզ ների:

Չէ՞ որ թիրախ են հոգիները դեռ Տիրոջ երամի,
Ու տխրել է մեր բաժին երկիրն ու անհույս պառավել,-
Ով երկրում ունի ճանապահողն իր՝ նրան երանի,
Ով դիմավորող ունի երկնքում՝ նրան՝ առավել:

ՓՇՐԱՆՔՆԵՐ

Տեր իմ, ես չեմ մասնակցել սրանց գինի ու հացին,
Թեև իրենց սեղանից ինձ փշրանքներ են նետել,
Իմ մեղքն այն է, որ ոչինչ չավելացրի եղածին,
Ու չթողի քո որդուն՝ ողնացողունն իմ էտեր:

Հարմարվեցի այդպես էլ կատարողի իմ դերին
Ու երազելն էլ, ավաղ, չմոռացա ոչ մի օր,
Դու ամենայն ինչ գիտես, բայց և գիտե՞ս, որ, Տե՜ր իմ,
Ոչինչ չկա այս երկրում երազելուց ահավոր:

Ամեն բան է այս երկրում մոտեցել իր ավարտին՝
Ե՛վ մարմնամերձ մեր կյանքը, և՛ ուծացումը հոգու,
Ահա՝ դրված քո գավթում իմ աննշխար միակ դին
Եվ փշրանքներն այն՝ շուրջս, որ ես կերա իմ կյանքում:

ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՇՈՒՆ, ՎԵՐՋԻՆ ՉՈՒՆ ԴՐԱԽՏ

Հա՜յր իմ, աշխարհի մեջ քո արարած
Քեզ սիրել, սակայն,
կարող եմ միայն,
ինձ ների՜ր, ների՜ր,
ի՛մ երկրի վրա,
Ուրիշ ո՛չ մի տեղ չեմ կարող ապրել քո Երկնքի տակ,
Ուրիշ ո՛չ մի տեղ չեմ կարողանա հանգի՜ստ հող դառնալ:

Մենք մի տարի էլ պատրաստ ենք ձյան տակ ձմեռել անքուն,
Թեև… այստեղ էլ ցրտում է արդեն,
ու Վերջն է գալու,
Վերջին չուն դրախտ ճանապարհ ընկավ երեկ իրիկուն.
Իմ Երկրի վրա, Հա՛յր իմ, կբերե՞ս մի ուրիշ Գարուն:

ԱԳՌԱՎԱՔԱՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՈՒՄ

Վաչե Եփրեմյանին

Այս նյութի վերջում ու նյութակըրի
Ինձ կսատարի օրենքը նախնյաց,
Որ հիմա ծես է դարձել, բայց գրի
Ագռավաքարում դեռ քուն է մտած:

Դեռ նույնն է ցորենն, ու նույնն է գարին,
Ու ոտքերիս տակ՝ դարձյալ փլուզում,
Երկու կողմում էլ Ագռավաքարի
Ես եմ. և՛ ներս, և՛… դուրս գալ եմ ուզում:

ԴԱՄԲԱՆԱՃԱՌ

Նորից նույն ուղտն է դռանըս չոքել՝
Մեռածներիս մեջ փնտրել ողջերին,
Ձեր պառկած տեղը, պարոնա՛յք, չո՛ր էր,
Ձմեռըս էլի տուրք էր որջերին:

Ձմեռն անցավ, բայց… չի՜ դիմանում էլ
Ողնացողունըս էս հին որդերին,
Անիմաստության փոշի է դրել
Լինելությանըս ծաղկաթերթերին:

Ի՜նչ խոսք, պարոնա՛յք, ես մեռած չեմ սոսկ,
Այլ դեռ մեռնու՜մ եմ՝ սուս ու հազալով.
Ապրում եմ, էլի՜… լի՛քը ցավ ու հոգս,
Ականջըս ձենի՝ «Վե՛ր կաց, Ղազարո՛ս»:

Էս սուտը, ցուրտն ու մի կում բարկօղին
Կյանքու՜մ չեն դառնա ապրելու պատճառ,
Գարունըս գա, ու հանձնվեմ հողին՝
Առանց ծաղիկներ ու դամբանաճառ:

ՊԱՏԺԱԲԱԺԻՆ

Եվ ապրողները կդավաճանեն մահացածներին՝
Անհիշողության տափաստաններում դառնալով ջայլամ՝
Ինքնապիղատոս թռչնազգին այդ, որ թռչել չգիտի
Ու Քրիստոսին խաչվելու պիտի ուղարկի դարձյալ:

Նորից մոռացած կլինենք, հարկավ, թեկուզ մարդեղեն,
Բայց և եռակի ուրացությունը վախկոտ Պետրոսի,
Կարծում եք՝ Հուդան նրանից վա՞տն է ավելի եղել,
Լռեմ էլ՝ մեկ է, այն աքաղաղը նորից կխոսի,

Նա, որ մեզ ետ է կանչում ամեն օր՝ վաղ լուսաբացին,
Քնի՝ այսինքն՝ ժամանակավոր մահվան աշխարհից,
Որ մեր զարթնելն իսկ միայն ու միայն այն ապացուցի,
Թե ապրողները կդավաճանեն մահացածներին:

Էլ ի՞նչը պիտի մեզ մխիթարի, եթե ոչ կիսել
Պատժաբաժինը Իսկարիովտացու, Սիմոն-Պետրոսի
Եվ գլուխներս ավազի տակից հանելով՝ հիշել
Նրան, որ մի օր մեզ պիտի փրկի:

ԹԻԹԵՂԱԾԱՂԻԿ ԳԵՐԵԶՄԱՆԻՍ

Պատուհանից այն կողմ էլ՝ աշխարհ ու կսկիծ,
Կորաքամակ բլուրներ՝ ուղեղիս վրա,
Մահվան սարսափն է քայլում դեպի աչքերիս
Դաշտավայրն, ուր ծաղիկն է իմ ժամադրված:

Նրան ձեզ եմ նվիրում, որպեսզի փրկեմ:
Ես՝ դագաղիս մեջ արդեն՝ մահվան սկուտեղի,
Ինձ տանում են այնտեղ, ուր որդեղեն ժանգն է
Ծաղիկներին ողջունում Հավերժատեղից:

Սակայն, ավա՜ղ, իմ ծաղիկ, չի փրկելու քեզ
Ադամորդու ոչ մի ձեռք՝ ժանգից մետաղի,
Քեզ դրել են իմ շիրմին, ու դու չգիտես,
Որ սարսափից դառնում ես թիթեղածաղիկ:

ՀՈՂԵ ՀՈԳՈՎ

Արդար չեղար, եղբա՛յր Հոբ, մեր մարմնի հանդեպ՝
Ադամորդու մեր հոգին անօթևան ես թողել,
Թող որ տերերն այսօրվա դարձըրել են մեզ անտեր,
Ու մենք գուցե և ծախենք մեր հոգին հողե,

Բայց մարզում ենք մեր մարմնի անդամները դեռ
Սիրած կավին տիրելու ձևերին բարո
Եվ մերժելով ամենայն տաք տեղ ու խիստ հարմար դեր՝
Այդուհանդերձ քեզ ենք դեռ փառաբանում, եղբա՛յր Հոբ:
.

ԻՄ ԵՐԿԻՐՆ` ԱՍՏԾՈ ՄԻ ԳԱՎԱՌ

Վաղուց երկիրն իմ լույս է անթեղում
Ու ապրում՝ որպես Աստծո մի գավառ,
Ու՜ր էր, թե նրա ավիշը բեղուն
Հավատ հասցըներ աստղին միգավառ:

Նա քավարան է ընդհանուր հոգու,
Ու աստղաճամփի հուժկու թիավար,
Այստեղ աղոթքը ճամփա է հոգում
Դեպի Շրջածիր ու դեպի Հավատ:

Այստեղ փթթում է անեզրական վարդ՝
Բույրով եդեմի, գույնով կենսադեղ,
Այստեղ մեռնում են և՛ մահ, և՛ ավարտ,
Անմահանում են՝ ապրելով այստեղ:

ՊԱՀԵՄ-ՊԱՀՊԱՆԵՄ ԱՄԵՆ ԿԱՂԱՊԱՐ

Երկի՛ր մոլորյալ, կարո՞ղ ես դառնալ մի տուն նավարկող,
Այնպես, որ բնավ չխախտենք կշիռն Արևակարգի,
Երբ սրտից արագ միտքն է սլանում արդեն հավակնոտ,
Ու մեր ուղեծիր խուժում է արդեն գիսաստղի ագին:

Ու կարո՞ղ եմ ես, որ մարդ եմ, դառնամ Ուղուն անխափան,
Ապրեցնեմ Տիրոջ օրենքն ու կարգը Պատահականի
Եվ երկյուղորեն պահեմ-պահպանեմ ամեն կաղապար,
Որ ազատության որոմը մարդու տունը չքանդի:

ԱՆՈՒՆ ՈՒ ԱՆՎԱՆԱԿԻՐ

Այս հողագնդում մարմինս ապրեց,
Հոգիս՝ երկնքի անեզրականում,
Ազատությունը՝ թակարդն անարվեստ,
Շուրջս զարդարեց հազար մականուն:

Իմ նյութն անընդհատ ինձ է վանդակում,
Բայց ես հլու եմ իմ ծիսակարգին,
Չիմացա՝ ով է գամերով դակում
Իմ ձեռուոտը, որ հեշտ սակարկի,

Թե ինչ արժե իմ անունը, եթե
Ինձ փառապսակ մի մականուն տա
Ու գոյացընի սակարկման հերթեր՝
Փաթաթված շուրջը իմ Ծննդատան:

Բայց ես միայն մի պսակ իմացա,
Որով իմ Հորը ծաղրեց այն նույնը,
Որ խառնում է միշտ մտքով սանձարձակ
Թագավոր անունն ու մականունը:

ԳԱՌՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Մեզ անվանում են տոհմ առ տոհմ, ճյուղ-ճյուղ,
Ու մենք ծառի պես ի երկինք, ի հող
Մղվում ենք՝ որպես հավերժի ողջույն
Ըմբոստ ու խոնարհ գառներին մեր Հոր:

Երբ ծանրանում են հոգեբեռներն ու
Հոգեսափորը մեր ազնվացեղ,
Նրանք պարտապան ծնվում են, մեռնում,
Հատուցում են, որ անուն փոխանցեն…

ԵՍ ԷԼ ԵՄ ՕՐԵՆՔ

Պարբերածիրն իմ երկար է այնքան,
Որ մշուշվում է կամքը օրենքի,
Բայց ես գիտեմ, որ Դիպվածը անգամ
Խարիսխ է գցում Տիրական հենքին,

Որն առինքնում է չափումով երեք՝
Պահելով ընդմիշտ Վայրում այն բերրի,
Որտեղ ե՛ս էլ եմ, ե՛ս էլ եմ օրենք
Սերնդաշղթա սրտազարկերի:

ՍԵՐՄԸ ԶԱՐՄԻ

Ագռավաքարում սերմն է իմ զարմի
Մեջնուշուրջը իր՝ աշխարհն ընդհանուր,
Ու ես եկել եմ, որ երգս զատի
Տիրոջ երազանք ու մարդու անուրջ,

Որ եկեղեցու իմ զանգը զարկի՝
Որպես սրտազարկ ու որպես ամուր
Դեպի երկնքի յոթերորդ հարկի
Ու սերմիս միջև նավարկող կամուրջ:

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Hayk Svajian says:

    Shat ogtavet kliner yete heghinakin mi erku khoskov nerkayatsneik. Paron Tonoyan& hnaravor e kaj tsanot lini poeziayi siraharnerin, sakayn grakanutyunov nor hetaqrqrvoghnerin, inchpes nayev spyurkum bnakvogh &nthertsoghnerin, hetaqrqir kliner te urish inch gortser kam grqer e hratarakel ays yev myus heghinakner& voronk irents dzaynn en gtnum Granish.org-i ejerum. Sa iharke veraberum e shat ayl heghinaknerin voronts gortsern ays kayqum en.
    Shnorhakalutyu.

  • Հարգելի Հայկ, թերևս ճիշտ եք, առաջիկայում ադ հարցը կլուծվի, յուրաքանչյուր հրապարակման կկցվեն Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանում տվյալ հեղինակի կենսագրականի հղումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *